Day:Օգոստոսի 27, 2021

  • Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանում

    Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանում

    Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանում: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է նախկին վարչապետի ներկայացուցիչը, 84-ամյա քաղաքական գործչի ինքնազգացողությունը բավարար է:

    «Հոսպիտալացումն անհրաժեշտ էր մանրակրկիտ կլինիկական հետազոտություն անցկացնելու համար», – ասել է գործակալության զրուցակիցը:

    Բեռլուսկոնին երեկվանից գտնվում է Սան Ռաֆայելե հիվանդանոցում: Ինչպես նշում է ANSA գործակալությունը, նախկին վարչապետը հերթական հետազոտությունը կանցնի գրեթե մեկ տարի առաջ կրած COVID-19 հիվանդությունից հետո: Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել վաղ փուլում:

  • Սյունիքը հենց հիմա կտրվում է եւ դա ոչ մեկին հետաքրքիր չի

    Քաղաքական գործիր Նաիրա Զոհրաբյանը գրել է.

    2-րդ օրն է ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը, ինչի արդյունքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել է մի քանի գյուղ՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:

    Ռուս խաղաղապահներն են այդ գյուղեր իրենց մեքենաներով հաց ու սննդամթերք տանում:

    Երեկ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը այլեւս ինքնիշխան պետություն չի եւ ի վիճակի չի ապահովել սեփական սահմանների անվտանգությունը։ Ալիեւին, բնականաբար, որեւէ մեկը չպատասխանեց՝ երեւի թե համաձայն լինելով վերջինիս հետ։

    Այս պահին ողջ ծանրաբեռնվածությունն ընկած է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհի վրա եւ Իրանից-Հայաստան, Հայաստանից-Իրան բեռնափոխադրողները այլեւս պիտի անցնեն Տաթեւի ոլորաններով, ինչը շատ դեպքերում ուղղակի հնարավոր չէ։

    Ադրբեջանը, փաստորեն, նախօրեին սարքած սադրանքով, կտրել է Հայաստան-Իրան հիմնական մայրուղին ու դա որեւէ մեկին հետաքրքիր չէ։

    Սյունիքը դադնաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է՝ հացը ռուս խաղաղապահներն են բերում, Հայաստանի հիմնական ճանապարհային զարկերակներից մեկը «գերեվարված է» ու մենք բոլորս խաղաղ նայում ենք պետության վախճանին։

  • ՆԱՏՕ-ում գտնում են, որ Քաբուլը կարող է դառնալ Թալիբանի և ԻՊ-ի մարտադաշտ

    ՆԱՏՕ-ում գտնում են, որ Քաբուլը կարող է դառնալ Թալիբանի և ԻՊ-ի մարտադաշտ

    Քաբուլը կարող է վերածվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և «Թալիբան» արմատական ​​շարժման միջև: Messaggero թերթին տված հարցազրույցում այս ենթադրությունն է արել ՆԱՏՕ-ի խոսնակ, Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Պոնտեկորվոն, ով համակարգում է Աֆղանստանից քաղաքացիական տարհանման գործողությունները:

    Նրա կարծիքով, Քաբուլի օդանավակայանում հարձակումները դեռ պարբերական բնույթ են կրում: «Մոտ ապագայում Քաբուլը կարող է դառնալ ԻՊ-ի և թալիբների միջև մարտի դաշտ», – ասել է դիվանագետը:

    Նա միաժամանակ նշել է, որ «ներկա փուլում թալիբներն ի վիճակի չեն կանգնեցնել ԻՊ-ին» կառավարման որևէ կառույցի բացակայության պատճառով: «Թալիբները ցանկանում են վերականգնել այն, սակայն դա ժամանակ կպահանջի: Եվ հետո նրանք չունեն ամբողջական ու բացարձակ վերահսկողություն տարածքի, ինչպես նաև բավարար թվով մարդկանց վրա», – ասել է դիվանագետը:

  • «Առավոտ»․ Միջպետական ճանապարհը հանձնելու մանդատը

    «Առավոտ»․ Միջպետական ճանապարհը հանձնելու մանդատը

    «Առավոտ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանցի զինծառայողները  Սյունիքում փակել են մեր ամենակարեւոր միջպետական ճանապարհը: Այդ առիթով վարչապետ Փաշինյանը խորհրդարանում նշեց, որ հարցի շուրջ գնում են բանակցություններ, բայց  դեպի Կապան սարերով կան այլ ճանապարհներ: Եվ այդ հպանցիկ անդրադարձից հետո քննարկումն ԱԺ-ում գնաց սովորական սցենարով՝ «բա որ ձեր ժամանակ այսինչը արեցիք կամ այնինչը չարեցիք»:

    Ընդդիմությունն էլ կուլ է գնում այդ օրակարգին, եւ երկու կողմերն էլ շատ արագ շեղվեցին իրենց սիրած թեմաների վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե անգամ 5, 10 կամ 20 տարվա իրադարձություններն են այսօրվա իրավիճակի պատճառը, դա չի չեղարկում այն փաստը, որ Հայաստանի միջպետական ճանապարհը վերահսկվում է հակառակորդի կողմից, ինչը, բնականաբար, լուրջ հարված է թե՛ մեր տնտեսությանը (չմոռանանք նաեւ, որ այդ ճանապարհով Հայաստանը կապվում է Իրանի հետ) եւ թե՛ այնտեղ ապրող մարդկանց շահերին: Դա նաեւ ապացույցն է այն իրողության,  որ Հայաստանի զինված ուժերը, որքան էլ բուռն բարեփոխումների շրջան ապրեն, որեւէ դիմադրություն ցույց չեն տալիս թշնամու ագրեսիվ գործողություններին: Բայց պետք է արձանագրենք նաեւ, որ այդ արտառոց իրավիճակը չի հուզում մեր քաղաքացիների մեծամասնությանը:

    Օրինակ, Սյունիքի մարզի բնակիչները, որոնց կյանքը վտանգի տակ է եւ որոնք անմիջապես տուժում են ներքին շրջափակումից, չեն գալիս Երեւան կառավարության շենքի մոտ ու չեն պահանջում լուծել խնդիրը: Գուցե իրոք մտածում են, որ այստեղ մեղքն ամբողջությամբ «նախկին իշխանությանն» է: Գուցե վերջնականապես հիասթափվել են եւ կամաց-կամաց հավաքում են իրենց ճամպրուկները:

    Թերեւս, ճիշտ էլ անում են, որ չեն բողոքում. թե չէ իշխանությունները կկասկածեն որեւէ համայնքապետի՝ ցույցը կազմակերպելու մեջ եւ նրա դեմ գործ կսարքեն: Եթե այդ մարդիկ (ասենք, Կապանի բնակիչները) չեն բողոքում, ապա մնացած զանգվածից դժվար է ակնկալել, որ նրանք շատ հուզվեն: Չեմ նկատել այդպիսի բան: Դրանից ես կարող եմ եզրակացնել, որ ավելի քան 600 հազար քաղաքացի, հունիսի 20-ին իրենց ընտրությունը կատարելով, իշխանությանը մանդատ է տվել նաեւ այդ միջպետական ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու: Հենց այդ պատճառով է, որ ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ այլ հարթակներում այդ խնդիրը լրջորեն չի քննարկվում: Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են:

    Ի դեպ, ի՞նչ եղավ պաշտպանության նախարարը, որը հրամայել էր կրակել մեր սահմանն անցնող ադրբեջանցի զինծառայողների վրա:

  • Իսկ գուցե Ադրբեջանի իշխանության ձեռքին փաստեր կան, որոնցից սարսափո՞ւմ եք

    Իսկ գուցե Ադրբեջանի իշխանության ձեռքին փաստեր կան, որոնցից սարսափո՞ւմ եք

    Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է.

    Գորիս-Կապան ճանապարհի փակման մասին խոսելիս ՀՀ վարչապետը ԱԺ-ում ասել է, թե ադրբեջանցիները կանգնած են ԽՍՀՄ քարտեզներով իրենց պատկանող հատվածում։ Այլ կերպ ասած’ ունեն ճանապարհ փակելու իրավունք։

    Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է հանրությանը’ ասելով, թե կա այլընտրանքային ճանապարհ, որով հնարավոր է կապվել Կապանի հետ։

    Հասկանում եմ, որ նույնիսկ ամբողջական բլոկադայի դեպքում մենք կգտնենք որևէ ճանապարհ ինչպես Կապան, այնպես էլ Մեղրի, հետո նաև Իրան մեկնելու համար, բայց Հայաստանի վարչապետը արդյո՞ք գիտի, որ ադրբեջանցիների փակած ճանապարհի հույսին են Սյունիքի Որոտան, Շուռնուխ, Դավիթ Բեկ, Կարմրաքար, Արծվանիկ, Կաղնուտ, Չափնի, Սևաքար և Եղեգ գյուղերը։

    Վարչապետը գիտի՞ արդյոք, որ նշածս բնակավայրերը ՀՀ տարածքում են, ընդհանրապես դժգույն չեն, շատ գեղեցիկ վայրեր են, և այնտեղ հայեր են ապրում։

    Ավելին, եթե այս գյուղերի մի մասը դժվարությամբ հասանելի է դառնում Տաթև-Կապան ճանապարհով, ապա Որոտան և Շուռնուխ գյուղերը հայտնվում են ամբողջական շրջափակման մեջ։

    Սա՞ է ձեր խոստացած ամբողջական ապաշրջափակումը, թե՞ սա պետք է, որ էլի տարածքներ տանք «հայրենիքը պետք է զոհաբերվի մարդուն» հիմար սկզբունքով։

    Այսպիսի անողնաշար ու ապազգային պահվածքի պարագայում հայ մարդը չի կարողանա երկար լռել ու կուլ տալ ազգային ամոթը։

    Դուք նոր պատերազմ եք հրահրում ձեր անգործությամբ։

    Իսկ գուցե Ադրբեջանի իշխանության ձեռքին փաստեր կան, որոնցից սարսափո՞ւմ եք։

  • Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ. Աբրահամյան

    Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ. Աբրահամյան

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրել է.

    «Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ։

    Իրականում Ադրբեջանն այս պահին մարտավարական հնարքների մեջ է, սակայն ռազմավարական նպատակներում նրանց համար ամենակարևորը՝ Հայաստանի ամենահարավային հատվածից առանցք ստանալն է։

    Մեղրիի ու Ագարակի ուղղությունն անվտանգային առումով, այսօր առավել քան երբևէ մեզ համար առանցքային է, որտեղ մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու, նախկինում եղած մոտեցումների արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա»։

  • Ադրբեջանը փակել է ճանապարհը մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու համար. Նիկոլ Փաշինյան

    Ադրբեջանը փակել է ճանապարհը մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու համար. Նիկոլ Փաշինյան

    Ազգային ժողոովում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի եւ Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, եւ սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի եւ Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Ըստ նրա՝ այս գործողությունը հակասում է 2020 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններին. «Ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մեր ծառայությունները պետք է զգոն լինեն եւ ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր  նյարդեր են պետք, եւ մենք մեր ռազմավարական գիծը, խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք, առաջ տանենք։ Սյունիքի  ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, եւ մենք այդ ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձեւավորման ուղղությամբ ու շարունակելու ենք աշխատել։ Սակայն Էյվազլի եւ Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող։ Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որեւէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ։ Պատրաստ ենք նաեւ համատեղ հետաքննության Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ»։

    Անդրադառնալով միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման հարցին՝ Փաշինյանն ասաց. «Հիմնանորոգման մեր ծրագրերը, մասնավորապես, Սյունիքի մարզում մինչեւ տարեվերջ Տաթեւ-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի։ Նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պիտի ավարտենք, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար»։

    Ըստ Փաշինյանի՝ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից. «Մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։

    News.am

  • Նորից զինվոր դառնալու խնդրանք

    Նորից զինվոր դառնալու խնդրանք

    Խնդրում ենք եւս մեկ անգամ՝ նորից դառնալ զինվոր, նորից ընդգրկվել հայրենիքի պաշտպանությանը, նորից լավ սովորել, ինչպես արել եք նախորդ ծառայության  ժամանակ, նորից սովորեք զենք բռնելը եւ ձեր ներկայությունն այստեղ հիմք է հանդիսանում, որ մեր խաղաղությունը լինի ամուր ձեռքերում եւ մեր երկիրը լինի պաշտպանված։ Այս մասին ինչպես հաղորդում է «Զինուժը» օգոստոսի 26–ին, եռամսյա վարժական հավաքների մասնակիցների հետ հանդիպմանն՝ ասել է Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։

    Պաշտպանության նախարարը նշել է՝ առավելագույնն է արվելու, որ հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային եւ մարտական պատրաստության միջոցառումներին։

    Նախարարը վստահեցրել է, որ Կառավարության կողմից ամեն ինչ է արվելու, որպեսզի  հավաքի մասնակիցների սոցիալական խնդիրները լուծվեն։ Արշակ Կարապետյանն անձամբ է համտեսել հավաքի մասնակիցների համար նախատեսված ճաշատեսակները. «Փորձեցի, իմ դուրն էլ եկավ»։

     Նախարարը տեղում ծանոթացել է հավաքի մասնակիցների կենցաղ–կացարանային պայմաններին։ Նա հանձնարարել է առավելագույնն անել սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններ  ապահովելու համար։

    Ապա Կարապետյանն այցելել է նորաստեղծ հատուկ զորամիավորում, որի ղեկավար ու ենթակա կազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ–մայոր Արտակ Բուդաղյանին։

    Նախարարը գոհունակություն է հայտնել  քաղաքացիների՝  եռամսյա հավաքի մասնակցությունից։

    «Բավականին լավ ներկայացել են զինկոմիսարիատներ, ոչ մի տեղ ոչ մի խոչընդոտ չի եղել. աա մեզ պարտավորեցնում է։ Այս երեք ամիսն օգտագործեք էֆեկտիվ, այդ մարդիկ պատրաստ են սովորել»,– ասել է նախարարը։

  • Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան՝  Կառավարության շենքի դիմաց

    Անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց

    Անհետ կորածների հարազատները օգոստոսի 26-ի երեկոյան հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց։ Նրանք այնտեղ են գիշերել ու բողոքի ակցիան շարունակում են նաև հիմա։ Պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Անհետ կորածների հարազատները հրաժարվում են ընդունել ԴՆԹ հետազոտության արդյունքները։

  • Էրդողան. «Թալիբան»-ը Թուրքիային առաջարկել է կառավարել Քաբուլի օդանավակայանը

    «Թալիբան» արմատական ​​շարժումը Թուրքիային առաջարկել է զբաղվել Քաբուլի օդանավակայանի քաղաքացիական կառավարմամբ, ուրբաթ ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մամլո ասուլիսի ժամանակ:

    «Թալիբներն առաջարկել են կառավարել Քաբուլի օդանավակայանը: Ո՞ւմ են առաջարկել: Մեզ: Նրանք ասում են, որ իրենք կապահովեն անվտանգությունը, բայց մեզ առաջարկեցին աշխատանքի կառավարումը: Մենք դեռ պատասխան չենք տվել», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: