Day:Սեպտեմբերի 17, 2013

  • ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԿԱՐԺԵՆԱ ՄՈՏ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐ

    Սիրիայի քիմիական զենքը «հնարավորինս արագ» ոչնչացնելու վերաբերյալ շաբաթավերջին Ժնեւում ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնությունը շատ մեկնաբաններ անվանում են «պատմական ճեղքում» եւ Մոսկվայի «դիվանագիտական հաղթանակ»: Այս շաբաթ ժնեւյան բանակցությունների արդյունքները քվեարկության կդրվեն ՄԱԿ-ի ԱԽ-ում:

    ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ընդունած համաձայնագրում ասված է, որ Սիրիայի տարածքում գտնվող ամբողջ քիմիական զենքը պետք է ոչնչացվի մինչեւ 2014 թ. կեսերը, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Կողմերի նախնական գնահատման համաձայն, Սիրիան ունի մոտավորապես 1000 տոննա քիմիական զենք ու պայթուցիկներ, ինչպես նաեւ պղպեղային գազ: Ըստ որում, Քերրին առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանել է, որ քիմիական զենք ունի ոչ միայն Բաշար Ասադի վարչակարգը, այլեւ ընդդիմությունը:

    Ֆինանսավորումն իրականացնելու պատրաստակամություն հայտնել էին թե՛ Մոսկվան եւ թե՛ Վաշինգտոնը: Ակնկալվում է նաեւ այլ երկրների մասնակցությունը: Փողով եւ տեխնոլոգիաներով օգնելու պատրաստակամություն է հայտնել Գերմանիան: Ինչ վերաբերում է զենքի ոչնչացման ծախսերին, ԱՄՆ-ը կարծում է, որ գործողությունը կարժենա 150 մլն դոլար: Ռուսաստանի կարծիքով, ծախսերն ավելի շատ կլինեն:

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ

    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    Բարձր գործազրկություն եւ մեծաթիվ թափուր աշխատատեղեր

    Գործազրկության թեմային անդրադառնալովՙ մեր նախորդ համարներից մեկում («Ինչպես է փոխվել գործազրկությունը Հայաստանում վերջին տարիներին», «Ազգ», 13.09.2013 թ.), գրել էինք, որ 2012-ին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 16,4 տոկոս: Գործազրկության մակարդակի այս ցուցանիշը երկրորդ անգամն է գրանցվել մեր երկրում եւ ամենացածրն է վերջին 13 տարիների ընթացքում: Միեւնույն ժամանակ, նշել էինք, որ այս ցուցանիշը շարունակում է համարվել բարձր, քանի որ թվային առումով Հայաստանում գործազուրկ է աշխատունակ մոտ 1,2 մլն բնակչությունից ավելի քան 62 հազարը:

    Սակայն գործազրկության բարձր ցուցանիշի հետ մեկտեղ, Հայաստանի աշխատանքի շուկան առանձնանում է մեկ այլ գործոնով` մի քանի հազար թափուր աշխատատեղերով: Այսինքն, մի կողմից ունենք 62 հազար գործազուրկ, մյուս կողմից` մոտ 3 հազար թափուր աշխատատեղեր միայն «Զբաղվածության պետական ծառայության» բազայում, չհաշված աշխատանքի տեղավորման գործակալությունների եւ կադրային կենտրոնների բազաները: Ընդ որում, սա ամբողջը չէ, քանի որ գործատուների մեծ մասը չի դիմում ոչ պետական, ոչ մասնավոր գործակալություններին, նախընտրում է աշխատակից փնտրել իր ծանոթների շրջապատում կամ պարզապես հայտարարություն փակցնելով իր օբյեկտի դռանը: Ամենակոպիտ հաշվարկներով, այս ամբողջը միասին միջին հաշվով Հայաստանում առկա է առնվազն մինչեւ 10 հազար թափուր աշխատատեղ: Սրա մեջ չենք ներառում ՏՏ ոլորտի թափուր աշխատատեղերը, որտեղ գործող ընկերությունների ղեկավարաները պարբերաբար հայտարարում են, որ ոլորտում տարեկան 1000-2000 ծրագրավորողների պահանջարկ կա:

    Ո՞րն է այս պարադոքսի պատճառը, ինչո՞ւ վերոնշյալ 62 հազարից 10 կամ 12 հազարը իր աշխատանքը չի գտնում թափուր աշխատատեղերի մեջ: Պատճառը մեկը չէ, ստեղված իրավիճակում կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ:

    Առաջին եւ թերեւս հիմնական պատճառը աշխատանքի վարձատրությունն է: Հայաստանում այս պահի դրությամբ միջին աշխատավարձը 155 հազար դրամ է, պետական համակարգում աշխատողներինը` 127 հազար դրամ պետական, մասնավորում`186 հազար դրամ: Ի՞նչ աշխատավարձեր են առաջարկում թափուր աշխատատեղեր ունեցող մասնավոր ընկերությունները: Դրանք տարբեր են` կախված մասնագիտություններից, աշխատաժամանակից եւ գործատուի պահանջներից ու ֆինանսական հնարավորություններից:

    Օրինակ` մի դեպքում խոհարարին կարող է առաջարկվել 100 հազար դրամ աշխատավարձ առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 21-ը (12 ժամ), իսկ մեկ այլ դեպքում` 2 ժամ պակաս խոհարարի աշխատանքի դիմաց` 80 հազար դրամ: Երկու դեպքում էլ առաջարկվող աշխատավարձը ցածր է միջին աշխատավարձից, ինչն էլ այս մասնագիտության թափուր աշխատատեղերի առկայության պատճառն է: Նման իրավիճակ է ստեղծված կահույքագործ, հացթուխ, վարորդ, անվտանգության աշխատակից, դեղագետ, ավտոէլեկտրիկ եւ մի շարք այլ մասնագիտությունների մասով:

    Խոսելով պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասինՙ թվարկենք դրանցից հիմնականները` դիմահարդարներ, վարսահարդարներ, մատնահարդարներ, ավտովերանորոգողներ, էլեկտրիկներ, կարողներ, կոշկագործներ, կռունկավարներ, փականագործներ, խառատներ, հղկողներ, ատաղձագործներ, եռակցողներ, հրշեջներ եւ այլ մասնագիտություններ: Ամենամեծ պահանջարկն ու մշտապես առկա թափուր աշխատատեղեր կան մատուցողների, վաճառողների, հսկիչ-վաճառողների, առաքիչ-վարորդների եւ հատկապես հավաքարարների համար: Վերոնշյալ բանվորական մասնագիտությունների մասով, բացի աշխատավարձերից, մեծաթիվ թափուր աշխատատեղերի առկայությունը պայմանավորված է նրանով, որ չկան կամ գրեթե չկան ուսումնասկան հաստատություններ, որոնք պատրաստում են այս մասնագետները: Նախկին պրոֆտեխուսումնարանները նոր նոր են սկսում ոտքի կանգնել, վերածվելով արհեստագործական դպրոցների: Մինչ դրանք կայանան եւ մասնագետներ պատրաստեն, այս աշխատատեղեր գծով թափուր աշխատատեղերը դեռ կլինեն:

    Դրա հետ մեկտեղ այնպես չէ, որ մտավոր աշխատանք պահանջող թափուր աշխատատեղեր չկան: Բացի արդեն հիշատակած որակյալ ծրագրավորողներիցՙ մեր աշխատաշուկան կարիք ունի նաեւ տնտեսագետների, ճարտարագետների, հաշվապահների, դասավանդողների, դաստիարակների, ուսուցիչների, մենեջերների, գործակալների, դիզայներների, սարքավորումների եւ համակարգչային օպերատորների: Մարզերում սուր պահանջարկ կա տարբեր նեղ մասնագիտացումներով բժիշկների, այն դեպքում, երբ Երեւանը գերհագեցած է բժշկական կադրերով: Այստեղ թափուր աշխատատեղերի կարեւոր պատճառ է այդ մասնագիտություններն ունեցող մարդկանց ավելի բարձր աշխատավարձի ակնկալիքը, ինչը շատ դեպքերում չի բավարարվում, իսկ ավելի ցածր աշխատավարձով առաջարկին էլ աշխատանք չունեցողները չեն համաձայնվում:

    Մյուս կողմից, նշենք, որ շատ հաճախ բարձր աշխատավարձով աշխատանքից հրաժարվողներ են լինում: 100 հազար դրամ գումարած որոշակի տոկոսներ, որոնցով ներառյալ ընդհանուր վարձատրությունը կկազմի 150 հազար դրամ վարորդ-առաքիչի աշխատանքը համարվում է ցածր վարձատրվող: Նույնը նաեւ հասարակական տրանսպորտի ավտոբուսների վարորդների աշխատանքը, որտեղ ընդհանուր վարձատրությունը 200 հազար դրամից ցածր լինելու դեպքում վարորդները հրաժարվում են աշխատել: Օրինաչա՞փ է նման իրավիճակը, թե՞ ոչ, դժվար է գնահատել: Այդուհանդերձ, թեկուզ ժամանակավորապես աշխատելն ավելի նախընտրելի է, քան աշխատանքի բացակայությունից դժգոհելը:

    Ասվածին ավելացնենք նաեւ գործատուների պահվածքն ու առաջարկվող աշխատանքի պայմանները, որոնք վանում են տվյալ հաստատությունում աշխատելուց` անկախ աշխատավարձի բարձր կամ ցածր լինելուց: Գործատուներից, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների, շատերի ընկալմամբ աշխատողներն ասես իրենց սեփականությունը լինենՙ դրանից բխող բոլոր տհաճ հետեւանքներով` դաժան շահագործում, աշխատավարձի չվճարում, կոպիտ վերաբերմունք, լրացուցիչ պարտավորություների բարդում եւ այլն: Սրանք միայն մի մասն են այն տհաճ իրողությունների, որոնց հանդիպում են աշխատանք փնտրողները:

    Ինչ մնում է պետական համակարգին, ապա այստեղ թափուր աշխատատեղերի գլխավոր պատճառը ֆինանսականն է` ցածր աշխատավարձերը, որոնք չեն դիմանում մասնավորի մրցակցությանը: Պակաս դեր չեն խաղում զանազան ինտրիգները, մեկը մյուսից բամբասելն ու բողոքելը վերադասին, գերատեսչության ղեկավարների «մարդը» լինել կամ չլինելու հետ կապված կարգավիճակը, սուբյեկտիվ նկատողությունները եւ այլն: Ակնալվում է, որ պետական համակարգում թափուր աշխատատեղերի հարցը որոշակիորեն կլուծվի եկող տարվանից, պայմանավորված քաղծառայողների աշխատավարձերի սպասվող նկատելի բարձրացումով:

    Այնուամենայնիվ, մեծ գործազրկության եւ զգալի թափուր աշխատատեղերի առկայությունը մեր երկրում ոչ մի կերպ նորմալ համարել չի կարելի: Պետությունը կարող է նպաստել այս հարցի լուծմանը պետական աշխատատեղերի վարձատրության ավելացմամբ, կրթական համակարգում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների ուսուցման տեղերի ավելացմամբ, մասնավորները` գոնե աշխատանքի տարրական պայմանների եւ հնարավորինս մրցունակ աշխատավարձերի վճարմամբ, իսկ աշխատանք փնտրողներն էլ` նախապատվություն տալով աշխատելուն` աշխատանքի չլինելու պատճառաբանություններով արդարանալու փոխարեն:

  • «ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՇԻԱՆՈՒՄ Է»

    Հ. ՉԱՔՐՅԱՆ

    Ահազանգ «Ակօսից»

    Ահազանգը օգոստոսի 30-ի համարում հնչեցրել էր «Ակօս» օրաթերթը: Խոսքը Ստամբուլում բնակվող հայության մասին է: Պոլսահայ արտահայտությունը չենք օգտագործում, որովհետեւ նրանք վաղուց են լքել իրենց ծննդավայրը: Նրանց փոխարինել են այսպես կոչված Անատոլիայի տարբեր քաղաքներից Ստամբուլ մեկնած հայերը, որոնք մեծապես թուրքախոս էին: Թերեւս դրա պատճառով որքան էլ հայկական վարժարաններ հաճախեին, հայերենը այս հայերի երեխաների համար մայրենի լեզու չէր դառնում:

    Ինչ վերաբերում է նրանց ազգանուններին, որոնք հաճախ «օղլու» վերջավորությունն ունեն, ապա դա էլ պետք է բացատրել «Անատոլիայի» հայության ավելի քան իրավազուրկ վիճակով: Թուրքիայում հայերի նկատմամբ չդադարող հալածանքները, համատարած հայատյացությունը, մշտական վախի պայմաններում գավառաբնակ հայերին զրկել էին անձնագրային թուրք աշխատողին հակաճառելու ամեն մի հնարավորությունից, որը կամայականորեն «յան» վերջավորությունը փոխարինում էր «օղլու»-ով, իսկ լավագույն դեպքումՙ «օղլու» չէր գրում: Թուրքահայը Քեմալ Աթաթուրքի ժամանակակից Թուրքիայում հետզհետե հայտնվում էր թուրքի ազգանունը կրելու հարկադրանքի տակ:

    Գալով «Ակօսի» հոդվածինՙ ապա դա պատրաստել է Արմեն Տատըրը : Ստամբուլում հայ բնակչության փոշիացումը համարելով թուրքահայ համայնքի կենսական խնդիրներից, հեղինակը փոշիացման մասին պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմել է Սահակ արք. Մաշալյանի կարծիքին:

    Նախքան սրբազան հոր պազաբանումներին անդրադառնալը, նշենք, որ ներկայումս Ստամբուլում բնակվում է շուրջ 60 հազար թուրքահայ: Մինչդեռ այդ ցուցանիշը 1927-ին Թուրքիայի Հանրապետությունում անցկացված առաջին մարդահամարի տվյալներով 140 հազար էր կազմում, ընդ որում ցուցանիշը չէր ընդգրկում ինչպես կաթոլիկ, այնպես էլ բողոքական հայերին:

    Սահակ սրբազանը «Ակօսի» հեղինակի խնդրանքն ընդառաջելիս մատնանշել է, որ վերջին տարիներին թաղման արարողությունները մշտապես կրկնապատկվում, նույնիսկ գերազանցում են մկրտության խորհրդակատարությունները: Նա բերել է 2012-ի օրինակը եւ ընդգծել, որ 2012-ին 482 թաղման ծեսի դիմաց կատարվեցին 236 մկրտություն եւ 191 պսակադրություն:

    Այնուհետեւ Սահակ սրբազանը շարունակել է. «Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ այս տարբերությունը ապագայում էլ ավելի կաճի: Հողասահք ենք ապրում, որի ընթացքին ամեն ինչ սպառվելու է: Հազիվ մի քանի աշակերտներով պիտի ջանանք բաց պահել մեր դպրոցները: Երբ վախճանվեն ներկայումս եկեղեցի փութացող տարեցները, ապա նույն պատկերին ականատես կլինենք նաեւ եկեղեցիներում:

    Այս ամենին պետք է ավելացնել նաեւ 30 տոկոսին հասնող խառը ամուսնությունները եւ նրանց սերնդի հավանական կորուստը: Ավելին, որքան էլ դանդաղ ընթանա, արտագաղթն այնուամենայնիվ շարունակվում է: Դեռ պետք է նկատի առնել երկրից փախչելու տրամադիր փոքրամասնության հոգեբանությունը:

    Մի պահ մտածենք. կարո՞ղ է ստամբուլահայությունը դիմանալ այնպիսի նոր սարսափի, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը: Ի՞նչ ազդեցություն կունենա Սամաթիայի հարձակումների կրկնությունը համայնքի վրա: Որքա՞ն կհարատեւի փոքրամասնությունների նկատմամբ ներկայիս մեղմ քաղաքականությունը Թուրքիայում: Ի՞նչ վիճակում կհայտնվենք, եթե երկրում իշխանության գան ազգային դիմագծով կառավարություններ, ինչպես եկել էին 70-ական թթ.: Աստված մի արասցե, Միջին Արեւելքի բախումները տարածվեն մեր երկրում կամ բռնկվեն թուրք-քրդական բախումներ: Եթե ներկա դրությամբ բացվի հայ-թուրքական սահմանը, ապա անկասկածելիորեն բնակչության ներհոսքը տեղի կունենա դեպի մեր կողմը: Բայց առկա է նաեւ դրա հակապատկերը: Եթե Հայաստանը բարեկարգի իր խնդիրները, ապա Սփյուռքի համար կդառնա ձգողականության կենտրոն եւ այս անգամ մենք կգաղթենք հայրենիք»:

  • ՆԱԽԱԳԱՀԸ` ՄՈՍԿՎԱ, ՆԱԽԱՐԱՐԸ` ՎԱՐՇԱՎԱ-ՀՌՈՄ-ՎԱՏԻԿԱՆ

    ՆԱԽԱԳԱՀԸ` ՄՈՍԿՎԱ, ՆԱԽԱՐԱՐԸ` ՎԱՐՇԱՎԱ-ՀՌՈՄ-ՎԱՏԻԿԱՆ

    Վ. Պ.

    Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 16-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնությունՙ մասնակցելու Մոսկվայի հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման եւ եկեղեցական համալիրի բացման արարողությանը:

    Այսօր էլ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վարշավա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ:

    ԱԳՆ մամուլի հաղորդագրության համաձայնՙ սեպտեմբերի 18-20-ը նախարար Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Հռոմ, որի ընթացքում հանդիպումներ կունենա Իտալիայի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձաստիճան ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների իտալական ինստիտուտում:

    Սեպտեմբերի 19-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Սուրբ աթոռում ՀՀ դեսպանատան բացման արարողությանը: Վատիկանում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում կունենա Սուրբ աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար Դոմինիկ Մամբերտիի հետ:

    Էստեղ են ասել` ամեն մարդ իրա դարդին…