Day:Մարտի 5, 2025

  • Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն

    Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն

    ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով կառավարության լրատվականին:

    Նշվում է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամիսներ առաջ:

    Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն մանրամասնել:

    Եղիշե Կիրակոսյանը լրատվամիջոցի զանգերին չի պատասխանել:

    Մամուլը մոտ մեկ ժամ առաջ գրեց Կիրակոսյանի ու նրա ողջ թիմի ազատման դիմումներ ներկայացնելու մասին: Կառավարությունից վստահեցնում են, թե Կիրակոսյանի ղեկավարած գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. – «Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»:

    Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարտի Դրմեյանը «Ազատության»-ը հաստատել է, որ գրասենյակի մեկ-երկու աշխատակից ազատման դիմում է գրել:

    «Այո, մեկ-երկու աշխատակից դիմում ներկայացրել է մեկ շաբաթ առաջ, երկու շաբաթ առաջ, բայց դրան զուգահեռ հաստիքները համալրվել են», – փոխանցեց Դրմեյանը:

    Եղիշե Կիրակոսյանն է ներկայացնում Բաքվի դեմ Երևանի հայցերը Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի արդարադատության դատարաններում: Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից:

  • Քանի Մոսկվայի և Վաշինգտոնի գլուխները խառն են, Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար. Արմեն Աշոտյան

    Քանի Մոսկվայի և Վաշինգտոնի գլուխները խառն են, Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար. Արմեն Աշոտյան

    Քանի Մոսկվայի և Վաշինգտոնի գլուխները խառն են, Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։

    «Նիկոլ Փաշինյանի «միջանցքային» հոդվածը, որը շաղկապված էր նաև իրանական պետական հեռուստաընկերությանը տրված իր վերջին հարցազրույցի հետ, իհարկե, պատահական չէր։ Իրանի գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձը զուգակցված էր ոչ այնքան Ալիևի, որքան նրա և Նիկոլի համատեղ պատրոնների աչքերի համար նախատեսված հոդվածով։

    Այս իրադարձություններն արտահայտում են գլոբալ գեոպոլիտիկ տեղաշարժերը և փորձ են ուկրաինական հարթակի սրընթաց զարգացումներին զուգահեռ՝ գոնե Հարավային Կովկասում նախկին պրոցեսներն ավարտին հասցնել։

    ԱՄՆ նոր վարչակազմի քայլերը ԵՄ-ի և Միացյալ Թագավորության առջև աննախադեպ ծանրության խնդիրներ առաջացրեցին ուկրաինական ճակատում, այնինչ կովկասյան ճակատ այս փոփոխությունները դեռ չեն հասել, և Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղելու օպերացիան, որի գլուխգործոցը պետք է դառնա «Զանգեզուրի միջանցքը», դեռ իրացվելու շանսեր ունի։

    Ի հակառակ որոշ կանխատեսումների, որ Նիկոլը 180 աստիճանի շրջադարձ կկատարի դեպի Մոսկվա, դեռ իրացվում է իմ կանխատեսած սցենարը, որ նա ոչ թե Մոսկվա է թեքվելու, այլ փորձելու է արագացնել Էրդողանի հովանու ներքո ընթացող պրոցեսները։ Այդ պրոցեսները շարունակվելու են փաթեթավորվել 12 աստղերով կապույտ դրոշի մեջ, բայց դրա տակից պարզապես ցցվում է թուրքական կիսալուսնի սրածայրը։

    Ու չխաբվեք ԱԺ-ի կողմից «եվրոպական» նախագծի հետաձգմամբ, Մատվիենկոյի սպասվող այցով կամ ՌԴ գործընկերների հետ բոլոր ուղղություններով կապերի ձևական ինտենսիվացման մասին Փաշինյանի հանձնարարականով։ Այդ ամենը տվյալ փուլում Մոսկվային ֆռռացնելու նոր փորձեր են:

    Իսկ իրական պրոցեսները շարունակվում են։

    Մեկ ամսից, ապրիլի 3-4-ին Տաշքենդում կայանալու է ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որի նախաձեռնումը և իրականացումն օրգանական կապ ունեն Հարավային Կովկասի և, մասնավորապես, Սյունիքի հետ։ Կենտրոնական Ասիայի հինգ երկրներն էլ հետաքրքիր են ԵՄ-ի համար՝ ոչ միայն էներգակիրների, այլև՝ այլ օգտակար հանածոների առումով։ Եվրոպացիները փորձում են ազդեցության իրենց չափը մեծացնել Ռուսաստանի և Չինաստանի հաշվին, փաստացի սինխրոնիզացվելով Թուրքիայի հետ։

    Այստեղ ուշադրություն։ ԵՄ-ն ոչ միայն Հարավային Կովկասում է խաղում Թուրքիայի հետ համատեղ, այլև Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և նույնիսկ Բալկաններում, որտեղ հնարավոր եվրաինտեգրման ճանապարհին ԵՄ ներկայիս ղեկավարությունը խոչընդոտներ է տեսնում ռուսական և չինական ազդեցության մեջ և համառորեն աչք է փակում Բոսնիայում, Ալբանիայում, Մակեդոնիայում, Կոսովոյում, Մոնտենեգրոյում և նույնիսկ՝ Սերբիայում աճող թուրքական ազդեցության վրա։

    ԵՄ-ԿԱ գալիք գագաթնաժողովին քննարկվելու են նաև լոգիստիկ և տրանսպորտային նախագծերը՝ «Միջին միջանցք» տրամաբանության մեջ։ Հիշեցնեմ, որ այդ տրամաբանության մեջ ներկայումս գործող երթուղիներից երկուսն անցնում են Վրաստանով՝ Սևծովյան նավահանգիստներ և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։

    Հիշենք նաև Չինաստանին վերապահված վրացական ամենախորը նավահանգստի՝ Անակլիայի կառուցումը։ Իրականում առկա հնարավորությունների թողունակությունը լիովին բավարարում է ապրանքաշրջանառության համար, մի բան էլ թերբեռնված են։ Սակայն ոչ Վրաստանով, ոչ Իրանով անցնող ուղիները թուրքական վերահսկողության տակ չեն, և այստեղ լիովին համադրվում են ԵՄ-ի՝ Ռուսաստանից, Իրանից և Չինաստանից իրենց լոգիստիկ կախվածությունը նվազեցնելու և Թուրքիայի՝ սեփական պանթուրանական պրոյեկտը կյանքի կոչելու գերակայությունները։

    Ամփոփելով, կարող եմ արձանագրել, որ քանի Մոսկվայի և Վաշինգտոնի գլուխները խառն են, Անկարան և Բրյուսելը վերջին ջանքերն են գործադրելու Երևանի հաշվին իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար»,-գրել է նա:

  • Ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության ոչնչացումը կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին. Րաֆֆի Ասլանյան

    Ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության ոչնչացումը կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին. Րաֆֆի Ասլանյան

    Ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի ընտանիքի շահերի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը.

    «ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին այսօր պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե իր ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմն արդյո՞ք կասկած ունի, որ ինքը միջամտում է գործին։

    Ասեմ շատ ուղիղ՝ տուժող կողմը համոզված է, որ միայն ՀՀ վարչապետի ուղղակի կամ անուղղակի միջամտության արդյունքում կարող էր դեպքից երեք տարի անց ոչ մեկ չենթարկվել քրեական պատասխանատվության, նույնիսկ չազատվել աշխատանքից, դատարանի պարտավորեցումից հետո ավտոշարասյան ղեկավար կազմի պաշտոնատար անձանց նկատմամբ կրկին անգամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվել։

    Իսկ ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին»։

  • Մանե Թանդիլյանը գրավոր հրաժարվել է բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ

    Մանե Թանդիլյանը գրավոր հրաժարվել է բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ

    Գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը.

    «Սիրելի ընկերներ,

    Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ զանգերի, նամակների համար, անհանգստանալով իմ առողջության համար։

    Տեղեկացնեմ, որ այսօր առավոտյան ինքնազգացողությունս կտրուկ վատացել է և տեղափոխվել եմ հիվանդանոց։ Բժիշկները հորդորել են դադարեցնել հացադուլը և իրականացնել համապատասխան բուժում։

    Գոհունակությունս հայտնելով Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի անձնակազմին՝ գրավոր հրաժարվել եմ բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ։

    Իմ և մեր ընկերների խնդրանքը շարունակում է մնալ նույնը՝ ուղղված Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը։

    Նաև շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ներին՝ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների թեման անընդհատ բարձրաձայնելու համար։ Հուսով եմ ըմբռնումով են մոտենում այն լրագրողները, ում հետ այս օրերին չի ստացվել զրուցել։ Վաղը օրվա ընթացքում պատրաստ կլինեմ հանդիպել և զրուցել լրագրողների հետ»:

  • Միջազգային իրավական հարցերով գրասենյակը շարունակում է բնականոն աշխատել. factor.am

    Միջազգային իրավական հարցերով գրասենյակը շարունակում է բնականոն աշխատել. factor.am

    Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

    Նշենք, որ այսօր լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Եղիշե Կիրակոսյանն ու գրասենյակի աշխատակիցների մեծ մասը աշխատանքից ազատման դիմում են գրել, որի պատճառը միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետկանչի պահանջն է:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am

    © factor.am

  • Պետք չի դառնալ իշխանությունների կիրառած իրավական թրաֆիքինգի զոհը. Հայկ Դեմոյան

    Պետք չի դառնալ իշխանությունների կիրառած իրավական թրաֆիքինգի զոհը. Հայկ Դեմոյան

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Վերջապես հաղթեց այն սթափ գիտակցումը, որ պետք չի դառնալ իշխանությունների կիրառած իրավական թրաֆիքինգի զոհը:

    Հաջորդ իմ հորդորն է դուրս գալ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի կազմից՝ ի նշան բողոքի ցեղասպանության թեմայի հանդեպ իշխանությունների ժխտողական ու այլասերված կեցվածքի:

    Արդյո՞ք Եղիշե Կիրակոսյանը հանձն կառնի ուսումնասիրելու և հանրայնացնելու թանգարանի շուրջ տեղի ունեցած խայտառակ կոռուպցիոն ու քրեորեն պատժելի գործարքներն ու գործողությունները, դա կթողնեմ իր խղճին ու քաղաքացիական գիտակցությանը»:

  • Արցախի հայաթափման պայմաններում Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ. ՔԻՀԿ

    Արցախի հայաթափման պայմաններում Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ. ՔԻՀԿ

    Բաքվի ռազմական դատարանում շարունակվում են Արցախի Հանրապետության գերեվարված նախկին ղեկավարների դեմ քրեական գործերը։ Նրանցից Ռուբեն Վարդանյանի առողջության ծանր վիճակի և խոշտանգումների մասին հայտնել է իր փաստաբանը, որին մինչ օրս թույլ չեն տվել այցելել պաշտպանյալին։ Մյուս գերիների վերաբերյալ ավելի քիչ տեղեկությունների պատճառով հնարավոր չէ անգամ մոտավոր գնահատել հոգեբանական և ֆիզիկական տառապանքների աստիճանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը:

    «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ուշադրություն է հրավիրում Արցախի նախկին ղեկավարության դեմ քաղաքական հետապնդումների համատեքստի վրա։ Ազգությամբ հայերի նկատմամբ ատելությունը Ադրբեջանում համակարգային է և տարածված է դպրոցական դասագրքերից մինչև պետական պաշտոնյաների և երկրի նախագահի քաղաքականությունը։ Հայերը Ադրբեջանում առավել հաճախ ատելության խոսքի թիրախում հայտնվող խմբերից են և այս իրավիճակի բարելավմանը որևէ քայլ կամ զարգացում չի արձանագրվել։

    Ըստ Freedom House-ի՝ քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանվածության առումով Ադրբեջանը զբաղեցնում է ամենացածր հորիզոնականներից մեկն աշխարհում։ Դատավարական իրավունքների կոպիտ խախտումները բազմաթիվ են քննության բոլոր փուլերում անգամ սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ քրեական դատավարությունը չարաշահվում է քաղաքական նպատակներով։ Եվրոպական դատարանի որոշումները չկատարելու առումով Ադրբեջանը առաջատարն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից։

    Օրերս հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են դադարեցնել երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտիեի գործունեությունը, ինչն արդեն հաստատվել է կոմիտեի ներկայացուցչի կողմից։

    Ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնողները ենթարկվում են առավել անմարդկային վերաբերմունքի։ Նման վերաբերմունքի դեպքերից էր  Թալիշական ազգային շարժման առաջնորդներից Ֆահրադդին Աբասզոդայի (Աբասով) ազատազրկումը և մահը բանտում՝ Ադրբեջանի ռազմական հաղթանակի օրը։ Երկրի ղեկավարությունն այն անվանել էր «ինքնասպանություն», թեև Աբասզոդան մահվանից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, որ իր կյանքը վտանգված է և կարող է ավարտվել ցանկացած պահի։

    Նման պայմաններում խելամիտ մարդը չի կարող ակնկալել, որ Արցախի նախկին ղեկավարները և մյուս հայ գերիները Ադրբեջանում կարող են օգտվել առհասարակ որևէ, առավել ևս՝ արդար դատաքննության իրավունքից։

    Հետևաբար՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը պետք է լինի միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների արժեքները դեռևս պահպանած պետությունների արդարացի ճնշումներն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա։ Սակայն նման ճնշումները նույնպես կարող են որևէ արդյունքի չբերել, եթե ողջ ջանքերի համակարգման և ուժեղացման կիզակետում չլինի Հայաստանի Հանրապետության ղեկավարության նպատակաուղղված աշխատանքը՝ որպես իր հայրենակիցների և քաղաքացիների անվտանգության շահառու։

    Արցախի հայաթափման պայմաններում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ։ Բնիկ ժողովրդի ցեղասպանվելու և վտարվելու դեմ պայքարող անձանց նույն արարքներում «մեղադրելը» պարզապես խեղաթյուրում է այն ամենը, ինչը կապ ունի «մարդ» և «իրավունք» հասկացությունների հետ և դեռևս 20-րդ դարում դրվել էր որպես սարսափելի հանցագործությունների կանխման և ողջ աշխարհում մարդու արժանապատվության երաշխավորման նպատակի հիմքում։

    Բոլորը, ովքեր բարձրաձայն կամ լռելյայն կընդունեն Արցախի նախկին ղեկավարների դեմ քաղաքական հետապնդումը որպես «արդար դատավարություն», փաստորեն, նույն կերպ ընդունում են թե՛ մարդու, թե՛ ժողովուրդների իրավունքների ավարտը»,- ասված է հայտարարության մեջ:

  • Եղիշե Կիրակոսյանն ու ողջ թիմն աշխատանքից ազատման դիմումներ են գրել

    Եղիշե Կիրակոսյանն ու ողջ թիմն աշխատանքից ազատման դիմումներ են գրել

    Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառը, ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի հերթական պահանջը, այն է՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հարցերի հետկանչի ուլտիմատումն է:

    Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը տևական ժամանակ դիմադրում էր, սակայն մեր տեղեկություններով՝ այլևս որևէ տարբերակ Նիկոլ Փաշինյանը գրասենյակին չի թողել. Հայցերը պետք է հետ կանչել և վերջ. առանց դրա՝ Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի:

    Շուրջ երկու տասնյակ աշխատակիցներից մի քանիսն արդեն մի քանի օր  աշխատանքի չեն գնում, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ողջ գրասենյակը դիմում  է գրել.

    Չեն պատրաստվում մտնել այդ դավաճանական գործողության ծանրության տակ:

    Մեր տեղեկություններով՝ շուրջ 2 տասնյակ աշխատակից ունեցող գրասենյակից ազատման դիմում չի գրել միայն գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը: Վերջինս հույս ունի զբաղեցնել Եղիշե Կիրակոսյանի տեղը:

  • Հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլին, կարող եք գտնել 2018-ի YouTube-ում և Facebook-ում. այս անիմաստ աղմուկի մեջ չեք գտնի ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին․ Միքայել Մինասյան

    Հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլին, կարող եք գտնել 2018-ի YouTube-ում և Facebook-ում. այս անիմաստ աղմուկի մեջ չեք գտնի ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին․ Միքայել Մինասյան

    2018-ից առ այսօր անցել է 7 տարի։ Այս ընթացքում տեղի են ունեցել համապետական ընտրություններ, բազմաթիվ համայնքային ընտրություններ, եղել է կոալիցիոն կառավարություն, տեղի է ունեցել դաժան, ուղղորդված և պարտված պատերազմ, եղել է Արցախից հրաժարում, ապա՝ հանձնում։ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 20,000 հեկտարը օկուպացված է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

    «Տեղի են ունեցել բազմաթիվ մեծ ու փոքր, պատմական և ողբերգական իրադարձություններ, որոնց առանցքում 2021-ի ընտրություններն են։ Ընտրություններ, որոնց արդյունքը ոչ ոք չվիճարկեց, իսկ հիմնական դերակատարները հայտարարեցին, որ այն հաղթանակ էր։

    2021-ից հետո ժողովուրդը վերջնականապես հայտնվեց խայտառակ վիճակում։ Արցախի կործանումը դե ֆակտո մտավ գործնական փուլ, որը դե յուրե ավարտվեց 1 տարի անց, իսկ Հայաստանը բռնեց էվթանազիայի ճանապարհը։

    Եվ ահա այս ամենից հետո մարդիկ, ովքեր հանձն էին առել ազատել երկիրը նիկոլական ախտից, 7 տարի անց փնտրում են 2018-ին Նիկոլին բերողի ուրվականը։

    Այդ փնտրտուքի ամենամեծ դրաման այն է, որ շատ հաճախ նրանք դուրս են գալիս սեփական կամ մերձավորների հետքի վրա։ Կեսից խճճվում են և կանգ առնում, որովհետև հասկանում են այդ գործի վտանգավորությունը։ Այն վտանգավոր է և բացարձակ անիմաստ։ Վտանգավոր է, որովհետև առերեսվում են իրենք իրենց ու ստիպված լինում արդարանալ, իսկ բացարձակ անիմաստ է, քանի որ չունեն ազնվություն ասելու, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր։

    Եվ ահա այստեղ է բացատրությունը Նիկոլի դեմ պայքարի խորքային ձախողման։ Իշխանությունը Նիկոլին հանձնել է ժողովուրդը՝ հեղափոխության միջոցով և այդ նույն հեղափոխության մեջ խորքային ժողովուրդը գտել է իր միակ կոլեկտիվ հաղթանակը և ամենամեծ տրամվան՝ սխալ դուրս չգալու և պատասխանությանը չառերեսվելու։ Եվ ամեն անգամ երբ իրականությունը ժողովրդին ընտրության առաջ է կանգնեցնում՝ հեղափոխությո՞ւնը, թե՞ Արցախը, հեղափոխությո՞ւնը, թե՞ արժանապատվությունը, իսկ հիմա արդեն հեղափոխությո՞ւնը, թե՞ Հայաստանը, ժողովուրդը հետևողականորեն ընտրում է հեղափոխությունը։

    Եթե ժողովուրդը չի ուզում ընդունել հեղափոխության բացասական ու աղետալի հետևանքները, ապա մյուս կողմը՝ դասական ընդդիմությունը չի ցանկանում ընդունել հեղափոխության լինելու փաստը։ Պատճառը պարզ է. Չեն ցանկանում ընդունել, որ իրենք են հեղափոխության առաջացման պատճառն ու ուղիղ պատասխանատուն։ Խուսափելով խոսել հեղափոխության խորքային պատճառների մասին, ընդդիմությանը ոչինչ չի մնում, քան մերժել այն ու մանտրայի պես կրկնել «ով է բերել Նիկոլին 2018-ին» հարցը։ Ուժերի այսպիսի դասավորությունը ձեռնտու է միայն մեկ հոգու՝ Նիկոլին, ով օգտվում է ժողովրդի և ընդդիմության սխալներից և կարողանում է պահել իշխանությունը։

    Այս անիմաստ կռիվը մի բանի ապացույց է. այդ մարդիկ ի վիճակի չեն առաջարկել ճանապարհը, թե ինչպես ազատվել Նիկոլից, և ունակ չեն ստանձնել դրա պատասխանատվությունը, ուստի լավագույն դեպքում նորից պատրաստվում են կրկնել 2021-ի դառը փորձը. այն է՝ գնալ հեղափոխական ընտրությունների՝ հերքելով հեղափոխության փաստը, բայց մնալով հեղափոխության պարադիգմայի մեջ։

    Հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլին, կարող եք գտնել 2018-ի YouTube-ում և Facebook-ում։

    Հարցի պատասխանը, թե ով է պահել Նիկոլին, կարող եք գտնել ԿԸՀ կայքում և կրկին Facebook-ում։

    Եվ այս անիմաստ աղմուկի մեջ չեք գտնի ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին։

    Կամ տվեք այս հարցի պատասխանը, կամ հանդարտվեք»,- գրել է նա: