Day:Փետրվարի 28, 2021

  • Արցախի ժողովուրդը բանակի թիկունքին է լինելու

    Արցախի ժողովուրդը բանակի թիկունքին է լինելու

    Փետրվարի 25-ին, խորհրդակցություն է տեղի ունեցել ՀՅԴ Ստեփանակերտի Նիկոլ Դուման կենտրոնում ԱՀ ԱԺ խորհրդարանական երեք ուժերի՝ Արցախի ժողովրդավարական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Արցախի Արդարություն կուսակցությունների միջև:

    Կարևորվել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակում Արցախի անվտանգության հարցը, հատկապես, շփման գծում զգոնությունն ու հնարավոր սադրանքներից խուսափումը: Այս հարցի շուրջ քննարկումներին հրավիրվել և մասնակցել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

    Կուսակցությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ինչպես միշտ Արցախի ժողովուրդը բանակի թիկունքում է լինելու և չի հանդուրժելու բանակի դեմ որևէ ոտնձգություն: Բանակի նվիրվածությունը մեր Հայրենիքի պաշտպանությանը կասկածի տակ առնելը անհանդուրժելի է։

    aparaj.am

  • «Շուտով այս մղձավանջը, որի մեջ հայտվեցինք 2018թ-ից, կավարտվի՝ թողնելով աղետալի հետեւանքներ…»․ Արտյոմ Մարկոսյան

    «Շուտով այս մղձավանջը, որի մեջ հայտվեցինք 2018թ-ից, կավարտվի՝ թողնելով աղետալի հետեւանքներ…»․ Արտյոմ Մարկոսյան

    Արտյոմ Մարկոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ճամբարափոխ, քծնող մարդկանց, միջակություններին։

    Հայաստանի անկախացումից հետո՝ մեր բոլոր իշխանությունների օրոք գոյություն ունեցող ամենազզվելի երևույթներից են եղել ճամբարափոխ, քծնող, հետույքից հետույք թռնող, արժանապատվություն չունեցող, լպրծուն ոչնչությունները կամ, իբր, քաղաքական հայացքներում նեյտրալ. “իմ համար լրիվ մեկ ա, թե ով կլինի..” կատեգորիային պատկանող միջակությունները։

    Եվ վատը, միաժամանակ ցավալի փաստն, այն է, որ մեր, գրեթե բոլոր, իշխանությունները հանդուրժել, ասեմ ավելին՝ նույնիսկ, շատ դեպքերում, հենց իրենք են աճեցրել, բուծել նշածս երևութներից շատերին։ Արդյունքում ի՞նչ եղավ…Ինձ թվում է՝ չեն մոռացել…

    Այս 2-3 տարին էլ, իրե՛նց հերթին, բացառություն չեղան։ Իսկ վերջին 3-4 ամիսը կարելի է բնութագրել մի ընհանրապես նոր տերմինով. “Քծնառևերս”…Դիմում եմ նրանց՝ այդ երևույթներին.Չգիտեմ, ով ոնց՝ կմոռանա, թե՝ ոչ, բայց ես շատերիդ գիտեմ ու հիշում եմ…լավ եմ հիշում…Անձամբ ես, որքան ուժ ու հնարավորություն ունեմ, թույլ չեմ տալու, որ, հանկարծ, մոռանաք, թե ո՛վ եք էղել դու՛ք՝ ձեր ապրած կյանքով ու տեսակով…

    Հ.Գ.Շուտով այս մղձավանջը, որի մեջ հայտվեցինք 2018թ-ից, կավարտվի՝ թողնելով, սակայն, աղետալի հետևանքներ… Եթե մենք ցանկանում ենք նոր, ավելի ճիշտ՝ նորից, Պետություն կառուցել՝ ամուր Պետություն ճիշտ արժեհամակարգով, չափազանց կարևոր է, նաև, որ նոր իշխանությունների և կառավարիչների կողմից պետք է մարդկանց վերոնշյալ տեսակներին, այլևս, տեղ ու առաջնություն չտրվի, նրանք, ոչ մի պարագայում, չպետք է դիտարկվեն որպես “ծառայելու պատրաստ” հենարան, նրանք (այդ երևույթը) պետք է ի սպառ վերանան՝ մշակույթից, հեռուստատեսությունից, շոուբիզնեսից մինչև…մի խոսքով՝ յուրաքանչյուր բնագավառից…

    Առայժմ այսքանը…

  • Սարդարապատ 2.0-ն սկսված է, Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է․ թուրքագետ

    Սարդարապատ 2.0-ն սկսված է, Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է․ թուրքագետ

    Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ ԿԱՄ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 2.0

    Այսօր կիրակի է և փորձեմ շատ հակիրճ ամփոփել Հայաստանի թշնամիների արձագանքը մեզ մոտ շարունակվող ճգնաժամին։

    Փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը մեծ ասուլիս է տալիս, որի ժամանակ մի քանի կարևոր հայտարարություններ է անում։ Դրանցից ամենաէականն այն է, որ փաստացի Ադրբեջանը սպառնում է մեզ՝ կատարելու նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարության պահանջները։ Ինչպես հասկանում եք, Հայաստանը միայն մի կետ չի կատարել՝ Մեղրիի («Նախիջևանի») միջանցքի բացումը (իսկ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել մեր գերիներին)։ Ակնհայտ էր, որ Ի. Ալիևը և թուրք գործընկերները վախենում եմ, որ իշխանափոխության պարագայում Հայաստանը կարող է փոխել Մեղրիի միջանցքի բացման կետը և նոր՝ ոչ պարտվողական դիրքերից հանդես գալ, ուստի Ալիևը դատապարտում է Հայաստանի ներքաղաքական գործընթացները։

    ◾️ Այդ նույն հարցազրույցում նա նշեց, որ Հայաստանին բանակ պետք չէ՝ չմոռանալով հիշեցնել, որ իրենք շարունակում են ուժեղացնել ադրբեջանական բանակը։

    ◾️ Միևնույն ժամանակ Թուրքիա է այցելում Ադրբեջանի վարչապետ Ասադովը, որը Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը հատուկ նշում է, որ Հայաստանին պետք է չթողնել բանակ ունենալ։

    ◾️ Այս հայտարարություններին հետևում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից Հայաստանի զինված ուժերի՝ վարչապետի հրաժարականի արդարացի պահանջի քննադատությունը և որպես «ռազմական հեղաշրջում» որակումը։

    ◾️ Բոլոր նշված ելույթներում կարմիր թելի պես անցնում է հետևյալ միտքը (խոսակցան լեզվով ասած). եթե Հայաստանը որևէ ինքնուրույն հավակնություն չներկայացնի տարածաշրջանում և չփորձի խանգարել Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերին, ապա դրա դիմաց Հայաստանին շատ չեն ճնշի։ Սակայն հայերը ոչ բանակ պետք է ունենան, ոչ էլ ինքնուրույն արտաքին քաղաքականություն։

    Փաստացի, Հայաստանի ներկա սահմանների հանդեպ անթաքույց հավակնություններ ունեցող և այդ ուղղությամբ հստակ քայլեր անող, բայց միաժամանակ հայկական վերածնվելիք բանակից վախեցող Ադրբեջանին ու Թուրքիային գործով հակադարձելու ճիշտ ժամանակն է։

    Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը։Փաստացի խորացնում է ճգնաժամը՝ հաշվի չառնելով ՀՀ նախագահի առարկությունները ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ, և, ըստ էության, պատերազմ է հայտարարում հենց սեփական բանակին։ Ընտրությունը մերն է. կամ Հայաստանը կունենա պետություն ու մենք բոլորս կլծվենք այդ սուրբ ու բարդ գործին, կամ մենք մի քանի տարուց կդառնանք այլ պետության քաղաքացի՝ Հայաստանում կամ արտասահմանում։

    Այլ խոսքով՝ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ 2.0-ն սկսված է։

  • Նարեկացու հիշատակի օր Վատիկանում

    Նարեկացու հիշատակի օր Վատիկանում

    Ս․թ․ փետրվարի 27-ին Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում տեղի ունեցավ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան նվիրված պատարագ` Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահությամբ։

    Պատարագին հետևեց Էկումենիկ աղոթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մոտ, որին ներկա են գտնվել նաև Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, պաշտոնատար անձիք, օտարերկրյա դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ։

    ՀՀ դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգությանը, նշեց, որ Հռոմեական գլխավոր օրացույցում Ս․ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս Պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանյայց ու կաթոլիկ քույր եկեղեցիների միջև շարունակական սերտացման, ինչպես նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող հարաբերությունների մասին։

    Իր խոսքում Կ․Նազարյանը նաև նշեց, որ իր հազարամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը երբեք չընկրկեց իրեն պարտադրված պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանության ու այլ զրկանքների առջև, ու, վեր հառնելով, շարունակեց հավատարիմ մնալ քրիստոնեական ու համամարդկային իդեալներին։

    «Խաղաղության վարդապետի» (ինչպես որ ավելի վաղ Նարեկացուն անվանել էր Հռոմի Պապը) օրվա առթիվ ՀՀ դեսպանն ընդգծեց ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղության քաղաքակրթություն կերտելու Եկեղեցու ու միջազգային հանրության ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։

    Հիշատակի այս արարողությունները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանությունը, Քրիստոնեական միասնության խթանման Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար ու վերջինիս նախաձեռնությամբ։ Արարողություններին մասնակցել են նաև Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի տնօրեն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկե քույրերը, հայ առաքելական ու կաթողիկե եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

  • Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն իրենց անփոփոխ ձեռագրին հավատարիմ, անցյալ տարի հանձն առան նոր հայասպան գործունեություն. Արշավիր Ղարամյան

    Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն իրենց անփոփոխ ձեռագրին հավատարիմ, անցյալ տարի հանձն առան նոր հայասպան գործունեություն. Արշավիր Ղարամյան

    «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:։

    «1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անմարդկային դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Թշնամի պետության ցեղասպան գործունեությունը 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո իր շարունակությունը ունեցավ 20-րդ դարի վերջին, երբ սկիզբ էր դրվել Արցախի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության վերականգման գործընթացին։

    Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն իրենց անփոփոխ ձեռագրին հավատարիմ, անցյալ տարի՝ Արցախյան երկրորդ պատերազմում, հանձն առան նոր հայասպան գործունեություն։ Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենապաշտպաններ․․․ Արդյունքում՝ ունեցանք Արցախի մեծ մասի կորուստ, բզկտված ու թուլացած Մայր Հայաստան։

    Սիրելի՛ հայրենակիցներ, միայն հայ ժողովրդի միաբանումն ու միասնականությունը կարող է դիմագրավել մեզ սպասվող նոր սումգայիթյան ոճրագործություններին։

    Աստված զորավիգ մեր ազգին»,- գրել է նա։

  • Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. Թևանյան

    Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. Թևանյան

    Հայաստանում ավարտին է մոտենում քաղաքական հանգուցալուծումը։ Հայ–թուրքական հակամարտությունը հասել է եզրափակիչ փուլ։ Այս մասին ֆոյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

    «Մեզ մոտ հաստատվել է երկիշխանություն։ Ոմանք սա համարում են անիշխանություն։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն իշխանությունը, որն ուներ 2020–ի սեպտեմբերի 27–ից առաջ ու առավելևս 2018–ի մայիսի 8–ից հետո։ Քաղաքական նախաձեռնությունն անցել է Հայրենիքի փրկության շարժմանը։ Բաղրամյան պողոտան ուժային կենտրոնի հասցեն է։

    ՀՀ արժանապատիվ քաղաքացիների վճռականությունը, քաղաքական ուժերի հետևողական պայքարը, Հայաստանի զինված ուժերի հայտարարությունը տվել են իրենց արդյունքները, փոխել քաղաքական հաշվեկշիռը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հաշվի նստեց ստեղծված իրավիճակի հետ, հաշվեց ու որոշեց ընթացք չտալ Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ առաջարկին՝ աշխատանքից ազատել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

    Նիկոլ Փաշինյանին դեռ ենթարկվում է ոստիկանությունը, մասամբ՝ ԱԱԾ–ն։ Դատախազությունը փշերի վրա է նստած ու հետևում է ուժերի դասավորության դինամիկ փոփոխություններին։

    Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որևէ կոմպլեքս չունի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու։ Հատկապես որ հիմքերը կան։ Դավթյանը պարզապես սպասում է քամիների ուղղությանն ու արագությանը։ Նա 2018–ի ապրիլին խորհրդարան մտավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելու միջնորդությամբ։ Հետո երբ Նիկոլը վարչապետ դարձավ, Դավթյանն արդեն մարդկանց ազատությունից զրկելու որոշումներ էր կայացնում Նիկոլի հրահանգով։

    Հիմա երկրում իրավիճակ է փոխվել։ Իսկ դա նշանակում է, որ դատախազությունում էլ է իրավիճակ փոխվելուն «5 պակաս» վիճակ։

    Տակը մնաց «Իմ քայլը» ուսապարկ–խմբակցությունը։ Այս պահին զուտ գլխաքանակային մեծամասնությունն է կառավարությունում պահում Նիկոլին։ Բայց «ժողովրդի» վարչապետը հասկանում է, որ դա շատ փխրուն ու լպրծուն հենարան է։ Դա հասկանում է նաև Հայաստանի ներքին զարգացումներին միջամտող ու Նիկոլի վրա մեծ խաղադրույք կատարող Թուրքիայի նախագահ Էրդողանը։

    Նիկոլի իրական ու միակ հենարանը Թուրքիան է։ ՀՀ զինված ուժերի հայտարարությունից հետո այդ ամենը բացահայտ դարձավ նույնիսկ պողոսների համար։

    Մեր թշնամիներն այնքան մեծ խաղադրույք են կատարել «Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վարչապետն է» նախագծի վրա, որ ամեն օր նրան աջակցող հայտարարություններ են անում Թուրքիայի նախագահը, նրա մամլո խոսնակը, արտգործնախարարը։

    Թուրքիան դժգոհ է մնացել, որ չի կարողացել ամբողջությամբ գրավել Արցախն ու Հայաստանից պոկել Սյունիքը։ Ռուսները խանգարեցին։

    Անկարայում հույս ունեն, որ իրենց Նիկոլի միջոցով հնարավոր կլինի արդեն առանց «Բայրաքթարների» լուծել այն խնդիրը, որի նպատակով էլ սկսել էր պատերազմը։ Հայաստանի քաղաքացիները, քաղաքական ուժերը, մտավորականներն ու ի վերջո բանակը ոտքի են կանգնել թուրքական ծրագրերի ամբողջական իրագործումը թույլ չտալու համար։

    Թուրքիայի հույսն այժմ «Ժողովուրդն աջակցում է Նիկոլ Փաշինյանին» ներկայացման բեմադրությունն է։ Հենց այդ նպատակով էլ Նիկոլը մարտի 1–ին հանրահավաք հրավիրեց։ Նա փորձում է կանխել ուժային մյուս կառույցների անցումը Հայաստանի կողմը։

    Նիկոլին կից օլիգարխներին, պետական պաշտոնյաներին հանձնարարված է գլխաքանակ ապահովել Նիկոլի, ավելի ճիշտ՝ Էրդողանի մարտի 1–ի միտինգի համար։ Ինչպես ասում են՝ հանցագործը վերադառնում է հանցագործության վայր։

    2008–ի մարտի 1–ին Նիկոլը փորձում էր կյանքի կոչել «վռնդենք ղարաբաղցի տականքներին» հակապետական ծրագիրը։ Նա բախումներ կազմակերպեց, դարձավ 10 մարդու մահվան պատճառ ու ծլկեց դեպքի վայրից։

    2008–ին մեր պետությունը կարողացավ կանխել այն, ինչը եղավ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո, այն է՝ Արցախի պետականության կորուստ ու հարցականի տակ հայտնված Հայաստան։

    Թուրքիային նոր «Մարտի 1» է պետք։ Այս անգամ Նիկոլն արդեն ոչ թե որպես ընդդիմադիր «պայքարիստ» է հանդես գալիս, այլ որպես վարչապետի աթոռին հայտնված սուբյեկտ ու Թուրքիայի բացահայտ աջակցությունը վայելող գործիչ։ Այս ամենի պատասխանը հայ ժողովուրդը պետք է տա վճռական պայքարով, համախմբվածությամբ, հետևողականությամբ, խելքով։

    ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պետք է միանան բանակին ու կանգնեն պետության թիկունքին, որպեսզի զերծ մնանք ցնցումներից։ Ուժային կառույցների ներկայացուցիչները երդվել են ծառայել Հայաստանին, այլ ոչ թե Նիկոլին ու առավելևս՝ Թուրքիային։

    Արցախում մեր բանակը դավաճանվեց թիկունքից։ Ուրեմն հենց թիկունքից էլ պետք է հետ պտտեցնել պարտության թափանիվը»,- գրել է նա։

    Ազգ, Բանակ, Հաղթանակ

  • Մենք չենք հիշում այն տղային, ում գտան կամրջի տակ մահացած․․․

    Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

    Ծեծել են այն տղայի, որին Նիկոլը տեսախցիկների առջև ասեց. «Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան»:

    «Մենք չենք հիշում Արարատ Միրզոյանի աթոռին նստած տղային ում գտան կամրջի տակ մահացած: Մենք չենք հիշում լրագրող Մհեր Եղիազարյանին, որը մահացավ 2019-ի հունվարին բանտում 45-օրյա հացադուլից հետո:

    Բոլորը մոռացել են ծեծվածներին, վախի ճնշման տակ հրաժարական տվածներին, միայն այն բանի համար, որ նրանք ինչ-որ բանով դուր չէին գալիս Նիկոլին:

    Բոլոր իրավապաշտպանները, հասարակական կազմակերպությունները, դեսպանատները լռում են՝ չգիտակցելով, որ իրենց լռությամբ նրանք դառնում են բռնապետության մեղսակիցներ, բաժնետերեր: Եվ թող ոչ ոք չմտածի, որ այս լռությունը պատահական է: Այս մարդիկ Նիկոլովի ռեժիմի, ուղղակի շահառուներն են եթե ոչ սցենարիստները: Եվ այս ամենը չի մոռացվի: Ես խոստանում եմ»:

  • Նիկոլն ուզում է արդեն իսկ վարկաբեկել հաջորդ իշխանությանը, դա է լինելու նրա հանրահավաքի միակ իմաստը՝ վրեժ մարդկանցից, վրեժ Հայաստանից իր չկայացվածության համար

    Նիկոլն ուզում է արդեն իսկ վարկաբեկել հաջորդ իշխանությանը, դա է լինելու նրա հանրահավաքի միակ իմաստը՝ վրեժ մարդկանցից, վրեժ Հայաստանից իր չկայացվածության համար

    Նիկոլին չպետք է հնարավորություն տալ, որ նա հավաքի իր մարտի 1-ի հանրահավաքը։Ակնհայտ է, որ նա լավ էլ հասկանում է, որ այդ հանրահավաքով ինքը իշխանությունը պահելու հարց չի կարող լուծել՝ նրա տակից փախել են պետական բոլոր ռեսուրսները թե ինստիտուցիոնալ, թե կադրային առումով։ Նիկոլը կորցրել է փողոցը, տեղեկատվական դաշտը, ֆեյսբուքը։Բայց այդ հանրահավաքին կարող են մասնակցել ռեժիմի փշրանքները՝ նրանք, ովքեր արդեն կորցնելու բան չունեն, տիգրովկայով կանայք եւ այլ ժեխ։ Այնուամենայնիվ, 1-2 հազար մարդ հավաքվի։

    Նիկոլի նպատակն արդեն իշխանությունը պահելը չի, նրա նպատակը եկող իշխանությունը հնարավորինս կեղտոտելն ու դելեգիտիմացնելն է։Մարտի 1-ի սիմվոլիկան թողնենք մի կողմ, բայց հաստատ Նիկոլի սիրտը արյուն է ուզում։ Եթե նրա հանրահավաքը ստացվի, ապա դրա բախումը Բաղրամյանի հանրահավաքի հետ անխուսափելի է։ Միջամտելու են հատուկ ուժերը, ոստիկանները, զորքը, բայց արյուն թափվելու է։Հաջորդ իշխանության վրա Նիկոլն ուզում է կպցնել արյունոտի խարանը։Բախումների ժամանակ անխուսափելիորեն զորքեր են միջամտելու, քաղաքում բոլորը տեսնելու են զինվորական տեղաշարժեր։ Հաջորդ իշխանության վրա Նիկոլն ուզում է կպցնել խունտայի խարանը։

    Պրոնիկոլական լրատվամիջոցները ետնիկոլական շրջանում դեռ որոշ ժամանակ գոյություն կունենան, նրանց գործը լինելու է այդ արյունը լմլմացնելը, իսկ նոր իշխանությունները ստիպված են լինելու լռեցնել այդ մամուլը։ Հաջորդ իշխանության վրա Նիկոլն ուզում է կպցնել դիկտատորականի խարանը։ Հաջորդ ժամանակավոր իշխանության գործը լինելու է Հայաստանն ավերակներից հանելը, իսկ Նիկոլն ուզում է արդեն իսկ վարկաբեկել այդ իշխանությանը, դա է լինելու նրա հանրահավաքի միակ իմաստը՝ վրեժ մարդկանցից, վրեժ Հայաստանից իր չկայացվածության համար։ Հանուն Հայաստանի վաղվա պետք է թույլ չտալ մարտի 1-ի հանրահավքը։ Թեկուզ Նիկոլին նախօրոք մեկուսացնելու գնով։ Համոզված եմ, որ անհարժեշտ սահմանադրական բացատրությունները կգտնվեն։

    Մեդիա-պաշտպան Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

  • Միջազգային հանրությանը կոչ ենք անում պարտադրել Ադրբեջանին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից․ Արցախի ԱԳՆ

    Միջազգային հանրությանը կոչ ենք անում պարտադրել Ադրբեջանին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից․ Արցախի ԱԳՆ

    Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Սումգայիթում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․

    «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

    Ծրագրված զանգվածային ջարդերի արդյունքում 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապես մոտիկ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարները արտաքսվեցին: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրվեց զինված ջարդարարներին, որոնք անպատիժ և հատուկ դաժանությամբ սպանում էին ազգությամբ հայ քաղաքացիներին:

    Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում իրագործվում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում: ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1988-1991 թթ., ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը, էթնիկ զտումները և զանգվածային սպանությունները փոխարինվեցին 1991-1994, 2016 և 2020 թվականներին Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ զինված ագրեսիաների ընթացքում կատարված պատերազմական հանցագործություններով:    

    1988 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության արդյունքում հազարավոր հայեր սպանվել են, տասնյակ հազարները՝ հաշմանդամ դարձել, հարյուր հազարները՝ բռնի տեղահանվել և հայրենազրկվել:

    Անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցնում էին ագրեսիայի ուժեղացմանը և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների ծավալների ընդլայնմանը: Ադբեջանի իշխանությունների կողմից իրենց հասարակությունում ձևավորվող մարդատյաց մթնոլորտը ստեղծել է մի իրավիճակ, որում ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ծաղրելը, տանջելը և սպանելը Ադրբեջանում ընկալվում են որպես նորմալ և ընդօրինակման արժանի արարք: 2020 թ. աշնանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում անազատության մեջ հայտնված ռազմագերիներին և պատանդ պահվող քաղաքացիական անձանց վերադարձնելուց Ադրբեջանի հրաժարումը անպատժելիության և ամենաթողության հարուցած հանցավոր քաղաքականության վառ օրինակ է:

    Խոնարհվում ենք Ադրբեջանի զանգվածային հանցագործությունների և մարդատյաց քաղաքանության անմեղ զոհերի հիշատակի առաջ և կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից և նախապայմաններ ստեղծել տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»:

  • Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առիթով, որում ասվում է․

    «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

    Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը։

    Խորհրդային Միության փլուզումից հետո անկախացան Միության կազմում գտնվող երկրները, և Արցախի մեր ժողովուրդը նույնպես ինքնորոշման իրավունքով հռչակեց անկախ ապրելու իր կամքը։ Այս արդար որոշման դեմ Ադրբեջանի ողջ տարածքում ձեռնարկվեցին հայորդիների ջարդ ու կոտորած: Սումգայիթյան ոճրագործությունների կազմակերպիչները ծրագրած նոր եղեռնագործությամբ պարբերաբար զինված հարձակումների էին ենթարկում Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Անցյալ տարի Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների հետ լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ՝ դաժանաբար գնդակոծելով երկրի տարածքը։ Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենյաց պաշտպան մեր շատ զավակներ, տեղահանվեցին բազմահազար հայորդիներ, ավիրվեցին հոգևոր-մշակութային կոթողներ ու հուշարձաններ, կորցրեցինք Արցախի զգալի մասը, և դեռ կան անհայտ կորածներ ու գերեվարվածներ։ Ցավով ենք անդրադառնում, որ պատերազմի դադարից հետո տակավին տեղ են գտնում բռնություններ ու չարագործություններ, ոտնահարվում մեր երկրի ու ժողովրդի իրավունքները: Այս ողբերգական իրողությունները, արցախյան երկրորդ պատերազմի արհավիրքները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

    Սիրելիներ, պատերազմի պատճառած կորուստների ցավը մեր սրտերում՝ միասնաբար ամեն ջանք ի գործ պիտի դնենք՝ հաղթահարելու աղետալի հետևանքներն ու փորձությունները, զորացնելու մեր հայրենիքը և կերտելու մեր կյանքի նոր ձեռքբերումներն ու հաջողությունները։

    Խոնարհվելով մեր զոհերի վառ հիշատակի առջև՝ ի խորոց սրտի աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Հայցում ենք, որ Աստված Իր ողորմությունը, շնորհներն ու բարեգթությունը տարածյալ պահի համայն մեր ժողովրդի և մեր հայրենիքի վրա և պահպանի ամենախնամ Իր Սուրբ Աջի հովանու ներքո. Ամեն»։