Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լեհ գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններին և ԼՂ–ում տիրող իրավիճակը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, որը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններին և ԼՂ–ում տիրող իրավիճակը ներկայացրել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Էլժբիետա Վիտեկին:

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, անտեսում է նաև փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը: Նա անչափ կարևորել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը, ինչը բարենպաստ է անվտանգության, տարածաշրջանում կայունության ապահովման և տեղում վստահության ձևավորման առումով:

«Տեղյակ ենք նաև, որ այս տարվա կեսին Լեհաստանը նախատեսում է առաքելությունում դիտորդների ներգրավվածության ընդլայնում, ինչը մեզ համար մեծապես ողջունելի է»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Սիմոնյանը նշել է, որ միջազգային բոլոր գործընկերների հետ տարբեր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և ակնկալում հասցեական արձագանքներ:

Լեհ պաշտոնյան, անդրադառնալով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող հակամարտություններին, նշել է, որ լեհերը, անկախ քաղաքական հայացքներից և տարաձայնություններից, մշտապես միավորվում են ընդդեմ ագրեսիայի և հանուն խաղաղության՝ իրենց ձայնը լսելի դարձնելով։

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ ժողովրդավարության զարգացման և խաղաղության հաստատման հարցում ևս լսելի կլինի Լեհաստանի ձայնը: