«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աշնանը սպասվող ավագանու ընտրություններին ընդառաջ՝ հայաստանյան ներքաղաքական դաշտը վերջին շրջանում ակտիվացել է:
Տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացրել ավագանու ընտրություններին մասնակցելու համար: Այս առումով առավել ակտիվ է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ընտրություններից դեռ 3 ամիս առաջ ողջ ռեսուրսով լծվել է ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կուսակցության դիլիջանյան քաղաքական ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, եղել է նաեւ ավագանու ընտրությունների հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեց՝ քննարկումների արդյունքում ինչ որոշում են կայացրել, ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին։ «Կարծում եմ՝ ընտրությունների մասնակցության ձեւաչափի մասին դեռ վաղ է խոսելը:
Մենք լրացուցիչ հայտարարություն կանենք այդ մասին, ամեն ինչ՝ իր ժամանակին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստանի»-ի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը չէր բացառել, որ, հնարավոր է, ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցեն ավագանու ընտրություններին: Այս թեմայով քննարկումներ եղե՞լ են արդյոք ՔՊ-ում, հավանական համարո՞ւմ է Խաժակյանի կամ այլ թեկնածուի հետ դաշինքով մասնակցությունը: Հարցերին ի պատասխան՝ Ալեքսանյանը չբացառեց՝ ասելով. «Կրկնում եմ՝ չափազանց շուտ է այդ թեմայով մեկնաբանություններ անելու համար»:
Այսինքն՝ ՔՊ-ն ժողով է արել ու դեռ չի հստակեցրել՝ միայնակ է մասնակցելու, թե դաշինքով»: