ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիայի իշխանությունները կատարել են Թուրքիայի առաջադրած բոլոր պայմանները, և այժմ երկիրը կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ։
«Շվեդիան կարևոր կոնկրետ քայլեր է ձեռնարկել Թուրքիայի պահանջները բավարարելու համար։ Ստոկհոլմը կատարել է իր պարտավորությունները, և այժմ Շվեդիան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»,- ասել է Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո:
Դաշինքի գլխավոր քարտուղարը հավելել է նաև, որ Էրդողանի հետ պայմանավորվել է հունիսի 12-ին Թուրքիայի, Շվեդիայի և ՆԱՏՕ-ի միջև հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
Շվեդիան Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի վերջին։ Շվեդիայի խորհրդարանը մարտի 22-ին հաստատել է երկրի մուտքը դաշինք, Ֆինլանդիայի խորհրդարանը նման որոշում է ընդունել մարտի 1-ին։ Գարնանը շվեդական կողմի հայտերը հավանության չեն արժանացել Թուրքիայի և Հունգարիայի կողմից։ Ֆինլանդիան նման խնդիրների չի հանդիպել, և ապրիլին երկիրը պաշտոնապես ընդունվել է ՆԱՏՕ։ Շվեդիան շարունակել է խորհրդակցությունները հունգարական և թուրքական կողմերի հետ՝ մինչև 2023 թվականի վերջ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։