«Հրապարակ» թերթը գրում է.
Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը կազմում է 511 միլիոն 763 հազար դրամ, այսինքն՝ մոտ 1.3 մլն դոլար։
Այս ահռելի գումարով ՊՈԱԿ-ը պիտի հայաստանյան եւ միջազգային ԶԼՄ-ների մոնիթորինգ անի, կառավարության համացանցային էջերը վարի, քաղաքական, տնտեսական թեմաներով նյութեր պատրաստի ու կառավարության փիառով զբաղվի։ Վարչապետի աշխատակազմն այս ՊՈԱԿ-ին եւս մեկ դրամաշնորհ է հատկացրել՝ 10 մլն դրամի չափով, որով էլ ՊՈԱԿ-ը պիտի Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին աջակցի։
Այսինքն՝ ստացվում է, որ դրամաշնորհը ստանում է ՊՈԱԿ-ը, բայց դա համարվում է աջակցություն Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին։ Այս երկու դրամաշնորհի պայմանագրերը կնքվել են հունվարի 25-ին: