Day:Հոկտեմբերի 5, 2013

  • ՀԻՄԱ ԷԼ ՖՅՈՒԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՆՇԵՑ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

    ՀԻՄԱ ԷԼ ՖՅՈՒԼԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՆՇԵՑ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

    Վ. Պ.

    Հայաստանի նախագահը հոկտեմբերի 2-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց, թե Հայաստանը գնալու է Վիլնյուս` Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, ու ցանկանում է նախաստորագրել Ասոցիացման համաձայնագիրը: Եթե Հայաստանի նախագահը որեւէ դրական արձագանքի սպասելու հույս չունենար Եվրոմիությունից, դժվար թե նման հայտարարություն աներ, այլապես կստացվի, թե նախագահն իր բաղձանքն արտահայտեց, որը ԵՄ-ում լսելու ցանկություն չկա:

    Եվրոչինովնիկներն էլ իրենց հերթին են հայտարարություններ անում, սակայն դրանցում Հայաստանի հետ որեւէ փաստաթղթի ստորագրման, նախաստորագրման մասին խոսք չկա:

    Ավելին, գնալով հստակ է նշվում, որ նախաստորագրման պատրաստվող մյուս երկրների հետ արարողությունն իրականացվելու է, ու այդ շարքում Հայաստանը չկա:

    «Հույս ունենք, որ Վիլնյուսում հնարավոր կլինի տոնել Ասոցիացման համաձայնագրի եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի (ԱՀ/ԽՀԱԱԳ) ստորագրումը Ուկրաինայի հետ, ԱՀ/ԽՀԱԱԳ նախաստորագրումը Մոլդովայի եւ Վրաստանի հետ, շարժունակության օրակարգի լավ առաջընթացը, ներառյալ` Վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի կնքումը Հայաստանի ու Ադրբեջանի հետ, համագործակցության շոշափելի արդյունքները տարբեր սեկտորներում, հատկապես տրանսպորտի եւ կրթության», երեկ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի ունեցած Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հերթական հանդիպմանը հայտարարել է ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

    Պաշտոնական հաղորդագրության համաձայնՙ առաջին անգամ գործընկեր երկրում անցկացվող հանդիպմանը Ֆյուլեն ընդգծել է, որ Եվրոմիությունը հաստատակամ է շարունակելու համաձայնեցված օրակարգը, սակայն նաեւ հրամայական է, որ Արեւելյան գործընկերների կառավարությունները քաղաքական կամք դրսեւորեն եւ իրականացնեն բարեփոխումները:

    Տեսնենք, թե մնացյալ ամիսուկես ժամանակահատվածում ինչ զարգացումներ կլինեն, քանի որ ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական կողմից նշվում է, թե բանակցում են, իսկ թե ինչ` չի հայտարարվում:

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՈՒՂԵՐՁԸ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ

    Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

    2008 թվականից Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի 7-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը:

    Արժանապատիվ աշխատանքը ենթադրում է ոչ միայն բնակչության զբաղվածություն, այլեւ աշխատանքային անվտանգ պայմանների ապահովում եւ աշխատողների արդար վարձատրություն, որոնք էլ հանդիսանում են թե Արհմիութունների միջազգային կոնֆեդերացիայի եւ թե Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը:

    Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այս տարի նույնպես հանդես է գալիս արժանապատիվ աշխատանքի ապահովման պահանջով, քանի որ այսօր յուրաքանչյուր աշխատողի երազանքն է ունենալ ապահով, արժանապատիվ աշխատանք եւ համարժեք վարձատրություն:

    ՀԱՄԿ-ը, հավատարիմ մնալով աշխատողների կենսական շահերն ու իրավունքները պաշտպանելու կոչմանը, իր գործունեությամբ նպաստում է սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացմանըՙ ուղղված երկրում զբաղվածության մակարդակի բարձրացմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության կայացմանն ու զարգացմանը:

    ՀԱՄԿ-ը կոչ է անում անդամ կազմակերպություններինՙ հետեւողականորեն բարձրացնել արհմիութենական կազմակերպությունների ու նրանց անդամների մարտունակությունը, ինչպես նաեւ արհմիությունների շարքերն ընդլայնել ավելի շատ երիտասարդներով:

    ՀԱՄԿ-ը համոզված է, որ արհմիությունների համերաշխ գործունեությունը կխթանի արհմիութենական շարժման առաջընթացը եւ հանրության շրջանում նրա դերի, աշխատողների արժանավայել կենսամակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ աշխատանքի առողջ եւ անվտանգ պայմանների ապահովումը:

  • ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՋԱՐԴ ՍԱԲԻՐԱԲԱԴՈՒՄ` «ՄԱՀ ՀԱՅԵՐԻՆ» ԿՈՉՈՎ

    ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

    Երեկ Ադրբեջանի նախագահի ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի նախընտրական հանդիպումը Սաբիրաբադի մարզադաշտում վերածվել է արյունալի բախումների: «Ենի մուսավաթ»-ի տեղեկագրմամբՙ Սաբիրաբադի գործադիր իշխանության ղեկավար Նազիմ Իսմայիլովն «անձամբ կոչ է արել հաշվեհարդար տեսնել Ջամիլ Հասանլիի նկատմամբ»:

    Տեղի ընդդիմադիր ուժերը, սակայն, «կենդանի պատնեշ են դարձել հարձակվողների եւ Ջամիլ Հասանլիի ու ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլիի միջեւ, նրանց դուրս բերել մարզադաշտից»: Նախընտրական հանդիպումը դեռ չսկսված` ավարտվել է:

    Հաշվեհարդարի նետված ջարդարարների թիրախ են դարձել Բաքվից գնացած լրագրողները: «Թուրան» գործակալության հաղորդագրմամբՙ «ոստիկանությունը ոչ միայն չի կանխել ջարդը, այլեւ արգելափակել է լրագրողներին` հնարավորություն չտալով, որպեսզի վերջիններս կարողանան գոնե փախչել»:

    Տուժել են «Թուրան»-ի ֆոտոլրագրող Էթիմադ Բուդաղովը, «Ենի մուսավաթ» թերթի աշխատակիցներ Ռոյա Ռաֆիեւան եւ Նարգիզ Յաղուբլին, «Ազադլիգ» թերթից` Ռամին Դեկոն եւ Սեւինջ Վագիֆգըզին, ինչպես նաեւ անկախ լրագրողներ Իլհամ Ռասուլզադեն, Սաբիր Բաջարանը, Ջհանգիր Յուսիֆլին, Մուհամել Թյուրքանը եւ ուրիշներ:

    Բոլորն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ «մեկ լրագողի ատամներն են փշրել»:

    Հաղորդագրվում է, որ «լրագրողները մեծ ջանքերի գնով են միայն կարողացել դուրս գալ հարձակվողների եւ ոստիկանության շրջափակումից»: Ընդդիմադիր քաղաքական գործիչները շտապել են լքել Սաբիրաբադը:

    Սաբիրաբադյան ջարդի նախօրեին հանրային կոչվող հեռուստատեսության ուղիղ եթերում «Իսկական մուսավաթ» կոչվող խմբավորման առաջնորդ Հաֆիզ Հաջիեւը, որին ադրբեջանական ոչ իշխանամետ մամուլը կնքել է «ընտրություններում վարչախմբի ներդրած սադրիչ», Ադրբեջանի «պատվախնդիր քաղաքացիներին» կոչ է արել «հրապարակային քարածեծ անել Ջամիլ Հասանլիին եւ Ալի Քերիմլիին, որտեղ էլ նրանց հանդիպեն»:

    Իր «հայրենասիրական պատգամին» ավելի մեծ կարեւորություն տալու համար Հաջիլին «բոլոր ադրբեջանցիներին տեղեկացրել է, որ Ջամիլ Հասանլիի փեսան թեեւ հանդես է գալիս որպես անգլիացի, բայց իրականում հայկական ծագում ունի»:

    Ըստ ամենայնի, երեկ Սաբիրաբադում վերստին «մահ հայերին» կոչն է մարզադաշտ հասցրել «պատվախնդիր» ջարդարարներին, որոնք մտադրված են եղել քարածեծ անել «հայի աներ-հայրիկ» Ջամիլ Հասանլիին, բայց տուժել են ադրբեջանցի լրագրողները:

    Երեւույթը գուցե դաս լինի նույն այդ լրագրողների համար, որոնք Ադրբեջանում հայատյացություն սերմանելու գործում իշխող վարչախմբից ոչնչով հետ չեն մնում: Իսկ որ իլհամալիեւյան ռեժիմը քաղաքական ընդդիմախոսների դեմ ֆիզիկական հաշվեհարդար կազմակերպելիս իբրեւ «արդարացում» շրջանառում է նրանց «հայկական հետքը», Ադրբեջանում քսենոֆոբիայի եւ ռասիզմի ցցուն վկայությունն է:

  • ԼՈԼԻԿՆԵՐՈՎ ԵՎ ՁՎԵՐՈՎ

    ԼՈԼԻԿՆԵՐՈՎ ԵՎ ՁՎԵՐՈՎ

    ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

    ՀՀԿ երիտթեւը եւ մի շարք ՀՀԿ-ամերձ ակտիվիստներ ուզում են Զարուհի Փոստանջյանին լոլիկներով եւ ձվերով դիմավորել հոկտեմբերի 5-ին, Փարիզ- Երեւան չվերթով նրա վերադարձին: Անկախ նրանից, թե այս «հանճարեղ» միտքը ո՞ր «հանճարեղ» գլխում է ծագել, մի շարք այլ հանճարեղ գլուխներ կարող են, չէ՞, եզրակացնել, որ սա կարող է բերել բախման, քանի որ օդանավակայան կգնան ոչ միայն նրանք, ովքեր դատափետում են Փոստանջյանին, այլեւ Փոստանջյանի կողմնակիցները եւ էլ ով ասես: Է՞:

    Մի ավելի խելացի բան չէիք կարող մտածել` բախում հրահրելուց բացի, ու կարծում եք, թե երկրի նախագահին պե՞տք է ձեր այդպիսի վայ-պաշտպանությունը: Էն է` նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը կոչ է անում ձեռնպահ մնալ Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում վանկարկումներով դիմավորելու նախաձեռնությունից: Թե ՞ կարծում եք` նա ասում է մի բան, որ դուք լրիվ հակառակն անեք: Չէ, լուրջ, Արման Սաղաթելյանի ասածում ոնց որ լրջություն կա. «Մենք չենք ընդունում եւ սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որեւէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման նախաձեռնությունից», զգուշացնում է նախագահի մամուլի խոսնակը:

    Իսկ եթե ՀՀԿ-ական երիտասարդների արյունը եռում է, եւ նրանք ուզում են անպայման իրենց նվիրվածությունը ցույց տալ երկրի նախագահին, թող նախագահի ու նրա (մեր) երկրի որդեգրած արժեքներին սատար կանգնեն, որոնք սակայն կյանքում ներդնելիս խոչընդոտների են հանդիպում:

    Իսկ եթե ձեռքները քոր են գալիս ու Լֆիկ Սամոն էլ իր խանութից ձրի լոլիկ ու ձու է տալիս` ուզում են անպայման ցույց անել ու լոլիկ շպրտել, քանի որ արդեն ազարտի մեջ են, մատնացույց ենք անում ավելի արժանի հասցե. թող օդանավակայանի փոխարեն գնան Արմավիրի մարզ, գտնեն էն քննիչին, որն իր ամբիցիաների, կամ ինչ գիտեմ` այլ շարժառիթների խաթրու 30 կապ ծխահարված խոտի համար, այն էլ առանց ապացուցողական հիմքի, փաստորեն պատժում է մի լույս երիտասարդի, «Լույս» հիմնադրամի շրջանակում Քեմբրիջում կրթված Արամ Մուղալյանին եւ նրա երեք ընկերներին: Պատժում է` հինգ ամիս խափանման միջոց կալանքի միջոցով քրեակատարողական հիմնարկում պահելու միջոցով եւ փաստորեն ՀՀԿ-ի պաշտպանած գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի խոսքը գետին գցելով, որ ասում էր, թե կալանքը որպես խափանման միջոց կիրառելը անթույլատրելի է հաճախ ու դրանից առավելագույնս պետք է հրաժարվել: Էս քննիչը, ուրեմն, շատ է երեւի կատաղել, որ Արամ Մուղալյանը չի ուզում տեղավորվել իր սարքած գործի մեջ ու իր իրավունքներն է պաշտպանում, ինչպես Քեմբրիջում են սովորեցրել, ուրեմն իր վրեժխնդրական բնազդներն է բավարարում (քննիչը)` այդպիսով ոտքի տակ տրորում է բոլոր ՀՀԿ-ականներին, Գեւորգ Կոստանյանին, երկրի նախագահին, քանի որ նրանց ասած իրավական բարեփոխումների ոլորտից դուրս է մնացել: Առեք լոլիկներն ու գնացեք էդ քննիչի մոտ, մի երկու հատ որ շպրտեք` չապացուցված մեղքի համար պատժվող երիտասարդին պաշտպանելով, քննիչը տեղը կբերի օրենքը, ու երկրի ղեկավարությանը չի վարկյաբեկի, Արամ Մուղալյանն էլ հացադուլից ու ջրադուլից դուրս կգա, մենք էլ կիմանանք` իրավական երկրում ենք ապրում: Այդպես ավելի շատ օգուտ տված կլինեք երկրի նախագահին ու գաղջ մթնոլորտն էլ մասամբ կցրեք: Թե չէ` օդանավակայա՜ն, Զարուհի՜, աչք մտնելու հեշտ ձեւ եք, էլի, գտել…