Day:Ապրիլի 12, 2024

  • Կազմակերպված խառնաշփո՞թ, թե՞ Գոգյանից ազատվելու մշակված պլան

    Կազմակերպված խառնաշփո՞թ, թե՞ Գոգյանից ազատվելու մշակված պլան

    Մեդալի հակառակ կողմը

    Կրթության ոլորտի ինտրիգները հաջորդում են մեկը մյուսին: Հիմա էլ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի մասնակցության հարցն է դարձել քննարկման առարկա ու «սեւ սենյակում կատուներ որսալու» հարմար առիթ։

    Հասարակության լայն շրջանակները երբեւէ տեղյակ չեն եղել (դրա կարիքն իրականում չկա էլ), թե, օրինակ, ինչպե՞ս է որոշվում միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակցության հարցը, ինչպե՞ս են առանձնացվում, զատվում ու պատրաստվում մեր երկրի անունը դրսում մշտապես բարձր պահող դեռահասներն ու պատանիները։

    Պարզվում է՝ ամեն բան այդքան էլ պարզ չէ։ Խնդիրներն ու խժդժություններ լինում են միշտ՝ տարբեր թեմաներով։ Բայց ամենից հետաքրքիր հանգամանքն այն է, որ միջազգային օլիմպիադայից մեդալ բերած աշակերտը պետությունից ստանում է պարտադիր զորակոչի տարկետման իրավունք։

    Թեման դուրս կմնար նաեւ մեր տեսադաշտից, եթե չլիներ ծնողներից մեկի վրդովմունքն ու ահազանգը։

    Ըստ Azg.am-ին փոխանցածի՝ ֆիզմաթ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողները (անունն ու ազգանունը չենք հրապարակում) տակնուվրա են արել օլիմպիադայի կազմակերպման ամբողջ ընթացքը, տարբեր դռներ թակել ու հասել նրան, որ միջազգային օլիպիադայի ընտրությունը չեղարկվի ու կազմկակերպվի նորը։

    Տեղեկությունը մի քանի աղբյուրից ճշտելու համար  Azg.am-ը զրուցեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի՝ նախորդ՝ 2023-ի մեդալակիրից մեկի՝ Կամոյի մայրիկի հետ: Տիկին Արաքսյան պատմեց՝ որդին այս տարի եւս մասնակցել էր ուղեգիր ստանալու մրցույթին եւ հաղթահարել այն: Կարճ ժամանակ անց սակայն անակնկալի են եկել՝  ֆիզմաթ դպրոցից տեղեկացրել են՝ նախորդը չեղյալ են համարում ու հայտարարում նորն անցկացնելու մասին: «Տղաս տհաճությամբ մասնակցեց նոր մրցույթին… Սթրես է, լարվածություն է։ Որդիս կրկին հաղթահարեց շեմն ու ապացուցեց, որ արժանի է ընդգրկվել թիմում։ Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունեմ, թե ինչ,  ինչպես․․․»։

    Մեզ փոխանցածով՝ 12-րդ դասարանի վերոնշյալ աշակերտը մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադայում անգամ դիպլոմ չի շահել ու զրկվել է Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվելու իրավունքից։ Ամեն դեպքում, աշակերտը մասնակցել է միջազգային օլիմպիադայի մեկնելու համար անցկացվող մրցույթին։ (Դա էլ հարց է՝ ինչպե՞ս կամ ներքին ի՞նչ կանոնով ու օրենքով։ Բարոյակա՞ն գուցե։)

    Նոր մրցույթ կազմակերպվել է, բայց աշակերտն այդպես էլ բավարար միավորներ չի հավաքել։ Մաթեմատիկայի օլիմպիադայի ուղեգրի առաջին մրցույթը կազմակերպել ու իրականացրել էր հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը։ Ֆիզմաթի աշակերտի ծնողները բողոքել էին, թե Գոգյանն է իրենց երեխայի անհաջողությունների պատճառը։

    Գուցե ԲՈԿ-ի նախկին ղեկավարն իսկապե՞ս խոչընդոտներ է ստեղծում համակարգում։ Հարցն ուղղեցինք միջազգային օլիմպիադաների մասնակից մյուս երեխաների ծնողնեից մի քանիսին։ Պատասխանը գրեթե միանման էր․ «Բացի օգնելն ու առաջ տանելը՝ ոչինչ չենք տեսել»։ Իսկ, օրինակ, Կամոյի մայրն այսկերպ արձագանքեց․ «Տղաս երեկ ասում էր, որ Գոգյանն այս ամենից նեղացել է ու որոշել՝ թիմն ինքը չի տանի Մեծ Բրիտանիա։ Ես հիմա շատ եմ անհանգստանում, քանի որ նա թիմ ղեկավաելու հարուստ փորձ ունի, նա է մեր երեխաներին հասցրել այս մակարդակի, եւ ճիշտ կլինի, որ մեր երեխաների հետ աշխատի ու առաջնորդի օլիմպիադայի։ Հայաստանում գուցե էլի կան լավ մասնագետներ, բայց մեր գործը միայն Գոգյանի հետ է եղել։ Եթե թիմի հետ կապված ինչ-որ փոփոխություններ էին լինելու, ճիշտ կլիներ դա անել ուսումնական տարվա սկզբին, ոչ թե օլիմպիադայից մեկ ամիս առաջ։ Ի վերջո գործ ունենք մարդկային շփման հետ, երեխաները պետք է հասկանան՝ ո՞ւմ հետ են ճանապարհ գնում, ո՞վ է իրենց ուղղորդում․․․Ինչո՞ւ են ուզում նոր սթրեսի ենթարկել նրանց»,- ասաց տիկին Արաքսյան։

    Ինչո՞ւ է նեղացել Սմբատ Գոգյանն  ու արդյո՞ք կհրաժարվի երեխաներին տանել միջազգային օլիմպիադա, եթե ԿԳՄՍՆ-ն  թիմը ղեկավարելու համար հենց նրա թեկնածության վրա կանգ առնի։ Մեր հարցին մաթեմատիկոսն արձագանքեց համակողմանի․ «Հանրապետական օլիմպիադայից հետո ֆիզմաթ դպրոցը ԿԳՄՍՆ-ին  դիմեց, որ մատնանշած  աշակերտներին դիպլոմ տանք։ Նախարարությունը դպրոցի դիմումն ինձ էր վերահասցեագրել։ Հանձնաժողովի նիստ կազմակերպեցի, որ քննարկենք աշակերտին դիպլոմ տալու հարցը։ Աշակերտի ծնողների պահանջը բավարարելուն կողմ էր քվեարկել հաձնաժողովի երկու անդամ, այն դեպքում, երբ հանձնաժողովում 7 մարդ ֆիզմաթ դպրոցից է։ Ավելի քան տասը մասնագետ դեմ քվերակեց, եւ հանձնաժողովը մերժեց աշակերտին դիպլոմ տալու հարցը։ Ի հեճուկս այս հանգամանքի՝ «olymp.am» կայքում ֆիզմաթ դպրոցն ավելացրել է, թե երեխան ստացել է դիպլոմ։ Ինչեւէ, նախարարության առաջարկով՝ որոշեցինք ընտրությունից դուրս թույլ տալ, որ աշակերտը մասնակցի Հայաստանի հավաքականի ընտրության մրցույթին։ Երեխան զբաղեցրեց 9-րդ տեղը, բայց միջազգային օլիմպիադա մեկնողների թիմում հայտնվում է լավագույն վեցնյակը։ Վերոնշյալ երեխայի ծնողները աղմուկ հանեցին, որ իրենց երեխային հետապնդում եմ ու անհաջողությունների պատճառը ես եմ։ Դրա համար նախարարությունը նոր մրցույթ կազմակերպեց, որտեղ ես որեւէ տեսակի մասնակցություն չեմ ունեցել։ Երեխան այս անգամ ավելի վատ հանդես եկավ ու զբաղեցրեց 12 կամ 13-րդ հորիզոնականը։ Հիմա իմ օբյեկտիվ, արդար կամ անազնիվ լինելու հարցը թողնում եմ Ձեզ»։

    Ինչ վերաբերում է  թիմին օլիմպիադայի տանելուց նեղացած լինելուն կամ հրաժարվելուն, մեր զրուցակիցն ընդգծեց՝ նման բան չկա․ «ԿԳՄՍ նախարարությունից ինձ հարցրեցին՝ կտանե՞մ աշակերտներին Մեծ Բրիտանիա (մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան այս տարի այնտեղ է անցկացվելու,  հունիսին)։ Պատասխանեցի՝ եթե ինձ վստահեն, կտանեմ։ Հիմա թե ի՞նչ կորոշեն, կամ ԿԳՄՍՆ-ին ի՞նչ են փոխանցում տարբեր տեղերից, չեմ կարող հասել։ Համենայնդեպս, ինձ լուրեր են  հասել, որ տարբեր այլ մարդկանց անուններ եւս շրջանառվոմ են նախարարությունում։ Կրկնում եմ՝  որոշողը ես չեմ, որովհետեւ, բնականաբար, թիմն իմ սեփականությունը չէ»։

    Azg.am-ի զրույցում Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրենն ասաց, թե բողոքներ եղել են մի քանի աշակերտներից ու նրանց ծնողներից։ Միայն իրենց դպրոցի մեկ աշակերտի դեպքով չէ պայմանավորված նոր ընտրություն կազմակերպելը։ «Բողոքները ընդհանուր են եղել՝  կապված կազմակերպչական կամ ոչ օբյեկտիվ գնահատման հետ: Կողմերին լսելուց,  հանգամանքներին ծանոթանալուց հետո  որոշվել է գնալ երկրորդ ընտրության»,- նշեց Արման Սարգսյանը։

    Հարցին՝ ի՞նչ է կարծում Գոգյանի փոխարեն մեկ ուրիշին արտոնել՝ երեխաներին տանել օլիմպիադայի, արձագանքեց, որ դա իր մեկնաբանության կամ որոշելու հարցը չէ, քանի որ վերջին խոսքն ԿԳՄՍՆ-ինն է։

    Նախարարության մեր աղբյուրն էլ հայտում է, որ վերեւներում խոսում, քննարկում ու դիտարկում են թիմին օլիմպիադա տանող մի երիտասարդի թեկնածություն՝ Ալբերտ անունով։ Մեր հարցը լսելուն պես նա արձագանքեց բավական կտրուկ․ «Այդ թեմայով չեմ ուզում խոսել»։ Երկրորդ անգամ էլ հարցրեցինք՝ այս անգամ ավելի կտրուկ արձագանքեց՝ փաստացի չհերքելով, որ նախարարության հավանական առաջարկին դեմ չի լինի։

    Օրեր անց նախարարությունը պետք է որոշի՝ ո՞վ է աշակերտներին տանելու միջազգային  օլիմպիադայի։ Ի տարբերություն Գոգյանի, որ այս գործը գիտի ուղնուծուծով, նրա ղեկավարած թիմերի երեխաներն էլ միշտ մեդալներ են բերում ու երջանկության հատիկ դառնում վերջին տարիներին հուսալքված մեր հասարակության համար, մյուս թեկնածուների մասին ոչինչ հայտնի չէ։

    Հետեւաբար, միջազգային թիմի ղեկավար ընտրելիս նախարությունը պետք է յոթ անգամ չափի, հետո նոր կտրի։  

                Սեւակ Վարդումյան

  • Հետաքրքիր փաստեր. Հովհաննես Այվազովսկի

    Հետաքրքիր փաստեր. Հովհաննես Այվազովսկի

    Քչերին է հայտնի այն փաստը, որ Հովհաննես Այվազովսկին հրապուրվել է նաև հնագիտությամբ: Եվ ոչ միայն հրապուրվել է, այլև որոշ ժամանակ լրջորեն զբաղվել է դրանով: Իր մտադրության մեջ նա այնքան հաստատակամ էր, որ դիմել էր կայսերական պալատին՝ պեղումներ կատարելու պաշտոնական թույլտվություն ստանալու համար:

    Նրան թույլատրեցին, և Այվազովսկին Թեոդոսյայի մերձակայքում 1853 թվականին սկսեց շուրջ 80 դամբարանների (կուրգանների) պեղումները սեփական միջոցներով:

     Սկզբում հաջողությունն առանձնապես չէր ժպտում նրան: Սակայն շուտով մեծ ծովանկարչի ջանքերը պսակվեցին աննախադեպ ձեռքբերումով: Մ. թ. ա. 4-րդ դարի դամբարաններից մեկում նա գտավ ոչ միայն մի շարք կերամիկական իրեր ու զարդեղեն, այլ նաև այն հրաշքը, որին հետո պիտի տային «Թեոդոսյական ականջօղեր» անունը: Դա իրավամբ արվեստի գործ էր: Հին հույների կողմից ստեղծված այդ զարդարանքը բացառիկ էր թե իր գեղեցկությամբ և թե աշխատանքի նրբությամբ: Նկարիչը ցնծում էր…

    Այվազովսկու գտածոն այժմ պահվում է Էրմիտաժի ոսկե ֆոնդում:

    Գրականագետ Հովիկ Չարխչյան

  • Ի՞նչ է սպասվում մեզ, եթե դառնանք անկլավ-պետություն. բացատրում է  մասնագետը

    Ի՞նչ է սպասվում մեզ, եթե դառնանք անկլավ-պետություն. բացատրում է մասնագետը

    Տավուշի գյուղերի հանձնման դեպքում Հայաստանը հայտնվելու է անկլավ-պետության կարգավիճակում. վստահ է  քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

    Նա համեմատականներ է անց կացրել Հայաստանի և այլ անկլավ պետությունների միջև՝ բացատրելով դրա աղետալի հետևանքները.

    Դեռևս 1990-ականներին մշակված ու 2018 թ.-ի «թավշյա հեղափոխություն»  հատուկ օպերացիայից ի վեր կյանքի կոչվող այս ծրագիրն այսօր կուլմինացիոն փուլ է մտել: Աշխարհաքաղաքական ակտորները բացել են խաղաքարտերը: Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի:

    Այս պահին անկլավ-պետության, թերևս, դասագրքային օրինակներից է Լեսոտոն: Ամբողջությամբ Հարավաֆրիկյան Հանրապետությունով (ՀԱՀ) շրջապատված՝ Լեսոտոն վաղուց որպես քվազիպետություն է հանդես գալիս՝ առանց սեփական արտաքին քաղաքականության ու ազգային զինված ուժերի: Վերջիններս, իհարկե, ֆորմալ գործում են, սակայն բացառապես ներքին անվտանգության ապահովման համար: Արտաքին անվտանգության գործառույթները իրականացվում են ՀԱՀ-ի կողմից:

    Տնտեսական առումով պատկերը ևս, մեղմ ասած, տխուր է:

    Բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնեսական աշխատանքներով, մի մասն էլ սեզոնային աշխատանքներ է իրականացնում ածխի հանքերում: Փաստացի Լեսոտոն օգտագործվում է ՀԱՀ-ի կողմից որպես հումքային կցորդ (ածուխ ու թանկարժեք քարեր): Այս անկլավ-պետությունում շահագործվում է ընդամենը մեկ՝ խիստ լոկալ նշանակության երկաթուղային ուղղություն՝ ՀԱՀ-ի հետ կապ ապահովելու համար: Արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ևս դոմինանտ է ՀԱՀ-ը՝ ապահովելով դրա շուրջ 90%-ը:

    Սակայն կա մի «սփոփիչ» հանգամանք: Լեսոտոն պարբերաբար ֆինանսական օգնություն է ստանում ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Ճիշտ է, շատ համեստ օգնություն, ինչը սակայն, չի խանգարում տեղի իշխանություններին ներկայացնել դա որպես լուրջ առաջընթաց:

    Լեսոտոն, իհարկե, ՄԱԿ-ի անդամ միակ անկլավ-պետությունը չէ: Կա ևս մեկը՝ Սան-Մարինոն, որը, շրջապատված լինելով քաղաքակիրթ Իտալիայով՝ կանգնած չէ լուրջ անվտանգային ու սոցիալ-տնտեսական ռիսկերի առաջ:

    Այս շարքում մենք կարող ենք լինել երրորդը, եթե կորցնենք ցամաքային ուղիղ հաղորդակցության հնարավորությունները Վրաստանի ու Իրանի հետ՝ հայտնվելով թուրք-ադրբեջանական խեղդող օղակի մեջ:

  • Վթարի ենթարկված 20 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

    Վթարի ենթարկված 20 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

    Այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

    Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։

    Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

    Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

  • Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում. կա չորս զոհ

    Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում. կա չորս զոհ

    Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

    Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

    Տվյալներն այս պահին ճշգրտվում են: Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

  • Թեհրանում հավատացած են, որ Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման լավագույն մեխանիզմը «3+3» հարթակն է՝ առանց Արևմուտքի

    Թեհրանում հավատացած են, որ Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման լավագույն մեխանիզմը «3+3» հարթակն է՝ առանց Արևմուտքի

    Ալի Աքբար Վելայաթին, որն Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն է, դեմ է արտահայտվել Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը:

     Վելայաթին մեղադրել է Արևմուտքին Հարավային Կովկասի գործերին միջամտելու, տարածաշրջանի երկրների անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու և ռազմական ներկայության համար հող նախապատրաստելու համար. Հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

    «Իրանը պատմականորեն եղել է այս տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման կարևոր հենասյունը: Ինչպես դեմ ենք եղել «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը, այնպես էլ դեմ ենք ցանկացած այլ նմանատիպ նախաձեռնության»,- հավելել է պաշտոնյան:

    Վելայեթին շեշտել է՝ Թեհրանում հավատացած են, որ Հարավային Կովկասում խնդիրների կարգավորման լավագույն մեխանիզմը «3+3» հարթակն է:

    Իրանը պատմական հարաբերությունների ունի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հետ, ուստի երկու հարևան երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարևոր են:

  • Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում

    Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում

    Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

    «Օրինակ` Ոսկեպար գյուղի բնակիչ Սամվել Սարուխանյանի տունը Կառավարության հայտարարած մեխանիկական ու բացարձակ անընդունելի քայլերի հեռանկարում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։

    Տան ամառային խոհանոցի և տնամերձ հողամասի մի մասը մնալու է Հայաստան, իսկ տունը և տնամերձ հողամասի մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Տունը, որտեղ ապրում են Սամվելի կինը և դուստրը, ստիպված են լինելու լքել։

    Տավուշում սա միակ դեպքը չէ, նույն խնդրի առաջ են կանգելու այլ ընտանիքներ ևս։

    Օրինակ՝ Արտեմ Մանուչարյանի տունը, տնամերձ հողամասն ու այգին, վարելահողն ամբողջությամբ է անցնելու Ադրբեջանին։

    Մինչդեռ, նրանք 30 տարուց ավելի կառուցել ու օրինական տիրապետել են իրենց տունը, ստեղծել են տնտեսություն, մշակել հողամաս, վճարել հարկեր ու տուրքեր, զինծառայողներ տվել Զինված ուժերին։

    Չի կարելի անտեսել այն միջավայրը, որտեղ մարդը երկար տարիներ ապրել ու արարել է, ստեղծել է ապրուստ։ Սահմանների միջազգային գործընթացը հենց սա է պահանջում:

    Չի կարելի հենց այնպես քաղաքական որոշմամբ մարդուն տանից, իր միջավայրից զրկել ու հետո էլ հանուն քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար արդարանալ, թե այլ տուն այլ վայրում կտանք:

    Սյունիքում ու Գեղարքունիքում GPS-ով կամ Google քարտեզով ու այլ անթույլատրելի մեթոդներով արդեն ավերվեց համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդկանց զրկեց ընտանիքի եկամուտ վաստակելու հնարավորությունից, վերացրեց այն միջավայրը, որում նրանք ապրում են։ Հիմա էլ նույն իրավիճակը Տավուշին է սպառնում»,-գրել է Թաթոյանը։

  • Սահմանապահ ծառայողները փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել մոլորված հոտը

    Սահմանապահ ծառայողները փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել մոլորված հոտը

    ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը՝ այդ կերպ խախտելով սահմանապահ ծառայություն կրելու կանոնները, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է՝ նշված սահմանապահ հատվածում սկսվել է անհարկի հրաձգություն, ակնհայտ վտանգի է ենթարկվել մարդկանց կյանքն ու առողջությունը, նկարագրված գործողություններն առաջացրել են պետության անվտանգության համար սպառնալիք, ինչպես նաև պետական սահմանի նշված հատվածում պատշաճ հսկողության բացակայության վիճակ:

    «Միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միևնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:

    Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Տեսանյութ. ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության իրականացման կասկածով դիմում կներկայացվի Գլխավոր դատախազություն

    Տեսանյութ. ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության իրականացման կասկածով դիմում կներկայացվի Գլխավոր դատախազություն

    Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեղեկացնում է, որ «Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը պատրաստվում է  դիմել  ՀՀ Գլխավոր դատախազություն` ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության իրականացման կասկածով:

    Հայտարարարության մեջ մասնավորապես ասված է.

    «Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին 2 օր ժամանակ էինք տվել, որպեսզի նրանցից որևէ մեկն այցելի Ոսկեպար և գյուղի բնակիչներին բացատրություն տա, թե ինչ հիմքով են Եվրամիության դիտորդակայն առաքելության ներկայացուցիչներն իրենց իմացությամբ և պետական մարմինների թողտվությամբ ՀՀ սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դիտարկել ադրբեջանական և շրջանցել դրանք։

    Արդեն լրացել է երկուօրյա ժամկետը և նրանցից որևէ մեկը Ոսկեպար գյուղ չի այցելել, հետևաբար մենք սկսում ենք ՀՀ Գլխավոր դատախազություն պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը»:

  • Այլ երկրների հատուկ ծառայություններն ուզում են խուճապ տարածել՝ թիրախավորելով Երևանի դպրոցները

    Այլ երկրների հատուկ ծառայություններն ուզում են խուճապ տարածել՝ թիրախավորելով Երևանի դպրոցները

    Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է.

    Հարգելի հայրենակիցներ, երեկվանից «Տելեգրամով» տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչեւ հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել է։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։ Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ աղմուկը դրդապատճառ չլինի ինչ-որ խախտվածի համար։ Բայց դե մտահոգիչ է, որ այս կեղծիքը այսքան արագ  ահավոր խուճապ առաջացրեց։

    Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ, այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային, հոգեբանական հարձակումներով։

    Ո՞ր երկրների։ Շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել։