Day:Հունվարի 2, 2021

  • Ցուլի բնութագիրը

    Ցուլի բնութագիրը

    Արևելյան կամ չինական հորոսկոպ

    Չինական հորոսկոպում Ցուլը խորհրդանշում է բնության ուժը և նրա կոչումն է մարդկանց ծառայելը: Բայց պետք չէ մոռանալ, որ այս կենդանին ներքին հզոր ուժով է օժտված, որն ամեն պահի կարող է դուրս գալ ենթակայությունից ու իր ճանապարհին ամեն ինչ ոչնչացնել, այնպես որ՝ լավ է չարթնացնել նրա այդ ուժը:

    Կենդանու սիմվոլիկ նշանակությունը

    Չինաստանում հորոսկոպի բոլոր կենդանիներից Ցուլն ամենից ուժեղն ու հզորն է: Բայց քանի որ նա չկարողացավ առաջինը ներկայանալ Բուդդային, նրա մեջ ոչ միայն ուժ, այլ թուլություն է ներդրված: Դա թույլ է տալիս ընտելացնել նրան ու ծառայեցնել մարդուն: Այս կենդանին խորհրդանշում է գարունն ու հողագործությունը: Բուդդիզմի մեջ սպիտակ ցուլի կերպարը խորհրդանշում է հայեցողական իմաստնությունը:

    Դիցաբանությունը

    Ըստ լեգենդի, երբ Բուդդան ստեղծում է բոլոր կենդանիներին, նրան ներկայանում են միայն 12-ը: Դրանցից ամենից ուժեղը Ցուլն էր, այդ իսկ պատճառով կենդանիներից ոչ ոք չէր համարձակվում դիմակայել նրան կամ ճանապարհին առաջ անցնել նրանից: Բայց խորամանկ Առնետը գուշակում է նրա թուլությունը, կարողանում է շահել Ցուլի վստահությունը: Նրանք ընկերներ են դառնում, ու Ցուլը թույլ է տալիս Առնետին ճամփորդել իր մեջքին նստած: Երբ նրանք հասնում են Բուդդային, Առնետը մի ցատկով թռչում է Ցուլի մեջքից ու առաջինն է ներկայանում: Այդ օրվանից Ցուլը հետ մնացողի համբավ է վայելում ու միշտ կասկածում է, որ ինչ-որ մեկը փորձում է օգտվել իր վստահությունից:

    Ցուլի տարի

    Երբ գալիս է այս հզոր կենդանու թագավորության տարին, բոլորի վրա պատասխանատվության մեծ բեռ է ընկնում: Ցուլի տարում նյութական արժեքները, արտադրությունն ու առողջ բանականությունը առաջնակարգ դերերում են հայտնվում՝ երկրորդական տեղերում թողնելով նրանց, ում համար ամենից կարևորը հոգևորն ու բարոյականությունն են:

    Կարելի է ասել, որ Ցուլի տարում ամուր դիրքերում կհայտնվեն հասարակության պահպանողական ուժերը: Մարդիկ մեծ մասամբ զբաղված կլինեն իրենց գործերով ու մեծ ուշադրություն կդարձնեն ընտանեկան օջախին: Տարին հարմար չի լինի նորարարությունների համար: Ցուլի տարուց առավելագույն օգուտ ստանալու համար պետք է շատ աշխատել, ձեռքերը ծալած չնստել, խիստ կանոնակարգի հետևել ու չշեղվել դատարկ բաների վրա:

    Կենդանու ընդհանուր բնութագիրը

    Գայթակղելու ունակությունն ու գրավչության ուժը Ցուլի երկու հիմնական գծերն են: Անկախ, համբերատար, հանգիստ Ցուլը կարողանում է վայելել կյանքը: Առանց հանգստանալու առաջ շարժվելու ձգտումը նրա մոտ առաջ է գալիս, եթե կարողանում է բավարարել իր ցանկություններն ու օգտվում է այն հաճույքներից, որի կարիքն ունի:

    Այս նշանն այնպիսի զգայունությունն է ցույց տալիս, որը երբեք չես սպասի այսպիսի հզոր կենդանուց: Հստակությունն ու ճշտապահությունը նրա արժանիքների հիմքն են ու շատ գնահատված են մտերիմների կողմից: Ցուլը չի սիրում զուր ժամանակ ու ուժեր վատնել: Նա հանգիստ, համբերատար ու խաղաղ մարդու համբավ է վայելում: Եվ իհարկե, լավ է նրան բարկացած չտեսնել:

    Ցուլի անհատական գծերը

    Միայն մեկ հայացքն էլ բավական է այս մարդու հզոր ուժը տեսնելու համար: Ցուլի շարժումները հանգիստ ու անշտապ են: Այս մարդը ձգտում է իր շուրջը հանգիստ ու հարմարավետ միջավայր ստեղծել: Երևի դրա համար էլ նա նախընտրում է անկախ կյանքը: Շատ Ցուլեր ազատ մասնագիտություններ են ընտրում: Որպեսզի Ցուլի գործողություններն արդյունավետ լինեն, պետք է նրան թույլ տալ ինքնուրույն կազմակերպել ու պլանավորել ժամանակը: Արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա: Ոչ ոք չի կարող համեմատվել այս կենդանու հետ մեթոդիկ մոտեցման, համառության ու բարեխղճության հարցերում: Նա հակված չէ հասարակական կարծիքին դեմ գնալ. հակառակը՝ սիրում է ավանդույթներին ու կանոններին հետևել:

    Ցուլը այնքան ջանասեր է, որ նրա այդ հատկանիշը կարող է մոտենալ համառության սահմանին: Բառացիորեն անհնար է նրան ստիպել փոխել որոշումը կամ հրաժարվել դրանից: Նա հակված չէ ռոմանտիկայի ու երազկոտության, քանի որ մարմնական հաճույքներն ու ուրախությունները նրա համար ավելի գրավիչ են, քան հոգևորը: Սիրո մեջ հավատարիմ է, նրա խոսքը պատվի խոսք է: Եթե նրան մերժեք, վիրավորեք կամ դավաճանեք, նա բացեիբաց կարտահայտնի իր ցավն ու վիրավորանքը: Տանտերն ինքն է և անհնազանդություն չի հանդուրժի, մեղավորին էլ խստորեն կպատժի:

    Ինչպես ճանաչել Ցուլին

    Առաջին հայացքից Ցուլը տխուր ու միայնակ մարդու տպավորություն է թողնում: Նրա շարժումները հանգիստ են ու զգույշ: Ցուլը հաճույքով է ծանոթանում հասարակական կյանքի բոլոր կողմերին, բայց դա անում է առանց վեճերի ու ուրիշներին ինչ-որ բան ապացուցելու: Պետք է հիշել, որ նա միշտ հասարակին է ձգտում ու գնահատում է բնական գեղեցկությունը: Բայց անխռով արտաքինի տակ անհանգիստ ու լարված նյարդերով արարած է թաքնված, որը միշտ պատրաստ է դիմակայել վտանգին: Եթե նրան անկյուն քաշեք, նա կսկսի կատաղի հարձակվել և դժվար կլինի ճանաչել այն նուրբ էակին, որին սովոր էիք միշտ տեսնել:

    Բացասական կողմերը

    Հաճախ Ցուլին մեղադրում են ծայրահեղ մատերիալիզմի ու միամտության մեջ: Նա չափազանց «հաստակաշի» է բարձր իդեալներն ու նուրբ զգացմունքները հասկանալու համար: Այս իմաստով նա կարող է սառը ու եսասեր լինել: Սիրո մեջ էլ մեծ մասամբ նույն պատկերն է: Նա հակված չէ ռոմանտիզմի, առաջին հերթին ձգտում է բավարարել իր երկրային կրքերը: Եթե իր մեծ ցանկությունը բավարարելու համար բարոյական նորմերը խախտելու կարիք լինի, նա առանց մտածելու կանի դա: Կրոնական նախապաշարմունքներն օտար են նրան: Սակայն եթե Ցուլը խոսք տա կամ իր վրա ինչ-որ պարտավորություն վերցնի, կարող եք կուրորեն վստահել նրան:

    Անձնական հետաքրքրությունները

    Ցուլը սիրում է իր առջև իրագործելի նպատակներ դնել ու վայելել սեփական հաղթանակների համը: Սովորաբար դրանք կոնկրետ, պրակտիկ, եկամտաբեր նպատակներ են: Ցուլը չի սիրում, երբ ինչ-որ մեկը խառնվում է իր աշխատանքի մեջ կամ բացատրություններ է պահանջում:

    Նապոլեոնը (տարով Ցուլ) շատ արագ զորք հավաքեց ու կայսրություն կառուցեց: Եթե նրա ախորժակն ավելի փոքր լիներ, կայսրությունից գուցե մի բան մնար: Բայց նրա էներգիան շատ էր ու նա չկարողացավ կանգ առնել: Ավելի ուշ նույն պատմությունը կրկնվեց նաև մյուս Ցուլի՝ Հիտլերի հետ:

    Որպես շատ մեթոդիկ մարդ՝ նա դժվարությամբ է հարմարվում ուրիշի կարգացուցակին, սակայն եթե իր վրա պատասխանատվություն է վերցրել, այն հիանալի կկատարի: Եթե նա կարողանա ինքնակազմակերպվել, ոչինչ չի խանգարի հասնել նպատակին: Ցուլին դուր է գալիս ամեն հասարակը, նրա նախասիրությունների շարքում է լավ խոհանոցը: Ցուլը համադամասեր է ու կարող է մեծ գումարներ ծախսել իր խոհարարական հակումներին հագուրդ տալու համար:

    Ներքին կոնֆլիկտները

    Ցուլը տնական կենդանի է, նրան դուր չի գալիս ինչ-որ մեկի վերահսկողության տակ գտնվելու միտքը: Որպես ղեկավար՝ նա պահանջկոտ է, սիրում է, երբ աշխատանքը լավ է կատարվում ու տանել չի կարողանում ծույլերին: Նա հետ չի կանգնի նաև ստիպելուց, ճնշում գործադրլուց, եթե աշխատանքի կատարումը դա է պահանջում:

    Ցուլը պետք է զգույշ լինի սեփական իշխանության զոհը չդառնալու համար, հակառակ դեպքում նա ինքն իր հետ մշտական պայքարի կդատապարտվի: Կշեռքի մյուս նժարին Ցուլի մյուս տիպն է, որն իր ցանկությունները բավարարելու ճանապարհին անառողջ կենսակերպ է վարում, կարող է հեշտությամբ ծախսել իր կենսական էներգիայի պաշարը:

    Համատեղելիությունը

    Արևելյան կամ չինական հորոսկոպի նշաններից ամենից շատ Ցուլին համապատասխանում է Աքաղաղը: Այս կապը բոլոր կողմերով հաջող կլինի: Սիրո մեջ երջանկություն, վստահություն ու հարգանք կիշխի: Ֆինանսական դաշտում էլ ամուր թիմ կկազմեն, որը օրինակ կարող է ծառայել մյուսներին:

    Հաջող կլինի կապը նաև Առնետի հետ: Այն հիմնված կլինի ընկերության ու համագործակցության վրա: Ցուլն ու Առնետը առավելագույնս կվստահեն միմյանց:

    Սիրո մեջ Ցուլի համար լավ զույգ կլինի նաև Օձը:

    Ցուլի ոխերիմ թշնամին Վագրն է: Նրանք իրար հանդեպ մշտապես թշնամական զգացումներ են տածում:

  • Մեղավոր են հները, կովիդը, հիմա էլ պատերազմը. կունենանք երկնիշին մոտ տնտեսական անկում, կավելանա աշխատող աղքատների թիվը. Թադևոս Ավետիսյան

    Մեղավոր են հները, կովիդը, հիմա էլ պատերազմը. կունենանք երկնիշին մոտ տնտեսական անկում, կավելանա աշխատող աղքատների թիվը. Թադևոս Ավետիսյան

    Պաշտոնական վիճակագրությամբ արդեն փաստված է, որ մենք 2020 թ-ի 11 ամիսներին ունեցել ենք տնտեսական 7,2 տոկոս անկման ցուցանիշ, բայց պետք է փաստեք նաև, որ 2020 -ի նոյեմբերը՝ 2019 –ի նոյեմբերի համեմատ 10,3 տոկոս անկում է գրանցել։ Այսինքն՝ միջին տեմպից բարձր անկմամբ շարունակվում է տարին և այս անկումն ակնհայտ է նաև, որ շարունակվում է դեկտեմբերին։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ ընդգծելով, որ տարին մենք կավարտենք աննխադեպ՝ երկնիշին մոտ տնտեսական անկմամբ։ «Ցավալիորեն պետք է փաստենք, որ բարձր անկման տեմպեր ունի շինարարությունը, նվազել է ծառայությունների ոլորտը՝ գրեթե 14 տոկոս և մանրածախ առևտրի ոլորտը, որոնք աշխատատար ոլորտներ են։ Այսինքն, մենք ունենալու ենք նաև սոցիալական հետևանքներ և իրական աշխատատեղերը սրա հետևանքով կրճատվելու են, կրճատվելու են նաև իրական եկամուտները»։ 

    Նա նշեց, որ թեև 3 տոկոսի միջին աշխատավարձի բարձրացում է եղել, բայց ակնհայտ է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն էլ ավելի մեծ չափերով բարձրացել են։ «Այլ կերպ ասած մարդկանց իրական եկամուտները նվազել են կամ չնչին աճ են ունեցել, քանի որ գները ավելի առաջանցիկ են աճել։ Հետևապես, մարդկանց իրական եկամուտները նվազել են։ Սա բերելու է աղքատության մակարդակի բարձրացման և, հատկապես, աշխատողների աղքատության խորացման։ Այսօր ամեն չորրորդ աշխատողն աղքատ է, մենք այս ցուցանիշի վատացում ենք ունենալու 2020 թ-ի տվյալներով»։

    Տնտեսագետի դիտարկմամբ՝ 2020 թ-ին կավելանան բյուջեի կապիտալ ծախսերը։ «Այս իշխանությունների համար միտում է դարձել հնչեցնել մի թիվ, դրանից հետո՝ թերակատարել այն։ Արդեն 15 տոկոսով կրճատվել են բյուջեի հարկային մուտքերը և այդ միտումը շարունակվում է։ Միաժամանակ, աննախադեպ աճել են սոցիալական ծախսերը։ Մինչդեռ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային միջոցառումներն, ըստ էության, նկատելի արդյուքներ այդպես էլ չտվեցին ու օրական 100-ավոր մարդիկ շարունակվում են վարակվել, 10-յակներով մահացածներ ենք ունենում։ Միաժամանակ, դա շարունակում է ազդեցություն ունենալ տնտեսության վրա, զբոսաշրջության հանրային սննդի և հանգստի ապահովման ոլորտների վրա»։

    Ավետիսյանը նաև փաստեց, որ բացի օտարերկրյա ուղղակի ներդրումներից, որոնք կրճատվել են, նաև ներքին ռեսուրսներով ներդրումների նվազում ունենք։ «Այստեղ բացասական ֆոնն ակնհայտ է»։

    Միաժամանակ պատերազմը և խայտառակ պարտությունը մեծ ավեր բերեց տնտեսությանը, որպես արդյունք՝ մենք ունենք կորցված հողեր, որոնք մենք հանձնեցինք թշնամուն։ «Իշխանություններն այդ հողերը հանձնելով թշնամուն նաև թողեցին էական տնտեսական պոտենցիալ, մասնավորապես, միայն ցորենի ՀՀ պահանջարկի ¼-րդ մասը այդ հողերի վրա էր աճեցվում։ Մյուս խնդիրն այն է, որ խոշոր հարկատուներ, ինչպիսին է Սոթքի հանքավայրը, այսօր շահագործման ռիսկեր ունի։ Միաժամանակ, ապիկար իշխանությունների գործողությունների արդյունքում՝ Արցախում 30 ՀԵԿ-եր անցել են թշնամուն, թշնամու վերահսկողության տակ են անցել նաև մի շարք այլ ձեռնարկություններ և մեծ թվով մարդիկ անտուն են մնացել, կորցրել են իրենց կայուն եկամուտը գույքը, արդյունքում, միջին խավից մեկ օրում դարձել են աղքատ։ Ինչը պետությանը պարտադրելու է կատարել ծախսեր այդ մարդկանց նվազագույն կենսապահովման նպաստերի վճարման համար։ Սա էապես՝ 30 տոկոսով կավելացնի, այս ուղղությամբ պետական ծախսերը։ Միաժամանակ, ունենք 5-6 հազար նահատակների ընտանիքների հատուցման հարց, 10-յակ հազարավոր հաշմանդամություն ստացած զինծառայողների խնդիրը, որը նույնպես էական պետական աջակցություն է պահանջում»։

    Բոլոր այս խնդիրներին պետք է գումարենք նաև ֆինանսական այն անկայունությունը, որ այսօր կա ու գնալով խորանում է՝ կապված ազգային արժույթի էական արժեզրկմամբ։ «Այսօր որոշակիորեն պահպանվում է փոխարժեքը, բայց տոներից հետո, կարծում եմ, դոլարը կարժեվորվի։ Քանի որ հիմա տրասֆերներն են ավելացել՝ այս օրերին որոշակի դրամն արժեվորվում է, քանի որ դրսից ստացված փողերով մարդիկ ծախսեր են իրականացնում։ Միաժամանակ, ԿԲ-ն վերջերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, շարունակվում են ինտերվեցիաները ԿԲ-ի կողմից, սակայն սա ժամանակավոր լուծում է լինելու ու հունվարից մենք նորից ականատես կլինենք դրամի արժեզրկման՝ դրա բոլոր հետևանքներով»։

    Նա նաև ընդգծեց, որ միաժամանակ, մեծ ռիկս կա վարկային սպասարկման առումով, այն մարդկանց կողմից, ովքեր տուժել են կորոնավիրուսից կամ պատերազմի հետաևանքով։ «Այստեղ նույնպես պետությունը ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել ու բանկերի ռիսկն այս առումով էապես մեծացել է»։

    Առանձնահատուկ ուշադրության արժանի մեկ այլ ցուցանիշ ևս, որն էական անկում է գրանցել այս տարի։ Անցնող տարվա 11 ամիսների ընթացքում արտահանումը կրճատվել է 5 տոկոսով, այս միտումը շարունակվում է և տարեկան կտրվածքով առնվազն 6-7 տոկոս արտահանման անկում կունենանք։ «Սա ևս լուրջ խնդիր է, հատկապես, եթե հաշվի անենք, որ այս պոպուլիստ իշխանությունները առաջին օրվանից հռչակել էին տնտեսական հեղափոխություն, որը հիմնված կլինի արտահանման հենքով տնտեսական մոդելի վրա։ Այստեղ ևս ակնհայտ ձախողում ունենք: Ինչ արտահանման մոդելի մասին է խոսքը, երբ 27 տոկոս արտահանման աճ կար 2018 թ-ի առաջին 4 ամիսներին, երբ այսօրվա քաղաքական ուժը իշխանությունները վերցրեց։ Հետագայում այդ տեմպը նվազեց, իսկ արդեն այս տարի մենք ունենք արտահանման անկում։ Սա շատ վտանգավոր է մեր նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, որովհետև իրապես մեր երկրի զարգացման հիմնական ողնաշարը պետք է լիներ արտահանումը»։

    Անդրադառնալով գալիք տարվա կանխատեսումներին՝ նա նշեց, որ եթե դատելու լինենք ապագայի համար, պետք է դատենք առնվազն հաջորդ տարվա բյուջեով, որը պատերազմի օրերին ոտքի վրա քննարկվեց և ընդունվեց։ Մինչդեռ, այն բոլորովին կապ չունի 2021 թ-ի իրողությունների հետ։ «Դրանք ընդամենը նախորդ տարիներից մնացած իներցիոն բյուջե է և թվարկված խնդիրները արտացոլված չեն դրանում և ծրագրային լուծումներ պարզապես չկան։ Պետք է արձանագրենք նաև, որ իրապես շարունակվում է պոպուլիստական քաղաքականությունը և իրավիճակից կտրված մոտեցումները, լսում ենք հայտարարություններ, թե գալու են միլիարդավոր դոլարների ներդրումներ, որոնք ակնհայտ սուտ են, ավելին՝ ոչ միայն սուտ են այլև առաջացնում են կեղծ սպասումներ, դրանց իրական նպատակը քաղաքական է՝ ձգել իշխանությունը, որքան հնարավոր է երկար անիրական սպասումներ առաջացնելու համար, քանի որ այս իրավիճակում խոսել միլիարդավոր դոլարների ներդրումների մասին՝ անգամ երազանքի դաշտից չէ։ Ցավոք, այս գնահատումները լսում և արձանագրում են մեր երկրով հետաքրքրված օտարկերկրյա ներդրողները և ակնհայտ է, որ նրանց մոտ փաստացի առաջանում են ավելի բացասական սպասումներ, քանի որ տեսնում են, որ իրավիճակին ոչ համարժեք գնահատում է իրականացվում»։

    Անդրադառնալով սահմանների բացման դեպքում տնտեսական օգուտներին՝ նա նշեց, որ այս պարագայում մեր գյուղատնտեսությունն էապես կտուժի, քանի որ այդ ապրանքների գնագոյացման մեջ էական դեր ունի էլեկտրաէներգիայի ծախսը, որն Ադրբեջանում մի քանի անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում։ Միաժամանակ, Ադրբեջանը չի կարող երկարաժամկետ կտրվածքով լինել գործընկեր, դա պատմությամբ է ապացուցված։ «Անհասկանալի է, թե այդ պարագայում ինչու է հունվարի 1-ից կառավարությունն արգելում թուրքական ապրանքների ներհոսքը, այսինքն, մի կողմից՝ հույսը դնում են թուրք-ադրբեջանական համագործակցությամբ զարգացման վրա, որը դավաճանական վարքագծի շարունակությունն է, մյուս կողմից էլ դեմ են թուրքական ապրանքների ներմուծմանը, սա անհասկանալի վարքագիծ է։ Այս իրողությունների համատեքստում կառչած մնալը սեփական աթոռից և ողջ ներուժը ծախսվում է մեղավորներ գտնելու և պատժելու ուղղությամբ է միայն՝ անհասկանալի վարքագիծ է։ Հիմնականում մեղավոր են հները, մեղավոր է կովիդը, հիմա կասեն՝ մեղավոր է պատերազմը և երբեք չեն գիտակցի հիմնական մարտահրավերներն ու պատճառները, քանի որ իրական պատճառները իրենք են՝ իրենց ապաշնորհությամբ, իրենց վարքագծով, անթույլատրելի պոպուլիզմով և կեղծ ու սուտ օրակարգեր բերելով։ Հետևաբար, լուծումը և առաջին նախապայմանը այս իշխանությունների ամբողջական հեռացումն է պետական կառավարումից»։

  • Երնեկ թե այս Նոր տարին

    Երնեկ թե այս Նոր տարին

    Azgonline.am-ը շնորհավորում է իր ընթերցողների ԱՄԱՆՈՐՆ ու գալիք ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ` բոլորին մաղթելով երջանկություն, քաջառողջություն և ներդաշնակ, դրական հույզերով լի տարի:

  • Ադրբեջանի նախագահի հայտարարությունը  հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին

    Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին

    2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահը, խոսելով այդ երկրում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների մասին, հայտարարել է, թե նրանք ռազմագերիներ չեն: Հայտարարել է նաև, թե նրանք ձերբակալված են ու նրանց որակել է` որպես ահաբեկիչներ:

    Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ արձանագրում եմ, որ այս և նման հայտարարությունները կոպտորեն խախտում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին, որը վերաբերում է գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակում իրականացնելուն:

    Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան: Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման. նրանք կարգավիճակով ռազմագերիներ են:

    Առանց այն էլ ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանի իշխանություններն անընդհատ խախտել են մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն:

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու զեկույցները հաստատում են, որ այս ամենը նպատակ ունի հոգեկան տառապանքներ պատճառել գերիների ընտանիքներին, խաղալ հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն առաջացնել մեր երկրում:

    Մշտադիտարկումն ակնհայտ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունների դեպքում անհրաժեշտ է մշտապես գործել այնպիսի կոնկրետ երաշխիքներ ունենալով, որոնք կապահովեն նրանց կողմից մարդասիրական պայմանավորվածությունների անխափան իրականացումը, մարդու իրավունքների միջազգային պահանջների անխախտելիությունը:

    Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի նշված հայտարարությանը՝ բացառելու համար մարդասիրական գործընթացի որևէ խախտում, ապահովելու համար այդ գործընթացի խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային պահանջներին:

    Արման Թաթոյան

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

  • Հրավառության ժամանակ Սոչիի անտառում հրդեհ է բռնկվել

    Հրավառության ժամանակ Սոչիի անտառում հրդեհ է բռնկվել

    Անտառում 500 քառ. մ հատված հրդեհվել է Սոչիի Վերխնի Յուրտ գյուղի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությանը: Ականատեսների խոսքերով՝ հրդեհը տեղի է ունեցել հրավառության սկզբին զուգընթաց:

    Արտակարգ իրավիճակների աշխատակիցներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը։ Հրդեհի վերացման աշխատանքներին մասնակցել է 36 մարդ և օգտագործվել 11 սարքավորում:

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր

    Հունվարի 1-ին՝ Սուրբ Պատարագի և Հայրապետական մաղթանքի ավարտին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն։

    Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եպիսկոպոսները աղոթք բարձրացրեցին առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: Նորին Սրբությունը այցելեց նաև ազգիս հերոս զավակների շիրիմներին։

  • Իրանը փորձարկել է նոր տիպի անօդաչու թռչող սարք (տեսանյութ)

    Իրանը փորձարկել է նոր տիպի անօդաչու թռչող սարք (տեսանյութ)

    Հաղորդվում է, որ Իրանում փորձարկել են հարվածային անօդաչու թռչող սարք՝ karar-3, մոտ 250 կգ կշռող հրթիռի օգծագործման հնարավորությամբ։