Day:Սեպտեմբերի 24, 2021

  • ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐԸՙ ՄԻԱՅՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

    ԳՅՈՒՄՐՈՒ ՕՐԸՙ ՄԻԱՅՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ

    «Սիրելի Բեն, թույլ տուր իմ հայրական օրհնանքն ու ողջույնը հղել քեզՙ մեր հայրենիքի սահմանների պաշտպանության գործում քո անձնվեր պայքարի ու հերոսական վարքի համար: Մենք հավերժ երախտապարտ ենք քեզ ու մարտական ընկերներիդ: Խիստ խորհրդանշական վերնագրով քո «Վերադարձ» ցուցահանդեսը թող դառնա նոր կյանքի սկիզբ, թող խաղաղություն ավետի քեզ ու մեզ համար»: Այս խոսքերը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրավոր ողջույնից էինՙ ուղղված քաղաքի երիտասարդ արվեստագետ, 44-օրյա պատերազմի մասնակից Բեն Պողոսյանին , սեպտեմբերի 18-ինՙ «Գյումրու օրվա» շրջանակներում բացված նրա անհատական ցուցահանդեսի առիթով: 10-րդ վիրահատությանը սպասող Բենը, պատասխանելով հարցին, թե ինչու է իր գործերի այս ցուցահանդեսն անվանել «Վերադարձ», պատասխանել էր, թե պատերազմում ստացած բազմաթիվ վերքերից հետո հավանական է չապրեր, սակայն կյանք վերադարձավ:

    Հասկանալի պատճառներով Գյումրիում «Քաղաքի օրն» այս անգամ նշվեց զուսպ, առանց զանգվածային միջոցառումների ու ավանդական տոնականության: Նշվեց հիմնականում մշակութային իրադարձություններով:

    Քաղաքային կենտրոնական գրադարանի հին շենքում բացվեց ՀՀ եւ ՌԴ ժողովրդական նկարիչ, ծնունդով գյումրեցի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հուշատուն-ցուցասրահը: Անվանի արվեստագետի որդիների նախաձեռնությամբ Մոսկվայի նրա արվեստանոցից հայրենի քաղաք բերվել եւ այստեղ մշտական ցուցադրության են ներկայացվել տասնյակ աշխատանքներ:

    Օրը նշանակալի էր Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համար, որն ավելի քան երեսնամյա տնակային պայմաններից հետո երկար սպասված բնակարանամուտ նշեց քարե նորոգ շենքում: Իսկ Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումները սկսվեցին այդ օրը: Հյուրերին ներկայացվեցին դպրոցի մասին պատմող փոքրիկ կինոժապավեն, ապա նաեւ հաստատության կիսանկուղային հատվածում կատարվող հիմնանորոգման աշխատանքները: Այստեղ նախատեսվում է կառուցել քանդակի դասարան եւ ցուցասրահ:

    Գրական կարեւոր իրադարձություն էր Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» դատաստանամատյան պոեմի ամբողջական տարբերակի շնորհանդեսը մեծ բանաստեղծի հուշատուն-թանգարանում: Առաջին անգամ ընթերցողին է հանձնվել պոեմի լիարժեք հրատարակությունը: Նախաձեռնությունը եղել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանինը , տպագրության պատրաստելու համար մոտ չորս տարի աշխատանք է կատարվել: Գիրքը լույս է տեսել Գյումրու համայնքապետարանի ֆինանսավորմամբ: Ներկաներին փոխանցելով այս առիթով քաղաքի ղեկավարիՙ արձակուրդում գտնվող Սամվել Բալասանյանի ողջույնի խոսքը, նրա առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը հավաստեց, որ ինչպես մինչեւ այժմ, հետագայում եւս համայնքապետարանը կաջակցի Շիրազի անտիպ էջերի հրատարակմանը:

    Քաղաքի օրվա ավարտին համայնքային ցուցասրահում բացվեց գյումրեցի նկարիչներ Կարապետ Գյոկչյանի նկարների եւ Ցոլակ Սիմոնյանի քանդակների ցուցահանդեսը: Ապա տեղի ունեցավ պարգեւատրման ամենամյա արարողությունը: Շնորհվեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումներ, Գյումրի համայնքի հուշամեդալներ, պատվոգրեր ու հուշանվերներ:

  • ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎՈՒՍՊԻՏԱԿԻ ՊԱՅՔԱՐԻՑ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ

    2018-ի իշխանափոխությունից կարճ ժամանակ անցՙ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, հասարակությանը սեւի ու սպիտակի բաժանած իշխանությունը պառակտիչ գործելոճից, միեւնույնն է, չի ուզում հրաժարվել: 44-օրյա պատերամում պարտություն տանելուց հետո, երբ համընդհանուր ընկճախտից առաջացած ատելության մթոնոլորտը խժռում էր իր ճամփին պատահած ամեն ինչՙ բարոյականություն, սեր, հոգատարություն ու խիղճ, իշխանության առաձին անհատներ ամեն ինչ մի կողմ դնելու, միմյանց նկատմամբ չչարանալու ու միասնաբար երկիրը շենացնելու կոչով հանդես եկան: Սիրո ու հանդուրժողականության հոգեպարար լոզունգներով իշխանության եկածների հորդորները կարճ ժամանակ անց սակայն կոտրեցին դրանց իրական ու սրտից բխած լինելու միֆը, երբ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցող վարչապետ Փաշինյանն օդում մուրճ էր ճոճում ու խոստանում վրեժխնդիր լինել բոլոր նրանցից, որ կասենՙ աչքիդ վերեւն ունք կա: Ղեկավարի ասածներին աղուպղպեղ ավելացնելու ու նրա աչքին բարձրանալու համար թիմակիցներն է՛լ ավելի թանկացրեցին կենացներն ու հրապարակ Ֆեմիդային բերեցին: Այսուհետ աստվածուհու թրի տակ կհայտնվեն, ասացին, բոլոր նրանք, ովքեր 30 տարի հարստահարել են երկիրը: Ոչ թե իրավահավասարություն, օրենքի եւ կարգուկանոնի նորմեր են մեզ պետք, հասկացրեցին, այլ թրի՛:

    Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության օրվան նվիրված ամբողջ միջոցառումը սեւի ու սպիտակի տրամաբանության հիման վրա էր կառուցված: Խորեոգրաֆկ պարային համարներում սեւ ու սպիտակ զգեստներ հագած պարողներն անընդհատ պայքարի մեջ էին, որտեղ հաղթողը, բնականաբար, սպիտակն էր: Թեեւ միջոցառման կազմակերպիչները սա կարող են պարտությունից հետո չհուսահատվելու ու վերընձյուղվելու իմաստով բացատրել, բայց իշխանությանՙ մինչ այս պահն արած քայլերը բոլորվին այլ բան են հուշում: Օդը թրատող Ֆեմիդայի կերպարն առաջին պլան բերելովՙ հուշում են, որ սեւի ու սպիտակի պայքարում անողոք են լինելու: Օրինականության ու կանխազգացումների աստվածուհին, հիշեցնենք, երբ դադարեց Զեւսի կինը լինել, գերագույն Աստծո խորհրդատուն էր ու մարդկանց հաղորդում էր կատարել նրա բոլոր պատգամներն ու հրամանները:

  • «ԱՆԱՎԱՐՏ ԹՌԻՉՔ…» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

    Պատերազմը մեզ զրկեց լավագույններից, մի ամբողջ սերունդ: Պատերազմի դաշտում օր ու գիշեր պայքար մղող տղաների արյունով գծվեցին հայրենիքի սահմանները: Տարբեր էին նրանք. տարբեր էին նաեւ նրանց երազանքներն ու զբաղմունքները:

    Նրանցից շատերը դեռ այնքան անելիքներ ունեին…

    Պատերազմը խլեց նաեւ կլինիկական դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանի կյանքը:

    Սեպտեմբերի 20-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի եւ Արդի հայ արվեստագետների համատեղ ուժերով կազմակերպված «Անավարտ թռիչք…» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը:

    «Եղբորս զոհվելուց հետո բազմաթիվ ցավակցական զանգեր էի ստանում, որոնցից մեկըՙ ԱՄՆ-ից: Եղբորս ընկերըՙ Անին էր. շատ խիստ տոնով ինձ հորդորեց, որ եղբորս գործը կիսատ չթողնենք ու հիմնադրամ բացենքՙ շարունակելով նրա մասնագիտական գործունեությունը»,- պատմում է Վահեի եղբայրը, «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը , ապա ավելացնում. «Այս տարվա սկզբին հիմնադրամը բացվեց եւ կարող եմ հպարտությամբ ասել, որ այս ամսվանից ԵՊԲՀ-ի օրդիանատուրայի այն ուսանողները, որոնք շարունակում են եղբորս մասնագիտությունը, կտրամադրենք անվանական կրթաթոշակներ: Գումար հավաքելու համար որոշեցինք օգտվել այս միջոցիցՙ կազմակերպեցինք ցուցահանդես-վաճառք, որի միջոցով կկարողանայիք համախմբել տարբեր տարիքի ու սեռի մարդկանց»:

    Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժանրի, տարիքի, սեռի հայ արվեստագետների աշխատանքներ, եւ, կարելի է ասել, ցուցահանդեսի խոսուն խորագիրը կարողացել է համախմբել ժամանակակից մեր արվեստագետներին: Ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը նպաստելն է:

    «Ցուցահանդես-վաճառքի շրջանականերում հավաքված եւ այցելուների դատին է ներկայացված արդի հայ արվեստագետների լավագույն աշխատանքներից. Հռիփսիմե Մարգարյան , Արտաշես Աբրահամյան , Արա Շահումյան , Տիգրան Հակոբյան , Արթուր Սարյան , Արմինե Թումանյան , Պետո Պողոսյան եւ այլ հեղինակների ստեղծագործություններ»,- ասում է արվեստաբան, ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ, համադրող Քրիստինե Սարգսյանը :

    Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 50 աշխատանք, որոնցից 5-ըՙ քանդակ, տարբեր արժողության ու ոճի: Ցուցահանդեսի աչք ծակող նկարներից մեկը Գեւորգ Ընծա Բաբախանյանի «Կարմիր տանկը» կտավն է, որտեղ սկզբնական շրջանում պատկերված է եղել ծաղկաման, սայկայն պատերազմի սկսվելուց հետո, հեղինակը ձեւափոխել է նկարը ու ծաղկամանից ստացել տանկ, հետեւի ֆոնինՙ բարուրված երեխա:

    Մարտի դաշտում ընկածներից յուրաքանչյուրն ուներ իր թռիչքը, որը երբեք անավարտ չի մնա, քանի որ զինվոր կորցրած մայրը նոր զինվոր է ծնում, հայրը հուշաղբյուր է կառուցում, որ դրանից ջուր խմողը միշտ օրհնի իր զինվորին, քանի որ ամունուն կորցրած կինը նկարը գրկած, որդի է կրթում, դուստր է պահում, որ զինվոր ծնի, քանի որ սահմանին դեռ զինվոր կա կանգնած, սահմանին նոր զինվորներ են պետք:

  • ՎԱՂՎԱ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

    ՎԱՂՎԱ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

    Հայաստանի անկախության ապահովման կարեւոր գրավականներից մեկն էլ գիտության եւ տեխնիկայի հարաճուն զարգացումն է: Այս տեսակետից է անհրաժեշտ դիտարկել «ՀՀ կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Որպես լրագրող զրուցել եմ բնագավառի ղեկավարների եւ գիտնականների հետ,որոնք մեծ ճանապարհ են անցել, ունեն ծանրակշիռ ավանդ գիտության զարգացման բնագավառում: Այդ պատճառով ցանկանում եմ ներկայացնել իմ կարծիքը վերը նշված օրենքի նախագծի մեկ դրույթի վերաբերյալ:

    Օրենքի նախագծում, օրինակ, գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների համար դրված են որոշակի սահմանափակումներՙ 65 տարին լրանալուց հետո անձը տնօրենի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի: Բուհերի ռեկտորների համար այն սահմանված է 70 տարին: Մասնագիտության բերումով գիտահետազոտական հաստատություններում ու բուհերում շատ եմ եղել եւ զանգվածային լրատվամիջոցներում տարիներ շարունակ ներկայացրել եմ նրանց կատարած աշխատանքները: Զգացել եմ, որ գիտահետազոտական ինստիտուտների տնօրենի պաշտոնն առավել դյուրին է, քան բուհերի ռեկտորներինն է: Ուստի առաջարկում եմ ինստիտուտի տնօրեններին առնչվող տարիքային սահմանափակումը նույնպես դարձնել 70 տարի, ինչպես ռեկտորների պարագայում է կամ հանել տարիքային սահմանափակումը: Չէ, որ աշխարհի ամենադեմոկրատական երկրում Բայդենը 78 տարեկանում ընտրվեց ԱՄՆ-ի նախագահ:

  • ՄԵԿՏԵՂՎԱԾ ՈՒԺԵՐ` ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾՆԵՐԻ

    ՄԵԿՏԵՂՎԱԾ ՈՒԺԵՐ` ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾՆԵՐԻ

    Թեքեյան մշակութային միությունը շարունակում է բարեգործական ծրագիրը Արցախի բռնագրաված Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի կոլեկտիվի եւ սաների ընտանիքների հետ:

    «Ազգ»ի մայիս ամսվա համարներից մեկում մենք անդրադարձել էինք Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային միության մի ծրագրի, որով գործընկերՙ Վայոց Ձորի «Սյունիք-Զարգացում» հասարակական կազմակերպության տեղի կարող ուժերի հետ մեկտեղված այլ ուժերով, Արցախի բռնագրավված Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի կոլեկտիվի եւ սաների շուրջ 8 ընտանիքների զբաղվածությունն ապահովելու համար տրամադրեցին մեղվաընտանիքներ, փեթակներ եւ այլ գործիքներ: Դա սոցիալական-բարեգործական ծրագրերի իրականացման առաջին փուլն էր:

    Մոնրեալի ԹՄՄ վարչության անդամ Արթօ Մանուկյանի նախաձեռնությամբ եւ հովանավորների միջոցներով իրականացավ գաղափարի երկրորդ փուլըՙ «Ընտանի կենդանիներ ընտանիքներին» ծրագրով: Ծրագիր, որի շահառուն կարող էին դառնալ Արցախի Բերձորից տեղահանված կարիքավոր բազմանդամ ընտանիքներ: Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի տնօրինուհիՙ Անահիտ Քոսակյանը տրամադրեց Վայոց Ձորի տարբեր գյուղերում բնակվող այն ընտանիքների ցանկը, որոնք ցանկություն, հմտություններ եւ անհրաժեշտ միջավայր ունեին խնամելու ընտանի կենդանիների:

    «Սյունիք-Զարգացում» կազմակերպության հմտությամբ օժտված թիմը մեկնեց գյուղական հասցեներով, հանդիպեց ընտանիքներին, ուսումնասիրեց այն անասնագոմերը, որտեղ պետք է խնամեն ու պահեն կենդանիներին: Երբ բավարար համարվեցին պայմաններըՙ անասնաբուժի հետ ընտրվեցին առողջ, որակյալ կենդանիներ, որոնք էլ տեղափոխվեցին ու հանձնվեցին շահառու 4 ընտանիքների:

    Ավագյան Հովհաննեսի 6 հոգանոց ընտանիքն ապրում է Վայոց Ձորի Սերս գյուղում, Հովհաննեսի խոսքովՙ ինքը կկարողանա խնամել 2 կով, պայմանագիրն էլ ստորագրել ու համաձայնվել է 2 տարուց հետո 1 հորթ տրամադրել Արցախից տեղահանված այլ ընտանիքի, մինչ այդՙ կաթը, կարագը, մածունը կօգտագործի ընտանիքի կարիքների համար:

    Արագածը ՙ Բերձորի Վահան Թեքեյանի դպրոցի սան էր, այժմ 5 հոգանոց ընտանիքի հետ ապրում է Վայքի Հերհեր գյուղում: Ընտանիքի անդամները կխնամեն, ինքն էլ կօգնի ծնողներին խնամելու 6 գոճիներին, մանավանդ, որ տրամադրվել է նաեւ առաջիկա 4 ամիսների համար նախատեսված կեր, հետո իրենք կապահովեն անհրաժեշտ կերը: Հայրըՙ Արարատ Ավագյանն ասում է, որ եթե կարիք լինի գուցե մորթի, օգտագործի միսը, սակայն երբեք չի հրաժարվի խոզ պահելուց, համաձայն է, որ մեկ տարուց սիրահոժար երկու գոճի տա կարիքավոր արցախցու, թող նա էլ պահի ու բազմացնի գոճիներին:

    Արեւիկ Սարգսյանն աշխատել է Բերձորի դպրոցում որպես մաքրուհի, երախտիքով է հիշում թեքեյանցիների ամեն տարվա այցելություններն ու իրենց տրված դրամական օգնությունը… հուզվեց. «Անցյալ տարվա պատերազմում միակ որդիս զոհվեց, տուն չունեմ…այժմ տեղափոխվել եմ Մարտիրոս գյուղ, սկզբում ապրել եմ եղբորս 8 հոգանոց ընտանիքի հետ, ծրագրի շրջանակներում ստացա 2 կով, շատ ուրախ ու գոհ եմ, բայց ախր եղբորս ընտանիքը մեծ է, քնելու տեղն անգամ նեղ է, երեւի շուտով գնամ տուն վարձեմ, առանձին ապրեմ, եղբայրս կօգնի, կաշխատեմ, կապրեմ:

    Չիչակյան Լուսինեն իր 4 հոգանոց ընտանիքով ապրում է Մալիշկա գյուղում: Նա նույնպես 2 կով է ստացել, ունեն անասնագոմ եւ անասնակերի համար փոքր խորդանոց: Ամառվա ընթացքում հաջողվել է խոտհնձի գնալ եւ կենդանիների համար անասնակեր պահեստավորել ձմեռվա համար: «Հանգիստ եմ, որ ապահովել եմ կենդանիների ձմեռվա կերը, կպահեմ ու երեխաներս էլ թարմ կաթ ու մածուն կունենան»:

    Հինգերորդ ընտանիքը, որին օգնեց Թոնի Հալեպլին ՙ կանադական Ատկեն Արմենիան հիմնադրամի միջոցով, Ստեփանյան Թանգուհին է, ընտանիքի անդամների թիվըՙ 6, ունի 4 անչափահաս երեխա: Ստացել է 6 գոճի եւ 4 ամսվա համար կեր: Ընտանիքը տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Վան գյուղից:

    Շնորհակալություն ենք հայտնում հովանավորներին, աջակիցներին, որոնք մեկտեղված աշխատում են սիրով եւ անտարբեր չեն պատերազմի պատճառով տեղահանված մարդկանց ճակատագրերի նկատմամբ:

    Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան Մշակութային միության Կենտրոնական վարչությունը կոնկրետ ծրագրերի տեսքով ջանում ու հաջողում է ուշադրության կենտրոնում պահել պատերազմի պատճառով Արցախից տեղահանված ընտանիքներին: Կազմակերպությունը ձգտում է հնարավորինս օգնել նրանց հաղթահարելու կյանքի դժվարությունները եւ լցվելու լավատեսությամբ:

    Ամերիկայի եւ Կանադայի ԹՄՄ Հայաստանյան ներկայացուցչություն, ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ, 21.09.2021 թ.

  • ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄ

    ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄ

    Համավարակից ամենաշատը տուժած ոլորտըՙ զբոսաշրջությունը, վերակենդանանում է, Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է անվճար պատվաստումով:

    Երեւանում օրեր շարունակ հերթեր են պատվաստման շրջիկ կետերի մոտ: Հերթերում մեծամասնությունը Իրանի քաղաքացիներ են: Իրենց երկրում պատվաստանյութի սակավության պատճառով հարեւան երկրի քաղաքացիների մի մասը որոշել է Հայաստանում ստանալ կորոնավիրուսից պաշտպանող ներարկումը: Հայաստանը 1 պատվաստանյութի համար վճարում է մոտավորապես 20-30 դոլար, իսկ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում, միջին օրական հաշվարկով ծախսում է 70-100 դոլար,կարելի է ասել, որ պատվաստումային զբոսաշրջությունն արդյունավետ է:

    Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի եւ թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշում է, որ աշխարհում նոր տերմին է շրջանառվում` պատվաստումային զբոսաշրջություն: Եվ մի շարք երկրներ արդեն իսկ օգտվում են նման հնարավորություններիցՙ աշխուժացնելով այն ոլորտը, որն ավելի շատն էր տուժել հենց համավարակի շրջանում:

    «Վերջին շրջանում հատկապես նկատվում է Իրանից ժամանած քաղաքացիների հոսք: Դա խոսում է այն մասին, որ կա հետաքրքրություն պատվաստման նկատմամբ, ինչը կարող է խթան լինել համավարակից ամենաշատը տուժած ոլորտիՙ զբոսաշրջության ակտիվացման հարցում»,-ասում է Այվազյանը:

    Հուլիսի 15-ից երկրում գործում է պատվաստվելու պարտադիր պայմանՙ դեղաչափը հնարավոր է ստանալ միայն 10 օր երկրում մնալուց հետո: Գայանե Այվազյանի խոսքով, տասնօրյա ժամկետն իզուր չէ սահմանված: Նպատակն է ավելի համակարգված մոտենալ հարցին եւ խթանել զբոսաշրջությունը: Եվ այս նոր փոփոխությունը հնարավորություն է տալիս զբոսաշրջային ընկերություններին փաթեթներ ձեւավորել, 10 օր եւ ավելի Հայաստանում մնալու պարագայում հնարավորություն տալ ոչ միայն շրջագայել, այլեւ անվճար պատվաստվել ու վերադառնալ: Ինչը կարող է նոր խթան հանդիսանալ ոլորտի համար:

    Երեւանում պատվաստումային շարժական կետերը տեղակայված են Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երեւանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) եւ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքներում, ինչպես նաեւ Դալմա Գարդեն մոլ եւ Մեգամոլ առեւտրի կենտրոններում:

    Հյուսիսային պողոտայում տեղակայված քովիդի դեմ պատվաստում իրականացնող կայանի մոտ հերթեր են: Իրանի քաղաքացիները շտապում են պատվաստվել: Իրավիճակը պարբերաբար լարվում է, երբ մեկը փորձում է հերթը խախտել: Խոսում են բոլորը ու միաժամանակ, բայց նույն խնդրի մասինՙ իրենց պատվաստվելու հերթի :

    «Եկել ենք այստեղ պատվաստվելու, քանի որ մենք չունենք բավականաչափ պատվաստանյութ, մեզ մոտ առաջնային պատվաստում են տարեցներին, իսկ երիտասարդները պետք է սպասեն: Պատվաստվում եմ իմ կյանքի, ընտանիքիս կյանքի համար»,- ասում է Իրանի քաղաքացի Հոսեինը:

    Շարժական կետի աշխատակիցները տեղեկացնում են, որ իրենց մոտ հիմնականում արտասահմանցիներ են գալիս, իսկ Հայաստանի քաղաքացիները պոլիկլինիկաներ են գնում:

    «47 հոգու պատվաստել ենք, որից 35-ը արտասահմանցիներ են եղել: Հայաստանցիները մասսայաբար չեն ուզում պատվաստվել, որովհետեւ դեռ չեն գիտակցում այս վարակի նենգությունը: Մինչեւ այսօր ՀՀ-ում պատվաստվել է բնակչության 5,3 տոկոսը: Այս առումով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում վերջին տեղում մնալ»,- մեզ հետ զրույցում ասում է թերապեւտ Արմինե Սահակյանը :

    «Ալերգիկ ռեակցիաների մասին պետք է մտածել, եթե ամեն ինչ կատարվում է հիվանդանոցային պայմաններում, պոլիկլինիկաների հարմարեցված կաբինետներում կատարվածը հաջողվում է վերահսկել: Հիվանդանոցային պայմաններում հնարավոր կլինի խուսափել կողմնակի բարդություններից, իսկ շրջիկ կայանների հարմարությունները դժվար թե կարողանան ապահովել այդ ամենի իրականացումը»,- նշեց թերապեւտը եւ ավելացրեց. «Շրջիկ կայանները չունեն հարմարություններ, բայց հանուն պատվաստանյութերի սպառմանՙ աչք են փակում այս կարեւոր հարցերի վրա, անտեսելով բարդության վտանգը»:

    Հայաստանում այս պահին Քովիդ-19-ի դեմ կիրառվող պատվաստանյութերից չինական CoronaVac-ը սպառվել է, հասանելի է միայն երկրորդ դեղաչափը ստացոողների համար: Շարունակվում են կիրառվել բրիտանա-շվեդական AstraZeneca-ն ու ռուսական Sputnik V-ն: Առաջիկայում կառավարությունը շուրջ 72 միլիոն դոլարի պատվաստանյութեր կգնի Cinopharm եւ ամերիկա-գերմանական Pfizer ընկերություններից: Արդեն աշնանը Հայաստանը ձեռք կբերի նաեւ մեկ ներարկմամբ կիրառվող ամերիկյան Johnson & Johnson-ի 50 հազար դեղաչափ պատվաստանյութ, եւս 300 հազար դեղաչափՙ Novavax-ի արտադրության պատվաստանյութ:

  • ԵՐԲ ԶՎԱՐՃԱՆՔԻ ՄԻՋՈՑԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է…

    ԵՐԲ ԶՎԱՐՃԱՆՔԻ ՄԻՋՈՑԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է…

    «Պրիվեծիկի բոլորին», «Պրիվետ պուպսիկի», «Մատդ ծալիր, եթե…», «Սիրելի հետեւորդներ, եթե ուզում եք դիտել շարունակությունը, ապա օգնեք հասնեմ 10 մլն հետեւորդի».

    Այս եւ նման արտահայտությունները քեզ համար կլինեն անհեթեթ ու անտրամաբանական, եթե կյանքում նույնիսկ մեկ անգամ չես օգտվել Տիկտոկ հավելվածից:

    Տիկտոկը «ծնվել է» 2016թ. սեպտեմբերին, մեկ տարի անց այն դառնում է ամենաշատ ներբեռնված հավելվածներից մեկը: Չինական հավելվածի օգտատերերի մեծ մասը հնդիկներն են, իսկ երկրորդ հորիզոնականում ամերիկացիներն են, Հայաստանն այս ցուցակում առաջատար չէ, բայց հարյուրավոր հայ օգտատերեր ամեն օր ակտիվորեն հոլովակներ են նկարում իրենց հետեւորդների համար:

    «Տիկտոկում գրանցվել եմ 2019թ. ամռանը, երբ համալսարանում ավարտել էի քննություններս եւ անելիք չունեի: Շրջապատումս շատերն էին խոսում հավելվածից, ու քանի որ տեղյակ չէի դրա գործառույթերի մասին, ինձ այլմոլորակային էի զգում եւ որոշեցի ուղղել սխալս»,-մեզ հետ զրույցում պատմում է Տիկտոկյան օգտատեր Մանեն, ապա ավելացնում, որ հավելվածում մեծ մասամբ ներկայացնում է իր առօրյան. «Սկզբում հետեւորդներս շատ քիչ էին, բայց հիմա նրանց թիվը հասնում է մոտ 22 հազարի»:

    Տիկտոկում հոլովակ տեղադրելու համար յուրահատկություններ պետք չեն, ընդամենը պետք է ունենալ սմարթֆոն, ապա կանգնել կամ նստել տեսախցիկի առաջ ու ներկայանալ. ոմանք կիսում են իրենց խոհարարական գաղտնիքները, ոմանք պարում են, նվագում կամ նմանակում անում, ոմանք էլ ուղղակի ներկայացնում են իրենց առօրյան, իսկ շատերն էլ դրա միջոցով գումար են վաստակում:

    Ինչպես մնացած սոցցանցերում, Տիկտոկում նույնպես, գրեթե անհնար է վերահսկել այն ահռելի բովանդակությունը, որի սպառողները երեխաներ ու դեռահասներ են: Այստեղ օգտատերը կարող է բախվել ամենաբացասական բովանդակություն պարունակող հոլովակի հետ:

    «Երեխաս հաճախ ինձ 18+ բնույթի հարցեր էր տալիս, իսկ ես սկզբում չէի հասկանում, թե որտեղից այդ ամենի մասին գիտի: Հետագայում, երբ հարցրեցիՙ ասաց, որ մամ, Տիկտոկի մեկնաբանություններից մեկում է կարդացել, եւ ուզում է իմանալՙ ինչ է նշանակում»,- ասում է 11-ամյա Կարենի մայրը:

    Չնայած, որ հավելվածը նախատեսված է 12-ից բարձր տարիքային խմբի համար, այնուամենայնիվ այնտեղ իրենց հաշիվներն ունեն անգամ յոթ-ութ տարեկան երեխաները, որոնք չգիտակցաված քայլերի պատճառով, թե՛ օնլայն հարթակում, թե՛ իրական կյանքում արժանանում են ծաղրի ու վիրավորանքների: Տեսնելով Տիկտոկում անչափահասների ստեղծած «հարթակը», ականատես ենք լինում երեխաներիՙ տարիքին անհամապատասխան նկարների ու տեսանյութերի տարածմանը:

    Տիկտոկում երբեմն տարածվում են տիկտոկյան լեզվով ասածՙ lifehack-եր կամ փորձարկումներ, որոնք կրկնելու դեպքում հնարավոր է ինքդ քեզ կամ դիմացինին վնաս հասցնես կամ էլ անիմաստ ժամանակի կորուստ ունենաս: Դրանք կայծակնային արագությամբ են տարածվում հատկապես դեռահասների շրջանում:

    «Մի անգամ Տիկտոկում տեսա, թե ինչպես է մի տղա ձեռքի վրա փրփուր լցնում ու այրում, որի միջոցով գեղեցիկ վիդեո է ստանում, որոշեցի ինքս էլ փորձել»: Եվ մինչ 17-ամյա Անահիտը կհասցներ հարմար տեղավորվելՙ նրա մազերը բռնկվեցին եւ այդ փորձից իրեն «նվեր» մնացին այրված մազերը:

    Տիկտոկ սոցիալական ցանցը «մագնիս է» մանկապիղծների համար: Դեպքեր են եղել, երբ կեղծ օգտատերերը երեխաների հետ շփվել են հավելվածի միջոցով, երեխաները կիսամերկ նկարներ են ուղարկել, ապա այն հրապարակելու սպառնալիքով իրենցից պահանջել ու ստացել են գումար:

    36-ամյա Միլենան ծրագրավորող է եւ վերջին տարիներին սկսել է ուսումնասիրել Տիկտոկյան հարթակը.«Տիկտոկը բացարձակ անվտանգ տեղ չէ, այն էլ երեխաների համար: Այնտեղ կարող է նաեւ սեռական ոտնձգություն լինի: Ամեն ծրագիր, որը թույլ է տալիս նամակ գրել, կարող է օգտագործվել հանցագործների կողմից: Տիկտոկը չունի անվտանգության այնպիսի խիստ պահանջներ, որոնք պարբերաբար ջնջում են հավանական վտանգավոր հաշիվները: Մանկապիղծները սիրում են նայել պարող ու երգող երեխաներին»:

    Հոգեբան Անի Խուդոյանի պնդմամբՙ Տիկտոկն առաջին հերթին ազդում է երեխայի ու դեռահասի արժեհամակարգի վրա: Տեղի է ունենում բացասական վարքի կրկնօրինակում, ժամանակի անիմաստ կորուստ եւ կախվածության առաջացում:

    Մասնագետների կարծիքով դպրոցներում պետք է երեխաներին դասավանդեն Մեդիագրագիտություն առարկան, որի միջոցով երեխային կբացատրենՙ ինչպես պետք է օգտվել սոցցանցերից եւ ինչպես պետք է ներկայանալ մեդիա հարթակում:

    Այսպիսով կարող ենք ասել, որ Տիկտոկը լինելով ժամանցային հավելված, իր մեջ պարունակում է նաեւ այնպիսի բովանդակությամբ հոլովակներ, որոնք վտանգ են ներկայացնում եւ հոգեբանական վնասներ են հասցնում հատկապես երեխաներին ու դեռահասներին:

  • ՇՓՈԹՎԱԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՆԱՄՅԱԿԻՆ

    ՇՓՈԹՎԱԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՆԱՄՅԱԿԻՆ

    Շուրջ 150 տարի առաջ, երբ հայ ժողովուրդը հայտնվել էր իր պատմության հերթական բախտորոշ կեռմանում, անհրաժեշտություն առաջացավ նրա գոյության իրավունքն այս անգամ էլ պաշտպանել դիվանագիտության խորխորատներում: Ինչպես հայտնի է, այդ առաքելության ղեկավարը Խրիմյան Հայրիկն էր, որը հետագայում դառնացած ասում էր, որ երբ գնացի Բեռլինի վեհաժողով` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ եւ առաջ պետք է ունենալ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈԻ իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երեւի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ եւ արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջեւ բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարեւորը, որ ես հասկացաՙ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում…

    Այսօր, դարուկես հետո էլ, մենք ոչ միայն քրտնաջան տերեր ենք փնտրում, վիճում այս կամ այն հավանական տիրոջ առավելությունների ու վնասակար լինելու հարցում, այլեւ հաճախ աջ ու ձախ մեղադրում ենք նրանց, ոչ ավել ոչ պակաս, դավաճանության մեջ: Իսկապես խենթանալ կարելի այս տեսակ ու այսքան տեւական, առանց չափազանցությանՙ դարավոր կայուն ու անփոփոխ համառության, անուղղելի մանկամտության համար: Իրավ է ասված, որ հայ ժողովուրդը յուրահատուկ, շատ ու շատ բաներում առաջինը եղող ժողովուրդ է: Այլ բացատրություն ուղղակի չկա:

    Մի տարօրինակություն էլ ունենք. դարեր շարունակ ինքներս մեզ կոչ ու քարոզ ենք անում լինել միասնական եւ ուժեղ: Բայց չէ՞ որ ուժեղներին սովորաբար չեն սիրում, քանի որ նրանք չեն կարող վերահսկվել: Ուժեղները լսում են իրենց ներքին ձայնին, գիտեն ինչի են արժանի եւ պատրաստ չեն հրաժարվել դրանից: Նրանք ունեն ուժեղ արմատներ, որոնք չեն կարող պոկվել կամ քայքայվել: Անհնար է ոչնչացնել նրանց երկաթյա ինքնասիրությունը, բարոյականությունը եւ հավատը իրենց հանդեպ: Հզորները կարողանում են դիմակայել ցանկացած ճշմարտության, ճակատագրի հարվածներին, նույնիսկՙ դավաճանությանը: Նրանք սովորում են, թե ինչպես վերքերը վերածել իմաստության եւ վայելել կյանքըՙ հոգու խորքում պահպանելով գեղեցկությունը, քնքշությունը եւ հավատը հաղթանակի նկատմամբ:

    Հետո էլ ուժեղները չեն կանգնում ուրիշների ճանապարհներին, առեւտուր չեն անում հայրենիքով, երջանկությամբ, ոչ մեկից եւ ոչ մի դեպքում սեր չեն մուրում: Բայց եթե Աստված այդ զգացողությունն ուղարկի նրանց, նրանք դա ընդունելու են որպես հիանալի նվեր եւ երբեք չեն դավաճանի ո՛չ այդ սիրուն եւ ո՛չ էլՙ իրենց սիրելիին: Նրանք ապրում եւ գործում են ազնիվ, չեն կեղծում իրենց պատմությունը, ուրիշներին չեն սովորեցնում ինչպես ապրել, այլ գերադասում են խորանալ եւ զարգանալ հենց իրենք իրենց մեջ: Պատասխանատու են իրենց ասածի եւ արածի համար, եւ ընկնելու դեպքում էլՙ իրենք միայն իրենց են մեղադրում եւ, որ ամենակաեւորն է, դասեր են քաղում թույլ տված սխալներից: Ուժեղները բոլորից հուսալի են: Նրանց չեն կարող շեղվել իրենց սկզբունքներից, թույլ չեն տա իրենց կամքին հակառակ ինչ-որ բան պարտադրեն, իրենք էլ են խուսափում պարտադրել որեւէ բան որեւէ մեկին: Նրանք գիտեն նաեւ ինչպես ու երբ հեռանալ, ինչպես ընդմիշտ հրաժարվել վնասակար գաղափարներից: Երբեք խորհուրդ չի տրվում փորձության ենթարկել նրանց նվիրվածությունը, զգացմունքները, բնավորությունն ու համբերությունը:

    Ուժեղների հետ կարողանում են մնալ միայն ուժեղները….Արդ, հարկավոր է նախ հասկանալ, մեկընդմիշտ ըմբռնել այս պարզ, բայց իրավացի ու բոլոր պարագաներում իրենց արդարացնող գաղափարները, հետո այնքան ուժեղ լինել, որ հնարավոր դառնա ուժեղների հետ մնալ:##

    Անկախ պետականությունը ցանկացած ազգի հավաքական աշխարհայացքի բաղձալի գագաթնակետն է: Մենք էլ 30 տարի առաջ ազատ կամաարտահայտությամբ ընտրեցինք այդ ճանապարհը: Այսօր էլ մեր վիճակը կարող էր ավելի լավը լինել, ինչու չէ, նաեւՙ շատ ավելի լավը: Իհարկե, կարող էր նաեւ ավելի վատը լինել, քան կա այսօր (սրանից վատից Աստված հեռու պահի): Ինչ որ է: Այսօր նշենքՙ փառք բոլոր նրանց, ովքեր այդ ճանապարհին իրենց կյանքը զոհեցին: Շնորհակալություն նրանց, ովքեր անշահախնդիր իրենց ներդրումն ունեցան այդ նպատակներն իրականացնելու գործում: Միայն անձնական շահի համար գործածների մեղքն էլ իրենց վիզը: Շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի առթիվ եւ մաղթում, որ Աստծո կամոք մեր հավաքական երազանքների Հայաստանը օր առաջ իրականություն դառնա…

    Այսօր լրացավ Հայաստանի անկախության վերականգնման կամ, որ նույնն է, Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման 30-մյակը: Բարդ ու հակասական եղան այդ երեսուն տարիները: ՀՀ անկախության գործընթացն ընթացավ 1988թ. սկզբնավորված արցախյան շարժման զուգորդությամբ, շարժումՙ որն աստիճանաբար վերածվեց ազատագրական պատերազմի: 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված անկախության մասին «Հռչակագիրը» մատնանշեց այն քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ուղենիշները, որոնց հիմքով պետք է վերակերտվեր անկախությունը: Իսկ սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեին ժողովուրդը գնաց միակամ, այն համոզվածութամբ, որ եկել է մեր մեծ երազիՙ ուժեղ, անկախ եւ ազատ Հայսատան կերտելու ժամանակը:

    Սակայն, ստիպված ենք արձանագրել նաեւ, որ, ցավոք, այդ երեսուն տարիների ընթացքում, անկախությունը որպես գերագույն արժեք, պատճառաբանված ու լրջորեն չհիմնավորվեց, տեղ չգտավ մեր ժողովրդի հոգում եւ այդպես էլ մնաց սոսկ կենացի թեմա, մոդայիկ բառաեզրույթ: Ավելին, ժամանակի ընթացքում այդ վեհ գաղափարը գրեթե մոռացվեց, մնաց թերթագրքային մակարդակում, ավելինՙ ոտնահարվեց հետեւյալ պատճառներով.

    1. Արցախյան պատերազմում մեր հաղթանակը, 1991-98թթ. վարված արտաքին ճկուն քաղաքականությունը, որն ընթանում էր մեր ինքնուրույնության ամրապնդման, արցախյան խնդրի արժանապատիվ լուծման ճանապարհով, կտրուկ շրջադարձ կատարեց դեպի պարտվողական ուղին, առավելապաշտությունը կամ ավելի ճիշտՙ դրա քողի ներքո իշխանության հասնելու բուռն ցանկությունը, Արցախին դուրս մղեց բանակցային գործընթացից:

    2. 1998 թվականից սկսած այն անձինք, որոնք իշխանության եկան Արցախի խնդրի շահարկումով, բանակցություններ վարեցին դարձյալ փոխզիջումների, ավելինՙ զիջումների ճանապարհով: Նրանք նաեւ ժողովրդին ներշնչում էին այն թյուր համոզմունքը, որ հայոց բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, սակայն երկու տասնամյակից ավելի հայոց մայրերի սրտերում իշխեց տագնապն ու անհանգստությունը, որ հանկարծ չլսի սեփական զավակի կորստի բոթը: Արցախի խնդիրը ծառայեց որպես իշխանություն պահելու միջոց եւ ամեն անգամ ներքին հակաիշխանական շարժումների դեպքում մատնանշվում էր արտաքին հարձակման վտանգը: Ինչպես նաեւՙ իշխանության հասնելու միջոցՙ իշխանություններին քննադատելով այդ խնդրում զիջումների կամ նույնիսկ դավաճանության գնալու կարգախոսներով:

    3. Բանակի եւ Արցախի ամրապնդման քողի տակ մսխվեցին միլիարդավոր ֆինանսական ռեսուրսներ, Հայստանում ձեւավորվեց քրեաօլիգարխիկ համակարգ, որն հարստանում էր հայրենասիրության շահարկմամբ, առավելապաշատության մարմաջով, անտեսելով Ադրբեջանի օրեցօր ուժեղանալու հանգամանքը եւ քաջությունը չունենալով կամ հատուկ չհայտարարելով այն մասին, որ բանակցում են միայն ու միայն հողեր զիջելու շուրջը եւ միանգամայն անխուսափելի էր, որ դա ընթանում էր երկրի համատարած թալանի եւ կողոպուտի պայմաններում:

    4. Մեր հարեւանների հետ նորմալ դիվանագիտության հարաբերություններ ձեւավորելու գործընթացն աստիճանաբար վերածվեց նրանց հետ ստիպողաբար հարաբերությունների գնալու գործընթացի, քանի որ այդպես էին պահանջում մասնավորապես Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը:

    5. Այդ ամենի արդյունքում, արդեն մեկ տարի առաջ սկսված պատերազմը մեզանից խլեց մի ամբողջ սերունդ, լրիվ հողին հավասարեցրեց անկախության վեհ գաղափարը, որի մասին նույնիսկ արդեն ոմանք խոսում են քամահրանքով: Արցախի գրեթե 75 տոկոսը մնաց մեր թշնամուն:

    Բայց եղածն արդեն անցյալում է, անկախությունն էլ, անշուշտ, պետք է նշվեր, առանց ավելորդ ցուցամոլության եւ ամպագորգոռ ճառերի, մեր նահատակների առջեւ խոնարհումով եւ այն ազգային անվտանգության հայեցակարգի մատուցումով, որը պետք է տանի նորից անկախության նկատմամբ հավատի վերականգնմանը եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդմանը: Ստեղծված պայմաններում դա դյուրին գործ չէ եւ պահանջում է համախմբում, դավաճանական ձգտումների բացառում, փոխադարձ հարգանք, մեկը մյուսի նկատմամբ սեր եւ հանդուրժողականություն: Եկել է ժամանակը, որ թոթափենք ատելությունը, սխալ ենքՙ հեռանանք, թերի ենքՙ լրացնենք մեկս մյուսին: Մեր գործած սխալները չբարդենք ուրիշների վրա: Վերջնականապես չդառնանք մեծերի քաղաքականության կցորդը, չապրենք ողորմության ձեռք մեկնելով: Հաղթում է նա, ով ունի կամք, ունի խելք. այդ դեպքում ուժն ինքնաբերաբար կգա: Շնորհավոր անկախության տոնը, հոգեկան անդորր, արիություն եւ սեր մեր ժողովրդին, որին հիմնական ուղղորդողը հայ քաղաքական միտքը պետք է լինիՙ անցյալի դասերով հղկված եւ կոփված: Փառք անկախության բոլոր նահատակներին: Խոնարհում նրանց եւ ապրող հերոսներին:

    Եկեք չմոռանանք, որ ինչպես իրավամբ ձեւակերպել է պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը , մենք միշտ ասում ենք` Հայրենիքը մեր մայրն է, մեր ծնողն է: Բայց այսօր անհրաժեշտ է փոխել բեւեռները եւ ասել, որ ՀԱՅՐԵՆԻՔԸՆ ՄԵՐ ԶԱՎԱԿՆ Է, իսկ հայ մարդն իր զավակին երբեք չի լքել եւ չի լքի… Հայ մարդն ամուր է, առաքելություն ունի այս աշխարհում նախ եւ առաջ իր միասնականությամբ, քանի որ «Ցեղն է միայն ընդունակ դնել հավիտենական, սրբազան եւ զորավոր նպատակ: Ցեղի հավիտենական խնդիրը Հայրենիքն է: Ցեղի համար դա ո՛չ թե շահագործելի հող է եւ ավելի լավ ապրելու միջոց, այլ` էության պահանջ» ( Հայկ Ասատրյան ): Իսկ անկախությունն իսկապես բացարձակ արժեք է եւ անգամ այս դժվարին պայմաններում անկախությունը քննարկման կարիք չունի: Դա, ինչպես հաճախ կրկնում էր Վազգեն Սարգսյանը , մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է: Այդ ամեն ինչի հավաքականությունն է անկախությունը:

    Շնորհավորում եմ անկախության երեսամյակը: Միանում այդ առիթով հնչած անկեղծ, հոգու խորքից ու գիտակցված բոլոր մաղթանքներին:

    21.08-21.09.2021

  • ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՏՈՆԸ

    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՏՈՆԸ

    Հայ առաքելական եկեղեցին սեպտեմբեր ամսի վերջին շաբաթ օրը նշում է Սուրբ Գեւորգի տոնը: Սակայն շատերը չգիտեն, թե ով է եղել եւ ինչ պատմություն ունի Սուրբ Գեւորգը: Նա հույն ինշխան եւ մեծ զորավար է եղել,ծնվել է 3-րդ դարում, Կապադովկիայում: Մանկությունը անցել է Պաղեստինում, ընտրել է զինվորական ասպարեզը եւ ցուցաբերած բացառիկ քաջության շնորհիվ կարճ ժամանակում դարձավ հազարապետ` 30 տարին չբոլորած:

    Հռոմեացի կայսր Դիոկղետիանոսը, որ հալածում էր քրիստոնյաներին,նրանց դեմ խիստ հրովարտակ է արձակում, որով` այն քրիստոնյաները, որոնք հանձն չէին առնում զոհվելու հանուն բազմաստվածության, պետք է մեռնեին չարաչար մահով:

    Սակայն Սուրբ Գեւորգը հրապարակայնորեն պատռեց կայսեր հրովարտակը, արհամարհելով եւ ծաղրելով առաջիկայում սպասվող չարչարանքները, որոնց պիտի ենթարկվեին քրիստոնյաները: Այդպիսով նա օրինակ հանդիսացավ հավատացյալների համար` հանուն ճշմարտության նահատակվելու քարոզը գործով իրականացնելով:

    Կայսրը անձամբ ճանաչելով Գեւորգին, հորդորում է նրան ուրանալ քրիստոնեությունը, խոստանալով մեծամեծ պարգեւներ ու պաշտոններ, սակայն ապարդյուն: Սուրբ Գեւորգը իր հավատքի զորությամբ եւ հոգու արիությամբ, դառնում է բազմաթիվ հեթանոսների դարձի եւ քրիստոնյաների առավել ամուր հավատ ունենալու պատճառ:

    Սուրբը կրում է բազում հալածանքներ եւ չարչարանքներ, որոնցով փորձում են հավատափոխ անել նրան, սակայն ոչ մի արդյունքի չհասնելովՙ կայսեր հրամանով նրան գլխատում են:

    Մեկ այլ պատմության համաձայն` Սուրբ Գեւորգը գնալով կռատուն մեկ առ մեկ ջարդում է բոլոր կուռքերը, ցույց տալով դրանց կեղծ եւ սին լինելը: Ասում են հենց այս արարքից հետո է կայսրը գլխատել տվել Գեւորգին: Վերջինիս գլուխն ամփոփված է Հռոմիՙ նրա անունը կրող եկեղեցում:

    Գեւորգի պատկերը հետագայում դառնում է հռոմեական կայսրերի զինանշանը: Նա համարվում է Անգլիայի պահապան սուրբը, իսկ միջնադարում հանդիսանում էր հայոց թագավորների եւ զորականների հովանավորը, քանզի նրանք մեծ հավատ էին տածում Գեւորգի զորության հանդեպ: Նույնիսկ կա պատմություն այն մասին, թե ինչպես է Սուրբ Գեւորգը իր զորությամբ օծում Անդրանիկ զորավարին եւ հենց դա է դառնում պատճառ, որ Անդրանիկն անխոցելի էր թշնամու կողմից:

    Սուրբ Գեւորգը, որ ամենից շատ մեծարվող սրբերից մեկն է Կաթոլիկ, Ուղղափառ եւ Հայ առաքելական եկեղեցիներում, իր կյանքով պատգամում է քրիստոնյաներիս ընդդիմանալ չարինՙ Աստծո օրհնությամբ հաղթահարելով բոլոր առկա խնդիրները:

    Եկեղեցական սրբապատկերներում Գեւորգը ներկայանում է սպիտակ ձիու վրա` նիզակով վիշապին սպանելիս: Վիշապը մարմնավորում է Չարությունը, որի դեմ պայքարեցին Քրիստոսի քաջարի նահատակները:

    Սուրբ Գեւորգ զորավարի տոնի առթիվ պատարագ է մատուցվում նրա անունը կրող` Նորագավթի, Մուղնիի, Մասիսի, Մարմաշենի եւ Կանաչուտի եկեղեցիներում:

    Այս ծանր ժամանակներում, որում ապրում ենք մենք եւ որը պատել է ողջ աշխարհը,պետք հնարավորինս կապված լինենք սեփական կրոնի եւ եկեղեցու հետ եւ թույլ չտանք,որ այդ ամուր կապերը փորձեն արձակել դավադիր ուժերը:Հարկավոր է քաջատեղյակ լինել սեփական կրոնի պատմությանը,անկախ նրանից,որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան դուրս է մնացել դպրոցների կրթական ծրագրից:

    Թող զորավար Սուրբ Գեւորգի աջը զորվաիգ լինի հայոց բանակին եւ հայ զինվորին:

  • ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳ Է ԻՋԵՑՎԵԼՙ ԳՈՎԵՐԳԵԼ

    Անկախության տոնի միջոցառումը

    Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատության բուռն ալիքի ներքո Ազգային ժողովի ամբիոնից ներողություն խնդրեց ու խմբագրեց իր իսկ միտքը (սեփական մտքերը կարճ ժամանակ անց խմբագրելն, ի դեպ, նրա մոտ բնավորության նման մի բան է), թե Անկախության օրը Հանրապետության հրապարակում գունագեղ տոնախմբություն է լինելու, այնուամենայնիվ գունագեղություն եղավՙ Ռուսաստանից պատվիրված հատուկ դրոնների միջոցով: Ըստ մամուլի հրապարակումներիՙ դրանց վարձակալության 10 րոպեն 110 հազար ամերիկյան դոլար արժի: Լուսային էֆեկտներով ոգեշնչող, պետականությանն ու ինքնությանը վերաբերող պատկերներ ստանալը էսթետիկ առումով գուցե հաճելի էր: Հանգամանքը սակայն, թե 10 րոպեի համար 100 հազարավոր դոլարներ են ծախսել դրոնների վրա, ուղղակի ստորացուցիչ է բոլոր այն ծնողների համար, որոնց երեխաները նմանատիպ դրոնների հարվածից են զոհվել:

    Սեպտեմբերի 21-ի միջոցառման ավատրից հետո իշխանության ներկայացուցիչներին, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կառավարական կաբինետից հրահանգ է իջեցվելՙ հնարավոր բոլոր միջոցներով գովեստի խոսքեր ասել ոչ միայն միջոցառման կազմակերպիչներին, այլեւ անձամբ Փաշինյանին: Դա է պատճառը, որ իշխանավորները, մեկը մյուսի հետեւից ու իրար հերթ չտալով, սոցիալական ցանցերում հիացական գրառումներ են անում, գովեստի խոսքեր ասում «ճաշակով» համերգի կազմակերպիչներին ու խոնարհվում վարչապետ Փաշինյանի առջեւ, որ չնայած քննադատություներին, վիրավորական խոսքերին ու անեծքներինՙ չընկրկեց ու համերգը չեղյալ չհայտարարեց: