Day:Հունվարի 13, 2021

  • ESPN․ Մեսին այսօր չի խաղա Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում

    ESPN․ Մեսին այսօր չի խաղա Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում

    «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին բաց կթողնի Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի հանդիպումը «Ռեալ Սոսիեդադի» դեմ, հաղորդում է ESPN-ը։

    Արգենտինացի հարձակվողը հունվարի 13-ին մասնակցել է հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի մարզմանը, սակայն որոշակի առողջական խնդիրներ ունի «Գրանադայի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ խաղում (4։0) ստացած վնասվածքից հետո։

    «Ռեալ Սոսիեդադ» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

    News.am

  • Սաուդյան Արաբիան կրճատում է նավթի մատակարարումները Եվրոպա և Ասիա

    Սաուդյան Արաբիան կրճատում է նավթի մատակարարումները Եվրոպա և Ասիա

    Սաուդյան Արաբիան, փետրվար ամսվա կտրվածքով, կրճատել է Եվրոպայում և Ասիայում առնվազն ինը գնորդի նավթի մատակարարումները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը`հղում կատարելով այն ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք համապատասխան ծանուցումներ են ստացել Saudi Aramco-ից:

    Գործակալության տվյալներով՝ ասիական նավթավերամշակման որոշ գործարաններ Saudi Aramco-ից կստանան 20-30% պակաս նավթ, քան սպասվում էր երկարաժամկետ պայմանագրերով: Միևնույն ժամանակ, հինգ գնորդների փոքր ծավալի մատակարարման պարտավորությունները ամբողջությամբ կկատարվեն: Փետրվարին Եվրոպա առաքումներ չեն նախատեսվում:

    Անցյալ շաբաթ Saudi Aramco-ն ԱՄՆ-ի և Ասիայի  գնորդների համար բարձրացրել է գները:

    Yerkir.am

  • Իրանում ձերբակալվել է Ուրմիայի քաղաքապետը, որը մեղադրվում է պանթյուրքիզմին աջակցելու մեջ

    Իրանում ձերբակալվել է Ուրմիայի քաղաքապետը, որը մեղադրվում է պանթյուրքիզմին աջակցելու մեջ

    Իրանի հետախուզության նախարարության «Իմամ Զաման» ուժերը ձերբակալել են Ուրմիայի քաղաքապետ Մոհամադ Հազրաթփուրին: Նրան տեղափոխել են Թեհրան՝ հարցաքննության:

    Ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքապետը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ: Քաղաքապետարանի մյուս աշխատակիցները ձերբակալվել են վերջին ամիսներին:

    Ըստ «Ազարիհա» կայքի՝ քաղաքապետը 2019 թվականին առանձնացել է սկանդալային միջադեպով: Քաղաքապետարանի նիստի ժամանակ նա խոսել է թյուրքերենով, քաղաքային խորհրդի քուրդ պատգամավորը պահանջել է խոսել երկրի պետական լեզվով: Միջադեպը լայնորեն լուսաբանվել էր լրատվամիջոցներում: Այդ ժամանակ Հազրաթփուրը մեղադրել են էթնիկ խտրականության և պարսկերեն լեզուն չիմանալու մեջ:

    Yerkir.am

  • Հասել ենք նրան, որ եթե Փաշինյանը նոր հանձման փաստաթուղթ չի ստորագրում, դա արդեն ձեռքբերում են ներկայացնում. Սաղաթելյան

    Հասել ենք նրան, որ եթե Փաշինյանը նոր հանձման փաստաթուղթ չի ստորագրում, դա արդեն ձեռքբերում են ներկայացնում. Սաղաթելյան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպումից հիմնականում երկու ուղղությամբ ակնկալիքներ կային, սակայն արձանագրվել է զրո ձեռքբերում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

    «Առաջինը, որ պետք է լուծեր ՀՀ վաչապետը, դա ռազմագերիների հարցն էր, որն ինչպես գիտեք, չլուծվեց։ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար երկրորդ շատ կարեւոր խնդիրը Արցախի կարգավիճակի հարցի բարձրաձայնումն էր, այդ մասով եւս որեւէ առաջընթաց եւ հաջողություն չունենք։ Ասուլիսի ժամանակ կմկմալով ինչ-որ կերպ Փաշինյանը խոսեց ստատուսի մասին, ինչը, բնականաբար բավարար չէր։ Այս հանդիպումից ակնկալվող երկու հիմնական արդյունքների մասով մենք ունենք զրո ձեռքբերում»,- ասաց Սաղաթելյանը։

    Դաշնակցական գործչի տեղեկություններով՝ ստորագրված հայտարարության 4 կետերից բացի նախատեսվում էր նաեւ 5-րդը,  որը վերաբվերում էր ռազմագերիներին, բայց այն դուրս է մնացել փաստաթղթից․ «Որովհետեւ մենք բազմիցս ասել ենք՝ ծնկի եկած, պարտված, անկարող ղեկավարն ի վիճակի չէ պաշտպանել մեր պետության եւ ժողովրդի շահերը, սա է խնդիրը։ Եթե մենք Ադրբեջանում ռազմագերիներ ունենք, եւ այդ հարցում որեւէ առաջընթաց տեղի չի ունենում, դրանից հետո ինքն ինչո՞ւ էր որեւէ փաստաթուղթ ստորագրում Ալիեւի հետ, պետք է դուռը շրխկացներ եւ դուրս գար, բայց քանի որ չունենք մենք այդ ղեկավարը, ինքն անկարող է, դավաճանանական պրոցեսի մեջ է, շարունակելու ենք այսպես  մեր ընթացքը։ Պետության շահերը պաշտպանող անձ մենք չունենք»։

    Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման համակարգողի համոզմամբ՝ եթե Հայաստանը ներկայացներ մեկ այլ անձ, ապա կհաջողվեր ռազմագերիների եւ այլ հարցերում ձեռբքերումներ ունենալ։

    «Եթե լիներ մեկ այլ անձ, ով պրոֆեսիոնալ էր, ով սիրում է մեր երկիրն, ով ունի այդ կարողությունները, ով ունի միջազգային գործընկերների կողմից վստահություն, մենք բոլորվին այլ ընթացք կունենայինք՝ ոչ միայն ռազմագերիների առումով, այլեւ նույնիսկ կապիտուլյացիայի խայտառակ հայտարարությունից հետո անցնող երկու ամիսներին այն կորուստները, որ ունեցել ենք, այսօր դա  չէինք ունենա»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

    Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան- Պուտին-Ալիեւ հանդիպման ավարտին ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որի  համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման իրականացման նպատակով եռակողմ աշխատանքային խումբ պետք է ստեղծվի։ Իշխանության ներկայացուցիչներից տեսակետներ են հնչում, որ ապաշրջափակմանը վերջ է դրվում, եւ դրա թիվ մեկ շահառուն Հայաստանն է եւ այն կբերերի տնտեսական զարգացման։ Սաղաթելյանը այդ կարծիքները ծիծաղելի է համարում․«Մերձիշխանական շրջանակներն այլեւս ասելու բան չունեն, ասում են՝ տեսաք, օրինակ, Տիգրանաշենը կտար, բայց չտվեց։ Եթե վարչապետն ինչ-որ հանդիպման ընթացքում նոր հանձման փաստաթուղթ չի ստորագրում, դա արդեն ձեռքբերում են ներկայացնում։ Հասել ենք այդ աստիճանին, այդ կարգավիճակին, որեւէ հիմնավորում չկա, սա պարզապես քարոզչական հնարքներ են մեր հասարակությանը եւս մեկ անգամ մոլորեցնելու համար»։

     Հարցին, թե այս հայտարարության հետ որեւէ հույս չե՞ն կապում, որ, օրինակ, այն  տնտեսությանը կխթանի եւ դրական արդյունքներ կլինեն, Սաղաթելյանն արձագանքեց․«Բացարձակ։ Տեսեք, թուրքերն իրենց լավագույն երազում չէին կարող մտածել, որ կարող են ունենալ այն՝ ինչ ունեն։ Այս չարիքի կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի անմիջական գործունեության արդյունքում նրանք այսօր ունեն 5+2 շրջանները, ինչը նրանց առավելագույն երազանքն էր,  հիմա դրան գումարած Շուշի, Հադրութ, Թալիշ, Մատաղիս, խայտառակ հայտարարությունը կնքելուց հետո՝ Խծաբերդ, Նոր թաղեր, Սոթքում զիջումներ, Շուռնուխի կեսը, Որոտանից 30 հա, զիջեց շատ կարեւոր նշանակության Զանգելանի, Կուբաթլուիի դիրքերը։ Այսօր Կապանի օդանավակայանը, ըստ էության ադրբեջանցիների հսկողության տակ է,  Գորիս- Կապան ճանապարհը նրանց հսկողության տակ է, այդ մարդու գործունեության արդյունքում էդքան տալուց հետո կանգնել ինչ-որ բան հիմնավորել, տնտեսական զարգացումներից խոսել՝ ծիծաղելի է։ Այս մարդը ադրբեջանցիներին, թուրքերին այնքան զիջում է արել, որ կրտսեր Ալիեւը իր հոր արձանի փոխարեն, կամ դրա  կողքը կարող է կանգնեցնել Նիկոլի արձանը։ Ու եթե այսպես շարունակվի, ավելին ասեմ, սա պատահական չեմ ասում՝ Թուրքիայում Աթաթուրքի արձանի կողքը կարող են կանգնեցնել Նիկոլի արձանը, որովհետեւ այս մարդն իրականացրել է թուրքերի եւ ադրբեջանցիների տարիների երազանքը։ Ու ես զարմանում եմ, որ այս ֆոնի վրա, գտնվում են մարդիկ, ովքեր մտնում են այս պատասխանատվության տակ, եւ արդարացնում են այս մարդու գործունեությունը։ Նա  րոպե առաջ պետք է հեռանա»։

    Իշխան Սաղաթելյանը զգուշացնում է՝ երկիրը  հայտնվելու է սոցիալ-տնտեսաական կոլապսում, ինչը բերելու է հումանիտար աղետի։

    «Մեր տնտեսությունն այսօր րոպե-րոպե փլուզվում է։ Այն մարդկանց, ովքեր տնտեսական առաջընթացի, նոր հեռանկարների մասին են խոսում,  ասում եմ՝ ընդամենը երկու-երեք ամիս հետո մենք խայտառակ իրավիճակի առջեւ ենք կանգնելու։ Քանի դեռ այս Կառավարությունը այդ մարդու գլխավորությամբ կա, ամեն օր մենք ավելի վատ ենք ապրելու, սա պետք է բոլորը հասկանան։ Իսկ այն պատգամավորները, քարոզիչները, որոնք դեռ փորձում են հիմնավորել այս դավաճանությունը, իրենք պատասխանատվություն են կրում այլեւս այս ամենի համար»,- նշեց նա։

    Սաղաթելյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք նպատակահարմա՞ր  է բարձրաձայնել Արցախի կարգավիճակի հարցը, երբ Շուշին, Հադրութը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ասաց․ «Առաջին խնդիրն այն, որ է պետք է բացառել Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։ Խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Անշուշտ, Հայաստանի Հանրապետությունը պետք է ձգտի Արցախի կարգավիճակի, Արցախի անկախությանը, սա բնական գործընթաց է, բայց մինչեւ այդ պետք է լինի հայեցակարգ, որի հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի անվտանգությունը, եւ արցախցիների վերադարձը Արցախ։ Սա հսկայական պրոցես է, որի համար պետք է ունենանք Կառավարություն, որ այս հարցերի լրջությունն ամբողջությամբ հասկանում եւ տիրապետում է, ով ի վիճակի է միջազգային լուրջ բանակցությունների, որ գոնե այս խնդիրները կարողանանք լուծել»։

    Հայրենիքի փրկության շարժման օրակարգի թիվ մեկ պահանջը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջին օրերի լռությունը, ըստ Սաղաթելյանի, պայմանավորված էր անցած գործողությունները  գնահատելու, նոր ծրագրեր կազմելու եւ նոր թափով պայքարը վերսկսելու համար։

    «Մեր ծրագրերում եւ մոտեցումներում ոչինչ չի փոխվել։ Այս մարդը րոպե առաջ պետք է հեռանա, հետեւաբար, մենք առաջիկայում սկսելու ենք այցելել մարզեր։ Լինելու են հանդիպումներ, հավաքներ, երթեր, բողոքի զանգվածային ցույցեր։ Հայաստանի ամբողջ տարածքում եւ մասնավորապես՝ մայրաքաղաքում մեր բողոքի ակցիաները շարունակվելու են, եւ որով հասնելու ենք նրան, որ այս իշխանությունը հեռանա։ Ուրիշ ճանապարհ չկա, քանի դեռ այս մարդը գտնվում է վարչապետի աթոռին, մենք ամեն օր ունենալու  ենք կորուստներ, հետեւաբար ամեն օրը կարեւոր է, որ ինքը շուտ հեռանա»,- ասաց նա։

    Օր առաջ նպատակին հասնելու համար, Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ է անում  միանալ իրենց պայքարին։ Նա վստահեցնում է՝  երբեք իրենց պահանջներից չեն հրաժարվելու եւ ինչ-որ գործարքի մեջ չեն մտնելու։

  • Հաջորդ քայլով կսկսվեն «օրինական» կարգով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները․ Ավետիք Իշխանյան

    Հաջորդ քայլով կսկսվեն «օրինական» կարգով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները․ Ավետիք Իշխանյան

    Հաջորդ քայլով կսկսվեն «օրինական» կարգով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները։ Եվ շուտով Գագիկ Ջհանգիրյանը կդառնա, ներեցեք «կընտրվի» ԲԴԽ նախագահ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

    «Դեպի «իրավական» պետություն

    Տարածված տեղեկությունը հաստատվեց՝ ԲԴԽ թափուր տեղի թեկնածու է առաջադրվում Գագիկ Ջհանգիրյանը։ Որևէ մեկը կասկածու՞մ է, որ նա «կընտրվի»։ Իհարկե «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները խրոխտ հարցեր կտան և բոցաշունչ ելույթներ կունենան, ապա, հավանաբար չեն մասնակցի քվեարկությանը, բայց․․․ի՞նչ, սահմանադրությամբ նախատեսված «որակյալ մեծամասնությունը» «Նիկոլի քայլի» ձեռքում է։

    Հաջորդ քայլով կսկսվեն «օրինական» կարգով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները։ Եվ շուտով Գագիկ Ջհանգիրյանը կդառնա, ներեցեք «կընտրվի» ԲԴԽ նախագահ։

    Տեղեկանք․ Գագիկ Ջհանգիրյանը 1995 թ․ եղել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահը։ Իրականում, բոլորին է հայտնի, որ ԿԸՀ նախագահ Ռոբերտ Ամիրյանը ոչինչ չէր որոշում և ԿԸՀ-ի տեր ու տնօրենն իրականում Գագիկ Ջհանգիրյանն էր։ Եվ հենց 1995թ․ սկիզբ դրվեց ընրակեղծիքների արատավոր պրակտիկային։ Լավագույնս իրականացնելով «ընտրությունները», հետագայում Ջհանգիրյանը նշանակվեց զինվորական դատախազ։ Այդ տարիներին նրա ջանքերով կոծկվեցին բազմաթիվ զինվորական հանցագործություններ։ Հայտնի են բազմաթիվ խոշտանգումներով «ձեռք բերված»ապացույցներ, նրա պաշտոնավարման տարիներին։

    Միայն հայտնի «Մատաղիսի» գործը կարծում եմ բավարար է։Հետագայում , նշանակվելով գլխավոր դատախազի տեղակալ, պահպանեց «քաղաքական չեզոքությունը» և 2008թ․ միացավ քաղաքական ընդդիմությանը։ 2012թ․արդեն որպես դասական քաղաքական գործիչ դարձավ պատգամավոր։

    Այսպիսով, Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի թեկնածությունը լիովին համապատասխանում է իրավաբան գիտնականի բարձր կոչմանը, զերծ քաղաքական գործունեությունից,անբասիր կենսագրությամբ, զերծ կոռուպցիայից և ամենակարևորը՝ բացարձակապես որևէ կապ չունենալով «նախկին, հանցավոր, թալանչի» ռեժիմի հետ»,- գրել է Իշխանյանը։

  • Մարդիկ վրիժառություն են պահանջում․ քաղաքագետը՝ Փաշինյանի հեռացման մասին

    Մարդիկ վրիժառություն են պահանջում․ քաղաքագետը՝ Փաշինյանի հեռացման մասին

    Մոսկվայում հունվարի 11-ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո ռազմագերիների վերադարձի հարցն այդպես էլ մնաց չլուծված։ Բոլորս սպասում էինք, որ Փաշինյանի «դիվանագիտական ճկունության» շնորհիվ այդ չափազանց զգայուն ու ցավոտ հարցը այլեւս կհամարենք փակված։ Ինչո՞ւ վարչապետը չի կարողանում կամ չի ուզում այս հույժ կարեւոր հարցին վերջնական լուծում տալ։

    «Միամտություն կլիներ սպասել, որ Մոսկվայում հայ ռազմագերիների հարցը լուծվելու է։ Պատճառն այն է, որ Հայաստանը չունի ղեկավար, փոխարենն ունի դավաճան իշխանություն, որը սպասարկում է մեր թշնամիների շահերը։ Սա մենք տեսանք նաեւ բանակցությունների արդյունքներով։ Ադրբեջանին պետք էր ճանապարհ դեպի Նախիջեւան, բացեցին այդ ճանապարհը։ Մեզ էլ առաջարկեցին ամբողջ Ադրբեջանի երկայնքով ձգվող ճանապարհ եւ երկաթգիծ, այնինչ՝ կարող էին ավելի կարճ ճանապարհ տալ։ Ալիեւի նպատակը պարզ էր՝ որ հայկական կողմը երբեւէ չօգտագործի այդ ճանապարհը»,- Yerkir.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

    Մոսկովյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս չի կարգավորվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռեւս պետք է որոշվի, եւ Երեւանը պատրաստ է այս հարցով բանակցությունների։ Հաշվի առնելով վերջին երկու եռակողմ հանդիպումները, որոնք, ըստ էության, ոչ մի դրական բան չտվեցին ո՛չ Արցախին, ո՛չ Հայաստանին, ավելին՝ ունեցանք հսկայական տարածքային կորուստներ, նոր սահմանային փոփոխություններով վտանգվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, հետեւաբար՝ ի՞նչ ուղղությամբ վարչապետը կարող է տանել բանակցությունները, որ արդյունքը լինի ի շահ հայ ժողովրդի։ Ճանապարհների ապաշրջափակման կարգավորումն ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին ու Արցախին։

    «Որեւէ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցել, եւ ես չեմ պատրաստվում մեկնաբանել նրա ցնդաբանությունները։ Նա կործանել է երկիրը եւ Հայաստանի նկատմամբ վերահսկողության լուրջ մեխանիզմներ տվել թուրք-ադրբեջանական դաշինքին։ Վստահեցնում եմ՝ ո՛չ պայմանագրերում, ո՛չ էլ որեւէ կողմի ցանկություններում հայկական շահ այսօր չի սպասարկվում։ Ադրբեջանն է թելադրողը, եւ նա արդեն հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ Արցախյան հակամարտությունն այլեւս պատմություն է։ Քանի դեռ մենք ունենք Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ, այս բոլոր խնդիրները լուծվելու են հօգուտ Ադրբեջանի, եւ այլընտրանք, ցավոք, չկա։ Հույս ունենալու հիմքեր, ցավոք, չունենք, որ այս հարաբերություններում ի շահ հայ ժողովրդի մի օր դրական բան կլինի։ Փաշինյանի իշխանությունն ամեն օր մի նոր հարված է Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին։ Ցավոք, Արցախի համար կործանարար եղան այդ հարվածները, իսկ Հայաստանի դեպքում՝ մոտ է կործանման»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

    Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանության գործողությունների արդյունավետության մասին խոսում է միայն իշխանությունը, հասարակությունն այլեւս չի վստահում նրանց: «Իշխանության արդյունավետության մասին բոլորը տարբեր պատկերացումներ ունեն։ Եթե նրանց նպատակը Արցախն ու Հայաստանը թուրքին վաճառելն էր, ապա նրանք այդ խնդիրը լուծել են եւ այս ուղղությամբ արդյունավետ են աշխատում»,- ասաց նա։

    Մելիք-Շահնազարյանը վստահ է՝ ժողովուրդը մանդատ չի տալու իշխանություններին։ «Դավաճանների իշխանությունը Հայաստանում որեւէ հեռանկար չունի, բացի բանտարկությունից, դա էլ՝ լավագույն դեպքում։ Ողբերգական ավարտ կարող է լինել այս իշխանության համար, եթե շարունակեն մի կողմ նետել, անտեսել ժողովրդի կորուստները, ցավը, սպասարկել միայն հակառակորդի շահը։ Ակնհայտ է, որ ցասումը մեծանում է հանրության շրջանում։ Տեսնելով, որ քաղաքական ճանապարհով հնարավոր չէ հասնել խնդրի լուծմանը, մարդիկ կոնկրետ վրիժառություն են պահանջում։ Շատ հստակ եւ բաց տեքստով ասում են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ֆիզիկապես ոչնչացվի»,- նշեց քաղաքագետը։

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Լիանա Սարգսյան

    https://youtu.be/n9_Va5C-V_s

    Yerkir.am

  • ՀՀ մուտք գործելու ընթացակարգում փոփոխություններ են եղել

    ՀՀ մուտք գործելու ընթացակարգում փոփոխություններ են եղել

    ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված և 2021թ. հունվարի 12-ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հուլիսի 11-ը։ 

    Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց համար Հայաստանի Հանրապետություն ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները վերացվել են և այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով։   

    Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունն իրականացրած բժշկական կառույցի բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով: 

    Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում՝ լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով, ստուգվում է սերտիֆիկատի առկայությունը:

    Սերտիֆիկատ չունեցող անձինք ենթակա են նմուշառման օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: 

    Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:

    ՊՇՌ հետազոտության և հնարավոր բուժման հետ կապված ծախսերը հոգում է քաղաքացին։

  • Երկրաշարժ Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին

    Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի մասնագետները Մոսկվայի ժամանակով 14:10-ին ցնցումներ են գրանցել Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին:

    Մասնավորապես, ցնցումներ են գրանցվել Իրկուտսկի մարզի Անգարսկ քաղաքում, էպիկենտրոնը՝ 30 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի ուժգնությունը 4,9 մագնիտուդ էր, գրում է «МК»-ն։

  • ՆԱՏՕ-ն Թուրքիային մենակ է թողել ահաբեկչության դեմ. Էրդողան

    ՆԱՏՕ-ն Թուրքիային մենակ է թողել ահաբեկչության դեմ. Էրդողան

    ՆԱՏՕ-ի երկրները միայնակ են թողել Թուրքիային ահաբեկչության սպառնալիքի առջև, Անկարան բավարար օգնություն չի ստանում դաշինքից: Այս մասին հունվարի 12-ին Անկարայում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

    Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անվտանգությունը սկսվում է Թուրքիայի արևելյան սահմաններից, և Անկարան երբեք չի հրաժարվել համագործակցել դաշինքի այլ երկրների հետ` ահաբեկչությանը հակազդելու համար: Սակայն այժմ միայն Թուրքիան է պայքարում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

    «Ինչո՞ւ են ՆԱՏՕ-ի երկրները մեզ մենակ թողել ահաբեկչության դեմ պայքարում»,– շեշտել է Էրդողանը:

    Թուրքիայի ղեկավարն ԱՄՆ-ին մեղադրել է նաև Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ: Ըստ նրա՝ նրանք ստացել են զենքով բեռնատարներ և փոխադրամիջոցներ: Թուրքիայում այդ ուժերը հայտարարված են ահաբեկչական՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ կա ունեցող:

    Yerkir.am

  • Հունվարի 14-15-ը հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ․ ՏԿԵՆ

    Հունվարի 14-15-ը հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ․ ՏԿԵՆ

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14–ին ժամը 07։00–ից մինչև հունվարի 15–ը՝ ժամը 07։00–ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։

    «Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։