Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացմամբ. Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմժոմարտ Տոկաևը։
Ընդգծելով առանձնահատուկ հարգանքը Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի նկատմամբ՝ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում։
Ըստ նրա, այյցի ընթացքում տեղի ունեցած բանակցություններն ապացուցում են, որ կողմերը շահագրգռված են համագործակցության խորացմամբ, քննարկվել են օրակարգային հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացմանը։ Ինչպես հայտարարել է Ղազախստանի նախագահը, 5 տարվա ընթացքում այս ոլորտում համագործակցությունն աճել է, սակայն ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել։
«Ուստի, կարծում ենք, որ կարևոր է բարձրացնել տեմպերը և փնտրել նոր ուղղություններ, որոնք խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանումը հասցնել 350 միլիոն դոլարի»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ առաջնահերթ ոլորտներն են նաև ֆինանսները, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Տոկաևը նշել է, որ հայկական կողմին առաջարկել է մի շարք երկկողմանի ներդրումային ծրագրեր, ինչպես նաև ակտիվացնել շփումները ձեռներեցների միջև, ինչը կնպաստի ձեռներեցության խորհրդի ստեղծմանը։
Մեկ այլ կարևոր ոլորտ, ըստ Տոկաևի, տրանսպորտն ու լոգիստիկան է։ Այս առումով, Աստանան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Աշխարհի խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ղազախստանի կառավարությունը նաև աջակցում է երկու երկրների մայրաքաղաքների և այլ քաղաքների միջև ուղիղ չվերթների իրականացման նախաձեռնությանը։ Կողմերը քննարկել են թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Առանձնահատուկ նշանակություն է տրվել մշակույթի և հումանիտար կապերի հարցերին։ Այս տարի Ղազախստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր:
Ղազախստանի նախագահն արձանագրել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցությունը և բազմաթիվ հարցերում դիրքորոշումների նմանությունը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ մասնակցությունը խաղաղության և կայունության ամրապնդման գործում։
Եզրափակելով՝ նախագահ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է այցելել Ղազախստան։