«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե ԵՊՀ-ում աննախադեպ փոփոխություն են արել. «ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի ժամանակ քննարկել ենք մի շարք հարցեր ու կայացրել կարեւոր որոշումներ։ Ի թիվս այլ որոշումների՝ հոգաբարձուների խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը: Եկող տարվա հունվարի մեկից ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Ի դեպ, այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձն արդեն իսկ բարձրացվել էր տասը տոկոսով։
Հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։ Բարձրացվել է նաեւ ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է եւս ներքին տասը դրամաշնորհ»:
ԵՊՀ-ի մեր աղբյուրն ասաց, որ իրականում ոչ մի նոր փոփոխություն էլ չի կատարվել․ նախկինում թե՛ Արամ Սիմոնյանը, թե՛ Գեղամ Գեւորգյանը միշտ էլ այդ 50 տոկոս հավելավճարը տրամադրել են ԵՊՀ հիմնական աշխատողներին, պարզապես դա արել են ռեկտորի հրամանով, նախահաշվում առանձին տող չեն հատկացրել դրան։ Բանն այն է, որ ռեկտորը «Հիմնադրամների մասին» օրենքով եւ ԵՊՀ կանոնադրությամբ իրավունք ունի բյուջեի նախագծով չնախատեսված դեպքերում, առանց հոգաբարձուների խորհրդի որոշման, մինչեւ 50 մլն դրամ ծախսի հրամանագիր ստորագրել։ Հիմնական աշխատողների դեպքում մի քանի խումբ առանձնացված հրամաններով այդ 50 տոկոս հավելավճարը տրամադրել են, ԵՊՀ նոր ղեկավարությունը՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, դա ամրագրել է բյուջեում, եւ համարում են ձեռքբերում։
Սուրեն Պապիկյանը, սակայն, չի նշել, որ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի օրոք ուսանողների վարձավճարներն ընդամենը կիսով չափ են բարձրացել, իսկ Արամ Սիմոնյանից հետո հասել են աննախադեպ բարձր թվերի, օրինակ՝ 430 հազար դրամը դարձել է 500 հազար դրամ, իսկ 2022-2023 ուստարվանից առաջ էլ տարբեր ֆակուլտետներում 50-ից 100 հազար դրամով, հունիսի 30-ից էլ գրեթե կրկնակի բարձրացվել է ասպիրանտական կրթության վարձավճարը»։