Day:Մարտի 12, 2021

  • ԵԹԵ ՉՍԹԱՓՎԵՆՔ` ՎԱՂԸ ՈՒՇ ԿԼԻՆԻ

    ԵԹԵ ՉՍԹԱՓՎԵՆՔ` ՎԱՂԸ ՈՒՇ ԿԼԻՆԻ

    Իմ սերունդը, որ այսօր ավագ է համարվում, կյանքի կեսից ավելին ապրել է խորհրդային համակարգում, այսօր մի տեսակ շփոթված է, զայրացած ու զարմացած այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում: Չեմ ուզում այդ տարիների գովքն անել, կարոտախտով էլ չեմ տառապում: Պատմաբան եմ եւ գիտեմ բոլոր ցավոտ կեռմանները, որոնք շատ անգամներ պատուհասել են մեզ, երբ Ռուսաստանը չի օգնել, «ուշացել է» մի քանի օր, խորհրդավոր նահանջներ իրականացրել, մեր հաշվին ձեռքբերումներ ունեցել Բալկաններում կամ մեկ այլ տեղ: Սակայն ինձ թույլ եմ տալիս նաեւ ենթադրել, թե ինչպիսի արմատական փոփոխություն եւ անհավատալի ձեռքբերումներ կունենայինք այսօր, եթե 1828 թվականին ամբողջ Արեւմտյան Հայաստանը եւս միանար Ռուսական կայսրությանը ու թեկուզ ենթարկվեր ցարական դաժան շահագործման: Մեծ հարցական է նաեւ, որ եթե դա տեղի ունենար, արդյո ք հայ ժողովուրդը կցեղասպանվեր, արդյո ք այսօր չէինք ունենա 40-50 միլիոնանոց Հայաստան եւ ո վ կլիներ գլխավոր խաղացողը Հարավային Կովկասում…Ինչու հանկարծ մտաբերեցի խորհրդային տարիները, երբ ամենուր իշխում էր ռուսերենն ու ռուսականությունը, երբ եթե հրաշքով թույլտվություն էինք ստանում (ինձ այն տրվեց մեծ դժվարությամբ, ութ ամիս քաշքշուկից հետո եւ այն էլ երջանկահիշատակ ակադեմիկոս Լ. Խուրշուդյանի կոշտ միջամտությունից հետո միայն) ազգային գրադարանի հատուկ ֆոնդից օգտվելու, ապա չտեսի նման հարձակվում էինք հետապնդումների տարիներից հրաշքով պահպանված եւ մեզ հասած մտավորականների հուշերի վրա, կլանում դրանք, ժամանակի մամուլն էինք փորփրում եւ հետո միայն մեր թեմաները… Երբ ֆիլմերում տեսնում էինք ապրանքալեցուն ու գույնզգույն լույսերով զարդարված խանութները, երբ զարմանում էինք, որ փողոցները լուսավորվում էին գովազդների լույսերով, երբ հասարակ ջինսը պաշտամունքի առարկա էր, երբ…գործում էին հազար ու մի սահմանափակումներ ու արգելանքներ, բայց իմ սերունդը ոչ միայն չէր ընկճվում այդ ամենից, այլ ատամները սեղմած սպասում էր հարմար պահի: Երբ այն եկավ, միանգամից դուրս եկավ եւ անկախ պետություն վերստեղծեց, կռվեց ու հաղթեց: Հաղթեց 1991-1994 թվականներին, երբ հայերս գրեթե առանց գեներալների եւ լիարժեք ձեւավորված բանակի ստիպեցինք ազիկներին ճանաչել Արցախի փաստացի ինքնուրույնությունը եւ զինադադար խնդրել: Իսկ 2020-ին, երբ ունեինք ավելի քան չորս տասնյակ գործող գեներալներով տարածաշրջանում ամենամարտունակ ճանաչված բանակը, պարտվեցինք ու «վերադարձրինք» ոչ միայն գրավյալ յոթ շրջանները, այլեւ թշնամուն նվիրեցինք Արցախի յոթանասունհինգ տոկոսը, մնացյալ Արցախը թողնելով «խաղաղապահ դաշնակցի» ողորմածությանը: Իսկ ամենահետաքրքրականն այն է, որ պարտված պետության մեջ բոլոր քաղաքական ուժերի համախմբման, բանակի վերականգնման ու մնացած հայրենիքի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու փոխարեն, գրեթե ոչինչ չի ձեռնարկվում պարտության պատճառների ու տեղ գտած դավաճանական փաստերի բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:Ավելինՙ այս դեպքում նույնպես շարունակվում է սեւ-սպիտակ հակադրությունը: Մոռանալով երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրներըՙ իշխանական թեւն իրար հաջորդող ռեվերանս-խոնարհում-զիջումներ է անում աջ ու ձախ, իսկ ընդդիմադիր քաղաքական դաշտը լծված է պարտված գեներալների հերոսացման ու վարչապետի վարկաբեկման-հրաժարականի պահանջներով: Ակամա հարց է առաջանում. արդյո ք Ճակատը կազմալուծած ու պարտված գեներալները երբ հերոսի կոչումների են արժանանում, արժեհամակարգը չի արժեզրկվում: Իսկ ամենացավալին այն է, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ այդ շքերթը հայտնի ու անհայտ հայաստանյան բարեկամներով գլխավորում են օտարները: Իսկապես «Ողբամ զքեզ հայ ժողովուրդ, զի թագավորդ մանուկ է», ողբամ, քանի որ երեկվա քոչվորների ծաղրուծանակի առարկան ենք դարձել: Լավ, մի թե հայ ժողովուրդն այնքան է ծերացել, որ այլեւս ՆԺԴԵՀՆԵՐ չի ծնելու:Կասկածից դուրս է, որ որ գլխավոր շտաբը զինված ուժերի ուղեղն է, «Յուրաքանչյուր երկրում ամենաինֆորմացված կառույցներից մեկը: Հատկապես Հայաստանի նման 30 տարի պատերազմական վիճակում գտնվող երկրում` Շտաբն ունի ավելի մեծ ինֆորմացիոն-վերլուծական հնարավորություններ, քան շատ այլ երկրներում, որոնք երբեք չեն գտնվել պատերազմում: Եվ եթե ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը, ուրեմն` վերջինս վերջնականապես ավերել է ե՛ւ բանակը, ե՛ւ սպառազինության մատակարարումը, ե՛ւ տնտեսությունն ընդհանրապես ու վիրավորել է ամբողջ հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը: Այսինքնՙ նրա հրաժարականի պահանջը` ունի շատ լուրջ հիմքեր եւ հիմնավորումներ: Նրանք ունեն որոշակի ինֆորմացիա, որի հիման վրա ներկայացրել են վարչապետի հրաժարականի պահանջը: «Նրանք պարտավոր չեն կիսվել այդ ինֆորմացիան հասարակության հետ, ուղղակի մարդիկ պետք է գիտակցեն, որ եթե Շտաբը մի բան պահանջում է` ապա հարցը հրատապ է եւ հիմնավորված» (ՌԴ ԶՈՒ Գլխավոր Շտաբի նախկին սպա, ԶՈԻ գնդապետ, ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարիոնոկ ):Բացի այդ, գրեթե բոլոր զինհրամանատարները պնդում են, որ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից պատերազմի ընթացքում զինված ուժերի ամբողջ համակարգը ղեկավարվում էր անտանելի, մահացու եւ ուղղակի անտաղանդ կերպով: Ծառայությունից հատուկ հեռացվում էին նրանք, ովքեր ավելի մարտունակ էին, ովքեր սովորել էին ՌԴ զինվորական ակադեմիաներում: Այսինքնՙ նա լրիվ դեմ է Ռուսաստանի հետ դաշինքին: Մինչեւ պատերազմը եւ դրանից հետո էլ չէին կազմակերպվում ուսուցողական զինավարժություններ, մարտավարական հնարքներ, այլ զբաղվում էին միայն սրան-նրան դատելով: Դրա համար էլ ի վերջո այս ամենը հոգնեցրեց բանակին, որը, համոզված եմ, հայ ազգի անվտանգությունն ապահովող ամենակարեւոր ինստիտուտն է:Իսկ ուր է տանում եւ ինչի կհանգեցնի վարչապետ-ԳՇ այս առճակատումը: Հարց, որը փաստորեն դարձել է վճռական ու անկյունաքարային հետագա զարգացումների գործում: Կարելի է ենթադրել, որ եթե նախագահը չհաստատի վարչապետի որոշումը, ապա նա էլ կդիտարկվի որպես հեղաշրջման կողմնակից եւ վարչախումբը կպահանջի ՀՀ նախագահի հրաժարականը: Իսկ ընդդիմադիրները կպաշտպանեն նախագահին եւ դարձյալ կպահանջեն վարչապետի հրաժարականը: Վարչապետն էլ կհայտարարի, որ երկիրը չի ուզում տանել ցնցումների եւ հրաժարվի իր ստորագրած որոշումից: Բայց հազիվ թե, քանի որ նա ուղղակի հետ չի կանգնում իր որոշումներից: Տեսականորեն հնարավոր է նաեւ, որ ԳՇ պետն ու Փաշինյանը հանդիպեն եւ մի հայտարարությամբ շեշտեն, որ այլեւս գեներալիտետը չի պահանջում Փաշինյանի հրաժարականը եւ կոնկրետ ժամկետներ նշեն արտահերթ ընտրությունների համար: Սա կլինի ամենագերադասելի տարբերակը: Դատելով տարածաշրջանում գլխավոր խաղացողների «անհանգստությունից» կարող են նաեւ դրսից այլ սցենարներ էլ պարտադրվել, որոնց համաձայն Օ. Գասպարյանը հրաժարական տա ու դրանով կթոթափի իրեն պարտված համարելու եւ վարչապետի որոշմամբ հրաժարվելու ոչ հաճելի բեռը: Սակայն այդ ամենով հանդերձ անվարան կարելի է պնդել, որ ՀՀ-ում հնարավոր չէ ոչ մի իշխանափոխությունՙ առանց արտաքին գործոնի, իսկ թե Ռուսաստանումՙ Թուրքիայի հետ համատեղ ի՛նչ կծրագրվի, դժվար է ասել: Մի բան միայն անվարան կարելի է պնդել, որ եթե Օ. Գասպարյանը խոհեմ մարտավարություն ընտրի եւ հանուն երկրի անվտանգության հրաժարական տա, ապա իշխանությունն ու ընդդիմությունն իրար հանդեպ այնքան ատելությամբ են լցված, որ հազիվ թե դրանով խնդիրը փակվի: Ռազմական հեղաշրջումը Հայաստանում բացառվում է, որովհետեւ մենք արդեն մանավանդ արցախյան վերջին պատերազմից հետո գրեթե կորցրել ենք մեր ինքնուրույնության վերջին դրսեւորումները: Ուրեմն խնդրի կարգավորումը կախված է ավելի շատ արտաքին գործոնից, մի հանգամանք, որը մատնանշում ենք ահավոր ցավով եւ դառնությամբ:Այս զարգացումների հետնախորքի վրա իմ կարծիքով ամենավտանգավոր իրողությունն այն է, որ երեսնամյա մեր անկախության տարիներին Հայաստանի ներքին գործերին բացահայտ չխառնված Թուրքիան նախագահի, արտգործնախարարի եւ նույնիսկ «Գորշ գայլեր» կազմակերպության առաջնորդի ամենաբարձր մակարդակներով հայտարարեց ու պարզ հասկացրեցՙ իմ տարածքում եք բնակվում եւ ձեզ ուղղակի խելոք պահեք, թե չէ խիստ կպատժվեք: Հասկանում եմ, մենք բարեկամներ չենք եղել ու չենք էլ լինի, որ այդտեսակ հայտարարությունները թեեւ միջազգային իրավանորմերի կոպիտ ոտնահարում են, բայց լինում են: Այստեղ ամենավտանգավորն ու եղկելին այն էր, որ ՀՀ իշխանությունները որեւէ կերպ չարձագանքեցին ու կարծես իրենց լռությամբ պատժված աշակերտի նման ընդունեցին դիտողությունը: Անչափ վտանգավոր է նաեւ այն, որ մեր ԶԼՄ-ներն էլ լավ չպատկերացնելով այդ հայտարարությունների մեծ վտանգըՙ դրանք պարբերաբար կրկնելով մեր ականջների համար սովորական են դարձնում ու անուղղակի դրանց հետ հաշտվելու հոգեվիճակ ձեւավորում:Ես լավ եմ պատկերացնում, թե ինչ վայնասուն կբարձրացնեին, ինչ աղմուկ ու հազարատեսակ մեղադրանքներ կհնչեցնեին ռուսաֆոբները, եթե այդպիսի հայտարարություններով հանդես գային ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները: Ակամա հարց է առաջանումՙ ի՞նչ է, այս ամենն իրոք արեւմտամետ, սորոսապաշտ կամ որ նույնն էՙ թուրքամետների սրտո՞վ է…: Այ հենց այստեղ է թաղված շան գլուխը, հենց այս պատճառով հոդվածի սկզբում ներկայացրի իմ սերնդակիցների մոտեցումները հիմնախնդրի վերաբերյալ: Իրականության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ ուշադիր հետեւեցի նաեւ ընդդիմադիրների ելույթներին եւ ի մեծ ցավ ինձՙ նրանք եւս բացի թռուցիկ անդրադարձներից, ոչինչ էական չասացին այս խնդրի մասին: Համոզված եմ, որ խելոք ու լուռ անկյունում կանգնած աշակերտին, այսինքնՙ Հայաստանին, այդ նույն ոգով ու նախկին հայտարարությունների օրգանական շարունակության տեսքով դիմեց նաեւ Ալիեւը: Վերջինս առանց որեւէ ձեւականաության, մատ թափահարելով եւ պատժի անթաքույց սպառնալիքով մոտավորապես հետեւյալը շեշտեցՙ եթե Հայաստանը չհամաձայնի «մեր նախկին հող Զանգեզուրի» տարածքով միջանցք տրամադրելուն, ապա մենք կստիպենք նրան դա անելու: Պատերազմի հանցագործ Ալիեւի «Հայաստանը չի կամենում միջանցք տրամադրել» արտահայտությունը թվում է վերացական ինչ որ բան է, մինչդեռՙ ավելի որոշակի ու միաժամանակ նենգ ակնարկ երբեւէ չի եղել: Սրանով պարզ ուրվագծում է իր եւ Թուրքիայի առաջիկա նկրտումները եւ դրանք իբրեւ օրինական հրամցնելու կեղծ հիմքերը…. Այս ո՜ւր ենք գնում, Աստված իմ…Իսկապե ս Հայաստանն այսօր օկուպացված երկիր է, որի ղեկավարությունը հանդիսանում է հավաքագրածների ներկայացուցիչ:Աստված իմ, միթե իսկապես իրավացի է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, երբ գրում է. «ՀՀ իշխանությունը գործում է ոչ թեՙ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից ելնելով, այլՙ իրենց հավաքագրած տերերի շահերով», ապա պարզաբանում, որ այդ տերերն այսօր ուզում են բավականին ուժեղացնել Թուրքիային: Նրանց խնդիրն այն է, որպեսզի վերացնեն Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքըՙ զուգահեռաբար աշխատանքներ տանելով նաեւ Հունաստանի դեմ: Այս ամենի համատեքստում, բնական է, որ ՀՀ իշխանությունը համաձայնում է, որպեսզի օկուպացվի ոչ միայն Արցախըՙ իր ֆիզիկական ու ռազմական ուժով, այլեւ Հայաստանըՙ տնտեսական ու աշխարհաքաղաքական մեթոդներով: «Առհասարակ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունը,-նշում է Գ. Հարությունյանը, Սյունիքի նկատմամբ հետապնդում է այդ նպատակը: Այսինքնՙ նրանք ծառայում են ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին, դրա համար էլ, բնականաբար, չեն արձագանքում Ադրբեջանից եկող հոխորտանքներին»:Հայտնի իրողություն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը լավ են տիրապետում հոգեբանական, տեղեկատվական մեթոդներին, եւ այն ամենը, ինչ ասում է Ալիեւըՙ ուղղված է ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ ժողովրդին, որպեսզի ստեղծվի այնպիսի տպավորություն, որ եթե Ալիեւի ասածը չանեն, ապա կգան ու բոլորին կոչնչացնեն: Այս իրավիճակում մենք պետք է լավ հասկանանք, որ ռուսական ներկայությունն էլ հաստատուն ու մշտական չէ եւ մենք պետք է ինքներս պատրաստվենք դիմակայելու թշնամուն: Ինչպես նաեւ այն, որ Թուրքիան նեոլիբերալ տոտալիտարիզմի իշխողների համար «կծան շուն» է, որին երբեմն քսի են տալիս անհնազանդություն ցուցաբերողների վրա, բայց հաճախ այդ «քարտ բլանշը» վարպետորեն օգտագործում է հօգուտ իրեն: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա Արցախ մտավ ոչ թե նրա համար, որ Փաշինյանն իր դաշնակիցն էր, այլ որպեսզի փրկեր Հայաստանը, ինչպես արել էր 200 տարի առաջ:Ամփոփելով նշեմ, որ քաղաքական ու տնտեսական ծայրագույն վտանգավոր իրավիճակում ենք, ուստի բոլորիս սթափվել է պետք, թե չէ վաղը ուշ կլինի…01-10.03.2021
     
     
  • «ՄԵԾ ՄՌՈՎԻՑ ՄԻՆՉ ՀՈՐԱԴԻԶ». Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՊԵՏՈՅԻ ՓԱՌՔԻ ՃԱՄՓԱՆ

    Դաժան պարտությունը կոտրեց բոլորիս, համենայն դեպս նրանց, ովքեր հասկանում են` ինչ ենք կորցրել…

    Դավադիր պատերազմը հայրենիքից բացի մեզանից խլեց նաեւ մեր ազատագրական երգերից շատերի բովանդակությունը: Անբովանդակ դարձան Ջրականի, Հադրութի, Ամուրի ու Շուշիի մասին երգերը: Անշոշափելի մի կարոտով մենք այսօր երգում ենք Շուշիի մասին այնպես, ինչպես հարյուր տարի երգել ենք Արարատ լեռան, Վանա լճի, Մուշի, Էրզրումի ու Ստամբուլն արյան ծով դարձնելու մասին:

    Այդ երգերն Արցախյան փառապանծ ազատամարտի աննվաճ անձնագրերն էին, մեր ազգի լավագույն երազների խտացումն ու անկախության վաղեմի երազանք-նպատակների դրական պատասխանները.

    «…Դեռ ճամփա ունենք,

    Պիտ հասնենք Սասուն…»:

    Ազատագրական-ֆիդայական այդ երգերի ցանկում կա մեկը, որը միշտ երգել եմ, բայց արդեն ամիսներ շարունակ ոչ միայն անկարող եմ երգել այն, այլեւ մնացել է կոկորդիս` որպես եղբորից գողացած մի կտոր հաց եւ ծանր քարի պես կուլ չի գնում: Խոսքն Արցախյան ազատամարտի մասնակից-խորհրդանիշներից մեկի Պետոյի` Պետրոս Արշալույսի Ղեւոնդյանի մասին հյուսված մի գեղեցիկ երգի («Պետոյի հիշատակին») մասին է, որն սկսվում է հետեւյալ բառերով.

    «Մեծ Մռովից մինչ Հորադիզ

    Փառքի ճամփա ես անցել…»:

    Իր կյանքը դնելով հայրենիքի փրկության զոհասեղանին` Պետոն զոհվեց` մեզ կտակելով ազատ ու անկախ հայրենիք, պատիվ ու հաղթողի կեցվածք: Նա մարտական փառքի ճամփա անցավ` հյուսիսից մինչեւ հարավ` Մռովից մինչ Հորադիզ:

    Այսօր ես չեմ կարողանում երգել այդ երգը, լսել այդ երգը, որն իմ կյանքում ամենաշատ երգված ու լսված երգն է եղել, որովհետեւ… որովհետեւ հասկանում եմ, թե ո՞ւր մնացին Մռովն ու Հորադիզը եւ ովքե՞ր են հիմա ոհմակներով վխտում Մռովի ու Հորադիզի արանքում ընկած` Պետոյի փառքի ճամփին:

    Չեմ կարողանում, ամաչում եմ երգել այդ երգը, որովհետեւ թուրքերն անալի անասունի նման նման լիզում են Պետոյի փառքի ճամփին ընկած` մեր պապերի շիրմաքարերը:

    Երգել չի լինում, որովհետեւ այն գյուղը, որտեղ ընկել է Պետոն եւ իր արյունը որպես սրբազան ուխտ խառնել այդ հողին, օսմանի թոռները յաթաղանն օդում ճոճելով` խեղպար են բռնել եւ Մռովի տխուր հայացքի ներքո ոտնատակ են տալիս այն դրոշը, նաեւ որի իմաստավորման համար ընկավ Պետոն:

    Ինչպե՞ս երգեմ այդ երգը, երբ Պետոյի փառքի ուղու ամբողջ երկայնքով ոռնալով վխտում են թուրքերը` կարծես վերահաստատելով այն հին-հին առածը` «ձորը` դատարկ, աղվեսը` տեր»:

    Երգե՞մ: Երգե՞մ, ուրեմն:

    Մռովի ծերպերերին տապալված են մեր հավատի բոլոր խաչերը, պղծված են մեր Աստծուն աղոթելու բոլոր մատուռները եւ այնտեղ անարգել, առանց որեւէ անհանգստության, եւ առանց որեւէ երկյուղի նամազ են կաղկանձում արդեն հազար տարի մեր լեռների վրա գրոհող շնագայլերը` իրենց ողջ գարշահոտությունը տարածելով Պետոյի փառքի ուղու վրա:

    Դավադրության ու անտարբերության հետեւանքում` մենք պարտվեցինք այս պատերազմում եւ կորցրեցինք մեր հայրենիքը:

    Շուշիից հետո Նախիջեւանի մասին էինք մտածում, բայց հիմա Զանգեզուրը պաշտպանելու, ավելի ճիշտ` փրկելու խնդիր ունենք:

    Այո՛, մենք պարտվել ենք, ամենադաժան եւ ամենաողբերգական ռազմաքաղաքական պարտությունն ենք կրել 21-րդ դարում: Թող արդարացումներ ու ազգային սփոփանքի խոսքեր չլինեն, հայրենիքի կորստի ցավի դարման չէ դա, մենք պարտվել ենք, հակառակը պնդողներին առաջարկում եմ գնալ Պռոշյան, կանգնել Պետոյի հուշարձանի առաջ եւ պնդել, որ չենք պարտվել եւ հստակ պատասխանել` ուր մնաց Մեծ Մռովից մինչեւ Հորադիզ ընկած ճամփան` Պետոյի փառքի ուղին:

  • ԱՎԵՏԻՍ ԶԵՆՅԱՆ

    ԱՎԵՏԻՍ ԶԵՆՅԱՆ

    (1935-2021)

    Փետրվարին Մոսկվայում կյանքի 87-րդ տարում կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուսական կինոյի օպերատոր Ավետիս Զենյանը :

    Նա ծնվել էր 1935-ին, Բեյրութում, Ցեղասպանությունից փրկված բնիկ այնթապցիների ընտանիքում: Հայրըՙ Նազար Զենյանը, հետագայում դարձել է ճարտարագետ, անդամագրվել կոմունիստական կուսակցությանը: Ավետիսը, որ երեք եղբայրներից կրտսերն էր, հիշում է, թե ինչպես է մի անգամ հայրը մոր հետ գաղտնի զենք լցրել ֆայտոնի մեջՙ փոխադրման համար: Հալեպում նա հաճախել է ֆրանսիական դպրոց, երգել եկեղեցում: 1946-ին մոր եւ եղբայրների հետ հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: Բաթումում նրանց իրերի մեծ մասը չեն վերադարձրել: Ընտանիքին ուղարկել են Տավուշի Ուզունթալա (այժմՙ Այգեհովիտ) գյուղը: Այնտեղ ձյուն-ձմեռ էր, մինչդեռ Ավետիսը եւ եղբայրները շոգ Սիրիայից եկել էին կարճ տաբատներով: Ապրուստ վաստակելու համար մայրը կոտլետ եւ փախլավա է պատրաստել, իսկ փոքրիկ Ավետիսը վաճառել է շուկայում: Մի անգամ գումար վաստակելու համար դիմել է խորամանկության. մարդկանցից հավաքել է անվավեր մթերային քարտեր, ռետինից դրոշմ է պատրաստել եւ վրան գրելով տարբեր խանութների համարներՙ կնքել է քարտերը: Դրանցով նա ձեռք է բերել 50 կիլոգրամ շոկոլադ եւ վաճառել: Շուտով նվեր ստանալով լուսանկարչական սարքՙ Ավետիսը ամառները շրջել է պիոներական ճամբարներում ու դրամ վաստակել լուսանկարչությամբ: Բեյրութից հայրենադարձված մի լուսանկարիչ ընկեր, որն Ավետիսից քսան տարով մեծ էր, շատ բան է սովորեցրել նրան: Նրա խորհրդով էլ Ավետիսը մեկնել է Մոսկվա եւ 1954-ին ընդունվել ՎԳԻԿ-ի օպերատորական բաժինը: Եղել է նույնպես ուսանող Լյուդմիլա Գուրչենկոյի, Վասիլի Շուկշինի եւ այլոց ընկերական շրջապատում: Իր դիպլոմային աշխատանքը ցանկացել է նկարահանել Արման Մանարյանի հետՙ հայ հայրենադարձների մասին: Նրանք Գառնիում նկարահանել են մի դրվագ Մարտիրոս Սարյանի եւ Իլյա Էրենբուրգի մասնակցությամբ, սակայն հայրենադարձների հետ ոչինչ չի ստացվել, որովհետեւ վերջիններն անկարող էին կոծկել իրենց դժվարին կյանքը: Զենյանը մասնակցել է Մանարյանի դիպլոմային աշխատանքիՙ «Տժվժիկի» նկարահանմանը, սակայն նրա անունը ենթագրերում բացակայում է: Երեւանում չունենալով բնակարանՙ Զենյանը վերադարձել է Մոսկվա: Մարկ Հովսեփյանի հետ նկարահանել է տեսարաններ Մոսկվայից, այն ՎԳԻԿ-ի դիպլոմային աշխատանքների մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, եւ Զենյանին աշխատանքի են հրավիրել «Մոսֆիլմ»: Այդ ժամանակ Բոնդարչուկը սկսել էր նկարահանել հետագայում օսկարակիր դարձած իր «Պատերազմ եւ խաղաղություն» կինոէպոպեան եւ Զենյանին աշխատանքի հրավիրել որպես բեմադրող օպերատոր: Նա միակ օպերատորն էր, որն աշխատել է ֆիլմի բոլոր չորս մասերի վրա: Զենյանն է գործի դրել ինը կինոխցիկները, կես միլիոն ժապավեն է անցել նրա ձեռքով, որոնք նա հայտածել է եւ տպել, այնուհետեւ ստեղծել ֆիլմի օրինակները արտասահմանի համար: Տարիներ անց Բոնդարչուկը, հանդիպելով նրան, գրկել է եւ ասել. «Ներիր, որ քեզ այդքան տանջել եմ»…

    Որպես օպերատոր Զենյանն աշխատել է նաեւ Ալեքսանդր Միտտայի «Վառվիր, վառվիր, աստղ իմ», «Սա Հաղթանակի օրն է», «Խոպան», «Հեղափոխությամբ ծնվածը», «Ընկեր Սիբիր» ու այլ ֆիլմերում: Եղել է նաեւ օպերատոր Դավլաթնազար Խուդոնազարովի խորհրդականը «Ռուստամ եւ Զոհրաբ» ֆիլմում: Զենյանն է նաեւ 1986-ին ուղղաթիռից նկարահանել Չեռնոբիլ քաղաքն աղետից անմիջապես հետո: Նա շատ է աշխատել նաեւ խորհրդային դասական կինոնկարների («Ուրախ տղաներ», «Չապաեւ», «Ալեքսանդր Նեւսկի», «Իվան Ահեղ») վերականգնման վրաՙ հաճախ իրագործելով տեխնիկական «հրաշքներ» հին ժապավաններին նոր կյանք տալու գործում…

  • ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

    ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

    «Մարդը մի բան է, որ պետք է հաղթահարվի»

    Ֆրիդրիխ Նիցշե

    Ատամնացավին դիմանալ չի լինում: Բժիշկը, որին արդեն տարիներ այցելում եմ, գտնվածներից է, այն հազվադեպներից, որ ե՛ւ լավ մասնագետ է, ե՛ւ լավ մարդ ու բացի դա, արվեստ ու պոեզիա է գնահատում: Իր մոտ ապահով ու հանգիստ ես զգում: Թեթեւ ձեռք ունի, ինչպես սովորաբար ասում են: Մեղմ, բարեսիրտ միջին տարիքի մարդ է Նաիրի Գալստյանը. դրական էներգիան անմիջապես է փոխանցվում հիվանդին: Նույնը եւ երիտասարդ բուժքույրերըՙ գեղեցիկ ու միշտ ժպիտով: Երբ աշխատանքն ավարտում է, ընկերներիցս մեկիՙ որ արտերկրում է բնակվում, հարցն եմ ուղղում իրեն: Պատասխանում է: Ասում եմՙ շատերն այնտեղից գալիս, ատամներն այստեղ են բուժում: Ասում էՙ կգան այնքան, մինչեւ այստեղից բոլոր լավ բժիշկները կհեռանան:

    – Գիտեք, բժիշկ,- ասում եմ,- ձեզ զանգահարելուց առաջ մտքիս հենց դա էրՙ իսկ եթե Նաիրին գնացած լինի՞: Լռում է մի փոքր, հետո ասումՙ ես ամենավերջին գնացողը կլինեմ, այն էլՙ եթե պարտադրված լինենք: Լույսերը վերջինը կանջատեմ ու դուրս կգամ:

    Հայրենիքի, երկրի լույսերը… Հիշեցի ընկերներիցս մեկիՙ կյանքի ճանապարհը ազնվորեն անցնող մտավորական հայ մարդու վերջերս ասածը, թեՙ ես Հայաստանից ելնողը չեմ: Դուք գնացեքՙ ուր ուզում եք:

    Մի քանի րոպե անց տաքսու վարորդը, համացանցում գրանցված բավական բարձր ռեյտինգով մեկըՙ մեքենան հանգիստ վարելու, լավ զրուցակից լինելու, բարեկիրթ սպասարկման, լավ երաժշտություն մատուցելու (իմ ժամանակ այդպես չէրՙ մի կիսառաբիզ հիմար երգ էր), շատերի պես մտահոգ էր մեր ներկա վիճակով, թե երկիրն էս ուր հասցրին: Մտովի հակադարձեցի, իսկ ինչո՞ւ հասցրին, գուցե յուրաքանչյուրս իր մասն էլ տեսնի՞ այդ ճանապարհին, ինչպեսՙ բարեկամուհիս, որ պատերազմի ավարտից օրեր անց կեղեքում էր ինքն իրեն, թե այս ողջ ընթացքում մտածել եմՙ ի՞նչ ես կարող էի անել երկրիս համար, որ չեմ արել, որտե՞ղ եմ արդյոք թերացել, երբ վստահ գիտեմ աշխատանքի հանդեպ իր պատասխանատվության աստիճանը, անհանդուրժողականությունը անարդարության հանդեպ եւ չլռելը:

    Փետրվարի 18-ն էրՙ 1921-ի Փետրվարյան ապստամբության 100 -րդ տարին: Վարորդին ասում եմՙ այ տեսնում եքՙ հիմա էլ անկախությունից ենք դժգոհում, հասցրեցին այն աստիճանի, որ ինքներս մեզ խոստովանենք, թե հայերը սեփական երկիրը կառավարել չեն կարողանում, որ մեր գլխին միշտ մի օտար վերակացու պիտի լինի, թե չէ մենք մեզանով ոչնչի ընդունակ չենք, միայն իրար ենք գզում: Նա էլՙ թե երեսուն տարի էՙ անկախ ենք, ինչ մի լավ բան տեսանք, միայն թալան, մեծ մասը թողին, գնացին երկրից, հիմա էլ շունը տիրոջը չի ճանաչում, ամեն ինչ խառնվել է իրար, անպաշտպան ենք մնացել, չգիտենքՙ ինչ անենք, որն է ճիշտ, որըՙ սխալ:

    – Այսքան դժվարությունների ու զրկանքների գնով ձեռք բերած պետականությունը կորցնե՞նք, նորից դառնա՞նք Ռուսաստանի պրովինցիա:

    – Ավելի լավ չի՞, – հակադարձում է, – գոնե կիմանասՙ ապահով ես, մի մեծ երկրի հովանու տակ ես, հանգիստ կապրես, համ էլ կզարգանա երկիրը:

    – Որեւէ երկրի զարգացման երաշխիքը անկախ պետականության գոյությունն է, ազատությունը, – ասում եմ: Մոտ 200 տարի այդ երկրի իշխանության տակ ինչի հասավ մեր հայրենիքըՙ շագրենի կաշվի պես փոքրացավ ու փոքրացավ, մեր զինվորների ու մեր հողերի հաշվին տարածաշրջանում իրենց քաղաքական հարցե՞րն են լուծում:

    Հետո մտածում եւ միեւնույն հարցը այս էլ որերորդ անգամ սեղմում է կոկորդսՙ իսկ ինչո՞ւ միայն մեր հաշվին են կարողանում դա անելՙ ամենաթույլ կետն ե՞նք, ամենախոցելի՞ն ենք, ամենից հարմա՞րն ենք: Բայց մենք հո նոր չէ, որ կորցնում ենք մեր տարածքները, մեր պատմությունը կորուստների ու աղետների շարան է: Չէ, այնպես չէ, թե մենք մեր երկիրը չենք սիրում. ոչ էլ կեղծ հայրենասիրություն է պետք փաթաթել մեզ: Մենք մե՛զ չենք սիրում, միմյանց ենք ներհակ, ու սա տեսնում է օտարը, տեսնում է ու օգտվում, օգտագործում ըստ իր սեփական շահի, ու դա ոչ էլ պախարակելի է: Հայրենասիրությունը հո դատարկ բա՞ռ չէ, երկիրը մարդով է երկիր, մարդով է գոյատեւում: Իսկ մենք մարդո՛ւ հանդեպ ենք անտարբեր, անկարեկից եւ, այո՛, դաժան: Մենք միմյանց հետ հաշտ չենք: Լավը տեսնելու կարող չենք. հորիզոնում չերեւա այդպիսի մեկը, երեւակայությանը զոռ են տալիս ու սկսվում է մարդուն հեղինակազրկելու վարպետ գործընթացը… Ահա որտեղ է պետք նաեւ փնտրել մեր անհաջողությունների պատճառները:

    Հայերիս պատմության մեջ փետրվարի 18-ը ընդվզումի, ապստամբության օր էՙ ազատության, անկախության համար պայքարի օր: Երկիրը «ապահովության զոնայի» մեջ տեղավորելուն կողմնակից հայը չգիտեր էլՙ դա ինչ օր է: Մենք մեր իրական պատմությունը չգիտենք: Մեզ կերակրել են հորինովի պատմություններով ու ստերով, իսկ հիմա դա հատել է հնարավորի սահմանները: Մի սփյուռքահայ, որ երկու տարի առաջ Լոս Անջելեսից Հայաստան էր տեղափոխվել ու հիմա ետ է գնում, վերջերս մի հաղորդման ժամանակ ասաց, թեՙ Հայաստանն այսօր դարձել է ստի ու կեղծիքի կենտրոն:

    Հիմա նաեւ շատ խոսում են, որ ատելության մեծ դոզա է կուտակվել հանրության ներսում, ու դա վտանգավոր է: Սակայն դա այնքան էլ այդպես չէ, կամ ուղղակի այդպես չէ: Ատելություն եթե կա, ապա երկու հակադիր ճամբարներում էՙ Բաղրամյանից Հրապարակ. միմյանց ատում են մարդիկ, ովքեր իրար չեն ճանաչում: Աբսուրդ է:

    Այ ուրիշ բան, եթե ասենքՙ վստահության պակաս կա, ու սա իսկապես վտանգավոր է: Անվստահությունը ծնում է փախուստ, իրականության ոչ ճիշտ գնահատում, որից էլՙ սխալ վերաբերմունք, նաեւ անինքնավստահություն, նաեւ մեկուսացում: Այսպիսի հասարակությունը մերժում է ամեն դրական բան, քանի չի վստահում, չի հավատում ոչնչի ու ոչ մեկի: Եվ որքան անկեղծ է խոսքըՙ այնքան վստահությունը քիչ է, որքան զգացմունքային ու բաց է, այնքան կասկածներն ավելի շատ են: Խեղաթյուրված ու հիվանդ վիճակ է սա: Մեր իրականությունը, մեր կյանքն է այսպիսին դարձրել մարդունՙ անառողջ հարաբերությունները, հոգեբանական վնասվածքները: Մարդը հակված չէ հավատալ մի բանի, որը չի տեսել, չի զգացել:

    Դժվար է, երբ վստահության, հավատի այսչափ պակաս կա:

    Շատ է խոսվում նաեւ անտարբերության մասին, այս վտանգը տարիներ ցեցի պես ուտում է մեր հոգիները: Սակայն արտառոց է անտարբերությունը ներկա պայմաններում: Այնպես չէ, թե մենք հանգիստ մի հասարակություն ենք. ներքաղաքական, սոցիալական, կրթական, էկոլոգիական եւ բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված անպակաս են եղել հանրային ընդվզումները: Սակայն այսօր երկրի, հայրենիքի, ամենքիս ճակատագիրն է հարցականի տակ, վտանգված է մեր պետականությունը, մեր գոյությունը, եւ մարդկանց մի ստվար հատված անտարբեր է, շարունակելով ապրել միմիայն առտնին կյանքով, հարեւանցի է նայում կատարված ողբերգությանը, ներկայիս վտանգավոր իրադարձություններին: Ասես հանգիստ հետեւում է իր կործանմանը, նման զառամյալ մի ծերունու, որ վաղուց հոգնել է կյանքից:

  • ԴԻՐՔԵՐԸ ԱՅՍՕՐ ԷԼ ԱՄՈՒՐ ԵՆ

    ՕՍԻՊՅԱՆ ԼԱՈՒՐԱ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս

    Առաջնագծում ամեն դիրքը մի պատմություն է, մի նվաճում եւ մի հաղթանակ:

    Հրամանատարը մեծ ոգեւորությամբ եւ հպարտությամբ է խոսում զինվորների մասին…

    «Կարեւոր ու պակաս կարեւոր դիրքեր չեն լինում, դիրքը դիրք է ու թեկուզ կյանքի գնով պետք է պահել, որովհետեւ ամեն մի դիրք ապրելու տենչով է դրվում: Մի բարձունքը նվաճում է հազար բարձունքիՙ բարձրում մնալու համար. Ամեն զոհողության պետք է պատրաստ լինենք. բարձունքն իսկապես անգին է»,- ասում է N զորամաի հրամանատարը:

    Ամեն անգամ դիրք բարձրանալիս հրամանատարը լրացուցիչ անգամ հրահանգավորում է, շրջում խրամատներով, դիտակետում հսկող զինվորին ցուցումներ տալիս, հորդորում զգոն լինել եւ ոչ մի դեպքում չտրվել հակառակորդի սադրանքներին:

    «Զինվորները ավելի զգոն են, հերթապահությունները ավելի աչալուրջ են տանումՙ մինչեւ խորքը դիտարկվում է թշնամու ամեն մի շարժը»,- իր հերթին նշում է հրամանատարի տեղակալը:

    Փոխգնդապետը վստահեցնում էՙ առանձնահատուկ կարեւոր են անձնակազմի ու հրամանատարի անկեղծ շփումները:

    Կարեւոր է, որ զորքն իսկապես ճանաչի իր հրամանատարին, զորքն ու հրամանատարը մեկ գաղափարի շուրջ պետք է համախմբված լինեն, եւ հաճախ միմյանց հանդեպ այդ հավատն է լինում վճռորոշը:

    Այո, մարտերը թեժ են եղել, բայց զինվորները մինչեւ վերջ պայքարել են…

    Այս պահին հրադադարի ռեժիմը պահպանվում է, բայց մի փոքր խախտման դեպքում հայկական կողմը պատրաստ է տալ համարժեք պատասխան:

    Մեր զինվորները իսկական հերոսներ են…

  • ԿԻՆԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

    ԿԻՆԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

    Այս տարի լրանում է Երեւան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 90-ամյակը, եւ մինչեւ տարեվերջ թանգարանում անցկացվելիք բոլոր միջոցառումները նվիրվելու են թանգարանի գործունեության հոբելյանին:

    Երեւանի պատմության թանգարանի այս տարվա ցուցահանդեսների ծրագրում առաձին տեղ է հատկացված մարտի 8-ինՙ կանանց միջազգային օրվան. ցուցահանդեսն անցկացվում է «Կինը եւ խորհրդային Երեւանի տնտեսությունը» խորագրով:

    Երեւանի տնտեսության մեջ նշված ժամանակաշրջանում անփոխարինելի դեր են ունեցել կանայք, ուստի այս ցուցահանդեսում ներկայացված են այն ցուցանմուշները, որոնք պատրաստվել են նրանց կողմից:

    «Քանի որ մենք խորհրդային շրջանի արտադրանմուշների հարուստ հավաքածու ունեինք, հենց տարեսկզբից որոշվեց, որ այն ներկայացնենք հանրությանը: Հատկապես, որ այսօրվա երիտասարդությունն այնքան էլ ծանոթ չէ խորհրդային Երեւանի տնտեսությանը եւ դրանում կնոջ դերին»,- ասաց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը : Զրուցակիցս իր խոսքում նշեց, որ միջոցառումների շարքում կարեւոր տեղ է հատկացված զոհված զինվորների հիշատակը հավերժացնող միջոցառումներին, որոնցից մի քանիսն արդեն անց են կացվել:

    Ցուցահանդեսում ներկայացված են 450-ից ավելի ցուցանմուշներ, որոնք, թանգարանի տնօրենի խոսքով, նվիրել են հենց արտադրողները:

    Թանգարանում ցուցադրված են բազմաձեւ կոշիկներ, հագուստներ, մետաքսե շարֆեր, ծխախոտ, գորգեր, սպասք ու բազմաթիվ այլ իրեր, որոնք տարբեր արտադրամասերում պատրաստվել են կանանց ձեռքերով:

    «Ներկայացված են կոշիկի «Մասիս», կարի «Գարուն», «Հայգորգ» արտադրական միավորումների արտադրատեսակներից, ինչպես նաեւ Երեւանի ժամացույցների, պահածոների, հուշանվերների, հախճապակիների գործարանների արտադրատեսակներից»,- ներկայացրեց թանգարանի նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող Արմինե Կորեկյանը :

    Այս ցուցադրությանը զուգահեռ անցկացվում է նաեւ Մոսկվայի նկարիչների միության անդամ, Ֆիզմաթ դպրոցի գրադարանավարուհի Օլգա Հակոբյանի ՙ «Հեղինակային զարդերը» խորագրով ցուցահանդեսը, որը ներկայացնում է անկարս ֆրիվոլիտե ոճով ստեղծագործող հեղինակի հեղինակային հավաքածուն:

    «Արդեն 20 տարի էՙ տարբեր ցուցահանդեսներ եմ անում: Երեւանի պատմության թանգարանում արդեն չորրորդ անգամն է: Սկզբում, երբ այս ցուցահանդեսի հրավերը ստացա, այնքան էլ չէի ուզում մասնակցել, քանի որ նոր էի եկել Մոսկվայի ցուցահանդեսից եւ հոգնած էի: Բայց երբ տնօրենն ասաց, որ հրավիրատոմսերը բաժանելու են զոհված զինվորների մայրերին եւ քույրերին, արդեն նույն րոպեին համաձայնեցի»,- ասաց Օլգա Հակոբյանը :

    Իր աշխատանքները տիկին Օլգան չի վաճառում եւ հազվադեպ է նվիրում, ասում էՙ եթե սկսեմ վաճառել եւ անընդհատ նվիրել, ցուցադրությունների համար ոչինչ չի մնա:

    Երեւանի պատմության թանգարանում ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 7-ը:

  • ԱՆՓԱՐԱՏ ԿՈՐՈՒՍՏ

    ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

    Դժբախտաբար, մենք հնուց սնտի, ավելի քան երկու հազար տարի, փոքր ածու ենք եւ զորությամբ տկար, իսկ մեր անհատականություններն էլ, որոնք ազգ եւ ժողովուրդ են պահում եւ պատիվ են բերում ժողովրդին, այսօր թվով այնքան քիչ են, որ դեղին հուսահատություն է իջնում վրադ: Այդ նրանց ուսերի վրա է պահվում մեր մշակույթի եւ գրականության, ասել է, թե մեր ազգային գիտակցության բարձր առաստաղը: Եվ երբ նրանցից մեկնումեկը հեռանում է կյանքից, իր տեղը մնում է անլցելի մի դատարկություն եւ իր հեռացումը դառնում է անփարատ կորուստ:

    Մարտի 3-ին Բեյրութում կյանքից հեռացավ հանրային ու մշակութային հայտնի ու ճանաչված գործիչ Հարություն Նագուլյանը, որն ինձ համար ճիշտ այդպիսի մի եզակի անհատականություն էր: Մասնագիտությամբ եւ աշխատանքով նա բժիշկ էր, էությամբ, նկարագրով ու խառնվածքովՙ արվեստագետ: Մարդը ծնվել էր արվեստագետ լինելու ավելի ճիշտՙ արվեստագետ էր ծնվել, բայց կյանքի հանգամանքների թելադրանքով ու պարտադրանքով դարձել էր բժիշկ: Բժշկությունըՙ բժշկություն, Նագուլյանը իրականում բանաստեղծ էր, արվեստաբան եւ նկարիչ: Պատանի Հարությունը բանաստեղծությամբ մտավ հայ գրականության ասպարեզը եւ այնտեղ իր պատվավոր ներկայությամբ մնաց մինչեւ կյանքի վերջը:

    1962 թվականին Հարությունը սփյուռքահայ մի խումբ պատանիների հետ եկավ Հայաստան ուսանելու Երեւանի պետական բժշկական ինստիտուտում: Երեւանում Հարություն Նագուլյանը ապրեց ավելի քան ութ տարի, եւ այդ տարիները ապրեց բուռն ու հեւքոտ կյանքով: Հոգով ու սրտով արվեստին սիրահարված պատանի Հարությունը շատ շուտով հայտնվեց երեւանյան բոհեմի մեջ, եղավ Լեւոն Ներսիսյանի եւ ընտիր նկարիչների ու արվեստագետներիՙ Մինասի, Արտո Չաքմաքչյանի, Օննիկ Մինասյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, ուրիշների առօրյա ընկերն ու մտերիմ բարեկամը: Մի երկու տարի չանցած երիտասարդ Հարությունը արդեն անվանի գրողների, բանաստեղծների ու արվեստագետների կրտսեր ընկերն ու բարեկամն էր, նրանց հետ սեղան նստեց ու վեր կացավ: Այդ կյանքն ու միջավայրը Հարությունի համար գեղարվեստի իսկական ակադեմիա եւ համալսարան եղան: Այդ ութ տարում նա խորապես ներշնչվեց Հայաստանի հողով, իր մեջ հայաստանյան ավիշ եւ կենսանյութ գոյացավ, հայաստանյան արյուն վազեց իր երակներում: Հարութը, մեր սիրելի Նագուլը, ինչպես նրան անվանում էին մտերիմ ընկերները, այլեւս ուրիշ մարդ էր:

    1970 թվականին Հարություն Նագուլյանը ավարտեց բժշկական ինստիտուտը եւ մեկնեց Լոնդոնՙ այնտեղ իր բժշկական կրթությունը շարունակելու:

    Լոնդոնից երիտասարդ արվեստաբան Հարությունը մի քանի հոդված գրեց եւ հրապարակեց հանիրավի չգնահատված Երվանդ Քոչարի, Հարություն Կալենցի, Սարգիս Փարաջանյանի մասին: Եվ սովետական գաղափարական անողոք մեքենան անմիջապես շուռ եկավ լոնդոնյան ուսանողի դեմ: «Հայրենիքի ձայն» եւ մյուս լրագրերը իրենց գաղափարական ծանր հրետանիով եւ թնդանոթներով կրակի տակ առան Հարություն Նագուլյանին: Տարիներ անցան, եւ կյանքն ու ժամանակը ցույց տվեցին, որ երիտասարդ արվեստաբանը ամենեւին էլ երկրի թշնամին չէր եւ ճիշտ էր ու արդարացի: Այսօր Քոչարը, Կալենցը, Փարաջանյանը արժանի թանգարաններ ունեն, եւ դրանք շատ սիրված ու հայտնի թանգարաններ են:

    Հարութը Լոնդոնից վերադարձավ Բեյրութ, եւ շատ շուտով դարձավ ճանաչված ու փնտրված բժիշկ, զբաղվեց իր մասնագիտական գործով, բայց էությամբ, նկարագրով ու խառնվածքով մնաց արվեստագետ, ոտից գլուխ արտիստիկ անձնավորություն:

    Հարութի տունը Բեյրութում արվեստի ու գրականության իսկական սալոն էր, սալոն ֆրանսիական իմաստով: Իր դռնից մտնում էիր, այլեւս ուրիշ հող էր, դու այլեւս Հայաստանում էիր: Հայ նկարիչների գործերի ընտիր հավաքածու ուներ, որ վկայում էր ոչ միայն արվեստագետի եւ արվեստաբանի իր բարձր ճաշակը, այլեւ իր սերը Հայաստանի, հայության եւ հայ արվեստի հանդեպ: Իր ժամանակակից ընտիր նկարիչների ընկերն էր, եւ շատերը սիրով նվիրել էին նրան իրենց լավագույն կտավները: Հարութը փաստորեն իրեն շրջապատել էր Հայաստանով, իր տան պատերը շնչում էին Հայաստանի օդով: Նա հեռվից հեռու միշտ ուշադիր հետեւում էր Հայաստանի գրական-մշակութային կյանքին, ապրում էր այդ կյանքի իրողություններով, ըմբոստ հոդվածներ էր գրում, ամեն կերպ օգնում եւ սատարում էր Բեյրութ այցելած հայ նկարիչներին (ես սա չեմ մանրամասնելու):

    Հայաստանից Բեյրութ հասած ամեն մի գրող կամ արվեստագետ անպայման հյուրընկալվում էր Հարութի տանը: Հարութը մի տեսակ դարձել էր Հայաստանի մշակութային դեսպանը Բեյրութում: Ինքն ու իր ազնվական տիկինըՙ մեր բոլորի սիրելի Էմման, առանձնակի սիրով ու բավականությամբ էին իրենց տանը ընդունում Հայաստանից եկած մարդկանց: Հարութը Հայաստանի պակաս ուներ, շնչահեղձ էր լինում առանց Հայաստանի, իսկ Հայաստանից եկվորները իրենց հետ Հայաստան էին բերում, երեւանյան կյանքի մաս էին բերում, եւ Հարութը փոխվում էր ողջ էությամբ:

    Իբրեւ արվեստագետ, իբրեւ գրող, իբրեւ հարուստ ներաշխարհի տեր անհատ Հարութը ասելիք ուներ, որ չէր սպառվում: Նա լի էր ասելիքով եւ ձգտում էր կատարյալ ինքնարտահայտության: Բանաստեղծություն էր գրում, որովհետեւ բանաստեղծ էր: Իր բանաստեղծությունները ցրված էին մամուլի էջերում:

    Նկարում էր, որովհետեւ նկարիչ էր եւ լավ նկարիչ էր, ընտիր նկարիչ: Նկարչությամբ էլ ասելիք ուներ եւ ասում էր, իր հարուստ, գեղեցիկ, գունավառ ներաշխարհն էր փոխադրում կտավներին:

    Շատ էր սիրում հայկական գորգերը, ողջ կյանքում ուսումնասիրել էր գորգարվեստը եւ մանավանդ հայկական գորգարվեստը: Տարիներ շարունակ ուշագրավ գրառումներ էր արել, բավական ծավալով, մոտ 150 էջ, հետաքրքրական շարադրանք ուներ: Համոզում էի, որ նստի եւ ամբողջացնի, պատրաստի գիրք էր:

    Միշտ կարող էր իր նկարների ընտիր պատկերագիրքը հրատարակել, բայց դա էլ չարեց… Ըստ երեւույթին, տարիների հետ մարդու մեջ եսասիրական մղումներն ու ձգտումները աստիճանաբար մարում են…

    Վերջին տարիներին բանաստեղծության երեք գիրք հրատարակեցՙ «Requiem» (2017), «Ճերմակ պատուհան» եւ «Սաղմոսներ» (երկուսն էլՙ 2020): Մեր կյանքի ժամանակը, մեր իրականության ժամանակը, ցավոք, գրքի ու բանաստեղծության ժամանակ չէր, այլապես իր պոետական խոսքըՙ հայեցի, հախուռն, կրքոտ, ուժական, պետք է ունենար իր արժանի արձագանքը: Անտիպ մնացին իր բազմաթիվ գրությունները, մամուլի էջերում ցրված բանաստեղծությունները, «Վան Գոգ» դրամատիկական պոեմը, որից միայն հատվածներ են տպագրվել զանազան հանդեսներում:

    Հարություն Նագուլյանը հանրային կյանքի մարդ էր: Երկար տարիներ Հայկազյան համալսարանի հոգեբարձուների խորհրդի անդամ էր եւ իր կարեւոր դերակատարությունն ուներ համալսարանի կյանքոււմ, մանավանդ համալսարանի կրթական-մշակութային առօրյան կազմակերպելու, մշակութային ծրագրերը իրականացնելու գործում:

    Հանրային-համայնքային հավաքներին եւ ձեռնարկներին իր մասնակցությունն ու ներկայությունը միշտ պատվավոր էր ու իմաստավոր:

    Անկարելի է չխոսել իր մարդկային նկարագրի մասին: Հարութը նուրբ ճաշակ եւ արվեստի բարձր զգացողություն ունեցող մարդ էր, նրբակիրթ խոսքի տեր, բոլորի հետՙ միշտ պատշաճությամբ եւ նրբավար: Իր նկարագրի, իր պահվածքի, մարդկանց հետ հարաբերվելու իր կերպի մեջ զարմանալի արիստոկրատիզմ կար, եւ ինքն էլ եղավ ու մնաց ոգու արիստոկրատ, առանց ցուցանքի ու ցուցադրանքի, ապրեց ազնվականորեն համեստ, պարզ եւ միշտ ջանաց լինել ու մնալ աննկատ:

    Հարությունը ոտից գլուխ շաղախված էր հումորով, իր հումորը յուրօրինակ էրՙ մեղմաձայն ու մեղմախոս: Այլոց թերությունները երբեք չտեսավ, նուրբ հումորով սիրեց իր ընկերների մանր թուլությունները, գրեթե աննշմար հեգնանքով նայեց մերժելի մարդկանց կենսակերպին ու կյանքի մերժելի կողմերին:

    Իր հեգնանքի հիմնական թիրախը ինքն էր, ես չգիտեմ մեկ այլ մարդու, որ ինքն իր մասին խոսեր միշտ անթաքույց հումորով ու հեգնանքով:

    Շատ, շատ էր սիրում իր ընկերներին, սիրում էր իրեն շրջապատել մտերիմ մարդկանցով, իր սիրելի ընկերներով: Սիրով ու գուրգուրանքով էր վերաբերվում իր մտերիմներին ու բարեկամներին, սիրով ու նրբավարությամբ հոգ էր տանում նրանց համար, անում էր ավելին, քան կանեին արյունակիցն ու հարազատը: Միայն Սեդա Կանաչյանի հետ Էմմայի եւ Հարությունի բարեկամությունը այնքան շատ բան է ասում նրանց ճանաչողներին: Երբ Հայաստան, Երեւան էր գալիս, այստեղ էլ տարված էր մերձավորների հոգսերովՙ մեկի ուսման վարձը, մյուսի բժշկության վճարը, երրորդի բնակարանի վարձը, չորրորդի…

    Նա իր հրավերքների ամեն օրը ընկերների ու բարեկամների համար դարձնում էր տոնական օր, դարձնում էր բարձր տրամադրության, հումորի, ուրախության եւ ցնծության օր: Դա իր նկարագրի, իր կերպարի անկապտելի հատկությունն էր:

    Ժպտադեմ, կենսուրախ, լույս ճառագող իր նկարագրի ետեւում միշտ լրջախոհ, ես կասեիՙ ծանրախոհ ու լրջակյաց մարդն էր, խորհող ու ներհուն անհատը, ինչը ինքը խնամքով թաքցնում էր: Նա շատ խորունկ հայ էր, ինձ համարՙ իսկական հայ մարդու տիպար:

    Հարութը կարդացած եւ կարդացող մարդ էր: Գիրք կարդացող եւ չկարդացող մարդկանց միջեւ անդունդ կա, ահռելի պարապություն: Ինքը իհարկե, ինտելեկտուալ մարդ էր, թեեւ մեզ սիրով ձեռք էր առնումՙ այս հայաստանցի ինտելեկտուալները…

    Ուղղակի ապրում-այրվում էր մեր պատմությամբ, մեր ճակատագրով, մեր ժողովրդի բախտով: Մենք երբեմն շատ երկար խոսում-զրուցում էինք, եւ ես հետո զարմանքով ինքս ինձ հարցնում էիՙ սա նո՞ւյն մարդն է, իմ գիտցած ամեն օրվա նույն զվարթախոս-զվարթախոհ Հարո՞ւթը…

    Ի՜նչ ծանր տարավ Բեյրութին պատահած աղետը, ուղղակի կոտրվեց: Հայաստանին պատահածի մասին էլ չեմ ասում, ժամերով խոսում էինք, ինքը ուղղակի անճանաչելի էր, ջախջախված, ճնշված, թեւաթափ եղած, հուսահատ…

    Հայաստանի հանդեպ իր սերը ուրիշ էր, եզակի, աննման, Հարութին պատշաճող, Հարութին վայել…

    Ցավով, ափսոսանքով եւ ավաղանքով եմ գրում ես այս տողերը. մի վայրկյանում ամեն ինչ հուշ դարձավ եւ անդառնալի անցյալ: Եվ միայն կորուստի ցավը մնաց: Ուրեմն ներիր եւ արտոնիր իմ կցկտուր, վշտախառն հրաժեշտի այս խոսքը եւ իմ եղբայրական արցունքները քո վերջին ճանապարհին, սիրելի Հարութ, սիրելի ընկեր, սիրելի Նագուլ…

    4 մարտի 2021

    ***

    Սիրելի Հարութ,

    Մեծ նկարիչ ու բժիշկ, համեստության եւ պարկեշտության տիպար, գեղագետ, էներգիայի անսպառ աղբյուր, գիտելիքի շտեմարան, վերլուծության ինքնատիպ վարպետ, նկարիչ, նորարար:

    Կեցվածքդՙ զուսպ, միշտ համեստ, աշխարհայացքդՙ անսահման լայն, ազգային, արդիական: Խոսքդՙ համոզիչ, արդար, անբեկանելի, գույնդ ու ծավալդ տեղինՙ ներդաշնակ, գաղափարներդՙ բազմակողմ ու ծանրակշիռ:

    Հարութ, սիրելիս, դու նուրբ էիր, բարի, միշտ կարեկից ու հավատարիմ: Վսեմ անձնավորություն էիր եւ բացառիկ անհատականություն եւ քեզ մեծապես սիրում էր թե՛ լիբանանահայ, եւ թե՛ արաբ հասարակությունը:

    Վստահ եմ, որ քո լավ եւ մեծ ընկերներըՙ Մինաս Ավետիսյանը, Արա Շիրազն ու Խարազը, Վրույրն ու Էլիբեկը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Զավեն Խտշյանն ու Պոլ Կիրակոսյանը, Մովսեսը նույն խորունկ վիշտ ու կորուստը կապրեին ու ապրում են:

    Դու ինձ համար մի ահռելի երեւույթ էիր: Եվ իմ սրտի խորքում կմնաս իբրեւ տիպար եւ չափանիշ, քանի ես կամ եւ շնչում եմ:

    Թող քո հոգու լույսը առհավետ լուսավորի մեզ երկնքի անհուն հեռուներից:

    Քո անկեղծ եւ մշտապես ընկերՙ

    ՄԿՐՏԻՉ ՄԱԶՄԱՆՅԱՆ , Քանդակագործ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր

    ***

    Մարդ մը, որ…

    Որոշ հարցի առնչութեամբ, ընդհանրացած է մեր ժողովուրդին մէջ ըսել. «Ո՛րքան մարդիկ, այնքա՛ն կարծիք» խօսքը: Սակայն անձի մը նկատմամբ կարծիք յայտնել, կը նշանակէ նկատի ունենալ երկու եզրեր. մարդըՙ իր նկարագիրով, եւ մարդըՙ իրագործումներով:

    Ծանօթ չէի՛ Տօքթ. Յարութիւն Նագուլեանի անձին, բայց անունին հանդիպած էի «Արծիւ»ի էջերուն, ուր կ՛աշխատակցէի նաեւ ես: Չուշացաւ այն պատեհ առիթը, երբ գրականագէտ Երուանդ Տէր Խաչատուրեանի միջոցով, իրար ձեռք սեղմեցինք: Առաջին տպաւորութիւնը ունեցած էի, երբ իրմէ լոյս տեսած գրութիւնները ուրուագծած էին անձ մը, եւ այդ տողերը մէկական պատուհաններ, կ՛արտացոլէին նկարագիր մը: Թէեւ յաճախակի չէի՛ն հանդիպումները, սակայն մեր ունեցած զրոյցներէն կրցած էի բնորոշել ա՛յն նկարագիրը, որ հարազատօրէն կը շնչէր իր գործերու մէջ:

    Անշուշտ բացառիկ երեւոյթ է, նկարագիր եւ արուեստի իրագործում մէկտեղել նո՛յն անձին մէջ հաւասարապէս, որովՙ կրնան այդ երկու եզրերը հակադիր ըլլալ իրարու, առանց դոյզն կասկած ներշնչելու անձին հետ փոխյարաբերութեան ընթացքին: Բայց Նագուլը, այն բացառիկ անձերէն էր, որ «մա՛րդ» հասկացողութեան լոյսին տակ կը միանային այն երկու եզրերը, նկարագիրն ու իրագործումները:

    Իմ մէջ հաստատուցեա՛ւ այդ կարծիքը, երբ ծանօթացայ իր գրական վերջին երկու հատորներուն, որոնց մէջ ներկայ էր ինք, իր յստակ եւ փայլուն մտածողութեամբ եւ զգացումներու ներքին զօրութեան արտայայտութեամբ, բառերուն ընդմէջէն:

    Երբ անոր մահուան լուրը հասաւ ականջիս, շփոթի՛ մատնուեցայ, որովհետեւՙ … գիտէ՛ք, դժուար է հաշտուիլ այն գաղափարին հետ, որ «իրա՛ւ մարդ» մը հեռանայ այս կեանքէն, ճակատագրի աննշան մէկ այցելութեամբ:

    Ան պիտի ապրի բոլո՜ր ժամանակներու մէջ, այնքան ատեն, որ իբրեւ շունչ կ՛ապրի մեր յիշողութեան մէջ:

    ԼԵՎՈՆ ԱՐՏԱԶԵԱՆ , 5 Մարտ 2021

    ***

    Հեռախոսազանգը հայտնեց հերթական գույժը. Ոչ եւս է Հարություն Նագուլյանը: Հոգեկան ինչ կերտվածքի տեր պետք է լինի այն մարդը, որն առաջին պահ կարողանա համատեղել Հարություն Նագուլյան եւ վախճան… Բայց ծնունդն ու մահը, ինչպես ասում ենՙ Աստծո գործն է:

    Անհավատալի, անընդունելի, անհամատեղելի մի բան կա այս լուրի մեջ, բայց որքան էլ համարժեք բառեր փնտրես. Հարությունը չկա… հաշտվիր եւ վերջ:

    Չկա ժպտերես ու հումորով լի Նագուլը, կոչումով ու կրթությամբ բժիշկը, անաչառ վերլուծողն ու գնահատողը: Անսեթեւեթ հայրենասերը, արվեստաբանը, արվեստագետը ու ճշմարտախոսը:

    Հարությունին հաջողվեց վեր մնալ հատվածականության վարակից եւ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայրենիքում ունենալ իրՙ Նագուլյանական պատվանդանը:

    Ցավակցում եմ նրանցՙ ով ճանաչել է, վայելել նրա առինքնող ներկայությունը, իսկ սիրելի Էմային հոգեկան ուժ ու կամք դիմակայելու վշտին:

    ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ , 10.03.2021

    ***

    Մարտի 3-ին Բեյրութում իր մահականացուն կնքեց մեր ազնիվ բարեկամըՙ բժիշկ, նկարիչ, բանաստեղծ, Հայաստանում ուսանած սփյուռքահայ ուսանողների առաջին սերնդի ներկայացուցիչ Հարություն Նագուլյանը: Թագաժահրը իր ամենակուլ երախն առավ հայ մշակույթով ապրող եւ ապրեցնող հայրենասեր, կենսախինդ եւ յուրահատուկ հումորով լի մարդուն, որին հետայսու հանդիպելու ենք մեր հուշերում, իր գործերի մեջ, մեր մտապատկերներում: Մեր խորազգաց ցավակցությունները հայտնելով իր ազնվագույն տիկնոջըՙ Տիկին Էմմային, միաժամանակ հայցում ենք Ամենակալ Տիրոջը իր երկնային լույսերի մեջ բնակեցնի մեր սիրելի ընկերոջ հոգին եւ մխիթարություն պարգեւի իր բոլոր հարազատներին:

    ԵՐՎԱՆԴ ԵՐԿԱՆՅԱՆ , Կոմպոզիտոր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր

    Նկար 1. Հարություն Նագուլյանըՙ Երեւանի պետական բժշկական ինստիտուտի շրջանավարտ, 1970 թ. հունիս

  • ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՈԳԵՂԵՆ ՕՋԱԽՈՒՄ

    ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՈԳԵՂԵՆ ՕՋԱԽՈՒՄ

    ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

    Բակունց գրողին տակավին դպրոցական տարիներից սիրեցիՙ ընթերցողական վայելում ունենալով նախ նրա «Ալպիական մանուշակ» գոհարակերտ պատմվածքը: Հետո, արդեն դպրոցական ծրագրերից զատ, հափշտակված ընթերցեցի «Միրհավ», «Սպիտակ ձիավորը», «Խոնարհ աղջիկը», «Ծիրանի փողը», «Այու սարի լանջին» ու էլի շատ սքնաչելի գրվածքներ: Եվ քանի դեռ չուենեի բանասիրական կրթություն, շահեկանորեն միառժամանակ զերծ էի կանխակալ գրականագիտական, հաճախ սուբյեկտիվ ուղղորդումներից, տարակարծիք մեկնաբանություններից, ուստի կարդացածս ընկալում էի զուտ պատանեկան ջինջ հոգովՙ անմիջական ու յուրովի:

    Բակունցը կյանքիս ուղեկիցն է. տասնամյակներ շարունակ վերընթերցում եմ ոսկեգրիչ սիրելի գրողին կրկին ու կրկին: Եվ ամեն անգամ զարմանալիորեն չնկատված բակունցյան մի նրբերանգ, նոր ծալք եմ հայտնաբերում կամ բացահայտում ինձ համար: Օրինակ, բավականին ուշ նկատեցի, որ հավերժական սիրո առասպել «Միրհավ»-ի հերոսուհի Սոնան, Դիլան դայուն «տաք հնձանում» աշնան հանդիպումին հաջորդած ամռանը «մեռավ երեխայի վրա»: Ինչու՞ է հեղինակը մատնանշումՙ «Այդ աշնան հաջորդ ամառը»: Ուրեմն, ինն ամիս է անցել, եւ ցավալիորեն չապրեց նրանց մաքրամաքուր սիրո պտուղը եւ հենց ինքըՙ ոսկեփետուր միրհավի պես Սոնան… Եվ «Սոնային լաջվարդ շապիկով թաղեցին…»:

    ***

    … 2020-ի սեպտենբերի 20-ին, վերահաս աղետաբեր պատերազմից ուղիղ յոթ օր առաջ, որպես սրտի վաղեմի փափագ, Ակսել Բակունցի ծննդավայրՙ Գորիս մեկնեցի: Նպատակս տարիներ առաջ իմ ձեռքբերած, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանիՙ Ակսել Բակունցին վայելուչ հագուկապով պատկերած գեղարվեստական ուշագրավ գրաֆիկ աշխատանքը գրողի տուն-թանգարնին նվիրելն էր: Միշտ խորհում էի, որ նկարի ճշմարիտ հասցեատերը, արդարեւ, թանգարանը եւ նրա հազարավոր այցելուներն են:

    Բացվող օրվա վաղ առավոտյան իմ մեքենայով ճամփա ելա: Նորածագ արեւի առաջին շողերի հետ արդեն Աշտարակից Գորիսՙ 280 կիլոմետրանոց երկարուձիգ ճանապարհին եմ:

    Խաղաղ այգաբաց է Արարատյան դաշտում: Ոսկեւորված հսկայաբերձ Մասիսների դիմաց, լայնահուն մայրուղու երկու կողմերում, հողի աշխատավորները բերրի այգիներում, դեռ ցողը վեր չելած, խաղողի բերքահավաքի են: Ե՛վ նրանք, եւ՛ Հայաստան աշխարհում ու Արցախում բոլոր-բոլորը, խաղաղ սրտով իրենց աշխարհաշեն առտնին գործերին ենՙ մեր թշնամյաց կողմից նյութվող մոտալուտ դավերին անտեղյակ, միամիտ ու անհոգ… Մտադիր եմ ճանապարհային հանգույց Գորիսում, փոքրիկ առաքելությունս ավարտելուց հետո, զբոսաշրջելՙ կա՛մ Տաթեւ, Կապան, Մեղրի ուղղությամբ, կա՛մ էլՙ Խնձորեսկ, Ստեփանակերտ, Ամարաս ու Գանձասար:

    Երանավետ ժամանակներ. գործնականում բաց են իմ առջեւ երկրիս բոլոր ճանապարհները, եւ ոչ մի խոչընդոտ, արգելափակոցներ, այլազան դրոշներ, որ շուտով պիտի ցցվեն մեր պատմական հողերի վրա եւ մեր սրտի մեջ…

    Արեւն ավելի բարձրացավ: Անցա Վայոց Ձորը, Սարավանդը եւ հիմա Որոտանի լեռնանցքի ամենաբարձր կետում եմՙ ծովի մակարդակից 2344 մետր բարձր: Հենց այստեղ, լեռների գրկում, վեր է խոյացել «Զանգեզուրի դարպասներ» բազալտակուռ, լեռնային տեղանքին ու ճանապարհին հիանալիորեն ներդաշնակվող հոյակերտ կառույցը, որին ժողովուրդը նաեւ «Զանգեր» է անվանում:

    1980-ականների վերջին այս կոթողը ստեղծվեց Սիսիանի շրջանի երկարամյա ղեկավար, գրականագետ եւ լրագրող Շչորս Դավթյանի մտահղացմամբ եւ անդուլ ջանքերով: Ճարտարապետը մեծաքանքար Ռաֆայել Իսրայելյանի տաղանդաշատ որդին էՙ Արեգ Իսրայելյանը, քանդակագործըՙ Սյունյաց աշխարհի բարի ծնունդ, ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանը: Հուշարձանի քիվերին Զանգեզուրի խորհրդանիշ զանգերն են քանդակված:

    Այստեղից է սկսվում ներկայիս Սյունիքի մարզըՙ հասնելով մինչեւ Արցախ եւ Արաքս: Մտածում եմՙ տեսնես այս լեռնաշխարհում կա՞ գեթ մեկ հողակտոր, որին չի դիպել Զանգեզուրի գավառային հողբաժնի գյուղատնտես Ալեքսանդր Թեւոսյան-Բակունցի օրհնված ոտքը…

    Արդեն վայրէջք ճանապարհով եմ ընթանում: Առջեւս հորիզոնից-հորիզոն, լայն ու ընդգրկուն լեռնային լանդշաֆտին հատուկ բնապատկեր է փռվածՙ դեղնականաչավուն գույներով ողողուն: Հեռվում կարծես Սիսիան քաղաքից ինչ-որ բան է նշմարվում, որից շատ այն կողմ բանաստեղծ Համո Սահյանի գովերգած Գյազբել, Աղոթարան վիթխարահասակ լեռներն ենՙ կաթնասպիտակ մշուշով շղարշված: Այնտեղ, ձորերի մեջ ծվարած, բանաստեղծի հայրենի Լոր գյուղն է, ուր մեկ ուսումնական տարի ուսուցչություն է արել Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի 16-ամյա սան Ալեքսանդր Թեւոսյանը: Ապագա գրող Ակսել Բակունցի գրական հասունացման ճանապարհին, գյուղական բուն կյանքի եւ գեղջկական հոգեբանության ճանաչողության իմաստով, անտարակույս, ծանրակշիռ դեր է ունեցել հայկական հնամենի այս շենը, որտեղ էլ պատանի Ալեքսանդր վարժապետի սրտում ծլարձակում է… Նորին մեծություն սե՜րը («Խոնարհ աղջիկը»): Համո Սահյանն իր մի հուշագրում Բակունցի մասին, ի խորոց սրտի, ասում է. «Տեսնում եմ նրան… Եվ հուշերիս մեջ նրա ասպետական կերպարի առաջ իրենց ճերմակ գլուխներն են խոնարհում իմ ծննդավայրի երախտապարտ լեռները»:

    Հեռաստանում թանձրապատ մշուշների պատռվածքից փորձում եմ տեղորոշել Որոտանի կիրճը: Մտաբերում եմ ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանիՙ ինձ պատմած այն հիշարժան դրվագը, երբ որ ինքը, իր նկարչուհի քույրըՙ Երանուհին եւ նրանց հյուրընկալած Բակունցը, ձիեր հեծած Տաթեւի վանք են գնում (ի դեպ, հետագայում գրողի մասին նկարչուհին հուշեր հրատարակեց պատմաճանաչողական անչափ արժեքավոր «Կյանքիս դավթարը» հուշագրությունների գրքում, եւ որի մասին ամբողջական երկու էջով, իմ նախաձեռնությամբ, անդրադարձ տպագրվեց «ԱԶԳ» թերթի 2006թ. հոկտեմբերի 14-ի համարում):

    Մինչ վանական համալիր հասնելը, Որոտանի գեղատեսիլ կիրճիՙ «Սատանայի կամուրջ» անվանվող վայրում, Մ. Ասլամազյանն առաջարկում է երեքով լուսանկարվել: Սակայն Բակունցը հրաժարվում է:

    – Ակսե՛լ, կարծում ես, որ մենք արժանի չե՞նք քեզ հետ լուսանկարվելու, – վիրավորված գանգատվում է խորհրդային երկրում արդեն բավականին ճանաչում ունեցող Մ. Ասլամազյանը: Բակունցը տխուր ժպտալով, դառը մի իրողություն է խոստովանում.

    – Սիրելինե՜րս, իմ գլխին օրավուր «սեւ ամպեր» են թանձրանում… Պարզապես չեմ ուզում սույն ֆոտոփաստով վտանգեք ձեր ծաղիկ կյանքը…

    Բակունցի կանխագուշակումը, ցավոք, իրականացավ. լուսեղեն մարդուն, մեր մեծագույն գրողին զրպարտում, հանիրավի ձերբակալում, ապա երկար ու տանջալի հարցաքննություններից հետո, Երեւանի բանտից ծածուկ Հրազդանի կիրճ են տանում, գնդակահարում ու թաղում իր իսկ ձեռքով փորած խորշում… Ցայսօր տակավին անհայտ է նրա շիրմատեղին, ինչպես որ իր ընկերոջ ու գրչեղբայր հանճարեղ Եղիշե Չարենցինը…

    1930-ականների խորհրդային բիրտ իրականություն… Նախ կալանեցին միտքն ու հոգին, ապա ֆիզիկապես ոչնչացրեցին անզուգական մի գրողի, որի արձակը համաշխարհային մեծությունների գլուխգործոցների մակարդակի վրա է: Հզոր գեղարվեստականությամբ, անզուգական հայերենով, համամարդկային գաղափարներով, քնարականությամբ առլեցուն բակունցյան գրական հունձքը, ինչը նա սրտաբուխ հանձնեց ժողովրդին եւ որն, ինքնին, մի ամբողջ գրականություն է, իրականում դարձավ գրողի անձնական ողբերգությունը, նրա Գողգոթան…

    Կապտագորշ, սահուն ասֆալտուղին, ասես կիլոմետրեր ձգվող լայն ու երկար ժապավեն, անընդհատ քանդվում-բացվում ու փռվում է իմ առջեւ: Հընթացս Բակունցի ժամանակակիցներից էլի մի դրվագ եմ վերհիշում: Շատ տպավորիչ ու ճանաչողական է Վախթանգ Անանյանի «Բակունցի հետ» հուշը: Այն հրապարակվել է 1959-ին, երբ տեւական լռությունից հետո, առաջին անգամ պետականորեն նշվել է շինծու մեղադրանքով դատապարտված, իսկ հետստալինյան տարիներին, 50-ականների կեսին, արդարացված գրողի ծննդյան 60-ամյակը (ի դեպ, Վ. Անանյանը ժամանակին ինձ պատմել է, որ հոբելյանի առթիվ նա վերջապես պատեհություն է ունենում արտահայտելու ավելի քան քսան տարի սրտում անթեղված սերն ու ցավըՙ առ «անբասիր հոգի սիրելի Ակսելը»):

    Քեզանից հողի հոտն եմ առնում, – գյուղատնտեսական «Մաճկալ» թերթի խմբագիր Վ. Անանյանին մի օր զգացված ասել է հանգամանքների բերումով մայր բնությունից կտրված, մայրաքաղաքում աշխատող եւ ապրող հողապաշտ Բակունցը:

    Սրտառուչ է հուշ-պատմվածքի վերջին հատվածը: Բանտարկված Վ. Անանյանը վկայում է. «…նրա ձեռագիրը տեսա բանտի կամերայի մի մութ անկյունումՙ խոնավ պատի ծեփին. «Այսօր տանում են գլուխս ուտելու: Ակսել Բակունց…»: Չոքեցի երեսով դեպի պատըՙ գլուխս ափերիս մեջ, եւ լուռ ողբացի իմ ընկերոջ, իմ ուսուցչի ողբերգական վախճանը: Կսկծացի կախարդական Միրհավի համար, որ արյուն տալով գնաց թաղվեց անհայտության մեջ…»:

    Ակսել Բակունցի մասին գրված գրականագիտական բազում աշխատությունների ու հոդվածների մեջ հարկ է առանձնացնել Հակոբ Կարապենցի գնահատականը:

    «Մենավոր մի գագաթ է Բակունցը,- գրում է սփյուքահայ անվանի գրականագետը: Նրանից առաջ եւ նրանից հետո արեւելահայ արձակը երբեք չհասավ այն բարձունքին, որ Բակունցն էրՙ ինքնատիպ, բյուրեղ, գրեթե անառիկ: … Զանգեզուրի մթին կիրճերից բարձրացավ գրանիտե հասակը Բակունցի: Ինքն էր ու իր ներքին տիեզերքը: … Բակունցի դեպքում գունատվում են բնորոշումները:…Անակնկալ եկավ Բակունցը, մի բացարձակ ֆենոմեն, որ մեծ գաղտնիքի պես կախվել է հայ գրականության ճակատին»: Հ. Կարապենցը նաեւ ընդհանուր աղերսներ է տեսնում Բակունցի եւ Ու. Ֆոլկների, Է. Հեմինգուեյի, Ալբեր Քամյուի, Ջեյմս Ջոյսի ստեղծած բարձրակարգ արձակի հետ, եւ դա ամենեւին չափազանցված չէ…

    ***

    Մայրուղու վերջնամասի աջ կողմում հին օրերի մի ցուցանակ կաՙ Օդանավակայան: Այո, մոտերքում էր Գորիսի երբեմնի աշխույժ առօրյայով ապրող ու գործող օդանավակայանը, որից այսօր ընդամենը բարի հիշողություններ են մնացել:

    Մտքիս կիզակետում դարձյալ մեր ժողովրդի պանծալի զավակ Ակսել Բակունցն է, լուսավոր, անհասանելի հանճարը, նա, որի հոգու թարգման գրիչը խոսքարվեստի ինչպիսի՜ նոր որակ, ինչքա՜ն շռայլ, անխամրելի գույներ բերեց գրականություն…

    Խորին հարգանքով եմ աչքերիս մեջ առնում Բակունց ծնած այս լեռնաշխարհը…

    Վերջին կեռմանի բարձունքից, լեռնագոգ տափարակի վրա, մեկեն բացվում է հիասքանչ քաղաք Գորիսի համայնապատկերըՙ կանոնավոր, ուղիղ փողոցներ, վարչական ու բնակելի շենքեր: Իսկ կանաչավետ պարտեզներով պարուրված առանձնատները բնաշխարհիկ, հայկական ժողովրդական, նաեւ ավանդական եւ արդի ճարտարապետական տարրերի համադրումով զուտ գորիսյան ոճի ինքնատիպ գեղեցկագույն նմուշներ են, որոնք քաղաքին առանձնահատուկ կոլորիտ են հաղորդում: Այնուամենայնիվ, Գորիսի «առանձնաշնորհյալ» դիմագիծ են երկինք միտող կոնաձեւ «ցից» քարաժայռերըՙ քերծերը: Դրանցից փուխրերի ներսում հնում համառ մարդիկ անձավ-կացարաններ են փորել եւ այդ յուրատեսակ քարափոր տներում ապրել սերունդներով…

    Բարձունքից զմայլված դիտում եմ քաղաքը, շրջակա լեռներն ու ձորերը: Մտաբերում եմ գորիսյան տեղանունները, սակայն առանց տեղացի օգնական-հուշարարի դժվար է որոշակիորեն զանազանել, թե որն է Լաստի խութը, որըՙ Դրնգանը, Գյունեյ թաղը կամ Գայլաբունի ձորը, Պղնձաքարը, Շորը… Չէ՞ որ դրանց մասին իրենց գրվածքներում բազմիցս հիշատակել են Ակսել Բակունցը («Կյորես», «Բրուտի տղան» եւ այլն) եւ Վահան Բակունցը իր հեղինակած «Մեծ հույզերի սերմնացանը»ՙ ավագ եղբորը նվիրված հիշողությունների հիանալի գրքում:

    Հատում եմ Մեղրի-Իրան եւ Արցախ տանող ճանապարհների հանգույց-խաչմերուկը, ավտոմեքենան վարում նվիրական անուններ կրող քաղաքիՙ Դավիթ-Բեկ, Գարեգին Նժդեհ, Անկախության փողոցներով եւ Մաշտոցի 41-ում կայանում իմ փնտրած նշանավոր տան մոտ:

    Գրանիտե եռալեզու ցուցանակը ծանուցում էՙ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, ցուցատախտակի վերնամասում գրողի պրոֆիլով պատկերված դիմանկարն է: Տան պատի ոճավորված խորշում Բակունցի բազալտե կիսանդրին էՙ բարեհարմար ագուցված:

    Փողոցում ուշադրությունս գրավում է սիզամարգում ամուր ու աներեր կանգնած վիթխարի ընկուզենինՙ բունը դալար լիանաներով ընդելուզված (հետո կիմանամ, որ ծառը պատանի Սանթրի-Ալեքսանդրի տնկածն էՙ դարահասակ կենդանի մասունք-հուշարձան…. Ցանկանք, ուրեմն, որ այն էլի մեկ դար այսպես խշշա կանաչ…):

    Կամարաձեւ փայտե դարպասի բաց փեղկով ներս եմ մտնումՙ սալարկված կոկիկ բակ, խնամված, ընդարձակ այգի եւ, իհարկե, գրողի հորենական տունը: Այն, կարելի է ասել մեկուկես հարկանի էՙ լայն պատշգամբով, հնաոճ ցանցապատ դռներով ու լուսամուտներով: Տունը 19-րդ դարի վերջին կառուցել է Ակսել Բակունցի խոհեմ հայրըՙ Ստեփան Թեւոսյան Բակունցը:

    Ծանոթանում եմ թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանի, աշխատակցուհիներՙ Անժելա Միքայելյանի, Անահիտ Հարությունյանի, Լարինա Սարգսյանի հետ:

    Ավարտվել է հերթական էքսկուրսիան: Այցելուները մոտենում, երախտիքի անկեղծ խոսքեր են ասում աշխատակիցներինՙ սիրելի գրողի կյանքի ու գործունեության մասին նոր, հարուստ ու հանգամանալի տեղեկություն ստանալու համար: Այցելուներից ճանաչում, ողջունում եմ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արամ Վարդանյանին, որի հայրենի Թալինի նշանավոր Աշնակում («Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, / Ուր ծիրանն է հասնում ճյուղին…», Գ. Էմին, «Սասունցիների պարը»), մենք ընդհանուր շատ ընկերներ ու բարեկամներ ունենք: Նա տիկնոջ հետ է Երեւանից Գորիս եկել, եւ պարզապես հաճելի է իմանալ, որ նրանք էլ են բակունցապաշտներ…

    Վարդան Սարգսյանն է ինձ առաջնորդում թանգարան: Նրանից տեղեկանում եմ, որ մշակութային այս օջախը 1970թ.-ին բացվել եւ կայացել է տեղական իշխանությունների ջերմագին հոգածության շնորհիվ, իսկ 1976թ.-իցՙ դարձել Երեւանի Ե. Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանի մասնաճյուղը: Հետագայում գրողի ծննդյան բարեառիթ հոբելյաններիՙ 90 եւ 105-ամյակների կապակցությամբ, այն հիմնովին նորոգվել ու բարեկարգվել էՙ վերափոխվելով հուշահամալիրի: Գովելի է եւ սրտացավ վերաբերմունքըՙ անխաթար պահպանվել են տան բնօրինակ ճակատը եւ, ընդհանրապես, նրա ճարտարապետական կերպը գրեթե այնպես, ինչպես Բակունցի բնակության ժամանակ էր: Բակունցների տունը գրավիչ ու ակնահաճո է նաեւ իր պարզութամբ, ինչը այցելուներին հնարավորություն է ընձեռում լավագույնս պատկերացնելու զանգեզուրյան հայկական օջախի կենդանի կյանքն ու կենցաղը:

    Տնօրենը գործիմացորեն, սիրով ու արժանի հպարտությամբ է ներկյացնում թանգարանը: Անցնում ենք բոլոր չորս սրահներով, ծանոթանում հարուստ ու բազմաբովանդակ ցուցանմուշներին: Դրանք տան հնաոճ կահույքը, գրողի անձնական իրերն են, գրքերը, տետրերը ու փաստաթղթերը, ժամանակի պարբերական մամուլում հրապարակված նյութերըՙ գրական եւ մասնագիտական (ճիշտն ասած, թող ինձ ներվի, հոգուս խորքում ափսոսանք եմ զգում, որ մեր արձակի անզուգական Վարպետը, մասնագիտության եւ աշխատանքի բերումով, թանկագին ժամանակ է վատնել բազմաքանակ գյուղատնտեսական թեմաներով հոդվածների, ուղեցույցների ու գրքույկների վրա…):

    Գրողի ննջարանում նրա մահճակալն է, հագուստը, աշխատասեղանն ու աթոռը, մայրիկի գործած գունագեղ գորգերից: Հարեւանությամբ նաեւ փոքրիկ խոհանոց կա եւ թոնիր, որտեղ հոգատար, անխոնջ Բաղչագյուլ մայրիկը լավաշ է թխել, հեսը մեջը համով բաղարջ ու գաթա…

    Հաջորդ սրահի պատին «Ակսել Բակունցի մոր դիմանկարը» յուղաներկ աշխատանքն է, որի հեղինակը մեծն Մարտիրոս Սարյանն է: Կտավիցՙ Վարպետի հավերժացրած անթարթ հայացքով նայում է Բաղչագյուլ մայրիկը:

    Այստեղՙ անհրաժեշտ փոքրիկ նախապատմություն.

    1935թ.-ի ամռանը, նկարիչ ընկերների հետ Գորիս է գալիս Մ. Սարյանը եւ իր պարտքն է համարում անպայման այցելելու Ակսել Բակունցին:

    – Ակսելի հրճվանքին չափ ու սահման չկար, – գրում է Վահան Բակունցը: Նրանք երկարատեւ ուրախ զրուցում են:

    – Այստեղ ինչ-որ կարոտ էր առաջացել գույների ու խոսքի մեծ Վարպետների միջեւ, – դիպուկ նկատում է Վ. Բակունցը:

    Ե՛վ Վահան Բակունցը, ե՛ւ Մարիամ Ասլամազյանը ականատես են եղել նկարի կերտմանը: Իրենց հուշագրություններում նրանք հաճույքով են պատմում այդ եղելությունը: Վ. Բակունցն իր «Մեծ հույզերի սերմնացանը» գրքում հիշում է, որ Մ. Սարյանը Գորիս էր եկել նկարելու «ինքնատիպ ու գեղեցիկ բնությունը»: Գորիսով հիացած Վարպետին արդեն հասկանալի է դառնում, «թե որտեղի՞ց են Ակսելի սքանչելի սյուժեները… Այդ բոլորը Գորիսի աննման բնությունն է նվիրել նրան»:

    Մարիամ Ասլամազյանն էլ «Կյանքիս դավթար»-ում հիշատակում է. «Ակսելը Սարյանին հրավիրեց իր տանն ապրելու եւ ստեղծագործելու: Այս ընթացքում Մարտիրոս Սերգեյիչը նկարեց Ա. Բակունցի մայրիկի դիմանկարը եւ նվիրեց նրան»: Ակսելը երեխայի պես ուրախացել էր նկարի համար: Նա հիացմունքով մորը ասում էր. «Դու գիտե՞ս, թե ո՞վ է նկարել քո դիմանկարը: Մենք բոլորս էլ կհեռանանք այս աշխարհից, իսկ այս նկարը կմնա հավերժ»:

    Այստեղ արժե մեջբերել նաեւ Վահան Բակունցի հիշատակած այն դրվագը, թե ամոթխած մայրը ինչքան է նեղվել նկարվելիս: Նա հետո գանգատվել է, որ իրեն անշարժ «մին ժամից ավել էդ մարդը նստացրել ա չոր աթոռին, թա պատկերդ քաշում եմ: Հոգիս տյուս եկավ, համութից քիչ էր մնում տափը ճղվեր մեջը մտնեմ: Բա կնիկարմատը էդքան վախտ խալխի տղամարդու երեսին կյեշի՞»:

    Երախտագետ Մարիամ Ասլամազյանն էլ է բարի հիշատակ թողել տուն-թանգարանին, ասել է թեՙ բակունցների հյուրընկալ օջախին:

    Նկարչուհին, ի սեր անմոռաց ընկերոջՙ Ակսելի, հետագայում պատկերել է նրան սիրելի մայրիկի հետՙ Գորիսի երկնամուխ, արեւառ ժայռերի ֆոնին: Հիմա թանգարանին մի առանձնակի շուք ու հմայք է տալիս այս բազմախոսուն հոյակապ յուղաներկ կտավը:

    Կանգ ենք առնում ցուցանակի պատին փակցված մի հնօրյա փաստաթղթի առջեւ եւ ուշադիր ընթերցում եմ:Դարձյալ փոքրիկ ծանոթագրություն. Ակսել Բակունցի կենսագրության հայտնի փաստ է, որ 1910թ. մայիսին նա բարձր առաջադիմությամբ ավարտում է Գորիսի հնգամյա ծխական դպրոցը: Ճակատագրորեն բախտորոշ է լինում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի առաջադեմ սան, ազգակից Երեմիա Բակունցի խորհուրդը Ալեքսանդրինՙ ուսումը շարունակելու հեղինակավոր նույն կրթօջախումՙ ճեմարանում: Գործը հաջող ընթացք է ունենում. մի մեծ խումբ համախոհ, մտավոր գորիսցիներ «ԽՈՆԱՐՀ ԽՆԴԻՐ»-ով եւ «որդիական վստահությամբ» դիմում են հղում Ամենայն Հայոց կաթողիկոս Տ. Տ. Մաթեոս Բ-ինՙ «Ձեր հայրական խնամքը վայելող ճեմարանի գիշերօթիկ սաների շարքում ընդունելու տեղւոյս ծխական դպրոցը ամենագովելի ու առանձնայատուկ ընդունակութեամբ աւարտած Ալեքսանդր Ստեփանի Թեւոսեան Բակունցին»: «Առ որ մնամք Ձերդ Սրբազան Օծութեան Սրբազնագոյն աջը համբուրող ամենախոնարհ որդիք: 1910թ. 10-ն օգոստոսի, քաղ. Գորիս»:

    Խնդրագրի վերջում հերթով ստորագրել են 152 մարդ: Այսպիսով, բարի կամքի տեր արժանապատիվ այդ մարդիկ, տաղանդավոր, օժտված պատանու առջեւ բացեցին լույսի ու լուսավորության նախադուռըՙ ժամանակի հետ գիտության դժվարավերելք, բարձրագնա աստիճաններով ելնելու … հայ արձակի գագաթը…

    Դրսում, արեւոտ պատին հենած ցանցավանդակներում, զանազան թռչուններ են պահվում: Դրանցից ամենաշքեղն, իհարկե, փասիանն էՙ միրհավըՙ իբրեւ կենդանի խորհրդանիշ Ակսել Բակունցի անմահ «Միրհավի»: Խորհրդանշական է եւ այն իրողությունը, որ տուն-թանգարանին կից գործող գրական ակումբը նույնպես «Միրհավ» անունն ունի: Այստեղ հանրության համար պարբերաբար կազմակերպվում են գրական-երաժշտական միջոցառումներ, ընթերցումներ, գրքերի շնորհանդեսներ, ավելի խորությամբ է ուսումնասիրվում Բակունցի գրական ժառանգությունը, անդրադարձումներ կատարվում Հայաստանի գրական եւ մշակութային կյանքին:

    Իջնում ենք ներքնահարկ: Այստեղ Բակունցի ընտանիքի մառանն է, հացատունը եւ խոհանոցըՙ մեծ թոնիրով, առաստաղից չորս լարով կախվածՙ դարս-դարս լավաշի տախտակամածով, հնաոճ կոմոդով, մեծ ու փոքր կճուճներով, կուժ ու կուլայով, պղնձե, փայտյա եւ խեցեղեն կենցաղային իրերով: Այցելել եմ նաեւ Վահան Տերյանի եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան դարձած հայրական օջախները: Ճշմարիտ էՙ բոլորն էլ հայկական-հայաշունչ են, սակայն առաջինում Ջավախքին, մյուսումՙ Լոռուն, իսկ այստեղ Զանգեզուրին բնորոշ իրերն ու կենցաղավարությունն ենՙ նկատելի զանազանություններով: Եվ դա բնական է. չէ՞ որ Պատմահայր Խորենացու համար Հայաստանի ամեն երկրամաս մի … աշխա՜րհ էր …

    Հուշահամալիրի ուշագրավ մաս են բազալտյա ժանեկազարդ խաչքար-շատրվանըՙ ցայտաղբյուրով եւ ծառաբների վրա արված քանդակները: Հատկանշական է, որ ժամանակին Ակսել Բակունցի ձեռքով տնկված թթենին եւ երկու ընկուզենին, մոտ 80-90 տարի մարդկանց առատ պտուղներ շռայլելուց հետո, երբ ծերացան ու չորացան, գորիսեցի շնորհաշատ քանդակագործ Ժիրայր Մարտիրոսյանը դրանց հաստաբուն բնափայտը կերպավորեց իբրեւ բանկունցյան գրական հերոսներՙ Սոնա («Միրհավ»), Արթին պապ («Նամակ ռուսաց թագավորին») եւ գրողի մայրիկինՙ զանգեզուրյան գլխակապով:

    Քայլում ենք այգու բարձր ծառերի եւ վարդենիների միջով: Ոտքերս գետնին եմ դնում մի տեսակ երկյուղածորեն, ավելի հուզումնալի… ախր ուրիշ խորհուրդ ունի այս այգին, ուր մեծն Բակունցի հեռավոր ոտնահետքերն են…Այգին փթթում է կանաչ շնչով ու արեւահամ պտուղներ տալիս: Թանգարանի տնօրենին խնդրում եմ ցույց տալ բաղատանձի այն ծառը, որի զովասուն սաղարթների ստվերում փռված կարպետների ու գորգերի վրա հանգստացել է Բակունցը, պարապել ժամերով ու գրել, հաճախ էլՙ խնջույքներ արել: Ահավասիկ հիշատակման արժանի մի քանի պերճախոս տողեր Մ. Ասլամազյանի «Կյանքիս դավթար»-ից.

    «Մի անգամ Գիշոկը (Բակունցի փոքր եղբայրը-Ս. Մ.) եկավ մեզ մոտ սովորակնից շուտ: Ակսելն էր ասել, որ թողնենք ամեն ինչ եւ շտապենք նրա մոտ: Բակ մտնելով բոլորս մնացինք զարմացած. չորս կողմը հյուրեր: Սեղանի գլխամասում Ակսելն էր. նա թամադա էր: Մոտեցավ մեզ եւ ասաց. «Ես կատարում եմ Շիրվանի պատգամը: Նա ինձ պարտավորեցրել է, որ իր մահվան օրը մեծ սեղան գցեմ, հրավիրեմ նրանց, ում ես կցանկանամ, ինքս լինեմ թամադա ու քեֆ անենք եւ հիշենք նրան առանց տխուր խոսքերիՙ որպես ընկերոջ եւ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի: Այսօր առավոտյան ես հեռագիր ստացա եւ հիմա կատարում եմ հանգուցյալի կամքը»: Այդ երեկո Ակսելը ավելի սրամիտ ու նրբախոս էր, երկար պատմում էր իր ու Շիրվանի հանդիպումների եւ արկածների մասին»:

    Վ. Սարգսյանն ասաց, որ, ցավոք սրտի, այլեւս չկա այդ «պատմական» տանձենին, սակայն «մի հուսադրող փաստ. նախկին ծառի դեռեւս կենսունակ արմատից ահա այս դալար շիվն է աճում եւ մենք հատուկ խնամք կտանենք, որպեսզի աճի, կրկին մեծ տանձենի դառնա»: Ձեռնահաս տնօրենը տնկարան է հիմնել, որով շարունակաբար կազնվացնի, կերիտասարդացնի այս նշանավոր այգին: (Ես էլ, ի դեպ, խոստացա Աշտարակի իմ այգուց այստեղ հասցնել արտասովոր խոշոր պտուղներ տվող ընկուզենու տունկ, որի «հայրը», ասում են, սերում է Հնդկաստանի նախկին վարչապետ Ինդիրա Գանդիի նստավայրի այգուց…):

    Արեւը դեպի մայրամուտ է թեքվում: Ես տուն-թանգարանին եմ հանձնում բերածս նկարը: Հաճելի անակնկալ կար. պարզվեց Վարդան Սարգսյանը արձակագիր է եւ նա ջերմ ընծայագրով ինձ նվիրեց վերջերս Ստեփանակերտում լույս տեսած իր «Երկաթե թիթեռնիկների մեղեդին» պատմվածքների գիրքը:

    Այգու տաղավարում եղավ հյուրասիրություն: Թարմ լավաշ, ընկույզ ու ծաղկաբույր մեղր, մրգեր… Հյութեղ խնձորների «հեղինակն» էլ է Բակունցը: 1920-ականների կեսին գյուղատնտես Ալեքսանդր Բակունցի ներմուծած ծառերի «ժառանգներից են», որոնք պատվաստի եղանակով վաղուց ի վեր տարածվել են Գորիսում եւ շրջակայքում:

    Թեյ են մատուցում Բակունցի ընտանիքի մեծ ինքնաեռից: Բուրավետ է, քանզի Գուսան Աշոտի գովերգած «ծաղկավառ Զանգեզուրի հազար տեսակ վարդերից» ու լեռնային թեյախոտերից է «առել սնունդ»:

    Ես շնորհակալություն եմ հայտնում եւ հրաժեշտ եմ տալիս մեծն Ակսել Բակունցի հիշատակը վառ պահող նվիրյալ աշխատակազմին: Հրաժեշտ եմ տալիս եւ Ակսել Բակունցի նորօրյա ոգեղեն, հայաշունչ օջախին ու բռնում վերադարձի ճանապարհը:

    Քաղաքի կենտրոնում Բակունցի տպավորիչ հուշարձանն էՙ բաց գիրքը ձեռքին, քարեղեն անքթիթ հայացքը հարազատ ծննդավայրին: Գիշեր ու զօր նա իր շողշողուն Գորիսի բարգավաճումն է լռին տեսնում, քաղաք, որին երախտավոր զավակը յուօրինակ գրական հուշարձան նվիրեցՙ անկրկնելի «Կյորես»-ը:

  • ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ ԴԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ

    ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ ԴԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ

    Լոնդոնի «Սթրադ» երաժշտական ամսաթերթը (նվիրված լարային նվագարաններին եւ ակադեմիական երաժշտությանը) փետրվարի համարում հրատարակել է «Ջութակահարուհի Դիանա Ադամյանը պայմանագիր է ստորագրում «Օպուս 3 արտիստսի» հետ» հոդվածը: Հիշված է, որ հայ երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանը 2018 թ. հաղթել է «Եհուդի Մենուհին» միջազգային մրցույթում եւ առաջին մրցանակակիր դարձել 2020 թ. առցանց կայացած Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների մրցույթներում: «Սթրադը» տեղեկացնում է նաեւ, որ 2000 թվականին Երեւանում ծնված Ադամյանը ներկայումս սովորում է Մյունխենի Կատարողական արվեստի համալսարանում (ուսուցիչՙ Աննա Չումաչենկո): Ադամյանը ելույթներ է ունեցել տարբեր նվագախմբերի հետ, Լոնդոնի Թագավորական ֆիլհամոնիկում եւ Ճապոնիայում անցկացվող Մացումոտոյի միջազգային երաժշտական փառատոնում: Առաջիկայում նախատեսվում են ջութակահարուհու ելույթները Տոկիոյում եւ Ֆրանսիայում, եւ առաջին անգամՙ Գերմանական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ադամյանին իսրայելացի նշանավոր ջութակահար եւ դիրիժոր Պինխաս Ցուկերմանը հրավիրել է մասնակցելու Օտտավայի արվեստի ազգային կենտրոնի ամառային վարպետության դասերին: Հայ ջութակահարուհին վերջերս նաեւ միացել է Ցուկերմանինՙ Լոնդոնի Քադոգան Հոլում կայանալիք համերգինՙ Թագավորական ֆիլհարմոնիայի հետ նվագելու Բախի երկու ջութակի համար գրված կոնցերտը: Համերգը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանությունը:

  • ՊՐՈԴՅՈՒՍԵՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՙ ՆԱԹԱԼԻ ԳԱՍԱՊՅԱՆԻՆ

    «Սանդենս» ինստիտուտի եւ «Ամազոն» ստուդիաների գեղարվեստական ֆիլմերի պրոդյուսերական աշխատանքների մրցանակներ շնորհող ժյուրին այլոց շարքում այս տարի մրցանակ է շնորհել նաեւ հայազգի ֆիլմարտադրող Նաթալի Գասապյանին իր «Վազիր» ֆիլմի համար: Մրցանակը շնորհում է խիզախ տեսլական ունեցող եւ պրոդյուսերական ոլորտում անկախ ստեղծագործելու պարտավորվածությունն ստանձնած անձանց: Գասապյանի ամուսինը եւ գործընկերըՙ Սեւ Օհանյանը երկու տարի առաջ արժանացել էր միեւնույն մրցանակին իր «Որոնում» ֆիլմի համար, որը կնոջ հետ միասին էին թողարկել: Նաթալին մրցանակը ստացել է իր համագործակից Անիշ Չագանտի հետ, որ վերոնշված երկու («Վազիր» եւ «Որոնում») ֆիլմերի ռեժիսորն է:«Վազիր» (Run) ֆիլմի սցենարը գրել են Օհանյանն ու Չագանտին: Դերասանական կազմում ընդգրկված են Սառա Պոլսոնը եւ Կիերա Ալենը:«Որպես պրոդյուսերներ կարող ենք կասկածել, թե ինչ-որ բան կարող ենք անել կամ փոխել աշխարհում, բայց երբեք չենք կարող կասկածել, որ արժի փորձել եւ այդ քայլը կատարել: Եթե մենք նոր մարդկանց հետ չշփվենք, նոր պատմություններ չլսենք եւ նոր հնարքներ չբանեցնենք, ապա երբեք էլ չենք իմանա, թե ինչ են մտածում ուրիշները: Եվ երբեք էլ չենք առաջադիմի: Այնպես որ շնորհակալություն «Sundance»-ին եւ «Amazon»-ին, որ հավանության արժանացրեցին մեր աշխատանքը», նշել է Նաթալին մրցանակն ստանալիս:Նաթալին այժմ աշխատում է 2018-ի «Որոնում» (Searching) ֆիլմի շարունակության վրաՙ «Սոնի» ընկերության համար եւ «Ապագան» (The Future) ֆիլմի վրաՙ «HBC Max» ընկերության համար: