Day:Դեկտեմբերի 16, 2021

  • Նոր որոշում. 2022-ի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա

    Նոր որոշում. 2022-ի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա

    2022 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափը կավելանա: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի նիստում:

    Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշեց, որ ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։

    Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 28 հազար 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

    Կբարձրանան պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

    ա․առաջին խմբի հաշմանդամի համար՝ 43000 դրամ (40000 դրամի փոխարեն)

    բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 33000 դրամ (30000 դրամի փոխարեն)

    գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (27000 դրամի փոխարեն)

    Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կդառնա 30 000 դրամ՝ 27 000 դրամի փոխարեն։

    Կբարձրացվեն նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 28 600 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 37 000 դրամ՝ 26 500 դրամի փոխարեն:

  • Թուրքիան քննարկում է Ստամբուլ-Երևան թռիչքներ բացելու՝ հայկական և թուրքական ավիաընկերությունների հայտերը. Չավուշօղլու

    Թուրքիան քննարկում է Ստամբուլ-Երևան թռիչքներ բացելու՝ հայկական և թուրքական ավիաընկերությունների հայտերը. Չավուշօղլու

    Անկարան քննարկում է թուրքական և հայկական ավիաընկերությունների դիմումները՝ կապված Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման հետ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄԷ կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։

    Նրա խոսքով՝ ավիաընկերությունների հայտերը քննարկում են տրանսպորտի նախարարությունը եւ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը։ «Սկզբունքորեն, թուրքական կողմի վերաբերմունքը խնդրին դրական է։ Մոտ օրերս կորոշվի, թե ընկերություններից որ մեկը կկարողանա թռչել այս երթուղով»,- ասել է Չավուշօղլուն։

    Նա ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման օգտին։

    Չավուշօղլուն հույս է հայտնել, որ հայկական կողմը ջանքեր կգործադրի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։

  • Վանաձորի ավագանու անդամներ Գոռ Բադյանին ու Արթուր Օհանյանին կանչել են Վանաձորի ոստիկանություն

    Վանաձորի ավագանու անդամներ Գոռ Բադյանին ու Արթուր Օհանյանին կանչել են Վանաձորի ոստիկանություն

    Վանաձորի ավագանու անդամներ Գոռ Բադյանին ու Արթուր Օհանյանին կանչել են Վանաձորի ոստիկանություն։

    Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

    Նշենք, որ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

  • Ռուբեն Մելիքյանը գիտնականների ուշադրությունը հրավիրում է…

    Ռուբեն Մելիքյանը գիտնականների ուշադրությունը հրավիրում է…

    Ձերբակալված Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը գիտնականների, ֆիզիկոսների ուշադրությունն է հրավիրում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի վրա։

    «Հրավիրում եմ աշխարհի բոլոր առաջատար ֆիզիկոսների, ապագա Էյնշտեյնների ու Սթիվեն Հոքինգների ուշադրությունը‼

    Երևան քաղաքի արևմտյան հատվածում, մասնավորապես Աջափնյակի դատարանի թիվ 1 դահլիճի տարածքում գրանցվել է ժամանակատարածային կոնտինիումի խաթարման աննախադեպ դրսևորում, որի ուսումնասիրումը հավանաբար նոր լիցք կհաղորդի «ժամանակի մեքենա» ստեղծելու՝ պայծառ ուղեղների դարավոր երազանքին։

    Բանն այն է, որ ըստ օրենքի՝ ձերբակալման դեմ բողոքներով դատարանը պիտի որոշում կայացնի 24 ժամվա ընթացքում, մինչդեռ ամսի 14-ին ժամը 18:47-ին ներկայացված բողոքիս ճակատագրի վերաբերյալ ոչ մի խաբարություն չունեմ մինչ այս պահը՝ ամսի 16-ի ժամը 11:47-ը։

    Այս տարօրինակ երևույթի միակ գիտական բացատրությունը ժամանակատարածային ռիթմի ասինխրոն տատանումների ակումուլյացիան է՝ պայմանավորված երկրագնդի կոնկրետ հատվածում տեղի ունեցող ֆեկտոնիկ մոբիլության հետ»,-գրել է նա։

  • Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը. Հայկ Մարության

    Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը. Հայկ Մարության

    Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը:

    Նա, մասնավորապես, նշել է.

    «Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

    Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։

    Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։

    Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»:

    Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել, արդեն հավաքվել է 39 ստորագրություն:

  • Վախեցնելու փո՞րձ, թե՞ իսկական իմպիչմենթ

    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Հայկ Մարության հակամարտության վերջին ռաունդից հետո, ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառության մեջ է դրվել Մարությանին անվստահություն հայտնելու մի անստորագիր նախագիծ` տեքստ, որը պետք է ստորագրվի, ապա մտնի ավագանու նիստի օրակարգ։ Երեկ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, թե ոմանք արդեն ստորագրել են, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախագծի ճակատագիրը դեռեւս անորոշ է՝ օդում կախված, եթե ավագանու անդամների բավարար թվով ստորագրություններ հավաքված լինեին, կուղարկվեր նաեւ ընդդիմադիր խմբակցություններին, ինչը չի արվել։ Չնայած դրան, բոլորը սպասողական վիճակում են: 

    Ակտիվ է հատկապես Հայկ Մարությանը, որն «աշխատանքներ է տանում» ավագանու անդամների հետ, համոզում, որ չգնան նման քայլի, մյուս կողմից՝ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը նման նախագծով փորձում է ընդամենը Մարությանի վախը բռնել, ոչ թե իրականում իմպիչմենտ հայտնել:

    Ըստ ամենայնի, Հայկ Մարությանից հերթական լծակները կխլեն, ինչպես ամիսներ առաջ խլել են վարչական շրջանների ղեկավարների նշանակումը, եւ այն իր ձեռքն է վերցրել Սուրեն Պապիկյանը։ Թե կոնկրետ որ լծակն այս անգամ կլինի` հայտնի չէ։

    ՀԳ. Օրվա վերջում հայտնի դարձավ, որ նախագիծը ստորագրել է 40 հոգի, իսկ գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է 33 ստորագրություն»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

  • Բոյկոտելու ենք տուրիստական այցերը

    Բոյկոտելու ենք տուրիստական այցերը

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է բոլոր տեսակի միջազային գործուղումները։ Ընդդիմադիր խմբակցությունն այդ քայլն իրենց պատգամավորի նկատմամբ իշխանության կողմից տարվող քաղաքական հետապնդմամբ է բացատրում։

    «Բայց միջազգային կառույցից նեղանալն ի՞նչ է տալու»,- հարցրինք ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին։ «Չեմ կարծում՝ նեղանալ-չնեղանալու խնդիր է, պարզապես «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելքի հարցը դժվարացել է, ու շատ պատգամավորներ, որ ներգավված են եղել այս կամ այն պատվիրակության կազմում, չեն կարողացել երկրից դուրս գալ: Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված նրանց բոյկոտը»,- նշեց նա։

    Իսկ ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը, ապա Թովմասյանը նշում է, որ իրենք շարունակելու են պատվիրակությունների կազմում աշխատանքը։

    «Կհրաժարվենք բոլոր տեսակի այն ճամփորդություններից, որոնք ոչ թե դիվանագիտական, այլ տուրիստական նշանակություն ունեն։ Խորհրդարանական դիվանագիտության շրջանակում հաճախ խորհրդարանի հնարավորությունն օգտագործվում է այս կամ երկիր ճանապարհորդելու համար, մենք բոյկոտելու ենք նմանատիպ տուրիստական այցերը: Բայց եթե պատվիրակության կազմում հստակ ասելիք, անելիք կամ նպատակ ունենք, ապա ներկայացաված ենք լինելու բոլոր պատվիրակություններում»,- հավելեց պատգամավորը։

    Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

  • Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյան-Էմանուել Մակրոն-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը

    Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյան-Էմանուել Մակրոն-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը

    Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում են կառավարությունից։

    Այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։

  • Մամիկոն Ասլանյանին առեւանգել եւ պատանդ են պահում. «Հրապարակ»

    Մամիկոն Ասլանյանին առեւանգել եւ պատանդ են պահում. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, Քննչական կոմիտեն նրան մեղադրում է «հողերի նշանակությունը փոխելու» մեջ եւ կարծում է, որ այդ «սարսափելի» հանցանքի համար դեկտեմբերի 5-ին, քաղաքի բնակիչների մոտ կեսի կողմից ընտրված մարդը պետք է բանտում լինի:

    Մանավանդ` առաջիկա օրերին ավագանու նիստ է նախատեսված, եթե նա ազատության մեջ լինի, հնարավոր է կրկին քաղաքապետ ընտրվի, ինչն անչափ չեն ուզում գործող իշխանությունները, որոնք ակնհայտորեն կորցրել են իրականության զգացողությունը:

    Բայց գուցե պետք է շնորհակալություն հայտնենք իշխանություններին, նման մարդասիրության համար` կարող էին ուղղակի սպանել մարդուն, որ քաղաքապետ չընտրվի: Այս դեպքում ուղղակի պատանդ են վերցրել: Օրենքի ու օրինականության վրա խաչ քաշելով` առեւանգել են եւ պահում են կալանավայրում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Անվստահություն հայտնելու պատճառ չունեմ

    Անվստահություն հայտնելու պատճառ չունեմ

    Չեմ մասնակցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:

    «Ավելին՝ անվստահություն հայտնելու պատճառ չունեմ: Դրական եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը և կարծում եմ, որ նա արդյունավետորեն կյանքի է կոչում երևանցու առաջ ստանձնած իր պարտավորությունները: Առայժմ այսքանը»,- գրել է նա