Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մոսկվայում հանդիպում է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների` Աննա Վարդապետյանի և Քամրան Ալիևի հետ։

«Ողջունելով գործընկերներին՝ Ռուսաստանի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել նրանց եռակողմ ձևաչափով մասնագիտական երկխոսությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամության համար»,- հայտնել են ՌԴ գլխավոր դատախազությունից:

Հանդիպման ընթացքում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է, որ իրադարձությունը տեղի է ունենում  Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերից սկսած համատեղ հայտարարությունների զարգացման նպատակով։

«Նման մոտեցումը համարում եմ միակ գործուն միջոցը սահմանային հակամարտության կարգավորման հարցում այդքան սպասված փոխըմբռնման հասնելու և մեր պետությունների դատախազությունների առջև ծառացած այլ խնդիրների լուծման համար», – ասել է Կրասնովը:

Նա նշել է, որ լոկալ հակամարտությունները և ճգնաժամերը ոչ միայն ապակառուցողական կերպով ազդում են աշխարհաքաղաքական իրադրության վրա, այլև պարարտ հող են հանցավորության տարածման, ահաբեկչության, ծայրահեղական գաղափարների տարածման, ատելության և թշնամանքի համար:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը: