Day:Փետրվարի 11, 2025

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հոդվածին

    Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հոդվածին

    Նիկոլ Փաշինյանի հոդվածում արտացոլված հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, «անհիմն են և ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն, համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն». նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ նշելով, թե իբր 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը եռապատկվել են։

    Փաշինյանն իր հոդվածում գրում է, որ «Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում. ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ»:

    «Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձևակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից և համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական և իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»: Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ», – գրում է Փաշինյանը:

  • Արցախը դատարկողների ցինիզմը. Վահե Հովհաննիսյան

    Արցախը դատարկողների ցինիզմը. Վահե Հովհաննիսյան

    Եթե Ալեն Սիմոնյանը՝ մտածված թե «սխալմամբ», չգնար Աղդամում նռների հետ նկարվելու,

    եթե Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ,

    եթե Շուշիում ցուցադրաբար քեֆեր չանեիք,

    եթե 20 տարի ընթացող բանակցությունները տապալելու ու զրոյական կետից սկսելու փոխարեն դրանք շարունակեիք ու զարգացնեիք,

    եթե չհրահրեիք պատերազմ,

    եթե արդեն սանձազերծված պատերազմը շուտ կանգնեցնեիք,

    եթե Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք,

    եթե շրջափակման ընթացքը չվերածեիք Արցախի դատարկման պրոցեսի,

    եթե Արցախը չզրկեիք քաղաքական ու դիվանագիտական պաշտպանությունից,

    եթե էս կետերի գոնե մի մասն արած լինեիք, էսօր էս մարդիկ կապրեին իրենց տներում։

    Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը՝ էսօր ասում եք «մնայիք ու կռվեիք», նախ՝ շատ լավ իմանալով, որ երկու օր շարունակ ծանր ու հերոսական կռիվներ են մղվել, շատ լավ իմանալով, որ պատերազմում կռվում է ոչ թե զինվորը, այլ՝ էդ զինվորին կռվի ուղարկող պետությունը։

    Հայաստան պետությունը՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, մենակ թողեց իր զինվորին ու իր հայրենակիցներին, ու այսօր սրանց ցինիզմը հերիքում է նրանց որևէ բանում մեղադրելու։

    Մինչև ձեր իշխանության գալը արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին՝ մեր շքեղ քաղաքներում, խաղաղ գյուղերում։ Անվտանգ ու ապահով ապրում էին։

    Մինչև դուք եկաք։

    Վահե Հովհաննիսյան

    Այլընտրանքային նախագծեր խումբ

  • Եկել է քաղաքացուն կեղեքելու ժամանակը. Թադևոս Ավետիսյան

    Եկել է քաղաքացուն կեղեքելու ժամանակը. Թադևոս Ավետիսյան

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոդան փոխվում է. անսահման պոպուլիզմն իր տեղը զիջում է վայրենի կապիտալիզմին։

    Պրոգրեսիվ աճող սուտն ու հանրության մանիպուլիացիաները էլ արդյունք չեն տալիս։

    Դիմակի տակից երևում է օրվա իշխանական խմբակի արդեն իրական և հրեշավոր դեմքը։

    Հասանք տեղ։

    Եվ ուրեմն, եկել է քաղաքացուն կեղեքելու ժամանակը։

    Այլևս «մեղավոր են» հռչակվել բոլորը. աշխատող աղքատը, միայնակ կենսաթոշակառուն, անապահով ընտանիքի անդամը, փոքր բիզնեսով մի կերպ ապրող քաղաքացին, օրնիբուն աշխատող և մի կերպ գոյատևող գյուղացին, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցը, ում թոշակն ու նվազագույն աշխատավարձը այս տարի էլ չի բարձրանում, սակայն կրկնապատկվում է շրջանառության հարկը, օտարերկրյա դրամական փոխանցումները հարկվելու են, շարունակաբար աճում են գույքահարկն ու աղբահանության վճարը, տրանսպորտի ուղևարձը, առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները։

    Եվ սա դեռ սկիզբն է…»:

  • Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է. Ալեն Սիմոնյան

    Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է. Ալեն Սիմոնյան

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զերծ է մնում ռազմական էսկալացիայի վտանգի գնահատական տալուց, սակայն նշել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է:

    «Ռազմական էսկալացիայի վտանգը միշտ բարձր ենք գնահատում, որովհետև իրավունք չունենք թուլանալու ու մտածելու, որ ոչ մի բանի կարիք չկա»,- ասել է Սիմոնյանը։

    Նա ընդգծել է՝ ինչքան էլ ադրբեջանական կողմը փորձի միջազգային հանրությանը ներկայացնել, թե Հայաստանը ագրեսիայի մասին է մտածում, միանշանակ է, ամբողջ աշխարհն ասում է՝ «տեսնում ենք, գիտենք, որ նման բան չկա»։

  • Դուք դուրս եկաք Ղարաբաղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ. Սիմոնյանը՝ արցախցի լրագրողին

    Դուք դուրս եկաք Ղարաբաղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ. Սիմոնյանը՝ արցախցի լրագրողին

    Ես ե՞րբ եմ վերադառնալու Արցախ, հնարավորություն կունենա՞մ: Այս մասին Ալեն Սիմոնյանին ասաց արցախցի լրագրողներից մեկը:

    Արձագանքելով՝  Ալեն Սիմոնյանն ասաց, որ կվերադառնա, երբ անվտանգ կլինի:

    «Անվտանգ կլինի, երբ խաղաղության պայմանագիր կկնքենք: Դուք դուրս եկաք այնտեղից, որովհետև անվտանգ չէր, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ այն զենքերով, որը ՀՀ-ն թողել էր: Պետք էր կռվել, Հայաստանը կռվել է, բերեցիք հաճո իշխանություն, ով օրեր անց ստորագրեց այդ պետության վերացման մասին»:

  • Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել

    Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը) հոդվածներով։ 

    Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում էր խոշոր չափերով կաշառքի, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար:

  • Ի՞նչ է սպասվում ավանդատուներին. վարչախումբը գնալու է ՀՀ դրամի ֆանտաստիկ արժեզրկմանը, որպեսզի թեթևացնի դրամական պարտքի բեռը

    Ի՞նչ է սպասվում ավանդատուներին. վարչախումբը գնալու է ՀՀ դրամի ֆանտաստիկ արժեզրկմանը, որպեսզի թեթևացնի դրամական պարտքի բեռը

    Մեծ դեպրեսիայի ժամանակ՝ 1933 թվականի ապրիլի 5-ին, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը ստորագրեց թիվ 6102 գործադիր հրամանը բնակչությունից և կազմակերպություններից ձուլակտորների և մետաղադրամների տեսքով ոսկու փաստացի բռնագրավման մասին։

    Իր վարկանիշի կտրուկ անկումից խուսափելու համար ստորագրման արարողության ժամանակ Ռուզվելտը ներկաներին ուղղակիորեն ասել է, որ ինքը չէ փաստաթղթի հեղինակը։ Նույնիսկ ֆինանսների նախարարն ասաց, որ ինքը չի տեսել փաստաթուղթը՝ ավելացնելով միայն. «…դա այն է, ինչ պնդում էին փորձագետները»:

    Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ-ում գտնվող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք (ներառյալ օտարերկրյա քաղաքացիները և ԱՄՆ-ում ոսկի պահող ընկերությունները), հազվադեպ բացառություններով, պարտավոր էին ոսկին փոխանակել թղթային փողի հետ 20,66 դոլար՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց, ԱՄՆ ցանկացած բանկում, որն այն ժամանակ իրավասու էր ընդունել ոսկի՝ մինչև 1933 թվականի մայիսի 1-ը:

    Ոսկով արտահայտված ցանկացած պայմանագրեր կամ արժեթղթեր նույնպես անօրինական են ճանաչվել, և դրանց դիմաց վճարումները պետք է կատարվեին թղթային դրամով` սահմանված փոխարժեքով:

    Այնուհետև ոսկին ուղարկվել է Դաշնային պահուստային համակարգի Ֆորտ Նոքսի ոսկու պահուստ։ 1936 թվականին՝ ոսկու հավաքման ավարտից հետո, դրա պաշտոնական գինը կտրուկ բարձրացվեց մինչև 35 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց։Սա երկար պատմություն է, որի արդյունքում ոսկու մեծ մասը վերջնական հանգրվանեց մեծ Բրիտանիայում և Կոնգրեսի բազմաթիվ անդամներին երբեք թույլ չտրվեց աուդիտի ենթարկել ոսկու պահեստ Ֆորտ Նոքսը։

    Ինչո՞ւ ենք հիշել Ռուզվելտի հրամանագիրը։

     Հայաստանի Հանրապետությունում ներքին դրամական պարտքը ահռելի չափերի է հասել։ Փաստացի անհուսալի վարկառուների բանակին շուտով միանալու է պետությունը, որը ստիպված է լինելու վերցնել նոր վարկեր՝ և՛ դրսից, և՛ երկրի ներսում։

    Անհուսալի վարկառուն ինչո՞վ է նման անհուսալի դառնող պետական պարտք կուտակող երկրին։

     Երկուսն էլ փորձելու են որևէ աշխատողից վերցնել նոր պարտք՝ այն չվերադարձնելու հեռանկարով։

    Ի՞նչ է սա նշանակում տնտեսության համար:

    Սա նշանակում է պետական պարտատոմսերի եկամտաբերության տոկոսադրույքի աճ, որն ավելի է ծանրացնելու երկրի վիճակը։

    Ելք կա՞ այս վիճակից:

     Ամենայն հավանականությամբ վարչախումբը գնալու է ՀՀ դրամի ֆանտաստիկ արժեզրկմանը, որպեսզի թեթևացնի դրամական պարտքի բեռը։ Սակայն դրա արդյունքում ֆանտաստիկ նեգատիվ իրավիճակ է  սպասվելու ավանդատու քաղաքացիներին։

    Եթե այս իրավիճակին հավելենք արտահանման մոտ 40 տոկոս անկումը, որը երկիր արտարժույթ բերող զարկերակ է, ապա խելացի մարդիկ կհասկանան, որ մեզ շատ տագնապալի արժութային 2025 թվական է սպասվում։

    Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

  • Մայր Աթոռից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը

    Մայր Աթոռից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը

    Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը։

    Արագածոտնի թեմից հայտնում են, որ ձևավորված ավանդույթի համաձայն, Սուրբ Մասունքով կկատարվի մատաղի աղի օրհնության արարողություն և կմատուցվի Սուրբ և անմահ Պատարագ, սկիզբը 10:30:

    Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00: