Մենք Հայաստանում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ հայ ժողովուրդը գտնվում է բազմաթիվ խնդիրների մեջ։ Այս մասին Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
«Մեր հիշողության մեջ դեռևս թարմ են այն պատկերները, որոնք մենք տեսանք՝ Լաչինի միջանցքով մարդկանց հոսքը դեպի Հայաստան, ընտանիքներ, որոնք լքում էինք իրենց հայրենիքն անվտանգությունից ելնելով։ Հայաստանի կառավարության համար մեծ մարտահրավեր էր այսքան շատ մարդկանց ՀՀ-ում ընդունելը։ Հայաստանի կառավարությունը հանգստություն պահպանեց և ձեռնարկեց բոլոր քայլերը, ներդրեց կապիտալ այդ մարդկանց աջակցելու համար, և սա արժանի է մեր հարգանքին։ Դուք ձեր սիրտը և օգնությունը բացեցիք բազմահազար մարդկանց համար, որոնք կանայք են, երեխաներ, տարեցներ։ Այդ մարդկանց ընդունումը պահանջեց ձեր բոլոր ջանքերի մեկտեղումը։ Մենք ձեզ այս հսկայական առաջադրանքի մեջ մենակ չենք թողնի։ 2022 թվականից հետո մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերել Հայաստանի կառավարությանը և հավելյալ 9,3 մլն-ի հումանիտար օգնություն կտրամադրենք Հայաստանին այս մարտահրավերները լուծելու համար։ Նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է ավելի մեծ աջակցություն տրամադրել, քան մինչ այդ տրամադրվել է։ Սա հույս է ներշնչում մարդկանց, որ իրենց կյանքում մի փոքր կայունացում լինի։ Մենք ցանկանում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև անվտանգ, կայուն հարաբերություններ, բանակցային սեղանի շուրջ հանդիպելու համար պայմաններ ստեղծել։ Գերմանիան պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և սա հիմք է խաղաղության բանակցությունների համար»,- ասաց Բերբոքը։
Այս կոնտեքստում նախարարը նշեց, որ բազմաթիվ հարցեր են առաջանում սահմանների հետ կապված։
«Հարցեր են առաջանում, թե ինչպիսի քարտեզներով պետք է առաջնորդվել, սա ՀՀ-ի ու Ադրբեջանի համար մեծ առաջադրանք է՝ լուծում գտնելու, որը հույսի մի նշույլ կլինի այն մարդկանց համար, որոնք ցանկանում են խաղաղության պայմաններում ապրել։ Տարիներ շարունակ ԵՄ-ն և Գերմանիան, որպես ազնիվ միջնորդ, գործել են Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ես համոզված եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը կամուրջ կարող են հանդիսանալ երկու երկրների միջև խաղաղության հաստատման համար, այդ պատճառով կարևոր է, որ կրկին ձևավորվի բանակցությունների նոր փուլ։ ԵՄ մշտադիտարկման առաքելության միջոցով մենք փորձում ենք կոնկրետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին, մարդկանց հետ շփումների միջոցով հասնել կայունության ու վստահության։ Խաղաղության բանակցությունների համար մենք ցանկանում ենք ընդգծել ԵՄ առաքելության կարևորությունը։ ԵՄ շրջանակներում կցանկանանք հասնել նրան, որ այս առաքելությունն ընդլայնվի։ Գերմանիան կշարունակի իր հանձնառությունը, ինչպես մինչ այժմ արել է՝ հանձին առաքելության ղեկավարի և մնացյալ անդամների։ ԵՄ-ն, հանձին այս առաքելության, չեզոք միջնորդ է Հայաստանում, այս առաքելությունը պետք է շահեկան լինի նաև Ադրբեջանի համար»,- ասաց Գերմանիայի արտգործնախարարը։
Նախարարը նշեց, որ այսօր պատրաստվում են այցելել նաև խաղաղապահ բրիգադին։
«Գերմանիան կարևորում է ՀՀ-ին որպես արժեքավոր գործընկեր, 2018թ-ի թավշա հեղափոխությունը շանս է այն բանի, որ հնարավոր է քաղաքացիական հասարակության մեջ հասնել փոփոխությունների»,- ասաց Անալենա Բերբոքը։