Day:Մարտի 4, 2021

  • Անհետ կորած զինծառայողների որոնումները շարունակվում են Ջրականում, Հադրութում և Քաշաթաղում

    Անհետ կորած զինծառայողների որոնումները շարունակվում են Ջրականում, Հադրութում և Քաշաթաղում

    Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

    Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում:

  • Այսօր Արցախի մի շարք բնակավայրերում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

    Այսօր Արցախի մի շարք բնակավայրերում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

    Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Արցախի տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:

    «Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:

    Տեղեկատու հեռախոս՝ 911»,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում:

  • «30 տարի բանակ որ սարքեինք, էս օրը կընկնեի՞նք». Սասուն Միքայելյան

    «30 տարի բանակ որ սարքեինք, էս օրը կընկնեի՞նք». Սասուն Միքայելյան

    Ես սխալ եմ համարում մեր բանակի կատարած քայլը, քանի որ մենք պատերազմ ենք պարտվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԵԿՄ նախագահ, «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

    «Հլը մենք չգիտենք` ինչ մարտահրավերներ ունենք, մենք պետք է հզորանանք, ունենանք ներքին կայունություն: Ես կողմ եմ արտահերթ ընտրություններին, եւ պնդում եմ, որ արտահերթ անպայման պետք է լինի, որովհետեւ մի շրջապտույտի մեջ ենք մտել, տենց մինչեւ վերջ կգնանք, ամեն անգամ մեկը մյուսին դավաճան կասեն: Ազգային արժեք է կորում, էդ ամեն ինչը պլենդուսից ներքեւա իջել: Էսօր ոչ բանակ ունենք նորմալ, ոչ չգիտեմ, տնտեսոթյուն ունենք, ամենակարեւորը մեր համախմբվելն է, ես էդ եմ տենում:

    Իսկ ով ուզում է դավաճան լինի, Փաշինյնաը լինի, մեկ ուրիշը լինի պատմության, ժողովրդի դեմ պատասխան են տալու: Եթե իրենք լավ գիտեն, որ  Փաշինյանը դավաճան է, թող գնան ապացուցեն, ես հո Փաշինյանին չեմ պահում: Մեծ սխալներ էլ արել է Փաշինյանը էս ժամանակահատվածում, բայց էսօր երկրում նենց իրավիճակ է,  մենք երեխեք ունենք, թոռներ ունենք, ո՞ւր ենք գնում»,-ասաց նա:

    Սասուն Միքայելյանը վրդովված ասաց, որ իշխանությունը մեր երկրում ժողովրդին է պատկանում եւ Նիկոլ Փաշինյանը իրավունք  չունի իշխանությունը հանձնի ընդդիմությանը:

    «Ովա՞ Նիկոլը, որ իշխանություն տա ընդդիմությանը, պետքա տա մենակ ժողովուրդը, մանդաատը ժողովրդի ձեռքն ա»,-ասաց նա:

    ԵԿՄ նախագահը ընդգծեց, որ սխալ է բանակի նման հայտարարություն անելը, քանի որ բանակը պարտվել է, եւ  ոչ մեկ բարոյական իրավունք չունի նման քայլ կատարելու:

    Սասուն Միքայելյանի կարծիքով` մեր բանակը տարիներ շարունակ չի պատրաստվել այս պատերազմին:

    «Եթե Ադրբեջանը 10 միլիարդի զենք զինամթերք է առել էս տարիների ընթացքում, բա մենք չպիտի՞ ժամանակակից տեխնիկա ունենայինք: Պատրաստվելը որնա՞, ինչովա՞ պատրաստվել, հա էս երկու տարվա մեջ ինչ-որ փոփոխություն եղելա բանակում, բայց խորապես պիտի սպայական կազմը, ընդե զինվորական մարդիկ պիտի խորհուրդներ տային, թե ինչ պիտի գնվի էս 2 տարվա մեջ, ինչ պիտի արվի պատերազմին դիմակայելու համար»:

    Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին, թե մեր բանակը չի զարգացել, չի դարձել 21-րդ դարի բանակ, ԵԿՄ նախագահը պատասխանեց. «Չէ, էտ ինչ ես խոսում, որ եթե տենց բանակ լիներ, որ կարող էինք սենց պարտվել: Եթե Թուրքիան չխառնվեր, հաղթելու էինք մենք: Մեզ մասամբ օգնել է Ռուսաստանը, մասամբ, կամաց պիտի խոսանք արդեն: Եւ ես, չեմ ուզում խորանամ, եթե զուգահեռներ ես անցկացնում 1920 թվական, 2020 թվական ոնց որ նույն կարգավիճակում լինենք»:

    Հաղորդավարի հարցին, թե 30 տարի մենք բանակ չենք սարքել, Սասուն Միքայելյանը ասաց, որ եթե բանակ սարքեինք, այս օրը չէինք ընկնի:

    «Այ ցավդ տանեմ, բանակ որ սարքեինք, էս օրը կընկնեի՞նք, էդ միլիարդները պիտի դրվեր բանակի վրա: Մեր զինվորը էս պատերազմին գնում էր առանց որեւէ կահավորանքի, կասկի, զրհաբաճկոնի, կայնում էր` ձեռով սնարյադ բռնե՞ր»,- հավելեց նա:

    News.am

  • Պոմպեոն կարող է մասնակցել 2024թ․ նախագահական մրցավազքին

    Մայքլ Պոմպեոն, որը ղեկավարում էր Պետդեպարտամենտը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում, չի բացառում, որ կառաջադրվի բարձրագույն պետական ​​պաշտոնի համար 2024 թ. ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում: Հաղորդավարը նախկին պետքարտուղարին հարցրել է, թե արդյոք նա պատրաստ է հաջորդ ընտրություններում մտնել նախագահական մրցավազք, եթե Թրամփը որոշի չառաջադրվել:

    «Ես միշտ պատրաստ եմ պայքարել: Ես շատ անհանգստանում եմ Ամերիկայի համար», խոստովանել է Պոմպեոն՝ նշելով, որ ինքը շատ երկար ժամանակ եղել է պահպանողական շարժման մաս:

    «Ես ծրագրում եմ շարունակել հավատարիմ մնալ նույն հայացքներին», ասել է Պոմպեոն:

  • Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

    Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

    Մարտի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742038 թեստավորում:

    Այսպիսով` երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 179 առողջացած և 6 մահվան դեպք:

    Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 820 է:

  • Խափանումներից հետո պաշտոնից հեռացվել է Տեխասի էլեկտրացանցի խոշոր օպերատորի ղեկավարը

    Խափանումներից հետո պաշտոնից հեռացվել է Տեխասի էլեկտրացանցի խոշոր օպերատորի ղեկավարը

    Փետրվարի կեսերին նահանգում ծայրահեղ ցրտերի պատճառով առաջացած էլեկտրամատակարարման զանգվածային անջատումներից հետո պաշտոնից հեռացվել է Տեխասի ERCOT-ի գործադիր տնօրեն և նախագահ Բիլ Մագնեսը: Այս մասին ասվում է խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի երեկոյան:

    «Տնօրենների խորհուրդը երեկ երեկոյան նիստ է անցկացրել, որի ժամանակ որոշվել է գործադիր տնօրենին և նախագահին ծանուցագիր ուղարկել, որ 60 օր հետո նրա հետ պայմանագիրը լուծվելու է», – ասվում է փաստաթղթում: Էներգետիկ խմբի ղեկավարությունը շեշտել է, որ նա կշարունակի կատարել իր գործառույթները անցումային շրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

  • Խառնաշփոթ տարածաշրջանային կանոնակարգում

    Խառնաշփոթ տարածաշրջանային կանոնակարգում

    Թուրքականըՙ նոր կանոնակարգում New Regional Order in Disorder

    Թվում է, թե երկրագնդի ամբողջ տարածքում նորանոր փոխակերպումներ եւ զարգացումներ են տեղի ունենում: Նախագահ Բայդենը հիմնովին շրջեց իր նախորդիՙ Դոնալդ Թրամփի քաղաքական ընթացքը, որ Մ. Նահանգներին դեպի մեկուսացում էր առաջնորդել միակողմանիորեն առաջ տանելով «Ամերիկան առաջնային է» սկզբունքը: Նախքան պաշտոնը թողնելը, նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն համազարկ արձակեց ընդդեմ Չինաստանի, հետեւանքների վերահսկողությունը թողնելով նորակազմ իշխանությանը, որն արդեն Ռուսաստանին մեկուսացնելու կամ նրա գործողությունները պարփակելու խնդիրներ ուներ իր օրակարգում: Բայց Բայդենի վարչակազմի այդ նոր, ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ Ռուսաստանի, անպայմանորեն իր արձագանքն է գտնելու Եվրոպայում:

    Թրամփի մեկուսացման քաղաքականության պատճառով Եվրոմիությունը սկսել էր թեքվել դեպի Ռուսաստանը, հիմնականում առեւտրի եւ էներգակիրների բնագավառներում համագործակցելու միջոցով, բայց Եվրոմիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելի վերջերս կատարած ճանապարհորդությունը աղետալի հետեւանքներ ունեցավ, քանի որ Ռուսաստանը հրաժարվեց մարդու իրավունքների պաշտպանության հարցերում որեւէ զիջումների գնալ: Այդ պատճառով էլ Եվրոմիությունը որոշեց համագործակցել Վաշինգտոնի հետ եւ սաստկացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

    Մինչ Արեւմուտքը Մոսկվային եւ Պեկինին է թիրախակալել, Թուրքիանՙ ՆԱՏՕ-ի ծածկույթի ներքո, իրեն ազատ է զգում խուսանավելու երկու ճամբարների միջեւ եւ ջանասիրաբար հետապնդելու իր կայսրության ամրապնդման գործընթացը:

    Թուրքիան արդեն լարված հարաբերություններ ունի Արեւելյան Միջերկրականումՙ Եգիպտոսի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ: Նա նաեւ օտարացրել է վաշինգտոնյան իր բազմաթիվ ընկերներին: Այդուհանդերձ նա ամեն ջանք գործադրում է այժմ կարգավորելու իր հարաբերությունները Մ. Նահանգների հետ:

    Վերջերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաշտեցման ուղերձ ուղարկեց Բայդենի վարչակազմինՙ նշելով, որ երկու երկրների համընդհանուր շահերը մեծապես գերակշռում են տարակարծություներին: Եվ իրոք, Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ գոյություն ունեցող հարցերից շատերը իրենց բնույթով շրջադարձելի են, դրանց թվում են ժողովրդավարական բարեփոխումները, մարդու իրավունքների ակտիվիստ Օսման Կավալայի ազատ արձակումը եւ ռուսական S-400 հրթիռների ձեռք բերումը:

    «Foreign Policy» (Արտաքին քաղաքականություն) պարբերականի այս տարվա փետրվարյան համարում Նիկոլաս Դենֆորթը շատ ճիշտ է բնութագրում Էրդողանի քաղաքականությունը, նշելով «ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում էրդողանը կարողանում է դրսեւորել ճկունությունՙ կարճաժամկետ ծրագրերի եւ հետեւողականությունՙ երկարաժամկետ ծրագրերի համար: Որոշակի ճնշումների դեպքում նա քանիցս տակտիկական ճիշտ քայլեր է կատարել, որոնք ընկերացել են դրական հռետորաբանությամբ եւ աննշան զիջումներովՙ խնդրահարույց երկրների հանդեպ»:

    Թուրքիան Ադրբեջանի եւ Նախիջեւանի էկսկլավի միջոցով շրջապատել է Հայաստանը: Կարսում վերջերս կայացած միացյալ զորավարժությունները Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի շարունակությունն էին: Հայաստանն ու համաշխարհային հանրությունը պետք է գիտակցեն, որ թուրքական սպառնալիքն իրական է եւ հարատեւող: Էրդողանի համար պատկերը պարզ է: Եթե իթթիհատական իր նախնիները կարողացել էին իրականացնել մի ամբողջ բնիկ ժողովրդի ոչնչացնել, տիրանալ նրա պապենական հողերին համաշխարհային հանրության աչքերի առաջ եւ մնալ անպատիժ, ուրեմն նման գործողություն հնարավոր է կրկնելՙ առանց լուրջ հետեւանքների:

    Վերջերս թուրքական լրատվամիջոցները վերահրատարակեցին քարտեզներ, որոնք «Ստրատֆորն» էր տարիներ առաջ հրապարակ հանել: Դրանցում ուրվագծվում էր Թուրքիայի ազդեցության գոտիների ընդլայնումը ապագայում: Նույն աղբյուրները բացահայտեցին, որ մինչեւ 2050 թվականը Թուրքիայի այդ ազդեցության գոտիների ցուցակում են լինելու Բալկանները, Հյուսիսային Աֆրիկան, Միջին Արեւելքը, Կովկասը, Կենտրոնական Ասիան, Ռուսաստանի որոշ տարածքներ (Կրասնոդարը, Ստավրոպոլը, Ռոստովը, Աստրախանը, Ղրիմը), Սաուդյան Արաբիան, Իրաքը, Հունաստանը, Կիպրոսը, եւ այլն:

    Ծրագիրը բոլորովին տարակուսանք չպետք է ենթադրի: Դա պարզապես էրդողանական երազանք չէ: Անկարայի քաղաքականությունը մշակողները լրջորեն հետապնդում են այդ նպատակները: Իսկ թուրքերը երբեք չեն տատանվել արյուն թափել հասնելու համար իրենց նպատակներին:

    Էրդողանը հետեւում է Հիտլերինՙ հասնելով տեխնոլոգիական գերակայության եւ հասարակությանը սնուցելով ատելության եւ գերազանցության, այսինքնՙ զինված իսլամի, գաղափարներով: Էրդողանը նաեւ օրինականացրել է, Սիրիայից սկսած մինչեւ Լիբիա, Չեչնիայիցՙ մինչեւ Ղարաբաղ, ջիհադիստ ահաբեկիչների օգտագործումը, նրանց բաշխելով աշխարհիկ եւ հոգեւոր պարգեւներՙ 2000 դոլար կանխիկ յուրաքանչյուր գյավուրի (անհավատի) համար այս կյանքում եւ 72 կույսերՙ այն կյանքում:

    Վերստին անդրադառնալով Դենֆորթի գրությանը, կարդում ենք Էրդողանի հետագա ծրագրերի մասին: «Ի դեմս սպառնալիքների (իրական, երեւակայական, թե ինքնաստեղծ), Անկարան փորձում է օգտագործել համաշխարհային կարգուկանոնը փոխելու հնարավորությունները, դրանք ծառայեցնելով իր նպատակներին: Սիրիայում եւ Իրաքում սանձազերծած միջսահմանային ռազմական գործողություններով, Լիբիայում եւ Ադրբեջանում ռազմական իր ներկայությամբ եւ Արեւելյան Միջերկրականում էլ ուժային բուռն սպառնալիքներ արձակելովՙ Անկարան շատ արագ կողմնորոշվել է, թե որտեղ «ստատուս քվոն» փխրուն է եւ բարենպաստ, այնտեղ կարելի է վեճերը լուծել ուժային միջոցներով»:

    Թուրքիան խառնաշփոթ է առաջացնում բազմաթիվ տարածաշրջաններումՙ ստեղծելով անկարգություններ, որպեսզի հետագայում իր պայմանները թելադրի խնդրի կարգավորման համար: Նման դեպք տեղի ունեցավ Սիրիայում, որտեղ «Իսլամական պետության» հետ համագործակցելով Թուրքիան պատճառ դարձավ, որ 100 հազար քաղաքացի սպանվի եւ չորս միլիոն մարդ տեղահան արվիՙ ստեղծելով գաղթականների աննախադեպ խնդիր: Հետո նա ստանձնեց բարեգործի դերըՙ խոստանալով հոգ տանել նրանց եւ չթողնել, որ ողողեն ամբողջ Եվրոպան, փոխարենը անշուշտ միլիարդներ կորզելով եվրոպական երկրներից:

    Թուրքիայի ընթացիկ տարածաշրջանային հարաբերությունները գուցե անմիջականորեն ուղղված չեն մեկուսացնելու Հայաստանին կամ սպառնալու նրան, բայց վերջին հաշվով ամեն ինչ դրան է հանգում: Օրինակ, Թուրքիան Պակիստանին է միանում, որպեսզի սուննիների աշխարհում գերակայության հասնի եւ մարտահրավեր նետի Սաուդյան Արաբիային: Վերջինս OIC (Իսլամական համագումարների կազմակերպություն) ղեկավարն է, մի պաշտոնՙ որին ձգտում է հասնել Թուրքիան:

    Վերոնշյալ կազմակերպությունը հրաժարվել է Քաշմիրի հարցը ընդգրկել իր քննարկումների օրակարգում: Դա էլ ճեղք է առաջացրել Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում: Թուրքիան ի նպաստ իրեն է օգտագործում այդ իրավիճակը: Թահա Սիդդիկի անունով մի լրագրող «Investigative Journal» (Հետաքննական հանդես) պարբերականում հոդված է տպագրել, որի վերնագիրը խիստ հատկանշական էՙ «Թուրքիայի եւ Պակիստանի ջիհադիստները համագործակցո՞ւմ են»:

    Իրականում, այո՛, Թուրքիան Սիրիայում ահաբեկիչ ջիհադիստների է հավաքագրել, որպեսզի մեկնեն եւ Քաշմիրում կռվեն պակիստանցիների փոխարեն, ինչպես պակիստանցի ջիհադիստներ էին կռվել Ղարաբաղում հայկական ուժերի դեմ: Պակիստանը ահաբեկիչների որջ է, որտեղ ապաստանում են Օսամա բեն Լադենի եւ Աֆղանստանի թալիբների նման չարագործներ: Պակիստանի կառավարությունը բոլոր միջազգային համաժողովներում միշտ էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմնակիցն է եղելՙ ընդդեմ Հայաստանի:

    Պակիստանի հետ ահաբեկիչներ փոխանակելուն զուգընթաց, Թուրքիան մի այլ քայլ էլ է կատարելՙ կազմակերպելով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարների հանդիպումըՙ քննարկելու համար կովկասյան տարածաշրջանի առեւտրա-էներգետիկ ծրագրերը: Անկարան նաեւ անուղղակի ազդանշաններ է հասցեագրել Հայաստանինՙ նշելով, որ «եթե Երեւանը իրեն լավ պահի», ապա ինքն էլ կներառվի տարածաշրջանային այդ զարգացման ծրագրերի մեջ:

    Սա առաջին հերթին նշանակում է հրաժարվել Ցեղասպանության ճանաչումը հետապնդելուց, մի հանգամանք, որը մղձավանջ եւ վարկաբեկում է դարձել Թուրքիայի համար, եւ վերջնականորեն վավերացնել 1921 թվի Կարսի պայմանագիրը, որ երկու երկրների սահմաններն է ընդգծել:

    Բոլոր գործնական նպատակներով, Թուրքիան գաղութացրել է Ադրբեջանինՙ օգնելով, որ պատերազմում հաղթանակ տանի եւ դրանով նպաստի Իլհամ Ալիեւի խարխլած հեղինակության վերականգնմանը: Բայց պարզվում է, որ Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանի տարածքն օգտագործել որպես հարթակՙ ընդարձակելու իր պանթուրանական կայսրության սահմանները եւ հասնելու մինչեւ Կենտրոնական Ասիա: Տագնապալի ազդանշան է այն, որ Դեվլեթ Բահչելիի Գորշ գայլերը ծրագրում են Շուշիում դպրոց բաց անել: Գորշ գայլերը համագործակցում են Էրդողանի Առաջադիմություն եւ բարգավաճում կուսակցության հետ եւ համարվում են Թուրքիայի թաքուն պետության արտաքին թեւերից մեկը, որ բազմաթիվ քրեական գործերի եւ ոճրագործությունների մեջ է ներգրավված, ինչպես օրինակՙ լրագրողներ Աբդի Իփեքչիի եւ Հրանտ Դինքի սպանությունները, ինչպես նաեւ Ահմետ Աղջայի (Գորշ գայլեր խմբակգցության անդամ) ձեռամբ Հռոմի պապ Հովհաննես Պողոսի դեմ մահափորձը: Առավել վրդովեցուցիչ է այն, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ներկա են գտնվելու այդ դպրոցի հիմնարկեքի արարողությանը:

    Այդ առիթով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Էրդողանի կառավարությունը օգնել է Ադրբեջանին Հայաստանի դեմ մղած 44-օրյա պատերազմում եւ շարունակելու է այդ օգնությունը ապագայում եւս: Սա նշանակում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են նորանոր փորձանքներ ու չարիք պատճառել տարածաշրջանում:

    Պանթուրանական գաղափարի ընդարձակման համար որպես հարթակ ծառայելու Ադրբեջանի նոր կարգավիճակը է՛լ ավելի է արմատավորվում Փոլ Գոբլի տարիներ առաջ կատարած կանխագուշակումով: ԿՀՎ-ի այս նախկին աշխատակիցն ու պետքարտուղարության պաշտոնյան լրագրող էր դարձել եւ որպես գիտաշխատող տեղակայվել Ադրբեջանում: Հեղինակ է տարածաշրջանի վերաբերյալ մի շարք վիճելի ծրագրերի: Նա է, որ 2000 թվականին առաջ քաշեց տարածքների փոխանակման «Մեղրիի ծրագիրը», որն այդ ժամանակ շատերի կողմից ընկալվեց որպես «Փորձնական փուչիկ», բայց արի ու տես, որ այն իրականություն դարձավ 2020ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

    Գոբլի հոդվածը տպագրվեց «Eurasia Daily Monitor» պարբերականի փետրվարի 18-ի համարում չափազանց նշանակալի վերնագրովՙ «Ադրբեջան-Կենտրոնական Ասիա հետզհետե աճող կապերը հակամարտություններ կարող են առաջացնել Ռուսաստանի եւ Իրանի հետ»:

    Գոբլը հատկապես շեշտում է. «Երեւանի դեմ մղած հաղթական պատերազմով Բաքուն ցույց տվեց, որ կարող է ինքնուրույն գործել: Բայց նույնքան կարեւոր է այն, որ Ադրբեջանը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին եւ կառավարություններին ցույց տվեց, որ շնորհիվ Թուրքիայի հետ իր հարաճուն կապերի, դարձել է մի ուժ, որի հետ պետք է հաշվի նստել»:

    Այնուհետեւ Գոբլը ազդարարում է. «Ավելին, Քաբուլը, Բաքուն եւ Աշխաբադը վերջերս մի ուրիշ կարեւոր համաձայնագիր ստորագրեցին, որն ստացավ «Lapis Lazuli Corridor» անվանումը: Դրանով Թուրքմենստանի եւ Ադրբեջանի տարածքներով Աֆղանստանը միանում է Թուրքիային»:

    Սոսկ վարկածային տեսակետ է այն, որ Բաքուն կարող էր «հաղթանակ տանել» առանձին: Ինչո՞ւ այդ դեպքում կարիքն զգացվեց դիմելու 2000 սիրիացի եւ պակիստանցի ջիհադիստների, թուրք զինվորական փորձագետների եւ հազարավոր անօդաչու սարքերի: Եվ ինչո՞ւ 44 օր տեւեց այդ մասնակի հաղթանակը:

    Հոդվածի հեղինակը սակայն ճիշտ է, որ այս զարգացումները անհանգստացնելու են Ռուսաստանին եւ Իրանին: Վերջինս մարտադաշտում չլինելով հանդերձ մեծ վնաս կրեց: Պատերազմի հետեւանքով նրա սահմանագիծը Ադրբեջանի հետ երկարեցՙ դժվարացնելով պաշտպանությունը Իսրայելի հետախուզական աշխատանքների դեմ: Թեհրանը պարտավոր է ռազմավարական ճշգրտումներ կատարել, քանի որ շատ ավելի խոցելի է դարձել իր միջուկային ծրագրերի դեմ ուղղված Իսրայելի կանխարգելիչ հարձակումների հավանականությունը: Խոցելիությանն առընթեր, Իրանի տարածքը մասնատման թիրախ է դարձել նաեւ: Բաքվում դեկտեմբերի 10-ի տոնահանդեսում հնչած Էրդողանի խոսքերն ան մասին, թե իրանական Ադրբեջանը վերականգնվելու էՙ լեզվի սայթաքման արդյունք չէր, ոչ էլ սխալ մեկնաբանված անդրադարձ, քանի որ այդ ազդանշանից հետո, թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները սաստկացրել են իրենց արշավը Իրանի դեմՙ մեղադրելով վերջինիս Հարավային Ադրբեջանը (ազերիներով բնակեցված Իրանի հյուսիսային շրջանը) գաղութացնելու մեջ: Իրանի 85 միլիոն բնակչության 38 տոկոսը թուրք-ազերիական ծագում ունի: Բաքուն եւ Անկարան էթնիկական խլրտումների են հրահրում նրանցՙ կոչ անելով տեր կանգնել իրենց լեզվին եւ ժառանգությանը:

    Գոբլի անցած ուղու վրա հիմնվելով, կարելի է ասել, որ Ադրբեջանի նոր դերակատարությունը Իրանի մասնատման հարցում միայն Անկարայի եւ Բաքվի շահերից չի բխում, այլ աղերսվում է նաեւ Վաշինգտոնի եւ Թել Ավիվի շահերի հետ:

    Քառասունչորսօրյա պատերազմից հետո Իրանի իշխանությունը խուճապի էր մատնված եւ ամիջապես իր արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին ուղեւորեց Բաքու, Անկարա, Երեւան, Թբիլիսի եւ Մոսկվա, որպեսզի համընդհանուր խաղից դուրս չմնա: Իրանը նույնիսկ համաձայնվեց անդամակցել Եվրասիական միությանը, որպեսզի արժանանա իր հյուսիսային հարեւանի բարյացակամությանը:

    Թուրքիան աշխարհի ամենատարբեր մասերում խնդիրներ է առաջացնում եւ անպատիժ մնում: Այդ խառնաշփոթի մեջ նա իր նոր կարգուկանոնն է սերմանում: Թուրքիան վստահաբար գնում է հիտլերական Գերմանիայի անցած ուղիով, օգտագործելով միեւնույն մարտավարությունըՙ իրագործելու համար իր տարածքային փառասիրությունը:

    Բրիտանացի վարչապետ Նեվիլ Չեմբերլեյնի 1938-ին Բեռլին կատարած խաղաղեցնելու այց-առաքելությունը միայն ավելի ոգեւորեց Հիտլերինՙ առաջ տանելու իր փառասիրությունը:

    Ո՞վ է կանգնեցնելու նոր հրեշին, նախքան որ նա վտանգի աշխարհի խաղաղությունը:

    ԵՐՎԱՆԴԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

    Անգլ. թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (Armenian Mirror-Spectator)
  • Հայաստանի տնտեսությունը 2020 թ. ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամակցության համատեքստում

    Հայաստանի տնտեսությունը 2020 թ. ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամակցության համատեքստում: Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների աշխատանքի վերսկսման հեռանկարները

    Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն վեցերորդ անգամ իրականացրել է տնտեսական հետազոտություններ առաջատար տնտեսագետներ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի եւ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի գլխավորած աշխատանքային խմբերի ուժերով: Այդ հետազոտությունների արդյունքներն այսօր հրապարակվելու են Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի շրջանակներում: Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում արված աշխատանքի հիմնական ուշագրավ դրվագները եւ որոշ կանխատեսումներ 2021-2022թթ. վերաբերյալ: Հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ավտո- եւ երկաթուղային կոմունիկացիաների վերաբացման հեռանկարին, նկատի ունենալով, որ մարտի 4-ը այն վերջնաժամկետն է, երբ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խումբը երեք երկրների ղեկավարներին պետք է ներկայացնի կոնկրետ առաջարկություններ այդ երկրների միջեւ անխափան տրանսպորտային հաղորդակցությունը կազմակերպելու վերաբերյալ:

    Հայաստանի տնտեսությունը բնութագրող հիմնական թրենդերը

    Պրոֆ. Թաթուլ Մանասերյանն իր հետազոտության արդյունքում կարծում է, որ 2020թ. կհիշվի ոչ միայն երկրի տնտեսության մեջ անկումով, այլեւ հակասական միտումներով եւ իրադարձություններով, որոնց դասերը հարկ է նկատի ունենալ զարգացման հեռանկարային պլաններ մշակելիս: Նա ճշմարտացիորեն կարծում է, որ ամենամեծ կորուստները մենք ունեցել ենք Արցախի վերջին պատերազմի ընթացքում: Սրընթաց նվազել են դեպի տարածաշրջան հոսող ներդրումները: Դեռեւս մի քանի տարի մենք զգալու ենք Հայաստանի տնտեսության վրա պատերազմի ծախսերի բացասական հետեւանքը, իսկ բանակի վերազինման համար պետք է գտնել մեծ ֆինանսական ներդրումներ: Նույնիսկ առանց անցած պատերազմի, կորոնավիրուսի համավարակի պայմաններում աճի տեմպերի էական դանդաղում, իսկ առանձին ճյուղերում` էական անկում է նկատվում: Թ.Մանասերյանի կարծիքով, այս գործընթացի վրա ազդում է նաեւ տնտեսության կառավարման ասպարեզում ոչ կոմպետենտ վերաբերմունքը եւ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության անարդյունավետությունը:

    Արդյունաբերական արտադրանքը 2020թ. 2019թ. համեմատությամբ արձանագրել է անկում 0,9%: Հետաքրքրական է, որ 12 ամիսների կտրվածքով լեռնահանքային արդյունաբերությունը եւ հանքավայրերի շահագործումը նախորդ տարվա համեմատությամբ արձանագրել են աճ 11,6%-ի չափով: Վերամշակող արդյունաբերությունը այդ նույն համեմատությամբ նվազել է 3,9%-ով: Անցյալ տարի էլեկտրոէներգիայի եւ գազի մատակարարումների ոլորտում նախորդ տարվա համեմատությամբ ավել է գրանցվել 0,1%: Սակայն ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության գործակիցը անկում է ապրել 7,5%-ով, ինչը պայմանավորված է ծառայությունների ոլորտում եւ շինարարության հատվածում ողջ տարվա ընթացքում էական անկումով: Համաձայն «2021թ. Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքս» հաշվետվության էական թանկացում է գրանցվել առաջին անհրաժեշտության սննդամթերքի մի շարք տեսակների գծով: Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարին սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտի մթերքների գները անցյալ տարվա հունվարի համեմատությամբ աճել են 6,8%, իսկ ոչ մթերային ապրանքների գծով` 5,5%-ով: Արժեզրկվել է հայկական դրամը: Այդ արժեզրկումը հունվարի վերջին տվյալներով կազմել է 8,8%:

    Աշխատանքային խմբի գնահատումներով, գործազրկության ծավալը (ավելի քան 20%) մեր երկրում աճել է ոչ միայն ներտնտեսական իրավիճակի վատթարացման եւ պատերազմի ծանր հետեւանքների, այլեւ «լոքդաունի» պատճառով, ինչպես նաեւ 200 հազարից ավել արտագնա աշխատողների Ռուսաստան եւ մյուս երկրներ չմեկնելու պատճառով: Այստեղ հարկ է նշել, որ 2021թ. առաջին եռամսյակում այս վերջինի հետ կապված իրավիճակը աստիճանաբար կարգավորման միտում է գրանցում ճանապարհների մասնակի վերաբացման արդյունքում: Կառավարությունը նոր պարտքեր է վերցրել եւ Հայաստանի պարտքն այժմ կազմում է 7մլրդ. 968,5 մլն. դոլար եւ մեկ տարվա ընթացքում ավելացել 647,2 մլն. դոլարով:

    Հետաքրքրական է, որ գյուղատնտեսության ոլորտում ՀՆԱ-ն արձանագրել է աճ 1,4%: Բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 2,3%, անասնապահության ոլորտում` 0,6%: 2021թ. նախատեսվում է գյուղատնտեսական կուլտուրաների ապահովագրության ծավալը հասցնել 11-իՙ ներառնելով Հայաստանի բոլոր մարզերը: Արձանագրվել է առաջընթաց անասնապահության որակի բարձրացման ծրագրի շրջանակներում: Սա հաստատում է Եվրասիական փորձագիտական ակումբի այն կանխատեսումը, որ եվրասիական ինտեգրման ոլորտում կա զարգացման դեռեւս չօգտագործված ներուժ, եւ պետությունը կարող է հասնել հաջողության այս ոլորտ ներդրումներ ուղղելու դեպքում:

    Մանրածախ առեւտուրը Հայաստանում պակասել է 16,6%: ԵԱՏՄ-ում սա 2-րդ ցուցանիշն է: Գյուղատնտեսության աճը Հայաստանում 2,3% ավելի բարձր է, քան ԵԱՏՄ միջին ցուցանիշը: Ընդհանրապես հարկ է նկատի ունենալ, որ գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում լուրջ աճ է արձանագրվել եւ սա խոսուն ցուցանիշ է պարենային անվտանգության ապահովման տեսակետից: Սակայն հարկ է նկատի ունենալ, որ կորոնավիրուսի համավարակը ընդհանուր առմամբ բացասական է անդրադարցել ԵԱՏՄ բոլոր անդամների տնտեսության վրա: Ընդհանուր առմամբ, մեր տնտեսագետների գնահատմամբ ԵԱՏՄ երկրները դիմակայել են ճգնաժամին եւ նրանից դուրս են գալիս նվազագույն կորուստներով: Աշխարհի միակ երկիրը, որը, այնուամենայնիվ, տնտեսական աճ է արձանագրել, Չինաստանն է: Մնացած երկրներում գրանցվել է անկում: Այս տարի սպասվում է, որ Ռուսաստանի տնտեսությունը աշխույժ վերականգնողական աճ է արձանագրելու: Տնտեսական ակտիվությունը նկատելի է նաեւ այն պարզ միտումից, որ Ռուսաստանում կրկին մեծացել է հրավիրվող աշխատուժի կարիքը: Հայկական արտահանումը Ռուսաստան 2020թ. կրճատվել է 11%-ով: Ընդհանուր առմամբ Հայաստանի արտահանումը նվազել է 5,2%, իսկ ներկրումը` 15,9%: Հստակորեն ուրվագծվում է այն իրողությունը, որ հարկ է շեշտը դնել ԵԱՏՄ ուղղությամբ արտահանման ծավալների մեծացման վրա:

    ԵԱՏՄում Հայաստանի իրատեսական հնարավորությունների շուրջ

    ԵԱՏՄ-ում Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալները կրճատվել են: 2020թ. համախառն արտահանումը նվազել է 3,9%: Դեպի ԵԱՏՄ երկրներ անկումը կազմել է 8,3%: Պրոֆեսոր Աշոտ Թավադյանի հետազոտությունները վկայում են, որ նույնիսկ այդ պայմաններում դեպի Բելառուս արտահանումը աճել է 18,7% եւ դեպի Ղազախստան` 19,3%: Երկարաժամկետ եւ կայուն արտահանման աճից հետո դեպի Ռուսաստան այդ ցուցանիշը անցյալ տարի գրանցել է 9,0% անկում: Արդեն 2-րդ տարին է նվազում է թեթեւ արդյունաբերության արտադրանքի ծավալը: 2020թ. այդ ոլորտը գրանցել է 5,2% անկում, ցուցադրելով 131 մլն. դոլար ծավալ: Այնինչ վերածնվող թեթեւ արդյունաբերությունը ունի ներուժ դառնալու Հայաստանի տնտեսական աճը ապահովող լոկոմոտիվներից մեկը: Կարելի է կանխատեսել, որ 2021-2022թթ. ընթացքում կարձանագրվի տեքստիլի եւ տրիկոտաժի արտահանման վերականգնողական աճ: Այս ոլորտների կարեւորությունը նրանում է, որ նրանք զգալի աշխատանքային տեղեր են ստեղծում: Սննդամթերքի արտադրության եւ արտահանման ոլորտում նույնպես աճ է գրանցվել: Ձկան արտահանումն աճել է 84,7%, բանջարեղենի արտահանման աճը կազմել է 19,4%, բանջարեղենի վերամշակված արտադրանքի արտահանման աճը կազմել է 28,0%, ձվի եւ կաթնամթերքի արտահանման աճը` 47,3%:

    Պրոֆ. Թավադյանի խումբն արձանագրում է, որ նույն դինամիկան է ներկրման ոլորտում: 2020թ. ներկրումը կրճատվել է 17,7%: 2020թ., չնայած վերոհիշյալին, ներկրումը Բելառուսից աճել է 18%, իսկ Ղազախստանից` 110,9%: Կրճատվել է Ռուսաստանից ներկրումը 0,7%: Ներկրման հիմնական հոդված հանդիսացող վառելիքի ներկրման ծավալների կրճատումը կազմել է 6,3%: Հետազոտողները կանխատեսում են, թե՛ արտահանման, թե՛ ներկրման վերականգնողական աճ 2021թ. երկրորդ կիսամյակում: Պրոֆ. Թավադյանը համոզված է, որ Հայաստանի անդամությունը ԵԱՏՄ-ին նոր կարեւորություն է ձեռք բերում եւ հարկ է օգտագործել եվրասիական տնտեսական ինտեգրման բոլոր հնարավորությունները, հատկապես դեպի Ռուսաստան պատրաստի արտադրանքի արտահանման ծավալները էապես մեծացնելու համար:

    Հայաստանի առջեւ ծառացած են մի քանի խնդիրներ. Էապես բարելավել բացասական առեւտրական հաշվեկշիռի վիճակը, ավելացնել արտահանման եւ ՀՆԱ-ի հարաբերակցման աճը, արտահանման դիվերսիֆիկացիան եւ պատրաստի արտադրանքի ծավալների աճի խրախուսումը: Այս խնդիրները կարող են լուծվել ԵԱՏՄ շրջանակներում եւ դա կնպաստի Հայասստանի տնտեության մրցունակությանը:

    Համավարակի պայմաններում եւ վերջին պատերազմի հետեւանքում, հատկապես կարեւոր նշանակություն է ձեռք բերում Հայաստանի ապրանքաշրջանառության աճը, որին կարելի է հասնել ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի լիարժեք ձեւավորման արդյունքում: Շատ կարեւոր է, որ այդ չորս ազատությունները գործեն առանց սահմանափակումների եւ բացառությունների:

    Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ-տնտեսագետները համոզված են, որ հարկ է անշեղորեն կիրառել ԵԱՏՄ պայմանագրի բոլոր դրույթները, մասնավորապես կոոպերացիայի, մրցունակության բարձրացման եւ տնտեսական հարաբերություններում թափանցիկության մակարդակի բարձրացման վերաբերյալ: Հարկ է մեծացնել նաեւ գիտական ներուժի օգտագործման եւ փորձագետների շարունակական մասնակցության ծավալները: Միության տնտեսությունների մոդեռնիզացումը, կոոպերացիան եւ մրցունակության բարձրացումը առանցքային գործոններ են հանդիսանում անդամ-պետությունների արտադրանքի ծավալները մեծացնելու համար: ԵԱՏՄ ինտեգրման գործում անընդհատ մեծանում է տրանսպորտային եւ տարանցիկ ներուժի օգտագործման նշանակությունը: Ռուսաստանը եւ ԵԱՏՄ մյուս երկրները շարունակական հետաքրքրություն են դրսեւորում օգտագործելու երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտային միջանցքները, ինչպես նաեւ առեւտրատնտեսական բոլոր ուղղություններով առկա էլեկտրացանցերը:

    Տրանսպորտային կոմունիկացիաների վերագործարկման հնարավորության շուրջ

    Միանգամայն հասկանալի է, ԵԱՏՄ անդամ-պետությունների աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասում կոմունիկացիոն հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ: Այն բխում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնություններից, որոնք համաձայնագրով պաշտպանել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Շատ կարեւոր է, որ կենսագործվեն այդ համաձայնագրի հավասարապես բոլոր կետերը, այլ ոչ միայն նրանք, որոնք ձեռնտու են կողմերից միայն մեկին (օրինակ Ադրբեջանին): Պետք է հասկանալ, որ կողմերից մեկի փորձերը կենսագործելու հայտարարության որոշ կետեր եւ չկենսագործելու մյուս կետերը ստորագրած բոլոր կողմերի շահերի համաձայն թույլ չի տալու վերագործարկել տրանսպորտային կոմունիկացիաները:

    Մասնավորապես հարկ է վերաբացել նաեւ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը: Իրատեսական է եւ տնտեսական առումով ձեռնտու վերագործարկել Իջեւան-Ղազախ ավտոճանապարհը, որը ուղղակի կկապի Հայաստանը Ռուսաստանին: Նաեւ տնտեսապես ձեռնտու է Երասխ-Սադարակ երկաթուղային ճանապարհի վերականգնումը: Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում կոմունիկացիաների հարցը պետք է լուծել համակարգված, նկատի ունենալով թե՛ Աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունը, եւ թե՛, ժամանակի ընթացքում, Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը: Պետք է հասկանալ, որ անընդհատ մեծանում են Թուրքիայի հետաքրքրությունները Հարավային Կովկաս թափանցելու ուղղությամբ, եւ դա զուտ հիմնախնդիրները լուծելու գործում: Ըստ ամենայնի, ԵԱՏՄ բոլոր անդամները ուշադրությամբ են հետեւում այդ գործոնի կենսագործմանը: Շատ կարեւոր է, որ Իրանը եւ Հայաստանը երկաթուղային եւ ավտո ճանապարհներով կարողանան կապվել Ռուսաստանի հետ, եւ ցանկալի է` մի քանի ուղղությամբ: Դա էապես կմեծացնի Հայաստանի տնտեսական անվտանգությունը եւ կնպաստի արդյունավետ դիմակայությանը առկա քաղաքական եւ տնտեսական սպառնալիքներին:

    Մեր անվտանգությունը ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն ակտիվացնել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, այլեւ լրջորեն մտածել մեր ռազմավարական դաշնակցի հետ քաղաքական եւ ռազմական համագործակցությունն ու փոխգործակցությունը մի նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների որակական արդիականացումը, զարգացումն ու խորացումն այն միակ հնարավորությունն են, որոնք կարող են չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել թուրք-ադրբեջանական տնտեսական եւ քաղաքական ծավալումից առաջացող տարբեր սպառնալիքներն ու մարտահրավերները Հայաստանի համար: Հարկ է Հայաստանի քաղաքական վերնախավերի, բիզնեսի եւ գիտափորձագիտական հանրության համատեղ ուժերով վերջապես սկսել քննարկել հայ-ռուսական հարաբերությունների հետագա որակական բարելավման, ԵԱՏՄ-ում մեր անդամակցության եւ ձեւավորվող նոր իրողություններում մեր անելիքին վերաբերող հարցերը:

    ԱՐԱՄՍԱՖԱՐՅԱՆ, Եվրասիականփորձագիտականակումբիհամակարգող, Քաղաքականվերլուծաբան

  • Ինտերպոլը գտել է հազարավոր չափաբաժին COVID-19-ի կեղծված պատվաստանյութեր ՀԱՀ-ում և Չինաստանում

    Ինտերպոլը գտել է հազարավոր չափաբաժին COVID-19-ի կեղծված պատվաստանյութեր ՀԱՀ-ում և Չինաստանում

    Ինտերպոլը առգրավել է հազարավոր չափաբաժին COVID-19-ի կեղծված պատվաստանյութեր Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Չինաստանում, ասվում է Ինտերպոլի հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

    Ջերմիստոն քաղաքում (ՀԱՀ) պահեստում հայտնաբերվել է մոտ 400 սրվակ, որը համարժեք է կեղծ պատվաստանյութի մոտ 2,4 հազար չափաբաժնի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    Բացի դրանից, Չինաստանում ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ պատվաստանյութեր վաճառող ցանց: Իրավապահները ներխուժել են արդյունաբերական տարածքներ, ձերբակալել 50 մարդու և առգրավել կեղծված պատվաստանյութի շուրջ երեք հազար չափաբաժին:

  • «Կսկսվի խառնաշփոթ: Կարող ենք օգտագործել դա թերակղզին զավթելու համար»

    «Կսկսվի խառնաշփոթ: Կարող ենք օգտագործել դա թերակղզին զավթելու համար»

    Ուկրաինացի քաղաքական գործիչ, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Տատյանա Չեռնովոլը կոչ է արել պատրաստվել «ցանկացած պահի» Ղրիմի ռազմական գրավմանը: Ըստ նրա, թերակղզու տարածքը կարող է վերադարձվել ռազմական գործողությունների միջոցով:

    «Մենք պետք է անընդհատ պատրաստ լինենք, բառացիորեն վաղը, իրականացնել Ղրիմը վերադարձնելու ռազմական գործողություն, ասել է քաղաքական գործիչը:

    Նրա կարծիքով, անհրաժեշտ է սպասել, մինչ7 Ռուսաստանում իրավիճակն անկայուն դառնա, «կսկսվեն խառնաշփոթի գործընթացներ»: Ուկրաինան կարող է օգտագործել այդ պահը թերակղզու տարածքը զավթելու համար: Բայց դրան պետք է պատրաստ լինել: Իսկ մենք չենք պատրաստվում», ավելացրել է Չեռնովոլը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: