Day:Հոկտեմբերի 19, 2021

  • ՀՀ ՊՆ-ը պարզաբանում է ՀՀ ՄԻՊ-ի գրառումը

    ՀՀ ՊՆ-ը պարզաբանում է ՀՀ ՄԻՊ-ի գրառումը

    Հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարվել է գրառում, որում անդրադարձ կա ս.թ. մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական և այլ աշխատանքների հետ։

    Նշված գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից։

    Մասնավորապես, ՄԻՊ գրառման մեջ նշվում է, որ «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:

    Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ»:

    ՄԻՊ գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ, կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից։ Ինչ վերաբերում է ադրբեջանական զինծառայողների թվաքանակի և սպառազինության ավելացման մասին պնդմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական զինծառայողների ամբողջ շարժը վերահսկվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից և, վերջին շրջանում, նման գործընթաց չի արձանագրվել։

    Կոչ ենք անում մեր հասարակության համար զգայուն թեմաների շուրջ նմանատիպ գրառումներ կատարելիս փաստական տվյալները ճշտել նաև պաշտպանական գերատեսչության հետ, որը, ինչպես ամբողջ այս ընթացքում, այնպես էլ հետագայում, պատրաստ է ամենասերտ համագործակցության ՄԻՊ գրասենյակի հետ։

  • Աստված պահպանեց Հակոբ Մնձուրուն, որպեսզի մեռածների հիշատակները ապաստարան ունենան նրա մեջ

    Աստված պահպանեց Հակոբ Մնձուրուն, որպեսզի մեռածների հիշատակները ապաստարան ունենան նրա մեջ

    Կարծիքներն ու տեսակետները շատ են եղել և շատ են սփյուռքահայ գրականուքյան եզակի ղեմքերից մեկի Հակոբ Մնձուրու մասին, բայց դրանցից ամենաճոխ ու ամենատարբերվողը, թերևս, Հրանտ Մաթևոսյանինն է: Իր ճոխ բառամթերքով Մաթևոսյանը կատարելապես վրձնում է Մնձուրուն.

    «Աղջնակ-տղեկ երկու երեխա դուրսը արևի մեջ մածուն էին ուտում, մազերը հինայի գույն այս տարվա մի հորթ կանաչ արտերում մեկիկ-մեկիկ պոկում էր հասկերի գլխիկները, հանդապահը բլրի գլխից կանչում էր՝ որուո՜ւնն է հորթը, որ թող տվեր են, հորթը արտը կուտե,- և մազերը հինայի գույն այս տարվա հորթը թեկուզ շատ լավ գիտեր, որ հանդապահն իր մասին էր կանչում, բայց իրեն անհասկացող էր ձևացնում…

    Խոզաններով, արտերով, բարդուտներով, բլուրներով, ճամփաներով գյուղից գյուղ ու հանդից հանդ էր վազում Հուսիկը՝ մեռնող մորաքրոջ համար տերտեր գտնելու…

    Ավանակի հետ զրուցելով, ավանակին խելք սովորեցնելով, ավանակի վրա բարկանալով, ավանակին հուսադրելով՝ հեռու կաղնուտներից փայտ բերելու էր գնում Շիրինը, կածանը դժվար էր, բայց կաղնուտում կանգնած էր Սուրբ Գևորգ հնամյա վանքը, և որովհետև կածանը շատ էր դժվար, կարելի էր անտեսել, որ Սուրբ Գևորգ հնամյա վանքը կաթոլիկական վանք էր…

    Ցորնիկին Գրիգորը, Ցորնիկի մահից վեց ամիս ետքը, ճամփա է ընկել կնիկ ճարելու։ Ակնա գյուղերից՝ երեք օրվա ճանապարհի հեռուներից, քանի որ մոտիկ գյուղերում նրան ո՛վ աղջիկ կտար, ոչ ոք էլ աղջիկ չէր տա…

    Տեմիրճենց մեծ պապը իրենց կարմիր եզան վրա երազ էր տեսել, եզն իբր գիրացել, գեղեցկացել, անճանաչելի էր դարձել, ուրեմն՝ եզանը մի վատ բան էր պատահել, և Տեմիրճենց մեծ պապի Հակոբ վարժապետ թոռը Կապույտլույս սարն անցել, Մնձուր ծովագույն լեռներում փնտրում էր իրենց Փոքր Արմտան գյուղի եզների նախիրը, նախրի մեջ իրենց կարմիր եզը, որի վրա վատ երազ էր տեսել Տեմիրճենց մեծ պապը։ Քսանյոթ տարեկան Հակոբ վարժապետը Մնձուր ծովագույն լեռներում ձայն էր տալիս սարից սար՝ էդ որտեղի նախիրն էէէ՜, էդ ում նախիրն էէէ՜, ուուում նախիրն էէէէ՜, և նրան սարից սար պատասխանում էին՝ Փոքր Արմտանինը երեք օր առաջ Եփրատի կողմերը գնաաա՜ց, Փոքր Արմտան գյուղի եզների նախիրը երեք օր առաջ Եփրատի կողմերը գնաաա՜ց,- և հայրենի բնաշխարհը դանդաղ ներծծվում էր քսանյոթամյա Հակոբ վարժապետի էություն՝ ինչպես մանրահատիկ անձրևն է անկորուստ ներծծվում սևահողի մեջ, և Տեմիրճյան Հակոբ վարժապետը ուզում էր լինել իր աշխարհի գրողը, նկարագրողը, քարտեզագրողը, Հակոբ վարժապետն իրեն թաքուն անվանում էր Հակոբ Մնձուրի գրող։

    Կարմիր եզը փոխվել էր կորչելու չափ, գեղեցկացել էր հրճվանքի չափ, դարձել էր Մնձուր ծովագույն լեռների ամենագեղեցիկ արարածը, իսկ Հակոբ վարժապետի նշագեղձերը բորբոքվեցին, նա շարունակեց ճանապարհը դեպի Պոլիս՝ բուժվելու։ Այդ հազար ինն հարյուր տասնչորս թվականի ամռան վերջին ամիսն էր, աշնան հերկերից մի քիչ առաջ։ Ձմեռը փակեց վերադարձի կածանները, իսկ հազար ինն հարյուր տասնհինգ թվականի ամռանը աշխարհում ոչ Արմտան կար, ոչ Տեմիրճենց մեծ գերդաստան, ոչ երեխաների բազմություն՝ որ սպասելիս լիներ վարժապետի վերադարձին, ոչ էլ Հակոբ վարժապետի մունջ կինը չորս զավակներով։ Չկար ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Աշխարհի պատմության մեջ այդպիսի բան չի պատահել ոչ մի ժողովրդի հետ, աշխարհի ոչ մի գրող այդպիսի հրեշավոր հրաշք չի տեսել։ Զոհրապը, Վարուժանը, Սիամանթոն, Զարդարյանը, բոլոր գրողներն սպանվել էին մինչև մեծ եղեռնը…

    Հակոբ Մնձուրին այդ հրեշավոր ամռանը նստել էր, հնարավոր է, Կապույտլույս սարին, նայում էր գյուղաշխարհին ու չէր հասկանում, ոչինչ չէր հասկանում. արտերը կային, այգիները կային, տները կային, գյուղամիջյան ճանապարհը կար, բայց ճանապարհով, բարդուտներով, ցելերով չէր վազում Հուսիկը՝ մեռնող մորաքրոջ համար քահանա գտնելու, ավանակի հետ զրուցելով փայտի չէր գնում Շիրինը։ Դանդաղ կանաչում էր փայտի տանող արահետը։

    Ուղուծուծով քրիստոնյա Հակոբ Մնձուրին կանաչ արտերի դեմ չկարողացավ հայհոյել։ Աղաղակե՞լ – աշխարհն զբաղված էր իր գործերով։ Խելագարվե՛լ – ինչպես խելագարվեց Կոմիտասը… Աստված պահպանեց Հակոբ Մնձուրուն, որպեսզի մեռածների հիշատակները ապաստարան ունենան նրա մեջ։ Մի քիչ էլ, մի քիչ էլ, և լավաշը փռված է կավե կտուրին, աշնան արևի մեջ չորանում է՝ որ դարսվի, ագռավը կանգնել է բարդուն և չտեսնել է տալիս լավաշը, իսկ շունն իրեն հսկիչ է կարգել լավաշի մոտ և իր հերթին չտեսնել է ձևացնում ագռավին, հինայի գույն մազերով այս տարվա հորթը կանաչ արտերում մեկիկ-մեկիկ ընտրելով, ասես հանդապահին համբերությունից հատկապես հանելու համար, փռցնում է հասկերի գլխիկները։ – Մուտք, Ցորնիկին Գրիգորը ճանապարհ է ընկել Ակնա գյուղերից քսանհինգեն վեր երեսունհինգեն վար մի հարմար կնիկ ճարելու, իսկ տանը մի կշտանալու հաց չունի,- Ցորնիկին Գրիգորը, այգիների ցանկապատերը որմելու է գնացել Գաբո պապի Պյոսը, այգիներում գիշերելու համար հետը վերմակ է տարել, վերմակը կորցրել է, պատի գործը կիսատ է թողել և հիմա աղջամուղջի մեջ՝ տասնհինգ տարեկան տղայի հայր՝ մոլորված նստել է, Գաբոյից վախենում է վերադառնալ տուն։ – Հայրը, իր կնոջը, երկար ձմեռից հետո, դժվար ու անմարդ, իբր չոր ճամփով գնալ է համոզում Մկրտչենց Վահանը։ – Գնա բանըդ, ես ալ կըսեմ ինչ կըսե, ինչու Գարնան ճամփով երթանք կըսե… հոնկե որ երթանք, չպիտի՞ տեսնեն, չպիտի՞ հասկընան, ամենուն բերանը պիտի չիյնա՞նք… Ինչ անխելք եմ որ կայներ քեզ մտիկ կընեմ։ – Գարնան ճամփով,- Ուրիշ ոչինչ։ Այսպես՝ երկու հարյուրի չափ պատմվածք։ Երկու հարյուր պատմվածք, որոնցից գրեթե ոչ մեկում ոչինչ չի արված նախնական նյութը պատմվածքացնելու համար, որի պատճառով էլ հեշտությամբ մոռացվում են յուրաքանչյուր և բոլոր պատմությունների անձնանունները և, կարելի է ասել, բուն պատմությունները նույնպես, բայց պատմությունների միջավայր-մթնոլորտը ներծծվում է քեզ և, որպես հարավային երկրի արևայրուք, քեզ հետ ապրում է, քո մեջ ապրում է երկար, շատ երկար, գուցե հավիտյան։ Մնձուրու նկարագրած երկիրը պարզապես անմոռանալի է։ Եվ զարմանալին այն է, որ Մնձուրին չունի զուտ երկրի՝ կաղնուտի, բարդուտի, առվի, արտի, արահետի, լեռան, եզան, հերկի, շոգի, ծղրիդի երգի նկարագրության մի պարբերություն, մի նախադասություն, մի ակնարկ իսկ, այդ ամենը հառնում է ոչ թե նույնիսկ գործողությունների արանքից, այլ գործողությունների բուն միջուկից, դա գործողությունների հատկանիշն է, այդ երկիրը ոչնչով չես զատի այդ մարդկանց խոսքի ու շարժման շեշտից, բարի ալարկոտությունից, հիմար շտապողականությունից… («- Հիսուն արտ ունեմ»։ – Միայն Արմտանում է հնարավոր ունենալ հիսուն արտ – լեռներում ուր հնարավոր է եղել հերկել՝ հերկվել է և ստացվել է «հիսուն արտ ունեմ», որ ի վերջո նշանակում է սարոտ ու քարքարոտ երկրի նկարագրություն)։

    Իր խոսքով՝ «ողբերգություն, դրամա չըկա գրածներուս մեջ», թե այդ օրն ուր են գնացել և ինչ են արել՝ Մնձուրին նկարագրել է այդ։ Մնձուրին «բարեբախտություն» ուներ պատմվածքները տպագրելուց հետո չհանդիպելու վրդովված նախատիպերին, նրանց բոլորին սրբել-տարել էր 1915 թվականի, ասենք, ջրհեղեղը, Մնձուրին կարող էր «ողբերգություն, դրամա» դնել իր պատմվածքների մեջ, բայց նա այդ չի արել. չի արել, իմ կարծիքով, նյութի նկատմամբ խոր հարգանքի պատճառով կամ շնորհիվ։ Նա լավ գիտե իր երկիրը, նրա մարդկանց, նա ինքը նրանցից մեկն է, գյուղացու նրա խիղճը նրան թույլ չի տալիս չափազանցնել համագյուղացիների նկարագիրները, նուրբ գեղագետի նրա խիղճը նրան արգելում է պայթուցիկ ողբերգություն դնել այնտեղ, ուր այդ ողբերգությունը, որպես օտար մարմին, չէր հանդուրժվի։

    Նկարել բնության պես, ծավալել բնության պես, մեռցնել բնության պես, բեղմնավորել բնության պես – ինչպես բեղմնավորվում է հասկը, պայթում ծաղիկը, ցամաքում առուն, մեռնում սերմը, հավաքվում մեղրը։ Դրամա, ողբերգություն՝ ներքին փլուզումներ իհարկե կան Մնձուրու բոլոր պատմվածքներում, ինչպես որ դրանք անպայման կան կյանքում, բայց այդ զարմանալի արձակագիրը դեն է նետել, մերժել է դրամա-ողբերգության դասական և դասականացող գրականական ծիրանին՝ մեզ խաբելով, թե ինքն ահա գրականությունն իջեցնում է գետնամած ռեալիզմի, կյանքի անկողմնակալ նկարագրականության։ Նա ցանկանում է տալ իր աշխարհի ճշմարիտ պատկերը, իսկ «դրամայի» գրականական ծիրանին դրան միայն և միայն կխանգարեր, ինչպես կխանգարեր «դեղնագորշ, գորշ-դեղին» բառը Տրապիզոնից Արմտան թութուն վաճառելու եկած հույն առևտրականի մորուքի գույնը ճշտորեն պատկերելուն. դեղինը, գորշը, դեղնագորշը նկարիչների բառեր են, իսկ այս աշխարհը Արմտան աշխարհն է և միայն Արմտանն է, նկարիչների դեղնագորշ բառն այստեղ ամենևին գործ չունի, ինչպես գործ չէր ունենա ռուսական աղյուսը հայկական որձաքարե պատի մեջ. «Մազերնին, մորուքնին, բեղերնին իրար խառնված էին։ Մեր թութե պեքմեզը՝ ուրուպը ինչ գույն ունի, նույն գույնովն էին անոնց մազերը, մորուքը»։

    Հակոբ Մնձուրին ութսունհինգ տարեկան է։ Նրա գրականությունը հիմա խմորումն չէ, ընթացք չէ, ավարտուն փաստ է։ Իր ութսունամյակը նա բոլորեց Պոլսի հայկական եկեղեցու մեջ մոմ վաճառելով։Նա իր հեքիաթները, ժամանակագրությունները, դաշտանկարները, գետանկարները, պատմվածքները, շատ հաճախ պարզապես փայլուն պատմվածքները գրել է հացթուխի, բեռնակրի, փոխադրանավից քարածուխ թափողի աշխատանքների արանքներում։ Նա մեզ ոչնչով պարտական չէ։ Մենք նրան տալիք ենք, ամենաքիչը, նրա բոլոր գործերի հոնորարները։ Հիմա, երբ իր տաղանդն ու կյանքն անցրել է գրեթե միայն արմտանցիների մասին պատմելով, նրան թվում է, թե գրականության համար բան չի արել, թե գրականությունը չի հարգի միայն իր հայրենակիցների մասին պատմելու իր թուլությունը, և ութսունհինգամյա ծերունին տեսաբանում է.«Գրականություն բերած եմ 1890-1914 թվականներու ժամանակահատվածի գյուղը. ուրիշներն ալ այդ ըրած էին, բայց դա քիչ էր»։ Սա փխրուն տեսություն է, սրան կարելի է առարկել այսպես. անցյալը թող անցյալում մնա։ Եվ ծերունազարդ գրողի մկանուտ՝ գրականությունը տեսական ինչ-ինչ ապացուցումների և տեսությամբ արդարացվելու կարիքը բնավ չի զգում։ Այդ գրականությունը կա, և թող տեսություններն իրենք հարմարվեն այդ գրականությանը։

    Նրա գրականությունը մեր հայացքները ետ է շրջում դեպի այն օրերը, երբ կինը, արտը, աղը, ջուրը պաշտամունք էին։ Հակոբ Մնձուրու ստեղծագործությունը բովանդակում է կնոջ, աղի, արտի, առվի և այդպիսով, որպես հավելում հայ ընթերցողներիս համար, մեր կորած հին երկրի պաշտամունք։ Ինքնաթիռը այսօրվա մարդու համար դարձել է կենցաղ, ինքնաթիռից նետված հայացքը՝ երկիրը տեսնելու մի ձև։ Մնձուրին ինքնաթիռավոր չէ, ձիավոր էլ չէ. մանրատոտիկ առաջանալով՝ նա իր Արմտանի արահետների հետ կեռվում է, ձորերի հետ իջնում է, դարավանդների հետ սանդուղքվում, բլուրների հետ բարձրանում, ջրող առվի պես, որ գնում է խարխափելով ու ընկրկելով. այդպես՝ թիզ առ թիզ, բույր առ բույր, շշուկ առ շշուկ ներծծվում է քեզ մեր հին բարի երկիրը, որին եթե չսիրենք, որը եթե՝ հայացքներս դեպի քաղաք թե տիեզերք՝ արհամարհենք՝ կարող ենք կորցնել վերջնականապես։ Հակոբ Մնձուրին ստիպում է սիրել։ Մի մեծ բնապաշտություն, որ ժամանակի հետ ավելի կխորանա ու իրական ծանրակշիռ արժեք կտա գրողի դաշտանկարներին։

    Խոսքս ուզում եմ վերջացնել մեջբերումով մի հոդվածից, որ ամերիկյան հիանալի նկարիչ Էնդրյու Ուայեթի մասին է և տպագրվել է «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրի 1970 թվականի վերջին համարում։ «Երկնաքեր տների, անկանգ սլացքի ճանապարհների, կատարյալ մեքենաների և բարձր արագությունների Ամերիկան,- ասում է հոդվածագիրը Ուայեթի մասին, որ իրեն, մեր Մնձուրու նման, համարում է «հայրենի եզերքի գեղանկարիչը»,- ահա այդ Ամերիկան ավելի ու ավելի է խեղճացնում մյուս՝ փոքր ֆերմաների Ամերիկային, խժռելով նրա անտառների ու դաշտերի մաքրությունը, անվերադառնալիորեն այլանդակելով նրա պատկերը։ Եվ ինչքան վճռականորեն է գրոհում քաղաքակրթության այդ աշխարհը, Ուայեթի համար նույնքան մեծ արժեք ու կշիռ են ստանում անցյալի չաղարտված պատառիկները»։
    Կարիք չկա ապացուցելու, թե երկրագունդը, որի վրա ապրում ենք բոլորս, մեկ և նույնն է, և Էնդրյու Ուայեթի մասին ասվածը տառացիորեն վերաբերում է հայ տաղանդավոր արձակագիրներից մեկին՝ Հակոբ Մնձուրուն»։

  • Էրդողան․ ՄԱԿ-ի գործող կառույցը ճգնաժամերի պատճառ է դառնում

    ՄԱԿ-ի գործող կառույցը, որում մահմեդական երկրները բավարար իրավունքներ չունեն, անհեռանկարային է, միջազգային կազմակերպությունում բարեփոխումներն անխուսափելի են, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

    Ավելի վաղ Էրդողանը Անգոլա կատարած այցի ժամանակ ասել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել «մի բուռ երկրների»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների ողորմածությանը: Նրա խոսքով, աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը, միջազգային հարաբերությունները արմատական ​​վերափոխումների են ենթարկվում, այնպես որ անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնա նույնը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

  • Թուրքիան դուրս է մնացել G20-ից G20-ի գագաթնաժողովից առաջ

    Այս ամսվա սկզբին Արժությի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված Տնտեսական հեռանկարների վերջին զեկույցի համաձայն՝ Թուրքիան ներկայումս աշխարհի 21 -րդ խոշորագույն տնտեսությունն է: Այսպիսով, երկիրը պաշտոնապես դուրս մնաց աշխարհի «քսան» խոշորագույն տնտեսություններից: Այս մասին գրում է քրդական Ahval տեղեկատվական-վերլուծական պորտալը՝ վկայակոչելով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավոր Ֆաիք Օզթրաքին:«Միջազգային կազմակերպությունների հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականին Թուրքիան լքել է աշխարհի 20 առաջատար տնտեսությունների լիգան», – ասել է Օզթրաքը:

    «Մեր երկիրը 1990-ին դարձել է աշխարհի 20 խոշորագույն տնտեսություններից մեկը՝ « Արդարություն և զարգացում» (ներկայումս իշխող) կուսակցության անվան ստեղծումից շատ առաջ», – հիշեցրել է թուրք խորհրդարանականը:31 տարվա ընթացքում՝ 1990 -ից 2021 թվականներին, Թուրքիան այս առումով գերազանցվել է Ռուսաստանի, Ինդոնեզիայի և Սաուդյան Արաբիայի կողմից. շարունակել է նա:«Մինչև 2018-ին Թուրքիայի անցնելը խնամակալության միանձնյա ռեժիմի (նկատի ունի երկրի անցումը խորհրդարանական կառավարման նախագահական համակարգին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ), այն աշխարհի 17-րդ խոշորագույն տնտեսությունն էր», – ասել է նա:

    «Տգեղ ռեժիմը, որը, ըստ նրա ներկայացուցիչների, կապահովի Թուրքիայի վերելքը, նրան դուրս մղեց համաշխարհային լիգայից», – վրդովված է ընդդիմադիրը:Այս անկումը «Էրդողանի օրոք բաց թողնված հնարավորությունների և վատ կառավարման նշան է», – եզրափակել է պատգամավորը:Թուրքիայի նախագահը նույնիսկ 2011 թվականին խոստացել էր երկիրը «հասցնել» աշխարհի տասը խոշորագույն տնտեսություններին: Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակի նպատակների շարքում, որը նշվելու է 2023 թվականին, Էրդողանը նաև նպատակներ է դրել մեկ շնչին ընկնող եկամուտը հասցնել 25,000 դոլարի և գործազրկությունը հասցնել 5 տոկոսի: Այնուամենայնիվ, 2020-ին մեկ շնչին ընկնող եկամուտը կազմում էր ընդամենը 7,800 դոլար, իսկ գործազրկությունը վաղուց արդեն երկնիշ է:Հատկանշական է, որ Անկարայի համար միջազգային կազմակերպությունների անբավարար տնտեսական տվյալները հայտնվեցին հոկտեմբերի 30-31-ին Հռոմում G20-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ:

    «Թուրքիայի ՀՆԱ-ն, որը նվազել է մի շարք պատճառներով, այդ թվում՝ արտարժույթի շուկայում մանիպուլյացիաների պատճառով, շուտով կգերազանցի 1 տրիլիոն դոլարը (2020 -ի վերջին Թուրքիայի ՀՆԱ-ն կազմում էր մոտ 720 մլրդ դոլար)», – ասել է Էրդողանը:

  • Դատարանն ստացել է Լուսինե Սահակյանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը

    Դատարանն ստացել է Լուսինե Սահակյանի դիմումն ու մեկ շաբաթով հետաձգել նիստը

    նիստըԵԴ/0253/01/19 գործով նիստը վերսկսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ընդմիջման ընթացքում դատարանը պարզեց, որ պաշտպան Լուսինե Սահակյանը դիմում է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին, որն ստացվել է 13.45-ի սահմաններում։Դիմումի մեջ Սահակյանը հայտնել է, որ դեռևս շարունակում է ծանոթանալ քրեական գործի բազմահատոր նյութերին։ Պաշտպանը նաև հիշեցրել է, որ նրան դեռևս չեն տրամադրվել դատավարության ընթացում կազմված նյութերը։ Բացի այդ, պաշտպանը հիշեցրել է հայտնի իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին և խնդրել է հետաձգել դատական նիստը։

    Լուսինե Սահակյանի պաշտպանյալ Արմեն Գևորգյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ ընդմիջման ժամանակ պարզվել է նաև, որ Լուսինե Սահակյանն այդ դիմումն ավելի շուտ է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին։ Սակայն, իմանալով, որ դիմումը տեղ չի հասել, Սահակյանը խնդրել է տրամադրել մեկ այլ հասցե և այդ դիմումը նորից է ուղարկել։Ինչ վերաբերում է պատճառաբանության երկրորդ մասին, ապա, Գևորգյանը նշեց, որ Լուսինե Սահակյանն արդեն երկու օր է օգնում է Ռուբեն Սահակյանի ընտանիքին։Դատարանը հետաձգեց այսօրվա դատական նիստը մինչև հոկտեմբերի 26-ը։

  • ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է․ ՊՆ փոխնախարարը՝ Փայլասարի մասին

    Փայլասարի հետ կապված Ազգային անվտանգության ծառայությունն արդեն հաղորդագրություն ներկայացրել է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

    «Հնչող հարցերը, վստահաբար վերաբերելու են կրկին սահմաններին, որոնք եթե իրենց մեջ պարունակելու են պետական գաղտնիքի տարրեր, ես զերծ եմ մնալու պատասխանելուց։ Զորքերի կահավորվածության, դիրքերի, դրանց քանակի, հեռավարության և նմանատիպ այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով, եթե չեմ սխալվում 1998 թվականին կառավարության համապատասխան որոշումը կա։ Ես ենթադրում եմ, որ եթե արգելում են, ձեզ տեղեկատվություն չեն տրամադրում, այդ պատկան մարմինները  հենց իրենց պատասխաններն ուղարկելուց՝ հղում են անում  այս օրենքին»,- նշեց նա։

    Հարցին, թե ի վերջո Փայլասարում հայկական հենակետեր կան, թե՝ ոչ, Սարգսյանը հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին։

    «Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է։ Ես սրանից առաջ՝ երբ ԱԺ-ում էի, քանիցս խնդրել եմ, որ հետևեն պաշտոնական լրահոսին։ Որևէ պատկան մարմին չի թաքցնում, որովհետև, մեր երկրի չափերը հաշվի առնելով, հնարավոր էլ չի թաքցնել։ Ձեր համար տարբերություն կա՞ կառավարության ենթակա մարմինն է պատասխանում, որը պետական կարևորագույն անվտանգության համար պատասխանու է, թե պաշտպանության նախարարությունը։ Եթե տարընթերցումներ եք տեսնում, ապա դիմեք Ազգային անվտանգությանը և փորձեք շտկել։ Ինչը վերաբերում է մեր սահմաններին, ես զերծ կմնամ պատասխանել, այդ թվում, թե ձմեռվանն ուղղված ինչ աշխատանքներ են կատարվում, բայց վստահեցնում եմ, որ աշխատանքներ կատարվում են»,- ասաց Սարգսյանը։

    Հստակեցնող հարցին, թե վերջո փոխնախարարը հաստատում է ԱԱԾ հաղորդագրությունն այն մասին, որ Փայլասարը հայկական տիրապետության տակ է, Սարգսյանը նշեց․ «Միանշանակ»։

    Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ահազանգել էր, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքն անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն Ազգային անվտանգության ծառայությունը հերքել էր այդ տեղեկությունը։

    News.am

  • Հայտնի են հանցագործություն կատարողները, կոծկողները և պատվիրատուն, բայց պատիժը ուշանում է. «Երկիր Ծիրանի»

    Հայտնի են հանցագործություն կատարողները, կոծկողները և պատվիրատուն, բայց պատիժը ուշանում է. «Երկիր Ծիրանի»

    Հայտնի են հանցագործություն կատարողները, կոծկողները և պատվիրատուն, բայց պատիժը ուշանում է: Այս մասին հայտարարություն է տարածել  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

    Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նիկո՛լ, վախը սրտումդ սպասիր…

    ՀՀ Արմավիրի մարզի երկու բնակիչներ, ովքեր իրավապահ մարմիններին հայտնի են որպես հարուստ քրեական անցյալ ունեցող անձինք, գտնվելով քրեական հետապնդման մեջ գրավի դիմաց բաց են թողնվել, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Վահե Խալաթյանի որոշմամբ: Այս երկու անձինք գտնվելով ամբաստանյալի կարգավիճակում, ահաբեկչական ակտեր կատարելու համար՝ ստանալով պատվերներ, ազատ գործում են Հայաստանի Հանրապետությունում: Երեք օր առաջ, նրանցից միայն մեկին դատարանի կողմից կալանքի տակ վերցնելու մասին որոշում է կայացվել։

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ ով ունի երեք երեխա, այդ քրեական հետապնդման մեջ գտնվողներից մեկին, ով խոստովանել է, որ գումարի դիմաց պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնուն պատկանող ավտոմեքենան, այս անգամ ստորագրություն չհեռանալու դիմաց` ազատ է արձակել: Մինչև դատավոր դառնալը (ի դեպ նա դատավոր է դարձել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում), այս տիկինը աշխատանքային փորձ է կուտակել բացառապես ՀՀ ոստիկանությունում:

    Հարց տիկնոջը.

    Տիկին՝ Դուք չե՞ք մտահոգվում, որ հարուստ փորձ ունեցող քրեական տարրը, որ այս պահին գրավի կիրառմամբ գտնվում է ազատության մեջ, բայց գումարի դիմաց պատրաստ է մարդկանց կյանքը վտանգելով ահաբեկչական ակտ իրականացնել, բաց թողնելով Դուք ինքներդ եք դառնալու նրանց կողմից իրականացվելիք հանցագործությունների զոհ: Այսօր պատվիրել են Զարուհի Փոստանջյանին ահաբեկել, վաղը նույն հավանականությամբ Ձեր կամ Ձեր մերձավորի վերաբերյալ է պատվեր իջնելու…

    Հ.Գ.

    Ի դեպ այս հանցագործներից մեկը սույն թվականի գարնանը վրաերթի միջոցով սպանել է հասարակությանը հայտնի մի տիկնոջ եղբոր:

  • 4 պաշտոնյա է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումը

    4 պաշտոնյա է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումը

    ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հիմնադրի և փոխտնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պահանջել և նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Կատարված անձնական խուզարկությամբ օպերլիազորներից մեկի մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի ամբողջ գումարը ծրարի մեջ դրված վիճակում: 

    Բացի դրանից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նշված օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառքներ, ինչպես նաև նախնական համաձայնության գալով իր բաժնի մեկ այլ օպերլիազորի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տնտեսվարողներից մեկի ներկայացուցչից ստացել են խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառք:

    Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք, նրանց կաշառք տված անձանցից 3-ը, որոնց՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նույն օրը նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:

    Կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ քննչական իրադրությունից բխող անհրաժեշտ դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարունակվում են:

    Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, ձեռնպահ մնալ պետության տնտեսական հիմքերի կայունությանը սպառնացող կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների մեջ ներգրավվելուց և զգուշացնում, որ այդպիսիք արժանանալու են կոշտ հակազդեցության:

    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Գնաճը զգալիորեն կրճատել է ինչպես շարքային աշխատողների, այնպես էլ թոշակառուների իրական գնողունակությունը

    Գնաճը զգալիորեն կրճատել է ինչպես շարքային աշխատողների, այնպես էլ թոշակառուների իրական գնողունակությունը

    Մեր բազմաթիվ քաղաքացիներ (հատկապես թոշակառուները) հաջորդ տարի կենսաթոշակների բարձրացման մասին լուրը մեծ ուրախությամբ ընդունեցին: Սակայն պաշտոնական տեղեկատվությանը ծանոթանալուց հետո, այդ հույսերը հօդս ցնդեցին: Ստացվում է, որ կենսաթոշակառուների ճնշող մեծամասնության (ավելի ճիշտ՝ 97 տոկոսի) վրա այս ակցիան չի տարածվում:

    Մինչդեռ գնաճը զգալիորեն կրճատել է ինչպես շարքային աշխատողների, այնպես էլ թոշակառուների իրական գնողունակությունը: Մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, կենսաթոշակը ինդեքսավորվում է: Հայաստանում նման պրակտիկան ընդհանրապես բացակայում է:

    Նկատենք, որ սույն տարվա հուլիսի 1-ի դրությամբ մեզ մոտ միջին կենսաթոշակը կազմել է 43.4 հազար դրամ (նույն օրվա փոխարժեքով` 88 դոլարից պակաս): Համեմատության համար ներկայացնենք Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի տվյալները, որը աշխարհագրորեն մոտ է Հայաստանին: Ռուսաստանի այս շրջանում միջին կենսաթոշակը ապրիլի 1-ի դրությամբ կազմել է գրեթե 14.7 հազար ռուբլի (նույն օրվա փոխարժեքով` մոտ 194 դոլար):

    Ինչպես տեսնում եք, տարբերությունը ահռելի է: Ամենակարեւորն այն է, որ Ռուսաստանում գործում է հետեւյալ կանոնը՝ եթե ​​կենսաթոշակի չափը ցածր է կենսապահովման մակարդակից, ապա թոշակառուին տրվում է լրացուցիչ սոցիալական վճար` այս տարբերությունը փոխհատուցելու համար:

    Կենսապահովման փոխարեն մեզ մոտ հաշվարկում են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը: Այս երկու (ռուսական եւ հայկական) ցուցանիշների միջեւ կա սկզբունքային տարբերություն: Նախ՝ մեր «զամբյուղը» զուտ վերացական բնույթ ունի: Մինչ օրս չի ինդեքսավորում ոչ նվազագույն աշխատավարձը, ոչ էլ հիմնական կենսաթոշակը: Բացի այդ, «զամբյուղի» արժեքը հաշվարկելու մեթոդն ինքնին լուրջ թերություններ ունի:

    Կենսաթոշակային համակարգի ամենակարեւոր ցուցանիշներից է աշխատողների թվի (որոնց համար վճարվում է եկամտահարկ) հարաբերակցությունը թոշակառուների թվի հետ: Հայաստանում վերջին տարիներին թոշակառուների թիվը նվազել է: Տասը տարի առաջ Հայաստանում կար գրեթե 514 հազար թոշակառու, այժմ (այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ)՝ 466 հազար մարդուց պակաս: Փաստն, իհարկե, բացասական է:

    Միաժամանակ, եթե հավատանք պաշտոնական տվյալներին, Հայաստանում աշխատողների թվին աճել է: Օգոստոսի դրությամբ նրանց թիվը գերազանցել է 654 հազար մարդու նշաձողը (տարվա կտրվածքով աճը` գրեթե 3 տոկոս): Այս երկու գործոնները հանգեցրել են վերը նշված հարաբերակցության փոփոխության. այժմ յուրաքանչյուր թոշակառուի հետ հարաբերակցությամբ կա 1.4 աշխատող: Հարաբերակցությունը, իհարկե, իդեալական չէ: Սակայն, այնուամենայնիվ, դա ավելի լավ է, քան մեկ տարի առաջվա 0.8 ցուցանիշը:

    Կենսաթոշակի չափի վրա ազդող մեկ այլ գործոն է աշխատողների աշխատավարձերի մակարդակը, որոնցով վճարվում է եկամտահարկը (որի մի մասը կենսաթոշակային վճարներն են): Միջին աշխատավարձը հուլիսին կազմել է (կրկին, եթե հավատանք պաշտոնական տվյալներին) ամսական մոտ 202 հազար դրամ: Ենթադրենք, որ եկամտահարկի բոլոր պահումները գնում են կենսաթոշակներ վճարելուն: Այս դեպքում (վերը նշված 1.4 հարաբերակցությամբ) միջին կենսաթոշակը կկազմեր մոտ 62 հազար դրամ: Այսինքն, 1.4 անգամ ավելի ներկայիս չափից:

    Այնուամենայնիվ, շատ քաղաքացիներ աշխատում են նվազագույն աշխատավարձով, որից հարկ չի պահվում: Դե, իսկ պետբյուջեի միջոցների որոշակի մասը ծախսվում է «էլիտար» պետական ​​գերատեսչությունների աշխատակիցների՝ վերջին տարիներին զգալիորեն ավելացած աշխատավարձերի եւ նրանց ֆանտաստիկ բարձր պարգեւավճարների վրա:

    Եկեք տեսակավորենք «Հայաստանի 1000 խոշոր հարկատուների» ցուցակը՝ ըստ նրանց վճարած եկամտահարկի չափի: Այս ցուցակից կընտրենք առանձին պետական ​​մարմիններ եւ կազմակերպություններ: Այսպիսով, ՊԵԿ-ը վճարված եկամտահարկի չափով զբաղեցնում է 8-րդ տեղը: Դրան հաջորդում են Դատական ​​դեպարտամենտը (16-րդ), Ոստիկանության կենտրոնական գրասենյակը (39-րդ), Երեւանի քաղաքապետարանը (41-րդ), Դատախազությունը (55-րդ), Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմը (65-րդ) եւ այլն:

    Բնականաբար, անհեթեթ կլինի առաջարկել, որ նրանք կրճատեն իրենց աշխատավարձերը: Սակայն միանգամայն բնական է կառավարության համապատասխան գերատեսչություններից պահանջել կրճատել իրենց «պարգեւավճարները» եւ սկսել լրացուցիչ աղբյուրներ փնտրել կենսաթոշակների բարձրացման համար:

    Նշենք, օրինակ, բազմաթիվ տարբերակներից մեկը: Հայաստանի քաղաքացիների շահաբաժինների եկամտահարկը այժմ կազմում է 5 տոկոս: Ռուսաստանում, օրինակ, այն ​​ավելի քան երկու անգամ բարձր է` 13 տոկոս: Խոշոր առեւտրային ընկերության շարքային աշխատակիցը վճարում է իր աշխատավարձի մեկ հինգերորդից ավելիի չափով (22 տոկոս) հարկ: Իսկ ահա նույն ընկերության սեփականատերը բիզնեսից ստացած իր վիթխարի անձնական եկամտից վճարում է ընդամենը 5 տոկոս: Որքանո՞վ է դա արդար: Շատերը կհամաձայնեն, որ ճիշտ կլինի շահաբաժինների հարկը հասցնել առնվազն 10 տոկոսի:

    Եզրակացությունը միանշանակ է՝ եթե չեք ինդեքսավորում կենսաթոշակը, ապա պայքարեք գնաճի դեմ: Կրասնոդարում, օրինակ, քաղաքապետարանը «խորհուրդ է տալիս» առեւտրային օբյեկտներին սոցիալապես նշանակալի պարենային ապրանքների համար 10 տոկոսից չբարձրացնել առեւտրային շեմը: Ճիշտ է, որոշ մասնագետներ կարծում են, որ այդ միջոցներն անարդյունավետ են, եւ գներն ամեն դեպքում աճում են: Սակայն, համենայն դեպս, կա գործունեության տեսանելիություն, որը մեր մայրաքաղաքում չկա: Այնուամենայնիվ, մարդիկ ցանկանում են իմանալ, թե որքանով է արդարացված գնաճը, եւ որքանով է դա թելադրված առեւտրականների՝ լրացուցիչ եկամուտ ստանալու ցանկությամբ:

    Սմբատ Գրիգորյան