Day:Մարտի 19, 2024

  • ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»

    ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն արդեն մի քանի տարի է՝ Ռուսաստանի դեմ քարոզչական արշավ են իրականացնում եւ հաջողել են ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ գեներացնելու առումով, սակայն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր։

    Դիցուք, «ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» 1997 թ. ստորագրված եւ մեկ տարի անց ուժի մեջ մտած պայմանագրի ժամկետը լրանում էր անցած տարի․ այն կնքվել էր 25 տարի ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ, որից օգտվել են ՀՀ իշխանությունները։

    Ըստ պայմանագրում ամրագրված դրույթի՝ «Սույն Պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով եւ ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հաջորդ տասնամյա ժամանակաշրջանով, եթե Բարձր պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան դրա գործողության համապատասխան ժամանակաշրջանը լրանալուց մեկ տարի առաջ գրավոր չծանուցի մյուս Բարձր պայմանավորվող կողմին Պայմանագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին»:

    ՀՀ իշխանությունները չեն դիմել, ուստի ժամկետն ինքնաբերաբար եւս 10 տարով երկարացվել է։ Այն դեպքում, երբ դեռեւս 2021-ից ՀՀ իշխանության տարբեր պաշտոնյաներ դժգոհում են, որ ՌԴ-ն հավատարիմ չէ ՀՀ-ի հետ ստորագրած միջպետական պայմանագրերին եւ չի աջակցում Հայաստանին։ Մասնավորապես ԱԽՔ Արմեն Գրիգորյանը դեռ 2021-ին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ոտնձգություննների առիթով քանիցս կոչով դիմել է ՌԴ-ին՝ հիշեցնելով 1997 թ. պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտավորության մասին»:

  • Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»

    Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի առաջին եռամսյակի գնումները՝ նկատում ենք, որ խորհրդարանը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել ՀՀ Ազգային ժողովի 2024 թվականի կարիքների համար օրացույցներ։ Ազգային ժողովը կնքել է 2 նմանատիպ պայմանագիր, որոնցից մեկը 3 մլն 239 հազար դրամ արժե, իսկ մյուսը՝ 1 մլն 626 հազար դրամ։

    Ազգային ժողովն իր կարիքների համար շատ է նմանատիպ անհիմն գնումներ իրականացնում։ Պարզաբանենք՝ ինչպես։ 3 մլն 239 հազար դրամի ձեռք է բերվել աշխատանքային օրագիր եւ սեղանի օրացույց։ Ըստ պայմանագրի բնութագրի եւ պայմանագրի պահանջի՝ օրագրերը եւ օրացույցները պետք է լինեն ՀՀ ԱԺ լոգոյի տպագրությամբ կամ դաջվածքով: Յուրաքանչյուր էջի վերին հատվածի աջ եւ ձախ կողմերում պետք է տպագրված լինի ՀՀ ԱԺ լոգոն՝հայերեն-անգլերեն լեզուներով, ինչպես նաեւ ամիս, օր, շաբաթվա օրեր գրառումերը, էջերը պետք
    է լինեն համարակալմամբ (էջի ներքեւի հատվածի մեջտեղում):

    Օրագրի 1-ին էջի վրա պետք է տպագրված լինի ՀՀ ԱԺ լոգոն՝ հայերեն, անգլերեն լեզուներով , եւ գրառումը, ինչպես նաեւ 2-րդ էջը պետք է լինի դատարկ՝ առանց տպագրության, 3-րդ էջի վրա հայերեն, անգլերեն լեզուներով պետք է տպագրված լինի՝ անձնական տվյալների լրացման դաշտ, 4-րդ էջում՝ 2024 թվականի օրացույցի, իսկ 5-րդ էջում՝ 2025 թվականի օրացույցի տպագրությամբ՝ նիստերի օրերին համապատասխան վանդակները մոխրագույն երանգավորված: Գնվել է 1200 օրագիր եւ օրացույց, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 2 799 դրամ եւ 2 199 դրամ։ Այս պայմանագիրը կնքվել էր «ԷԼ ԸՆԴ ԷՎ» ՍՊԸ-ի հետ, սակայն մեկ այլ պայմանագիր, որով կրկին օրացույցներ են գնվել, ձեռք է բերվել անհատ ձեռներեցից։

    Նշված պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 626 հազար դրամ, որը ծախսվել է 2024 թվականի համար նախատեսված եռափեղկ կամ եռամսյա օրացույց ձեռք բերելու համար։ Նշված օրացույցից ձեռք է բերվել 570 հատ, որի մեկ հատի արժեքը կազմել է 2 058 դրամ։ Նույն պայմանագրով ձեռք է բերվել նաեւ 2024 թվականի համար նախատեսված օրացույց՝ տնակաձեւ։ Նշված օրացույցից ձեռք է բերվել 500 հատ, որի արժեքը կազմել է 905 դրամ։

    Ստացվում է, որ Ազգային ժողովը պատրաստ է եւ՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, եւ՛ օրացույցների եւ օրագրերի համար, սակայն որն է տրամաբանությունը, պարզ չէ»»:

  • Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով: Ժամանակը ցույց տվեց, որ նրանք իրավացի էին: Միևնույն ժամանակ, գործող իշխանությունները անընդհատ հայտարարում են, թե «փողի խնդիր չունեն»: Իրականում ստացվում է, որ լրիվ հակառակն է: Պետք է հաշվի առնել, որ հարկերն ու տուրքերն ավելացնելը, նոր հարկատեսակներ մոգոնելը, հարկման շրջանակներն ընդլայնելը «ոչ պոպուլ յար» քայլեր են, որոնք, բնականաբար, հարվածում են իշխանությունների՝ առանց այդ էլ գերցածր վարկանիշին: Արդյոք տնտեսության իրական վիճակն այնքան վա՞տ է, որ նույնիսկ գիտակցելով նշվածը՝ իշխանությունները գնում են նման քայլերի: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն իրավիճակը նկարագրում է պարզ օրինակով:

    «Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի տեղ աշխատենք, կա՛մ մեկ վայրի աշխատավարձը բարձրանա: Մի քանի տեղ աշխատելու հնարավորությունը սովորական մարդու համար շատ դեպքերում ժամանակի անբավարարություն է ենթադրում: Պետության պարագայում դա ենթադրում է արտադրական հնարավորություններ: Նշանակում է՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վաճառված, այդ թվում՝ արտահանված արտադրանքի ավելացում նախատեսո՞ւմ ենք, թե՞ ոչ: Նայում ենք ցուցանիշներին և տեսնում՝ սննդի արդյունաբերություն՝ նվազում, խմիչքի արտադրություն՝ նվազում, դեղագործական հիմնական արտադրություն՝ նվազում և այլն:

    Եթե արտադրանքը քանակապես նվազում է, ապա մնում է Արևմուտքից ներմուծում և Ռուսաստանին կամ հակառակ ուղղություններով ապրանքների վաճառքը, այդ դեպքում էլ ընդունեցին երկու տեսակ որոշում՝ տրանսպորտային միջոցների և երկակի նշանակության ապրանքների վերարտահանման արգելքը՝ այսպիսով արհեստական խոչընդոտ ստեղծելով: Հետևաբար, մնում է մեր ունեցած եկամուտների, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության հիմնական սպառումից ավելի շատ հարկերի հավաքագրումը: Սրան պետք է հաջորդի գնաճը, այսինքն՝ պետք է կա՛մ գները բարձրացնեն, որ նույն դրույքաչափերով ավելի շատ հարկ հավաքեն, կա՛մ պետք է հարկի դրույքաչափը բարձրացնեն, որ նույն եկամուտից ավելի շատ հարկ հավաքեն: Սրանք երկու ճանապարհով էլ գնացին:

    2024 թ.-ի մեկնարկից անցել է 2,5 ամիս: Կառավարության ղեկավարը կառավարության նիստին խոսեց ջրի սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին, թե՝ սա ինչ ցածր թվեր են, այնուհետև տրանսպորտի գնի վերանայում, տրանսպորտի գնի բարձրացումը ենթադրում է նաև ավելի շատ հարկեր, այնուհետև կարմիր գծերի, հետագայում՝ փաստաբանական, բրոքերական ծառայությունների գների բարձրացում, պետբյուջեի օրենքի մեջ նախատեսել են կրթության, գիտության և առողջապահության՝ ավելացված արժեքի հարկով հարկում, ինչը նշանակում է 20 տոկոսով այդ ոլորտների սակագների բարձրացում: Ապագայում դեռ ականատես կլինենք բազմաթիվ նման նախաձեռնությունների, որովհետև 340 մլրդ դրամով բյուջեի ավելացումն ուղղակի հնարավոր չէ կատարել արտադրության նվազման պարագայում»,-եզրափակում է Սարգսյանը»:

  • Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»

    Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ խմբակցությունը մեկուկես ժամանոց նիստ է արել՝ ԱԺ այսօրվա նիստից առաջ քննարկելու անելիքները, օրակարգում ընդգրկված նախագծերը։ Մեր տեղեկություններով՝ հատկապես խոսվել է ԵՄ դիտորդների համաձայնագրի մասին, որը ներկայացված է ԱԺ վավերացմանը: Հայկ Կոնջորյանը թիմակիցներին փոխանցել է, որ ընդդիմությունը ծանր է տանում այդ համաձայնագիրը, եւ ենթադրվում է, որ կոշտ ելույթներ են ունենալու, ուստի պետք է համարժեք պատասխաններ ունենալ։ Հանձնարարվել է նաեւ պատգամավորներին՝ ակտիվ հանդիպումներ սկսել արցախցիների հետ, լսել նրանց խնդիրների մասին եւ բարձրաձայնել՝ ցույց տալով, որ մտահոգված են արցախցիներով։

    Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է տրվելու` ընդհուպ նշվելու է, որ արգելվում է դիտորդներին ձերբակալել կամ կալանավորել: Նման անձեռնմխելիություն Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն»:

  • Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»

    Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի հուլիսի 20-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Եթե նախկինում ինչ-որ ընկերության սեփականատերը պարզվում էր, որ, ասենք, նախկին վարչապետի եղբայրն է, եւ նրան փոխարինում էր նոր վարչապետի եղբայրը, ապա այսուհետ նման բաներ չեն լինելու»:

    Իրականում, երբ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց միայն ԱԺ նախագահի եւ վարչապետի եղբայրների գործունեությունը, ճիշտ հակառակն էր Նիկոլ Փաշինյանի խոստումների: Դեռ 2022-ի հունիսի 10-ին բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի եղբայր Արմեն Փաշինյանը, որը խոպանից Հայաստան է վերադարձել 2018 թվականի հեղափոխությոնից հետո, մեկ տարում դարձել է միանգամից 4 ընկերության տնօրեն։

    Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում. «Եվրոասֆալտ1», «Եվրոասֆալտ» ընկերություններում և փոխտնօրեն՝ «Թի էս քնսթրաքշն» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունում։ Ասֆալտապատմամբ զբաղվող այդ ընկերությունը բազմաթիվ պետական գնումներում է հաղթել, խոշոր ասֆալտապատման «մրցույթներում»։ Իսկ եղբոր կինը խոշոր կոռուպցիոն սկանդալի շրջանակներում կալանավորվեց եւ միայն Ալեն Սիմոնյանի միջամտությունից հետո ազատության մեջ հայտնվեց. ԱԺ նախագահը ազատությունից րոպեներ հետո եղբոր կնոջ հետ լուսանկար հրապարակեց»:

  • Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»

    Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀԿ սեկտորի ակտիվիստները մարտի 20-ին հանրահավաք են անելու Օպերայի հրապարակում։ Նախաձեռնողներից մեկը` նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, օրերս ազդարարեց. «Հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին եւ որեւէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ»։

    Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը՝ փորձելով Արցախի պետական ինստիտուտների վրա տապանաքար դնել եւ հետայսու աշխատել ՀԿ սեկտորի հետ։ Այս նպատակով հանդիպում է կայացել Արցախի ներկայացուցչությունում` հանրահավաքի նախաձեռնողների եւ Արցախի խորհրդարանական ուժերի միջեւ:

    ՀԿ-ներին զգուշացվել է, որ չտրվեն ՀՀ իշխանությունների սադրանքներին, գործիք չդառնան, քանզի չի բացառվում, որ փաշինյանական թիմն առաջարկի ՀԿ սեկտորին` աշխատանքային խումբ ձեւավորել եւ կառավարության հետ աշխատել արցախցիների խնդիրների լուծման վրա: Կստացվի, որ այդպիսով լուծարում են ԱՀ պետական ինստիտուտները եւ արցախցիների հարցերի պատասխանատու նշանակում այդ խմբին։ Քննարկման արդյունքում որոշել են համատեղ անել հավաքը, ապա իշխանության արձագանքից հետո որոշել իրենց հետագա անելիքները»:

  • Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»

    Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, «հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ»։ Սակայն «բնակիչների հետ» բառակապակցությունը, «Փաստ» թերթի տեղեկություններով, մեղմ ասած, չափազանցված է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե այցելել է գյուղեր, շրջել ու զրուցել մարդկանց հետ, ինչպես սիրում էր անել ժամանակին, այլ ունեցել է դահլիճային փակ հանդիպում (նույնը՝ Կիրանցում), որին ներկա են եղել համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, քպական ակտիվը ու ևս մի քանի «ընտրյալներ», որոնց ցանկը կազմվել է նախապես՝ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:

    Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ Փաշինյանին, չի եղել: Ավելին, մինչև վերջին պահը Նիկոլ Փաշինյանի այցը գաղտնի էր պահվում, իսկ լրատվամիջոցների հարցին կառավարությունից պատասխանում էին, թե «վարչապետի այցերի մասին մենք միշտ ժամանակին տեղեկացնում ենք»: Մեր ունեցած տեղեկություններով, բնակիչների անունից խոսել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա բավական կոշտ ելույթ է ունեցել, նշել է, որ ադրբեջանցիները Հայաստանից բավական տարածքներ են օկուպացրել, բայց դրանց մասին խոսք անգամ չկա, այնինչ խոսվում է Ադրբեջանի պահանջը կատարելու պատրաստակամության մասին՝ Տավուշի մարզի տարածքների հետ կապված:

    Աղաբաբյանը, մեր տեղեկություններով, ասել է, որ այդ տարածքների հանձնումը նախ՝ անկլավ կդարձնի հենց Ոսկեպար ու Բաղանիս գյուղերը, երկրորդ՝ վտանգի տակ կդնի ռազմավարական նշանակության ճանապարհը, ինչի հետևանքով ոչ միայն խնդրահարույց կդառնա Վրաստանի հետ կապը այս հատվածում, այլև լրջորեն կվնասի հենց Նոյեմբերյանին, որտեղից մարդիկ պարզապես կհեռանան: Մեր զրուցակցի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը «շատ ուշադիր լսել է», հետո ինչոր անորոշ բաներ է խոսել, ի մասնավորի՝ «կուսումնասիրենք», «հանձնաժողով կստեղծենք» և այլն, վախեցրել է պատերազմով, ապա հեռացել է առանց կոնկրետ բան ասելու: Ընդ որում, մեր տեղեկություններով, նա ավելի շուտ է թողել-հեռացել, քան նախատեսվում էր, ավելին, ականատեսների խոսքերով, բավական այլայլված է եղել ու նեղված՝ նույնիսկ «ընտրովի» հանդիպման ժամանակ սառն ու անբարյացակամ վերաբերմունքից»: