Day:Հուլիսի 9, 2021

  • ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

    ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ԺԱՄԱՆԱԿ ԷԼ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

    II մաս

    Նախորդ հոդվածում գրել էի ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիայի տարածքում ռուսական հատուկ ծառայության ակտիվ գործունեության մասին: Նշել էի այդ պետության հակահետախուզության ղեկավարի հաշվետվության մասին, որտեղ ընդգծվում են ռուսական հետախուզության կողմից ստեղծվող «գլխացավանքները» իրենց երկրում:

    Այս հոդվածում, համեմատության կարգով, կնշեմ մի այլ պետության հակահետախուզության աշխատանքի մասին: Մի պետություն, որը դեռ նոր է պատրաստվում անցնել ՆԱՏՕ-ի շարքերը:

    Խոսքս Վրաստանի մասին է:

    2021թ. ապրիլի 20-ին Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը երկրի պառլամենտին զեկույց ներկայացրեց 2020թ. Վրաստանին նետված մարտահրավերների, ինչպես նաեւ դրանցից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ:

    Հաշվետվությունը հիմնականում վերաբերում է Ռուսաստանի էքսպանսիոնիստական (ընդլայնվող) քաղաքականությանը Սեւ ծովի եւ Կովկասի տարածաշրջանում, որը ըստ վրաց հակահետախույզների խաթարում է ինչպես Վրաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս պետությունների անվտանգությունը:

    Զեկուցելով Ռուսաստանից բխող սպառնալիքների մասին, Վրաստանի հատուկ ծառայությունները ոչ մի բառ անգամ չեն նշում Թուրքիայից եւ Ադրբեջանից սպառնացող «փափուկ» ներթափանցման եւ ընդլայնման վերաբերյալ իրենց երկրում:

    Այդ էքսպանսիան անզեն աչքով դիտվում է Աջարիայում (Բաթումի) եւ Վրաստանի հարավային շրջաններում, որտեղ ամենուր տիրում է թուրքական բիզնեսը:

    Սկզբից դա ընդամենը տնտեսական էքսպանսիա էր, իսկ հետո վերաճեց նաեւ քաղաքական եւ դեմոգրաֆիկ ընդլայնման: Բաթումիի օդանավակայանը գործնականում Թուրքիայի ներքին օդանավակայան է: Էլ չենք խոսում վրացական խանութների մասին, որտեղ լայն սպառման ապրանքները, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքները, լրիվ մատակարարվում են Թուրքիայից: Սրան զուգընթաց վրացական ներքին շուկայում անընդմեջ ավելանում են աշխատանքային տեղերը թուրք աշխատավորների համար, վրացիները գնալով ավելի ու ավելի դժվար են աշխատանք ճարում: Թուրքական էներգետիկ ընկերությունները Վրաստանում կառուցում են խոշոր հիդրոէլեկտրակայաններ, որով լրջորեն վնասում են շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակին: Աջարիայում բոլոր հյուրանոցները եւ տուրիստական օբյեկտները պատկանում են թուրքական բիզնեսին եւ կապիտալին:

    Ադրբեջանը Թուրքիային չի զիջում Վրաստանում ընդայնվելու հարցում: Նույն հյուրանոցային բիզնեսում եւ հատկապես ածխաջրածնային բիզնեսում (վառելանյութեր) Ադրբեջանը բավականին առաջ է գնացել Վրաստանում: Վրաստանի գրեթե բոլոր շրջաններում կարող եք տեսնել «SOCAR» ադրբեջանական ընկերության լիցքավորման կայանները:

    Ընդգծենք եւս մի հետաքրքրական փաստ. եթե հայ համայնքը Վրաստանում գրեթե չի խառնվում ներքաղաքական իրադարձություններին, ապա ադրբեջանական համայնքը ուժեղ ազդեցություն ունի երկրի ներքին անցուդարձի վրա:

    Եվ այսպես, վերադառնանք հակահետախուզության զեկույցին: Այնտեղ նշվում է, որ օկուպացիայի շրջանակներում ռուսական համապատասխան կազմակերպություններն ու գերատեսչությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել «հիբրիդային պատերազմների» գործիքակազմը: Նպատակըՙ վարկաբեկել Վրաստանի պետական ինստիտուտները եւ կառույցները, նիհիլիզմ եւ պեսիմիզմ «ներարկել» վրաց հասարակության մեջ: Եվ ամենակարեւորըՙ արգելքներ ստեղծել եվրոատլանտիկ ինտեգրման գործընթացում:

    Հաշվետվության մեջ որոշակի տեղ է հատկացված նաեւ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմին: Ընդգծվել է, որ դա հատուկ, տարածաշրջանային խնդիր է: Հակահետախուզության տվյալներով Վրաստանում այդ ժամանակաշրջանում ակտիվ աշխատել են «շահագրգիռ խմբեր», որոնց նպատակն էր էթնիկ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ հրահրել: Իհարկե կոնկրետ պետության կամ կոնկրետ անձանց անուններ չեն նշվում: (Եվ չէին կարող վրաց հակահետախույզները նշել թուրքերի եւ ադրբեջանցիների անուններ.- հեղինակ):

    Զեկույցում արտահայտված է նաեւ Վրաստանի պետության բացասական վերաբերմունքը Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների տեղաբաշխման վերաբերյալ:

    Ինչպես եւ գերմանական հակահետախուզության զեկույցում, վրացական զեկույցում նույնպես նշվում է, որ ռուսական հատուկ ծառայությունները ակտիվորեն օգտագործում են ապատեղեկատվությունը եւ կիբեռ հարձակումները Վրաստանի դեմ:

    2020թ. հոկտեմբերին Վրաստանի պետական անվտանգության ղեկավար նշանակվեց Գրիգոլ Լիլիուաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության նախկին պատգամավոր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մտերիմներից:

    2021թ. ապրիիլ 23-ին, Վրաստանի նոր վարչապետըՙ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի արտաքին հետախուզության պետ նշանակեց Գիորգի Լոմիձեին: Վերջինս նախկիում զբաղեցնում էր երկրի ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի պետի պաշտոնը:

    Նշենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության պետըՙ Ալի Նագիեւը, 2021թ. ապրիլի 28-ին շտապ կերպով այցելեց Վրաստան, հանդիպումներ ունեցավ ինչպես վարչապետ Ղարիբաշվիլիի, այնպես էլ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ:

    Մտածելու բան կա…

    (Շար. նախորդ համարից եւ վերջ)

  • ԵՐԲ ԳԵՐԻՆԵՐԸ ՀԵՐՈՍԱՑՎՈՒՄ ԵՆ, ՀԵՐՈՍՆԵՐԸՙ ԼՌՈՒՄ

    ԵՐԲ ԳԵՐԻՆԵՐԸ ՀԵՐՈՍԱՑՎՈՒՄ ԵՆ, ՀԵՐՈՍՆԵՐԸՙ ԼՌՈՒՄ

    «Հրամայում եմՙ ներքեւի ճամապարհով հետ գնացեք, ես ձեր հետեւից գալիս եմ»,- գոչել է կապիտան Արտակ Մարտիրոսյանն ու տղերքի հեռանալուց հետո ձեռքի նռնակը պայթեցրել:

    Արտակը գիտեր, որ թշնամին շատ մոտ է, եթե կրակն իր վրա չվեցնի, բոլոր տղաներն են զոհվելու: Երբ համոզվել է, որ զինվորները հեռացել են, սպասել է թշնամին հնարավորինս շատ մոտենա ու նռնակի օղակը ձգելովՙ մի քանի թուրքի էլ հետն է տարել: Արտակի մարմինը գտել էին պայթյունից ցիրուցան եղած, մասնատված, կողքին էլՙ թշնամու զինվորների մարմիններ:

    19 տարեկան Հայկազը մորը խնդրել էր դաշույն գնել ու իրեն ուղարկելՙ զորամաս: Դաշույնը միշտ իր հետ է եղել, պատերազմի ժամանակՙ նույնպես: Դաշույնը նրա համար էր, որ եթե հանկարծ գերի ընկնելու վտանգ լիներ, Հայկազն ինքն իր կյանքին վերջ տար:

    Հայկազը վիրավորվել էր պատերազմի վերջին օրերինՙ հրետանու կողքին: Նա հասցրել էր թշնամուն ահռելի կորուստներ պատճառել: Հինգ օր Երեւանի հիվանդանոցում պայքարել է ապրելու համար: Ծանր վերքեր էր ստացել. աչքը չկար, ձեռքն ու ոտքըՙ նույնպես: Հայկազը կիսատ մարմնով ապրել չէր կարող, այդ գիտակցումով էլ արհեստական շնչառության սարքն իր իսկ ձեռքով անջատել է:

    Մի կին Ֆեյսբուքում գրել էր Հայկազի մորը. «Երանի՜ տղադ գերի ընկած լիներ, թեկուզ ադրբեջանցիների մոտ լիներ հիմա, բայց ողջ կլիներ»: Հայկազի մայրը չէր պատասխանել նրան: Պատասխանել էին Հայկազին ճանաչողները. «Հայկազը գերի ընկնող տղա չէր»:

    Վաչագանը պահել է ընկերների թիկունքը, որ նրանք դուրս գան շրջափակումից: Չորս հոգով են եղել: Չորսով իրար են նայել, հայացքով միմյանց հրաժեշտ տվել ու կրակն իրենց վրա վերցնելովՙ փրկել զինակիցներին:

    Ազատն ու Մանվելը երդվել ենՙ ինչ էլ լինի, թեկուզ կյանքի գնով, Կողակ բարձունքը պահելու են: Մերձամարտերի ժամանակ թշնամուն ոչնչացրել են, բարձունքը չեն հանձնել: Թշնամին տեսել է, որ տղերքը շատ պինդ են, ստիպված օդային զենքեր է կիրառել:

    Պատերազմի հերոսապատումներն անթիվ են: Գրեթե բոլոր տղաների տանըՙ իրենց փառքի անկյուններում, մի հատիկ փամփուշտ է դրված: Տղերքն իրենց հարազատներին չեն ասել, որ վերջին փամփուշտը հագուստի գաղտնի անկյունում պահում են իրենց համար: Զոհվելուց հետո հարազատները զինգրքույկի, աղոթագրքի ու մի քանի նամակների հետ այդ մի հատիկ փամփուշտն էլ են գտել հագուստի միջից:

    Վերջին փամփուշտն իրենց համար պահելու ավանդույթը սերնդեսերունդ մեզ է հասել հայ ֆիդայիներից, որոնք Արեւմտյան Հայաստանի գյուղերի ու քաղաքների ինքնապաշտպանությունն էին իրականացնում:

    Ստալինն ու նրա վարչակարգն անողորմ էին նաեւ գերիների նկատմամբ: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերի ընկած զինվորները գիտեինՙ տուն վերադառնալուն պես իրենց Սիբիր են աքսորելու, որովհետեւ իրենց վրա խարան կար, իրենք չէին կարող բոլորին հավասար լինել, իրենք մերժված էին, գերմանացու մոտ գերի ընկնելն անպատվաբեր, ամոթալի էր: Հանրությունն էլ գերիներին վերապահումով էր մոտենում, անգամ հետստալինյան ժամանակներում գերիներին ու նրանց հարազատներին խեթ-խեթ էին նայում, պատասխանատու աշխատանք ու պաշտոն չէին տալիս:

    Դարեր ի վեր կարծրացած վերաբերմունք է ձեւավորվել գերի ընկածի նկատմամբՙ առանց հանգամանքները դիտարկելուՙ ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է մարդը գերի ընկել: Միգուցե նա վերջին փամփուշտն իր քունքին խփելու, կամ դաշույնով ինքնասպան լինելու ժամանակ ու հնարավորություն անգամ չի ունեցել: Սակայն այս նուրբ դետալների մեջ հաճախ չենք էլ խորանում. գերի ընկածի նկատմամբ կարծիքը, արձագանքը, դիրքորոշումը մինչեւ արցախյան վերջին պատերազմն ընդհանրական էր. գերի ընկնելը, որպես կանոն, վախկոտության, դասալքության, մորթապաշտության նշան է, անպատվաբեր է, ու ոչ մի պարագայում այն որպես հերոսություն ու սխրանք դիտարկել հնարավոր չէ:

    Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերիների ու ռազմագերիների հարցը դարձավ ամենաառաջնայինըՙ հանրության, եւ ամենաանտեսվածըՙ իշխանության համար: Բոլորին է հասկանալի, որ ադրբեջանցու ձեռքին գերի լինելը նշանակում է ամեն վայրկյան դժոխքի միջով անցնել: Այդ իրողությունը գիտակցելովՙ հանրությունը սրտի ցավով ու խղճահարությամբ էր բարձրաձայնում գերիների հարցը: Բայց սահմանից եկող լուրերը, թե մեր զինվորներին առեւանգել են, իսկ մեր կողմից ոչ մի դիմադրություն ու կրակոց չի եղել, կամ ադրբեջանցիների տարածած տեսանյութերը, երբ թշնամին նվաստացնում, հայհոյում, ծեծում է հայ զինվորներին ու քաղաքացիական անձանցՙ չհանդիպելով ոչ մի դիմադրության, հանրության շրջանում այլ տրամադրություններ առաջացրին: Մինչ այդՙ վստահ էինք, որ եթե հայ զինվորը, հայ մարդը գերի է ընկել, ուրեմն գերի ընկնելուց խուսափելու ոչ մի միջոց, անգամ վերջին փամփուշտը կրակելու հնարավորություն չի ունեցել: Վստահ էինք, հավատում էինք, որ հայի պատվախնդիր տեսակն ու որակն յուրքանչյուրի արյան մեջ է, սակայն տասնյակներով գերի ընկնելու, թշնամուն սպանելու փոխարեն զենքերը սեփական կամքով նրա ոտքերի տակ դնելու եւ թշնամու առաջ ծնկելու տեսանյութերը հետզհետե օրինաչափ դարձան: Ու մերոնցՙ գերի ընկնելու վարաբերյալ մեր ենթադրություններն ու համոզմունքները լիովին փոխվեցին:

    Հետզհետե ավելի ու ավելի էր ընդգծվում այն ուղենիշը, թե ավելի լավ է գերի ընկնել, քան վիրավորվել ու զոհվել, թե մարդու կյանքն ավելի թանկ է, քան հողն ու հայրենիքը, թե Արցախն ու Հայաստանը ոչինչ են, կարեւորը փրկված կյանքերն ենՙ թեկուզ գերի ընկնելու գնով: Մինչ այսօր հերոս տղաների հարազատները ստիպված են հակադարձել այն ստվար զանգվածին, որը հայտարարում է, թե երանի՜ հազարավոր զոհված տղաները գերի ընկած լինեին, թեկուզ խեղված հոգով, կտտանքների ենթարկված, բայց ողջ լինեին: Նույն զանգվածը մի ձնագնդի առածՙ գլորում է, թեՙ հայրնեիքն ու պետությունը, Սյունիքն ու Գեղարքունիքը ոչ մեկին պետք չեն, թող թուրքը գա, իր ուզած տարածքներն իրեն տվեք, միայն թե այլեւս ոչ մեկի մազը չծռվի: Կուզեկուզ, ծնկաչոք ման գանք, ադրբեջանցին թող վզակոթներիս հասցնի, միայն թե խաղաղություն լինի: Ի՞նչ կա որ, միգուցե թուրքի ու ադրբեջանցու հետ շատ լավ էլ հնարավոր է «ապրել»: Թող խփեն, ծեծեն, մեր տուն մտնեն, մեր կանանց անարգեն, մեր հայրենիքը յուրացնեն, հայ տղամարդուն նվաստացնեն, գերի տանեն, միայն թե ողջ մնանք:

    Հանձնվելու, գերեվարվելու թեզի օրինաչափ լինելը դարձել է պետական քարոզչություն: Ավելինՙ գերի ընկնելը հավասարվեց հերոսության: Գերիներին հերոսացնելու միտումն ահագնացել ու գերիշխող թեզ է դարձել: Իրական հերոսների մասին այլեւս ոչ ոք չի խոսում, մեր հազարավոր տղաները, որ իրենց կյանքի գնով հայրենիքը պաշտպանեցին ու զոհվեցին, մնացին Եռաբլուրումՙ որպես ցավալի իրողություն: Ընդամենը: Այսօր արդեն պետական ու հանրային համոզմունք է ձեւավորվել, որ հերոսությունը գերի ընկնել-ազատվելովՙ ողջ մնալն է, ոչ թե հանուն պատվի ու հայրնեիքիՙ առանց մի վայրկյան վարանելու զոհվելը:

    Ամիսներ շարունակ կաթիլը քար ծակեց: Կաթիլ-կաթիլՙ ծով դարձավ եւ լվաց հազարավորների ուղեղները: Պետական քաղաքականություն ու քարոզչություն դարձավ, թե գերի ընկնելը բոլորովին էլ ամոթալի ու անպատվաբեր չէ, ընդհակառակըՙ եթե յուրաքանչյուր ոք մտածեր, որ գերի ընկնելովՙ կփրկի իր կյանքը, միգուցե այսքան զոհեր չունենայինք: Ի՜նչ լավ կլիներ, չէ՞, Ադրբեջանի բանտերում կպահվեին հազարավոր հայ գերիներ, իսկ նրանց ազատման համար կտայինք ականապատված տարածքների բոլոր քարտեզները, մեր ջրային ռեսուրսները, պետական բոլոր փաստաթղթերը, ադրբեջանցիների պահանջով կգաղտնազերծեինք ամեն-ամեն ինչ, մեր նհայրնեիքն ամբողջությամբ կփոխանակեինք գերիների հետ:

    Այսպիսովՙ օրինաչափություն ու տրամադրություն է ձեւավորվում, թե կյանքեր փրկելու համար պետք է զոհել ամեն-ամեն ինչ: Սակայն դա եւս քաղաքականություն է, տեխնոլոգիա, ծրագիր, որի իրական նպատակը գերիներին վերադարձնելու անվան տակ Հայաստանը մաս-մաս թուրքին հանձնելն ու հանրային ոչ մի դիմադրության չարժանանալն է: Հիմա արդեն առանց մի փամփուշտ կրակելուՙ մեր թշնամին թիզ առ թիզ մեր հայրենիքին է տիրանալու. Հայաստանի իշխանություններրի համաձայնությունը կա, իսկ իշխանությունները վերջին ընտրությունների արդյունքներով իրենց բոլոր քայլերը լեգիտիմացրին:

    Վտանգավոր է, սաստիկ վտանգավոր. պետական մակարդակով քարոզվում է, թեՙ կամաց-կամաց վարժվեք, այսօր ադրբեջանցիները Սյունիք ու Գեղարքունիք են մտել, վաղը ամբողջ Հայաստան կներխուժեն, բայց դուք ծանր չտանեք այդ փաստը, գերու պես գլուխներդ կախ, ծնկաչոք կաղերսեք թուրքին, որ խնայի ձեզ: Իրականում գերի լինելն այնքան էլ վատ բան չի. ինքներդ տեսաք, որ վերջերս Բաքվից Երեւան բերված 15 գերիներն ինչ բարձր տրամադրույթուն ու լավ տեսք ունեին: Դեռ ծամոն ծամելով էլ իջան ինքնաթիռի սանդուղքներից, հայտարարեցին, թե հայրենիքն իրենց էր սպասում, դուխո՜վ: Նրանց ընդունեցին զուռնա-դհոլով, քեֆ-ուրախությամբ ու հայտարարելովՙ տղերք ջան, դուք իսկական հերոսներ եք:

    Դեռ հարց էՙ ինչպե՞ս են նրանք գերի ընկել. եւ արդյո՞ք իսկապես գերիներ են: Պատմությունը լռեցվում է, բայց այն արդեն եղել է: Իսկ «գերի ընկնելու» պատմությունը հետեւյալն էՙ նոյեմբերի 20-ից հետո Արցախի Պաշտպանության բանակը Հայաստանի Պաշտպանության նախարարությունից զորք է ուզել, որպեսզի Հին թաղեր, Խծաբերդ գյուղերն ու Դիզափայտ բարձունքը պաշտպանվեն: Ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթիՙ այդ տարածքը մերն էր: Տղաները երկու շաբաթ դիրքերը պահել են, հետո ադրբեջանական զորքը հարձակվել է, թեժ մարտեր են սկսվել: Մերոնք մերձամարտում թշնամուն մեծ կորուստներ են պատճառել: Անհավասար պայքար մղելիս տղերքը տեսել են, որ մի քանի տասնյակ կամավորներ, զենքերը վայր դրած, գնում են թշնամուն հանձնվելու: Նրանց հետեւից կանչել են. «Տղերք, եկեք մեզ օգնենք, քիչ է մնացել, սրանց սատկացնում ենք արդեն, մի հանձնվեք»: Բայց խումբը չի լսել կռվողներին ու հանձնվել է: Արդյունքում տղերքը հերոսաբար զոհվել ենՙ չիմանալով, որ Հին թաղերը, Խծաբերդը, Դիզափայտը վաղուց են հանձնված թշնամուն: Այս պամությունը հերոս տղերքից մեկի հորը հիվանդանոցում պատմել է այս կռվում վիրավորված մի զինվոր: Հայրը չէր ուզում, որ այս պատմությունը հանրայնացվերՙ այդ օրը գերի հանձնվածների ճակատագրի համար մտահոգվելով, թե տղերքը մեղք են, Ադրբեջանը նրանց տեռորիստներ կհռչակի ու կսպանի:

    Այնպես որ, գերի հանձնվելու եւ գերի ընկնելու միջեւ հավասարության նշան չի՛ կարող լինել:

    Եռաբլուրում պառկած տղերքը լուռ հետեւում են, թե ինչպես են իրական արժեքները փոշիացվում, փոխարենը դասալքությունը, դավաճանությունն ու վախկոտությունը բազմում են պատվո պատվանդանին: Որդեկորույս մայրերը եթե մինչեւ հիմա մրմնջում էինՙ իմ հերոս բալա, ո՞ւր գնացիր, գերիների հերոսացումից հետո «հերոս» բառն էլ չեն արտասանում:

  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

    ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

    Հայաստանյան լրատվամիջոցներում հազվադեպ կարելի է հանդիպել դրսում հայության դիմագրաված, հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, թեեւ դրանք առկա են: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հայկական համայնքներին: Այստեղ ռազմա-քաղաքական եւ ներքաղաքական խնդիրներով պայմանավորված հայության տարբեր սոցիալական խմբեր հանդիպում են որոշ խնդիրների:

    Բացառություն չի կազմում տասնամյակներ շարունակ պատժամիջոցների հետեւանքով ֆինանսական խնդիրներ ունեցող հարեւան Իրանի բնակչության մի մասը կազմող հայ համայնքը, որի համար բնակարանային հարցը առօրեական կյանքի զգայուն եւ բաղկացուցիչ մասն է կազմում: Թերեւս այդ տեսանկյունից խոցելի են համայնքի կարիքավոր խմբերը, այդ թվումՙ նորակազմ որոշ ընտանիքները:

    Հիմք ընդունելով այն փաստը, որ Թեհրանում կենտրոնացած է իրանահայության մոտ 90 %-ը, կարելի է պայմանական ասել, որ Իրանում գործում է մայրաքաղաքային համայնք, որի շարքային անդամների համար բնակարանների ձեռքբերումն այնքան էլ հեշտ չէ իրանական շուրջ 10 միլիոնանոց մեգապոլիսում:

    Այս պայմաններում համայնքի իշխանությունները վերջին տարիներին ձեռնամուխ են եղել նախկինում այլ օգտագործման համար կիրառված հանրային շենք-շինությունները որոշ նախագծային փոփոխություններով բնակության վայրերի վերաձեւման գործընթացին, այդ կերպ փորձելով ինչ-որ ձեւով լուծել համայնքի սոցիալապես անապահով խմբերի խնդիրները: Հատկանշական է, որ հանրակացարանների են վերածվում դպրոցների նախկին շենքերը, որոնք համայնքի ժողովրդագրական նվազման պայմաններում մնացել են լքված կամ փակված վիճակում:

    Այդ մասին է վկայում օրերս Թեհրանի հայկական «Սարդարապատ» թաղամասում գտնվող «Սահակեան» ազգային բարեսիրական կենտրոնում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի ձեռամբ հանրակացարանային համալիրի երկրորդ եւ երրորդ հարկերի շահագործման հանձնումը եւ բացումը:

    Սեպուհ Սրբազանի խոսքովՙ «Ամէն անգամ, երբ դպրոց է փակւում, թէեւ դառնութեամբ ենք յիշում բոլորս, բայց նկատում ենք, որ տարածքը շարունակում է շնչել հայերէն, ծառայելով կա՛մՙ մշակոյթին, ինչպիսին «Վաչէ Յովսէփեան» կենտրոնն է, կա՛մՙ Սարդարապատ շրջանի «Սահակեան»-ի պէսՙ կոչւած է օթեւան դառնալ մեր դժւարութեան շեմին յայտնւած հայորդիներին»:

    Հարկ է նշել, որ շահագործման հանձնված հատվածով նախկին «Սահակյան» դպրոցի շենքն ամբողջովին ծառայելու է որպես հանրակացարանային համալիր, որտեղ ապրող 22 բնակիչներին ավելանալու է եւս 50-ը: Սենյակները կահավորվելու են 4-հոգանոց ընտանիքների համար:

    Հաշվի առնելով երկրում տիրող թանկացումներն ու համավարակի բերումով աշխատանքների տեւական դադարըՙ նախագծի իրականացնողներին հաջողվել է տեղավորվել բյուջեի եւ ժամանակի մեջ: Նախագիծը Թեմական խորհրդին է ներկայացվել անցյալ տարիՙ համավարակի բռնկումից հետո, եւ անմիջապես վավերացվել է:

    Նախագծի իրականացման համար պահանջվել է շուրջ 900 միլիոն թուման, որից 450 միլիոնը տրամադրել են բարերարները: Ընդ որում կազմակերպիչ համարվող Թեհրանի հայոց թեմի Կարիքավորներին օժանդակող մարմնին օգնության ձեռք է մեկնել Թեմական խորհրդի Շինարարական մարմինը: Շինաշխատանքների համար պահանջվել է 8 ամիս:

    Ակնհայտ է, որ ամբողջ շենքի շահագործմամբ հնարավորություն կտրվի կեցության վայր տրամադրել կարիքավորների, որոնք տարբեր պատճառներով զրկվել են իրենց բնակարանից: Այդպիսով, քայլեր են ձեռնարկվում համայնքային կառույցների կողմից աջակցել անապահով վիճակում հայտնված ձեր ազգակիցներին:

    Նկատենք, որ համայնքում առկա են նմանատիպ այլ շինություններ, որոնց վերաձեւման դեպքում հնարավոր կդառնա լուծել համայնքի սոցիալական մյուս խմբերի կարիքները եւս: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախ բարերարների աջակցությունը, ինչպես նաեւ պետության կողմից փաստաթղթային որոշ ձեւակերպումների հարցում աջակցելը:

    Հատկանշական է, որ համայնքի գործունեության խիստ սահմանափակման այս օրերին, երբ համավարակը հերթական անգամ մոլեգնում է Թեհրանում, իսկ հուլիսի 3-ին Թեհրանի հայոց թեմի Կրոնական խորհուրդը որոշել է Պայծառակերպության տոնից սկսած պատարագի արարողություններն անցկացնել կրկին դռնփակ, փաստորեն փորձեր են կատարվում սոցիալական որոշ խնդիրների լուծմամբ համայնքի հասարակական կյանքում կատարել դյուրացումներ:

  • ՌԱՅԻՍԻՆ ԻՐԱՆԻ ԱՊԱԳԱ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ

    ՌԱՅԻՍԻՆ ԻՐԱՆԻ ԱՊԱԳԱ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ

    ԻԻՀ նորընտիր նախագահը իսլամական հայրենիքի նկատմամբ իր հավատարմությունն ու նվիրվածությունը հանրայնացնելու նպատակով օգոստոսի 5-ին երդման խոսք է ասելու: Նա ժողովրդին հավաստիացնելու է, որ «ի կատարումն ստանձնած պարտավորությունների, գործի է դնելու իր ողջ կարողություններն ու լիազորությունները» (մեջբերում երդման տեքստից):

    Իսկ մինչ այդՙ օգոստոսի 3-ին հրապարակվելու է նախագահի իրավասությունների հաստատման մասին երկրի հոգեւոր առաջնորդի Բարձր հրամանագիրը, առանց որի ավելի քան 18 միլիոնի ձայն ստացած Էբրահիմ Ռայիսին չի կարող Հանրապետության նախագահ հռչակվել: Ճիշտ է, հետհեղափոխական Իրանում անցկացված 13 նախագահական ընտրությունների արդյունքները դեռեւս չեն վիճարկվել կրոնապետի կողմից, բայց ամեն անգամ ժողովրդի ձայների մեծամասնությունն ստացած նախագահներն ու նրանց համախոհները շունչը պահած սպասում են կրոնապետի Բարձր հրամանագրին, որը սովորաբար ուղեկցվում է նորընտիր նախագահին հասցեագրված վերջինիս շնորհավորական խոսքով:

    Շնորհավորական խոսք չի հնչել միայն 2017 թվականինՙ վերընտրված նախագահ Ռոհանիի երդմնակալության արարողությունից առաջ: Թերեւս պատճառը նախորդ ընտրություններում կրոնապետի կամքին հակառակ Ռայիսիի հետ մրցապայքարում Ռոհանիի տարած հաղթանակն էր:

    Համոզված կարելի է ասել, որ օգոստոսի 3-ին Էբրահիմ Ռայիսին կստանա կրոնապետի թե՛ ԹԱՆՖԻԶ կոչված բարձր հրամանագիրը, եւ թե՛ նախագահական պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձն ու օրհնանքը: Այդ համոզմունքի համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ առողջական խնդիրներ ունեցող 83-ամյա Խամենեիին փոխարինելու հարցը շարունակում է մնալ օրակարգային:

    Թեեւ ԻԻՀ սահմանադրությամբ չի արգելվում գործող հոգեւոր առաջնորդի կենդանության օրոք նոր առաջնորդի կարգումը, սակայն իսլամական հանրապետության քաղաքական ավանդույթն ու էթիկան պահանջում են առաջնորդի ընտրությունն իրականացնել նախորդի ֆիզիկական բացակայության պայմաններում:

    Այսօր Ռայիսին երկրի հոգեւոր առաջնորդին փոխարինող ամենահավանական թեկնածուներից է: Նախ, Ռայիսին Խոմեյնիի ու Խամենեիի պես Մուհամմեդ մարգարեի տոհմի շառավիղից է: Նա Խամենեիի սաներից է ու նրա հավատարիմ ու անդավաճան հետեւորդը: Ռայիսին նաեւ որպես պահպանողականների թեւի կարկառուն ներկայացուցիչ, լավ հարաբերություններ ունի հեղափոխության Պահապան կորպուսի ղեկավար կազմի հետ:

    Էբրահիմ Ռայիսին հոգեւոր դպրոցի շրջանավարտ է, ունի աստվածաբանության դոկտորի գիտական աստիճան: Նա որպես Ռազավիի հոգեւոր կենտրոնի կառավարիչ, տիրապետում է նաեւ հսկայական ֆինանսական միջոցների:

    Ռայիսին երկրի հոգեւոր առաջնորդ դառնալու համար ունի նաեւ խոցելի կողմեր: Իրանցիների մի ստվար զանգվածի եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների կարծիքով, նա հեռու է արդարամիտ լինելուց, որի պատճառը 1989 թվականին վերջինիս գլխավոր դատախազի պաշտոնում իրականացված զանգվածային մահապատիժներն էին:

    Նրա մոտ բացակայում են նաեւ առաջնորդներին բնորոշ խարիզման ու հռետորական ունակությունները:

    Ռայիսիի հոգեւոր աստիճանը «հոջջաթ օլ-էսլամ» է, այլ ոչ թե «այաթոլլահ», թեեւ պահպանողական թեւին պատկանող որոշ լրատվամիջոցներ նրան «այաթոլլահ» են կոչում: Ինքըՙ Խամենեին էլ հոգեւոր առաջնորդ դառնալու պահին «հոջջաթ օլ-էսլամի» հոգեւոր աստիճան ուներ, սակայն կարգումից անմիջապես հետո ստացավ «այաթոլլահի» հոգեւոր աստիճան:

    Դրանով հանդերձ, Ռայիսիի շանսերը հոգեւոր առաջնորդ դառնալու հարցում ավելի մեծ են, քան մյուս թեկնածուներինը:

    Անշուշտ, 2017 թ. հունվարին դեռեւս չբացահայտված հանգամանքներում մահացած իսլամական հեղափոխության հիմնասյուներից Հաշեմի Ռաֆսանջանիի ֆիզիկական բացակայությունը նույնպես կարող է նպաստել Էբրահիմ Ռայիսիի հոգեւոր առաջնորդ դառնալուն:

    Ինչեւէ, Էբրահիմ Ռայիսիի նախագահական լիազորությունների հաստատումը տեղի է ունենալու օգոստոսի 3-ին, իսկ եթե գործող կրոնապետը պաշտոնամուտի ժամանակ իրավիճակից ելնելով հանրության առջեւ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի նորընտիր նախագահի նկատմամբ, տեսականորեն, կամ նույնիսկ գործնական առումով, կամրապնդի հաջորդ կրոնապետի դիրքերը:

  • ԲԵԼԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵՑ ԵԶԴԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    ԲԵԼԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՃԱՆԱՉԵՑ ԵԶԴԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    Այդ մասին հուլիսի 1-ի համարում տեղեկացրել է թուրքական «Arti Gercek» օրաթերթը, որից էլ արտապել էր Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքը: Ըստ տեղեկության, Եզդիների ցեղասպանության ճանաչման բանաձեւում Բելգիան հայրենի հողեր վերադառնալու եւ երկրի վերակառուցմանը մասնակցելու կոչ է արել եզդի բնակիչներին: Միաձայն ընդունված բանաձեւում նշվել է, որ Բելգիայի խորհրդարանը դատապարտում է 2014-ից ի վեր Իրաքում եւ Սիրիայում եզդիների դեմ «Իրաք-Շամ իսլամական պետության» ահաբեկիչների իրականացրած ցեղասպանությունը:

    ANF-ի տվյալներով, խորհրդարանականները Բելգիայի կառավարությունից պահանջել են անպատիժ չթողնել ցեղասպանության պատասխանատուներին, ճշտել նրանց ինքնությունը եւ պատժելու համար օգտագործել միջազգային ատյանների բոլոր հնարավորությունները: Բանաձեւը միաժամանակ կոչ է արել, որ կառավարությունը նպաստի եզդիների հայրենիք վերադարձին, ինչպես նաեւ հայրենի տարածքի վերականգման աշխատանքներին: Բելգիացի խորհրդարանականները հավաստիացրել են, որ եզդիների ցեղասպանությունը ծրագրված է եղել նախապեսՙ 2014-ի ամռանը, դա հաստատվում է բազմաթիվ փաստերով եւ հայտնաբերված եզդիական ընդհանուր գերեզմաններով:

  • «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ «ԳԻՏԱԺՈՂՈՎ» ՔՈՋԱԷԼԻՈՒՄ

    «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ «ԳԻՏԱԺՈՂՈՎ» ՔՈՋԱԷԼԻՈՒՄ

    Կազմակերպիչն է քաղաքի «Հեյդար Ալիեւի անվան մշակույթի տունը»

    Քոջաէլին Մարմարա ծովի առափնյա քաղաքներից է, որտեղ գործում է «Հեյդար Ալիեւի անվան մշակույթի տուն» միությունը, որը հուլիսի 3-ին կազմակերպել է այսպես կոչված գիտաժողով, որտեղ քննարկվել են «հայերի ցեղասպանության վերաբերյալ զրպարտությունները»: Ընդ որում այս «գիտաժողովը» կազմակերպվել է «ի պատասխան հայկական սփյուռքի զրպարտություններին» նախագծի շրջանակում, որի հեղինակն է Ալիեւի անվան վերոհիշյալ տունը:

    «Գիտաժողովի» մասին հուլիսի 3-ին նշել է «Հայ Թերթը», հիմք ընդունելով «haberler com» կայքէջի հրապարակումը, որը քաղված է պաշտոնական «Անադոլու» գործակալության հաղորդագրությունից: Գործակալության վկայությամբ «գիտաժողովը» գումարվել է Քոջաէլիի «Լեյլա Աթաքան» մշակույթի կենտրոնում, մասնակցել են Թուրքիայի ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը, Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Քոջաէլիի պատգամավոր Իլյաս Շեքերն, քաղաքապետի պաշտոնակատար Յաշար Չաքմաքը եւ այլք:

    Այրըմը ելույթում ասել է, որ հայերի բռնությունները խաղաղ թուրք բնակիչներին եղել են ահավոր եւ տարեցները մինչեւ օրս չեն կարողանում մոռանալ դրանք եւ խոսել է Իգդիրում, Էրզրումում, Աղրիում եւ Վանում իբր հայտնաբերված ընդհանուր գերեզմանների մասին: Ապա ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում երբեւէ անդրադառնալ այդ դառը իրադարձություններին, որովհետեւ հարաբերությունները բարեկամության եւ դրացիության հունով զարգացնելու մտադրություն ունեն: Այնուհետեւ Շամիլ Այրըմը շարունակել է. «Նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության հոդվածներից մեկը խիստ հետաքրքրում է Թուրքիային. դա Զանգեզուրի միջանցքին վերաբերող հոդվածն է: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ դու ավտոմեքենայով Անկարայից Նախիջեւանով կարող ես անարգել մուտք գործել թուրքալեզու հանրապետություններ: Թեեւ հայերը դիմադրում են, սակայն ռուսներն այս հարցում չափազանց լուրջ են եւ այո են ասում: Միջանցի բացման առումով խիստ շահագրգիռ է նաեւ Ադրբեջանը: Ամենայն հավանականությամբ այս միջանցքը կբացվի»:

    Մոտավորապես նույն բովանդակությամբ ելույթ է ունեցել պատգամավոր Շեքերը , ապա խոսել է Թուրքիայի հզորության մասին, ասել է, որ այդ հզորությունը եթե չլիներ, ապա հազիվ թե Ադրբեջանին պատերազմում հաջողվեր հասնել հաջողության: Թուրքիաի ադրբեջանական միությունների ֆեդերացիայի եւ Հայդար Ալիեւի անվան մշակութային տան նախագահ Բիլալ Դյունդարը ներկաներին իրազեկել է «պատասխան հայկական սփյուռքի զրպարտություններին» նախագծի մասին:

  • «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԵՔԻԱԹՆ Է ՊԱՏՄՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

    «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԵՔԻԱԹՆ Է ՊԱՏՄՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

    Գրում է գերմանական հեղինակավոր Der Tagesspiegel թերթը

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք հասարակությանը մոլորեցնելու սովորություն ունի: Դա մերթ անում է Արեւելյան Միջերկրականում կամ Սեւ ծովում բնական գազի հարուստ պաշարների հայտնաբերման աչքալուսանքներով, թե շուտով էժան գազ կմատակարարեն բնակչությանը, մերթ երկրի մոտալուտ թռիչքի կանխատեսումներով, մերթ հայտարարություններով, ըստ որոնց «Եվրոպայի հսկաներըՙ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ հատկապես ԱՄՆ-ը նախանձում են» Թուրքիային:

    Էրդողանի աչքալուսանքները, որպես կանոն, ընդամենը հանգեցնում են գազի գների թանկացմանը, իսկ թռիչքի կանխատեսումներըՙ տնտեսական ճգնաժամով պայմանավորված սոցիալական աղետի խորացմանը: Երկրում 30 մլն. մարդ ապրում է սովի շեմին, էլ չհաշված չքավորության շեմին ապրողներին, 28 մլն. աշխատավորներից գործազուրկ է 10 միլիոնը, այդ ցուցանիշը երիտասարդների մեջ, այն էլ բարձրագույն կրթությամբ, կազմում է 2.7 մլն.: Այսինքն Թուրքիայում յուրաքնչյուր երեք երիտասարդից մեկն աշխատանք չունի: Գալով նախանձին, ապա ընդդիմադիր «Halk TV»-ն այդ հարցին անդրադառնալիս նշեց. «Նախանձելու ի՞նչ ունենք: Մայիս ամսին երկրում հուսահատությունից ինքնասպանության է դիմել 128 մարդ, հունիսին այս ցուցանիշը հասավ 159-ի»:

    Ի դեպՙ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հաստատելու համար Էրդողանի թռիչքի մասին կանխատեսումը, ասել էր, որ դա կսկսի հուլիսի 1-ին: Այդ օրը, սակայն, թանկացավ էլեկտրականության եւ գազի վարձը համապատասխանաբար 15 եւ 12 %-ով: Ընդ որում դա վերջին մեկ տարում 6 եւ 8-րդ թանկացումն է, ինչի հետեւանքով լույսի եւ գազի գները տարվա մեջ 110-120 %-ով աճել են:

    Ընդդիմադիր քաղաքական գործիչները Էրդողանի նշված քաջագործությունները վերագրում են իր ընտրազանգվածին երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության շուրջը համախմբելու հաշվարկներին, մեկնաբաններն էլ հայտարարում են, որ նա մտավոր հաշմադամի տեղ է դնում թուրք ժողովրդին: Գուցե, ինչ-որ բան գիտի: Համենայն դեպս Էրդողանն նշված քաջագործություններով չի սահմանափակվում:

    Հունիսի 25-ին նա Հաթայում հայտարարել էր. «Ներկայումս Եվրոպայի ամենազարգացած երկրներում անգամ կորոնավիրուսի դեմ պատվաստումները վճարովի են: Անգլիան դրա համար 100 ստերլինգ է գանձում, Գերմանիան 100-150 եվրո, իսկ մենքՙ ձրի, գրոշ անգամ չենք վերցնում մեր քաղաքացիներից, թեեւ առաջարկել էին, որ վերցնենք»: Հուլիսի 2-ին Էրդողանը Սաքարիայում, կուսակիցների հետ հավաքի ժամանակ, նորից հայտարարեց, որ Անգլիայում պատվաստանյութի համար քաղաքացիներից 100 ստերլինգ են գանձում, իսկ Գերմանիայումՙ 100-150 եվրո:

    Ինչպես հուլիսի 7-ին նշել է «odatv.com»-ը, դրան հաղորդագրությամբ բոռն հակազդեցություն է ցուցաբերել Մյունխենում Ժողովրդա-հանրապետականների միությունը, մասնավորապես նշելով. «Գերմանիայում պատվաստումն անվճար է: Էրդողանի հայտարարությունը, թե պատվաստելու համար 100-150 եվրո են գանձում Գերմանիայում, ցավոքՙ հեգնանքի արարկա է դարձել գերմանական հասարակության մեջ: Բավական է խայտառակեք մեզ, գերմանաբնակ 3.5 մլն. թուրքերիս»:

    Նույն օրը թուրքական «bianet.com» կայքը գրեց, որ պատվաստանյութի համար եվրոպական երկրներում ոչ միայն գումար չեն վերցնում, այլեւ վարձատրում են, օրինակՙ Հունաստանը 18-20 տարեկան երիտասարդներին խրախուսելու համար յուրաքանչյուր պատվասվողին վճարում է 150 եվրո: Նրան հավելեց «Alain Turk» կայքը. «Գերմանական թերթը գրում է, թե կոռուպցիայի մեջ խրված Էրդողանը Եվրոպայում վճարովի պատվաստման հեքիաթն է պատմում ժողովրդին»: Գերմանական թերթի պարագայում խոսքը «Der Tagesspiegel»-ի մասին է: Էրդողանին, սակայն, ստելու համար դատապարտել են նաեւ միջազգային այլ լրատվամիջոցներ BBC-ի գլխավորությամբ, իսկ Անգլիայի արտգործնախարարությունը, «Halk TV»-ի վկայությամբ, իր տարակուսանքն է հայտնել:

  • ԲԱՆԱԼԻՆ

    Ես շատ մտահոգ եմ Հայաստանի ապագայով: Ոչ միայն ես, այլեւ, վստահ եմ, համայն հայութիւնը, թէ՛ Հայաստանի մէջ, թէ՛ Սփիւռքի: Վերջին պատերազմը եւ մեր թշնամիներուն հնչեցուցած սպառնալիքները, որքան ալ չափազանցեալ եղած ըլլան, որքան ալ որ յոխորտալից պոռոտախօսութիւններ կարծուին, անոնց ենթաթեքստը թշնամական է: Գիտենք բոլորս ալ թէ ինչ միջոցներով յաղթեց Ատրպէյճանը, սակայն, յաչս իր ժողովուրդին եւ նոյնիսկ յաչս աշխարհին յաղթանակը իրն է, մեզ պարտութեան մատնեց, պարտութիւն մը, որուն պատճառած կսկիծը դեռ երկար ժամանակ պիտի տանջէ մեզ:

    Մինչեւ պատերազմ, մեր ունեցած հենակներուն շնորհիւ, որոշ հաւատք մը ունէինք երկրի ապահովութեան եւ բարգաւաճման իմաստով, սակայն պատերազմը եկաւ խախտելու այդ հաւատքը: Պարտուած ենք թէ՛ ռազմական, թէ՛ քաղաքական, ու անոնց ածանցեալ ոլորտներով ալ: Այս բոլորին զուգահեռ, նոյնքան եւ աւելի՛ նոր կազմուելիք կառավարութեան մասին կը մտահոգուինք ու կը մտածենք յատկապէս, թէ ինչպէ՛ս ընդդիմութիւնը պիտի գործէ: Քանզի արդէն սպառնալիքներ կը հնչեն:

    Իշխանամէտ կամ ընդդիմադիր, իւրաքանչիւրը եթէ ատենը անգամ մը լուրջ որոշումներ չառած Եռաբլուր այցելէ, կամ անոր պատկերը իր կեդրոնի պատէն կախէ ու աչքերը սեւեռէ ծածանող դրօշակներուն վրայ, վստահ եմ նեղանձնական շահերը մէկ կողմ դրածՙ պիտի մտածէ ինք ալ իր տուրքը տալու զոհուածին, պարզապէս փոխզիջումներով համերաշխ մթնոլորտ մը ստեղծելու եւ առողջ մտքով ու հոգիով մտածելու եւ ծրագրելու փրկութեան ճամբան եւ գտնելու անոր բանալին:

    Համազգային գերագոյն մարմին մը չկրցանք մէջտեղ բերել, որ կարենար համայն հայութեան անցեալէն դասեր վերցնելով, մեր քաղաքական այսօրը հովանաւորէր ու մեր ապագան ծրագրէր, յաջորդ տասնամեակներուն մեր անկախ եւ բարօր գոյատեւումը ապահովելու համար: Չկրցանք: Ուզեցինք, բայց չկրցանք: Չկրցանք ու պիտի չկարենանք ալ, քանի որ մեր ազգային նկարագրին մէջ միութեան գաղափարը տեսական է, քանի որ գործնական քայլերու դիմելու համար մեր ԵՍ-երը արգելք կը հանդիսանան:

    Մենք անհատապէս խելացի ենք, սակայն խմբային ծրագրաւորման ու գործադրութեան մէջՙ ապիկար: Երբ միշտ ղեկավար կ՛ուզենք մնալ, եւ ոչ ենթակայ, անկարելի է համերաշխ գործունէութիւն ծաւալել:

    Պատերազմը փաստեց, որ մենք իսկական բարեկամներ չունինք, մեզի խօսքով եւ գործնականօրէն սատար կանգնող ոյժ մը չունինք, հակառակ որ Ռուսիոյ հետ ռազմական դաշինք ունինք: Ռուսիան չօգնեց, պատրուակելով որ յարձակումը Հայաստանի վրայ չէր, այլ Արցախի, որուն հետ որեւէ ռազմական դաշինք չունի, նոյնիսկ այս օրերուն, երբ Սիւնիքը ոտանակոխ կ՛ըլլայ, պատճառաբանութիւններ առաջ քշելով կը մերժէ իր միջամտութիւնը: Փաստօրէն Ռուսիան կը շարունակէ իր «ոխակալ» կեցուածքը շարունակել: Մենք կռնակ դարձուցինք ռուսին, ան ալ իր կարգին պիտի պատժէր մեզ, ինչպէս պատժեց Վրաստանը, ինչպէս պատժեց Ուքրաինան… Սակայն դաս չառինք: ԱՄՆ իր կամքին հակառակ շարժողները գիտէ պատժել, Ռուսիան չի՞ գիտեր:

    Հիմա լրիւ մինակ ենք Ատրպէյճան հսկայ կարողութիւն ունեցող եւ մեր գոյութեան սպառնացող երկրին դէմ, որուն սատար կանգնեցան եւ զինակցեցան բացէ ի բաց Թուրքիան, Իսրայէլը, Փաքիստանը եւ ուրիշներ: Աշխարհն ալ իր լռութեամբ ու մատը մատին չզարնելով դարձաւ մեղսակից:

    Հայաստանը կա՛մ կը փոխէ իր քաղաքականութիւնը եւ կը մտնէ մեծ պետութեան մը թեւին տակ, կա՛մ իր արտգործ նախարարը շրջապտոյտ մը ընելով կ՛այցելէ աշխարհի կարեւորագոյն մայրաքաղաքները եւ կողմնակիցներ կը գտնէ, կամ ալ քանի մը տարի լուռ ու մունջ իր գիտնականները այնպիսի գաղտնի զէնք մը կը յօրինեն, որուն սարսափէն մեր թշնամիները մեզ հանգիստ կը ձգեն, կամ …

    Ես ամենայետին անձն եմ, որ կրնամ լուծում առաջարկել, թող իմ առաջարկած համահայկական գերագոյն մարմինը, խորհուրդը կամ ծերակոյտը մէջտեղ բերենք եւ անոնցմէ ակնկալենք մեր ճակատագրի ոսկեայ թէ ադամանդեայ բանալին:

  • ՀԶՈՐ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

    ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

    Արդեն ժամանակն է վերանայելու Հայկական պետականության եւ հասարակության բոլոր բաղադրիչները եւ ստեղծելու նոր ու հզոր պետություն, որն ունակ է դիմակայելու տարածաշրջանային եւ միջազգային բոլոր մարտահրավերներին: Վերջին 3 տարվա մեր պատմությունն ապացուցեց, որ հայությունն ապրել է պատրանքներով, իսկ հայկական պետութունը ի վիճակի չէ քաղաքական սուբյեկտ լինելու, եւ միջազգային ուժերը Հայաստանը, իմաՙ հայությանը, օգտագործում են որպես քաղաքական օբյեկտ, որը երբ ցանկանան կարող են օգտագործել որպես մանրադրամ…

    Արցախյան հիմնախնդրի ներկա իրադրությունն ապացուցում է, որ այսպես կոչված ՀՀ կառավարությունն եւ այսպես կոչված ընդդիմությունը միայն աշխատում են իրենց գոյությունը քարշ տալու համար, եւ ոչ թե լուծելու հայության դիմաց ծառացած խնդիրները: Այս իրավիճակում հայությունը դարձել է անտարբեր իր ճակատագրի նկատմամբ: Նրա այսօրվա հիմնական խնդիրը ռազմաքաղաքական վերնախավի բացակայությունն է հայկական իրականությունից, որն էլ հնարավորություն է տվել դրսի ուժերին ու ներսի դրածո «քաղաքական գործիչներին» ժողովրդին բաժանել ներկաների եւ նախկինների, սեւերի ու սպիտակների, լավերի ու վատերի եւ այլ հակադիր կողմերի:

    Այսօր ողջ հայության աչքերն ուղղված են դեպի Հայաստանի ժողովուրդը, քանի որ համայն հայության գոյության միակ գրավականը Հայաստանի Հանրապետությունն է: Այսօր Հայաստանում ապրող ամեն մի անհատից է կախված հայության հետագա ճակատագիրը, ու ամեն մի ՀՀ քաղաքացի պետք է հասկանա, որ ինքը պահապանն է ազգային այն դրոշի, որն իրեն ժառանգություն է հասել Տիգրան Մեծից: Անհրաժեշտ էՙ հասկանանք, որ լավագույն ապագա ունենալու համար պետք է կառուցենք հզոր եւ զարգացած Հայաստան:

    Ուստի հասարակության համախմբման ամենակարեւոր գործոնը յուրաքանչյուրիս կողմից գիտակցված պատասխանատվությունն է: Այսպիսով կկարողանանք կառուցել հասարակություն, որն ի վիճակի է դիմագրավելու իր դեմ ծառացած խնդիրներն ու դժվարությունները: Այսուհետ ամեն մի հայ իր ԵՍ-ի փոխարեն պետք է օգտագործի ՄԵՆՔ-ը, որ դառնանաք մի բռունցք: Այսկերպ կկարողանանք ապահովել մեր երկրի զարգացումը եւ առաջադիմությունը, որի հիման վրա կկառուցվի ապահով երկիր ամբողջ հայության համար, եւ հայը, աշխարհի որ ծայրում էլ լինի, հպարտանալու է իր արմատներով: Խելացի եւ բանական հայը գիտակցում է, որ իրենից է կախված ամբողջ մի ժողովրդի ճակատագիրն ու պատմական հիշողությունը:

    Ժամանակն է վերանայելու մեր մտածելակերպըՙ հանուն ՀԶՈՐ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ:

  • Ադրբեջանում թուրքական ռազմաբազա՞

    Ադրբեջանում թուրքական ռազմաբազա՞

    Թուրքիայի իշխանությունը տարբեր առիթներով չի թաքցրել իր մտադրությունըՙ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի կառուցման մասին: Վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ այդ թեմային անդրադարձել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, Սպուտնիկ-Արմենիայի սրահում, անդրադառնալով այս հարցինՙ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, սակայն, նշել է, որ դա հազիվ թե դուր գա Ռուսաստանին, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմաբազայի հայտնվելն իր գործընկեր, նախկինում «եղբայրական հանրապետություն» երկրում Ռուսաստանի համար շատ բացասաբար կընկալվի:

    Ջաբարովը նաեւ տեսակետ է հայտնել, որ Թուրքիան հազիվ թե այդպիսի գաղափարի իրագործմամբ ուզենա փչացնել հարաբերություններն իր հյուսիսային մեծ հարեւանի հետ: Մնում է հասկանալՙ ինքը, Բաքուն, ի՞նչ է մտածում իր տարածքը թուրքական ռազմաբազայի վերածելու այս տուրեւառի մասին: