Day:Հունվարի 15, 2016

  • ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

    ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

    Ռամկավար Ազատական կուսակցության հրատարակությամբ օրերս լույս տեսավ կուսակցության փոխատենապետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանի «Էներգետիկ անվտանգությունը եւ աշխարհաքաղաքական մարտահրավերները Կովկաս-կասպյան տարածաշրջանում» կարեւոր աշխատությունը «Տիգրան Մեծ» հրատարակչատան տպարանում: 257 էջանոց աշխատությունը հրատարակության համար երաշխավորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը, խմբագիրն է դոկտ., պրոֆ. Աշոտ Ենգոյանը, գիտական խոհրդատունՙ տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:

    ՌԱԿ Հանրապետական վարչությունը առաջիկայում կկազմակերպի գրքի քննարկում-ներկայացումը մասնագիտական շրջանակի եւ լրագրողների համար:

  • ԱՆԴՐԱՆԻԿ Մ. ՔԵՇԻՇԵԱՆ

    ԱՆԴՐԱՆԻԿ Մ. ՔԵՇԻՇԵԱՆ

    ՅԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌԵԱՆ, Նիւ Ճըրզի

    Անդրանիկ ծնած է 1931ին, Պէյլան գիւղաքաղաքին մէջ (Ալեքսանդրեթի սանճաք, այժմ` Թուրքիա) հասանպէյլցի (Ամանոս) ծանօթ ազգային Մատթէոս աղա Քեշիշեանի յարկին տակ: Նախնական ուսումը ստացած է տեղւոյն հայկական վարժարանին մէջ: Անդրանիկի ծնողները, որոնք հիմնադիրը եղած են Պէյլանի եւ շրջակայքի ՀԲԸՄի մասնաճիւղերուն, ծնած օրէն իսկ Միութեան անդամ արձանագրած են զինք: Սանճաքի պարպումով, Պէյրութ հաստատուելէն ետք, 1941ին, Անդրանիկ շարունակած է իր անդամակցութիւնը եւ 1956ին ստացած է վեթերանի վկայականը:

    Պատանի հասակէն մասնակցած է միութենական գործունէութեանց: Շրջան մը գործած է Լիբանանահայ Վերածնունդ միութեան մէջ: 1947ին հիմնած է այս միութեան մարզական բաժինը, իսկ 1950ին` ուսանողաց բաժինը: Այնուհետեւ գործունէութիւն ծաւալած է ՀԵԸ-ի շարքերէն ներս: Եղած է պատասխանատու մարզական բաժնի 1951-54 թուականներուն, եւ կրտսերաց բաժնին` 1953ին: 1950-54 տարիներուն եղած է Լիբանանի 10 հազար մեթր վազքի ախոյեան:

    Այդ շրջանին եղած է «Զարթօնք» օրաթերթի մարզական բաժնի թղթակիցը եւ ապա եղած է հիմնադիրներէն «Զարթօնք-Սփոր» մարզական շաբաթաթերթին:

    Երիտասարդ տարիքին միացած է Ռամկավար Ազատական կուսակցութեան շարքերը: 1956էն սկսեալ, ատեն մը նուիրուած է ազգային-հասարակական եւ քաղաքական գործունէութեանց, ըլլալով ՌԱԿ-ի Լիբանանի շրջանային եւ Թէքէեան մշակութային միութեան վարչութեանց անդամ:

    1976ին Լիբանանի քաղաքացիական պատերազմին պատճառով փոխադրուած է Ֆրանսա եւ առաջին օրէն հաստատուած Վալանս: Եղած է կարեւոր ուժերէն մէկը Ֆրանսայի եւ Արեւմտեան Եւրոպայի ՌԱԿի շրջանակները վերակազմակերպելու աշխատանքին մէջ, տարիներով մաս կազմելով ՌԱԿ Ֆրանսայի Շրջանային վարչութեան եւ որպէս գործիչՙ ՀԲԸՄի Ֆրանսայի շրջանակին:

    Հիմնած է Վալանսի ՌԱԿ տեղական ակումբը: Ամուսնացած է Հերմինէ Քահքեճեանին հետ եւ բախտաւորուած չորս զաւակներովՙ Նուպար, Շահնուր, Ասպետ եւ Անդրանիկ Կրտսեր: Հերմինէն եւ բոլոր զաւակներն ալ անդամ են ՌԱԿ-ի: Նուպար ցոյց կու տայ մեծ հետաքրքրութիւն ֆրանսական քաղաքական կեանքին եւ անդամ է Վալանսի քաղաքային խորհուրդին:

    Անդրանիկ Քեշիշեան շրջան մը հրատարակած է խմորատիպ «Շառաջ»ը, ազատ մտածումներով, սակայն ռամկավար-ազատական ուղեգիծով ամսաթերթը:

    Մահացաւ Վալանսի մէջ, դեկտեմբեր 25ին:

    Ցաւակցութիւններ տիկնոջը եւ զաւակներուն:

  • ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ, ՈՒԻԼՅԱՄ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Խոզի գրիպից 11-րդ մահացածն ունենք: Երկու օր առաջ առողջապահության նախարարությունից պաշտոնապես հայտնեցին, որ խոզի գրիպ հիվանդությունն աստիճանաբար նահանջում է: Ավելի վաղ նախարարն անձամբ հայտարարել էր, որ երկրում խոզի գրիպի համաճարակ չկա, իսկ Հանրապետության գլխավոր վարակաբանն ասել էր, որ չնայած հիվանդության նման բռնկում Հայաստանում երբեք չի եղել, բայց անհանգստանալու կարիք չկա:

    Չենք անհանգստանում:

    Հունվարի 9-ին մեր դիրքերի ուղղությամբ հակառակորդի բացած կրակի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանը: ԼՂՀ ՊԲ-ն եւ ՀՀ ՊՆ-ն ցավակցել են զոհվածի հարազատներին եւ շեշտել, որ սահմանին իրավիճակը շարունակում է մնալ մեր զինվորների վերահսկողության ներքո, այսինքն…անհանգստանալու կարիք չկա: Այսօր մեր տղաները զսպել են հակառակորդի նախահարձակ գործողությունները:

    Չենք անհանգստանում:

    Հունվարի 18-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կվերսկսվի Վ.Պ-ի դատավարությունը, որն ինչպես գիտենք, տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անունից: Ի դեպ, այս դատավարությունը թերեւս աննախադեպ է համաշխարհային դատավարությունների պատմության մեջ, քանի որ փաստացիորեն մեկ այլ պետության դատարան դատավարություն է իրականացնում մեկ այլ պետությանՙ իրավաբանական տարածքում (ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքը ՀՀ-ն անվճար վարձակալության է հանձնել ՌԴ-ին): Մեր դատախազությունը վստահեցնում է, որ անհանգստանալու կարիք չկա, որ Վ.Պ.-ին, եթե անգամ սատանան օգնի, միեւնույն է, իր արժանի պատիժն է ստանալու, եւ մենք…

    Չենք անհանգստանում:

    Ավետիսյանների հարազատները որոշ լրատվամիջոցների հայտնել են, որ իրենք պատրաստվում են նախ բոյկոտել Պերմյակովի գործով հունվարի 18-ի դատավարությունը, ապա եւ հեռանալ Հայաստանից….Ռուսաստան, որտեղ, ի դեպ, ծնվել, մեծացել եւ դաստիարակվել է Վ.Պ-ն: Ոչ նրանք, ոչ էլ մենք չենք անհանգստանում:

    Համացանցում են հայտնվել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի, նրա կնոջՙ Քեյթի եւ նրանց որդու լուսանկարները: Ըստ դրանց որոշ լրատվամիջոցներ արձանագրում են, որ Քեյթը կրկին հղի է եւ գուցե հենց այդ պատճառով, գուցե անկախ այդ հանգամանքից, արքայազն Ուիլյամը ճաղատանում է, եւ մենք…

    Անհանգստանում ենք:

  • ԹՄՐԱԲԱՐՈՆ ԳՈՒՍՄԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԻՎ

    ԹՄՐԱԲԱՐՈՆ ԳՈՒՍՄԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇՆՈՐՀԻՎ

    Պ. Ք.

    Մեքսիկայի իշխանությունները բանտից փախած թմրաբարոն Խոակին Գուսմանին (մականունըՙ «Կարճլիկ») օրերս կրկին ձերբակալել են ավելի վաղ ամերիկացի դերասան եւ բեմադրիչ Շոն Փենին նրա տված հարցազրույցի շնորհիվ: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը, վկայակոչելով Մեքսիկայի իրավապահ մարմինների աղբյուրներ:

    ABC հեռուստաալիքի տվյալներով, ԱՄՆ-ում քննություն է սկսվել Փենի եւ հանդիպման կազմակերպմանը նպաստած դերասանուհի Քեյթ դել Կաստիլյոյի նկատմամբ:

    Հունվարի 9-ին «Ռոլլինգ սթուոն» հանդեսի կայքում հրապարակվեց Գուսմանի երկրոպեանոց հարցազրույցը: Փենի պնդման համաձայն, իրենց հանդիպումը եւ հարցազրույցը տեղի էին ունեցել 2015-ի հոկտեմբերին մեքսիկական ջունգլիում: Հանցագործի կենսագրությանը վերաբերող ֆիլմի նկարահանման շուրջ Փենը Գուսմանի հետ յոթ ժամ զրուցել էր դել Կաստիլյոյի ներկայությամբ:

    Հարցազրույցում Գուսմանը պատմել է ռանչոյում անցած իր մանկության, աշխատանքի որոնումների մասին, բացահայտել է անցյալ տարի բանտից իր կատարած փախուստի որոշ մանրամասնություններ, նշելով, որ ստորգետնյա թունելի կառուցման համար «Սինալոա» կարտելը վարձել էր Գերմանիայում սովորած ճարտարագետների:

    «Կարճլիկը» խոստովանել է, որ ինքը «մատակարարում է ավելի շատ հերոին, ամֆետամիններ, կոկաին, մարիխուանա, քան մեկ ուրիշը», բայց հայտարարել է, որ իրեն մեղավոր չի զգում աշխարհում «թմրանյութերի առատության» համար. նա պարզաբանել է, որ իր մահից հետո էլ այդ խնդիրը չի վերանա: Գուսմանը նշել է, որ ինքը բռնություն կիրառում է միայն ինքնապաշտպանության նպատակով եւ «տհաճություններ չի փնտրում»:

    Մեքսիկայի իշխանությունները «Սինալոա» թմրակարտելի պարագլխին օրերս ձերբակալեցին հատուկ գործողության ընթացքում: Գլխավոր դատախազ Արելի Գոմես Գոնսալեսը հայտարարեց, որ հանցագործի հետքը հաջողվել է գտնել դերասանների եւ ֆիլմարտադրողների հետ նրա շփումների շնորհիվ:

    2015 թ. հուլիսի 12-ին Գուսմանը բանտից փախել էր 10 մետր խորության վրա փորված մեկուկես կլիոմետրանոց թունելով («Ազգը» գրել է այդ մասին): Իր առաջին փախուստը նա կատարել էր 2014 թ., հանցակիցների հետ կաշառելով բանտապահներին եւ թաքնվելով լվացքի ֆուրգոնի մեջ:

    «Սինալոան» Մեքսիկայի խոշորագույն թմրակարտելներից մեկն է: Ենթադրվում է, որ այդ կազմակերպությունը մատակարարում է ԱՄՆ հասցվող բոլոր թմրանյութերի 1/3-ը: Մեքսիկայի իշխանությունները որոշել են Գուսմանին հանձնել ԱՄՆ արդարադատության մարմիններին:

  • ԿՐԿԻՆ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԻ» ՄԱՍԻՆ

    Պ. Ք.

    Բուլղարական «Ստանդարտ» թերթը տեղեկացել է «Հարավային հոսք» գազամուղի նախագծի շուրջ վարվող ռուս-բուլղարական բանակցությունների մասին: Թերթը վկայակոչում է վարչապետ Բոյկո Բորիսովի շրջապատի երկու աղբյուր:

    Վերջիններս հայտնել են, որ նախագծի հետ կապված աշխատանքները կարող են վերսկսվել արդեն մի քանի շաբաթից: Աղբյուրները նշել են, որ «Հարավային հոսքին» առնչվող բանակցությունների վերսկսումը պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերությունների վատացմամբ եւ «Թուրքական հոսքի» նախագծից հրաժարմամբ, ինչպես նաեւ ՉԺՀ տնտեսական աճի ներկայիս դանդաղ տեմպերով, ինչը հարցականի տակ է դնում «Սիբիրի ուժ» նախագծի իրականացումը:

    Թերթի աղբյուրները նաեւ նշում են, որ «Հարավային հոսքը» կհամապատասխանի Եվրոմիության 3-րդ էներգափաթեթի պահանջներին: «Ստանդարտը» իր կողմից հավելում է, որ Թուրքիայի եւ Չինաստանի հետ կապված վերոհիշյալ իրավիճակները Եվրոպան դարձնում են ռուսական գազի իրացման «կարեւորագույն եւ միակ» շուկա:

    2015 թ. սեպտեմբերի 18-ին Եվրոխորհրդարանը ԵՄ երկրներին կոչ արեց հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հայեցակարգից եւ գտնել նոր, համաձայնեցված մոտեցում: Ընդունված բանաձեւը մասնավորապես ենթադրում էր հրաժարում «Հարավային հոսք» նախագծից: Դեկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անկարայում հայտարարեց, որ ԵՄ ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսքի» նախագծի իրականացումից: Դրան փոխարինեց «Թուրքական հոսքը», որի շուրջ բանակցությունները ձգձգվում էին թուրքերի պահանջած մեծ զեղչերի պատճառով, իսկ ռուսական «Սու-24»-ի ոչնչացումից հետո նախագահ Պուտինը ամենամյա մամլո ասուլիսում հայտարարեց, որ Ռուսաստանն ակնկալում է «Հարավային հոսքի» առնչությամբ Եվրոհանձնաժողովի դիրքորոշման փոփոխություն:

    ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 12-ին Ինտերֆաքս գործակալությանը տված հարցազրույցում հերքել է բուլղարական թերթի հրապարակումը: «Ներկայումս նման նախագիծ գոյություն չունի: Այն դադարեցված է: Հետեւաբար, բանակցելու թեմա չկա», հայտարարել է նա:

    ՌԴ էներգետիկայի նախարարությունը եւ Բուլղարիայի կառավարությունը նույնպես հերքել են «Հարավային հոսքի» նախագծի վրա աշխատանքների վերսկսմանը վերաբերող լուրերը:

  • ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՆՅՈՒ-ՅՈՐՔԻ ԶՈՒՅԳ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ ՕԴԱՆԱՎԵՐ ՉԵՆ ՄԽՐՃՎԵԼ

    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՆՅՈՒ-ՅՈՐՔԻ ԶՈՒՅԳ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ ՕԴԱՆԱՎԵՐ ՉԵՆ ՄԽՐՃՎԵԼ

    Պ. Ք.

    Պնդում է ամերիկացի գիտնականը

    2001 թ. սեպտեմբերի 11-ին աշխարհը ցնցվեց ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգությունից: ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ահաբեկիչները 4 օդանավ են առեւանգել. դրանցից մեկը ջախջախվել է Փենսիլվանիայում, երկրորդով փորձել են հարվածել Պենտագոնի շենքին, իսկ մյուս երկուսը մխրճվել են Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակների մեջ եւ կործանել դրանք: Սակայն Քեմբրիջի համալսարանի ֆիզիկայի փիլիսոփայության դոկտոր Ջոն Դ. Վայնդհեմը բացատրում է, որ իրականում աշտարակների մոտ օդանավեր չեն եղել: Դրանք ավելացվել են փլուզվող երկնաքերների տեսագրության վրա: Երկրի իշխանությունները որոշակի պատճառներ ունեին, որպեսզի հասարակայնությունը հավատա, թե աշտարակներն իրենք են փլուզվել: Սակայն իրականում դրանք ականված են եղել:

    Ահաբեկչությունների տեսագրության դանդաղեցված դիտման ժամանակ երեւում է, որ օդանավը աշտարակներից մեկի մեջ մտնում է, ինչպես դանակը կարագի մեջ: Ըստ որում ինքըՙ օդանավը բնավ չի վնասվում: Օդանավի պատկերը սովորական հոլոգրամ է, պնդում է Վայնդհեմը: Հարկ է նշել նաեւ այն փաստը, որ կործանվել է Համաշխարհային առեւտրի կենտրոնի համալիրի մասը կազմած երրորդ աշտարակը: Դրա մեջ օդանավ չի մխրճվել, բայց շենքը բառացիորեն երկտակվել է յոթ վայրկյանում, թեեւ այնպես էր կառուցված, որ կդիմանար թե՛ ցունամիի եւ թե՛ սաստիկ երկրաշարժի: Աշտարակի հիմքը կազմում էին անչափ հզոր մետաղյա կառույցներ:

    Այս պատմության մեջ ամենահետաքրքրականն այն է, թե ում եւ ինչի համար էր պետք պայթեցնել զույգ աշտարակները: Վայնդհեմը տալիս է նաեւ այս հարցի պատասխանը: Բանն այն է, որ ողբերգական դեպքերից վեց շաբաթ առաջ երեք աշտարակների սեփականատերն էր դարձել ոմն Լարրի Սիլվերսթայն, որը հայտնի դեմք էր անշարժ գույքի շուկայում: Նրա ձեռքբերումը զարմացրել էր իր մրցակիցներին, քանի որ աշտարակները վնասաբեր էին եւ հույժ ծախսատար: Նախկին տերերն ուզեցել էին քանդել շենքերը եւ դրանց տեղում կառուցել թանկ բնակարաններ: Սակայն քաղաքի իշխանությունները դա չէին թույլատրելՙ վախենալով, որ աշտարակների փլուզման դեպքում քաղցկեղածին ազբեստի փոշին կծածկի Մանհեթենը, եւ քաղաքացիները հենց միայն իրենց առողջության վատացմանը վերաբերող դատական հայցերով կսնանկացնեն քաղաքը:

    Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկնաքերները ոմանց շատ էին խանգարում, նշում է ex-news կայքը: Եվ ահա հայտնվեց գործարար Լարրի Սիլվերսթայնը, որը, ի դեպ, սերտորեն կապված էր կառավարական շրջանակների հետ: Նա ոչ միայն կնքեց վարձակալման պայմանագիր, այլեւ հասավ ապահովագրական գումարի աներեւեկայելի մեծացման: Վարձակալման դիմաց նա անձամբ վճարեց պահանջված գումարի համեմատաբար փոքր մասը: Այս ամենի արդյունքում Սիլվերսթայնը աշտարակների կործանումից շահեց ավելի քան 8 միլիարդ դոլար: Հարկ է նաեւ նշել, որ շենքերի փլատակների մաքրման ժամանակ օդանավի որեւէ բեկոր չի հայտնաբերվել: Ի դեպ, Համաշխարհային առեւտրի կենտրոնի շենքերի կործման հետեւանքով զոհվեց առնվազն 2600 մարդ:

  • ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՆ

    Պ. Ք.

    Ինքնապաշտպանության ջոկատներ որոշ քաղաքներում

    Գերմանական մի շարք քաղաքներում 2016 թվականը սկսվեց խժդժություններով. հազարավոր արաբ եւ մաղրիբցի ներգաղթյալներ սեռական ոտնձգություններ կազմակերպեցին կանանց դեմ, ինչպես նաեւ կողոպտեցին նրանց: Հետագա օրերին, մասնավորապես հունվարի 9-ին եւ 10-ին, Քյոլնում եւ այլ քաղաքներում անցկացվեցին Արեւմուտքի իսլամացման դեմ պայքարող Pegida եւ «Քյոլնը ընդդեմ աջերի» շարժումների զանգվածային ցույցեր: Ներգաղթի հակառակորդների եւ կողմնակիցների ցույցերը շարունակվում են:

    Ներգաղթյալների դեմ Քյոլնում հանդես էին գալիս մոտ 600 ծայրահեղ աջեր, որոնք շաբաթ օրը քաղաք էին ժամանել գնացքով: Ավելի վաղՙ հունվարի 7-ին, «Բիլդ ամ զոնտագ» թերթի անցկացրած հարցման տվյալների համաձայն գերմանացիների 49 տոկոսը վախենում է ամանորյա հարձակումների կրկնությունից, իսկ 39 տոկոսը վստահ չէ, թե իրավապահ մարմինները մարդկանց կպաշտպանեն նման հարձակումներից:

    Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ ներգաղթյալների ընդունման կարգը կարող է խստացվել, եւ որ օրինախախտները կզրկվեն կեցության իրավունքից: Emnid հաստատության անցկացրած հարցման ընթացքում գերմանացիների 48 տոկոսն արտահայտվեց գաղթականների ընդունումը տարեկան 200 հազարի իջեցնելու օգտին: Պաշտոնական տվյալների համաձայն, Գերմանիան 2015 թվականին ընլդունել է ավելի քան 1 մլն գաղթական: Եվս 250 հազար երկիր է մուտք գործել եւ այնտեղ մնում է անօրինական կարգով:

    Ամանորյա խժդժություններից հետո Քյոլնի քաղաքապետ Հենրիետա Ռեկերը կանանց եւ աղջիկներին խորհուրդ տվեց օտարներից հեռու մնալ պարզված ձեռքի չափով: Հեգնական արձագանքների եւ քննադատությունների հեղեղը նրան ստիպեց ներողություն խնդրել իր ֆեյսբուքյան էջում: Քյոլնի ոստիկանապետը պաշտոնանկ արվեց:

    2015 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ ԵՄ-ում գաղթականների թիվն ավելացել է 85 տոկոսով, նշում է ԵՄ վիճակագրական ծառայությունը: Երեք գաղթականից մեկը փախստականի կարգավիճակ ստանալու դիմում է ներկայացրել Գերմանիայում: 2015 թ. ապրիլից հուլիս Գերմանիա է մուտք գործել ԵՄ բոլոր գաղթականների 38 տոկոսը, ըստ որում ներգաղթյալների գրեթե կեսը կազմել են սիրիացիները եւ ալբանացիները: Գաղթականների 15 տոկոսը մնացել է Հունգարիայում (աֆղաններ եւ ուրիշներ), 8 տոկոսըՙ Ավստրիայում, 7-ական տոկոսՙ Իտալիայում, Ֆրանսիայում եւ Շվեդիայում:

    Քյոլնի, Շտուտգարտի, Դյուսելդորֆի, Համբուրգի եւ Բեռլինի ամանորյա տագնապահարույց դեպքերից հետո որոշ քաղաքներում բնակչությունը սկսել է կազմել ինքնապաշտպանության ջոկատներ, որոնք արդեն ստացել են Burgerwehr («Քաղաքացիական պաշտպանություն») անվանումը: Գերմանիայի ոստիկանությունը քննադատել է այդ նախաձեռնությունը, դա բնորոշելով որպես վախի դրսեւորում: «Ներկայիս լարվածության պայմաններում նման ջոկատների ստեղծումը հակամարտության ծավալման վտանգ է պարունակում: Գերմանիայի հանրային անվտանգության համար պատասխանատու է ոստիկանությունը», հայտարարել է ոստիկանների դաշնային արհմիության նախագահ Յորգ Ռադեկը:

    Ի դեպ, ռազմագիտության ոլորտի ռուսաստանցի հայտնի փորձագետներից մեկը «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է, որ ներկայիս փախստականների զգալի մասը ատելությամբ է համակված իրենց երկրներում պատերազմների եւ ավերների պատճառ դարձած եվրոպական մեծ տերությունների հանդեպ: Նկատի ունենալով, որ Եվրոմիությունը մտադիր է առաջիկա տարիներին ընդունել մինչեւ 7-8 միլիոն գաղթականների, որոնք, չնչին բացառությամբ, մահմեդականներ են (լիբիացիներ, սիրիացիներ, իրաքցիներ, աֆղաններ եւ այլն), կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Եվրոպայում: Եվրոպացիները պարտավոր են վերազգային կորպորացիաների պարտադրած լիբերալիզմը փոխարինել չափավոր ազգայնականությամբ, այլապես Եվրոմիությունը շուտով կփլուզվի, ինչը ծանր հետեւանքներ կունենա նաեւ ԵՄ հետ 400 մլրդ դոլարանոց առեւտրաշրջանառություն ունեցող Ռուսաստանի տնտեսության եւ անվտանգության համար, նախազգուշացրել է ռուս փորձագետը:

  • ԶԵԿՈՅՑՙ ՀԱԼԷՊԻ ՄԱՅՐԱՆՈՑԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԻ ՄԱՍԻՆ

    Կիւլլապի Կիւլպենկեան հաստատութեան տնօրէն խորհուրդ

    ՆԻՒ ԵՈՐՔ – Աւելի քան 80 տարիներու ազգանուէր ծառայութեամբ, «Վերժին Կիւլպենկեան» մայրանոցը հալեպահայութեան մասնաւորապէս ու սուրիահայութեան ընդհանրապէս եղաւ բարիք մը մանաւա՛նդ գաղթական հայութեան բեկորներուն համար, որոնք Ցեղասպանութեան դառն ճակատագիրը ճաշակելով կազմեցին իրենց բոյնը ասպնջական սուրիական հայրենիքէն ներս:

    Մայրանոցը ծննդեան տուն եղաւ ու հասաւ բոլորի՛ն անխտիր, առանց յարանուանական, հատուածական ու քաղաքական գոյն տալու այս ազգօգուտ հիմնարկին: Մայրանոցին մէջ ծնան յաջորդական սերունդներ եւ այսօր անոնք ակնածանքով կը յիշեն անոր կատարած բարեսիրական մեծ գործը:

    Դժբախտաբար, սուրիական պատերազմին հետեւանքով, «Վերժին Կիւլպենկեան» մայրանոցն ալ ի շարս ազգային այլ հաստատութիւններու ստիպուած եղաւ ժամանակաւորապէս փակել իր դռները: Վերջին քանի մը տարիներուն Կիւլլապի Կիւլպենկեան հաստատութեան մայրանոցը, իր աշխարհագրական դիրքով աւելի հանդարտ վայր մը ըլլալով հայաշատ թաղամասին մէջ, ժամանակաւորապէս դարձաւ ապահով երդիք մը հայ ծերանոցի տարեցներուն համար, քանի որ պատերազմի պատճառով ծերանոցի շէնքը ռմբակոծուած եւ վնասուած էր:

    «Կիւլլապի Կիւլպենկեան» հիմնարկութեան տնօրէն խորհուրդը 25 դեկտեմբեր 2015-ին յայտարարած է համայն հալեպահայութեան, որ «Վերժին Կիւլպենկեան» մայրանոցը, բարեսիրական հիմնարկ մը, դարձեալ կը վերադառնայ իր աւանդական առաքելութեան, վերահաստատելով շէնքին առաջին յարկը իբրեւ հիւանդանոց: Նաեւ, Կիւլլապի Կիւլպենկեան հաստատութեան տնօրէն խորհուրդի որոշումով, ժամանակաւորապէս իր համալիրին մէջ ապաստան տալով հանդերձ պիտի շարունակէ իր դռները բաց պահել մեր տարեցներուն առջեւ, մինչեւ բարի աւարտը տխուր պատերազմին եւ անոնց վերադարձը դէպի հայ ծերանոցի շէնքը:

    Հալէպի մեջ, հաստատութեան եւ համալիրին լիազօր ներկայացուցիչ պրն. Օհաննէս Օհաննէսեան շուտով պիտի ձեռնարկէ վերաբացումի նախնական աշխատանքներուն, որպէսզի մայրանոցը վերագտնէ իր անցեալի հմայքը եւ վերընդունի մայրերը իր հիւանդանոցէն ներս:

    «Կիւլպենկեան» մայրանոցի վերաբացումը յոյս, անվտանգութիւն, կայունութիւն եւ աշխատավայր կը հայթայթէ Հալէպի բնակիչներուն:

    Շուտով հալեպահայութեան ուշադրութեան պիտի յանձնուի նոր զարգացումները «Վերժին Կիւլպենկեան» մայրանոցին հետ կապուած: Մինչ այդ, Կիւլլապի Կիւլպենկեան հաստատութիւնը մնայուն խաղաղութիւն կը մաղթէ Սուրիական Հանրապետութեան եւ հալեպահայութեան:

    Խմբ. կողմից տեղեկացնենք, որ հալեպահայությանը քաջ հայտնի մայրանոց-ծննդատան վերաբացումը անմիջական չէ. դեռեւս աշխատանքները նախապատրաստական փուլում են:

  • …ՈՐ ԱՎԵԼԱՆԱ ԲԱՐԻՆ ԱՇԽԱՐՀԻ

    ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

    Չկա թերեւս մի այնպիսի տոն, որն այնքան համամարդկային լինի, սիրված, սպասված իր գալստյան խորհրդով, բարու, լավի նկատմամբ տածված ակնկալիքով, ինչպիսին Ամանորն է: Տարվա մեջ մեկ անգամ տիրապետողը դառնում է բարին, երբ նոր տարվա սրընթաց մուտքի հետ օդը հագենում է բարեմաղթանքների առատությամբ եւ ամենուր թեւածող դրական այդ էներգիան մի կարճ ժամանակ ասես կարողանում է պարուրել այս ծեր ու դաժանությունից հոգնած մոլորակը անդորրի եւ խաղաղության ջերմությամբ:

    Տարեմուտ: Հակասական խոհեր: Մարդը մանկան պես ուրախանում է նոր տարվա գալով, չնայած գիտի, որ ծերանում է եւս մեկ տարով ու էլ ավելի ընդառաջ գնում դեպի իր ախուսափելի վերջը: Մարդը, նույնիսկ` ամենաանհավատը, արագորեն թերթվող ժամանակի դեմ անզոր, Ամանորի գիշերը ակամայից հավատում է հրաշքի, տուրք տալիս «ինչպես դիմավորես` այնպես էլ կանցնի…» նախապաշարմունքին ու փողոց նետում հին իրերը, եթե նա իտալացի է, ոսպով ապուր ուտում, որ շատ դրամ ունենա, եթե հունգարացի էՙ տասներկու խաղողի հատիկ ըմբոշխնում եկեղեցու զանգերի նույնաչափ զարկերի ներքո, եթե իսպանացի է, ապա երկու օրվա մեջ իր տունը հիմնահատակ մաքրում, հետո` թխում, եփում, խոհարարական մտքի հրաշքներ գործում, իսկ եթե հայ էՙ ապա, երբեմն պարտքով, նոր տարվա ճոխ սեղան է բացում…

    Փոխարենը հայը հանգստանում է 8 օր եւ ավելի, կասեք: Այո, այդ առումով Ամերիկայում իրոք «ստրկատիրական» է օրենքը: Ամանորի հանգստյան օրը հունվարի մեկն է միայն: Պատկերացնո՞ւմ եք, դեկտեմբերի 31-ն ու հունվարի 2-ը պարտադիր աշխատանքային են: Մարդու իրավունքների կատարյալ ոտնահարում է սա, ափսոս ՄԻԵԴ-ը Եվրոպայում է գտնվում: Երբ գործընկերներիս հայտնում եմ, որ Հայաստանում տարեմուտի տոնը տեւում է մինչեւ հունվարի 13-ը, երանելի հոգոցով պատասխանում են` awesome (ապշեցնող է), հետո հարցնում. «ռուսական աղցան պատրաստեցի՞ր»: Խոսքն օլիվյեյի մասին է… Չէ, ամերիկացին աղցան պատրաստելու համար տանը չի մնա: Նրա տարեմուտի ռոմանտիկան դրսում է, Թայմ Սկսվերում` դիտելու բյուրեղյա գնդի էջքը, կամ էլ ռեստորաններում:

    Ցավոք կարճատեւ է տարեմուտի պատճառած երանությունը: Նրա մուտքն ու ելքը սրընթաց է մարդու կյանքում: Տոնն արագ փոխարինվում է գորշ առօրյայով, առտնին հոգսերով, դեպրեսիայով, խրամատում գտնվող հայ զինվորի կյանքի մասին տագնապով ու ապահով, ուժեղ Հայաստան ստեղծելու համար պայքարով:

    Ըստ չինական կենդանակերպի մեկնությանՙ Կարմիր կապիկի տարիՙ 2016-ը, լինելու է անկանխատեսելի ու լավ անակնկալներով լի: Ինչ ուզում եք ասեք, սակայն տարեմուտի բերկրանքն աշխարհում ամենաշատը ճաշակում են չինացիները, պարսիկներն ու հրեաները, նշելով երկակի նոր տարիՙ համընդհանուրն ու իրենց ազգայինը: Մենք` հայերս, նույնպես ունեցել ենք մեր ազգայինը, վաղնջական ժամանակներում օգոստոսի 11-ին տոնելով հայոց նոր տարին` Նավասարդը: Ինչո՞ւ չենք վերականգնում: Ասացի ու հետո մտածեցի. բա որ պարտքով նոր տարվա սեղան գցողների թիվն ավելանա՞… Չէ, մեղք է մեր ժողովուրդը: Սպասենք լավ օրերի գալուն:

    Նյու Յորք

  • ՀԱՅԵՐՍ ԵՎ ՆԱՐԻՆՋԸ

    ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

    Հետամանորյա «պատմաբանասիրական» ուրվագիծ

    Տարաշխարհիկ մրգերն այսօր հայ մարդու համարՙ Հայաստանում թե այլուր, բարեբախտաբար ավելի քան սովորական, առօրյա երեւույթ են։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում հայաստանցու համար դրանք հազվագյուտ էին։ Անգամ ցիտրուսային պտուղները դժվար գտանելի, բաղձալի համադամներ էին, հատկապես չքավոր եւ սահմանափակ կենցաղով ապրող խորհրդահայի համար, որի աչքին ոչ միայն անանասն ու բանանը, այլեւ նարինջը լիության, փարթամ կյանքի էանիշ էր (հիշենք, թե ինչպես 1990-ականների սկզբին ՀՀ առաջին նախագահի «նարինջ ուտողներ» արտահայտությունը վրդովմունք առաջացրեց սփյուռքահայերի եւ շատ հայաստանցիների մեջ):

    Նարինջը համարվում է չինական մրգատեսակ (գիտական անվանումըՙ citrus sinensis` չինական ցիտրուս, իսկ ռուսերեն ՈտպսՖրՌվ բառն առաջացել է գերմաներեն ապֆել սինՙ չինական խնձոր բառից)։ Բառը հայոց լեզու մուտք է գործել արաբերենից (նարանջ)։ Պատմության ընթացքում այն քիչ թե շատ ծանոթ կուլտուրա է եղել Կիլիկիայի հայության համար, իսկ մերձարեւադարձից հեռու ապրող լեռնաբնակ հայության մեծ մասի համար եղել է անմատչելի մի բան։ Այս առումով հիշենք մի ուշագրավ դեպք հայոց պատմությունից։ Հայտնի է, որ Մեծ եղեռնից հետո հայրենասիրությամբ տոգորված արեւմտահայ մնացորդացն իր հարսանիքների ժամանակ սկսել է հանգանակություններ կատարել եւ դրանք նվիրաբերել հայ որբերին, Կարմիր խաչին եւ հայոց բանակին` 1920 թվականին Ադաբազար քաղաքում Պետրոս Աֆեյանի հարսանիքին եւս աճուրդ է կազմակերպվել, որից գոյացել է 40 ոսկի գումար` «Հազիւ վերջացեր էր աճուրդը, երբ հանդիսականներէն մէկը նարինջ մը նուիրեց Հայ բանակին. ժողովուրդը սիրով ընդունեց սիրազեղ այդ նուէրը եւ աճուրդի դրաւ» (տես Սօս Վանի, Նարինջ մը նուէր` Զանգեզուրի հայ առիւծներուն, «Ճակատամարտ» թերթ, 29.01.1920)։

    Խորհրդային տարիներին եւս տասնամյակներ շարունակ նարինջը եղել է ապրանքային դեֆիցիտ (անգամ շփացած Մոսկվայի համար, էլ ուր մնացՙ փոքրիկ ծայրագավառ Հայաստանի)։ Եթե հարեւան Վրաստանից պակաս հարգի մանդարինը հասնում էր Հայաստան, ապա նարինջը մնում էր հազվագյուտ դելիկատես, որը հաճախ Մոսկվայում կամ Լենինգրադում գտնվող կամ այցելող հայաստանցիները ծանրոցով ուղարկում էին Հայաստանի իրենց հարազատներին։ Եվ տարօրինակ էր թվում, որ թեեւ նարնջի հազվագյուտ լինելունՙ Խորհրդային Հայաստանում արտադրվում էր նարնջի ծամոն (որի անվանումը տպվում էր վրիպակովՙ ՆԱՐՆԶԻ…)։ Եվ մեր խնայող ու հնարամիտ տնտեսուհիները անգամ նարնջի կեղեւներն էին օգտագործումՙ դրանից մուրաբա պատրաստելով, ինչը այսօր ոչ հայաստանցիներին ու նաեւ մեր նոր սերունդներին չափազանց տարօրինակ է թվում…

    Խորհրդահայ իրականության մեջ նարնջի հազվագյուտ բնույթն արտացոլվել է Յուրի Երզնկյանի «Մեր թաղի ձայները» ֆիլմից (1959-1960) դուրս մնացած մի տեսարանում։ Ֆիլմի պատանի հերոսն իր առաջին աշխատավարձով նարինջ է գնում։ Նա մենակ նստած է բարում եւ շփման կարիք ունի։ Հարեւան սեղանի մոտ նստած ծերուկի հետ (դերակատարՙ Հրաչյա Ներսիսյան) նա խոսք է բացում դժվար գտանելի նարնջի մասին, որից հիմա իր գրպանում կա։ Ծերուկն ընթացք չի տալիս խոսակցությանը, սակայն որոշ ժամանակ անց ժպտալով մոտենում է նրան եւ ասում. «Նարի՛նջ տուր» (տես С.Г.Асмикян, Тесный кадр, Ереван, 1992, էջ 38-39): Չի բացառվում, որ այս տեսարանը կինոնկարից դուրս է մնացել հենց նարնջիՙ դեֆիցիտ լինելու փաստը խորհրդահայ էկրանից բարձրաձայնելու պատճառով…

    Հետաքրքրական է, որ տարիներ անց նարինջըՙ որպես խորհրդային իրականության դեֆիցիտ ապրանք, իր էկրանային արտահայտությունն է գտել նաեւ Կիրա Մուրատովայի «Կարճ հանդիպումներ» (1967) ֆիլմում. այս կինոնկարն էլ, ի դեպ, Մուրատովայի այլ աշխատանքների պես, կինովարձույթ չի մտել եւ կոնսերվացվել է։

    Շառլ Ազնավուրի քույրըՙ Աիդա Ազնավուր-Կառվարենցն իր հուշագրքում մի սրտաճմլիկ վկայություն է թողել 1960-կաններին Խորհրդային Հայաստանում նարնջի դեֆիցիտի վերաբերյալ։ Երբ 1965 թվականին նրա մայրը հանկարծամահ է եղել Մոսկվայի օդակայանում, եւ Աիդան ամուսնու հետ մեկնել է Մոսկվա, նրանք Փարիզից պատվիրել են հատուկ ինքնաթիռՙ տիկին Ազնավուրյանի մարմինը Ֆրանսիա վերադարձնելու համար։ Ֆրանսիայից ժամանած օդանավն իր հետ բերել է մի արկղ նարինջ։ «Մայրիկի բարեկամուհին մեզ պատմել էր, թե ինչպես իրենք Հայաստանում այցելել են մի ծեր կնոջ, որը 1946 թվականին է Մարսելից «Մայր հայրենիք» ներգաղթած եղել եւ մահվան մահճում միայն մի բանՙ գոնե մի հատ նարինջ է ուզել։ Տիկին Գայանեն խոստացել է ուղարկել, բայց ողջ Մոսկվան տակնուվրա անելովՙ ոչինչ չէր կարողացել գտնել։ Ամեն տեղ նրան նույն պատասխանն էին տվել .

    – Նարի՞նջ, իհարկե, լինում է, մի՛շտ, հենց նոր վերջացավ։

    Երբ նա մեզ ասաց այդ մասին, մենք Բրունոյին խնդրեցինք Կարավելով նարինջ ուղարկել։ Բայց ոչ, պարզվեց, որ դրանով մենք ծանր վիրավորանք ենք հասցնում ընկերվարական երկրին ։

    – Մեզ մոտ ամեն ինչ կա,- ասացին ոստիկանները,- մեր ժողովուրդը ոչ մի բանի կարիք չունի, ե՛տ տարեք նարինջները ։

    – Բայց գուցե Հայաստանի որեւէ, մի շատ հեռավոր գյուղում միշտ չի՞ ճարվում …

    – Ո՛չ, ո՛չ,- չոր-չոր ընդհատեց ոստիկանապետը,- ամեն տեղ էլ կա։ Որքան որ սրտներդ ուզի ։

    Նարինջները մեզ հետ Ֆրանսիա վերադարձան։ Մեր Սվետլանան դատարկաձեռն էր գնացել ծեր կնոջ մոտ։ Նրան թույլ չտվին մահամերձ հիվանդի համար գոնե մեկ հատ նարինջ վերցնել» (Աիդա Ազնավուր-Կառվարենց, Ափարիկս, Երեւան, 2012, ֆրանսերենից թարգմանեց Գրիգոր Ջանիկյանը, էջ 220)։

    Գոհ լինենք, որ անցել են նման անհեթեթ ժամանակները, եւ վառ գույնով, հյութալի, դրախտաբույր-դրախտահամ նարնջապտուղն այլեւս հեռավոր երազանք չէ հայաստանցիներիս համար… Ասում են, որ նույնիսկ մի ժամանակ գրեթե մերձարեւադարձային Մեղրիում (Կարճեւան գյուղում), ի թիվս այլ ցիտրուսային կուլտուրաների, նաեւ նարինջ են աճեցրել… Մնում է մաղթել, որ մեր գյուղատնտեսությունն այնքան զարգանա, որ մի օր մեր տեսականիում «նարինջ դեղձի» հետ մեկտեղ լինի նաեւ իսկական նարինջ։ «Հայաստանյան նարինջ»։ Խոստովանենք, որ լավ է հնչում…