Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ:
97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը մրցեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով:
Նախորդ անգամ Ալեքսանյանն ու Միլովը հանդիպել էին 2020 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Ալեքսանյանը հաղթանակի էր հասել 2 րոպեում 9:0 հաշվով: Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի քառակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից՝ հաղթանակը շնորհելով Ալեքսանյանին: 1/8 եզրափակիչում 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակիչում էլ ժամանակից շուտ 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ: Կիսաեզրափակիչում 3:1 հաշվով առավելության էր հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի նկատմամբ:
Արթուր Ալեքսանյանը մրցագորգից բացակայում էր Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո, որտեղ անորոշ մրցավարության արդյունքում Մուսա Եվլոեւի հետ եզրափակիչ գոտեմարտում արժանացել էր արծաթե մեդալի:
Արթուր Ալեքսանյանը 2012թ., 2013 թ., 2014թ., 2018թ. եւ 2020 թվականների Եվրոպայի չեպիոն է, 2014թ., 2015թ. եւ 2017 թվականների աշխարհի չեմպիոն, 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն:
2011-ից Հայաստանի լավագուն մարզիկների շարքում է, 4 անգամ գլխավորել է լավագույն տասնյակը: Արթուր Ալեքսանյանը 2012-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով, 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
2016 թվականից Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի է: 2019 թվականից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան է:
Աղբյուր՝ News.am