Day:Հուլիսի 30, 2021

  • Օրինակելի ուսումնական պլաններում մի շարք փոփոխություններ են կատարվել

    Օրինակելի ուսումնական պլաններում մի շարք փոփոխություններ են կատարվել

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միանգամից երկու՝ 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։

    Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ փորձարկումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերից, Հանրակրթության նոր չափորոշիչը կներդրվի բոլոր դպրոցներում, ինչը ենթադրում է, որ դրանից հետո օրինակելի ուսումնական պլաններ չեն հաստատվի։ Ուսումնական պլանը կդառնա յուրաքանչյուր դպրոցի հաստատման ենթակա փաստաթուղթ՝ ուսհաստատությանն ընձեռելով ինքնավարություն։ ԿԳՄՍ նախարարությունը կհաստատի միայն ընդհանուր մեթոդական ցուցումներն ու ուղեցույցը։ Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ դպրոցն ուսումնական պլան հաստատի ամեն տարի, քանի որ շատ կարգավորումներ և մոտեցումներ շարունակական են։

    Բացի դրանից՝ նոր չափորոշչի ներդրումն աստիճանական և դյուրին դարձնելու համատեքստում ուսումնական պլաններում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, փոփոխություն է առաջարկվել թեմատիկ գրավոր աշխատանքներ կազմակերպելու ձևի մեջ․ թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ համավարակի պայմաններում) նախատեսվում է այն կազմակերպել բանավոր՝ աշխատանքի ողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։

    Գնահատման վերաբերյալ փոփոխությունը վերաբերում է գնահատման հաճախականությունը որոշելուն, որով դպրոցներին տրվում է ինքնուրույնություն՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Փոփոխությամբ բանավոր հարցումների, գործնական և թեմատիկ աշխատանքների նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է ուսումնական հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ առաջնորդվելով ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։

    Ստեղծվում են նաև նախադրյալներ առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների սովորողների համար հավասար հնարավորությունների տեսանկյունից։ Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում ֆինանսական միջոցների առկայության դեպքում հնարավորություն է տրվում առաջնորդվել առանձին գործող ավագ դպրոցների տրամաբանությամբ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ։ Արդյունքում՝ դպրոցում նախամասնագիտական ուսուցումն ավելի արդյունավետ է դարձնում միջնակարգ դպրոցում սովորողների ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու և սովորելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղական դպրոցների մեծ մասը միջնակարգ դպրոցներ են, այս կարգավորումը կմեծացնի այդ բնակավայրերի սովորողների՝ բուհեր ընդունվելու և այնտեղ սովորելու հնարավորությունը։

    Հաջորդ փոփոխությունը. «Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանն այլևս կարող է բաժանվել ոչ թե տղաների և աղջիկների խմբերի, այլ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Սա հնարավորություն է տալիս սովորողներին ընտրել այն ուսումնական նյութը և կարողությունները, որոնք ցանկանում են զարգացնել։

    Հնարավորություն է տրվում նաև արվեստի և սպորտի դասաժամերը դասացուցակում բաշխել շաբաթվա նույն օրն այնպես, որ այդ առարկաների ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսական ժամերն իրականացվեն այդ օրվա ընթացքում։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բեռնաթափել ուսումնական շաբաթվա օրերից մեկը և վերը նշված առարկաների ուսուցման համար զույգ ժամերի շնորհիվ ավելացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։

    Մյուս փոփոխությամբ 12-րդ դասարանում սովորողն իր տնօրինմանը հատկացված շաբաթական 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ դպրոցում կամ այլ հաստատություններում, ինչը նշանակում է, որ դպրոցները կարող են արդյունավետ համագործակցություն զարգացնել արտադպրոցական տարբեր հաստատությունների և մասնագիտացված կառույցների հետ՝ հիմքեր ստեղծելով կրեդիտային համակարգի ներդրման համար։

    Դպրոցները, բացի պետական բաղադրիչից, կարող են ներդնել տարբեր առարկաներ, որոնց թվում են արդեն երաշխավորված «Տրամաբանություն», «Ֆերմերային գործ», «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում», «Գրաբար», «Մշակույթի պատմություն», «Արևմտահայերեն», «Ազգագրություն», «Գիտական ճանաչողության հիմունքներ» և այլ առարկաներ։ Առարկաների ցանկին կարելի է ծանոթանալ ուսումնական պլաններում։ Դպրոցներն իրենց նախաձեռնությամբ կարող են մշակել և ներկայացնել առարկայական ծրագրեր և ԿԳՄՍ նախարարության երաշխավորումից հետո սկսել ուսուցանել։

    Հիշեցնենք, որ ՀՀ Տավուշի մարզի փորձարկվող դասարանների ուսումնական պլանն առանձին փաստաթուղթ է․ առաջիկայում կհաստատվեն նաև այդ դասարաններում գնահատման և ֆինանսավորման կարգերը՝ նոր չափորոշչի տրամաբանությամբ փորձարկելու համար։

  • Կառավարության որոշմամբ՝ դադարեցվել է ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի գործունեությունը

    Կառավարության որոշմամբ՝ դադարեցվել է ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի գործունեությունը

    ՀՀ կառավարության որոշմամբ՝ դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

    Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարը պետք է երկամսյա ժամկետում ապահովի մասնաճյուղի՝ օրենքով սահմանված կարգով գործունեության դադարեցման գործընթացը:

    Կառավարության որոշման անհրաժեշտությունը բխում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեության հետագա անհնարինությամբ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա և համապատասխան մասնագետների վարձատրություն: Մասնաճյուղի հիմնական ֆինանսական կայունությունն ապահովվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորման հաշվին․ 2013-2014 ուստարում մասնաճյուղում սովորել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող 20 և վճարովի հիմունքներով 5 ուսանող, 2017-2018 ուստարում մասնաճյուղն ավարտել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող 9 ուսանող, իսկ 2018-2019 ուստարում՝ անվճար 4 և վճարովի հիմունքներով սովորող 5 ուսանող:

    Մասնաճյուղը բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցել «Թատերական արվեստ» մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով (լիցենզիայով նախատեսված է 1-4 կուրսերի համար՝ 9-ական սահմանային տեղ): Վերջին երկու ուսումնական տարում մասնաճյուղում ընդունելություն չի իրականացվել: Ներկայում այնտեղ  սովորում է  չորս ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են: Դասավանդումն իրականացվել է հիմնականում Երևանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով:

    Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշմամբ:

  • Ազգային ժողովում քննարկում են «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը

    Ազգային ժողովում քննարկում են «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը

    Սահմանային գոտիներում տեսալուսանկարահանող ԱԹՍ–ներ օգտագործելու, սահմանային շերտից ներս գործելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանը։

    «Սահմանային գոտիներում տուրիստները, քաղաքացիները լուսանկարներ են անում, լուրջ խնդիրներ են առաջացնում դրանով, դրա համար նախագիծը ընդունելը շատ կարևոր է», – ասել է Մելքոնյանը։

    Սահմանին տեսալուսանկարահանում անելու համար 100 հազար դրամ տուգանք կսահմանվի:

  • Թշնամու ԱԹՍ-ները՝ Հայաստանի խորը թիկունքում՝ սահմանից 30 կմ ներս

    Թշնամու ԱԹՍ-ները՝ Հայաստանի խորը թիկունքում՝ սահմանից 30 կմ ներս

    Թշնամու անօդաչուն հայկական զինուժը ոչնչացրել է Գեղարքունիքի խորը թիկունքում՝ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ Վանեվան գյուղից 3,5 կիլոմետր հյուսիս։

    «Հա, ձեները լսել ենք։ Թշնամուց շատ հեռու ենք, մի 30 կիլոմետր հեռու ենք։ Էս պահին ԱԹՍ-ների ձայներ չկան, ոչ մի բան չկա։ Նորմալ, հանգիստ է»,-Yerkir.am-ին հայտնեց Վանեվան գյուղի ղեկավար Իգր Հարությունյանը։

    Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝  հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

  • Սոբյանինը հայտնել է Մոսկվայում COVID-19-ի հետ կապված իրավիճակի բարելավման մասին

    Սոբյանինը հայտնել է Մոսկվայում COVID-19-ի հետ կապված իրավիճակի բարելավման մասին

    Փորձագետները վերջին շաբաթների ընթացքում նշում են Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի բարելավումը հունիսի երկրորդ կեսի արժեքների համեմատ: Այս մասին ուրբաթ օրը իր բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

    «Վերջին շաբաթներին կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Այս պայմաններում մենք կարող ենք շարունակել աստիճանաբար մեղմել առկա սահմանափակումները», գրել է քաղաքապետը:

    «Զանգվածային պատվաստումների և կանխարգելիչ այլ միջոցառումների շնորհիվ կորոնավիրուսի նոր ախտորոշված ​​դեպքերի թիվը նվազել է 2,2 անգամ, հոսպիտալացումները՝ 1,6 անգամ՝ հունիսի երկրորդ կեսի գագաթնակետային արժեքների համեմատ», գրել է Սոբյանինը:

  • Ուկրաինան հրշեջ ինքնաթիռ կուղարկի Թուրքիա

    Ուկրաինան հրշեջ ինքնաթիռ կուղարկի Թուրքիա

    Ուկրաինան այսօր հրշեջ ինքնաթիռ կուղարկի Թուրքիա՝ աջակցելու Թուրքիայի հարավում անտառները բռնկած հրդեհի դեմ պայքարին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո:

    «Ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնել իմ ընկերոջը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին, լայնածավալ հրդեհների կապակցությամբ: Ուկրաինան Թուրքիային կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Մեր հրշեջ ինքնաթիռը կթռչի Թուրքիա: Այս դժվար պահին ուկրաինացի ժողովուրդը կլինի բարեկամ թուրք ժողովրդի հետ», գրել է Զելենսկին Twitter-ում:

  • Թուրքիայում անտառային 63 հրդեհներից 42-ը տեղայնացվել է

    Թուրք անտառային հրշեջներին հաջողվել է տեղայնացնել 63 հրդեհներից 42-ը: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունը:

    «Ընդհանուր առմամբ, հրդեհներ են գրանցվել Թուրքիայի 21 նահանգներում, այդ թվում՝ Ադանա, Անթալիա, Մերսին և Մուղլու նահանգներում: 42 հրդեհ տեղայնացվել է, իսկ հրդեհաշիջումը շարունակվում է 21 շրջաններում», հայտարարել է նախարարությունը:

  • ՆԱՏՕ-ն ձգտում է Վրաստանում ռազմական հենակետ ստեղծել Ռուսաստանի դեմ. Հարավային Օսիա

    ՆԱՏՕ-ն ձգտում է Վրաստանում ռազմական հենակետ ստեղծել Ռուսաստանի դեմ. Հարավային Օսիա

    ՆԱՏՕ-ն ձգտում է ստեղծել հերթական հակառուսական ռազմական հենակետը Վրաստանի տարածքում: Այս կարծիքը հայտնել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը`մեկնաբանելով Agile Spirit 2021 զորավարժությունները, որոնք Վրաստանում իրականացվում են ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ:

    «Եվ Վրաստանը հույս ունի ՆԱՏՕ-ի անդամ երկրների քաղաքական և ռազմական աջակցության միջոցով բավարարել իր անօրինական պահանջները հարևան պետությունների՝ Հարավային Օսիայի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության տարածքների նկատմամբ», ասվում է գործակալության կայքում:

    Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը զորավարժությունները դիտարկում է որպես վերջին տարիներին ձևավորված տարածաշրջանային կայունության և անվտանգության կառուցվածքը խաթարելու միտումնավոր փորձեր:

  • Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

    Կիմ Չեն Ընը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը

    Հուլիսի 24-ից 27-ը Փենյանում անցկացվեց Կորեայի ժողովրդական բանակի հրամանատարական և քաղաքական կոմիսարների առաջին սեմինարը: ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել ջանքեր գործադրել ստորաբաժանումների մարտունակությունը բարելավելու համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

    «Ներկայումս թշնամական ուժերը համակարգված կերպով զարգացնում են իրենց հնարավորությունները՝ ԿԺԴՀ -ի դեմ կանխարգելիչ հարված հասցնելու համար, ավելացնում են սպառազինությունը և ագրեսիայի նպատակով ակտիվացնում են բոլոր տեսակի զորավարժությունները: Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարելավելու համար», ասել է ԿԺԴՀ առաջնորդն իր ելույթում։

  • Մաքրման աշխատանքների քողի տակ ապամոնտաժվեց վերամիավորված Հայաստանը ու Արցախը խորհրդանշող խճանկարը

    Մաքրման աշխատանքների քողի տակ ապամոնտաժվեց վերամիավորված Հայաստանը ու Արցախը խորհրդանշող խճանկարը

    Պատմաբան Հայկ Դեմոյանը իր ՖԲ էջում գրում է, –

    Երեկ, ավագանու արտահերթ նիստում, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու որոշում է կայացվել։ Հենց այսօր էլ քաղաքապետարանի աշխատակիցների ժրաջան ու անխոնջ աշխատանքի արդյունքում, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում, մաքրման աշխատանքների քողի տակ ապամոնտաժվեց վերամիավորված Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը խորհրդանշող գնդաձև խճանկարը։ Տեղանքը նաև մի լավ ջրվեց, որպես Ադրբեջանին կոմունիկացիաների մոտալուտ տրամադրման ազդարարում․․․

    Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք շուտափույթ կերպով վերականգնել խճանկարը՝ երեք անգամ մեծ չափսերով։