Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հունիսի 1-ին, Քիշնևում խաղաղության համաձայնագրի ստորագրում նախատեսված չէ. ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի դեսպանին

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո. հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ.  հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ի պատասխան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևայի հայտարարության, համաձայն որի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և մասնավորապես «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ», – հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: