Day:Փետրվարի 3, 2021

  • Սա նպատակային քաղաքականություն է՝ բանակը փլուզելու, անվտանգությունը ոչնչացնելու և երկիրը թշնամուն հանձնելու համար. Տիգրան Աբրահամյան

    Սա նպատակային քաղաքականություն է՝ բանակը փլուզելու, անվտանգությունը ոչնչացնելու և երկիրը թշնամուն հանձնելու համար. Տիգրան Աբրահամյան

    Ազգային ժողովի իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսօր հայտարարել է, որ «մենք 30 տարի բանակ չենք ունեցել»։

    Չգիտեմ, թե «մենք» ասելով սույն պերսոնը ում նկատի ունի, բայց մի բան պետք է միանգամից ֆիքսենք՝ վարչապետի գլխավորած քաղաքական ուժի ներկայացուցիչը հայտարարում է այն մասին, որ վերջին 3 տասնամյակում մենք բանակ չենք ունեցել ու չունենք։

    Ես իհարկե նպատակ չունեմ լուրջ անալիզի ենթարկելու այս հայտարարությունը կամ վերոնշյալ սուբյեկտին, միայն ուզում եմ ԶԼՄ-ների իմ գործընկերների ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ այս մասին խոսում է իշխանության ներկայացուցիչը և խնդրել, որպեսզի Պաշտպանության նախարարությանը, Զինված ուժերի գլխավոր շտաբին այս հայտարարության վերաբերյալ հարցումներ ուղղեն։

    Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից բանակը, սպային, զինվորականին պատվազրկող հերթական հայտարարությունն է հնչել և բանակի ղեկավարությունը լռելու իրավունք ուղղակի չունի։

    Օնիկ Գասպարյան, դուք, ձեր տեղակալները, ձեզ ենթակա մեծ թվով վարչության պետեր, տեղակալներ, բաժնի պետեր, զորամիավորումների, զորամասերի հրամանատարության ներկայացուցիչներ տասնամյակներով հայրենիքի պաշտպանության սուրբ գործն ենք կատարել։

    Տղերք, հասկացեք, որ եթե չեք արձագանքում, թույլատրում եք սրանց, սրանց նմաններին անընդհատ թիրախավորել, վարկաբեկել մեր ընկերներին, մեր զոհված տղաներին և նրանց արածը, ապա դա պատվազրկում է մեզ բոլորիս, հարված հասցնում մեր պետականությունը խորհրդանշող բոլոր հիմնասյուններին։

    Այլ է իրավիճակը, որ դրան արձագանքում եմ մենք՝ փորձագետներս, քաղաքական գործիչները կամ ուղղակի սրտացավ մարդիկ, այլ բան է, որ դրան արձագանքում եք դուք։

    Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտի ուսադիրներ եք կրում, մոտ 20 տարի առաջ էլ գլխավորել եք պաշտպանության նախարարությունը, ասելիք չունե՞ք, թե՞ նախընտրում եք լռել և կատարել Փաշինյանի կամքն ու անձնական նախընտրությունները։

    Այսպիսի հայտարարության տակ դրված վտանգներից միայն մեկի մասին կնշեմ։ Պատկերացրեք իրավիճակ, որ երիտասարդը պատրաստվում է առաջիկա օրերին զորակոչվել բանակ, մեկ այլ երիտասարդ դիմել ռազմակրթական հաստատություն կամ ուղղակի մտնել պայմանագրային ծառայության։

    Իշխանության ներկայացուցիչն ասում է՝ 30 տարի է բանակ չկա, հասկանում ե՞ք, թե ինչ ազդանշան է հղվում այդ մարդկանց։

    Սա նպատակային քաղաքականություն է՝ բանակը փլուզելու, մեր երկրի անվտանգությունը ոչնչացնելու և երկիրը թշնամուն հանձնելու համար։

  • ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

    ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

    Փետրվարի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

    ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

    ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով:

  • Լավրովը Բորելին ուղարկել է ՌԴ-ում և Արևմուտքում անօրինական գործողությունների մասին տեսանյութ

    Լավրովը Բորելին ուղարկել է ՌԴ-ում և Արևմուտքում անօրինական գործողությունների մասին տեսանյութ

    ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին տեսանյութ է ուղարկել, որտեղ նկարագրվում են Ռուսաստանում և Արևմուտքում իշխանությունների ձեռնարկած միջոցները, երբ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ մասնակցելու անօրինական ցույցերին: Այս մասին փետրվարի 3-ին խոսել է ՌԴ արտաքին քաղաքականության վարչության պետը, հաղորդում է RT-ն:

    Լավրովը նշել է, որ հատուկ տեսահոլովակը պատրաստվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Նյութը հստակ ցույց է տալիս, թե ինչպես են իշխանությունները ճնշում հանրահավաքները Արևմուտքում: Այնտեղ կան նաև օրինակներ, թե ինչպես են Ռուսաստանի անվտանգության ուժերն արձագանքում «ցուցարարների վայրագություններին»:

  • Պարզ է, թե ուր են գնում փաշինյանի քայլի պատգամավորները, բայց մենք ինչո՞ւ պետք է խամաճիկների հետ ջախջախենք վերջնականապես հայկական քաղաքակրթության առաքելությունը

    Պարզ է, թե ուր են գնում փաշինյանի քայլի պատգամավորները, բայց մենք ինչո՞ւ պետք է խամաճիկների հետ ջախջախենք վերջնականապես հայկական քաղաքակրթության առաքելությունը

    «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը գրում է.

    «Սույն փաշինյանական ԱԺ-ն, «հանդուժողականության» անկրկնելի դրսևորմամբ, մի քանի անգամ խոսնակ Միրզոյանի նյարդային ընդհատումներով, «ժամանակն ավարտվել է, ամփոփեք»…, լսեց Գոռ Գևորգյանի հռետորական կոչ-հորդորը՝ «Ու՞ր եք գնում, տղերք»:

    Անկեղծ պարզ է, թե ուր են գնում փաշինյանի քայլի պատգամավորները, հստակ է, դա իրենց աներկբա ընտրությունն է, այդ ընտրությամբ Կարսն էլ հայկական չէ՝ իր նախընտրելի ժամանակի ազգաբնակչությամբ, Շուշին էլ, Արցախի (իրենք այս բառը չեն արտաբերում, միմիայն Ղարաբաղ, որ թուրքադրբեջանական ականջին հաճո լինի) պատկանելությունը, պատերազմի մեղավորը կարևոր չեն, իրենք առաջ են գնում, բեղլոյանական «առաջ»-ը պետականության կորուստն է, անծագում, անհայրենիք գոյությունն ու ուծացումը, նրանք, իհարկե, չեն հասկանում, որ պետականության կորուստը կնշանակի իրենց նմանների պատգամավոր չլինելը, և նրանք չեն բարբառի այլևս միջազգային վեհաժողովներում իրենց բաց հասարակության և ապազգայնության «մարգարիտներով», իրենց գործն արդեն ավարտում են, շուտով կլինեն այնտեղ ուր հարկն է կամ որտեղից եկել են, բայց մենք ինչո՞ւ պետք է խամաճիկների հետ ջախջախենք վերջնականապես հայկական քաղաքակրթության առաքելությունը՝ ի սպաս ադրբեջանաթուրքական երազի…. Հայի գաղափարական, գոյութենական թշնամին թուրքը չէ, ինքն է, իրեն նոր հայ համարողը»:

  • Երևանում մեկ շաբաթում ծնվել է 364 երեխա՝ 182 տղա և 182 աղջիկ

    Երևանում մեկ շաբաթում ծնվել է 364 երեխա՝ 182 տղա և 182 աղջիկ

    Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է.

    «Աշխատանքային շաբաթը շարունակենք արդեն բարի ավանդույթ դարձած ուրախ լուրով.

    Երևան քաղաքում 2021 թվականի հունվարի 22-28-ը ծնվել է 364 երեխա՝ 182 տղա և 182 աղջիկ»

  • Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ

    Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ

    Հայ առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:«Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ»,– ասաց Լպուտյանը։

    Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի Լևոն Արոնյանը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ՝ մշտական բնակության։

    Աղբյուր՝ ArmSport.am

  • Երկու մարզում սփռման մրցույթները համարվել են չկայացած

    Երկու մարզում սփռման մրցույթները համարվել են չկայացած

    2020 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի և ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքներում սփռման մրցույթները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 3-ի թիվ 20-Ա որոշմամբ հայտարարվել են չկայացած` մրցույթներին մասնակցելու համար սահմանված ժամանակահատվածում (11.01.2021թ.-01.02.2021թ.) հայտեր չներկայացվելու հիմքով:

    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

  • Նախորդ տարվա փետրվարի 2-ի համեմատ՝ Սևանա լճի մակարդակը բարձր է մնում 10 սանտիմետրով

    Նախորդ տարվա փետրվարի 2-ի համեմատ՝ Սևանա լճի մակարդակը բարձր է մնում 10 սանտիմետրով

    2021 թվականի փետրվարի 2-ին Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա․ տեղեկացնում են «Հայհիդրոմետ» ծառայությունից։

    Նախորդ տարվա փետրվարի 2-ի համեմատ՝ Սևանի նիշը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա։

    Այս տարվա հունվարի սկզբից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 11 միլիոն 136 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

  • Տերյանի օգնությամբ

    Ռաֆայել Իշխանյանը հաճախ է անդրադարձել պոետիՎահան Տերյանի ստեղծագործություններին, արժեքավոր ուսումնասիրություններ թողել («Տերյանն ինչպես որ կա», «Մեր ինքնության գլխավոր նշանը»): Ռաֆայել Իշխանյանին շնորհակալ ենք նաև Տերյանին վերաբերող մի քանի կարևոր հուշեր գրի առնելու համար, որոնցից մեկը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը. «1976 թվականի աշունն էր, քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարը կնոջ տիկին Մանիկի հետ այցելության էր եկել Նվարդ Տերյանին: Զրույցից և հյուրասիրությունից հետո, երբ հյուրերը վեր կացան, ցտեսություն ասացին և արդեն դուրս էին գալիս, Քոչարը դարձավ Նվարդին, թե -Գիտե՞ս, հայրդ ինձ մեծ լավություն է արել: Ես որ հիմա քանդակագործ եմ ու նկարիչ, շատ բանով հորդ եմ պարտական: Նվարդ Տերյանը զարմացավ ու հարցական նայեց: Քոչարը հենց ոտքի վրա պատմեց, թե ինչպես է ինքը 1918 թվականի ամռանը Հյուսիսային Կովկասում հանդիպել Տերյանին: -Հայրդ հատուկ լիազորությամբ էր եկել հայ գաղթականների գործով: Նաև շնորհալի հայ երիտասարդներ էր հավաքագրում Մոսկվա ուսման ուղարկելու համար: Ես էլ նրա ընտրությանն արժանացա: Շատ ուրախացա: Նախքան այդ, սովորում էի Թիֆլիսի նկարչության ու քանդակագործության դպրոցում, նկարիչ Եղիշե Թադևոսյանի մոտ, բայց խառը ժամանակների պատճառով ուսումս շարունակել չկարողացա: Տերյանն ինձ մի պատրաստի պաշտոնական անցաթուղթ տվեց (մանդատ), որը ես պետք է ներկայացնեի Մոսկվայում ուսման տեղավորվելու համար: Նաև զգուշացրեց, որ այդ թուղթը անպայման շորի մեջ դնեմ ու կարեմ շապիկիս ներսից, քանի որ դենիկինյան բանակը գրավել է Մոսկվա տանող ճանապարհների մեծ մասը, և ես կարող եմ նրանց ձեռքն ընկնել: Ասաց, որ ինձ կխուզարկեն, և եթե այդ թուղթը գտնեն, կգնդակահարեն: Այդպես էլ արեցի. թուղթը շորի մեջ շապիկս ներսից կարեցի ու ճամփա ընկա: Ճիշտ հորդ ասածի նման եղավ. դենիկինցիները ինձ բռնեցին ու խուզարկեցին: Թուղթը չգտան ու ազատեցին, և ես բարեհաջող Մոսկվա հասա:
    Այդ թղթով ընդունվեցի Մոսկվայի ազատ արվեստների պետական արվեստանոցը, որը բարձրագույն ուսումնարան էր և սովորեցի հայտնի գեղանկարիչ ու մանկավարժ, այժմ ակադեմիկոս Պյոտր Կոնչալովսկու մոտ: Դա իմ կյանքում մեծ դեր խաղաց» :

    Ռաֆայել Իշխանյանի այս հուշը ընթերցողը կարող է գտնել Գևորգ Էմին- Տերյանի «Վահան Տերյան. Անտիպ և անհայտ էջեր» մենագրության մեջ. Երևան, 2014 թ., էջ` 572-573:

  • Պենտագոնը գնահատել է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հավանականությունը

    Պենտագոնը գնահատել է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հավանականությունը

    ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը գնահատել է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հավանականությունը: Այս մասին նա գրել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի պաշտոնական պարբերականի համար նախատեսված հոդվածում. գրում է Lenta.ru-ն:

    Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Պենտագոնը չի դիտարկել միջուկային տերության հետ անմիջական ռազմական առճակատման հնարավորություն, բայց այժմ իրավիճակը փոխվել է:

    «Իրական հավանականություն կա, որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ տարածաշրջանային ճգնաժամը կարող է արագ վերաճել հակամարտության՝ միջուկային զենքի կիրառմամբ, եթե, նրանց կարծիքով, սովորական զենքով պարտության դեպքում սպառնալիք լինի քաղաքական կարգին կամ պետությանը»,- ասել է Ռիչարդը:

    Նա հավելել է, որ Վաշինգտոնը չպետք է բացառի հավանական հակառակորդների՝ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը:

    Ըստ ծովակալի՝ Ռուսաստանն ու Չինաստանը իբր սկսել են վարել ագրեսիվ քաղաքականություն, մինչ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կենտրոնացել է ահաբեկչության դեմ պայքարի վրա: Նա նշել է, որ երկրները մարտահրավեր են նետում միջազգային նորմերին՝ կիրառելով ուժ, «որը չի նկատվել սառը պատերազմի դարաշրջանից ի վեր», և հորդորել է նման գործողություններն անպատասխան չթողնել:

    Ռիչարդը շեշտել է, որ Միացյալ Նահանգները պետք է «ակտիվ մրցակցեն», որպեսզի զսպեն այլ երկրների ագրեսիան: «Զիջելով նրանց նախաձեռնություններին՝ մենք ռիսկի ենք դիմում ամրապնդել նրանց համոզմունքները, որ Միացյալ Նահանգները չեն ցանկանում կամ չեն կարող պատասխանել, ինչը կարող է ավելի սադրել նրանց»,- եզրափակել է ամերիկացի ծովակալը: