Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
-Պարո՛ն Նահապետյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չեն արել, և այժմ Հայաստան-Ռուսաստան պատմական հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ ՀՀ իշխանությունների կողմից սխալներ իսկապես չե՞ն եղել։
-Լավ կլինի՝ Նիկոլ Փաշինյանն իր գնահատականը համեմատի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարություններին։ Մասնավորապես, վերցնենք վերջին՝ ապրիլի 5-ի ռուսաստանյան պաշտոնական արձագանքը։ Այն խիստ դրակա՞ն աշխատանքի, թե խիստ մտահոգությունների և վատ կանախատեսումների մասին էր։
-Պարո՛ն Նահապետյան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հույս կա՝ տեսանելի ապագայում պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան անձամբ քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների առկա ընթացքը։ Հողի վրա ի՞նչ կարող է դա տալ կողմերին։
-Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը շատ կարճ հատված է պաշտոնապես ներկայացնում։ Ռուսաստանն իր ներկան և ապագան պլանավորում է տասնամյակներով և հրաշալի հասկանում է, որ այս պահին Հայաստանի կողմից իրեն նետվող մարտահրավերները խիստ անցողիկ են։ Այսքան կանխամտածված կամ չկանխամտածված սխալեներից հետո ՌԴ-ն փորձում է փրկել ՀՀ նախկին իշխանությունների ժամանակ եղած հարաբերությունները։ ՌԴ ղեկավարության որոշումներն ու գործողությունները գնահատելու համար պետք է նայել մեծ ժամանակի և տարածության մեջ։ Իսկ ժամանակի և տարածության մեջ ՌԴ-ն հրաշալի գիտի հայ ժողովրդին և նրա ավանդը՝ սկսած ցարական Ռուսաստանից մինչև խորհրդային տարիներ։
Իրականում Նիկոլ Փաշինյանը պատվեր է կատարում. նա միայնակ առ ոչինչ է, որ որոշումներ կայացնի ՆԱՏՕ-ին ձեռնոց նետած և Ուկրաինայի տարածքում այդ դաշինքի հետ պատերազմող Ռուսաստանի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է երկկողմ հնարավոր հանդիպմանը, ապա կարելի է ենթադրել, որ Պուտին-Փաշինյան հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտ մեկ ամսից՝ մայիսի 9-ին կամ Պուտինի երդմնակալության օրը։ Միգուցե այդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ինչ-որ բաներ անձնապես բացատրեն։ Թեև կարծում եմ՝ նա ամեն ինչ հրաշալի հասկանում է։ Ճիշտ է, նա շատ թերություններ ունի, բայց իրավիճակը գնահատում է այնպես, ինչպես կա։
Եվ ամենակարևորը՝ հետխորհրդային բոլոր հանրապետություններն Արևմուտքին պետք են միայն մեկ բանի համար՝ շահագործվելու, հանքերն ամբողջությամբ Արևմուտքին հանձնելու, տնտեսությունը և էներգետիկ ինքնիշխանությունը ոչնչացնելու համար։ Խնդիրը հետևյալն է. մեր երկրները պետք է պատերազմեն ՌԴ-ի դեմ։ Ահավասիկ, դրա առաջին զանգը հնչեցվեց 2022-ին, երբ Ռուսաստանը կանխարգելիչ հարված հասցրեց Ուկրաինային։
ՌԴ ղեկավարությունը սա հրաշալի հասկանում է և փորձում է կայունություն պահովվել, որպեսզի պատերազմ չլինի։ ՌԴ-ի համար թիվ մեկ խնդիրն այն է, որ հետխորհրդային որևէ երկրում չպետք է պատերազմ լինի, որովհետև պատերազմը ՌԴ-ի համար ամենաանցանկալի սցենարն է։
Հայաստանը, Ադրբեջանը, Միջինասիական հանրապետությունները զոհասեղանին են դրված։ Ռուսաստանն իր հերթին փորձում է կայունություն ապահովել։ Կոնկրետ Հայաստանի մասով ՌԴ-ն գիտի՝ այստեղ այն մարդիկ են ապրում, որոնց պապերը Հայրենական մեծ պատերազմի տարիներին իրենց կյանքն են զոհաբերել ընդհանուր հայրենիքի համար։
-Պարո՛ն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանն այսօր նաև հայտարարեց, որ եթե Հայաստանն անվտանգային ոլորտում խնդիր ունի, ՀԱՊԿ-ը պետք է գա, մեր կողքին կանգնի և մեզ հետ համատեղ այդ խնդիրը լուծի։ Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ի կեցվածքը։
-Սա կառավարման գիտելիքներից և կառավարումից զուրկ մարդու խոսակցություն է։ ՀԱՊԿ-ը չի կարող կանգնել Հայաստանի կողքին։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, մեկ ընդհանուր ընտանիքի անդամ։ Հայաստանը պետություն է՝ իր սուբյեկայնությամբ, իսկ պետությունը, որպես սուբյեկտ, չի կարող նույնականացվել ռազմաքաղաքական դաշինքի հետ։ ՀԱՊԿ-ը հենց ռազմաքաղաքական դաշինք է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը պետք է գա, Հայաստանի կողքին կանգնի, սխալ է թույլ տալիս։
Նույն՝ մոլորեցնող տրամաբանությամբ Փաշինյանը նույնականացնում է հայրենիքը և պետությունը։ Պետությունը պետական ինստիտուտների գործունեություն է, իսկ հայրենիքն այն բնօրրան է, որտեղ մեր էթնոմշակութային տեսակն է կայացել, և դրա սահմաններն այն չեն, որտեղ այսօր ապրում ենք։ Կապ չունի, որ հիմա հայրենիքի մի մասը նվաճվել և օտարվել է։
-Պարո՛ն Նահապետյան, ՌԴ արտգործննախարարության պաշտոբական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին այսօր հայտարարել է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասի համար իրեն դրսևորել է որպես արդյունավետ միջնորդ։ Կիսո՞ւմ եք այս կարծիքը։
– Պետք է հասկանալ, թե Ռուսաստանն այս տարածաշրջանից ինչ ակնկալիքներ ունի։ Երբ մենք դա հասկանանք, կհասկանանք՝ որն է ՌԴ-ի, որը՝ նրա թշնամիների նպատակը։ Ռուսաստանը վերականգնում է ինքնիշխանությունը՝ ռազմական, տնտեսական և այլն։ Դա բնութագրվում է, օրինակ, դոլարի գերիշխանությունից դուրս գալով։
Իսկ ահա Փաշինյանին Հայաստանում իշխանության են բերել, որպեսզի Հայաստանը երբևիցե չմիանա Ռուսաստանի այդ պայքարին, ավելին՝ խոչընդոտ և խանգարող ուժ լինի։