Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափից բաղկացած առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան, հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Պավել Կուրոչկինը: «Այսօր մենք «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարության հետ դիմավորեցինք հայկական կողմից ձեռք բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը»,- ասել է Կուրոչկինը, որի խոսքը մեջբերել է Ռոսսոտրուդնիչեստվոն:Դիվանագետի խոսքով՝ սա այն լայնածավալ աջակցության շարունակությունն է, որը Ռուսաստանի կողմից ցուցաբերվում է Հայաստանին համավարակի դեմ պայքարում: Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը ասել էր. «Վաղը ստանալու ենք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել խորհրդանշական խմբաքանակ է, բայց հույս ունենք` ձեռք բերել ռուսական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, քանի որ գործնականում այն ապացուցել է իր արդյունավետությունը և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունենա ձեռք բերել այդ պատվաստանյութը»: https://www.youtube.com/watch?v=jR63HE33tNA&ab_channel=Asekoseam