Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տոյվո Կլաարը՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հսկայական աշխատանք է կատարում «տեղում» տիրող շատ դժվարին հանգամանքներում: Այս մասին գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին», – թվիթերյան միկրոբլոգում գրել է Կլաարը։

Ավելի վաղ ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ չնայած համառ ջանքերին, իրենք ներկայում չեն կարողանում Արցախի բնակիչներին օգնություն հասցնել Լաչինի միջանցքով և այլ ուղիներով, ներառյալ Ակնան:

«Ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ մարդասիրական իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- ասել է ԿԽՄԿ-ն։

Հիշեցնենք, որ միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և անհապաղ աշխատանքի անցնել՝ բացելով Լաչինի միջանցքն ու ապահովելով տեղաշարժի ազատությունը՝ երաշխավորելով անհատների, փոխադրամիջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը: Կազմակերպությունն այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկել է կյանքը փրկող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Դիմում ենք ժողովրդավարական կառավարություններին, որպեսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ կոչ անելով վերջ տալ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը», – գրել է Freedom House-ը: