Day:Մայիսի 11, 2024

  • ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»

    ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ պահեն դռները, թույլ չտան, որ օտար մարդիկ մտնեն՝ փորձելով հետ պահել ուսանողներին «սրբազան շարժումից»։ Մեր աղբյուրն ասաց՝ վախեցել են շրջաբերական ուղարկել ուսհաստատություններին՝ կռահելով, որ մի տեղից դուրս կգա ու կհրապարակվի այդ ապօրինի գրությունը։

    Ի դեպ, նախարարն Իսպանիայում է այս օրերին` ժպտադեմ լուսանկարներ եւ հաղորդագրություններ են տարածում այդ մասին: Փաշինյանի իշխանությունում թերեւս մոռացել են, թե ինչպես էին 2018-ին ուսանողներին դուխ տալիս, սպառնում տնօրեններին ու ռեկտորներին`  ազատել գործից, հիշեցնելով սահմանադրական իրավունքների մասին»:

  • Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»

    Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ տնտեսական վերափոխումների աջակցության համար։ Ինչպես հայտնում է EFSD-ի մամուլի ծառայությունը, միջոցները կուղղվեն 2024 թվականին բյուջեի աջակցությանը և տրամադրվում են ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքներով։ Ծրագիրը ներառում է տնտեսական աճի ներուժի բարձրացման, աշխատաշուկայի արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման միջոցառումների իրականացում։ Այսինքն, Հայաստանին տրամադրվում է 100 մլն դոլարի ֆինանսավորում՝ փաստացի 6 ամսվա համար:

    Այս հանգամանքը ուշագրավ է այն առումով, որ մեկ ամիս առաջ իշխանությունները մեծ աղմուկով ազդարարում էին, թե Բրյուսելը 270 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին, իսկ ԱՄՆ-ն՝ 65 միլիոն դոլարի: Ընդ որում, նշյալ 270 մլն դոլարը պետք է տրամադրվի հաջորդող չորս տարվա ընթացքում, ինչը նշանակում է յուրաքանչյուր վեց ամսվա հաշվարկով՝ 33 մլն եվրո։ Փաստացի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը այս տրամաբանությամբ երեք անգամ ավելի շատ գումար է հատկացնում, բայց այդ մասին իշխանությունները գրեթե չեն խոսում:

    Ի դեպ, հավելենք, որ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը (EFSD) ավելի քան 9 միլիարդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության կողմից։ EFSD-ի նպատակներն են նպաստել Հիմնադրամի անդամ երկրներում տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև նրանց կայուն զարգացմանը»:

  • Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»

    Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ են ուղարկել Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ եւ ԵԽ գրասենյակներին՝ հանդիպման եւ որոշ հարցերի քննարկման ակնկալիքներով: Մասնավորապես՝ Հայաստանում ոստիկանական բիրտ գործողությունների, խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու, դատական համակարգը վերահսկելու, կալանավորումների համատարած օգտագործման եւ այլ հարցերով:

    «Մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամավորների իրավունքների ու երաշխիքների ոտնահարումը»։

    Տեղեկացանք, որ առայժմ արձագանքել է միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանը, օրերս մի խումբ ընդդիմադիրներ հյուրընկալվել են դեսպանությունում: Մեր տեղեկություններով՝ դեսպան Քրիստինա Քվինն առանձնապես կոշտ գնահատականներ չի հնչեցրել, ասել է, թե մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրենք մեծ ջանքեր են գործադրել եւ շարունակում են գործադրել, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների եւ խաղաղության գործընթացին:

    Ընդդիմադիրները խոսել են անհավասար պայմաններում սահմանազատման եւ սահմանագծման անթույլատրելիության մասին եւ հետաքրքրվել, թե ինչու է ԱՄՆ-ն ողջունում այդ գործընթացը, սակայն դեսպանը հասկացրել է, որ եթե երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կողմ են իրենց սահմանները որոշելուն, իրենց այլ բան չի մնում, քան կողքից դիտել այն:

  • Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»

    Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների առաջին օրերից, այդ թվում՝ քայլերթի օրերին իշխանությունները տեղեկատվական պատերազմին, իսկ իրականում՝ ստի ու կեղծիքի մեծ դոզա արտանետելուն զուգահեռ, դիմում են ամենատարբեր այլ մեթոդների՝ մասնավորաբար հետապնդումներ սկսելով շարժման հետ կապ ունեցող տարբեր գործիչների նկատմամբ: Երեկ ողջ օրն էլ բերման են ենթարկվել ակցիաների մասնակիցները, փորձեր էին արվում կանխել ուսանողների միանալը անհնազանդության ակցիաներին և այլն:

    Հերթական «էժանագին» քայլն արվել է քայլերթին միացած «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, Հայաստանում Էկվադորի պատվո հյուպատոս Վահե Դարբինյանի դեմ, որն առաջին իսկ օրից Բագրատ Սրբազանի կողքին կանգնածներից մեկն է:

    Մեր տեղեկություններով, Դարբինյանին Հայաստանում Էկվադորի պատվո հյուպատոս կարգավիճակից զրկելու համար ՀՀ ԱԳՆ-ն հնարովի նամակ է գրել Էկվադորի ԱԳՆ՝ նշելով, թե իբր Դարբինյանը դիվանագիտական համարանիշներով իր մեքենայով միջպետական ճանապարհ է փակել։ Ընդ որում, ականատեսները վկայում են, որ ակցիաների ողջ ընթացքում Դարբինյանի մեքենան կայանված է եղել բացառապես կողնակի վրա։ Մեր աղբյուրները պնդում են, որ ինչպես այլ դեպքերում, Դարբինյանի պարագայում ևս իշխանությունները ներգրավել են հարկային մարմիններին:

    Ի մասնավորի, մի քանի օր է՝ նրան պատկանող «Պանտերա սիքյուրիթի» մասնավոր պահնորդական ընկերության գրասենյակում ստուգումներ են իրականացնում և փորձում ինչ-որ բան գտնել: Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ձեռագիրը չի փոխվել. ընդդիմադիրների նկատմամբ կիրառվում են վարչական ռեսուրսի ողջ հնարավորությունները, այդ թվում՝ իրավապահների ու հարկային մարմինների «մահակը»:

  • Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»

    Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականին, ի թիվս այլ արժեքների, թափանցիկություն քարոզող վարչապետի հայտարարագիրը հարցեր է առաջացնում։

    Մասնավորապես՝ ումի՞ց, ինչքա՞ն եւ ինչի՞ դիմաց է ՀՀ վարչապետը ստացել եկամուտ, քանզի դրա երրորդ տողը ամբողջությամբ անհասանելի է՝ մնացած «վարչապետների» համար։

    Հայտարարագրի մեկ այլ` ոչ առեւտրային կազմակերպություններում մասնակցության բաժնում ինֆորմացիան փակված է 3 նմանատիպ կառույցների ՀՎՀՀ-ի եւ հասցեների մասով։

    Դեմոկրատիայի բաստիոնում տեղեկությունները հետզհետե ընդհատակ են անցնում։

    Իսկ 6 տարի առաջ նա այլ վարչապետ էր ձեւանում, հեծանիվով էր աշխատանքի գնում, ուղիղ եթերում փիփերթով սուպ ուտում»։

  • Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»

    Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ խորանում է Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը, լարվածության աճ է նկատվում նաև Հարավային Կովկասում։ Վրաստանը փորձում է ամեն կերպ խուսափել երկու խոշոր գլոբալ ուժերի բախման գոտում հայտնվելուց, չնայած որոշ ուժերի ջանքերին՝ երկրի ներքաղաքական կյանքում խժդժություններ ստեղծել։ Եթե Վրաստանը նախկինում իրեն ամբողջովին տեսնում էր պրոարևմտյան բլոկում, ապա հիմա իրավիճակ է փոխվել, և Թբիլիսին, երկրի շահերից ելնելով, սերտորեն համագործակցում է նաև Մոսկվայի հետ՝ հատկապես տնտեսական ոլորտում, ու մեծ օգուտներ ունենում։ Իսկ Ադրբեջանը մի կողմից՝ մեծացնում է գազի արտահանումը դեպի Եվրոպա, մյուս կողմից՝ ավելացնում Ռուսաստանից ներկրվող գազի քանակությունը այն մոտեցման շրջանակներում, թե ռուսական գազը ներքին պահանջարկի համար է։

    Սակայն պարզ է, որ ռուսական գազը շատ հանգիստ կարող է հայտնվել Եվրոպայում։ Բացի այդ, Ադրբեջանը տարածաշրջան է հրավիրում մեկ այլ աշխարհաքաղաքական խաղացողի՝ ի դեմս Թուրքիայի։ Եվ եթե Անկարան ձգտում է Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին, իսկ Մոսկվան իր դիրքերն ամրապնդել այս տարածաշրջանում, ապա Թուրքիայի խնդիրն է սողոսկել ու ամրանալ Հարավային Կովկասում։ Բայց մի պարզ իրողություն արդեն իսկ նկատելի է. Հարավայի Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլանում են, բայց դա դեռ չի նշանակում, թե Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Այս ամենի ֆոնին խնդրահարույց են դառնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։

    Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները մեղադրում են ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին և տարածաշրջան են հրավիրում այլ ուժերի, առաջին հերթին՝ Արևմուտքին։ Արևմուտքը գործնական տեսանկյունից ներկայություն չունի Հարավային Կովկասում, սակայն իր շահերը կարող է առաջ մղել Թուրքիայի միջոցով։ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը մեկնաբանվում է այն շրջանակում, թե կանխում են Հայաստանի «ֆորպոստացումը»։ Իհարկե, Ռուսաստանը մեղավորություն ունի այն հարցում, որ իր դաշնակից Հայաստանին միայնակ է թողել թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիային դեմ հանդիման, այնուամենայնիվ, մի կողմից՝ որևէ երկիր չի կարող ավելի շատ մտահոգվել տվյալ երկրի ճակատագրով, քան այդ երկրի իշխանությունները, մյուս կողմից՝ հարաբերությունների վատթարացումը կարող է էլ ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծել Հայաստանի համար։

    Ու չնայած ռուսական կողմի նկատմամբ հրապարակային դժգոհություններին, Հայաստանը շարունակում է օգտվել այն տնտեսական հնարավորություններից, որ ընձեռում են Ռուսաստանի գլխավորած տնտեսական կառույցները, մասնավորապես ԵԱՏՄ-ն։ ԵԱՏՄ մեխանիզմների կիրառության արդյունքում Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովում։ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ շեշտում են ԵԱՏՄ-ի առանձնակի տնտեսական կարևորությունը՝ նկատելով, թե չպետք է այն քաղաքականացնել։ Օրերս էլ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Նա իր ելույթում նշեց, թե Եվրասիական տնտեսական միությունում էներգակիրների միասնական շուկաների ստեղծումը չափազանց ձգձգվել է։ Պարզ է, որ էներգակիրների միասնական շուկայի ստեղծումից Հայաստանը մեծ օգուտներ կարող է ունենալ։

    Բացի այդ, Փաշինյանը փորձեց իրենց կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկը» բերել ԵԱՏՄ-ի դաշտ՝ նկատելով, որ այն կխթանի առևտրի աճը։ Ինչ վերաբերում է մեկ այլ ինտեգրացիոն միավորման՝ ՀԱՊԿ-ի գործունեությանը, ապա ՀՀ իշխանությունները անընդհատ ձգտում են ցույց տալ, որ այն անարդյունավետ է։ Նախ՝ Փաշինյանը հայտարարում է, թե սառեցնում են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց միաժամանակ հայկական կողմը դուրս չի գալիս կազմակերպությունից ու չի արգելափակում ընդունված որոշումները։ Ապա նաև պարզ է դառնում, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ընդհանրապես խնդիր չէ Ռուսաստանի պես մեծ երկրի համար։ Մյուս կողմից՝ այս ֆոնին Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը հանդիպման արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ եւ զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից:

    Պարզ է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց ընդհանրապես չի էլ քննարկվում, ու որոշ կետերից ռուս զինվորականների դուրս գալը, մեծ հաշվով, խնդիր չէ ռուսական կողմի համար։ Սակայն ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցման ու նշված մարզերում ռուսական զինվորականների դուրս գալու թեմաների շուրջ լրատվական դաշտում քարոզչական ցունամիի էֆեկտ է ստեղծվում, և թվում է, թե Հայաստանը «պոկվում է» Ռուսաստանից։ Բայց այդ քարոզչությունն ունի հատուկ ուղղվածություն՝ առաջին հերթին միտված է ներքին լսարանին, թե իբր ՀՀ իշխանությունները ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը միտված քայլեր են ձեռնարկում։ Մյուս կողմից էլ՝ նրանք Արևմուտքին են որոշակի կեղծ ուղերձներ հղում… Սակայն այս իշխանությունները այս պարագայում էլ են խաբում՝ թե՛ Հայաստանի հանրությանը, թե՛ Արևմուտքին»:

  • Լեմկինի ինստիտուտը մեղադրել է Փաշինյանին Հայոց Ցեղասպանությունը ժխտող նարատիվների համար

    Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեղադրել է Փաշինյանին Հայոց Ցեղասպանությունը ժխտող նարատիվների համար: «Թեև մենք ընդհանրապես չենք ներգրավվում պետությունների ներքին գործերին, քանի դեռ չկա ցեղասպանության ներքին վտանգ, մենք պետք է անդրադառնանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող մտահոգություններին, որոնք, ըստ երևույթին, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատություն հիմնարար սկզբունքներից, և որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին։

    Սա է՛լ ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ տեւական ցեղասպան քաղաքականության համատեքստում: Ցեղասպանության կանխարգելման հարցում կարևոր է, որ առաջնորդները պաշտպանեն ճշմարտությունը և գիտակցեն հաշվետվողականության կարևորությունը: Հանցագործ պետություններին հանդարտեցնելը գրեթե երբեք չի հանգեցնում թիրախային բնակչության անվտանգության բարձրացմանը: Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է բանակցել իր հարևանների հետ՝ առանց ժխտողական նարատիվների որդեգրման։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել Հարավային Կովկասում ճշմարտությանն ու հաշտեցմանը` չկորցնելով արդարության և պատասխանատվության անհրաժեշտությունը»:

    Statement Condemning Prime Minister Nikol Pashinyan’s Cryptic Engagement with Genocide Denial (lemkininstitute.com)

  • Արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը. Ռուբեն Վարդանյանի ուղերձը

    Արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը. Ռուբեն Վարդանյանի ուղերձը

    Բաքվի բանտ, 2024 թ.

    «2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Վարդանը, Նուբարն ու ես, մտորելով, թե ինչպես կարելի է նշել այդ ճակատագրական օրը, որոշեցինք, որ չպետք է միայն հարգանքի տուրք մատուցենք ողբերգության զոհերի հիշատակին: Մենք ցանկանում էինք մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել էին մեր պապերին ու տատերին, փրկել էին կյանքեր:

    Մենք ցանկանում էինք փոխել հայկական նարատիվը՝ զոհի կերպարից ու անցյալի հիշողությունից դեպի նոր՝ ապագային հույսով նայելու հեռանկարի:

    Մենք սկսեցինք այս նախաձեռնությունը՝ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելու համար մերօրյա հերոսներին, մեծարելու նրանց և օգնելու, որպեսզի շարունակեն իրենց դժվարին առաքելությունն ու բարի գործերը: Մենք երազում էինք, որ Երևանը դառնա աշխարհի մարդասիրական մայրաքաղաքը, և որ մենք միավորվեինք՝ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի հետ դառնալով միասնական ազգ։

    «Ավրորա»-ի հետ մենք աշխարհի ուշադրությունը հրավիրում ենք մերօրյա իրական հերոսների վրա, ովքեր վտանգում են իրենց բարեկեցությունն ու կյանքը, ովքեր հավատ ու ճանապարհ են գտնում ուրիշներին օգնելու համար:

    «Ավրորա»-ի շնորհիվ ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սովորեցրին ամենակարևոր դասը՝ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին և սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից, և անցնել քո ճանապարհը:

    Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթե ութ ամիս ամբողջովին մեկուսացված, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։

    Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ ավելի լավ եմ հասկանում, թե ինչն էր առաջ մղում Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային և «Ավրորա»-ի մյուս դափնեկիրներին, և ինչու են նրանք այդպես հավատում մեկ մարդու ուժին․ մարդու, որը կարող է փոխել աշխարհը դեպի լավը: Մենք պարզապես չունենք այլընտրանք՝ բացի փորձելուց:

    Ցավոք, աշխարհն ավելի բարի չի դարձել ձեր լավ գործերի արդյունքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա ավելի կարևոր է, քան երբևէ:

    Ուրիշներին օգնելու ձեր հանձնառությունն ինձ այստեղ ուժ է տալիս: Ես հիմա, ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը:

    Ես մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր առաքելության մեջ և իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում այս տարվա դափնեկրին։ Վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ և ավելի բարի վայր դարձնելու համար: Ինչպես Մարգարիտն է հաճախ ասում․ «Սերը միշտ հաղթում է»։ Եվ թող սերն ու արժեքները հաղթեն։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք: Մեզնից յուրաքանչյուրն իրականում կարող է շատ բան փոխել»։