Day:Մայիսի 22, 2024

  • Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988թ․՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով

    Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988թ․՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով

    Ենթադրություն անելը լավ բան չէ, բայց ես կարծում եմ, որ շարժումը լավ թափ է առել, բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, այո, նրանք կհասնեն հաջողության. Դատարանի բակում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը։

    Նրա կարծիքով՝ իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու, ցանկացած մարդու,  ով մտահոգ է իր ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությունը մասերի բաժանելուն:

    Սերժ Սարգսյանին հարցրել են նաև սահմանազատման գործընթացի մասին։

    «Մենք կողմ ենք, որ սահմանազատումը և սահմանագծումը տեղի ունենան միջազգային պրակտիկային համահունչ։ Մենք սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որոնցով  այսօր այդ գործընթացն իրականացվում է»,- պատասխանել է նա։

    Նրա կարծիքով՝ Հայաստանում պետք է իշխանափոխություն անել, այլ կերպ հնարավոր չէ, Փաշինյանը Ալիևի հետ տետատետ է բանակցում, այդ պատճառով էլ իրավիճակն այսպիսին է։

    Դիտարկմանը, թե սկզբունքն այն է, որ Հայաստանի տարածքը նախկին Խորհրդային Հայաստանի տարածքն է, Սարգսյանը հակադարձեց, որ այդպիսի սկզբունք չի եղել. «Այնտեղ եղել է ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարություն։ Իսկ Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988թ․՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով»։

  • Երևանի ավտոբուսների վարորդների գործադուլին արձագանքել է քաղաքապետարանը

    Երևանի ավտոբուսների վարորդների գործադուլին արձագանքել է քաղաքապետարանը

    «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլը շարունակվում է․։

    Երևանի քաղաքապետարանից արձագանքել են գործադուլին։

    «Սիրելի՛ երևանցիներ և գործընկերներ,

    հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով  ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն:

    Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդելի էինք, որ «Երևանի ավտոբուս» ընկերության վարորդները գործադուլ են անում, պահանջում են վերականգնել իրենց նախկին ղեկավարներին։

    Նրանք պնդում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի։

    Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:

  • 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են․ «Լույս» հիմնադրամ

    2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը թերակատարվել են․ «Լույս» հիմնադրամ

    «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

    Այսպես՝

    • Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկզբից ՀՀ տնտեսությունում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվել է նաև 2024թ. առաջին եռամսյակում. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3%։ Նշված բարձր ցուցանիշն առավելապես պայմանավորված է ժամանակավոր և ոչ կայուն երևույթներով, մասնավորապես՝ ոսկերչական գործունեության ծավալների կտրուկ աճով: Եվ պատկերը, կախված արտաքին, դժվար կանխատեսելի իրավիճակից, կարող է կտրուկ փոխվել (ոսկերչական գործունեության ծավալները կտրուկ նվազել)՝ էական բացասական ազդեցություն թողնելով մակրոտնտեսական ցուցանիշների վրա։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը (հիմնականում՝ վերամշակումը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.9 անգամ: Մինչդեռ, արդյունաբերության՝ ՀՀ տնտեսության համար էական կարևորություն ունեցող մի շարք ենթաճյուղերում անկումը շարունակվում է: Այսինքն՝ արդյունաբերության, որոշակի իմաստով, «համակարգաստեղծ» ենթաճյուղերի արտադրության նվազման ֆոնին ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն էական աճ է գրանցում։ Արդյունքում շարունակում է վատթարանալ արդյունաբերության կառուցվածքը:
    • 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ։ Ի դեպ, 2024թ. պետական բյուջեի եկամուտների ծրագրված և փաստացի ցուցանիշների հաշվարկում կատարվել է մեթոդաբանության փոփոխություն, համաձայն որի դրանցում ներառվում է նաև հիպոթեքային վարկերի վճարված տոկոսների վերադարձի գումարը (որը նախկինում նվազեցվում էր հարկային եկամուտներից)։ Այս պարագայում ևս պետական բյուջեի եկամուտները ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 6.8%-ով։ Հատկանշական է, որ թերակատարումն առկա է նաև հաստատված բյուջեի նկատմամբ։ Թերակատարումից բացի, արձանագրվել է նաև բյուջեի եկամուտների աճի տեմպի դանդաղում՝ հիմնականում պայմանավորված բարձր տնտեսական աճի պայմաններում ոչ հարկունակ ճյուղերի աճով:
    • ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը 2024թ. առաջին եռամսյակում կազմել են 525.9 մլրդ դրամ: Դրանք նույնպես ճշտված պլանի համեմատ թերակատարվել են՝ 17.5%-ով։ Ընդ որում, թերակատարումը վերաբերում է թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերին։ Ի դեպ, բյուջեի ընդհանուր, ինչպես նաև ընթացիկ ծախսերի դեպքում հաստատված բյուջեի նկատմամբ ևս արձանագրվել է թերակատարում։

    Թերակատարվել են հաշվետվությունում նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերը։ Ամենացածր կատարողականն արձանագրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով:

    • 2024թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 0.9 մլրդ դրամ պակասուրդ՝ ճշտված պլանով ծրագրված 74.4 մլրդ դրամ և հաստատված պլանով նախատեսված 34.9 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն։
    • Հաշվետու ժամանակաշրջանում կրկին կառավարությունն «աչքի է ընկել» բյուջետային պլանավորման ասպարեզում ունեցած անհաղթահարելի խնդիրներով։ Մասնավորապես, 2024թ. պետական բյուջեով նախատեսված գրեթե բոլոր ցուցանիշները ճշտված պլանով վերանայվել են, սակայն փաստացի մեծություններից շատերը ոչ միայն զգալիորեն հեռու են եղել ճշտված պլանից, այլև ավելին, շատ դեպքերում դրանք ճշտված պլանից ավելի շատ են շեղվել, քան հաստատված պլանից։

      Պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի` պլանի նկատմամբ թերակատարումը, ինչպես նաև տպավորիչ տնտեսական ակտիվության պարագայում գրեթե եռակի ցածր աճի տեմպը մտահոգությունների տեղիք են տալիս ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումների շուրջ: Պատկան մարմինների կառավարման ցածր մակարդակի պատճառով ծախսերի թերակատարման շուրջ ձևավորված, տարիներ ի վեր առկա և արդեն «քրոնիկ» դարձած հիմնախնդիրը փաստում է, որ գործող իշխանությանն այդպես էլ չի հաջողվում լուծել պետական կառավարման համակարգում տնտեսության համար առանցքային ծրագրերի արդյունավետ իրականացման կարողությունների ապահովման խնդիրը։ Արդյունքում, բյուջեի ծախսերի թերակատարման հետևանքով տնտեսության ներուժի տեսանկյունից կարևորագույն ծրագրերը իրականացվում են թերի (ոչ լրիվ կամ ժամանակին)՝ վտանգելով ինչպես ընթացիկ, այնպես էլ երկարաժամկետ տնտեսական աճն ու զարգացումը:

    Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/hZfBU :

  • Ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ ուզում է  դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու. Փաշինյան

    Ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ ուզում է դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու. Փաշինյան

    Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը Պապ թագավորի երազանքի իրագործումն է. ԱԺ-կառավարություն հարգուպատասխանի ժամանակ հայոց պխատմությանը դարձյալ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։  

    «Նրանք, ովքեր ուզում են ՀՀ–ն տեսնել 29 743 քառ կմ լեգիտիմ տարածքից դուրս, ցանկանում են, որ մենք դառնանք լեգիտիմ թիրախ ուրիշների համար։ Ինչո՞ւ են ուզում մեզ դարձնել լեգիտիմ թիրախ ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ, որ ասեն` ՀՀ–ն ի վիճակի չէ անկախ լինել, պետք է կիսաֆորպոստային լինի։ Մենք ձեր փոխարեն արտաքին քաղաքականություն, անվտանգություն կվարենք, ձեզ ինչո՞ւ է պետք խորհրդարան, կառավարություն, քանի որ կան թեմեր, 10 մարզի փոխարեն կլինի 10 թեմ։ Հայ ժողովուրդը ունեցել է այդ փորձը, որ գնում էին, Կեսարիայում օծվում էին, գալիս, Հայաստանում դառնում էին ազդեցության գործակալ»,–անուղղակիորեն Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին ասաց Փաշինյանը։

    Ելույթի շարունակությունը նույնպես ակնակրներ էր պարունակում՝ զուգահեռներ անցկացնելով 5-րդ դարի արքունական իրադարձությունների հետ։

    «Պապ թագավորն այլևս չի սպանվելու։ Դա ես երաշխավորում եմ. ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոգրամանոց խաչ ուզում է, դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է, և էդ երազանքն այլևս չի կարող սպանվել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,–հայտարարեց նա։

  • Վեհափառն ընդունել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությանը

    Վեհափառն ընդունել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությանը

    Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի պատգամավորներ։

    Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը և պատվիրակության անդամները քննարկեցին Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին առնչվող հարցեր՝ կարևորելով հայրենական կյանքում ազգային միասնականությունն ու ջանքերի մեկտեղումը առկա խնդիրների հաղթահարման գործում։

    Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց Հայաստանի և արցախահայության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի իշխանությունների կողմից ներդրվող ջանքերին։ Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին շարունակական զորակցության համար։

    Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց պատվիրակության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների վերադարձման գործում Մայր Աթոռի կողմից տարվող աշխատանքներին։

  • «ՀայաՔվեի» անդամներն այցելել են Իրանի դեսպանություն և գրառումներ արել սգո մատյանում

    «ՀայաՔվեի» անդամներն այցելել են Իրանի դեսպանություն և գրառումներ արել սգո մատյանում

    «ՀայաՔվեի» խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Վահե Դարբինյանը, Արմեն Մանվելյանը և Սամվել Հակոբյանն այսօր այցելել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն և գրառումներ արել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների ողբերգական ավիավթարի առիթով բացված սգո մատյանում:

  • Հայ Առաքելական եկեղեցին ՀՀ իշխանությունների աչքում շատ վտանգավոր քաղաքակրթական խոչընդոտ է, հետևաբար ռեժիմը չի կարող շրջանցել նրան. քաղաքագետ

    Հայ Առաքելական եկեղեցին ՀՀ իշխանությունների աչքում շատ վտանգավոր քաղաքակրթական խոչընդոտ է, հետևաբար ռեժիմը չի կարող շրջանցել նրան. քաղաքագետ

    Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

    -Պարո՛ն Քանանյան, ինչպե՞ս կգնահատեք իշխանության ներկայացուցիչների  կողմից վերջին օրերին Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հնչող տարաբնույթ հայտարարությունները՝ հատկապես Եկեղեցուն հարկային դաշտ տանելու մասով։ Սա այն դեպքում, երբ հայտնի է՝ ՀԱԵ-ն արդեն իսկ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։

    -Կարծում եմ՝ պետք է երկու հարթություն առանձնացնենք։ Առավել մակերեսային հարթության վրա ես միանգամայն համամիտ եմ այն կարծիքի հետ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ խորապես անգրագետ են։ Նրանք խորապես անգրագետ են համարյա ամեն ինչում,եթե ոչ՝ ամեն ինչում։ Հետևաբար մակերեսային մակարդակի վրա, բացի իրենց ապիկարությունից  և անգրագիտությունից, նրանք նկատում են, որ Հայ Առաքելական եկեղեցին ներկա փուլում լռելյայն համաձայնությամբ արտոնել է իր երկու երևելի ներկայացուցիչներին՝ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդներին, որոշակիորեն առաջնորդել հասարակությունում առկա բնական և խիստ հիմնավոր մտահոգությունը երկրի ճակատագրի նկատմամբ։

    Դարձյալ մնալով մակերեսային հարթության վրա՝ մենք պետք է նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցու այս երկու նվիրապետների գործողությունները նաև ակնհայտորեն հետևանք են քաղաքակն դաշտի՝ լիովին ձախողված և քայքայված լինելու, որովհետև եթե մեր քաղաքական դաշտում լինեին առողջ, պետականակերտ հայեցակարգով առաջնորդվող քաղաքական կուսակացություններ, ապա Եկեղեցուն, բնականաբար, հերթ չէր հասնի ներգրավել քաղաքական գործընթացների մեջ։

    Բայց քանի որ իշխող ուժի պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ընդդիմության պարագայում՝ նույնքան հասկանալի է, այդ թվում՝ և նրանց զրոյական վարկանիշը հասարակության լայն շերտերում, նման ամայացած իրավիճակում, բնականաբար, պետք է ինքնաբերաբար որոնվեր մի անձ, որը, վերքաղաքական լինելով, կարող էր ինչ-որ չափով հաղթահարել ներքին պառակտումները և անցումային իրավիճակում առաջնորդեր ու համակարգեր հանրության բնական դժգոհությունը։

    Նաև հավելման կարգով ասեմ, որ եկեղեցականները նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, և նրանք նույնպես իրավունք ունեն և պարտավոր են արտահայտվել հատկապես այն դեպքում, երբ տեսնում են, որ ազգին և պետությանը անմիջական վտանգ է սպառնում։

    -Պարո՛ն Քանանյան, ո՞րն է պետություն-ՀԱԵ հարաբերությունների՝ Ձեր մատնանշած երկրորդ հարթությունը։

    -Անդրադառնալով առավել խորքային հարթությանը՝ պետք է նշել, որ գոյություն ունի արժեհամակարգային բախման խնդիր։ Ներկա կառավարությունը, հատկապես  իր բոլոր կապիտուլյանտական  գործողություններից հետո, արդեն ստիպված պետք է բացահայտի իր ներքին էությունը, իր արժեզուրկ, անհամակարգ, ավանդամերժ և պետականամերժ մոտեցումները, բոլոր ազգային կարմի գծերը ոտնահարելը։ Ուրեմն այստեղ արժեհամակարգային խնդիր կա, և որքան էլ տարբեր եկեղեցական ներկայացուցիչներ չհամապատասխանեն հավատի և ազգի պատկերացրած բարձր բարոյական և հոգևոր չափանիշներին, այնուամենայնիվ Եկեղեցին դիտվում է քաղաքակրթական հակառակորդ, և նման մարդիկ, իրենց ներքին էությամբ և արժեհամակարգից զուրկ լինելով, պետք է բնազդաբար ապստամբեն Եկեղեցու նման կայուն կառույցի դեմ։

    Հայ Առաքելական եկեղեցու հանգամանքն իրավաբանորեն հետաքրքիր է նաև նրանով, որ այն Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանից՝ թերևս Արշակունիների ժամանակաշրջանից մինչև մեր օրերն, անխափան գործած միակ ազգային հաստատությունն է։ Հետևաբար, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է անջրպետ գծել պատմական և «իրական» Հայաստանների միջև, ապա այդ անջրպետը գծելու ճանապարհի մեջտեղում կանգնում է  Հայ Առաքելական եկեղեցին։ Եկեղեցին և՛ պատմական Հայաստանի ժառանգորդն է, և՛ շարունակաբար գոյություն ունի նաև ներկա Հայաստանում։  Եկեղեցին այդ անխզելի կապի լավագույն արտահայտությունն է, որը կա 4-րդ տարից մինչև մեր օրերը։

    -ՀՀ իշխանությունները որքա՞ն վտանգավոր ախոյան են այսօր համարում Հայ Առաքելական եկեղեցուն, որքա՞ն են զգուշանում նրանից։

    -Բնական է, որ Եկեղեցին ՀՀ գործող իշխանությունների աչքում լինելու է շատ վտանգավոր քաղաքակրթական խոչընդոտ, և նրանք ազգային մնացած բոլոր սրբությունները ոտնահարելու իրենց բնազդային ատելության մեջ  բնականաբար չեն կարող շրջանցել նաև Հայ Առաքելական եկեղեցին։

    -Պարո՛ն Քանանյան, ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հարկեր չվճարելու վերաբերյալ հայտարարությունների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ պատասխան արձագանքով՝ վերջինիս խոսքերը որակելով սուտ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ անգամ հստակ պարզաբանումներից հետո իշխանության առանձին ներկայացուցիչներ շարունակում են թիրախավորել Հայ Առաքելական եկեղեցին։

    -Իհարկե, ես չեմ կարող և չեմ էլ կամենում ներթափանցել ԱԺ նախագահի մտքերի մեջ։ Հավանաբար նման հայտարարությունների պատճառն անտեղյակությունն է կամ չարամտությունը կամ ինչ-որ բան ասելու ձգտումը։ Ինչ ասես՝ կարելի է մտածել։ Ես թեև հեռու եմ ՀՀ իշխանություններին լրջություն վերագրելուց, բայց եթե անգամ փորձենք նրանց մի փոքր լրջություն վերագրել, ապա թերևս նրանք կարծում են, որ Եկեղեցին անհրաժեշտ համապարփակությամբ ենթարկված չէ հարկային դաշտին։

    Չգիտեմ, նրանք թերևս կարծում են, որ մոմավաճառությունը, Եկեղեցուն կատարված նվիրատվություններն անհրաժեշտ չափով չեն հարկվում, կամ գուցե մտածում են, որ ՀԱԵ-ն պետք է հողի հարկ վճարի, չգիտեմ։ Արժե կառավարությանն սպասարկող իրավաբաններին հարց ուղղել, թե Եկեղեցին ո՞ր գործունության դաշտում հարկված չէ՝ ըստ ՀՀ օրենսդրության պահանջների։ Թող նրանք մատնանշեն։

    Հ. Գ. Նշենք, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Հայ առաքելական եկեղեցին, որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր։ Վերջին չորս տարիների եկեղեցու վճարած հարկերն ունեն հետևյալ պատկերը.

    2020 – 378 մլն դրամ

    2021 – 403 մլն դրամ

    2022 – 450 մլն դրամ

    2023 – 435 մլն դրամ

    2024-ի 1-ին եռամսյակ – 147 մլն դրամ

    Ընդ որում, Հայ առաքելական եկեղեցու վճարած հարկերի կառուցվածքն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ դրանց հիմնական մասը եկամտահարկն է, սակայն 2023 և 2024 թվականներին եկեղեցին որոշակի մուտքեր է ապահովել բյուջե նաև մաքսատուրքերի մասով։

  • Նույնիսկ նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը չի կարող սասանել այս երկրի դիրքերը, որպես տարածաշրջանային գերտերություն․ Վարդան Ոսկանյան

    Նույնիսկ նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը չի կարող սասանել այս երկրի դիրքերը, որպես տարածաշրջանային գերտերություն․ Վարդան Ոսկանյան

    Իրանագետ Վարդան Ոսկանյնաը գրում է․ «Ամեն ինչից բացի, Իրանը պետականության հազարամյակների տևակսն ավանդույթ և փորձառություն ունեցող հինավուրց երկիր է, որի բյուրոկրատիան աշխարհում ամենակայացածներից է։

    Նաև հենց այդ բյուրոկրատիան է, որն այս երկրի պետական համակարգն ունակ է լավագույնս դուրս բերելու ամենաբարդ փորձություններից և մարտահրավերներից, ինչպես դա հաջողությամբ արել է դարեր շարունակ։

    Հետևաբար, թեև Իրանը Մերձավոր Արևելքում է, սակայն բյուրոկրատիայի կայացածությամբ այս երկիրն ամենևին էլ համեմատելի չէ միջին վիճակագրական որևէ այլ մերձավորարևելյան պետության հետ։

    Ուստի, նույնիսկ նախագահի և այլ պաշտոնյաների զոհվելու հանգամանքը, նաև նշված գործոնը հաշվի առնելով, չի կարող սասանել այս երկրի դիրքերը որպես տարածաշրջանային գերտերություն»։

  • Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ. Արման Թաթոյան

    Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ. Արման Թաթոյան

    Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, արձագանքելով ԱԺ-ում ՔՊ-ականների հնչեցրած ելույթներին, ահազանգում է.

    «Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»:

    Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ դա անելու փաստերն ակնհայտ են`

    1. Երբ 2018թ. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը նախաձեռնողները Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Մայր Աթոռի դեմ քաղաքական ակցիաներ էին անում, ներկայացվող դիմումներին ի պատասխան իշխանությունը  պատճառաբանում էր, թե այդ տարածքը հասարակական նշանակության է, և այդ ակցիաներն իրավաչափ են: Այսօր Խորհրդարանում հայտարարվում է, թե անընդունելի են գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի (Bishop Bagrat Galstanyan) կազմակերպած հավաքներն այդ նույն վայրում:
    2. 2018թ. իշխանության ակնհայտ թողտվությամբ բռնության գործադրմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/-ում Դիվանատուն մի խումբ անձանց բռնի կերպով ներխուժումը:
    3. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները:
    4. Անվտանգության նկատառումներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող մեքենայի ոստիկանական ուղեկցության վերացումը:
    5. Անթույլատրելի բառապաշարով եկեղեցու ու հոգևորականներին վարկաբեկող գնահատականներն ու արժանապատվությանը, հեղինակությանը հասցված վիրավորանքները:
    6. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «հարկման ենթարկելու սպառնալիքը», որին արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են»։