Day:Հունվարի 27, 2021

  • Իսպանիայում մի քանի երկրաշարժ է եղել

    Գիշերը Իսպանիայի Գրանադա նահանգում (Անդալուսիայի ինքնավար համայնք) գրանցվել է առնվազն 4 մագնիտուդով երեք երկրաշարժ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Հարյուրավոր մարդիկ, ցնցումներից վախեցած, գիշերը փողոց են դուրս եկել Գրանադա նահանգի տարբեր բնակավայրերում՝ չնայած համաճարակի կողմից սահմանված պարետային ժամին։

    Բացի դրանից, գրանցվել են ավելի փոքր ուժգնության բազմաթիվ հետցնցումներ: Արտակարգ իրավիճակների ծառայությունը ստացել է գրեթե 450 զանգ: Երկրաշարժերի արդյունքում տուժածներ չկան:

  • Իշխա­նությունը պատրաստվում է օրենք­ների փոփոխությունների միջոցով հաս­նել ԱԺ-ի ցրմանը, բայց՝ Փաշինյանը մնա իր պաշտոնին․ «Ժողովուրդ»

    Իշխա­նությունը պատրաստվում է օրենք­ների փոփոխությունների միջոցով հաս­նել ԱԺ-ի ցրմանը, բայց՝ Փաշինյանը մնա իր պաշտոնին․ «Ժողովուրդ»

    «Armlur.am-ի աղբյուրները փոխան­ցում են, որ իշխանական խմ­բակցությունն այս օրերին ելքեր է փնտ­րում ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացման հա­մար: Բանն այն է, որ այդ ընտրություն­ների կայացման համար նախ պետք է խորհրդարանը ցրվի, ու Նիկոլ Փաշինյանն էլ հրաժարական ներկայացնի: Իշխանությունները մինչև այս բանակցում էին, որ վարչապե­տի հրաժարականի դեպքում խորհրդա­րանական խմբակցության անդամներից ոչ ոք չառաջադրի թեկնածու, ինչի հիման վրա ԱԺ-ն կլուծարվի, իսկ դրա­նից հետո կլինեն ԱԺ արտահերթ ընտրու­թյունները:

    Սակայն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը թե՛ փակ հանդիպումների ժա­մանակ, թե՛ բաց հայտարարել է, որ վար­չապետի հրաժարականից հետո ինքն անպայման առաջադրվելու է, ինչի հա­մար էլ իշխանությունը ձևեր է փնտրում խորհրդարանը ցրելու ու ընտ­րություններ իրականացնելու համար:

    Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության իրավաբանական հատվածն առաջարկում է դա անել սահ­մանադրական փոփոխությունների միջո­ցով, ըստ այդմ էլ կկարողանան շատ հեշտ տարբերակով ինքնալուծարել խորհրդարանը ու հասնել իրենց համար ցանկալի արդյունքի: Ի դեպ, նշենք, որ օրերս դրա մասին Armlur.am-ի հետ զրույցում խոսել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք իրատեսական է այժմ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

    ArmLur.am-ի տեղեկությունների հա­մաձայն՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցությունը նիստ էր հրավիրել: Բանն այն է, որ իմքայլական պատգամավոր Վա­հագն Հովակիմյանը խմբակցությանը ներկայացրել է մի նախագիծ, ըստ որի՝ իրենց կհաջողվի ինքնալուծարել խորհրդարանը:

    Մեր աղբյուրները նշում են, որ իշխա­նությունները պատրաստվում են օրենք­ների փոփոխությունների միջոցով հաս­նել ԱԺ-ի ցրմանը, քանի որ նրանց չի հա­ջողվում բանակցությունների միջոցով հասնել իրենց նպատակին:

    Չնայած այն հանգամանքին, որ խմ­բակցությունը թերահավատորեն է վե­րաբերվում այն հանգամանքին, որ Հովակիմյանին կհաջողվի նախագիծն այն­պես մշակել, որ սահմանադրական խն­դիրներ չառաջանան, բայց, այնուամե­նայնիվ, խմբակցությունում փորձել են ձևաչափեր փնտրել արդյունք ունենա­լու համար»,-գրում է թերթը:

    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Սա ՀՀ վարչապետի աղջիկն է՝ Մոսկվայում, այն երկրի, որը տվել է 5000 զոհ, ունի 10 000 վիրավոր և կորցրել է 10 000 ք/կմ տարածք. Սարգիս Կարապետյան

    Սա ՀՀ վարչապետի աղջիկն է՝ Մոսկվայում, այն երկրի, որը տվել է 5000 զոհ, ունի 10 000 վիրավոր և կորցրել է 10 000 ք/կմ տարածք. Սարգիս Կարապետյան

    ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը գրում է. «Սա Հայաստանի վարչապետի աղջիկն է։Այն երկրի, որը տվել է 5000 զոհ, ունի 10 000 վիրավոր և կորցրել է 10 000 ք կմ տարածք։Այն երկրի, որտեղ մինչ այժմ սգում են իրենց կորուստները։Ի՞նչ անթասիբ ազգ դուրս եկանք մենք։Կուզենայի նայել այն գերիների ծնողների աչքերին, ովքեր մեղադրում էին մեզ հանրահավաք անելու մեջ և հարցնել.Լա՞վ եք, կրկին մե՞նք ենք խանգարում, որ ձեր երեխաները վերադառնան տուն։Նկարը արված է այս տարի, Մոսկվայում»։

  • Հատտեճյանի երկու վեպերը մեկ հատորում

    Հատտեճյանի երկու վեպերը մեկ հատորում

    Ստամբուլից «Նոր Մարմարա» պարբերականը տեղեկացնում է, որ թերթի «Մուրադ Օֆսեթ Պրես» հրատարակչությունը վերջերս մեկ հատորով լույս է ընծայել թերթի վաստակավոր խմբագիր Ռոբերտ Հատտեճյանի երկուՙ «Առաստաղը» եւ «Առաստաղի մյուս կողմը» վեպերը, որոնք վաղուց էին սպառված: Հատտեճյանի գրականության երկրպագուներից քուվեյթաբնակ Կիրակոս Գույումճյանը գրել է 400 էջանոց նոր հատորի ներածությունը եւ հովանավորել նրա հրատարակությունը: Նախապատրաստական աշխատանքները կատարել է Կարո Համամճյանը, իսկ շապիկի ձեւավորումը վստահվել է Արի Հատտեճյանին:

    Թերթի հաղորդմամբ, «Առաստաղը» թերթոնի ձեւով 1982-ին լույս էր տեսել թերթում, իսկ մեկ տարի անցՙ 1983-ին, գրքի է վերածվել ՀԲԸՄ-ի նյութական աջակցության շնորհիվ: Արժանացել էր Ալեք Մանուկյանի մշակութային հիմնադրամի գրական մրցանակին: Հատտեճյանը ոգեւորված գրել էր երկրորդ գիրքըՙ «Առաստաղի մյուս կողմը» վերնագրով, եւ ձեռնամուխ եղել երրորդին, բայց ավարտին չէր հասցրել: «Առաստաղը» միակն է իր գործերից, որ թուրքերենի է թարգմանվել 1997-ինՙ Անահիտ Հազարյանի կողմից: Ունեցել է երկու հրատարակություն:

    Հատորները հայոց մեծագույն ողբերգությունն են պատմում, որի հետեւանքում իրենց բնօրրանները բռնի լքած հայերը հայտնվում են մեծ քաղաքներում եւ նույնիսկ օվկիանոսից այն կողմում, դատապարտվածՙ օտարանալու եւ կորցնելու իրենց ինքնությունը: «Առաստաղը» թեեւ հայկական ազգային վեպ է, բայց համամարդկային պատմություն է միաժամանակ, որտեղ յուրաքանչյուր մարդ (հայ թե օտար) կարող է ինքն իրեն ճանաչել», գրել է Կ. Գույումճյանն իր ներածականում:

    Հ.Ծ.

  • Կճանաչի՞ արդյոք Բայդենը Ցեղասպանությունը և ի՞նչ չպետք է անի Հայաստանի իշխանությունը

    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի անդրադարձը ստեղծված արտաքինքաղաքական իրողություններին, –

    Միանգամից ասեմ: Բայդենը ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում, քան իր որևէ իրավանախորդ:

    1. Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերությունները լարված են:

    2. Թուրքական ագրեսիան և ներգրավվածությունն արցախյան պատերազմում ԱՄՆ համար ակնհատ է:

    3. Պարտվող կողմին պետք է մի բան տալ, Թուրքիային էլ մի քիչ ճնշել:

    4. Հայ համայնքին տարիներ առաջ խոստում տրվել և չի իրականացվել Օբամա-Բայդեն զույգի կողմից:

    5. Խոստումն առկա է նաև հիմա և համայնքի կողմից կա ճնշում:

    6. Կան Կոնգրեսի պալատների բանաձևերը ճանաչման վերաբերյալ, որոնց վրա կարող է հղում անել Բայդենը:

    7. Բայդենի կոնգրեսանան ողջ թիմը կողմ է քվեարկել ճանաչմանը:

    8. Բայդենը հայկական հարցից քաջատեղյակ է:

    9. Ամենակարևորը՝ հայ-թուրքական «հաշտեցման» պրոցես չկա:

    Ինչ պետք է (չ)անի Հայաստանի իշխանությունը;

    1. Ակնհայտ է, որ փետրվարից Թուրքիան լոբիստական և դիվանագիտական արշավ է սկսելու Վաշինգտոնում: Արշավ պետք է սկսենք նաև մենք և օգնենք լոբիստներին ու համայնքին: Եթե ունակ չենք օգնելու, ապա գոնե չխանգարենք:

    2. Որևէ պարագայում չի կարելի տրվել թուրքական ճնշումներին կամ «ուտել թուրքական կուտը» մինչ ապրիլ 24:

    3. Եթե սկսվի հայ-թուրքական որևէ գործընթաց, այդ հիմքով Բայդենը կխուսափի ճանաչումից՝ դա կխանգարի իրեն: Իսկ թուրքերին հենց դա է պետք: Դրա համար էլ Անկարայից եկող հայտարարություններ կան:

    4. Պետք է զանգի Բայդենին և շնորհակալություն հայտնի ճանաչման վերաբերյալ իր դիրքորոշման համար:

    5. Դեսպանին չփոխի գոնե այս պատաախանատու փուլում:

    Հարց կառաջանա: Ինչու՞ է պետք կենտրոնանալ Ցեղասպանության ճանաչման վրա՝ այս կատաստրոֆիկ ժամանակահատվածում: Պատասխանն ակնհայտ է: Ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում և իրավական ու քաղաքական գնահատական է: Դա նաև մեզ համար ցիկլի փակում է Վաշինգտոնում, որից հետո ամբողջ ռեսուրսը կարող ենք կենտրոնացնել Հայաստանի և Արցախի վրա:

  • Պաշտպանության նախկին նախարարը փորձում է իրեն տարանջատել պատերազմից․ Արա Գասպարյան

    1920 թվականին Կարսի հանձնման ժամանակ ինքնասպան եղան հայ սպաներ գնդապետներ Մազմանյանը, Մելիք-Հովսեփյանը, Բագրատունին և հազարապետ Չիլինգարյանը։ Թերևս նրանց մտքով չէր անցել հարցազրույցներ տալ և հիմնավորել, թե ինչու Կարսը հնարավոր չէր պահել, և որ իրենք ոչ մի պատասխանատվություն այդ հարցում չէին կրում կամ էլ միգուցե իրենցից յուրաքանչյուրն իր գործողություններում մի թեթև թերացել է։

        100 տարի անց կրել ենք ծանր քաղաքական-ռազմական պարտություն, իսկ նախկին պաշտպանության նախարար Տոնոյանը հայտարարում է, որ մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»։ Այստեղ առանցքային փաստարկը «չհասցնելն» է։ Ի դեպ հին փաստարկ է՝ պատերազմին պատրաստվելուն «չհասցնելով» էր խորհրդային պրոպագանդան արդարացնում Հայրենական մեծ պատերազմի սկզբնական փուլում Կարմիր բանակի խայտառակ պարտությունները։ Չհասցրեցիք, թե անգործություն դրսևորեցիք, թե երկուսն էլ միասին՝ այն էլ միտումնավոր։ Բայց կարծեմ թե հասցրեցիք հսկայական գումարներ ուղղել հնացած հակաօդային պաշտպանության միջոցներ և առանց սպառազինության ինքնաթիռներ գնելուն։

        Տոնոյանն ընդունում է, որ թերի են գնահատվել Թուրքիայի անմիջական և վարձկանների զանգվածային ներգրավման ու մեզ ռազմամթերքի մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերը։ Զարմանալի անկեղծություն։ Հավանաբար չեն լսել թուրաքական տարբեր տրամաչափի պաշտոնյաների և քաղաքական գործիչների  հայտարարությունները, դե լրատվամիջոցներն էլ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության մասին նյութերը տեղադրում էին հին շումերերենով։ Այնինչ ակնհայտ էր, թե ինչ ծավալներով ու մարտավարական եղանակներով են թուրքերն օգտագործում և օգտագործելու տարատեսակ վարձկան գրոհայինների, իսկ մատակարարման ուղիների հարցով նախապես աշխատել էր պետք, այլ ոչ թե կանխատեսումներ անել։

        Պաշտպանության նախկին նախարարը փորձում է իրեն տարանջատել պատերազմից՝ նշելով, որ 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Այստեղ հարկ է մի փոքր հստակություն մտցնել. իրավական տեսանկյունից Հայաստանում ոչ թե պատերազմ է հայտարարվել, այլ ռազմական դրություն է մտցվել։ Սրանք տարբեր իրավական ռեժիմներ են, ուստի ռազմական դրություն հայտարարելուց հետո էլ Գլխավոր շտաբի պետը շարունակում է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին։

        Տոնոյանն անդրադառնում է նաև պատերազմի պատճառներին՝ նշելով, որ երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով և հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։ Մինչդեռ պատերազմի և պարտության հիմնական պատճառներից էին պատերազմի փոխարեն խաղաղության նախապատրաստումն ու անթաքույց պարտվողականության քարոզը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական-ռազմական հավասարակշռության խախտումը, որը պայմանավորված էր փաշինյանական ռեժիմի կողմից անվտանգության մարմինների և բանակի կառավարման համակարգի կազմաքանդմամբ ու Հայաստանի արտաքին քաղաքական մեկուսացման հետևողական քայլերով։

        Եթե պատերազմում ռազմական գործողությունների ծավալման սցենարները կանխատեսվեին՝ հաշվի առնելով նաև վերջին տասնամյակում Մերձավոր արևելքում ընթացող մարտական գործողությունների փորձառությունը, և ռազմական գործում կիրառվեին նոր տեխնոլոգիական լուծումներ զինված ուժերի կառավարելիության բարձրացման ու զորատեսակների կարողությունների ավելացման նպատակով, մենք կունենայինք պատերազմի բոլորովին այլ արդյունք։

        Այնինչ Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը հետևողականորեն.

    –չնախապատրաստեց երկիրը և բանակը մոտալուտ պատերազմին,

    –խառնաշփոթ մտցրեց բանակը պահեստազորով համալրելու գործընթացում,

    –չօգտագործեց մեր զինված ուժերի հնարավորությունները թշնամու ստրատեգիական ենթակառուցվածքները խոցելու համար,

    –ի վերջո կազմակերպեց պարտություն և ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ։

        Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանությունների պաշտոնական վարքագծում առկա է հանցավոր արարքների համակցություն, որի համար վերջինները պետք է պատասխանատվություն կրեն։ Հենց այս քրեաիրավական համատեքստում է, որ մոտ ապագայում քրեական հետապնդում իրականացնող մարմինները կպարզեն, թե արդյոք պատասխանատու պաշտոնատար անձանց և այդ թվում նախկին նախարար Տոնոյանի արարքներում առկա են մինչև ռազմական դրությունը և դրա ընթացքում հանցակազմի տարրեր, որոնք հանգեցրել են ողբերգական հետևանքների։ Այս առումով, Տոնոյանի հարցազրույցը մի յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է, որը, կարծում եմ, կդրվի քննության հիմքում։

  • Մենք նորից ոտքի՛ ենք կանգնելու, մենք ունենալու ենք տարածաշրջանի ամենահզոր բանակը

    Մենք նորից ոտքի՛ ենք կանգնելու, մենք ունենալու ենք տարածաշրջանի ամենահզոր բանակը

    «Ինձ ներկայացրեցին որպես վարչապետի միասնական թեկնածու, բայց ես այստեղ եմ որպես Վազգեն Մանուկյան, որը ձեզ հետ միասին կազմակերպել է 88-ի Շարժումը, հանդիպել է ձեզ ռազմաճակատում, ապա պայքարի ժամանակ, երբ ուզում էինք, որ մեր երկիրը լինի մեր երազած երկիրը: Ակունքներից սկսած՝ մենք միասին ճանապարհ ենք անցել». այս խոսքերով այսօր սկսեց Վազգեն Մանուկյանն իր ելույթը Արարատում քաղաքացիների հետ հանդիպմանը:

    Նա մի շարք կարևոր արձանագրումներ արեց, որոնք ներկայացնում ենք ամփոփ.

    Ի՞նչ իրավիճակում ենք հիմա

    1. Երևի թե վերջին հարյուր տարվա ընթացքում երբեք այսքան վտանգավոր վիճակում չենք եղել, ինչ այսօր: Բայց ոչ բոլորն են խորը պատկերացնում այդ վիճակը:

    2. Ադրբեջանը պատրաստվում էր հաղթանակի, մենք՝ պարտության: 2018 թվականից սկսած մենք կոռուպցիայի անվան տակ սկսեցինք ջարդել բանակը:

    3. Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 3-ին, Ֆրանսիան մեզ առաջարկեց զենք, որով կարող էինք պայքարել թռչող սարքերի դեմ: Մենք հրաժարվեցինք: Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիան նորից առաջարկեց, նորից հրաժարվեցինք:

    4. Սա պատերազմ չէր, սա սպանդանոց էր: Մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին:

    5. Գաղտնի բանակցությունների արդյունքում Շուշին հանձնվեց թշնամուն:

    6. Ռուսաստանը մի քանի անգամ առաջարկեց պատերազմը կանգնեցրել, չհամաձայնեցին:

    7. Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր: Չի կարող հիմարությունների շարանն այսքան հետևողական լինել:

    8. Ո՞րն էր դիտավորության նպատակը. նպատակը Արցախից ազատվելն էր: Դեռ 2008-ից գնում էին խոսակցություններ՝ հայաստանցի, ղարաբաղցի, խոսակցություններմ, որ Ղարաբաղը մեզ համար բեռ է:

    9. Նպատակը նաև մեզ Ռուսաստանից պոկելն էր: Ռուսաստանի հետ մեզ կապող ամենամեծ պարանը Արցախի հարցն էր: Չկա Արցախի հարց, չկա Ռուսաստան, և Անդրկովկասն ամբողջությամբ անցնում է Թուրքիայի տիրապետության տակ: Այս խնդիրը շարունակվում է լուծվել: Գաղտնի բանակցություններ են ընթանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

    10. Նիկոլն ասում է, թե ստորագրեց այդ փաստաթուղթը, որ կանգնեցնի պատերազմը: Սուտ է ասում: Իրեն Ռուսաստանը պարտադրեց: Ռուսաստանի շահը պահանջեց, որ Նիկոլը ստորագրի այդ փաստաթուղթը և կանգնեցնի պատերազմը: Այնինչ կարող էր շաբաթներ, օրեր առաջ դա անել:

    11. Փաստաթուղթը ստորագրելուց հետո էլ մեր պարտությունները շարունակվեցին: Վտանգվեց Սյունիքը:

    12. Ասում են՝ ճանապարհները կբացեն, կօգտվենք: Սուտ են ասում: Այդ ճանապարհներից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը:

    13. Ոմանք ասում են՝ մենք կորցրինք Արցախը: Այո, բայց ամեն ինչ կորած չէ:

    14. Շատերը նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ է Արցախի կորուստը: Ազգայինից բացի մենք ունեցանք հսկայական նյութական կորուստ:

    15. Մենզ կարողացանք ունենալ անկախ պետություն, հաղթել և այս տարածաշրջանում մեր բանակը համարվում էր ամենահզորը, ամենահարգվածը, որի հետ հաշվի էին նստում: Հիմա մեզ հետ հաշվի չեն նստում:

    16. Մենք կորցրեցինք ոչ միայն Արցախը, ոչ միայն մեր բանակը, այլև մեր տղամարդկությունը:

    17. Նիկոլ գոռացողները տղամարդ չեն, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչինչ չկա:

    18. Նիկոլը փորձում է ջնջել վերջին հարյուր տարվա մեր պատմությունը: Թույլ չե՛նք տալու:

    19. Ամեն ինչ արվում է, որ մենք լինենք թույլ, առևտրական, չպաշտպանված, բանակ չունեցող մի ժողովուրդ: Թույլ չե՛նք տալու:

    20. Չմտածեք, որ առանց բանակի, առանզ հզորացման կարող ենք հարստանալ ու բարգավաճել: Բարգավաճում են այն ժողովուրդները, որոնք ապրում են պաշտպանված, հզոր երկրում:

    Ի՞նչ անել ու ինչպես

    1. Հիմա գնում ենք սահմանադրական ճանապարհով և ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին: Եթե սահմանադրական ճանապարհն արդյունք չբերի, պետք է ապստամբություն անել, և դա ժողովրդի բնական իրավունքն է:

    2. Չեն գնա սահմանադրաան ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետև սա մեր երկրի և ժողովրդի ապագայի հարցն է: Կա՛մ մենք կործանվում ենք, կա՛մ գնում ենք առաջ:

    3. Մենք ճանապարհ պիտի ընտրենք, որով հաջորդ իշխանությունները պիտի գնան:

    4. Բանակի վերականգնում, պաշտպանության ամրապնդում:

    5. Ներսի անվտանգության ապահովում: Պետք է ընդունել օրենքներ և վերահսկել այն բոլոր կազմակերպությունները, որոնք դրսից գումար են ստանում:

    6. Կրթություն: Մեր երեխաներին պետք է կրթել՝ դարձնելով ժամանակակից աշխարհի հետ համահունչ, ազգային մտածողություն, ազգային հպարտություն ունեցող քաղաքացիներ:

    7. Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք: 100 տոկոս կոռուպցիան վերացնել հնարավոր չէ, բայց իշխանական վերնախավում չպետք է լինի կոռուպցիա, վերնախավը պետք է ծառայի պետությանը:

    8. Համաշխարհային հայության ներուժի համախմբումն ու ազգային միասնական մթնոլորտի վերաանգնումը շատ կարևոր են:

    9. Պաշտպանվածություն, հզոր բանակ, ազնիվ, երկրին նվիրված, խելոք իշխանություններ: Սա է ճանապարհը: Մենք պետք է կարողանանք այս ճանապարհով գնալ և վերականգնել մեր երկիրը:

    10.   Մենք նորից ոտքի՛ ենք կանգնելու: Մենք ունենալու ենք տարածաշրջանի ամենահզոր բանակը: Մեզ հետ հաշվի են նստելու և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը:

    11. Մեր բանակը, մեր երկիրը հզորացնելուց հետո մենք կսպասենք: Ինչ կատարվի Թուրքիայում, կօգտվենք: Եթե մի բան պատահի Ռուսաստանում, կպաշտպանվենք: Եթե ավելի բարդ խաղեր լինեն, այդ խաղերը կխաղանք: Բայց խաղացողը պետք է ուժեղ լինի: Դա է իմ կոչը՝ ուժեղանալու կոչ: Մնացած ամեն ինչ հետևանք է լինելու դրան:

  • Որպես որդեկորույս մայրերի գնդի շարքային զինվոր՝ շիրմիդ կերդվեմ վերադարձնել Հայոց բանակի հպարտություն ու արժանապատվությունը

    Հիշո՞ւմ ես, որդի՛ս, մի քանի տարի առաջ մենք այսպես էինք տոնում այս օրը……… իսկ հիմա……

    ՀՈՒՆՎԱՐԻ 28- ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՆՊԱՐՏ ՈԳՈՒ ՈՒ ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՍՏՄԱՆ ՕՐ

    Ես այդ օրը ժամը 13.00 կլինեմ Եռաբլուրում: Ո՛չ, չեմ շնորհավորի, դեռ չեմ շնորհավորի, միայն անձայն կշշնջամ շիրիմիդ, որ զինվորագրվում եմ հայոց բանակին, որպես որդեկորույս մայրերի գնդի շարքային զինվոր և կերդվեմ վերադարձնել Հայոց բանակի հպարտություն ու արժանապատվությունը…..

    Հետո բոլորիդ՝ 5000+ զավակներիս վրեժի կրակը աչքերումս կքայլեմ դեպի Հանրապետության հրապարակ ու կմիանամ հայոց նոր զորակոչին, ու թող որևէ մեկը հանդգնի այլախեղել այդ օրվա իմաստը: Ես, եղբայրդ, կինդ, զավակներդ և քո կառուցած «Հայ ասպետ» դպրոցի ողջ անձնակազմը…..

    Կգամ կանգնելու ամեն հայի կողքին, որ իր հոգում հայրենիք ու Հայաստան ունի…..

    ՍՐԲԱՑԱԾ ՇԻՐԻՄՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՆՈՐ ԲԱՆԱԿ, ՆՈՐ ԿՅԱՆՔ ՈՒ ՆՈՐ ԱՊԱԳԱ:

    ԴԻՄՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ, ԲՈԼՈՐ- ԲՈԼՈՐԻՆ, ԵԿԵՔ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ:

    Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջից

  • Սուրբ Սարգսին նվիրված գրքերի վաճառքի հասույթը՝ վիրավոր զինվորներին

    Սուրբ Սարգսին նվիրված գրքերի վաճառքի հասույթը՝ վիրավոր զինվորներին

    Արարատյան հայրապետական թեմն ավանդույթի համաձայն՝ ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին  մեծ հանդիսություն է կազմակերպում՝ բեմականացում, երգ-երաժշտություն, ծեսեր, Սուրբ Սարգիս եկեղեցուց երթ՝ դեպի Սիրահարների այգի: Թեմի հետ համագործակցելով՝ «Բուկինիստ» գրախանութն իրականացնում է գրքերի վաճառք՝ գաղտի պահելով գնորդի անունը և նվեր-գիրքը խորհրդավոր գնորդի անունից փոխանցելով հասցեատիրոջը:

    Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է: Արարատյան հայրապետական թեմը տոնական հանդիսություն չի անցկացնի:  Ավանդական բոլոր ծրագրերը չեղարկվել են։ Այս տարի ուշադրության կենտրոնում  զինծառայողներն են:

    «Բուկինիստի» հետ ակցիայի հասույթը փոխանցվելու է վիրավոր զինվորների բուժօգնությանը։

  • Իրանը կվերադառնա միջուկային գործարքի իր պարտավորություններին, երբ ԱՄՆ-ն վերացնի պատժամիջոցները

    Իրանը կվերադառնա միջուկային գործարքի իր պարտավորություններին, երբ ԱՄՆ-ն վերացնի պատժամիջոցները

    Իրանը կարձագանքի ԱՄՆ կառուցողական գործողություններին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ, սակայն մինչ այժմ հնչում են միայն հայտարարություններ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում:

    «Այն, ինչ մենք լսել ենք ԱՄՆ-ի նոր վարչակազմից, բառեր են. մենք կարձագանքենք գործողություններին», – ասել է նա:

    Զարիֆը նշել է, որ արձագանքը կհետևի հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը «վերացնի անօրինական միակողմանի պատժամիջոցները, որոնք հակասում են 2231 բանաձևին»: