Day:Մարտի 19, 2021

  • 2021թ․ Օսկարը չի լինի վիրտուալ․ Reuters

    2021թ․ Օսկարը չի լինի վիրտուալ․ Reuters

    2021թ․ Օսկարն անցկացվելու է միայն անձամբ մասնակցությամբ, հայտնիները չեն կարողանա մասնակցել Zoom տեսակոնֆերանսների հարթակի միջոցով: Այս մասին հաղորդում է Reuters-ը ՝ վկայակոչելով պրոդյուսերների՝ մասնակիցներին ուղղված նամակները:

    «Մենք պատրաստվում ենք կազմակերպել անվտանգ և հաճելի երեկո անձամբ ձեր բոլորի և ամբողջ աշխարհի միլիոնավոր կինոսերների համար, և կարծում ենք, որ վիրտուալ կողմը կխախտի այդ ջանքերը», գրել են արարողության պրոդյուսերները: Նրանք պարզաբանել են, որ Zoom-ի միջոցով մասնակցելու տարբերակ չկա:

  • Չունեմ որևէ մեկնաբանություն Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման մասին.ՄԱԿ-ի խոսնակ

    Չունեմ որևէ մեկնաբանություն Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման մասին.ՄԱԿ-ի խոսնակ

    ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկությանը:

    Պատասխանելով հարցին, թե արդյոք հունիսի 20-ին նախատեսվող արտահերթընտրությունները կօգնեն լիցքաթափել իրավիճակը երկրում և արդյոք ՄԱԿ-ը պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել ընտրությունների ժամանակ՝ Դյուջարիկն ասել է.

    ՛՛Ես տեղյակ չեմ՝ արդյոք մենք ստացել ենք նման խնդրանք, թե ոչ: Մենք դիտորդներ չենք ուղարկում, սակայն իհարկե, աջակցում ենք անդամ պետություններին, եթե նման խնդրանքով մեզ դիմեն իշխանությունները: Ես չունեմ որևէ մեկնաբանություն ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ: Մենք միշտ կողմնակից ենք ընտրություններին, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել իրենց ապագայի մասին՛՛.-ասաց ՄԱԿ-ի խոսնակը:

    Նա նաև հավելեց, որ եթե նման խնդրանք ստացվի ՄԱԿ-ի անդամ որևէ երկրից, ապա այն անպայման կդիտարկվի:

    «Ամերիկայի Ձայն»

  • Արդյունավետության իշխանական պատկերացումըՙ առայժմ խոսքերով

    Արդյունավետության իշխանական պատկերացումըՙ առայժմ խոսքերով

    Վստահ եմ, որ որոշակի տարիքի հասած որեւէ մեկին դժվար է զարմացնել: 40-ամյան իր համոզումներն ունի, 60-ամյանՙ իր ճշմարտությունը, 80-ամյանՙ իր պնդումները: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հիմնավորել, որ հայերս աշխարհին պետք է ներկայանանք մեր մշակույթով, գիտական ներուժով, օրգանիկ սննդով… Սովորական է նաեւ, որ իրենց ապրածն ու արածը առավել օրինակելի են քան Նաստրադամուսի կամ Վանգայի կանխագուշակումները: Թե ինչո՞ւ եմ այսօրինակ մտորումների տրվել, փորձեմ բացատրել:

    Հեռուստաալիքներից մեկում տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողուհու հյուրը միջին տարիքի, խաղողագործների միության նախագահ ներկայացած անձ էր: Թեեւ հաղորդումն ընթանում էր «Խաղողագործները վրդովված են» վերնագրի ներքո, այսուհանդերձ զրուցակիցը ոգեւորված հայտարարեց, որ խաղողն ու դրանից ստացված գինին ու կոնյակը ՀՀ-ում արտադրվողի բրենդների բրենդ են, հետեւաբարՙ լրջագույն հոգածություն են պահանջում: Մարդ իր ոլորտի ջատագովն է, ոչինչ, որ Հայաստանը ոմանք ծիրանի երկիր են կոչում, ինչ-որ մեկն էլ նման անվանումով կուսակցություն է ստեղծել: Զրույցից պարզ դարձավ, որ խաղողագործների վրդովմունքի հիմքում այս պտղի մթերումներն են եւ գինը:

    Առաջին հայացքից կարող է թվալ, որ լրագրողի գործը չէ մատի ու մատանու օրինակով այլոց հարաբերությունների մեջ մտնել. այսուհանդերձ նկատենք, որ խոսքը հայոց հողի մասին է, նաեւ ՀՀ կառավարությունում քննարկված արդյունավետություն կոչվող խնդրի: Զրույցն ավարտվեց… եւ ոչ մի ակնարկ հայաստանաբնակներիս կողմից հայրենական արտադրության գինիների ու կոնյակների օգտագործման գրեթե զրոյական ծավալների շուրջ: Կարծես հայոցս հողն ու ջուրն այլոց վայելքները բավարարելուն է ուղղված, մեր գինե-կոնյակասերներին կարելի է անտեսել, նրանց առօրյան փոքր-ինչ բրենդային վայելքով կազմակերպելն օրակարգային չէ: Հանրահայտ է, որ ՀՀ առեւտրային ցանցում գինիների ու կոնյակների նկատմամբ իրականացվող անգամ «Կես գին» ակցիաները գնորդների մոտ ոգեւորություն չեն առաջացնում, թերեւս գնի ու ու որակի առումներով: Ոմանց այն ինքնահամոզումները, թե ալկոհոլային խմիչքների արտահանումից հարկեր են մուծվում, նայելով ՀՀ բյուջեին դժվար է նման լավատեսություն ունենալ: Դրանք աննշան են, մեր առօրյան չբարեփոխող:

    Ծանոթանալով խաղողի վերամշակման հնարավոր գործընթացին, նկատում ենք, որ այս պտղից ստացվում է նաեւ չամիչ, հյութ, դոշաբ, կոմպոտ ու մուրաբա, կորիզից էլՙ ձեթ: Փորձեք այս բազմազանությունից մեր առեւտրային ցանցում որեւէ մեկը գտնելՙ չեք գտնի: Այս սննդատեսակները հիմնականում ներկրվում են, աշխատանք ու ֆինանսներ բերում այլոց, անգամ մեր լավը չուզողներին: Արտառոցն ու տարօրինակն այն է, որ դրանց արտադրությունը տեղում կազմակերպելու փոխարեն ՀՀ էկոնոմիկայի հերթական նախարարը ոգեւորվում է տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ինչ-որ հեռանկարով. իմաՙ արտահանումն է դյուրանալու, թե ինչի՞, չի ասվում: Կարծես ոչ անհատ գինեգործնրի կայացած ջոկատ ունենք, ոչ կոոպերատիվ հիմունքներով կազմավորված ընկերություններ, ոչ էլ գովազդային միջավայր: Մի պահ ընդունենք, որ խաղողագործների վրդովմունք ասվածը տեղին է, աղքատ բյուջեով գործադիրի աջակցությունն աննշան: Իսկ ինչո՞ւ իշխանությունը չի նպաստում խաղողագործների մի մասի ինքնակազմակերպմանը, անհատ ձեռնարկատերերի կազմավորմանը: Հնարավոր է, չէ՞, որ խաղողագործն իր 15 տոննա բերքի 1-2 տոննան անձամբ մշակի, որպես ֆերմերային տնտեսություն առեւտրային ցանց մտնի, մրցակցության հաճույքն ու խնդիրները զգա: Ի վերջո այս ամենը կուղեկցվի որոշակի շահույթով, զբաղվածությամբ, արածը գնահատելով, օրվա ավարտին էլ, ընթրիքի սեղանի շուրջՙ գոհություն Աստծո խոսքերն արտասանելով:

    Թեման շատ է ծավալուն: Սկսած խաղողի ներկայիս մոտ 15 հազար հեկտար այգիները 25 հազար հեկտարի հասցնելու տասնամյակների անզորությունից մինչեւ այն հարցի պատասխանի փնտրտուքը, թե ինչո՞ւ, ասենք, վերացվեցին Ոսկեվազի մոտ 230 հեկտար խաղողի այգիները: Կամՙ ինչո՞ւ է որոշ մարզերում խաղողի մթերումը սուբսիդավորվում, այլ տեղերումՙ ոչ: Նշված հարցազրույցի օրերին այս թեմայով մի հետաքրքրական պատում ներկայացրեց ռուսական «Խցւվÿ ՁԹ» հեռուստաընկերությունը: Անգլիացի հայտնի խոհարարը հյուրընկալվել էր ավստրիացի խաղողագործի. հարց ուղղեց, թե ինչով է պայմանավորված զրուցակցի ու նրա գործընկերների այսչափ երջանկությունը, որին ի պատասխան ավստրիացի խաղողագործն ասաց. «Չէ որ մենք գինի ենք ստեղծում: Ավստրիացու մառանում 100-200 լիտր տարողության տակառներ էին դարսված, լեցուն հնեցրած ու վերջին տարիներին ստացված գինով: Դրանց 1 լիտրի գները սկսվում են 1 եվրոյից, նաեւ հասնում աստղաբաշխական թվերի: 1 եվրոյի առումով թերահավատություն ցուցաբերողներին հայտնեմ, որ աշխարհի չորս կողմերում խաղողագործները չունեն մերոնց պարտադիր խաղողաթաղ ու խաղողաբաց իրականացնելու անհրաժեշտությունը, չկա այգին մինչեւ 10 անգամ ջրելու կարիք, բերքը հավաքելու ու մթերման վայր հասցնելու խնդիր, որոնք հարյուր հազարավոր դրամների ծախսեր են կազմում: Իսկ ահա նրանք իրենց բերքը անջրդի, սակայն խոնավ հողերում են աճեցնում, իրենք են խաղողը վերամշակում, շշալցնում, սպառողներ գտնում, որպիսի աշխատաոճը մեր նորօրյա իշխանավորները աշխատանքի արդյունավետություն են հռչակում: Օրերս մի հրապարակման մեջ նշել էի Էստոնիայի կայացած տնտեսության մասին. ոչ մեծ տարածքով այս երկիրը 2019-ին 1,6 մլն տոննա հացահատիկ է արտադրել, մեր ստացածի 10-ապատիկը, երբ մեր պատասխանատուները կորնգանից, առվույտից ու կանեփից են խոսում: Նշեմ, որ ցորենի 1 կգ-ը 1,28 սննդարարություն ունի, կորնգանըՙ 0,50, առվույտըՙ 0,52, կանեփի մասին տվյալ չգտա: Սրանք որտեղ ինչ են օգտագործվում, այլ թեմա է, տնտեսության ու տնտեսվարման որոշելիք, որը մեզանում տարօրինակ դրսեւորումներ է ցուցադրում: Ի վերջոՙ ցորենի ահռելի քանակներ ներմուծող երկիր ենք, պարենանվտանգության հիմնախնդիր ունենք:

    Հիմա զարմանա՞լ, թե՞ զայրանալ այս վիճակի համար: Հողի մշակի աշխատանքը դյուրին գործ չէ, եւ այն մոտեցումը, թե խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքերում է, պարզապես անվայելուչ պահվածք է: Եթե այն դիտարկենք, ասենք, լոլիկի առումով, նկատում ենք, որ այն արդեն բաց դաշտավարությունում գրեթե չի իրականացվում, բեռնավորված ավտոմեքենաների հերթեր պարզապես չկան. առեւտրի ցանցում գերակշռում է ներկրված տոմատը: Եվ հարցըՙ արդյո՞ք համանման ապագա չի սպառնում խաղողագործությանն ու այլ գյուղոլորտներին, հնչում է ինքնաբերաբար:

    Թե ո՞վ է կոչված պատասխանել այսօրինակ հարցերին, դժվար է պատկերացնել:

    16.03.2021

  • «Դատարանները վերցնելուց» ու երկիրը հանձնելուց 5 րոպե առաջ

    «Դատարանները վերցնելուց» ու երկիրը հանձնելուց 5 րոպե առաջ

    Արփինե Հավհաննիսյանի ՖԲ էջից, –

    Շատ ուզում եմ կարդաք ու մտածեք….

    Չեմ ուզում թաքցնել ձեզնից, այսօր, երբ իրենցքայլականների սանձարձակության ու տգիտության հավաքական կերպար ալենսիմոնյանը ( ի դեպ նա դրանով հպարտանում է) բառի ուղիղ իմաստով հարձակվել էր դատավոր Մ. Պետրոսյանի վրա, սկսեցի հարցուփորձ անել վերջինիս մասին, ով է, ինչպիսի կենցաղ ունի, ինչով է «արժանացել» նման վերաբերմունքի և այլն:

    Արդեն հատվածական ստացված պատկերը ստիպեց երկար մտածել, որ մենք մեր կողքին եղած արժեքային համակարգ փոխելու ունակ մարդկանց չենք գնահատում: Հայտնի ենք դարձնում հիմարների, անբարոների ու այս խելահեղ ռիթմի մեջ ոչնչացնում կարևորը:

    Այլ երկրում այս դատավորը էտալոնային կլիներ: Դատավորը ապրում է վարձով, երիտասարդ տարիքում ծնող է կորցրել, պահում է զինծառայող եղբորը, մասնագիտական բարձր որակներ ունի, սովորական հայ մարդու պես ունի առողջական խնդիրներ,  և այլն և այլն…. արշակյան հակոբի նման մարդ չի ծեծում, քրեական ենթամշակույթի կրող չի, կաշառակեր չի…..ու իրեն քննադատում են ալենսիմոնյանատիպ ուրացող դավաճանները…. ու իրեն այցելում են ԱԱԾ- ականները, որ ստիպեն բանակի դեմ որոշում կայացնի:

    Ի դեպ, դավաճանին այսպիսի կողմնակիցների դեպքում անգամ թշնամիներ պետք չեն: Բոլորին իրենց դեմ տրամադրելու մասով հատկապես: Եթե այսքանը ես եմ պարզել ու իսկապես շատ վատ զգացել ինձ, անգամ` մեղավոր, դե պատկերացրեք կոլեգա դատավորները ինչքան բան գիտեն իրենց գործընկերոջ մասին, ու ինչպես են վերաբերվել ԱԱԾ այցին:

    Ի դեպ աշխարհի «ամենարդար» գլխավոր դատախազը ու դավաճանի մնացած հարճ իրավապահները բան չունե՞ն ասելու:

    ԲԴԽ հատկապես իրավաբան գիտնական անդամները` Գրիգոր Բեքմեզյանը, Վիգեն Քոչարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը բան չունե՞ն ասելու: Դրա համա՞ր էիք ԲԴԽ գնում: Դուք հայրենիք չե՞ք կորցրել: Դուք իրո՞ք Մհերի անկախությունն եք ապահովում:

    Բայց դավաճանները չեն հանդարտվելու: Արտահերթից առաջ ունեն ծրագիր «դատարանները վերցնելու» ու նոր շոոուներ բեմադրելու: Վաղը այդ ծրագրի կարևոր կետերից մեկի սկիզբն է:

    Ներկայացված է նախագիծ, որտեղ ի թիվս այլ մառազմատիկ կարգավորումների, կա խայտառակ հակասահմանադրական մի դրույթ, այն է` ԲԴԽ-ին տրվում է լիազորություն ՑԱՆԿԱՑԱԾ դատավորից վերցնել որևէ գործ` խիստ անորոշ չափանիշներով ու տալ այլ դատավորի: Այսինքն, իրենց սրտի դատավորներին կտան իրենց համար հույժ կարևոր գործերը: Սա ուղղակի հակասում է Սահմանադրության միանգամից մի քանի հոդվածի, ու բոլոր այն դերակատարները, ովքեր ՍԴ դիմել իրավունք ունեն, անելիք ունեն:

    Գարշելի քաղաքական պատճառները չեն ընդունվելու: Մենք մեր երկիրը հիստերիկ չտեսից փրկելու խնդիր ունենք:

    Սա միայն մի դրույթ է ու ծրագրի մի մաս: Հերթով ասելու եմ` ով ինչով է զբաղված: Դիմագծային ու բարոյական լյուստրացիա լինելու է:

    Սկսած խորհրդարանական ընդդիմության պայքարի ձևից, վերջացրած ԲԴԽ ամեն անդամի կոնկրետ պահվածքով: Կրավորական ու հարմարվողական վարքագիծ պահել չեք կարողանալու: Ես պետության քանդման մասնակիցների մասով իսկապես կարմիր գիծ չունեմ:

    Առաջիկայում մանրամասն կներկայացնեմ բոլոր քայլերը ու հակաքայլերը: Լրագրողներին խնդրելու եմ ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրի դիրքորոշումը հստակեցնել ԲՈԼՈՐ հարցերով: Հանրային լուրջ պարսավանքի պիտի արժանանան սպանդի հոգեկան անհավասարակշիռ կազմակերպչի բոլոր լուռ ու բացահայտ կողմնակիցները:

  • Օրենքի երկիր կառուցելու մասին լալահառաչ հռչակագրեր հրապարակող պարոնայք՝ Էդ ո՞ր ընտրություններին մասնակցելու վերաբերյալ եք իրար հերթ չտալով հայտարարություններ անում. Ռոբերտ Հայրապետյան

    Օրենքի երկիր կառուցելու մասին լալահառաչ հռչակագրեր հրապարակող պարոնայք՝ Էդ ո՞ր ընտրություններին մասնակցելու վերաբերյալ եք իրար հերթ չտալով հայտարարություններ անում. Ռոբերտ Հայրապետյան

    Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    «Եթե Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվում է վարչապետի պաշտոնը թափուր մնալու և ԱԺ կողմից 2 անգամ անընդմեջ վարչապետ չընտրելու արդյունքում իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու դեպքում:

    Եթե Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը, ապա տրամաբանական հարց է առաջանում.
    օրենքի երկիր կառուցելու մասին լալահառաչ հռչակագրեր հրապարակող պարոնայք՝ Էդ ո՞ր ընտրություններին մասնակցելու վերաբերյալ եք իրար հերթ չտալով հայտարարություններ անում»:

  • Գործող կառավարությունն այնքան անպատրաստ է ամեն ինչի, որ նույնիսկ կեղծիքների կարող է ընդունակ չլինել․ քաղաքագետ

    Երկիրը հիմա պատրաստ չէ ընտրությունների։ Քաղաքական դաշտը փլուզված է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններին։

    Քաղաքագետի խոսքով այժմ արտաքին աշխարհի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ Ընդ որում՝ ընտրությունների պատճառով տնտեսությունը հերթական ցնցումներին է գնալու․ «Լավագույն լուծումն այն էր, որ ընտրությունները հետաձգվեին, այս կառավարությունը հրաժարական տար և գոնե մեկ տարի ժամանակավոր կառավարություն ձևավորվեր, ժամանակ ունենայինք, պատրաստվեինք ընտրությունների։ Սակայն քանի որ մենք ոչ ադեկվատ ղեկավարություն ունենք, հասել ենք այս հանգրվանին»,-նշեց քաղաքագետը։

    Վերջինիս դիտարկմամբ՝ արտահերթ ընտրությունները կխորացնեն երկրում առկա ճգնաժամը, երկիրը կտանեն մեծ ցնցումների․ «Լարվածությունը շատ մեծ է լինելու, շատ նյարդային ընտրություններ են լինելու, հնարավոր է անգամ որոշ ընտրատեղամասերում բացասական դեպքեր լինեն։ Նախընտրական մթնոլորտն էլ բացասական և թշնամական է լինելու։ Երևի այս մի փորձությունով էլ պետք է անցնենք»,-ասաց Ստեփան Դանիելյանը։

    Հարցին՝ հնարավոր կլինի՞ կազմակերպել առանց կեղծիքների ընտրություններ՝ քաղաքագետը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները բազմիցս ցուցադրել են՝ իրենք պետական մտածողություն չունեն, նրանց մտածողությունն օրենքներից, սահմանադրութունից, կարգ ու կանոնից դուրս է․ «Նրանք միշտ պատրաստ են խախտել օրենքը, միշտ պատրաստ են կոռուպցիայի և վստահ եմ՝ նախընտրական կեղծիքների, ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելու փորձեր կլինեն։ Նրանք ամեն ինչի ընդունակ են, որովհետև այս թիմի անձնական ինքնափրկության խնդիրն է դրված»։

    Դիտարկմանը՝ արդյոք կարո՞ղ ենք արձանագրել, որ ընտրություններից հետո քաղաքական դաշտում առանձնապես փոփոխություններ չեն լինի՝ հաշվի առնելով իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի հնարավոր կիրառումը, քաղաքագետն ասաց․ «Չենք կարող ասել։ Ռեսուրս փորձել օգտագործելը և կարողանալ օգտագործելը տարբեր են։ Գործող կառավարությունն այնքան անպատրաստ է ամեն ինչի, որ նույնիսկ կեղծիքների կարող է ընդունակ չլինել, սակայն խոսքը գնում է այն մասին, որ կփորձեն նման բան անել»,-ասաց Ստեփան Դանիելյանը։

    Թե ինչու ԲՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը և համաձայնեց արտահերթ ընտրությունների, քաղաքագետը կարծում է, որ կառավարությունը իրավիճակն այնպիսի փակուղի է մտցրել, որ գուցե ստեղծված իրավիճակում այս ցնցումներն ավելի լավ տարբերակ են, քան իշխանությունների երկար մնալը։

    Փաստինֆո

  • «Թուրքերն անցան այստեղից»

    «Թուրքերն անցան այստեղից»

    Դոկտ. Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆ

    Ֆրանսիական գրականության խոշորագույն դասականներից մեկըՙ Վիկտոր Հյուգոն առանձնահատուկ հակակրանք է տածել թուրք ցեղի հանդեպ, ինչը որոշ արձագանք է գտել նրա ստեղծագործություններում: Այսպես, «Արքան զվարճանում է» նշանավոր պատմական դրամայի առաջաբանում իր այդ թատերգության ներկայացումները «Կոմեդի ֆրանսեզում» դադարեցնելու հրաման արձակած մինիստրների խորհրդին նա համեմատել է թուրքական դիվանի, իսկ Փարիզըՙ վիլայեթի հետՙ գրելով մեզ համար արդիական այս տողերը.

    «Ո՞ւր է օրենքը, ո՞ւր է իրավունքը, ինչպե՞ս կարող է դա պատահել: Իսկապես եղե՞լ է այն, ինչը հուլիսյան հեղափոխություն են կոչում: Մենք այլեւս Փարիզում չե՞նք: Ո՞ր վիլայեթում ենք ապրում: Ապշած ու շվարած «Կոմեդի ֆրանսեզը» որոշ ջանքեր թափեցՙ հասնելու համար մինիստրի այդ տարօրինակ որոշման բեկանմանը: Բայց զո՜ւր ջանքեր: Դիվանը, շփոթվեցի, մինիստրների խորհուրդը հավաքվեց…»:

    Նույն թատերգության մեջ, գլխավոր հերոսներից մեկիՙ Ֆրանսուա I թագավորի մի խոսքում թուրք բառը գործածված է իբրեւ դաժանության հոմանիշ («Ինչո՞ւ Աստված այս դիցուհու մարմնի մեջ դաժան թուրքի սիրտ դրեց»)…

    Հյուգոյի «Արեւելյան մոտիվներ» (1829) քերթվածների ժողովածուի որոշ գործեր ներշնչված են 1821-1827 թվականներին թուրքական լծի դեմ հույն ժողովրդի մղած ազատագրական պայքարով: Դրանց մեջ նշանավոր է հատկապես «Տղան» վերտառությամբ բանաստեղծությունը (1828)ՙ գրված հունական Քիոս կղզում թուրքական դաժան սպանդի առթիվ: Քերթվածի առաջին կիսատողըՙ «Թուրքերն անցան այստեղից», դարձել է բարբարոս ցեղը բնութագրող լավագույն ասույթներից մեկը:

    Հույն տղային ձոնված բանաստեղծությունը, որ նույն հաջողությամբ կարելի է ձոնել նաեւ հայ տղային, վաղուց ի վեր մուտք է գործել հայ իրականության մեջ, սիրվել է ու ներգործել: Նրա անմիջական ազդեցությամբ են ստեղծվել Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Հայ քաջորդին», Հովհաննես Հովհաննիսյանի «Հայ մանուկը», Ստեփան Մալխասյանցի «Որբ հայ տղան»: Քերթվածը հայերեն թարգմանել են Ալեքսանդր Ծատուրյանը, Արշակ Չոպանյանը եւ ուրիշներ, նաեւՙ մենք:

    Ամեն տարի մարտի 25-ին հույներն աշխարհում նշում են Հունաստանի անկախության օրը: Այս տարի լրանում է այդ կարեւոր իրադարձության 200-ամյակը, որի առթիվ էլ որոշեցինք ընթերցողին ներկայացնել մեր թարգմանության վերանայված տարբերակը:

    ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

    ՏՂԱՆ

    Թուրքերն անցան այստեղից. սուգ ու ավեր է չորս դին,

    Քիոս կղզին գինեվետ դարձել է խութ խավարչտին:

    Հովանու տակ ծառերի

    Արտացոլում էր նա ջինջ ալիքների մեջ չքնաղ

    Դղյակներ ու պուրակներ եւ իրիկունը հաճախՙ

    Խումբը պարող կույսերի:

    .

    Ամայությո՜ւն է… Բայց ո՛չ, մի սեւացած պատի մոտ

    Նստած է մի հույն տղաՙ կապուտաչյա ու թախծոտ,

    Գլխահակ ու դառնամած.

    Ուներ որպես ապաստան, որպես միակ հենարան,

    Ալոճենի մի ճերմակ, մի ծաղկաթուփՙ իր նըման

    Կործանումից վրիպած:

    .

    – Ա՜խ, խե՜ղճ տղա, բոկոտնՙ փապարների մեջ ժեռուտ,

    Ի՞նչ անեմ, որ չորացնես երկնի, ծովի պես կապույտ

    Աչքերը քո վշտակեզ,

    Որ արցունքից փոթորկված լազուրի մեջ անսահման

    Նորից փայլակը ցոլա բերկրանքի ու խնդության,

    Եվ գլուխդ բարձրացնես:

    .

    Ասա՛, արդյոք ի՞նչ բերեմ, սիրո՜ւն տղա, քեզ համար,

    Որ դու ուրախ շաղ տաս քո խոպոպները խենթաբարՙ

    Ուսերին քո սպիտակ.

    Մազերդ, որ չեն կրել անարգանքը երկաթի,

    Որոնք լալիս ենՙ թափված քո գեղեցիկ ճակատինՙ

    Ուռենու պես հերարձակ:

    .

    Ի՞նչը կարող է ցրել մառախուղը քո ցավի.

    Կուզե՞ս շուշանն այն կապույտ, աչքերի պես քո ծավի,

    Իրանի մութ լճակից,

    Կամ պտուղը տուբայիՙ հսկայական այն ծառի,

    Որից նժույգը պիտի վարգով վազի բյուր տարի,

    Որ դուրս գա իր շվաքից:

    .

    Կուզե՞ս արդյոք, որ ժպտաս, այն թռչնակին գունագեղ,

    Որ երգում է ծնծղայից ավելի բարձր ու հնչեղ

    Եւ սրինգիցՙ քաղցրորակ,

    Ի՞նչը կուզես. ծաղի՞կը, պտո՞ւղը թե՞ թռչնակին:

    – Բարեկա՛մս. – հույն տղան պատասխանեց տենդագին, –

    Կուզեմ վառոդ եւ գնդակ:

    Նկար 1. Էժեն Դելակրուա, «Հույնթուրքական ճակատամարտ», 1821:
  • Կոչ եմ անում բոլոր ազնիվ հայերին թույլ չտալ Հայաստանին մասնակցել այս խայտառակ հակառուսական զորավարժությանը

    Կոչ եմ անում բոլոր ազնիվ հայերին թույլ չտալ Հայաստանին մասնակցել այս խայտառակ հակառուսական զորավարժությանը

    «Մայիսին կայանալու է «Եվրոպայի Պաշտպան 2021» ՆԱՏՕ-ի զորավարժությունը։ Սա Ռուսաստանի դեմ ուղղված աննախադեպ զորավարժություն է։ Զորավարժությանը մասնակցելու են ամերիկյան` 53-րդ և 86-րդ խոշոր զորամիավորումները։

    Բազաները լինելու են` Ալբանիանում, Ռումինիայում, Բուլղարիայում և Թուրքիայում։ Ըստ տեղեկությունների` Հայաստանը 27 երկրների հետ միասին ևս մասնակցելու է այս զորավարժությանը։ Սա ամոթ և խայտառակություն է։ Դուրս է գալիս, որ Հայաստանը Թուրքիայի հետ մասնակցելու է Ռուսաստանի դեմ զորավարժությանը։Կոչ եմ անում բոլոր ազնիվ հայերին թույլ չտալ Հայաստանին մասնակցել այս խայտառակ հակառուսական զորավարժությանը». 

    Պետական Դումայի նախկին պատգամավոր, գնդապետ Սեմյոն Ա. Բաղդասարով

  • ԱՐԱՄԻ ՕՐԱԳԻՐԸ

    Աիդա Ներսիսյանի էջից, –

    8  Մարտ, 1905

    «Մի գիշեր, բաւական վատ եղանակով, կարծեմ Բարեկենդանի ազիզ օրերից մէկն էր, բեռնաւորուած եւ փամփուշտներով, գնում էինք հեռու թաղերից մէկը.

    հասարակ տեղափոխութիւն էր:  Պատահական կերպով անցայ ամերիկեան որբանոցի առաջից եւ յանկարծ լսեցի եւրոպական մի երգի ձայն, զոր երգում էին մի խումբ հաւանօրէն կանայք, դաշնամուրի ներդաշնակութեամբ: Յատկապես տեղս մեխուեցի եւ մի քանի վայրկեան ականջ էի դնում:

    Երգի ելեւէջները մէջս ծնեցրին տխուր, տխուր մտքեր: Մտածում էի, որ այս եւրոպացիները յանուն գթութեան եւ մարդասիրութեան եկել են մեր Երկիրը ու մեր թշուառութեան վրայ մի պուրժուական երջանկութիւն հիմնել, եւ դրանով իրենց մարդկայնական պարտականութիւնը  կատարած են համարում:

    Իսկ որբանոցից մի քանի քայլ անդին հազարաւոր գիւղեր ու քաղաքի թաղեր մերկ ու անօթի հեկեկում են: Նրանք էլ թշուառութեան երգն են մրմնջում…

    Բայց ինչու՞ մեր թշուառութիւնների վրայ եւրոպացիների՝ իրենց համար հիմնած երջանկութիւնը,  մենք մարդասիրութիւն ենք համարում…

    Մտքերի զուգորդութիւնը  հեռու- հեռու տարաւ ինձ:

    Վերջը խորին համոզմունքով բացականչեցի.

    -Երանի թէ այս ծով դժբախտութեան վայրում այս մի հատիկ ովասիսն էլ չլինէր, ովասիս, որ խաբուսիկ եւ օդային է: Կարծես եւրոպական երգի մեղեդիները դիսոնանս էին համատարած վշտի ալիքների մէջ…

    Ա՜խ, երանի այն օրին, երբ որբանոցները եւ նման պուրժուական հիմնարկութիւնները կը դադարին ովասիս լինելուց, եւ այս դժբախտ երկրի ժողովուրդները կը կարողանան իրենց մշակութային հանճարով եւ տնտեսական արդար վաստակով ստեղծել ամբողջ երկրի համար, բոլոր հասարակութիւնների եւ ժողովուրդների համար մի աւելի այլասէր եւ հիմնական ձգտումներով ովասիս..»:

    #Արամ_Մանուկյան_ծննդյան_օր 142

  • Մեզ համար պետք է պարզ լինի, որ այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել հենց քաղաքացի Փաշինյան Նիկոլի և Ադրբեջանի բարձրագույն իշխանության միջև. Իրավապաշտպան

    Մեզ համար պետք է պարզ լինի, որ այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել հենց քաղաքացի Փաշինյան Նիկոլի և Ադրբեջանի բարձրագույն իշխանության միջև. Իրավապաշտպան

    «Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է»,- սա հատված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՄԻՊ Արման Թաթոյանի երեկ կայացած հանդիպման մասին հաղորդագրությունից։

    Իհարկե, նորություն չէ, որ նախագահն իր հայտարարություններում միշտ արձանագրողի դերում է, իսկ հայտարարություններն այնքան անորոշ են, ինչքան իր սահմանադրական լիազորությունները:

    Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է աներ ՀՀ նախագահը, բացի Սյունիքում սահմանազատման գործընթացների վերաբերյալ առանց այդ էլ ընդգծված խնդիրն «ընդգծելը»՝ 168.am-ը հետաքրքրվեց «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից:

    Ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ ՀՀ նախագահին սահմանադրորեն վերապահված լիազորություններին. «Ճիշտն ասած, նախագահի սահմանադրական լիազորություններն այնքան աղոտ են գրված. գրված է միայն՝ «հետևել»:

    Կարծում եմ, վաղուց հենց նախագահը կամ իր իրավաբանական ծառայությունը պետք է դիմեր, օրինակ, նույն Սահմանադրական դատարան՝ հստակեցնելու՝ արդյո՞ք նա կարող է դիմել ՍԴ, որպեսզի կա՛մ կանգնեցնի, կա՛մ անօրինական ճանաչի այդ գործընթացը, որն արդեն եղել է»:

    Հիշեցնենք՝ Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.

    «1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:

    1. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
    2. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
    3. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:

    Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 5-րդ գլխում, ինչպես նաև Սահմանադրության 93-րդ, 149-րդ, 150-րդ, 155-րդ, 166-րդ, 169-րդ, 206-րդ հոդվածներով:

    Հարցին, թե սահմանազատման գործընթացների ու դրա հետևանքով առաջացած անվտանգային խնդիրների մասին շարունակ բարձրաձայնվում է, ինչո՞ւ են իշխանություններն անհաղորդ խնդրին, իրավապաշտպանը պատասխանեց.

    «Շատ լավ էլ հաղորդ են. իրենք հենց դա պլանավորված անում են: Հստակեցնենք, որ այդ բոլոր գործընթացները մեր երկրի իրավական որևէ մարմնի կողմից չէ, որ ղեկավարվում է. դա արվում է դրսի, այն է՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից:

    Եթե չկա գրավոր կամ մեզ հայտնի պայմանավորվածություն, ապա նման բաները չեն արվում առանց որևէ պայմանավորվածության: Այսինքն՝ մեզ համար պետք է պարզ լինի, որ այդ պայմանավորվածությունը տեղի է ունեցել հենց քաղաքացի Փաշինյան Նիկոլի և Ադրբեջանի բարձրագույն իշխանության միջև:

    Երբ պետությունը չի արձագանքում, նշանակում է՝ արդեն կա համաձայնություն այն պետության ներկայացուցիչների հետ, որոնք անում են այդ գործողությունները:

    Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ տեղի ունեցողը ոչ միայն Հայաստանի պարագայում է անօրինական, այլև Ադրբեջանի համար. «Ադրբեջանը ևս հստակ գիտի, որ նման գործողություններն իրականացվում են բոլորովին այլ ձևով. ստեղծվում է հանձնաժողով, եթե պետություններն ունեն խնդիր, ապա հրավիրվում է երրորդ կողմը, և այլն»: