58 տարեկանում հանկարծամահ է եղել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, հասարական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։
Day:Փետրվարի 6, 2024
-

Զոհ ունենք
Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հրդեհը մեկուսացվել և մարվել է:
Այլ տուժածներ չկան:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին:
-

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին
«Այսօր մամուլում եւ սոցցանցերում ահազանգ է տարածվել այն մասին, որ ՔՊ-ն իրավապահների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների նկատմամբ՝ ստիպելով նրանց վաղվա արտահերթ նիստում քվեարկել ըստ ՔՊ-ի ցանկության, այսինքն, ավագանու մանդատից զրկել Հայկ Մարությանին եւ ավագանու ընդդիմադիր մի քանի այլ անդամների։
Այս ահազանգի կապակցությամբ հայտարարում ենք հետեւյալը․
– Երեւանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո «Ազգային առաջընթաց» խմբակցությունը եւ նրա լիդեր Հայկ Մարությանը հստակ հայտարարել են իրենց գերնպատակը՝ թույլ չտալ քաղաքապետարանում ՔՊ իշխանության վերարտադրությունը։ Ցավոք, այդ նպատակին հնարավոր չի եղել հասնել՝ «Հանրային ձայն» խմբակցության գործողությունների պատճառով,
– ԱԱԿ խմբակցությունը առաջին իսկ օրվանից մինչեւ օրս որդեգրել է հստակ դիրքորոշում՝ թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի եւ նրա արբանյակների իշխանությունը անցկացնի մայրաքաղաքի համար վնասակար իր որոշումները։ Ցավոք, կրկին ընդդիմադիր որոշ գործընկերների գործողությունների պատճառով ոչ միշտ է հաջողվել դա անել,
ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ,ծայրահեղ անընդունելի ենք համարում որեւէ ուժի եւ անձի հանդեպ քաղաքական հալածանքները, այս կամ այն կերպով ավագանու անդամի քվեարկության վրա ազդելու հարկադրանքը։ Այս առումով հիշեցնում ենք, որ նմանատիպ ճնշումների մասին ահազանգներ եղել են նաեւ 2021-ի դեկտեմբերին, երբ ՔՊ-ն ձգտում էր ամեն գնով քաղաքապետի պաշտոնից հեռացնել Հայկ Մարությանին։ Ինչես նաեւ, արդեն այս գումարման ավագանու կարճատեւ աշխատանքի ընթացքում ՔՊ-ն տարբեր տեսակի ճնշումների է դիմել ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների դեմ եւս՝ տարատեսակ կամայականություններից սկսած՝ մինչեւ քաղաքապետարանի միջանցքում ՔՊ-ական թաղապետերի կազմակերպած խայտառակ ծեծկռտուքը։
Ուստի, իրավապահներից ակնկալում ենք «Հանրային ձայն» խմբակցության անդամների դեմ բռնաճնշումների մասին այսօրվա ահազանգի վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալ,
Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգի հետքերով ուսումնասիրություն կատարելու եւ արդյունքների մասին հանրությանը իրազեկելու պահանջով։
Հանրությանը տեղեկացնում ենք նաեւ, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին, եւ քաղաքապետարանում է լինելու միայն հանրության հետ (այդ թվում՝ մամուլի միջոցով) շփվելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
-

2018-ին պրոցեսն սկսվեց Հանրային ռադիոյից, Հանրային ռադիոյով էլ պրոցեսի փակման մի նոր էջ է բացվում. Վիգեն Հակոբյան
Ընդամենը մի քանի օր առաջ նույն Հակոբ Արշակյանը, մեծ համաժողովի ժամանակ սգո դեմք ընդունած, բողոքում էր, որ ոմանց ձերբակալում են, խորհուրդ էր տալիս անպայման ընթերցել ձերբակալված անձանցից մեկի հեղինակած գիրքը (խոսքն «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովը, որտեղ Արշակյանը ներկայացրեց «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի՝ վերջերս հրատարակված «Վերելք» գիրքը` խմբ.)։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ զուգահեռներ տանելով Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցից հետո Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակային անդրադարձին և ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ վերջինիս հակադարձող ֆեյսբուքյան գրառման միջև։
«Ընդ որում՝ Արշակյանը ճիշտ էր ասում, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ այդ մարդկանց հետ, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իրավապահ համակարգի գործողությունները, որոշումներ ընդունելն ու դրանք ի կատար ածելը կառավարվում են մեկ տեղից. դրանք կոորդիանացվում են անձամբ ՀՀ վարչապետի կողմից։ Այսինքն՝ Հակոբ Արշակյանի բողոքն ուղղակիորեն ուղղված էր վարչապետի դեմ։
Երբ Արշակյանը դժգոհում է իրավապահ համակարգի գործողություններից, շատ լավ հասկանում է, որ նրանք ուղղակիորեն կատարածու են, և ինչ պատվեր իջեցվում է, այն էլ անում են։ Կարծում եմ՝ դրանից հետո որոշակի կոշտ խոսակցություն է եղել Հակոբ Արշակյանի հետ, որի հետևանքով նա այսօր որոշել է պաշտպանել Հանրային ռադիոյի պատիվը, մտավարժանքներ անել, թե Հանրային ռադիոն ումն է»,- ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ռադիոտունը և Գարեգին Խումարյանի դեմարշը բավական սիմվոլիկ նշանակություն ունեն՝ հատկապես այն առումով, որ 2018 թվականին հենց Հանրային ռադիոյից էր սկսվել իշխանափոխության գործընթացի առանցքային հատվածը (Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ 2018-ի ապրիլի 14-ին ներխուժել էր Հանրային ռադիոյի շենք, կոտրել դուռը և մուտք գործել եթերային սենյակ՝ խմբ.):
«Կարծում եմ՝ սա սիմվոլիկ նշանակություն ունի և նույն տեղում էլ առանցքային նոր հատված է սկսվելու, այսինքն՝ Հանրային ռադիոյից սկսվեց տուրուդմփոցը, Հանրային ռադիոյով էլ կարծես ՝ ընդհանուր պրոցեսի փակման մի նոր էջ է բացվում։ Փաշինյանը բավականին ապավինում է սիմվոլներին, և կարծում եմ՝ այս ամենը նրա համար վատ զանգ է։
Մյուս կողմից Գարեգին Խումարյանը պրոֆեսիոնալ է, և նրա գենետիկական կոդը տարբերվում է ՔՊ-ական կոդից, և նրա՝ դուռը շրխկացնելով հեռանալը բնականոն կլինի։ Նա չի հեռացել, բայց նրա հայտարարությունը կարծես այդպիսին է։ Կարծում եմ՝ սա կարող է կատալիզատոր լինելայն զանգվածների համար, որոնք ժամանակին և հիմա էլ ավելի հանդուրժող են եղել այս իշխանությունների նկատմամբ»,- ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանն ընդգծեց՝ որքանով ճանաչում է Գարեգին Խումարյանին, նա պայքարող տեսակ է և բացառված է, որ նա որևէ գործարքի գնա՝ մասնավորապես իրեն աշխատանքից ազատելու դեպքում համաձայնի հայտարարել, որ հեռանում է սեփական դիմումի համաձայն։
«Ի տարբերություն այս իշխանության ներկայացուցիչներից շատերի՝ Գարեգին Խումարյանի առաջին աշխատավայրը չի եղել Ազգային ժողովը կամ Կառավարությունը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը երեկ անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցին։ Նա ներողություն էր խնդրել ունկնդիրներից։
«Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։
Հիմա բուն տեղի ունեցածի մասին։
Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։
Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։
Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը»-գրել էր Խումարյանը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում իր հերթին հակադարձել էր, որ Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրենն է։
-

Հայտարարություն. Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումը Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակման վերաբերյալ
2024թ. փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը լրատվամիջոցի կայքում հրապարակել է իր հոդվածը, որով վիճարկում է օրեր առաջ «Անվտանգային միջավայր» հաղորդմանը հյուրընկալված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները։
Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ և որևէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում։ Սակայն հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը։
Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։
Բացի այդ, ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու և ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է։
Ըստ այդմ, Խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին։
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 փետրվարի, 2024
-

Պետք է օձը բնում խեղդենք. «Հայաքվեն» սահմանադրական շարժում է ստեղծում
ՀայաՔվե նախաձեռնությունը հանձնառություն է ստանձնում՝ պայքարելու գործող վարչախմբի հերթական հակազգային ու հակապետական գործընթացի դեմ։
Նախաձեռնության խորհուրդն այսօր մամուլի ասուլիսում նախանշել է նոր մեկնարկող շարժման գաղափարական ուղենիշները։
•Փորձ է արվում օտարելու հայությանը իր ստեղծած պետությունից, զրկելու մշակութային ժառանգությունից, վերացնելու հայ մարդու հիշողությունը և արժանապատվությունը։
•Սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնելու հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից ու Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման։
•Նոր սահմանադրության ընդունման նպատակը Հայաստանի անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության հիմնական ազգային նպատակները՝ ազգային հզոր պետության կառուցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Հայաստանի և Արցախի վերամիավորում։ Գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն արվում է Բաքվի և Անկարայի պարտադրանքով։
•Հայ մարդուն առաջարկվում է ընտրություն կատարել անպատվության ու պարտության միջև։
•ՀՀ Սահմանադրությունը հստակորեն սահմանում է հանրաքվեի իրականացման ընթացակարգը։ Նախ` դրա որոշումը պետք է ընդունի ԱԺ-ն, այն պետք է հաստատի Սահմանադրական դատարանը, իսկ հարցը հանրաքվեի դնելուց հետո գրանցված ընտրողների մեկ քառորդը պետք է քվեարկի։ Մեր պայքարն ուղղված է նրան, որ այս իշխանությունը չկարողանա նույնիսկ հաղթահարել այդ փուլերը և հանրաքվե նշանակել։
Կոչ ենք անում պետության ճակատագրով մտահոգ ուժերին ու կազմակերպություններին՝ միանալու մեզ։
-

Չեմ զարմանա, որ Հանրային ռադիոյի տնօրենին աշխատանքից հեռացնեն. գուցե սա առիթ լինի, որպեսզի շատերը հետևեն Գարեգին Խումարյանի օրինակին. քաղաքագետ
Շատ ավելի ճիշտ կլիներ, որ քննարկվեր ոչ թե Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի արարքը, այլ քննարկման առարկա դառնային նրա բարձրացրած հարցերը, որովհետև նրա բարձրացրած հարցերն իրականում շատ կարևոր են՝ այսօր մեր հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցից հետո Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակային անդրադարձին և ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան հակադարձող գրառմանը։
«Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ, եթե բովանդակային քննարկումներ ծավալվեին և ոչ թե կոնկրետ մարդու արարք քննարկվեր։ Սա կարող էր շատ լավ առիթ լինել, որպեսզի խնդրահարույց հարցերը ևս մեկ անգամ քննարկվեին։
Վստահ եմ՝ իշխանության ներսում բազմաթիվ մարդիկ կան, որոնք ճիշտ նույն կերպ համաձայն չեն իշխանությունների վարած քաղաքականության հետ, բայց ձայն չեն հանում։ Գուցե սա առիթ լինի, որպեսզի շատերը հետևեն Գարեգին Խումարյանի օրինակին, եթե, իհարկե, այդպիսի մարդիկ իսկապես կան»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Անդրադառնալով փաստին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիո հարցազրույցի գնալուց առաջ Արցախի դրոշը շենքի դիմացից հեռացվել է, քաղաքագետը նկատեց՝ բոլոր այդ հարցերը պետք է կարգավորվեն օրենքով։
«Ե՛վ հիմա, և՛ 2018 թվականին նմանօրինակ հարցերը պետք է կարգավորվեին օրենքով, ոչ թե ինչ-որ հասկացություններով կամ էմոցիաներով, որովհետև եթե գաղափարների տակ քողարկված քայլերն օրենքից վեր են դասվում, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք։
Եթե մենք պետություն ենք, ուրեմն պետության մեջ պետք է գործեն օրենքները։ Եթե օերնքով այդտեղ նախատեսված է Արցախի դրոշ, ուրեմն որևէ մեկը չպետք է իրավունք ունենար հանել այն։ Իսկ եթե արգելված է՝ որևէ մեկը չպետք է իրավունքն ունենար Արցախի դրոշը կանգնեցնել։
Ուրիշ բան, եթե որևէ մեկն այդ օրենքին դեմ է. պետք է դուրս գալ և պայքարել այդ օրենքի համար։ Եթե մենք 2018-ին էլ ամեն ինչում առաջնորդվեինք օրենքով, այսօր գուցե այլ իշխանություն կուեննայինք և ուրիշ երկրում կապրեինք»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Վերջում Արմեն Բաղադասարյանը հավելեց՝ շատ կզարմանա, եթե հայտնի գրառումից հետո Հանրային ռադիոյի տնօերնին չհեռացնեն աշխատանքից։
«Շատ զարմանալի է, որ մինչև հիմա հանդուրժում էին Գարգին Խումարյանի պաշտոնավարումը, որովհետև, ինչպես ես եմ հետևել, Հանրային ռադիոն շատ հարցերում իշխանությնա վարած քաղաքականությանը դեմ էր արտահայտվում։
Այժմ չեմ զարմանա, որ նրան աշխատանքից հեռացնեն, բայց կզարմանամ, եթե նրա հետ բազմաթիվ աշխատակիցներ հեռանան։ Վստահ եմ, որ Հանրային ռադիոյի շատ աշխատակիցներ մտածում են այնպես, ինչպես Գարգեին Խումարյանը, բայց համարձակություն չունեն նրա հետ հեռանալու»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը երեկ անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցին։ Նա ներողություն էր խնդրել ունկնդիրներից։
«Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։
Հիմա բուն տեղի ունեցածի մասին։
Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։
Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։
Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը»-գրել էր Խումարյանը։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում իր հերթին հակադարձել էր, որ Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրենն է։
-

ՔՊ-ն երեք կալանավորվածների համար երաշխավորագիր կներկայացնի
Լրագրողի հարցին, թե արդյոք ՔՊ-ն վերջին կալավորությունների մասով ունի երաշխավորություն ներկայացնելու որոշում՝ Արշակյանն ասաց. «Այն կանանց, ովքեր մանկահասակ բալիկներ ունեն և Աշոտ Հովհաննիսյանի մասով ՔՊ-ն երաշխավորություն ներկայացնելու որոշում ունի»:
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն խոսքով էլ միջնորդությունը կներկայացվի այսօր․ «Կային հանրային որոշակի ազդակներ, բայց հատկապես հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ պարագաներ, կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով և, ըստ էության, քննարկել ենք երեկ խմբակցության նիստում և դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելու»,-ասաց նա։
Կոնջորյանը պնդեց, թե որոշումը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անձով պայմանավորված չէ, նաև համաձայնեցված չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով անցած շաբաթ ազատազրկվեցին նախարարության աշխատակիցներ ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։
Գործը վերաբերում է պետական մրցույթին, որտեղ իրենց նախընտրելի ընկերության հաղթանակը ապահովելու համար նախարարության աշխատակիցներն անհնարին պայմաններ են ստեղծել հաղթողից եռակի ցածր գին առաջարկած մրցակցի համար։
Թեև, ըստ Քննչական կոմիտեի, հնարավոր էր այդ ծառայության համար վճարել 108 միլիոն դրամ, նախարարության մրցութային հանձնաժողովը նախապատվություն է տվել դրանից մոտ 300 միլիոն դրամ ավելի բարձր գին առաջարկած «Սիներջի» ընկերությանը։


