Day:Փետրվարի 13, 2024

  • Փաշինյանի նախկին «ո՛չ»-երն ու դրանց ներկա… «պոչերը». «Փաստ»

    Փաշինյանի նախկին «ո՛չ»-երն ու դրանց ներկա… «պոչերը». «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային-քաղաքական գործունեության ընթացքում դրսևորվել է որպես պրոֆեսիոնալ «մերժիստ»: Հատկապես այն շրջանում, երբ նա «ընդդիմություն էր աշխատում», մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ամենատարբեր «ո՛չ»-ակիր կոչերով: Թվարկենք մի քանի օրինակ (ցանկացողները կարող են մտովի հավելել, ըստ իրենց հիշողության)՝ նշելով նաև դրանց «պոչերը», այսինքն, թե ինչ եղավ հետո, երբ Փաշինյանը սկսեց «իշխանություն աշխատել»:

    Այսպես. «Ո՛չ թալանին» – Փաշինյանի կառավարությունը գործնականում օրինականացրել է պետբյուջեի միջոցները մսխելու՝ իր թիմին, յուրայիններին աստղաբաշխական աշխատավարձեր ու պարգևավճարներ դուրս գրելու ու ձեռքուոտքով բյուջեի մեջ մտնելու այլ երևույթները:

    «Ո՛չ ոստիկանապետությանը» – Փաշինյանը Հայաստանը դարձրել է առավել քան ոստիկանապետություն:

    «Ո՛չ բռնապետությանը» – Փաշինյանի իշխանության շրջանում Հայաստանը դարչնագույն բռնապետություն է. քաղաքական հետապնդումները, քաղաքական հալածանքները, քաղաքական կալանավորումները հաջորդում են մեկը մյուսին և իշխանության հիմնական գործելակերպն են դարձել:

    «Ո՛չ ԽԾԲ-ին» – Փաշինյանի գլխավորած իշխանությունը ԽԾԲ-ի, այն է՝ խնամի-ծանոթ-բարեկամներին (մտերիմ-դասընկեր, կնոջ ազգական, «հորքուրի գանձեր») պաշտոնի, «գործի» տեղավորելու ցայտուն նմուշ է:

    «Ո՛չ ԵԱՏՄ-ին» – Փաշինյանի իշխանությունը, չնայած ցուցադրական ամբողջ հակառուսականությանը, ԵԱՏՄ-ից շատ ամուր է կառչած: Չնայած այս դեպքում դա պայմանավորված է մի բանով, որն ռուսերենում բնորոշում են որպես՝«шкурный интерес», պարզ ասած՝ անձնական շահ:

    «Ո՛չ կոռուպցիային» – կարելի էր անգամ չմեկնաբանել, քանզի կյանքն ու պարբերաբար աղմկոտ բացահայտումները հուշում են, որ Փաշինյանի օրոք համակարգային կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև նոր «հնչերանգներ» է ստացել:

    «Ոչ պադավատապետությանը» – դե, փաշինյանականներն, ինչպես ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, նույնիսկ մեկ օր չեն կարող ապրել առանց ճոխ պադավատների, էլ չենք խոսում ավտոպարկի անընդհատ թարմացումների մասին:

    Հա, մի «ո՛չ» էլ հիշեցնենք «նախկին Փաշինյանից». «Ո՛չ Հայաստանի ադրբեջանականացմանը»: Այստեղ, կարծես մեկնաբանություններն ավելորդ են:

    Առհասարակ, Փաշինյանի իշխանավարման զուգահեռ մտասևեռումներից մեկը կարծես այն է, որ մենք ոչ միայն «կրկեսի վերածելու» Հայրենիք ունեինք, այլև առհասարակ, Հայրենիքը կարելի է վերածել արնակոլոլ խայտառակության կտրտված արենայի»:

  • Իշխանությունները որոշել են որոշակի զիջումների գնալ․ ի՞նչ կլինի տրանսպորտի թանկացման նախագիծը. «Ժողովուրդ»

    Իշխանությունները որոշել են որոշակի զիջումների գնալ․ ի՞նչ կլինի տրանսպորտի թանկացման նախագիծը. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ. նախագահությունում նստած է եղել նաեւ Վահե Ղալումյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

    «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները փոխքաղաքապետի հետ քննարկել են տրանսպորտի թանկացման նախագիծը:

    Հիշեցնենք, որ հանրության շրջանում բարձրացած մեծ աղմուկից հետո իշխանությունները որոշել են որոշակի զիջումների գնալ, որպեսզի փոքր-ինչ պարպեն դժգոհությունների մեծ ալիքը:

    Իշխանականները վտանգ են զգում, որ ավտոկայանատեղիների թանկացումից հետո տրանսպորտի գնի կտրուկ թանկացումը լուրջ կրքեր է բորբոքելու հանրության շրջանում, ու այլեւս իրենք էլ չեն կարողանա վերահսկել իրավիճակը, ուստի որոշել են զիջումների գնալ, օրինակ՝ նվազեցնել ուղեվարձի թանկացման չափը:

    Երեկ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը տրանսպորտի թանկացման նախագծի «համակարգողներից է», ՔՊ-ականներին ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել նախագծում, որպեսզի այն սեղմ ժամկետում ամբողջական տեսքի բերեն ու կրկին ներկայացնեն ավագանու նիստին:

    Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, իշխանական պատգամավորներն էլ կիսել են տեսակետը, որ իրավիճակը ավելի չբորբոքելու համար պետք է որոշակի զիջումների գնալ, ձեռնպահ մնալ առայժմ թանկացումներից կամ դա անել անցումներով՝ ոչ միանգամից»։

  • Փաշինյանը որոշել է յուրօրինակ «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում. «Հրապարակ»

    Փաշինյանը որոշել է յուրօրինակ «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ակտիվի վերջին նախաձեռնող խմբի նիստին քննարկվել է կուսակցության զարգացման ռազմավարությունը եւ հրահանգվել է լրջորեն զբաղվել կուսակցական անդամավճարների հավաքագրմամբ։

    Մեր աղբյուրը վստահեցնում է, որ խնդիրը գումարը չէ, այլ հասկանալը, թե իրականում որքան մարդ է իրենց հետ, որքանն է պատրաստ՝ թեկուզ սիմվոլիկ, հազարական դրամ փոխանցել կուսակցությանը:

    Նիկոլ Փաշինյանը թերեւս հասկացել է, որ ՔՊ-ի շարքերը նոսրանում են, եւ որոշել է նման ճանապարհով յուրօրինակ «մարդահամար» անցկացնել ՔՊ-ում։ Հիշեցնենք, որ շարքային քաղաքացիների համար կուսակցական անդամավճարը տարեկան հազար դրամ է, իսկ 200 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները եկամտի 3 տոկոսի չափով են անդամավճար մուծում»:

  • ՀՀ ԱԳՆ կայքից հանվել է «Լեռնային Ղարաբաղի խնդիր» բաժինը

    ՀՀ ԱԳՆ կայքից հանվել է «Լեռնային Ղարաբաղի խնդիր» բաժինը

    Ինչպես է պատմությունը վերագրվում. Հայաստանի արտգործնախարարության կայքում միշտ եղել է «Լեռնային Ղարաբաղի խնդիր» բաժինը։ Այն հասանելի էր հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Այս էջն այժմ հեռացվել է բոլոր լեզվական տարբերակներից: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում  գրել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։

    «Եթե դա տեխնիկական սխալ չէ (որը ես կասկածում եմ), ապա Հայաստանն արդեն տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ. «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի»,- գրել է նա։

    Հիշեցնենք, որ օրեր առաջ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Ամիրբեկովը որպես խնդրահարույց օրինակ նշել է նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին հայցերը, պնդելով, թե դրանցում էլ են եղել տարածքային նկրտումներ։

    ՀՀ արտգործնախարարությունը այս մասին որեւէ մեկնաբանություն չի տվել:

  • Ներքին Հանդի գյուղապետը մանրամասներ է հայտնում

    Ներքին Հանդի գյուղապետը մանրամասներ է հայտնում

    ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

    ArmLur.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը քիչ առաջ հայտնեց, որ կրակոցները դեռ գիշերվա 3-ից սկսվել են ու տեւել են մինչեւ լուսաբաց՝ 6-ը.

    «Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, բայց ոչ ինտենսիվությամբ, մեկ ուժեղ ձայներ էին լսվում, հետո՝ դադարում: Վիրավորների ու զոհերի մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ՝ ովքեր են»-ասաց նա:

    Վարչական շրջանի ղեկավարը հայտնեց նաեւ, որ արդեն մոտ 40 րոպե հանգիստ է, կրակոցներ չեն լսվում:

  • Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք hшրված հասցնելն է․ Տիգրան Աբրահամյան

    Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք hшրված հասցնելն է․ Տիգրան Աբրահամյան

    Ադրբեջանական երեկվա հիստերիան, որը սկսվեց դրանց սահմանային ծառայության այն հաղորդագրությամբ, որ Ներքին Հանդի ուղղությամբ վիրավոր ունեն և շարունակվեց կեղծ դիպուկահարի «հայտնաբերման» տեսանյութով, այսօր ունեցավ ծանր հետևանք:

    Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

    «ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հայկական կողմ այդ ուղղությամբ 2 զոհ ունի և վիրավորներ:

    Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել:

    Ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք (անհամեմատ մեծ) հարված հասցնելն է, հակառակ դեպքում անպատժելիությունը նոր ագրեսիայի է հանգեցնելու»:

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ

    Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ

    Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

    Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

  • Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ․ ՊՆ

    Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ․ ՊՆ

    Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ։

    Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, հայկական կողմն ունի վիրավորներ:

    Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից

    «Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ», – նշված է հաղորդագրության մեջ: