«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես՝
- ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է,
- Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է,
- Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, կամ Լեւոն Լեւոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:
Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ են տվել իշխանական ավագանու անդամներին. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը, որը համատեղությամբ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության փորձագետի պաշտոնն է զբաղեցնում, ասաց, որ նախընտրում է ավագանու անդամի մանդատը։
«Դեռ իրավական որոշակի գործընթաց պետք է լինի, կհասկանանք՝ ինչ է լինում, բայց, ամեն դեպքում, ես որոշում կայացնելու եմ եւ ընտրելու եմ ավագանու անդամի մանդատ եւ իմ գործունեությունը շարունակելու եմ ավագանու մանդատից, կհրաժարվեմ ՔՊ խմբակցության փորձագետի պաշտոնից»,-ասաց նա:
Համատեղությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ավագանու անդամ Լեւոն Լեւոնյանը նույնպես մեզ հետ զրույցում ասաց՝ ընտրում է ավագանին. «Ես ավագանու անդամի մանդատից չեմ հրաժարվի, կհրաժարվեմ ԱԺ-ում զբաղեցրած իմ պաշտոնից:
Ամսի 15-ը վերջնաժամկետն է. եթե ինչ-որ փոփոխություն չլինի, ես միանշանակ այդ բացը կլրացնեմ ու որոշում կկայացնեմ. ամեն դեպքում, ընտրելու եմ ավագանու անդամի մանդատը»։