«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի հերթական նիստն է գումարել։ Թե ինչ են քննարկել, օրեցօր ավելի ու ավելի սուղ դարձող պաշտոնական հաղորդագրությամբ հպանցիկ նշել են, որ թեման եղել է ինքնաքննադատությունը:
Իրականում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձել է բռնել ՔՊ-ականների վախը: Այդ նիստում եւս նրա գլխավոր մեսիջը եղել է այն, որ չի հանդուրժի անգամ իր ամենամերձավորին, որը կբռնի Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի ճանապարհը` «կդավաճանի» թիմին, այսինքն` որեւէ ինքնուրույնություն կդրսեւորի, մազաչափ դուրս գալով ստրուկի եւ ուսապարկի կարգավիճակից։
ՔՊ-ականներն ահուսարսափի մեջ են, նրանցից մեկը կատակեց, թե նիստերի մասին անգամ իր տիկնոջը չի պատմում, վախենում է, որ դա կբնորոշեն իբրեւ արտահոսք։ Տասնյակ տարիներ լրագրությամբ զբաղված Փաշինյանն անգամ այդ պարզ ճշմարտությունը չի յուրացրել, որ ինֆորմացիան իր ճանապարհը միշտ գտնում է, եւ այն կարելի է միայն կարճ ժամանակով թաքցնել` ամեն ինչ հայտնի է դառնում»: