Day:Հոկտեմբերի 11, 2021

  • Ստոլտենբերգ. Չինաստանի տնտեսական զարգացումը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար

    Ստոլտենբերգ. Չինաստանի տնտեսական զարգացումը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար

    Չինաստանի տնտեսական զարգացումն ու Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը վտանգ են ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լիսաբոնում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստում:

    «Չինաստանի աճը կարևորություն ունի մեր անվտանգության համար: Մենք տեսնում ենք, որ նրանք փորձում են վերահսկել կրիտիկական ենթակառուցվածքը: Մենք տեսնում ենք նրանց [գործունեությունը] կիբեռանվտանգության ոլորտում: Չինաստանը ձգտում է դառնալ աշխարհի առաջատար տնտեսություն` զգալի առաջընթաց գրանցելով կործանարար տեխնոլոգիաներ ստեղծելու և մեծ գումարներ ներդնելով միջուկային կարողություններում՝ ավելի ու ավելի սերտորեն համագործակցելով Ռուսաստանի հետ», – ասել է նա:

    «Ես կողմ չեմ, որ ՆԱՏՕ-ն դառնա համաշխարհային դաշինք, ինչը կնշանակեր անդամակցություն աշխարհի բոլոր երկրներից: Բայց կարծում եմ, որ, որպես տարածաշրջանային դաշինք, մենք պետք է դիմակայենք գլոբալ սպառնալիքներին», – նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը:

  • ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

    ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

    Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:ՊԵԿ-ից հայտնում են, որ ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն:

    Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 148 հարկ վճարողների մոտ 2021թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 28 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 134 դեպք: Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 40 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 3 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 38 դեպք:

    Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

  • Ռուսաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

    Ռուսաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

    Ռուսական աերոակումբին պատկանող L-410 ինքնաթիռն ընկել է Մենզելինսկ քաղաքում՝ Թաթարստանում. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ արտակարգ իրավիճակների ծառայություններին հղումով:Թեթև շարժիչով L-410 ինքնաթիռը, որում եղել է 23 մարդ, հիմնականում՝ դեսանտայիններ, ընկել է Մոսկվայի ժամանակով 09:11-ին:Փրկարարներին հաջողվել է ինքնաթիռից դուրս բերել յոթ ողջ մնացածների, 16 մարդու ճակատագիրն անհայտ է: «Հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից ևս չորս հոգու հաջողվել է փրկել, աշխատանքները շարունակվում են: Ընդհանուր առմամբ, յոթ մարդ փրկվել է», – ՏԱՍՍ-ին ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

    Աղբյուրը հավելում է նաև, որ ինքնաթիռը կործանվել է տեղի թռչող ակումբի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Նրա խոսքով՝ ինքնաթիռը մեկ կիլոմետրից մի փոքր ավելի է հեռացել, օդանավի ֆյուզելյաժը փլուզվել է ընկնելու ժամանակ, մինչդեռ պոչը գրեթե չի վնասվել: Օդանավը շահագործվում է 1987 թվականից:

  • ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարտակերտի բնակչի սպանության և հրադադարի կոպիտ խախտման դեպքի օբյեկտիվ քննության հարցում

    ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարտակերտի բնակչի սպանության և հրադադարի կոպիտ խախտման դեպքի օբյեկտիվ քննության հարցում

    2021թ հոկտեմբերի 9-ին, ժամը 13։20-ի սահմաններում Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։ Նախքան գյուղատնտեսական աշխատանքներն սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի և ԱՀ ՊԲ ներկայացուցիչների միջնորդությամբ այդ տեղանք էին ներկայացել ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ըստ ականատեսների պնդման՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։

    Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով /սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/։ Իրականացվում է նախաքննություն: Դեպքից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են ոչ միայն այդ, այլև սահմանամերձ այլ հատվածներում։

    Հաշվի առնելով հայ֊ադրբեջանական շփմագ գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ փոխանակելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի կոպտագույն խախմամբ քաղաքացիական անձի սպանության դեպքի վերաբերյալ առկա տվյալները փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, նրանց հետ ապահովվել է օպերատիվ և արդյունավետ համագործակցություն։ Լիարժեք պատրաստակամություն է հայտնվել ներգրավվելու դեպքի հետաքննությանը հնարավոր բոլոր ձևաչափերով, ինչի անհրաԺեշտության մասին ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է բազմիցս։Նշված դեպքը 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է:

    ՀՀ գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը՝ հստակ դիրքորոշմամբ, որ սույն և նմանատիպ այլ դեպքերով օբյեկտիվ ու արդյունավետ քննությամբ մեղավոր անձանց արդարացի քրեական պատասխանատվության ապահովմամբ է հնարավոր ստեղծել կայուն երաշխիքներ նմանատիպ ողբերգական դեպքերը բացառելու համար և հստակ ամրագրելու հրադադարի խախտման և հանցավոր յուրաքանչյուր արարքի համար պատասխանատու կողմին՝ դրանից բխող իրավական հետևանքներով։

  • AstraZeneca-ն հայտնել է, որ իր «հակամարմինային կոկտեյլը» կանխում է ծանր COVID-19-ը

    Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած հակամարմինային խառնուրդը հասել է իր նպատակին և կարող է կանխել հիվանդության ծանր ընթացքը SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակման դեպքում: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է AstraZeneca-ի մամուլի ծառայությունը:

    «Երկար գործողության հակամարմինների համադրությունը հանգեցրեց ծանր COVID-19-ի կամ մահացության վիճակագրորեն զգալի նվազման` համեմատած պլացեբոյի խմբի հետ, որում ներառվել են COVID-19-ի մեղմ և միջին բարդության ախտանիշներով հիվանդներ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

  • «Թալիբան»-ը՝ շարժման եկամտի հիմնական աղբյուրների մասին

    «Թալիբան»-ը՝ շարժման եկամտի հիմնական աղբյուրների մասին

    «Թալիբան» շարժման եկամտի հիմնական աղբյուրը հարկերից և մաքսատուրքերից ստացվող եկամուտներն են, ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է արմատականների ներկայացուցիչ, Թալիբանի ստեղծած ժամանակավոր կաբինետում տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը:

    «Հետագայում մենք նախատեսում ենք եկամուտ ստանալ հանքարդյունաբերությունից», – հավելել է նա:

    Չնայած թալիբների կողմից ներկայումս ձեռնարկվող միջոցառումներին, Աֆղանստանի տնտեսության վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Դա մեծապես պայմանավորված է նրանով, որ արմատականներին հասանելի է պետական ​​պահուստների միայն 0,1%-ը (9,4 մլրդ դոլարից)․ դրանց զգալի մասը սառեցրել է ԱՄՆ-ը:

  • ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 600 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն

    ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 600 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն

    Առաջիկա օրերին Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրի 600 միլիոն եվրոյի փոխտվություն այդ երկրի համար մակրոֆինանսական օգնության շրջանակներում: ՏԱՍՍ-ի համաձայն՝ այդ մասին երկուշաբթի Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ ներկայացուցիչը:

    Բացի դրանից, Եվրամիությունը և Ուկրաինան հոկտեմբերի 12-ին երկկողմ գագաթաժողովում կքննարկեն հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համատեղ ջանքերը:

  • Պետդեպարտամենտը գնահատել է թալիբների հետ բանակցությունները

    Պետդեպարտամենտը գնահատել է թալիբների հետ բանակցությունները

    ԱՄՆ-ը Դոհայում արմատական ​​«Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ երկօրյա բանակցությունները համարում է անկեղծ և պրոֆեսիոնալ, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

    «Ամերիկյան պատվիրակությունը վերահաստատեց, որ թալիբների մասին կդատեն ըստ նրանց գործողությունների, և ոչ միայն խոսքերի», – հավելել է Փրայսը բանակցություններից հետո արված հայտարարության մեջ:

    Հոկտեմբերի 9-10-ը Դոհայում ԱՄՆ-ի և Թալիբանի պատվիրակությունների մասնակցությամբ անցկացված երկօրյա քննարկումները Աֆղանստանում շարժման կողմից իշխանության բռնազավթումից հետո նրանց առաջին բարձր մակարդակի շփումներն էին, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

  • Հրդեհ` Աղնջաձոր գյուղում. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երեք մարտական հաշվարկ

    Հրդեհ` Աղնջաձոր գյուղում. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երեք մարտական հաշվարկ

    Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։56-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղնջաձոր գյուղում այրվում է անասնակեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 4-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ), այրվում է պահեստավորած անասնակեր:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին։