Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն ընդունել են հայտարարություններ, համաձայն որոնց Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկու երկրների միջև սահմանազատման գործընթացը պիտի տեղի ունենա բացառապես այս հենքի վրա: Չնայած սրան, մարտի 18-ին Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե սահմանազատումը պիտի տեղի ունենա Ադրբեջանի առաջադրած պայմաններով և երկար ժամանակ շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների մասին. այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը։
Հայտարարության մեջ նաև ասվում է.
Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունած եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ Լաչինի միջանցքի ապօրինի փակումով սկսած, հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց մինչև օրս ապօրինի անազատության մեջ պահելով շարունակած, և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը միջանցքային անհիմն խոսույթով խոչընդոտելով ավարտած:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գնահատականը միանշանակ է. Ադրբեջանն իր ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ է տեսնում:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա: