Month:Նոյեմբերի 2016

  • ԿԱՆԱՆՑ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ

    ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

    Ճամբորդութեանց ժամանակ, ճամբորդողներուն ճամպրուկները տեղաւորելու համար փոխադրակառքերը յատուկ տեղեր ունին, որպէսզի պայուսակները մարդոց հետ չբարձրանան եւ տեղ չգրաւեն ու չանհանգստացնեն զիրենք: Երանի այդպիսի կարգադրութիւն մըն ալ ընեն քաղաքի փոխադրակառքերուն, հանրակառքերուն եւ երթուղայիններուն մէջ, քանի որ այս օրերուն կիներուն պայուսակները սկսած են ճամպրուկներու հետ մրցիլ… Կին, կամ աղջիկ չկայ, որ փոքր նաւակի մը մեծութեամբ պայուսակ մը անցուցած չըլլայ թեւէն, կամՙ կախած ուսէն:

    Այս նաւականման, երբեմն սնտուկանման, կամ մուրացկանի խուրջինը յիշեցնող պարտապանաց պայուսակները, բացի իրենց գրաւած տարածքներէն, չեն ենթարկուիր որեւէ հսկողութեան կամ նրբանկատութեան, կը շարժին ամենայն ազատութեամբ ու կը ճօճուին աջ ու ձախ, ասոր-անոր գլխուն զարնուելով, մազերը խառնելով, գլխարկներ տեղահան ընելով, յատկապէս, երբ դուն նստած ես ու անոնք միջանցքէն կ՛անցնին իրենց տիրուհիներուն հետ: Ասիկաՙ նրբամարմին տիրուհիներու պարագային, իսկ եթէ տիրուհին առանց «նրբա»-ի, միայն «մարմին» է, այդ պարագային Աստուած օգնէ նստողներուն եւ անցքին մէջ ոտքի կեցողներուն:

    Ինչ լաւ էր ժամանակին, երբ կիները պճլիկ պայուսակ մը կ՛ունենային իրենց ձեռքին, որուն մէջ, շատ-շատ թաշկինակ մը կ՛ըլլար, փոքրիկ հայելի մը ու շրթնաներկ մը: Այսօր, կանանց պայուսակները «հազար ու մէկ մանրուք» -ի խանութներէն ետ չեն մնարՙ թղթեայ թաշկինակները ծրարով, դիմայարդարման եւ արդուզարդի պիտոյքները լրիւ կազմով, բանալիներու տրցակ, յուշատետր, ճաշերու կամ թխուածքներու ու քաղցրեղէններու խոհագրերու տետր մը, թերեւս ընթերցանութեան գրքոյկ մը, լուսանկարներու պզտիկ ալպոմ մը, դեղի տուփ մը, աւելորդ զարդեղէն մը, ակնոցի տուփ մը, սենտուիչի կամ թխուածքի փաթեթ մը, որոշ պարագաներու յատուկ «սանիտարական» ծրարիկ մը եւ անպայման ափի մը մեծութեամբ բջիջային հեռախօս մը, զոր գտնելու համար ձեռքը նախորդ յիշածներուս մէջէն կը սողոսկի ու մինչեւ պայուսակին յատակը սուզուելով դուրս կը հանէ, երբ անոր քմահաճ զանգը, կամ Թաթային ձայնագրեալ երգերէն մին հնչէ:

    Հաւատացէք, այս բոլորը կրելն ու ասոր-անոր զարնուիլները ոչ մէկ անդրադարձ կ՛ունենան բեռնակիրին… ներողութիւն, պայուսակին տիրոջ կողմէ, ոչ իսկ ներողութիւն մը, կամ չքմեղանքի ժպիտ մը զոհին. ամենայն հանգստութեամբ կ՛անցնին ու կ՛երթան. եթէ քեզի պէտք է, դո՛ւն գլուխդ քաշէ ու կծկուիր:

    Պայուսակ չեն, պատուհաս են: Ի՞նչն է պատճառը, որ կանանց հագուստներուն յարատեւ կծկումին հակառակ, պայուսակները յարատեւ կ՛ընդլայնին. ներկայի կեանքը ա՞յդ կը պարտադրէ: Եթէ այսպէս շարունակուի, այսինքն եթէ տարիներու թաւալումին զուգահեռՙ երթալով պիտի մեծնան եւ ուռճանան պայուսակները, ապա օր պիտի գայ, որ անոնք ճամբորդական պայուսակներու վերածուին եւ անիւներու վրայ քաշուելովՙ հետեւին իրենց տիրուհիներուն:

    «Տրանսպորտի» նախարարութիւնը չի՞ մտածեր քաղաքի աւտոբուսները օժտել պայուսակներու զետեղման յատուկ խցիկներով…

    Առաջարկս ետ կը քաշեմ. քանի շատ անիմաստ է ու անիրագործելի: Կանանց պայուսակները իրենց մարմնին մաս կը կազմեն, կարելի չէ զանոնք բաժնել իրենց տէրերէն:

  • ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ 1000 ԴՐԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ ՏԱՍԱՆՈՐԴԸ ՏԱԼՈՒ ԻՄԱՍՏԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ

    ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

    Բանակ-հասարակություն կապի մասին խոսվել ու խոսվում է բազմիցս: Ավելին, այն կարելի է դիտել օրակարգային: Սակայն բոլոր միջոցառումները չէ, որ իրենց հիմքում սոցիալական քաղաքականության նպատակ ունեն:

    «Ամեն ամիս աշխատավարձից 1000 դրամ զինծառայողների սոցիալական խնդրին հատկացնելը ոչ միայն արդար է, այլ նաեւ պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»,- ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանձնաժողովի նիստում քննարկվել է օրինագծերի փաթեթը, որով սահմանված է այս նորմը: Միանգամայն իրավացի է Պաշտպանության նախարարն այն հարցում, որ «…, սա ազգ-բանակի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն է, որով մենք ամեն ամիս մեր աշխատավարձն ստանալիս լրացուցիչ առանձին տողով մտածում ենք մեր առաջնագծում կանգնած զինծառայողի մասին: Եվ դա ոչ միայն արդար է, այլ նաեւ պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում»: Այդ սիմվոլիկ գումարն իրականում, ինչ-որ տեղ հիշեցնում է տասանորդի իմաստը, որը յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի անվիճելի համոզմունքն ու սկզբունքն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է այն ճիշտ հարյուր հազարից բարձր եւ յոթանասուն հազարից ցածր աշխատավարձ ստացողների պարագայում: Բայց ճշմարտությունը մեկն է. մենք եւս պետք է ունենանք այս օրինագիծը, եւ որի հաստատմամբ դրական իմաստով փոփոխություններ տեղի կունենան մարդկանց գիտակցության մեջ ու համոզմունքներում: Յուրաքանչյուր ամիս 1000 դրամ գումարը պաշտպանության նախարարությանը փոխանցելն (*), անշուշտ, կանդրադառնա մարդկանցՙ հայոց բանակի հետ ունեցած հոգեբանական նույնացման եւ դրա հետ կապված զգացմունքների վրա, ինչը յուրատիպ ուղերձ է նաեւ մարդկանց ոչ միայն գիտակցական, այլեւ ենթագիտակցական աշխարհների համար: Հենց այսպես է, որ մենք ավելի պարտավորված կզգանք հայրենիքի ու հայրենիքը պաշտպանողների նկատմամբ: Հենց այսպես է, որ մեր ազգային ես-ն ավելի ամբողջական կդառնա, ինքնության զգացումըՙ ավելի լիարժեք:

    Իրականում մարդու գիտակցությունը կառուցվում է որպես նույնականացման մատրիցա, որի հիմքում ընկած են մի շարք խմբային նույնականացումներ: Այսպիսիՙ զուտ սոցիալական շեշտադրում ունեցող միջոցառումները նպաստում են կոլեկտիվ եւ խմբային մտածողության ձեւավորմանն ու համախմբվածությանը: Հայոց բանակի հետ հոգեբանական նույնացման պարագայում բավարարվում են նաեւ մարդկանց ինքնահարգանքի, սոցիալական պատկանելության հետ կապված հոգեբանական պահանջմունքները, իսկ երիտասարդ սերնդի մոտՙ հիմնարար տագնապի հաղթահարման գործընթացը: Այդ սիմվոլիկ գումարը, որ մենք, համոզված եմ, պատրաստ ենք փոխանցել հայոց բանակին, կնպաստի նաեւ մեր խմբային հիշողության պահպանմանը, ընդհանուր ապագայի նկատմամբ հավատի մեծացմանը: Այդ գումարը մեր մեջ կամրապնդի հայոց բանակի սիմվոլիկանՙ իր ամբողջության մեջ:

    Ճշմարտությունը թույլ է տալիս ասել, որ մենք ունենք մարդկանց անհատական ճգնաժամի խնդիր, ինչն, անտարակույս, իր հերթին բերում է նրանցից կախում ունեցող ինստիտուտների ճգնաժամին: Եթե ոչ բանակի, ապա այլ արժեքների դաշտում մենք ունենք հոգեւոր գործոնների «մաշվածության» երեւույթ, ինչը հանգեցնում է սեփական անցյալի նկատմամբ տոտալ նիհիլիստական վերաբերմունքի ձեւավորմանը: Իսկ այսպիսի միջոցառումները յուրատիպ ուղերձ են մարդկանց գիտակցությանն ու արժեհամակարգին, դիրքորոշումներին ու համոզմուքներին: Եթե ամենամյա դրամահավաքի ժամանակ մենք ունենում ենք հասարակությունը միավորող ազգային գաղափարախոսություն, որն ավելի շատ իրադրական նկարագիր է ունենում, ապա այս պարագայում խոսքն արդեն հասարակությունը համախմբող ազգային գաղափարախոսության մասին է: Այդ սիմվոլիկ գումարը յուրաքանչյուրիս համար կդառնա, այսպես կոչված «պաշտպանիչ գոտի», որով հասարակության որոշ շերտերի մոտ մեծամասամբ կչեզոքացվի նաեւ սահմանում տիրող իրավիճակից առաջացող խուճապային տրամադրությունները:

    Քննարկման ներկայացված օրինագիծը, համոզված ենք, որ կհաստատվի, ինչը դրականորեն կանդրադառնա ոչ միայն զինծառայողների առօրյայի, բանակաշինության գործընթացի, սպառազինության մակարդակի բարձրացման, այլեւ բնակչության մոտՙ բանակի նկատմամբ ունեցած վստահության վրա: Սա հուզական մասնակցության հիանալի օրինակ է, որի արդյուքնում են ձեւավորվում այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են կամավորականությունը, հավատարմությունն ու նվիրվածությունը: Ի վերջո սա ոչ միայն բանակի, այլեւ հասարակությանը զարգացման տանող գործըթնաց է, որը ենթադրում է սոցիալական հասունություն եւ զարգացում:

    *) Հոդվածագիրն այստեղ թյուրիմացության մեջ է. 1000 դրամն ուղարկվելու է ոչ թե պաշտպանության նախարարություն, այլՙ ՀՀ Կենտրոնական բանկում բացված հատուկ հիմնադրամի հաշվին:

  • ՈՉ ԵՒՍ Է ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԵՒ ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆԸ

    ՈՉ ԵՒՍ Է ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ ԵՒ ԳԱՂԱՓԱՐԱՊԱՇՏ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆԸ

    ԹԷՔԷԵԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ԵՒ ՔԱՆԱՏԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ, Պոստոն, նոյեմբեր 23, 2016

    Կարճատեւ հիւանդութենէ մը վերջ նոյեմբեր 23, 2016-ին Պոստոնի մէջ իր հոգին աւանդեց բազմավաստակ հրապարակագիր եւ նուիրեալ ու գաղափարապաշտ ազգային գործիչ դոկտ. Նուպար Պէրպէրեան:

    Ան ծնած էր 1922-ին Գահիրէի մէջ: Իր հայեցի կրթութիւնը ստանալէ ետք Հելիոպոլսոյ Նուպարեան վարժարանին մէջ, աշակերտած է ֆրանսական Լիսէի մէջ: 1944ին ստացած է փաստաբանի վկայական եւ արձանագրուած է Եգիպտական խառն դատարանի մօտ: Ապա ուսման անյագ ծարաւով մեկնած է Ֆրանսա, ուր Փարիզի Պետական համալսարանէն ստացած է իր իրաւաբանութեան տոքթորայի վկայականը 1947ին: Ազգային նուիրումով տոգորուածՙ մտած է հասարակական կեանքին մէջ, աննկատ թողելով ասպարէզային այլ հնարաւորութիւններ:

    Հաւանաբար իր թափառական կեանքին բերումով դոկտ. Պէրպէրեան չէ կարողացած ընտանիք կազմել: Իր ընտանիքը հանդիսացած են ազգն ու հայրենիքը:

    Այնուհետեւ իր կեանքը հանդիսացած է համակ աշխատանքՙ ազգային ծառայութեան մէջ, գործելով իբրեւ հմուտ հրապարակագիր, բոցաշունչ հռետոր եւ գաղափարական առաջնորդ: Իր կեանքի շրջագիծին մէջ մտած են իրեն ժամանակակից ՌԱԿ-ի համարեա բոլոր գլխաւոր օրգանները – այսպէսՙ 1947ին ստանձնած է Փարիզի «Ապագայ» թերթի խմբագրութիւնը, ապա խմբագրած է հետեւեալ օրգաններըՙ Գահիրէի «Արեւ» օրաթերթը (1948-1958), Ֆրեզնոյի «Նոր Օր» եռօրեան (1958-1960), Պոստոնի «Պայքար» օրաթերթը (1961-1982): Միեւնոյն ժամանակ պատմուածքներ ու քերթուածներ հրատարակելով «Պայքար» տարեգիրքին մէջ, Բիւրակն ստորագրութեամբ:

    1982-ին հանգստեան կոչուելէ ետք եւս բեղուն յօդուածներ եւ քաղաքական մեկնաբանութիւններ հրատարակած է Պէյրութի «Զարթօնք», Մոնթրէալի «Ապագայ», Երեւանի «Ազգ» եւ Լոս Անճելըսի «Նոր Օր» թերթերուն մէջ:

    1941-ին անդամակցած է Ռամկավար Ազատական կուսակցութեան եւ իբրեւ երիտասարդ մտաւորական գործակցած է ժամանակի մեծերուն հետ, ինչպիսիք էին Միհրան Տամատեան, Վահան Թէքէեան, Էօժէն Բաբազեան, Ալ. Սարուխան եւ ուրիշներ: Միեւնոյն տարին անդամակցած է նաեւ Հ.Բ.Ը.Միութեան:

    Դոկտ. Ն. Պէրպէրեան հիմնադիրներէն մէկը եղած է Մ. Նահանգներու եւ Քանատայի Թէքէեան մշակութային միութեան, որուն իբրեւ ցկեանս անդամ ստանձնած է դիւանի ատենադպիրի պաշտօնը զոր վարած է մինչեւ իր մահուան օրը:

    Հանգուցեալի հարուստ վաստակին մաս կը կազմեն հազարաւոր խմբագրականներՙ ազգային, քաղաքական ու միջազգային հարցերու շուրջ, ինչպէս նաեւ գրական յիշատակելի էջեր ու բանաստեղծութիւններ:

    Նուպար Պէրպէրեան բազմաթիւ առիթներով արժանացած է մեծարանքի եւ գնահատանքի շնորհումներուն, ինչպէս իր պատկանած կազմակերպութեանց, նոյնպէս նաեւ համազգային մարմիններուն կողմէ -«Մովսէս Խորենացի» եւ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանները:

    Առ ի գնահատանք իր անսահման ծառայութեան, ԹՄՄի Կեդրոնական վարչութիւնը իր «Պայքար» շէնքին վերանորոգեալ Արխիւային եւ հետազօտութեան կեդրոնը ձօնած է դոկտ. Նուպար Պէրպէրեանին: Այդ բաժնին բացման օրը հանգուցեալը անակնկալօրէն անհանգստանալով փոխադրուեցաւ հիւանդանոց:

    ԹՄՄիութեան ատենապետ Երուանդ Ազատեան հետեւեալ արտայայտութեամբ բնորոշեց անոր կորուստը. «Հայութիւնը կորսնցուց հին դպրոցի չհինցող կորովով խմբագիր մը, աննահանջ պայքարող մը, անընկճելի զուարթախոհութեամբ բարեկամ մը եւ պատմութիւնը իր ուսերուն շալկած վաստակաւոր առաքեալ մը»:

    Այս առիթով ԹՄՄի Կեդրոնական Վարչութիւնը կու գայ իր զգածուած վշտակցութիւնները յայտնելու հանգուցեալի ընտանեկան պարագաներուն, բարեկամներուն, ու զինք սիրող բոլոր հարազատներուն:

    ***

    Ռամկավար Ազատական կուսակցությունը, Հայաստանի ԹՄՄիության վարչությունը եւ «Ազգ» թերթի խմբագրությունը միանում են ցավակցություններին:

  • ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌՑԱՆՑ ՀՈՒՅՍԸՙ ՀԱՄԲՈՒՐԳԻՑ ԱՌԱՋ

    ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

    Ադրբեջանական պաշտոնական լրատվական գործակալությունըՙ «Ազերթաջը» գերմաներեն տարածած իր հաղորդագրության մեջ իրազեկում է, թե The American Thinker- ն անդրադարձել է Հայաստանի զավթիչ քաղաքականությանըՙ հույս փայփայելով, թե Թրամփի վարչակարգը կլուծի ԼՂ հիմնահարցը: Հյուսիսամերիկյան ամենօրյա էլեկտրոնային այս լրատվականը ծանուցում է ԱՄՆ ներքաղաքական, ազգային անվտանգության, տնտեսության, դիվանագիտական, մշակութային, ռազմավարային հարցերի մասին, ինչպես նաեւ իր հայացքի սեւեռակետ դարձնում Իսրայել պետության ամրապնդումը: «Ազերթաջը» չի ստում: «Թրամփը եւ հայերիՙ Լեռնային Ղարաբաղի շրջանի զավթումը» նոյեմբերի 23-ին թողարկած հոդվածը կա եւ այն հեղինակած Ջեսոն Կաթցը (Jason Katz), որ Լոս Անջելեսի Ամերիկա-հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավարն է, քաղաքական մեկնաբան, իրականությունից բավական հեռուն է գնացել Ադրբեջանի հասցեին իր սիրալիրության մեջ, որ թվում էՙ նույնիսկ իր երկրումՙ ԱՄՆ-ում իրադարձությունների մասին գրելիս ելնում է այդ սիրուն կամՙ միգուցե արծաթի՞ն հավատարմությունից: Հոդվածի հեղինակը ծանուցում է, թե հայկական լոբբիստական կազմակերպությունները Մ. Նահանգներում ընտրարշավի ժամանակ Թրամփի դեմ ատելության արշավ են ձեռնարկել, իսկ հայամետ սենատոր Մարկ Քիրքի, կոնգրեսմեն Բոբ Դոլդի, Ներկայացուցիչների պալատում Նեւադա նահանգի ներկայացուցիչ Ջո Հեքի ապագա գործունեության հետ կապված մեծ սպասելիքներն ու հույսերը չեն արդարացելՙ նրանց հաղթել են այլ քաղաքական գործիչներ: Որքան իրազեկ ենք, ԱՄՆ լոբբիստական կազմակերպությունները ընտրարշավի ժամանակ բազմիցս հայտարարել էին, թե այս տարի կոչ չեն ուղղում քվե տալ որեւէ թեկնածուի օգտին, ասել էՙ չեզոք են, էլ ի՞նչ ատելություն: Ի դեպ ադրբեջանական գործակալության կայքէջի գերմաներեն տարբերակից փոխանցելով ենք «ատելություն» բառը գրել, հոդվածի անգլերեն բնագրում գրված է spiteful campaign, որ ավելի ճիշտՙ «ոխակալ» եւ «քինոտ» է նշանակում:

    Հոդվածի հեղինակ Կաթցը գրում էՙ ԱՄՆ նոր նախագահի օրակարգում բնականաբար տարբեր հարցեր կընդգրկվեն, բայց Թրամփը պիտի կարգավորի ԼՂ հակամարտությունըՙ հայերի կողմից գրավյալ ադրբեջանական տարածքների հարցում իր նպաստը բերելով:

    Եվս մի համեմատությունՙ «Ազերթաջի» Վաշինգտոնի թղթակից Յուսիֆ Բաբանլին բավական ծավալուն է անդրադառնում ամերիկյան էլեկտրոնային պարբերականի հիշյալ հոդվածինՙ իրենց գործակալության ռուսերեն թողարկման մեջ: Գերմանիայում շատերն անգլերեն գիտեն, եւ հոդվածն իսկապես շահեկան է ադրբեջանցիների տեսանկյունից: Ինչո՞ւ է «Ազերթաջը» խուսափել իրենց շահերից բխող անգլերեն տեքստը ամբողջովին գերմաներեն ներկայացնելՙ մանավանդ Համբուրգում դեկտեմբերի 8-9 կայանալիք ԵԱՀԿ-ի 23-րդ նախարարական հանդիպմանն ընդառաջ: Միգուցե հաշվի են առնում այն հանգամանքը, որ ԵԱՀԿ նախագահող երկրում դեռ խուսափում են Թրամփի անունը շրջանառելուց, փոխարենն անընդհատ զգուշացնում են, թե աշխարհը լավ հուն չի մտնում պոպուլիստՙ ամբոխահաճո գործիչների վտանգավոր բազմացմամբ, իսկ շատերը ԵԱՀԿ գործող նախագահ, ԳԴՀ արտգործնախարար, 2017- ից ամենայն հավանականությամբ Գերմանիայի նախագահ Շթայնմայերի նման դեռ չեն էլ շնորհավորել այդ գործչին, որի հետՙ առայժմ առցանց հույս է կապել «Ազերթաջ»-ը:

  • ԻՆՉՊԵՍ ԲԻԶՆԵՍԻՑ ԱԶԱՏԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

    ԻՆՉՊԵՍ ԲԻԶՆԵՍԻՑ ԱԶԱՏԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

    ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

    Ինչ իդեալիստ եմ, չէ՞, ուրիշները գործով են զբաղված, խոսափող են մտցնում օլիգարխների քիթը, որ հետո կա՛մ զվարճանան, կա՛մ հարստանան, իսկ ես պապից ավելի պապական եմ, ու դեռ մտածում եմ` ոնց ազատել խորհրդարանը բիզնեսից: Խոստովանենք, դա Հայաստանի պայմաններում հնարավոր չէ, որքան էլ սահմանադրությամբ արգելված լինի գործարարներին խորհրդարան գնալ: Դա միգուցե աշխարհի շատ խորհրդարանների պարագայում էլ հնարավոր չէ, բայց մեծ երկրներում ամբողջ եղանակը չէ, որ այս կարգի պատգամավորները եւ կառավարողներն են ստեղծում, եւ շատ երկրներում բանական հաշվեկշիռն այս առումով պահպանվում է: Մեր տիպի փոքր, անռեսուրս երկրում մեր ողջ կյանքն է օլիգարխապատվել, մեր կյանքի էությունը դարձել է այնպիսին, որ բոլոր ոլորտներում փողն է գործ անում: Անգամ նրանք, ովքեր խելքն են աշխատեցրել ու անցել խորհրդարան` հիմա բիզնեսով են զբաղվում, օրենք գրելը ձեռքի հետ մի բան համարելով: Երեւի վարակիչ է իրենց կողքին խորհդարանականի բարձր աշխատավարձը ստանալուց չխորշող միլիոնատերեր տեսնելը: Բնական է, որ մեր միլիոնատերերը աշխատում են նաեւ իրենցով անել խորհրդարանը, քանի որ այս դիրքից սերտաճելն իշխանության հետ նույնպես շահավետ է: Անգամ` չեն խորշում ստանալ իրենց համար չնչին, սակայն երկրի քաղաքացիների գերակշիռ մասի համար հսկայական պատգամավորական աշխատավարձը` սա եւս իրենց բիզնես գործունեության շահույթի մաս համարելով: Եթե խորհդարանի 20 բացահայտված դոլարային միլիոնատերերը (ըստ «Մանդատ» կազմակերպության հաշվարկների, իսկ իրականում 131 պատգամավորների 60 տոկոսը գործարար է) պատգամավորի 600 հազար դրամանոց աշխտավարձը չհամարեին իրենց բիզնես-նախագծերի բաղկացուցիչ ու ստեղծած լինեին միլիոնատերերի մի հիմնադրամ, որտեղ կթողնեին պատգամավորական աշխատավարձերը, հիմնադրամում ահռելի գումար կկուտակվեր` տարեկան 120 մլն դրամից ավելի, պատկերացրեք` դա քանի հայ ընտանիքի հարց կլուծեր: Միգուցե այդպիսի` աշխատավարձ չստանալու հեռանկարը կստիպեր մեր միլիոնատերերին այլեւս չգնալ խորհրդարան: Հիմա ո՞նց անենք, որ գործարարները գործարարությամբ զբաղվեն, իսկ նոր խորհրդարանի 90 տոկոսն օրենսդրությունից, կառավարումից տեղյակ, իրավական, տնտեսական գիտելիքներով օժտված, կրթված մարդիկ լինեն: Միգուցե այդ մարդիկ պետք է լինեն հենց իշխող կուսակցությունում եւ մյուս կուսակցություններում նախ, ու խորհրդարան բերվեն ոչ թե ինչ-որ ծառայությունների կամ «մուծվելու» դիմաց, այլ հե՛նց գիտելիքները, կրթությունը ներդնելով երկիր փոխելու համար, ոչ թե ինչ- որ ընտրական ծառայությունների դիմաց նվեր կստանան մանդատը: Ցավով մեջբերեմ արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանին. «Էս հողը կրթված մարդ չի սիրում». էս է՞, համաձայնե՞նք, թե՞, այնուամենայնիվ, ընդդիմանանք էս մտայնությանը:

    Աշխատանքի գալիս անպայման իմ դեմ են դուրս գալիս Մհեր Մկրտչյանի աչքերը` Երգի թատրոնի մի թաքնված պատին: Երբ հասնում եմ Մհեր Մկրտչյանի պատկերին (լավ է նկարել նրա աչքեը Ռոբերտ Նիկողոսյանը), ինձ թվում է այդ աչքերը նեղանում են, տխրում են, տանջվում ու կշտամբում են ինձ ու բոլորին` թե էս ի՞նչ եք անում երկրի հետ, մի բան արեք, էսպես շարունակել չի կարելի: Շարունակում եմ ճամփաս` աչքերը գալիս են հետս, վիճում եմ հետները` թե տեսեք, ախր Վերնիսաժը ոնց են սարքում-կարգի բերում, անգամ Ագռավածառի ագռավներն են տասնյակ տարիներով իրենց սիրած-նստած ծառը լքել, դա լավ նշան պետք է համարել, ուրեմն` մի բան կփոխվի:

    Բարձրանում եմ խմբագրություն` Ագռավածառն ու կառուցվող Վերնիսաժը մոռացվում են, Մհեր Մկրտչյանի աչքերը` ոչ, քանի որ երկիրը Վերնիսաժ չէ, կամ միայն Վերնիսաժը չէ, իսկապես երկիրը կարգի բերել է պետք: Ու էն, ինչ ճանապարհին տանջում էր ինձ` լրագրողական հարթակ տեղափոխելու առումով, Մկրտչյանի չջնջվող աչքերը շարունակում են պահանջել: Ի՞նչ գրեմ` հա գրել ենք: Փոփոխությունները միգուցե կարելի է առարկայացնել մոտիկ ընտրություններով` նոր խորհրդարանից: Խմբագրություն մտնելս ու վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ մտնելու մասին հայտարարության պահերը համընկան: Իսկ ես կարծում էի, թե վարչապետն, այնուամենայնիվ, զերծ կմնա կուսակցական դառնալուց, քանի որ այդպես ձեռքերն ազատ կթողնի` իր ասած փոփոխություններն առանց կուսակցական պարտադրանքների իրականացնելու համար: Այդպես պետք է մտածեր, թվում է, նրան կուսակցական դառնալ մղողը: Սխալվում էինք փաստորեն:

    Չնայած` իսկական իդեալիստը վարչապետի կուսակցական դառնալու մեջ էլ պոզիտիվ կփնտրի, միգուցե վարչապետն ու իր նախարարները գնում են ՀՀԿ` կառուցելու ՀՀԿ նախագահի ասած Նոր ոգին: Չգիտենք, այդ եւ ուրիշ հարցերի պետք է պատասխանի նոյեմբեի 26-ին տեղի ունենալիք ՀՀԿ համագումարը, որի ղեկավար նոր կազմում այնքան նոր դեմքերի կտեսնենք, որ միգուցե շշմենք (կես կատակ-կես լուրջ):

    Միգուցե ՀՀԿ-ում այդ օրը մտորելու են, թե ոնց անեն, որ օլիգարխներ չտանեն խորհրդարան: Չէ, իսկապես, իսկի իդեալիստ էլ չեմ: Զարմանք բան, ՀՀԿ-ականներին դուր է գալի՞ս, որ խորհրդարանում մի քանի տարի նստում են ու ձայն չեն հանում, կամ եթե ձայն են հանում` մի լավ խայտառակ են անում հարազատ կուսակցությանն այնպես, որ, հետո մի քանի հոգի էլ պետք է մեծ ջանքերով այդ խայտառակության քարը ջրհորից հանեն: Կամ դուր է գալի՞ս, որ սեփական բոյով մեկ կամ բիզնեսի չափերով մեկ օրենքներ են ձեւում- սեփական բոստանը ջրում, իսկ երկրի բոստանը չջրված է մնում: Կամ այնպիսի բառապաշարով են պաշտպանում լավ նախաձեռնությունը, որ ակամա էդ լավը սեւանում է: Կա, չէ՞, լավ օրինակը. ասենք Կորյուն Նահապետյանը վատ խորհրդարանական չէ, բա ինչու նրանով չի բավարարվել Նահապետյանի մոտիկ ազգական Սամվել Ալեքսանյանն ու ինքն է եկել նաեւ խորհրդարան… որ ի՞նչ անի: Վերջապես դա մշակույթ է` աճեցրու քո փողերով կրթված մարդու եւ ուղարկիր խորհրդարան:

    Կամ որ ասում են` Ծառուկյանը վերադառնում է, խնդրենք` վերադառնա: Իսկ ո՞ւր է գնացել, որ վերադառնա: Ո՞վ է հավատում, որ ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի գիտության է գործել մինչեւ այժմ: Կամ որ վերադառնա` հենց ի՛նքը պե՞տք է բոլորի փոխարեն աշխատի, նորից մանդատ ստանա խորհրդարանում, եւ այլն: Եթե վերադարձ ասելով նկատի ունեն, որ Ծառուկյանի ֆիգուրով հերթական անգամ մի շարք` անցյալում այդպես էլ չլուծված խնդիրներն են լուծելու, ապա Ծառուկյանը, կարծում եմ, այնքան խելք կունենա անձամբ իրեն հերթական անգամ չգործուղելու` ուրիշներին մաքրաջրելու համար, որ անհրաժեշտ պահին նորից զոհաբերեն: Գործելու ա՛յս ձեւը, որ նա էր ընտել, ավելի քաղաքակիրթ է: Ինչ է, վա՞տ են աշխատում Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը խորհրդարանում: Մի քանիսին, եւ այս անգամ բացառապես մասնագետներին եւս կարող է գործուղել խորհրդարան: Հերիք է միայն հայտարարի, որ աջակցում է ԲՀԿ-ին, չնայած` կարծեմ զուգահեռ էլի ինչ- որ շարժում է ստեղծել:

    Իսկ վաղը տեղի ունենալիք ՀՀԿ համագումարը, որի վերաբերյալ այնքան արտահոսքեր արվեցին, միգուցե իսկապես լավ կլինի ազատվի բոլոր օդիոզ դեմքերից, բոլոր նրանցից, ովքեր երակ մտած ՀՀԿ-ի օրգանիզմն օգտագործում են որպես սեփական բիզնեսի կտուր (էլի իդեալիստ եմ, տեր Աստված):

    Եթե իմիտացիա է արվելու` խոստացված կառուցվածքային եւ այլ փոփոխություններով, վաչապետին եւ իր նոր թիմը ՀՀԿ լցնելով, սա հազիվ թե իքնամաքրում համարվի, մանավանդ` ներկա կառավարության հաջողությունն ըստ տարբեր սպասումների` վարչապետի ու նրա թիմի չկուսակցականացվելու մեջ էր: Սակայն Կարեն Կարապետյանը խոսում է քաղաքական հենարան ունենալու մասին: Միթե հանրությունը, որ սպասում է փոփոխութունների, նրա հենարանը չէ: Իսկ արդյո՞ք կարող է հենարան լինել նրան լիովին իրենը չհամարող կուսակցական վերնախավը, որքան էլ այդ կուսակցության առաջին դեմքի հրավերով է վարչապետ դարձել Կարեն Կարապետյանը:

    Սպասենք ու տեսնենք, թե ո՞ր դեմքերն են գերիշխելու ՀՀԿ-ի գործադիր մարմնում, ո՞ւմ ցտեսություն կասեն, ում կասեն` բարի լույս: Ըստ այդմ էլ կարելի կլինի դիտարկել Կարեն Կարապետյանի հաջողությունը` քաղաքական իր հենարանով: Դե իսկ ընտրություններին երեք ամիս է մնացել, փաստորեն ՀՀԿ համագումարը պետք է պատասխանի այն հարցին, թե ի՞նչ թիմով է իշխանությունն ընտրությունների գնում: Նշենք, որ տարբեր առիթներով ասվել է այն մասին, որ ՀՀԿ համագումարում փոխվելու են ղեկավար կազմը, կանոնադրությունը, ծրագիրը:

  • ՓՈՇԻԱՑՎՈՒՄ Է ՀԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

    Նախորդ տարի Լոս Անջելոսում կայացած ապրիլ-քսանչորսյան տպավորիչ քայլերթն ու դրան հաջորդած բազմամարդ հանրահավաքը հույս էր ներշնչել, գոնե ինձ, որ հայերն այդ երկրում քաղաքական կարեւոր գործոն դառնալու ճանապարհին են: Մ. Նահանգներում նման բազմամարդ հավաքները- ըստ ոմանցՙ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի բողոքի երթի մասնակիցների թիվը 160 հազար է եղել- սովորաբար լինում են հազվադեպ, միայն համաամերիկյան նշանակության մեծ դեպքերի ժամանակ: Հետեւաբար ենթադրելի էր, որ ամերիկահայերի նման համախմբումը անպայման տպավորած կլինի նաեւ այդ երկրի տարբեր մակարդակների ղեկավարող շրջանակներին ու լոբբիստական խմբերինՙ այս տարվա կոնգրեսական, անգամ նախագահական ընտրություններին ընդառաջ:

    Մինչդեռ…

    Նոյեմբերի 8-ի նախագահական ընտրությունից դեռ շաբաթներ առաջ ամերիկահայ մեր գաղթօջախները բոլորովին իներտ վիճակ էին պարզում: Լոբբիստական մեր գլխավոր կազմակերպությունը համարվող ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակն իր հայտարարությամբ, թե հարցումով դիմել է զույգ թեկնածուներից յուրաքանչյուրին Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ իրենց դիրքորոշումը պարզելու խնդրանքով եւ ոչ մեկից չի ստացել որեւէ պատասխան, ավելի քան հուսահատեցրեց բոլորին, եւ նրա հորդորըՙ քվեարկել ըստ կամս, ավելի քան անիմաստ էր: Քանի որՙ նախագահական աթոռի զույգ թեկնածուները, պետք է խոստովանել, ընդհակառակըՙ լավ արեցին այս անգամ զերծ մնալով դատարկ խոստումներ շռայլելու գայթակղությունից, եւ երկրորդՙ իրեն սփյուռքահայությանը ներկայացնելու մենաշնորհ վերագրող ՀՅԴաշնակցությունը չէր այն միացյալ եւ համախմբող ուժը, որին պիտի սպասեին ամերիկահայերն իրենց դիրքորոշումը ճշտելու համար: Բացի այդ, Հայ դատի գրասենյակի այդ հայտարարությունը մեկ անգամ եւս ընդգծում էր, փաստորեն, այն սխալը, որը մենք ազգովին կրկնում ենք տասնամյակներ շարունակՙ արտաքին աշխարհին ներկայանալով իբրեւ օրակարգի ընդամենը մեկ հարց ունեցող հավաքականությունՙ Ցեղասպանության ճանաչում: Մինչդեռ, ինչպես ասում են Ամերիկայի նման մեծ երկրներումՙ յուրաքանչյուր քաղաքականություն տեղական է (Every Politics is local): Այլ խոսքով, եթե տեղական քաղաքականությամբ չես զբաղվում, ուրիշները շահագրգռված չեն քո օրակարգի հարցով զբաղվելու:

    Եվ այսպես, ի սպառ փոշիացվեցին ամերիկահայության քվեարկու ձայները: Արեւելյան ափի գաղթօջախները մեծամասամբ իրենց ձայնը տվեցին Դոնալդ Թրամփին, Արեւմտյան ափի հայաշատ քաղաքներըՙ մասամբ Հիլարի Քլինթոնին: Մասամբՙ որովհետեւ Քալիֆորնիայում գտնվող նախկին հայաստանցիները համերաշխորեն եւ զանգվածաբար ընդհանրապես չմասնակցեցին ընտրություններին, եւ հիմա նրանցից ոմանք շտապ-շտապ փորձում են օրինականացնել իրենց կեցության փաստաթղթերըՙ առատորեն լցնելով փաստաբանների գրպանները: Վախենում են Թրամփի նախընտրական սպառնալիքներից…

    Ստեղծված այս կացության մեջ ամենամտահոգիչը մնում է այն, որ մենք կորցնում ենք ամերիկահայությանըՙ որպես ազգային հավաքականություն եւ ինքնություն, այնպեսՙ ինչպես պարզվեց նաեւ հայահոծ մյուս երկրումՙ Ռուսաստանում սեպտեմբեր ամսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:

    Այս վիճակը չի՞ մտահոգում մեր իշխանություններին:

  • ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ ՍԱՌՑԱՇՐՋԱՆՙ ԱՌԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ

    Ան. Հ. Գերմանիա

    Նոյեմբերի 24- ին Եվրոխորհրդարանըՙ 479 կողմ, 37 դեմ, 107 ձեռնպահ քվեներով սառեցրեց Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները: Վերջին ամիսներին այդ երկրում քաղաքական գործիչների, լրագրողների, դատավորների, իրավաբանների զանգվածային ձերբակալությունները հանգեցրին եվրոպական կառույցի նման խիստ դիրքորոշման, որ գերմանական լրատվամիջոցներիՙ երեկվանից շեշտադրվող վերջին պարբերությամբՙ կարեւոր ազդանշան է, բայց որոշումը իրավական պարտադրանք չունի: Թուրքիայում քննադատաբար են արտահայտվել որոշման դեմ նաեւ ընդդիմադիրները: ԵՄ հարցերով նախարար Չելիքը որակել էՙ «կարճատես, տեսլազուրկ քաղաքական որոշում»ՙ շեշտելով դրա իրավական պարտադիր ուժ չունենալու հանգամանքը: Վարչապետ Յիլդիրիմըՙ «մեզ համար նշանակություն չունեցող որոշում է: Առանց դրա էլ ԵՄ- ի հետ սերտ կապեր չունեինք»:

  • ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԹՈՄ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ

    ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԹՈՄ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ

    Անողոք քաղցկեղի դեմ ութ ամիս քաջաբար պայքարելուց հետո, Հեյվըրհիլում (Մասաչուսեթս) վախճանվել է «Արմինյն Ուիքլի» եւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթերի երկարամյա թղթակից, լրագրող եւ լուսանկարիչ Թոմ Վարդապետյանը: Նա իր լրագրողական կարիերան սկսել էր 1966-ին որպես սպորտային մեկնաբան աշխատակցելով «Գազեթ» օրաթերթին: Հետագայում ընդարձակել էր ոլորտը եւ ընդգրկել նաեւ հանրային իրադարձությունների մասին գրություններ եւ լուսանկարչություն, որոնց մեջ այնքան էր հմտացել, որ արժանացել էր «Նյու ինգլենդ պրես» ընկերության կողմից «Վարպետ լրագրողի» եւ «Նյու ինգլենդ կամերա կլաբի» կողմիցՙ «Վարպետ լուսանկարչի» տիտղոսներին:

    Վարդապետյանը ծնվել էր Սոմերվիլում ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում, 1940 թվի սեպտեմբերի 30-ին: Ավարտել էր Սոմերվելի ավագ դպրոցը, մագիստրոսի գիտական աստիճան ստացել (լրագրության ասպարեզում) Բոստոն համալսարանից եւ մի տարի էլ Վիեննայում սովորել Մխիթարյան միաբանությունում: Հիվանդության ախտորոշումից հետո, նա «Արարատ» անվամբ մի խմբակ է հովանավորել «Ամերիկյան քաղցկեղի ընկերության» բաժանմունքներից մեկում, փորձելով հույս ներշնչել եւ պայքարելու միջոցներ հորդորել նման հիվանդությունից տառապողներին: Նա նաեւ խորհուրդ է տվել մեծահասակներին գրել իրենց կյանքի պատմությունը:

    Ակտիվ գործունեություն է ծավալել հայկական համայնքում: Անդամակցել է Մերիմեք հովտի «Հայոց ցեղասպանության դասավանդման հանձնախմբին» եւ մարդու իրավունքների մասին դասախոսություններով հանդես եկել այդ եւ Մեծ Բոստոնի տարածաշրջանի դպրոցներում: Անդամակցել է նաեւ Եղեռնի հարյուրամյակի հանձնախմբի գործունեությանը, որի ջանքերի շնորհիվ Լոուելում տպավորիչ հուշարձան է կանգնեցվել նվիրված մեր 1,5 միլիոն զոհերին: Պատմաբան Ֆիլիպ Բրաունի հետ հեղինակել է «Մերիմեք հովտի հայերը» («Armenians of the Merrimack Valley») հատորը:

    «Ազգ»-ը ցավակցում է հանգուցյալի հարազատներին:

  • ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ

    ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ

    ՋՈՐՋ ՉԱԽԱԼՅԱՆ

    Մոսկվայի երաժշտության միջազգային տան (ՄԵՄՏ, Московский международный дом музыки, հիմնադիր նախագահՙ Վլադիմիր Սպիվակով) համերգասրահում 2017 թ. փետրվարի 8-ին կայանալիք Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ծՂԿՀ -ՌԱՖՆ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորՙ Վլ.Սպիվակով) համերգը կղեկավարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Իհարկե, սա մեծ նվաճում է երիտասարդ հայ դիրիժորի համար, եթե հաշվի առնենք այն, որ, ըստ էության, ՌԱՖՆ-ը Ռուսաստանի գլխավոր սիմֆոնիկ նվագախումբն է: (Որը սույն տողերի հեղինակին Վլադիմիր Սպիվակովի ասված խոսքերով, իրեն խնդրել է ստեղծել անձամբ Վլադիմիր Պուտինը):

    Նշենք նաեւ, որ ՄԵՄՏ բեմից հանդես են եկել այնպիսի համաշխարհային համբավ վայելող արվեստագետներ, ինչպիսիք են Վալերի Գերգիեւը, Յուրի Բաշմետը, Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը, Ջեսսի Նորմանը, Կիրի Տե Կանավան, Դենիս Մացուեվը, ջազմեններ Իգոր Բուտմանը, Ալեքսեյ Կոզլովը, դերասաններ Օլեգ Տաբակովը, Ալլա Դեմիդովան եւ ուրիշներ:

    Ինչպես նշվում է ՄԵՄՏ տեղեկատվության մեջ, «ՌԱՖՆ վահանակի մոտ առաջին անգամ կանգնելու է 29-ամյա Սերգեյ Սմբատյանըՙ մի քանի բացառիկ նվագախմբերի ստեղծողը. Հայաստանի երիտասարդական նվագախումբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական նվագախումբ, «24/04» համաշխարհային նվագախումբ: Իրենց բնութագրմամբ, «Սերգեյ Սմբատյանը ականավոր անձնավորություն է, վառ տաղանդ: 13 տարեկանում նա դարձել է ջութակի մի շարք միջազգային մրցույթների դափնեկիրՙ Իտալիա, Ճապոնիա, Ռումինիա, սկսել է հանդես գալ որպես մենակատար աշխարհի լավագույն նվագախմբերի հետ: Գերազանցությամբ ավարտել է Երեւանի եւ Մոսկվայի կոնսերվատորիաները, այնուհետեւՙ Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիան: 2005 թ., 18 տարեկան հասակում, ստեղծեց եւ գլխավորեց Հայաստանի երիտասարդական նվագախումբը, որը երեք տարի անց ստացավ պետականի կարգավիճակ: 2016-ի ամռանը Ս.Սմբատյանը դարձավ «Դեբյուտ Բեռլինի ֆիլհարմոնիայում» միջազգային մրցույթի հաղթող, ստանալով այդ փառապանծ դահլիճում Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես գալու իրավունք: 2015-ի աշնանը Սմբատյանը առաջին անգամ ղեկավարեց Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը, ՌԱՖՆ-ի հետ հանդես է գալիս առաջին անգամ»:

    Համերգի ծրագրում են Ռախմանինովի «Մեռյալների կղզի» սիմֆոնիկ պոեմը եւ Դաշնամուրի եւ նվագախմբի համար թիվ 1 կոնցերտը, նաեւՙ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադա» սիմֆոնիկ սյուիտը:

    Համերգին որպես մենակատար հանդես է գալու միջազգային մրցույթների դափնեկիր, երիտասարդական «Տրիումֆ» մրցանակակիր, ՌԴ նախագահին կից Մշակույթի եւ արվեստի խորհրդի անդամ, «Եկատերինա Մեծ» շքանշանակիր դաշնակահարուհի Եկատերինա Մեչետինան:

    Հոկտեմբերի 21-ին, 22-ին եւ 23-ին Սերգեյ Սմբատյանը Բուենոս Այրեսի Coliseo թատրոնում, իսկ հոկտեմբերի 26-ինՙ Արգենտինայի Մենդոզա քաղաքի Անկախության թատրոնում ղեկավարեց «Երեկոՙ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագրերը, որոնց ընթացքում աշխարհահռչակ դերասան, Հոլիվուդի գերաստղ Ջոն Մալկովիչը ներկայացրել է Էռնեստո Սաբատոյի եւ Պաբլո Ներուդայի բանաստեղծություններըՙ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի եւ Ջոն Թավեների ստեղծագործության ուղեկցությամբ: Որպես մենակատարներ հանդես են եկել դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան եւ թավջութակահարուհի Նինա Կոտովան: Երեկոների ընթացքում միաձուլվել են երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու լեգենդար դերասանի կատարողական վարպետությունը:

    Հարկ է հիշեցնել, որ Սերգեյ Սմբատյանը եւ Ջոն Մալկովիչը առաջին անգամ միասին հանդես են եկել 2015թ. Սեուլում:

  • ԲԱՔՈՒՆ «ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ

    Պ. Ք.

    Թրամփի հետ կապված հույսեր

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ֆիզուլու շրջանի առաջնագծում զինծառայողների առջեւ ելույթ ունենալովՙ հերթական անգամ հայտարարել է. «Մենք երբեք թույլ չենք տա հայկական երկրորդ պետության ստեղծում. ապրիլյան մարտերը մեկ անգամ եւս ապացուցեցին դա»: Ավելի վաղ նա ասել էր, թե «փակ դռների հետեւում» իր երկրի վրա ճնշում է գործադրվում ԼՂ անկախության ճանաչմանը համաձայնվելու նպատակով, բայց «Արդբեջանը երբեք չի համաձայնվի դրան»: Իսկ ՀՏրրՌÿ րպչՏՊվÿ գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցից հետո Ալիեւն ասել էր, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման դեպքում «կարող է լինել փոխզիջում տեղական ինքնակառավարման, ԼՂ ինքնակառավարման հարցերի շուրջ», մանրամասնելով, որ «ապագայում, եթե համաձայնության գանք, այն կարող է լինել ինքնավար հանրապետություն»:

    Ամեն ինչից երեւում է, որ սա Վաշինգտոնի ճնշման արդյունքն է, որը Բաքվին պարզ հասկացրել էր, որ թույլ չի տա «քթից բռնած ման ածել» իրեն: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության շնորհիվ դադարեցված ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությամբ մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում անցկացրեց Մինսկի խմբի 3 համանախագահների եւ ՀՀ եւ ԱՀ նախագահների մասնակցությամբ: Համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ համաձայնություն է ձեռք բերվել միջադեպերի քննության համար Շփման գծի վրա մշտադիտարկման մեխանիզմ մտցնելու, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորություններն ընդլայնելու (միջազգային դիտորդներ գործուղելու) վերաբերյալ, որից հետո հնարավոր կդառնար անցումը խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսմանը: Սակայն օրերս Ալիեւի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե Բաքուն «Վիեննայում որեւէ պարտավորություն չի ստանձնել», այսինքն ընդհանուր հայտարարությունը չի ստորագրել:

    Հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւս մեկ հանդիպում: Ընդունված համատեղ հայտարարությունը Վիեննայի համաձայնության կրկնությունն է: «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները հաստատեցին ս.թ. մայիսի 16-ին Վիեննայի հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են հակամարտության գոտու իրադրության կայունացմանը եւ հաշտության գործընթացի առաջմղմանը նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նախագահները մասնավորապես պայմանավորվեցին հակամարտության գոտում ԵԱՀԿ հովանու ներքո ավելացնել միջազգային դիտորդների թիվը: Նրանք գոհունակություն արտահայտեցին Շփման գծի վրա վերջերս պահանջվող զինադադարի ռեժիմի կապակցությամբ: Կարծիքների հանգամանալից փոխանակում կայացավ կարգավորման էական կողմերի առթիվ, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել ԼՂ կարգավորման առաջընթացի համար: Նախագահները նշեցին ԼՂ խնդիրներին նվիրված իրենց կանոնավոր հանդիպումների կարեւորությունը եւ պայմանավորվեցին դրանք այդպիսի ձեւաչափով շարունակել ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի, որոնք հրավիրված էին ներկա գտնվելու Սանկտ-Պետերբուրգի հանդիպման եզրափակիչ մասին», ասված է փաստաթղթում, որի տակ կա նաեւ Ադրբեջանի ստորագրությունը:

    Պատահական չէ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունեց Սանկտ-Պետերբուրգի հանդիպման արդյունքները եւ կարեւորեց այն, որ կողմերը «պահպանեն հրադադարի ռեժիմը, ձեռնարկեն բռնության դադարեցմանն ուղղված միջոցներ եւ վերսկսեն համապարփակ կարգավորմանը միտված բանակցությունները»:

    Նովրուզ Մամեդովը խոսում է պետերբուրգյան հանդիպմանը իր մասնակցության մասին եւ ամեն անգամ տարբեր ձեւերով է մեկնաբանում հանդիպման արդյունքները: Նրա խոսքերովՙ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը. նախ ազատվում է հինգ, ապա եւս երկու շրջան եւ որոշվում է միջանցքը, իսկ հետո որոշվում է ԼՂ կարգավիճակը: Եվ կողմերը իբր «այդ ուղղությամբ հասել են համաձայնության»:

    Սակայն, ինչպես «Ռեգնում» գործակալության կայքում նշում է հայտնի պատմաբան Ստանիսլավ Տարասովը, Սանկտ-Պետերբուրգում հակամարտության կարգավորման տեխնոլոգիայի քննարկումը փակ բնույթ է կրել, թեպետեւ հաստատ չէ, թե դեպքերը զարգացել են հենց Մամեդովի նշած սցենարով: Իսկ ահա թե ինչ է վկայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը. «Սույն պաշտոնատար անձըՙ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որեւէ բանակցության: Եվ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չկազմեց: Վերջին հանդիպման ընթացքում նա ներկա էր միայն աշխատանքային ճաշկերույթին, երբ քննարկվում էին բացառապես միջադեպերի քննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի թվակազմի ավելացման, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերի կատարման հարցերը»: Բաքուն փաստորեն փորձում է «քթից բռնած ման ածել» նաեւ Մոսկվային, բացահայտորեն խեղաթյուրելով նրա դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ավելի ստույգ, Վաշինգտոնից փոքր-ինչ հեռանալովՙ Ադրբեջանը մտադրվել էր թաքնվել Մոսկվայի կամ Փարիզի հետեւում: Ուստի պատահական չէ, որ օգոստոսին կամ սեպտեմբերին նախատեսված ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումները չկայացան: Դրան հաջորդեց Քերրիի բազմանշանակ հայտարարությունը, թե ԼՂ-ի հետ կապված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման պայմանները դեռ չեն ձեւավորվել, քանի որ երկու երկրների առաջնորդները պատրաստ չեն փոխզիջումների որոնմանը:

    Եվ դարձյալ Մամեդովը «զարմանք» է արտահայտել հայտարարության առթիվ, դժգոհելով, որ այնտեղ խոսք չկա 7 շրջանի ազատման մասին, իսկ Ադրբեջանը մեղադրվում է հակամարտության լուծմանն անպաստրաստ լինելու մեջ: «Մենք չենք ընդունում տվյալ հայտարարությունը, որը պահանջում է պարզաբանումներ մատչելի լեզվով», ասել է Մամեդովը: Այս կապակցությամբ Ստանիսլավ Տարասովը ընդգծում է, որ Մինսկի խմբի երկրներից ոչ մեկը երբեւէ հրապարակավ առաջ չի քաշել շրջանների ազատման նախագիծ: Եթե դա նույնիսկ քննարկվել է, ապա միայն փաթեթային տարբերակով: Այդուհանդերձ «ծնվեց» Արցախին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու հնարավորության մասին նախագահ Ալիեւի առաջարկը: Տարիներ առաջ պաշտոնական Բաքուն վերացրել էր Արցախի ինքնավարությունը, լիովին անտեսելով արցախահայերի շահերը եւ նրանց համարելով «ոչ բնիկ»: Իսկ հիմա, Բաքվի լեզվով ասած, «Լեռնային Ղարաբաղի գոյություն չունեցող ժողովրդին» տրամադրվում է ինքնավար հանրապետության կարգավիճակ: Սա ինչպե՞ս հասկանանք:

    Տեսականորեն կարելի է խոսել Ադրբեջանի պետական կառուցվածքի դաշնային ձեւի մասին, ինչը ենթադրում է երկրի օրենսդրական համակարգի, նոր սուբյեկտի կանոնադրությունների եւ օրենքների համապատասխան փոփոխություններ, իշխանության կենտրոնական մարմինների եւ սուբյեկտների հատուկ պայմանագրերի ստորագրում: Բայց նույնիսկ սահմանափակ ինքնավարության շնորհումը կարող է դիտվել որպես Անդրկովկասում հայկական երկրորդ պետության ստեղծում: Էլ չենք ասում, որ Բաքուն կփորձի ԼՂ-ում փոխել ժողովրդագրական վիճակը, ինչպես արել էր Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում, այնտեղից դուրս մղելով հայերին, չնայած այդ ինքնավարության կարգավիճակը հիմնված է 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վրա: 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի կնքած բարեկամության ու եղբայրության պայմանագրի համաձայն, Նախիջեւանի մարզը դառնում էր «ինքնավար տարածք Ադրբեջանի հովանավորության ներքոՙ պայմանով, որ Ադրբեջանը չի զիջի սույն պրոտեկտորատը որեւէ երրորդ պետության»: Այդուհանդերձ, ինչպես գրում է ադրբեջանցի պատմաբան Ջամիլ Հասանլին, «Նախիջեւանի երկրամասը ձեռք է բերել միջազգային կարգավիճակ, մնալով Ադրբեջանի տարածքի մասը»:

    Սակայն Լեռնային Ղարաբաղի դեմ «նախիջեւանյան գործողության» իրականացման համար պատմական ու քաղաքական օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պայմաններ չկան: Ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանում չկա հատու կառույց, որը պաշտոնական Բաքուն կկարողանար համարել Լեռնային Ղարաբաղի շահերի «օրինական» ներկայացուցիչ («տարագիր» կառավարություն կամ խորհրդարան): «Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալի կարծիքովՙ հայերը կմերժեն ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ Ալիեւի արած առաջարկը, սակայն Ալիեւի կողմից արցախահայերի իրավունքների ճանաչումը «դրական» երեւույթ է: «Ռեգնում» գործակալությունը ճիշտ է համարում ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի տեսակետը, ըստ որի Ադրբեջանը «խճճվել է իր մոտեցումների մեջ, եւ նրան օգնություն է պետք այդ վիճակից դուրս գալու համար»: ԼՂ ճակատային գծում իրադրությունը մնում է լարված, թեպետեւ ԵԱՀԿ առաքելությունը մերթ ընդ մերթ դիտարկումներ է անցկացնում Շփման գծի վրա:

    ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտություն կրած դեմոկրատները Բաքվին «ղարաբաղյան ժառանգություն» կտակեցին ԼՂ անկախության ճանաչման նպատակով նրա վրա ճնշում գործադրելու տեսքով: ՌԴ նախագահ Պուտինը իր հերթին «Ազերթաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ «փոխզիջման հասնելը նախատեսում է տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների լավագույն հավասարակշռության որոնում», եւ որ կողմերից ոչ մեկը չպետք է լինի հաղթող կամ պարտվող, զիջումները պետք է լինեն փոխադարձ, կողմերից յուրաքանչյուրի օգուտները պետք է պարզ լինեն հանրության համար: Մոսկվան փաստորեն դադարել է նախապատվությունը տալ տարածքային ամբողջականության սկզբունքին եւ գնացել է Վաշինգտոնին ընդառաջ: Իր հերթին Բաքուն սկսել է հույսեր կապել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով հայտարարել է երկրի արտաքին քաղաքական որոշ գերակայություններ վերանայելու պատրաստակամության մասին:

    Հիմա տեսնենք, թե ինչ է ասում Մամեդովը. «Քանի որ դեմոկրատները գերադասությունը տալիս են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերին, նրանք Ամերիկայի հայ համայնքի ազդեցության ներքո ամենուրեք աջակցում են հայերին: Սակայն Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի վերջին ընտրություններում որոշ ազդեցիկ հայամետ գործիչներ դուրս մնացին: Դա կարեւոր իրադարձություն է: Մեզ ավելի լավ հաջողվում է համաձայնության հասնել հանրապետականների հետ: Ավելի քան 6 ամիս ունենք մեր աշխատանքով հանգիստ զբաղվելու համար»:

    Ադրբեջանի նախագահն առաջվա պես ենթադրում է հակամարտության ուժային լուծում, հայտարարելով, թե «ադրբեջանական բանակն անպարտելի է, կարող է կատարել ամեն մի խնդիր», իսկ «գրավյալ տարածքներում, Լեռնային Ղարաբաղում այսօր չկա մեր հասանելիությունից դուրս գտնվող որեւէ ռազմական թիրախ»:

    Ներկայումս Ադրբեջանում գրում են, որ «Թրամփը կապեր ունի երկրում կառավարող վերնախավի որոշ անձանց հետ, ներդրումներ ունի Ադրբեջանում», ուստի նա «առանձնահատուկ ուշադրություն կդարձնի Ադրբեջանի դեպքերին», նախ եւ առաջՙ ԼՂ հակամարտության լուծումների որոնմանը: Ալիեւի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովի խոսքերովՙ «Բաքուն հույս ունի, որ Վաշինգտոնը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կակտիվացնի իր ջանքերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ ստատուս-քվոն վերջապես կփոխվի»:

    Իրոք, նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ն առաջին քայլն արեց այդ ուղղությամբ: ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ. «ԱՄՆ-ը վերստին վճռական աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ բարձր է գնահատում կողմերի հետ նրանց անսասան փոխգործողությունըՙ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու համար:

    Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ը շտապ միջոցներ է ձեռնարկել լարվածության թուլացման նպատակով: Պետքարտուղար Ջոն Քերրին հանդես եկավ Վիեննայում մայիսի 16-ին 3+2 ձեւաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, դրանով իսկ ընդունելով, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ամենաբարձր մակարդակի համատեղ ջանքերը կարող են կողմերին օգնել դադարեցնելու բռնությունը եւ առաջ մղելու հաշտության գործընթացը: Բարձր մակարդակի հանդիպումը տվեց շոշափելի արդյունքներ: Կողմերը հաստատեցին հրադադարի հարգումը, եւ Շփման գծի երկայնքով իրադրությունը զգալիորեն կայունացավ»:

    Դեսպան Բաերը նաեւ կողմերին կոչ արեց հավանություն տալ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնմանը եւ աշխատանք սկսել միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու առաջարկության վրա: Այդ դիրքորոշումը պաշտպանեց նաեւ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում նա հայտարարեց. «Մենք կոչ ենք անում լիովին կատարել Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ձեռք բերած համաձայնությունները: Մենք Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ կշարունակենք օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ընդհանուր համաձայնության ձեռքբերմանը»: Մնում է միայն, որ գեղեցիկ խոստումները կատարվեն: