Day:Մայիսի 17, 2024

  • Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը

    Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը

    Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը

    Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։

    Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։

    Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է:

    Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի և Ֆրանսիայի Սենատի բանաձևի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Վարդանյան ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության COP»։

    «Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, և որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։

    Հետևաբար, նա պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակվի»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը։

    Երևան, մայիսի 17, 2024 թ․

  • Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է.Մաս 209. «Ժողովուրդ»

    Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է.Մաս 209. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն եւ իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որեւէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»:

    Ընդհանրապես, «տռուսիկ-մայկաները» բանակ չուղարկելու մասին Փաշինյանը շատ է խոսել: Բայց հակառակ դրան մամուլը պարբերաբար գրում է փաստեր, որ զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել։

    Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ խնդիրն ավելի սուր է բարձրացված, քան նախկինում էր։ Ծնողները մշտապես ահազանգում են, որ ստիպված են ամեն ինչ ուղարկել երեխաներին՝ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, կանխիկ գումար եւ այլն։

    Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է 20․12․2023 թվականին Նորատուս համայնքում բողոքի ակցիայի մասնակից ձկնորսները պնդում էին, որ ստիպված են զինվոր որդիներին ամեն ամիս գումար եւ պարագաներ ուղարկել, քանի որ, ըստ իրենց, «պետությունը ոչինչ չի տալիս»։ Այլ կերպ ասած, Փաշինյանը խաբել է»։

  • Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սեւ է, եւ համոզել, որ մենք դա չենք տեսնում: Նա դելիմիտացիայի գործընթացը եւ նախօրեին ստորագրված արձանագրությունը «մեծ հաջողություն» անվանեց եւ մի խառնաշփոթ տեքստով փորձեց մոլորեցնել մարդկանց. «Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է…»:

    Ապա բացատրեց իր այս «հանճարեղ» միտքը. եթե մենք այս սկզբունքից շեղվեինք եւ նոր սահմանագիծ ստեղծեինք, դա կնշանակեր, որ «ստեղծում ենք էսկալացիայի եւ ռազմական բախումների հարատեւ աղբյուր»:

    Հիմա թարգմանենք. ասում է` սահմանը գծում ենք այս պահին առկա իրողությունների համաձայն, այսինքն` ում զորքը որտեղ կանգնած է, ով ինչքան զավթել է, ով Google maps-ին կարողանում է թելադրել եւ համոզել, որ այդ տարածքն իրենն է, այդ սկզբունքով: Ինչը նշանակում է, թե հույս չունենաք, որ Սեւ լճից, Ջերմուկից, Սոթքից ադրբեջանցիները հեռանալու են: Եվ պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»:

  • Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»

    Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում լսողի դերում է լինում` համակ ուշադրությամբ լսում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքները, առաջարկներն ու դիտարկումները, սակայն չի բացահայտում իր ծրագիրը՝ բացառությամբ նրա, որ աջակցություն է խնդրում իմպիչմենթի գործընթացի եւ իր թեկնածության հետ կապված:

    Չի մանրամասնում, թե առաջիկայում ինչ քայլեր է ծրագրում` նույնիսկ այն ժամանակ, երբ ոմանք զգուշորեն հետաքրքրվում են։ Օրինակ, հետաքրքրվում են` ի՞նչ հույսեր կան խորհրդարանում Փաշինյանին անվստահության գործընթաց սկսելու հետ կապված, արդյոք բանակցո՞ւմ է ՔՊ-ականների հետ, հնարավո՞ր է արդյոք նրանցից ոմանց «դարձի բերել»:

    Մանավանդ այն փաստից հետո, երբ հարթակից մի քանի ՔՊ-ականի անուն էր հնչեցրել՝ ասելով, թե մոտ է նրանց հետ, եւ դա հետեւանքներ էր ունեցել, գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին, ասելով՝ հույսը ժողովրդի ճնշումն է։ Երեկ ընդդիմադիր շրջանակներում պատգամավոր Գեղամ Նազարյանի անհավասարակշիռ պահվածքից հետո արդեն կասկածներ կային, թե կհաջողվի՞ իմպիչմենթի նախագծի համար պահանջվող 36 ձայնը ստանալ»:

  • ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»

    ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Դատելով իրավիճակից՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նրանից ազատվելու հարցում լուրջ է տրամադրված եւ գնալով օղակը սեղմում է դատավորի շուրջ:

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է։

    Ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամամակը, սակայն ակնհայտ է, որ Անդրեասյանը փորձում է Հովսեփյանին առհասարակ հեռացնել դատական համակարգից։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Նաիրա Հովսեփյանից մեկնաբանություն ստանալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում իր անվան շուրջ, սակայն վերջինս, ի պատասխան մեր հարցադրմանը՝ ասաց. «Խաղաղ օր եմ մաղթում»:

    Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։

    Դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է, ումից փորձում է ազատվել Անդրեասյանը՝ չհարգելով նրա միակ որդու հիշատակը, որը հերոսաբար զոհվել է Արցախում»։

  • Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն» ավարտվել է, շարժումը մարել է, մեկ շաբաթ է՝ ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը, ինչի շնորհիվ ՔՊ-ականները մի քիչ զգուշավոր են դարձել, ոմանց ցինիզմը փոքր-ինչ նվազել է, թեեւ` ոչ բոլորինը: Եթե 1 շաբաթ առաջ ՔՊ-ն էր օրակարգ թելադրում, ընդդիմությունը պաշտպանվում էր, ապա վերջին շաբաթում պատկերը փոխվել է։

    Երեկ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն արձագանքել էր մեր հրապարակմանը, որտեղ գրել էինք, թե հնարավոր է ԱԺ-ում Սահմանադրության դրույթը փոխվի, եւ երկքաղաքացիության արգելքը հանվի: Ի դեպ, այդ արգելքը գործում է վարչապետի, պատգամավորների, նախարարների դեպքում, իսկ Երեւանի քաղաքապետի համար հանված է: Տիկինը նյարդային գրառում էր արել. «Մնում է հասկանալ, թե ինչպես է 36 ստորագրություն հավաքելու ունակություն չունեցող թափառախումբը՝ ապահովելու Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ 72 ձայն»:

  • ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»

    ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի դեռ բոլոր ռիսկերը ապահովագրված չեն:

    Դեռ մայիսի 9-ին, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթը հասավ Երեւան, նա Հանրապետության Հրապարակից հայտարարեց՝ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսելու. բայց դեռ ոչինչ չի արվել ու հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում եւս, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իմպիչմենտի գործընթաց դեռ չի նախաձեռնվի: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են:

    Տեղեկացնենք, որ նախ՝ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով նիստ հրավիրելու համար պետք է 36 պատգամավորներ համապատասխան ձեւաթուղթը ստորագրեն, ներկայացնեն ԱԺ (ընդդիմությունն ունի այդքան ձայն. անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը Սրբազանի հետ զրույցում համաձայնել է միանալ նախաձեռնությանը), ապա 54 պատգամավորներ պետք է ներկայանան ԱԺ նիստին, քվորում ապահովեն, ինչը մեծ մասամբ կախված է խորհրդարանական մեծամասնությունից՝ ՔՊ-ից:

    Ակնհայտ է, որ այդ հարցը քննարկելիս ՔՊ-ականներին ԱԺ բերելու համար հանրային լուրջ ճնշում է անհրաժեշտ, որպեսզի իշխանականները ստիպված լինեն խորհրդարան գալու եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու, ապա քվեարկելու:

    Ստացվում է, որ իմպիչմենտի հարցը խորհրդարան մտցնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ այն ընդունելու համար՝ 54:

    Իսկ ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել. բանն այն է, որ եթե իմպիչմենտի նախաձեռնությունը այս փուլում տապալվի, ապա միայն վեց ամիս հետո կարող են կրկին այն օրակարգ մտցնել»։

  • Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

    Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. 2 իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

    Քննչական կոմիտեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրել երկու իրար հակասող հատկանիշներով: Քրեական օրենսգրքի՝ խուլիգանության ու տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ատելություն հրահրող հրապարակային խոսքի տարածման հոդվածներով։ Նա տնային կալանքի տակ է։

    Սակայն, աղմկահարույց մյուս դեպքով սայլը տեղից չի շարժվում կամ, միգուցե, իրավապահները ջանասիրություն ցուցաբերել չեն ուզում։

    Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ձերբակալված երիտասարդն իրեն այցելած պատգամավորներին ու փաստաբաններին պատմել էր՝ ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս՝ ապրիլի 15-ի գիշերը, իր նկատմամբ իրականացվել էր բռնություն։ Մասնավորապես՝ դիմակավորված 4-5 անձինք մոտեցել էին ոստիկանության մեքենային (իսկ այդ ժամանակ ոստիկանները գնացել էին իրենց բնական կարիքները հոգալու), դաժան ծեծի էին ենթարկել Սամվել Վարդանյանին, իջեցրել էին տաբատը, թքել վրան։

    Արդյունքում` բռնության մասին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հաղորդման հիման վրա` ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ): Այս գործը ոչ մի կերպ չի բացահայտվում»։

  • Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»

    Աներձագի «կրոնական» վոյաժները. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում, եղբայր» արտահայտության հեղինակ, ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը գործուղման են մեկնել․ մայիսի 14-18-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին՝ «Քաղաքականությունը՝ որպես քրիստոնեական արժեքների ամենօրյա դրսեւորման միջավայր» խորագրով։

    Առաջին հայացքից կարելի է կարծել, թե գործ ունենք հավատացյալների, քրիստոնեական արժեքներին դավանող իշխանության հետ, բայց իրականություն այն է, որ ՔՊ-ականներին ընդամենը բյուջեի հաշվին շրջագայելն է հետաքրքրում, քանի որ հենց այս իշխանության օրոք պատերազմ հայտարարվեց քրիստոնեական եկեղեցուն եւ հոգեւոր դասին։

    Առավել եւս՝ այս օրերին, երբ իշխանությունները բոլոր ճակատներով թիրախավորել են Բագրատ սրբազանի առաջնորդած պայքարը եւ հայտարարում են, թե Հայաստանը կրոնապետության չպետք է վերածել, փաստորեն, բյուջեից միջոցներ են հատկացնում մի համաժողովի մասնակցելու համար, որի ընթացքում քարոզելու են, թե ինչպես քրիստոնեական արժեքները կիրառել քաղաքականության մեջ։

    Ի դեպ, տեղեկություններ կան, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ Հ1-ին կառավարությունից հրահանգված է լուրերի թողարկման ժամանակ խուսափել Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ցուցադրելուց, որ լսարանը զուգահեռներ չանցկացնի Սերժ Սարգսյանի` փեսա-աներձագ-քավոր-սանիկական ժամանակների հետ»: