Day:Ապրիլի 27, 2024

  • Կիրանցում տեղի ունեցած դեպքերից  տուժել են նաև երեխաներ. ՄԻՊ

    Կիրանցում տեղի ունեցած դեպքերից տուժել են նաև երեխաներ. ՄԻՊ

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

    Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ:

    Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ:

    Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից:

    Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների` հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքի իրացման ընթացքում պետական իրավասու մարմինների, հավաքների կազմակերպիչների, հավաքների մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ դերակատարների կողմից երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու անհրաժեշտությունը:

  • Ուղիղ՝ Կիրանցից. իրավիճակը ճանապարհին

    Ուղիղ՝ Կիրանցից. իրավիճակը ճանապարհին

    Կիրանցը դեռ մաքառում է. ճանապարհը 8-րդ օրն է փակ է։

    Իրավիճակը ներկայացնում է Վահե Դարբինյանը։

  • Ուղիղ՝ Տավուշից. Պայմանագրային զինծառայողները հուզական վիճակում են միացել ցուցարարներին

    Ուղիղ՝ Տավուշից. Պայմանագրային զինծառայողները հուզական վիճակում են միացել ցուցարարներին

    Կիրանցից ուղիղ միացմամբ իրավիճակի մասին հաղորդում է լրագրող Փայլակ Ֆահրադյանը։

  • Տավուշի ցուցարարներին միացած պայմանագրային զինծառայողները փոշմանել են

    Տավուշի ցուցարարներին միացած պայմանագրային զինծառայողները փոշմանել են

    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին:

    Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:

    Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:

    ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:

    Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին:

    Ստորև ներկայացնում ենք զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձները:

  • Մասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը Փաշինյանին

    Մասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր. Անանյանի կոչը Փաշինյանին

    Այսօր Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները շատ կարևոր են, իսկ դրանց անհաղորդ մնալը՝ վտանգավոր այն տեսանկյունից, որ դրանք ազգային զարթոնքային օջախ և համատարած բոցկլտացող կրակ դառնալու մեծ ներուժ ունեն, իսկ այդ ներուժը բորբոքելու և ռեալիզանցելու հնարավորության կորուստը կարող է համապետական ու համազգային մակարդակով հանգեցնել անդառնալիության: Գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը իր ֆեյսբուքյան էջում:

    «Այո, Կիրանցում, Տավուշում շատ կարևոր գործընթացներ են տեղի ունենում։ Տեղի բնակչությունն արդեն բարձրաձայնում ու աղաղակում է ոչ միայն սոսկ տեղական այս կամ այն տարածքը կորցնելու վտանգի ու անդառնալիության մասին, այլև հոգևոր առաջնորդության շնորհիվ ու հայրենասեր մի բուռ անհատ գործիչների ջանքերով, ինքնուրույնաբար ձևակերպում է նաև համընդհանուր ազգային օրակարգ։

    Ու, թեև բուռն իրադարձությունները տեղի են ունենում Տավուշում (աջակցություն ստանալով ամբողջ հանրապետությունով մեկ կատարվող առանձին օջախային անհնազանդության ակցիաներով), բոլորս հստակ գիտակցում ենք, որ քաղաքական ու քաղաքացիական իրադարձությունների «թատերաբեմը» Երևանն է, իսկ պահանջն ավելի խորքային ու համապարփակ․ այսօրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պիտի անհապաղ հեռանա։

    Բայց ի՞նչ սպասել այս իշխանության հեռանալուց հետո։ Իշխանափոխությունից հետո որո՞նք են նոր իշխանության առաջին հինգ օրվա, հինգ շաբաթվա և հինգ ամսվա անելիքները։ Անելիքները շատ-շատ են ու բազմաթիվ, քանի որ այսօրվա իշխանություններն իրենց ապիկարությամբ ու անմեղսունակությամբ գրեթե բոլոր ոլորտները ձախողել են և խորքային խնդիրներ առաջացրել։

    Ինչևէ, առնվազն սահմանագծման ու սահմանազատման գործընթացի առնչությամբ ընդհանուր ընկալումներն ու անելիքների ընդհանուր շրջանակը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ։

    Միջազգային հանրությունը (այդ թվում՝ մեր հարևան Վրաստանը) իր աջակցությունն է հայտնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացի անցկացմանը։ Այսինքն, չնայած մեզ համար այս գործընթացների անցկացման անբարենպաստ ժամանակներին և այն իրագործելու առումով առկա սահմանափակ հնարավորություններին, սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, այնուամենայնիվ, մեկնարկել է և այն չեղարկելը կամ դադարեցնելը այլևս հնարավոր չէ (գործընթացին դեմ արտահայտվող կամ այն չեղարկելու մտադրություն ու դիրքորոշում ցուցադրող ցանկացած քաղաքական ուժ կամ հանրային գործիչ արդեն դատապարտված է որակվելու որպես չընկալված)։

    Սակայն հնարավոր է գործընթացի իրականացման տրամաբանության ու ընթացքի մեջ բեկում մտցնել առնվազն երկու ուղղությամբ․ 1) բանակցել գործընթացն Ադրբեջանի հետ սահմանային շփման ողջ երկայնքով միաժամանակ իրականացնելու շուրջ՝ այդ թվում միջազգային գործընկերների սատարմամբ, և 2) առաջ քաշել փոխանակվող (մեր պարագայում՝ հանձնվող) տարածքների` մարդու հիմնարար իրավունքների պահպանման տեսանկյունից, այսպես կոչված՝ «կենսունակության» և «կենսականության» սկզբունքների պարտադիր պահպանման կոնցեպտը (հղում կատարելով գոյություն ունեցող միջազգային պրակտիկային)։


    Առաջին ուղղության վերաբերյալ պատրանքներ փայփայելը իրատեսականության առումով բավականին բարդ է, բայց՝ անիրագործելի չէ։ Ինչ վերաբերում է երկրորդ ուղղությանը, ապա իրագործելիության տեսանկյունից այն բավական դյուրին կարելի է գնահահատել։ Մասնավորապես, սովետական ժամանակաշրջանի քարտեզներով սահմանների որոշման գործընթացը միջազգային պրակտիկայի կիրառման տեսանկյունից լեգիտիմության խիստ պակաս ունի, քանի որ սովետական ժամանակաշրջանում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն հանդիսացել (այդ սահմանները սովետական ժամանակաշրջաում ներքին կարգադրական փաստաթղթերով ժամանակ առ ժամանակ փոփոխվել են և միջազգայնորեն ճանաչված չեն եղել)։ Ուստի, սովետական ժամանակաշրջանի քարտեզները կարող են սոսկ ունենալ կողմնորոշիչ նշանակություն, այլ ոչ թե՝ որոշիչ։ 

    Հետևաբար, Ադրբեջանի հետ սահմանները որոշելիս միջազգային հանրության «աչքը պիտի մտցնել» մի շատ կարևոր հանգամանք․ որքանո՞վ է կենսական Ադրբեջանի համար այս կամ այն տարածքը (օրինակ՝ նրա սահմանային անվտագության տեսանկյունից, կամ շփման գծին մոտ բնակվող իր բնակչության առկայության կամ վերջինիս կենսունակությունն ապահովելու տեսանկյունից) և որքանո՞վ է այդ տարածքի կորուստը Հայաստանի և նրա բնակչության համար գնահատվում կենսական՝ Հայաստանի և նրա՝ առնվազն սահմանային բնակչության կենսունակությունն ապահովելու տեսանկյունից։

    Օրինակ, երբ Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը հանձնվում էր Ադրբեջանին, արդյո՞ք այդ հատվածը կենսական նշանակություն ուներ Ադրբեջանի համար և արդյո՞ք դրա հանձնումը Ադրբեջանին Հայաստանի բնակիչների կենսունակությունը չխաթարեց։

    Սրանք սկզբունքային մոտեցումներ են, որոնք այսօր էլ կարող են դրվել սահմանագծման ու սահմանազատման գործընթացի շուրջ տարվող բանակցությունների սեղանին և հետևողականորեն առաջ տարվեն։ Բայց ահա այստեղ է, որ մենք փաստում ենք, որ այս գործընթացն իրագործելի է միայն այն պարագայում, երբ այս բանակցություններում Հայաստանը ներկայացնողները չունեն կաշկանդվածություն ու էլեմենտար վախ հակառակորդի հանդեպ։

    Եվ, ահա այստեղ է, որ մենք դիմում ենք Նիկոլ Փաշինյանին հետևյալ ուղերձով. վերջին մի քանի տարիների ընթացքում քո հեռանալու պատմական պահերը դու բաց ես թողել, որովհետև ոչ թե մտածել ես պետության ու ժողովրդի շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունն ու գոյությունը պահպանելու և իշխանությունը որպես սեփական անվտանգության երաշխիք ծայայեցնելու դիրքավորումից։ Այսօր, իշխանափոխության օբյեկտիվությունը, անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը քարոզող ցանկացած քաղաքական միավոր, քաղաքացիական ու հանրային գործիչ կարող է վստահեցնել քեզ, որ քո և քո ընտանիքի անվտանգությունը շատ կարևոր հարց է, իսկ այդ անվտանգության պահպանությունը հանրային շատ կարևոր նշանակություն ունի, առնվազն կամ գոնե այն տեսանկյունից, որ դու երկար ու անվտանգ ապրելու և ապաշխարհելու հնարավորություն ունենաս։ Մասնակցի՛ր այս համընդհանուր զարթոնքին, և հեռացի՛ր։»:

  • Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»

    Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ շարունակվեցին, բայց մեծ թափ չհավաքեցին, քանի որ համատեղ միասնական ծրագիր ընդդիմությունը չունի: ԱԺ ընդդիմադիր 2 թեւը դեռ չի համախմբվել: Մեզ ասել էին՝ «որոշ հարցեր կան ճշգրտելու»:

    Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները, եւ եթե իշխանափոխություն լինի, ռուս-ադրբեջանական տանդեմը Հայաստանը կդատարկի, ուստի իշխանափոխության հայտ ներկայացնելուց առաջ որոշել են դիվանագիտական խողովակներով ճշտել ՌԴ-ից եւ երաշխիքներ ստանալ՝ Հայաստանին չի՞ սպառնում արդյոք Արցախի ճակատագիրը, նոր սկսել ռադիկալ պայքարը»:

  • Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»

    Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Որոշ ժամանակ առաջ բավական մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը՝ ստեղծել Ազգային հպարտության հանրային տրիբունալ, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։

    Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ Հայաստանին շրջապատող վտանգների պայմաններում մեր պետության ներքին իրավիճակի համար պատասխանատվություն պետք է ստանձնեն և պատժեն գործող իշխանություններին իրենց դավաճանական քաղաքականության համար, ընդ որում՝ տրիբունալի կազմում պետք է ընդգրկվեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհից հայեր։ Ճիշտ է, որպես օրինակ Արշակ Կարապետյանը հիշեցրել էր «Նեմեսիս» գործողությունը և Սողոմոն Թեհլերյանին, երբ գերմանական դատարանն արդարացրել էր ազգային հերոսին, միևնույն ժամանակ նա հավելել էր. «Քանի որ գործ ունենք հայի հետ և խոսում ենք հայի մասին, դեմ ենք հայի արյուն թափելուն, բայց անպայման պետք է պատժի ձև գտնել»։

    «Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացն արդեն բավական ակտիվ առաջ է ընթանում։ Ի մասնավորի, մեր աղբյուրը փոխանցում է, որ տարբեր ոլորտներից անվանի հայեր ներգրավված են Ազգային հպարտության հանրային տրիբունալի աշխատանքներին։ Ավելին, մեր զրուցակիցը նշեց, որ առաջիկայում լրջագույն միջոցառումներ են նախապատրաստում։ «Տրիբունալի շարժիչ մասը արդեն իսկ գործի է գցվել, և դրանում ներգրավված են Սփյուռքից անվանի իրավաբաններ, զինվորականներ, պատմաբաններ»։ Մեզ հետ զրույցում Արշակ Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունները և նշեց, որ հենց նման հանրային տրիբունալը իրավունք և պատասխանատվություն կարող է ստանձնել պատժելու Հայաստանի Հանրապետությանը արհավիրք բերած փաշինյանական իշխանությանը»:

  • Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»

    Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները» կվերադառնան Հայաստան, թեեւ ոմանք չեն հավատացել, որ ադրբեջանցիները կհամարձակվեն դա անել։ Սակայն Ալիեւի շարունակական պնդումները կասկածի տեղիք չեն տալիս։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ սա միակ հարցն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց։ Եվ երբ կուսակցական հավաքներից մեկի ժամանակ թեման թեժ քննարկվել է, Փաշինյանը լսողի դերում է եղել։

    Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքում գրել է․ «․․․Ու չնայած Մարկոն ինձ 15 թիվը հիշեցրեց, ես մտքով 88 թվին հասա: Աստված իմ, որքան է մեր բախտը բերել, որ մենք կարողացել ենք առանց գլխացավանքի, առանց մի հատիկ կրակոցի Հայաստանն ազատել ադրբեջանցիներից:

    Ի՞նչ կլիներ, եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային եւ դառնային անկախ Հայաստանի քաղաքացի, կամ էլ մինչ այդ Հայաստանի ներսում զինված բախում սկսվեր: Դա կլիներ մեր վերջը: Եվ մեր պատմության այդ հատվածը մինչ օրս ինչպես հարկն է ընկալված չէ, այդ պատմությունը կերտողները գնահատված չեն: Զարհուրելի է ուղղակի»:

  • Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպումներից:

    «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար, վերջերս էլ այս ամենին ավելացել են նաեւ սահմանազատման անվան տակ տեղի ունեցող ապօրինի գործընթացները:

    Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից:

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ էլ ԱԺ-ում նախատեսված է եղել հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել:

    Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի:

    Ստացվում է, որ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից. հավանաբար չեն ցանկանում շատ փակագծեր բացել»:

  • Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»

    Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց գյուղի հարեւան Աճարկուտ համայնքում եւ հացի սեղանի շուրջ փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին։ Իսկ տավուշցիները փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ փորձելով կանխել հողերի հանձնման ծրագիրը։

    Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց մարզում, Փաշինյանը որոշել է օգտվել դրանից եւ ծառայեցնել իր ծրագրի իրագործմանը։ Եվ նրանք կաշվից դուրս են գալիս, որ ծառայեն ու գոհացնեն Փաշինյանին․ մեծ գումարներ են ծախսում՝ մեկին լավություն անում, մյուսի խնդիրը լուծում, իսկ Աճարկուտի խնջույքին մարզպետն աներեւակայելի խոստումներ է տվել, թե ոչ մեկի գլխից մազ չի պակասելու։

    Մինչդեռ նեղ շրջանակներում ասում են, որ իրենք կողմ չեն այս սցենարին, բայց ճար չկա։ Ինտենսիվ «աշխատում» են նաեւ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի վարչական ղեկավարների վրա, որ նրանք հետ պահեն իրենց ժողովրդին ակցիաներից: Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն ասաց, որ «սյուները» դեռ իրենց գյուղ չեն հասել, հույս ունի՝ չեն հասնի, քանի որ մարդիկ համառ պայքար են մղում, եւ վստահեցրեց, որ իրեն ոչ մեկը չի կարող հետ պահել պայքարից»: