ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, որտեղ նրան զեկուցել են, որ ատոմակայանի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծն ընթացքի մեջ է։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թվականներին, մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը»,–նշվել է ԱԷԿ-ի ղեկավար կազմի հաշվետու զեկույցում։
Անդրադարձ է եղել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040 թվականը զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Այս համատեքստում ներկայացվել է միջազգային առաջատար փորձը:
Քննարկման առարկա են դարձել նաև Հայկական ԱԷԿ-ի հետագա գործունեության հետ կապված անելիքները, այդ թվում՝ նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը:
Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում։ Նա ծանոթացել է էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված համակարգերին ու սարքավորումներին, մասնավորապես` բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, նաև կայանի անվտանգ շահագործումն ապահովող այլ համակարգերի արդիականացման աշխատանքներին։
ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում՝ 1995թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։
Փաշինյանի հետ ՀԱԷԿ են այցելել նաև փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։