Day:Նոյեմբերի 28, 2014

  • ԵՏՄ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿՈՒԶԵՆԱՐ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼ

    ԵՏՄ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԿՈՒԶԵՆԱՐ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼ

    ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

    Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական վերջին լսումները պետք է դառնային առաջին հանրային մեծ քննարկումն այս թեմայով, որտեղ ակնկալվում էր ստանալ ծագող բազմաթիվ հարցերի գոնե մասնակի պատասխաններ, սակայն ոչ միայն այդ հարցերի պատասխաններն այդ լսումներին չէին տրվում, այլեւ կիսատ-պռատ բացատրությունները նոր հարցեր էին առաջացնում: Մեր թանկարժեք պատգամավորների մեծ մասը չբարեհաճեց մասնակցել այդ լսումներին, մասնակցողներից էլ հատուկենտ ելույթներ եղան: Իսկ ընդհանուր առմամբ հրավիրված մասնակիցների շրջագծում էլ տեսանելի էր բոլոր հայկական քննարկումների այն ողջ ողբերգությունը, երբ իրականում ոչ թե Հայաստանի շահի բացահայտումն է օրակարգի գլխավոր առոգանությունը, այլ տարբեր երկրների շահերի լոբբիինգների հայ կրողների մրցությունը` ով ավելի լավ, ավելի գունագեղ ելույթով կքարոզի իր «ուղղությունը»: Չենք չափազանցում:

    Իսկ չէ՞ որ եկող շաբաթ ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը քննարկվելու է Ազգային ժողովում, արժեր, չէ՞, մանրադիտակով ու առավել թափանցիկ դիտարկել ե՛ւ անդամակցության հնարավորությունները, ե՛ւ վտանգները: Բայց լսելով համաձայնագիրըը պատրաստած աշխատանքային խմբին, ինչպես նաեւ լոբբիստներին` հասկանալի էր դառնում, որ նրանց քարոզչական շեշտադրումների տակ առկա չէ որոշակիություն առավելապես այն պատճառով, որ նրանք իրականում չգիտեն, թե գործելուց հետո ինչ անկանխատեսելի խնդիրների առաջ կարող է կանգնել ԵՏՄ-ն: Մանավանդ Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների, ռուսական ռուբլու արժեզրկման եւ այլ բացասական միտումների առկայությամբ բոլորիս, հատկապես ՀՀ հասարակ քաղաքացու մոտ առաջացող անպատասխան հարցերն առնվազն կրկնապատկվում են: Դրամի վերջին շեշտակի արժեզրկման պաշտոնական բացատրություններն էլ անվստահելի են թվում` ռուսական շուկային այս պահին օդի պես անհրաժեշտ ու պատժամիջոցների պատճառով դեֆիցիտ դոլարի, այսինքն` ռուսական ռուբլու եւ հայկական դրամի` զուգահեռ արժեզրկման պարագայում, երբ մերՙ առանց այդ էլ բավական խեղճուկրակ եկող տարվա բյուջեն հաշվարկված է դոլարի արժեւորումից առաջվա փոխարժեքով: Պատկերացնո՞ւմ եք ցայտնոտը մի բյուջեի, երբ ավելի դետալացված անհասկանալի է, թե ի՞նչ է սպասվում մեր դրամին ԵՏՄ անդամակցության նոր ու անկանխատեսելի պայմաններում: Իսկ Հայաստանում ամանորյա թանկացումներն արդեն սկիզբ են առել, դրանք ավելի կծանրանանՙ բա հո թանկ դոլարով ներկրված ապրանքը մեր թանկարժեք օլիգարխները էժան չե՞ն ծախի մեզ:

    Այս ֆոնին ծագող բազմաթիվ հարցերի պատասխանը պետք է տային ե՛ւ պաշտոնյա շրջանակները, ե՛ւ այլեւս միայն սոպրանո եւ ալտ ձայներից կազմված ոչ իշխանական դուետը (քանզի եռյակը կարծես արդեն դուետ դարձավ` ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից կազմված): Իսկ նրանք դեռ անկապ հարցեր են բարձրացնում` շեղելով բոլորի ուշադրությունը ԵՏՄ գնալու հետ կապված բազմաթիվ հարցադրումներից:

    Խոր վերլուծությունների գիրկը չընկնելով ու նկատի առնելով, որ եկող շաբաթ խորհրդարանը ԵՏՄ անդամակցության նշանի տակ է աշխատելու, ու միգուցե որոշ պարզություն մտնի խրթին հարցերում, մի անգամ եւս ձեւակերպենք ավելի հանրային հնչեղության հարցերը, որոնք Հայաստանի հասարակ քաղաքացին կուզենար ունենալ նաեւ իր հետագա անելիքը պատկերացնելու համար.

    – Ովքեր են օգտվելու անդամակցության տնտեսական բարենպաստ հնարավորություններից` արդյո՞ք էլի միայն իշխանության կտուրի տակ հավաքված մեր թանկարժեք օլիգարխնե՞րը` նոր բիզնեսներ գրանցելով ու ծածկելով նաեւ փոքր բիզնեսի համար նախատեսված ենթադրվելիք բարենպաստ դաշտը, ի՞նչ է արվում փոքր եւ միջին բիզնեսին դուրս չշպրտելու համար նաեւ ԵՏՄ շուկայից:

    – Մի քանի հարյուր ապրանքների չթանկանալու վերաբերյալ երաշխիքների կողքին` քանի հարյուր անուն ապրանք է թանկանալու, ո՞ր ապրանքները կթանկանան եւ որքա՞ն:

    – Ընդհանուր սահմանի բացակայության պատճառով առաջանալիք խոչընդոտներն ինչպես են հաղթահարվելու` գերադասելի է լսել առարկայական պատասխաններ` ընդհանրական եւ անորոշ ձեւակերպումների փոխարեն:

    – Ի՞նչ վիճակում է հայտնվելու ՀՀ քաղաքացին` ԵՏՄ տարածքի մյուս պետությունների համեմատ իր փոքր միջին աշխատավարձով, ինչպե՞ս է լուծվելու նոր փափուկ միգրացիոն ռեժիմի առկայությամբ Ռուսաստան արտահոսող որակյալ աշխատուժի փոխարեն սեփական նորմալ աշխատուժ ունենալու հարցը:

    – ԼՂՀ-ն Հայաստանի տարածք չի հանդիսանում` բարձրաձայնեցինք, հետո՞, եթե համաձայնագրում չկա մաքսակետ տեղադրելու վերաբերյալ դրույթ (այն չտեղադրելու դրույթ եւս չկա), դա չի նշանակո՞ւմ, որ ինչ-որ պահի, այնուամենեայնիվ, քաղաքական նպատակադրումներով այդպիսի մաքսակետ կարող է տեղադրվել:

    – Նույն կերպ` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործող ազատ առեւտրի ռեժիմը տարբեր երկրների շահերի բախումների ժամանակ չի՞ թրթռա` վտանգի տակ դնելով մեր արտահանումը եւ զրոյացնելով ձեռքբերված հայ-վրացական պայմանավորվածությունը::

    – Կամ մեր բյուջեի համար ստացվելիք մաքսային եկամուտը ( 250 մլն դոլար կամ ընդհանուր գանձված մաքսատուրքերի 1,13 տոկոսը), որ կախված է լինելու ԵՏՄ ներմուծումից, Ռուսաստանի հանդեպ շատ ապրանքների ներմուծման վրա պատժամիջոցների շարունակական կիրառմամբ եւ ընդհանուր մաքսային եկամուտի նվազմամբ չի՞ նվազի նաեւ մեր մասնաբաժնում` վտանգի տակ դնելով մեր բյուջեի եկամտային մասը:

    – Եթե մեծ աշխարհից Ռուսաստանի մեկուսացումը գնալով խորանա, ապա դա չի՞ նշանակի նաեւ Հայաստանի մեկուսացում, եւ արդյո՞ք միջազգային կառույցներում դիրքորոշումներ հայտնելիս այսուհետ Հայաստանի ձեռքերն ավելի ամուր չեն կապվելու` մեր քաղաքական շահերը սպասարկելու առումով:

    – Արդյո՞ք Հայաստանն ունի պահեստային ռազմավարություն` ԵՏՄ-ի չգործելու տարբերակի համար նախատեսված:

    Հարցերը շարունակելի են, ու թեեւ հարցերի լիարժեք պատասխանի հույս չկա պարզապես այն պատճառով, որ կառույցը դեռ չի գործում, թղթի վրա արտացոլված հնարավորությունների իրական լինելը դեռ հնարավոր չի լինի շոշափել, եւ մեր տնտեսագետներից շատերն էլ նույն հարցի վերաբերյալ հաճախ տրամագծորեն տարբեր կարծիքների են, այնուամեենայնիվ` գոնե տեսականորեն այդ հարցերը եկող շաբաթ ԱԺ-ում այս համաձայնագրի քննարկման ընթացքում գուցե մի փոքր ավելի երեւակվեն, ըստ այդմ` ՀՀ քաղաքացին եւս գուցե կարողանա կողմնորոշվել:

    Այս շաբաթավերջին ԱԺ տնտեսական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց եւ երաշխավորեց Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը առաջիկա քառօրյայի օրակարգում ներառելու որոշմանը` հինգ կողմ, երկու դեմ ձայնով:

  • ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ` ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ

    Ա. Մ.

    Կառավարության երեկվա նիստը սկսելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հարկային ստուգումներին առնչվող խնդրին եւ հետեւյալն ասաց. «Ցանկանում եմ ձեզ մի տեսակետ ներկայացնել, եւ դա նաեւ մտահոգություն է: Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարեւոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումովՙ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի եւ ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության եւ ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայումՙ վարչապետի թույլտվությամբ», ասաց վարչապետը:

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻՆՙ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

    Նախորդիվՙ այս սյունակի տակ անդրադարձել էի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարությանը, թե ժամանակն է փոխելու Երուսաղեմի կարգավիճակը: Ասել էի, որ այդ հայտարարությունը անմիջականորեն սպառնում է մերՙ հայության շահերին: Քանզի կարգավիճակի որեւէ փոփոխություն, վստահ կարելի է պնդել, սպառնում է հայության ներկայությանը Սուրբ քաղաքում, որի մեկ-հինգերորդ մասը հայապատկան է, առարկայացված վաղ քրիստոնեական ժամանակներից ի վեր այնտեղՙ Սիոնի բարձունքին տեղակայված Սբ.Հակոբ վանք-բերդամրոցով ու հարակից եկեղեցիներով, տարբեր կալվածքներով եւ հոգեւոր-մշակութային անգին հարստություններով: Նրա կարգավիճակը հաստատվել է դեռեւս 7-րդ դարի առաջին կեսինՙ Մուհամեդ մարգարեի անմիջական հաջորդներից Օմար իբն ալ Խաթթաբ խալիֆի հրովարտակով եւ այնուհետեւ պարբերաբար վերահաստատվել խաչակիր թագավորների, ապաՙ Սալահեդդին ալ Այուբիի, Եգիպտոսի սուլթանների, օսմանյան սուլթաններ Սելիմի (Եավուզ), Սուլեյման Քանունիի, Մեջիդի, եւ ապա բրիտանական «հոգատար» իշխանության, ընդհուպ Հորդանանի հաշեմական թագավորության կողմից:

    Իրականում Նաթանյահուի հայտարարությունը Երուսաղեմի նկատմամբ իսրայելական հին ծրագրի նոր բարձրաձայնումն է, որն իր հերթին արձագանքն է դեռեւս 1967 թ.ի Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Դայանիՙ իր ժողովրդին ուղղած «ավետիսի»ՙ «Աուրաշալիմ բի-յադինու» («Երուսաղեմը մեր ձեռքերում է»): Այո, իսրայելական բանակըՙ ցահալը գրավել էր Երուսաղեմը, եւ կառավարությունը այն հայտարարել էր «Իսրայելի հավիտենական մայրաքաղաք», ինչը չէր ընդունվել եւ առայսօր, 47 տարի անց, չի ընդունվում ՄԱԿ-ի անդամ երկրների բացարձակ մեծամասնության կողմից: Եվ դաՙ ոչ միայն արաբ-իսրայելական հակամարտության համապատկերում, այլեւ քրիստոնեական եկեղեցիներիՙ մասնավորապես Վատիկանի, Հույն-ուղղափառ եւ Հայ եկեղեցիների կողմից, որոնց դիրքորոշումը գոնե այս հարցում միասնական էՙ Երուսաղեմը հայտարարել միջազգային ազատ քաղաք, որպես երեք կրոններիՙ քրիստոնեության, մահմեդականության եւ հուդայականության կենտրոն:

    Ինչ վերաբերում է Հայկական Երուսաղեմին, ի տարբերություն արաբ-մահմեդականների նկատմամբ Թել Ավիվի բացահայտ թշնամական քաղաքականությանը, իսրայելական իշխանությունները Հայոց պատրիարքության դեմ աշխատում ենՙ այսպես կոչված «մաշումի» տարբերակով, հանդես բերելով աննախադեպ անհանդուրժողականություն: Դատական քաշքշուկներով, խաբեություններով, կաշառքի (ոչ առանց ներքին գործակալների մեղսակցության) եւ վերջերս էլ նորանոր ծանր հարկերի ու տուրքերի միջոցով կրծում-մաշեցնում են Հայկական Երուսաղեմը, միաժամանակ խթանում տեղի հայ երիտասարդության արտագաղթելու ձգտումները:

    Իրերի այս կացության մեջ իրոք տարօրինակ, անբացատրելի է թվում Երուսաղեմի հայոց նորընտիր պատրիարքի պահվածքը հանդեպ Մայր աթոռի ու նրա գահակալի: Նուրհան պատրիարք Մանուկյանը առաջին օրից սկսեց եւ օրերս սաստկացրեց անհնազանդության իր բացահայտ ելույթները Սբ. Էջմիածնի դեմ, անընդհատ ցուցադրելով իր չունեցած մկանները: Այնինչ հատկապես այժմ պատրիարքությունը կարիք ունի Մայր աթոռի պաշտպանությանը, վերջինիս միջազգային կապերին ու հեղինակությանը: Այստեղ են ասելՙ «խրախճանքՙ ժանտախտի պահին»….

    Առայժմ մի կողմ թողնելով Երուսաղեմ-Սբ. Էջմիածին միակողմանիորեն սրված հարաբերությունների հարցը, ուզում եմ ընդգծել` ՀՀ իշխանությունների համար ժամանակն է ազդու կերպով գործի լծվելու: Երուսաղեմի եւ այնտեղ հայկական շահերի եւ իրավունքների հարցը ոչ այնքան եկեղեցական, որքան քաղաքական է, ոչ միայն տեղական, այլեւ միջազգային մակարդակի խնդիր, որը պետք է ջանալ կարգավորել պետական մակարդակով, անմիջականորեն, եւ ոչ թե Կահիրեից, այլ հենց Թել Ավիվից, այնտեղ հաստատելով մեր դեսպանությունըՙ ձեռնհաս մարդկանցով, առանց նկատի ունենալու Իսրայելի կառավարության առարկությունները, կամ բարեկամ մահմեդական որոշ երկրների չկամությունը:

    Դա՛ է պահանջում մեր ազգային շահը: