Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով:
Ղազախստանի նախագահը նշել է, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի նշանակալի ձեռքբերումների գնահատման առիթով։
«Ղազախստանում Ձեզ ճանաչում և հարգում են՝ որպես Հայաստանի համազգային առաջնորդ, ով կարողացել է նոր էներգիա ներարկել իր երկրի զարգացմանը և հզոր խթան հաղորդել պետականաշինության բոլոր ոլորտներում բարեփոխումներին։ Դուք ունեք ամուր հեղինակություն՝ որպես Հայաստանի ազգային շահերն առաջ մղելու գործում ռազմավարական տեսլականով և անսասան կամքով օժտված ականավոր պետական գործիչ։
Ես այսօր արդեն նշեցի, որ դուք «Իրական Հայաստան» հայեցակարգի հեղինակն ու հիմնադիրն եք։ Ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր է այսօրվա պայմաններում», – ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետի հեռատես ղեկավարության ներքո Հայաստանը վստահորեն ընտրել է կայուն առաջընթացի ուղին, ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում և օրինակ է ծառայել մտածված և պատասխանատու քաղաքականության՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։
«Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Դուք դրսևորել եք ոչ ավանդական, վճռական որոշումներ կայացնելու արժեքավոր կարողություն, որոնք անկասկած օգուտ կբերեն ամբողջ հայ ժողովրդին։
Սա անկասկած ցույց է տալիս, որ բարեկամական, եղբայրական Հայաստանը ընտրել է խաղաղ, կայուն զարգացման ուղին, և սա է Ձեր պատմական ներդրումը։ Հատկապես կցանկանայի ընդգծել Ձեր նշանակալի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման և Վաշինգտոնում համապատասխան եզրափակիչ փաստաթղթի ստորագրման գործում», – ասել է Ղազախստանի նախագահը՝ վստահություն հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը նոր հաջողությունների կհասնի իր միջազգային դիրքերի ամրապնդման, տնտեսական զարգացման և համապարփակ արդիականացման գործում։




