Day:Մարտի 18, 2021

  • Խայտառակ պառակտվածություն ՊՆ-ում

    Խայտառակ պառակտվածություն ՊՆ-ում

    «Ժողովուրդ» օրաթերթիը գրում է. «Օնիկ Գասպարյանը ազատված չէ ՀՀ ՊՆ ԳՇ պետի պաշտոնից եւ նա օրենքի ուժով կարող է գնալ աշխատանքի եւ կատարել իր ԳՇ պարտավորությունները: Բանն այն է, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցը, եւ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, եւ դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտ կլինի այդ գործով:

    Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի: Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ վարչապետը հանրապետության նախագահին էր ներկայացրել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

    Նախագահը այն առարկություններով վերադարձրեց, փետրվարի 28-ին գրություն ուղարկվեց ՀՀ նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով, եւ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվեց պաշտոնից։ Ու հիմա ստացվում է՝ դատարան դիմելուց հետո իրավունքի ուժով Գասպարյանը մնում է ԳՇ պետ։

    Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանին Նիկոլ Փաշինյանը միջնորդել է ԳՇ պետ նշանակել, սակայն այսօր ԳՇ պետի ԺՊ-ն տեղակալն է, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը լարված է գեներալիտետի հետ։ Արդյունքում ՀՀ ՊՆ-ն իր պատմության մեջ ամենապառակտված վիճակում է այսօր եւ անկարող սահմանների պաշտպանության հարցում»:

    «Ժողովուրդ»

  • Փաշինյանը հրահանգել է վարկաբեկման արշավ սկսել 2-րդ նախագահի դեմ․ «Փաստ»

    Փաշինյանը հրահանգել է վարկաբեկման արշավ սկսել 2-րդ նախագահի դեմ․ «Փաստ»

    «Անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին շրջանում իշխանամետ որոշ շրջանակներ վերստին ամենօրյա ռեժիմով թիրախավորում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նույնիսկ մի սովորական լուսանկարն էր մեծ աժիոտաժ առաջացրել: Բացի այն, որ նշյալ շրջանակները վաղուց «մասնագիտացել են» երկրորդ նախագահի հարցով և «յոթ երգ գիտեն, յոթն էլ» Ռոբերտ Քոչարյանի մասին, «Փաստի» հավաստի տեղեկություններով, վերջերս նրանք Փաշինյանից նոր հրահանգներ են ստացել այս առումով:

    Բանն այն է, որ, կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ հերթական հարցման արդյունքները պարզապես սթրեսի են ենթարկել Նիկոլ Փաշինյանին, որը ջանասիրաբար իր թիմին փորձում է համոզել, որ հատկապես մարզերում ամեն ինչ «OK» է, իրենք տեղերում բարձր վարկանիշ ունեն: Ըստ մեր տեղեկությունների, վերջին հարցման արդյունքներով, Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշը 12 % է, անտիռեյտինգը՝ 48 %: Բայց շատ ավելի զայրացրել է այն հանգամանքը, որ էական աճ է ունեցել հենց Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը՝ հասնելով մոտ 37 %, իսկ անտիռեյտինգը նվազել է մինչև 6 %: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հրահանգ է իջեցվել՝ ինչպես հնարավոր է, վարկաբեկման արշավ սկսել»,-գրում է թերթը:

  • Օ.Գասպարյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի ծավալուն որոշումը.Ռուբեն Մելիքյան

    Օ.Գասպարյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի ծավալուն որոշումը.Ռուբեն Մելիքյան

    Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    Երեկ երեկոյան Մեդիապորտում հրապարակված լուրը հաստատվեց։

    «Դատալեքս» համակարգի մասնակի խափանումը առավոտյան վերացավ, և ահա տեսնում ենք Օ.Գասպարյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի ծավալուն որոշումը (եզրափակիչ մասը՝ կից): Չմեղանչեմ խղճիս առջև և հրապարակավ ընդունեմ, որ դատական իշխանության անկախությունը քանակական ընդարձակումից որակական ամբողջացման ենթարկված հենց նիկոլական ռեժիմի օրոք՝ «այն ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ» տրամաբանությամբ։ Դատավորները խորապես ու, հուսով եմ, անդառնալիորեն գիտակցեցին, որ ոչ թե հերթական պետական համակարգի ներկայացուցիչ են, այլ իշխանության ինքնուրույն ճյուղի կրող ու կենսագործող։

    Որ իշխանության իրենց ճյուղը կոչված է հակակշռելու ու հավասարակշռելու իշխանության «քաղաքական» ճյուղերին՝ Օրենսդիրին ու Գործադիրին, և ունակ է այդ դերակատարումը կատարել պատվով ու որակով։ Ինչու՞ ստացվեց դատարանների մոտ։ Որովհետև՝ (1) ներսում կային հեղինակություններ, որոնք առաջին ու շատ ծանր հարվածներն իրենց վրա վերցրեցին ու չընկրկեցին, ու չծնկեցին, (2) 1997-ից ի վեր՝ տասնյակ մարդիկ՝ իրական բարեփոխիչներ, դասախոսներ, գիտնականներ, դատական վարչարարներ, փաստաբաններ, հենց դատավորներ, չերևացող, չփիառվող, բայց հաստատակամ ու նպատակասլաց աշխատանք էին կատարում՝ իրապես անկախ դատարաններ ունենալու համար։

    Ու ահա՛ տնկված ու խնամված այգին պտուղներ է տալիս։

  • Եվրահանձնակատար․ «Սպուտնիկ V»-ն պետք է արտադրել ԵՄ-ում

    Եվրահանձնակատար․ «Սպուտնիկ V»-ն պետք է արտադրել ԵՄ-ում

    Մամլո ասուլիսում եվրահանձնակատար Թիերի Բրետոնը հայտարարել է, որ Եվրոմիությունը հիմքեր չունի կասկածի տակ դնել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի որակի և արդյունավետությունը: Նա նշել է, որ պատրաստուկը պետք է արտադրվի ԵՄ-ում:

    Ըստ Բրետոնի, «Սպուտնիկ V»-ն լավ պատվաստանյութ է: Ինչպես ընդգծել է եվրահանձնակատարը, Ռուսաստանի Դաշնությունում լավ գիտնականներ են աշխատում, ուստի հիմք չկա կասկածելու պատրաստուկի որակին և արդյունավետությանը: Եվրահանձնակատարը շեշտել է, որ ռուսական կողմն արդեն հայտ է ներկայացրել Եվրոպական դեղերի գործակալությանը, հաղորդում է news.ru-ն:

  • Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավիթի» գործը կքննի իշխանության սրտի դատավորը․ «Հրապարակ»

    Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավիթի» գործը կքննի իշխանության սրտի դատավորը․ «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ «Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի կալանքի գործի քննությունը նորից հայտնվել է Մնացական Մարտիրոսյանի վարույթում։ Փաստաբանները դիմել են գրավ կիրառելու միջնորդությամբ և շատ զարմացել են, երբ իմացել են, որ իշխանությունների հայտնի պատվեր կատարող Մացոն է կրկին քննելու։

    Երբ հետաքրքրվել են, թե ինչու դարձյալ նույն դատավորի մոտ, բացատրել են, որ այս գործով պետական գաղտնիք հանդիսացող նյութեր կան, իսկ նման գործեր ոչ բոլոր դատավորներն իրավունք ունեն քննելու։ Երևանում ընդամենը 2 դատավոր կարող է պետական գաղտնիքի գործ քննել՝ Մնացական Մարտիրոսյանը և Մեսրոպ Մակյանը։

    Մենք հարց ուղղեցինք Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանին՝ քանի՞ դատավոր իրավունք ունի քննելու պետական գաղտնիք հանդիսացող գործեր։ Ասաց, որ ամբողջ Հայաստանի տարածքում 37 դատավոր իրավունք ունի գաղտնիք պարունակող գործեր քննել։ 37-ից միայն մեկն է մարզային, 36-ը Երևանում գործող դատավորներ են։ Փաստորեն, Գալստյանի փաստաբաններին խաբել են, քանի որ գործը որոշել են, որ պետք է քննի իշխանության սրտի դատավորը»:

  • Ինչպե՞ս վերականգնվեց զենք-զինամթերքի մատակարարումը, և ինչպե՞ս այն հասավ Հայաստան. «Փաստ»

    Ինչպե՞ս վերականգնվեց զենք-զինամթերքի մատակարարումը, և ինչպե՞ս այն հասավ Հայաստան. «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է․ «Երեկ մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին զենքի մատակարարման դադարեցումը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ծանր հարված է եղել, և միայն Դավիթ Տոնոյանի անձնական ջանքերի շնորհիվ են վերականգնվել այդ հարաբերությունները: Այս առումով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստ» օրաթերթին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ օրերին Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել կապ հաստատել ՌԴ նախագահի հետ:

    Փաշինյանը դիմել է Դավիթ Տոնոյանին (չնայած, ըստ մեր տեղեկությունների, մինչ այդ նրանք իրար հետ չեն շփվել), որպեսզի վերջինս կարգավորի այդ հարցը, և իսկապես ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններից հետո զենք-զինամթերքի մատակարարումը վերականգնվում է: Սակայն առաջ են գալիս տեխնիկական խնդիրներ, մասնավորաբար զենք-զինամթերքի տեղափոխման հարցում: Դավիթ Տոնոյանն այս հարցով դիմում է Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»), որն այդ օրերին իր անձնական միջոցներով ձեռք է բերում երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով 24-ժամյա ռեժիմով կազմակերպում է զենք-զինամթերքի տեղափոխությունը:

    Ընդ որում, խոսքը զենքի առքուվաճառքի մասին չէ, այլ տեղափոխման կազմակերպման: Ըստ մեր աղբյուրների, խոսքը 180-ից ավելի թռիչքների մասին է: Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ, ըստ մեր տեղեկությունների, այդ ժամանակահատվածում պետական կառույցներից որևէ աջակցություն չի եղել, ավելին՝ հատկապես քաղավիացիայի բյուրոկրատական քաշքշուկների պատճառով դեռ մի բան էլ հաճախ խանգարել են»։

    «Փաստ»

  • Ծանր օրեր շատ ենք ունեցել, հայեր, բայց միշտ էլ ոտքի ենք կանգնել և ոտքի ենք հանել մեր պետականությունը: Գլուխներս բարձր!

    Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի գրառումը, –

    …910 թվականի ամռանը Ձկնավաճառի հովտի ճակատամարտում կրած ծանր պարտությունը ԱՄԵՆԱԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԱՎ Անիի թագավորության ռազմաքաղաքական հետագա ճակատագրի վրա, քանզի դրանից հետո մինչ այդ աննկատ ընթացող և մեծ ջանքերի գնով զսպվող ապակենտրոնացվածության ու կենտրոնական իշխանության քայքայման գործընթացն արդեն բացահայտ տեսք ստացավ, ընդ որում ինչ-որ տեղ խորհրդանշական էր, որ երկարատև ընդմիջումից հետո հակառակորդը հարված հասցրեց արդեն նաև Հայոց ՄԻՋՆԱՇԽԱՐՀԻՆ, երբ 910 թվականի ամռանը Սաջյանների էմիրության մասերի բաժանված բանակը ասպատակեց Արարատ նահանգը: Ստեղծված ծանր պայմաններում Հայոց արքան ապաստանեց խիստ ամրացված Կապույտ ամրոցում, իսկ Հայոց առանձին պետական միավորներն էլ փակվեցին սեփական սահմաններում՝ փորձ կատարելով այս կամ այն կերպ անցկացնել ծանր ժամանակները:

    911 թվականի ամռան վիճակով Սմբատ I-ն ամրացած մնում էր Կապույտ ամրոցում, որն օղակել, սակայն որին ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՏԻՐԵԼ ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Սաջյանների էմիրության բանակը: Ստեղծված ծանր պայմաններում, սակայն, Հայոց արքան ընդունեց մի խիստ վիճահարույց որոշում և, ի վերջո դադարեցնելով դիմադրությունը, ԱՆՁՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ պատերազմի դեմն առնելու մտայնությամբ ներկայացավ Սաջյանների էմիրության էմիր Յուսուֆ իբն Աբու-Սաջին (901-928): Այս քայլը, սակայն, ինչպես եղավ արժանահիշատակ Արշակ III-ի (344-368) և Վասակ Մամիկոնյանի պարագայում, ըստ էության, ոչ մի արդյունքի չբերեց, այլ ուղղակի հանգեցրեց միայն Սմբատ I-ի ԿՈՐԾԱՆՄԱՆԸ:

    Հայոց արքայի գերվելուց հետո կարծես թե նույնիսկ իրավաբանորեն էլ վերացավ «Հայոց արքա» տիտղոսի առաջնային կրողը և Գագիկ Արծրունին (903-908, 908-944՝ արքա), սեփական քեռու կործանման, ազգին հասցրած դաժան փորձությունների ու Հայոց պետականության բաժին հասած ծանր կորուստների գնով այնուհանդերձ ԹԵՐևՍ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՐԴԵՆ ԳՈՀ ԼԻՆԵԼ, քանզի «Հայոց արքա» տիտղոսի կրողն, ըստ էության, մնում էր միայն ինքը, ընդ որում, վայելելով Սաջյանների էմիրի աջակցությունը, վերջինս կարծես միանշանակ առաջնային դեր էր ստանում նաև բոլոր այլ հայկական և ոչ հայկական պետական միավորների ղեկավարների շարքում:

    Հարկ է նշել, սակայն, որ ստեղծված դրությունն վերջնական բավարարում չբերեց, սակայն, այնուհանդերձ նաև Գագիկ Արծրունուն, քանզի պարզից էլ պարզ էր, որ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՉԷՐ Սաջյանների էմիրության ռազմատենչ էմիր Յուսուֆ իբն Աբու-Սաջն այսքան ջանքերից հետո, ըստ էության, տապալել Բագրատունյաց տիրակալին, որ այժմ վերջինիս փոխարիներ Արծրունիներից ելած Հայոց հերթական արքայով: Գագիկ Արծրունի, ըստ էության, զոհ գնալով ՃՂՃԻՄ ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ և ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ, փաստորեն միայն հաջող մի գործիք էր հանդիսացել Սաջյանների էմիրի համար և այդ հանգամանքն այժմ արդեն՝ Սմբատ I-ի գերվելուց հետո, լիովին պարզ դարձավ:

     Ավելին, ՎԱԽԻ և ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔԻ ԱՅՆ ԾԱՆՐ ՄԹՆՈԼՈՐՏԸ, որը ստեղծվել էր Վասպուրականի նորելուկ արքայի շուրջը, նրանից վանում էր նաև այլ իշխանների և արդյունքում, ըստ էության, զրկված իր հզոր հովանավորի իրական աջակցությունից, Գագիկ Արծրունին ի վերջո ստիպված եղավ բավարարվել միայն Վասպուրականով: Իր հերթին տրամադրություններն Անիի թագավորությունում, չնայած ստեղծված ծանր դրությանը, իրոք որ ՄԱՐՏԱԿԱՆ ԷԻՆ, ընդ որում Սմբատ I-ի գերվելը, իսկ հետագայում էլ նույնիսկ արդեն սպանվելը մինչ այդ սեփական տիրակալի հետ մանրախնդիր հաշիվներ մաքրող Հայոց իշխաններին ի վերջո կարծես թե հասկացնել տվեց, որ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է ԱՐԴԵՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԱՅԴ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ…

  • Նոր պատերազմ է սպասվում, ՀՀ-Իրան կապը վտանգված է. Վարդան Ոսկանյան

    «Եթե Հայաստան-Իրան ճանապարհի մի մասն այսօր վերահսկում են թշնամական տերության բաշիբոզուկները, ապա ակնհայտ է, որ այդ կապը վտանգված է։ Ակնհայտ է, որ այդ ճանապարհի վրա տեղադրված ցանկացած ադրբեջանական ցուցանակ առնվազն հարց է առաջացնում Հայաստան այցելած իրանցու համար՝ արդյո՞ք ինքն այցելել է Հայաստան, թե՞ Ադրբեջանի որևէ տարածք։ Էլ չեմ խոսում այս ամենի հոգեբանական ազդեցության մասին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով խորհրդական, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

    «Մեզ փորձում են համոզել, որ պատերազմն ավարտվել է, մենք գտնվում ենք հրադադարի ռեժիմում, ստորագրված հայտարարությունը հրադադարի մասին է, հետևաբար մենք այսօրվանից պետք է պատրաստվենք առաջիկա պատերազմին, որովհետև լուծված չեն տարաձայնությունները, ավելին՝ պատերազմի վտանգը մեր տարածաշրջանից ոչ միայն չի հեռացել, այլև ավելի խոշորածավալ պատերազմի վտանգ է ի հայտ եկել»,- նշել է իրանագետը:

    Բանախոսն անդրադարձել է նաև հետպատերազմական շրջանում խոշոր խաղացողների ձեռբերումներին ու ձախողումներին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակին ու դրանից հնարավոր ելքերին:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    24NEWS.am

  • Արցախի խորհրդարանականներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել ՌԴ–ում

    Արցախի խորհրդարանականներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել ՌԴ–ում

    Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով ՌԴ –ում են, տեղեկացնում է Արցախի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

    Պատգամավորները Մոսկվայում  հանդիպել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, քննարկել Արցախում  հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համահայկական ներուժի կենտրոնացման և համակարգված օգտագործման խնդիրները։

    «Մասնավորապես քննարկել ենք ՌՀՄ միջոցներով Արցախի տարածքում 200 բնակելի տան կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա որոշակիորեն լուծելու ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված ԱՀ տարածքների տեղահանված մեր բնակչության բնակարանային ապահովության հարցը», -տեղեկացնում են պատգամավորները։

    Ռուսաստանի հայերի հրավերով պատգամավորները մասնակցել են «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» խորագրով միջազգային համաժողովին, մտքեր փոխանակել հայկական և ռուսական հասարակական կառույցների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ։

    «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավորները մոսկովյան այցի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության  Պետդումայի պատգամավոր Կոնստանտին  Զատուլինի հետ։ Քննարկել են Արցախում և տարածաշրջանում առկա իրավիճակը, հումանիտար և անվտանգային մարտահրավերները, կարևորել Արցախի և Ռուսաստանի միջև համակողմանի համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ քայլերը՝ ընդգրկելով ինչպես անվտանգային, այնպես էլ քաղաքական, տնտեսական և կրթական ու մշակութային ոլորտները։