Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյան-Վոլոդին մոտ մեկ ժամ տեւած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Ռուս գործընկերների հետ հանդիպման առանցքային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան:
«Մեր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում: Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում, մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈւ դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ցավալի փաստ է. 207 զոհ ու վիրավորներ ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն անվանելով ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում: Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այն չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ եւ արդյունավետ: «Հայաստանն անվտանգության հարցում երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանը միեւնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման եւ մեր տարածաշրջանում կայունության հաստատման գործում: Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնությունում հայկական սփյուռքին եւ Հայաստանում բնակություն հաստատած ՌԴ բազմահազար քաղաքացիներին առնչվող հարցերին: